Բաղանիս. սահմանպահ և կանաչ բաղերի գյուղը [մարzoom]
19:11 - 14 հուլիսի, 2022

Բաղանիս. սահմանպահ և կանաչ բաղերի գյուղը [մարzoom]

«Վաղը գիտես չէ՞, որ հրավիրված ես մեր «բիսետկա» սուրճխմության»,- ասում է ինձ Վերան, երբ ասում եմ, որ այցելելու եմ իրենց գյուղ՝ Բաղանիս: Ընկերուհիներ Վերան ու Նոննան համաձայնել են ցույց տալ իրենց գյուղը: Այն Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհին է, այս ճանապարհի վրա է նաև Վերայենց տունը: Դարպասներից այն կողմ «բիսետկան» է, իսկ դրա շուրջը՝ փայտից պատրաստած բազմաթիվ դեկորատիվ պարագաներ, աջ անկյունում «երգում է» փոքրիկ ձեռակերտ ջրվեժը:

Այդ ամենը Վերայի հայրիկի՝ Արկադի Սահակյանի ձեռքի աշխատանքներն են: Նա պատմում է, որ COVID 19 համավարակի ժամանակ, երբ տնից դուրս գալու սահմանափակումներ կային, սկսել է զբաղվել փայտագործությամբ և իրենց բակը դարձրել յուրահատուկ հանգստի գոտի:

Արկադի Սահակյանը

«Ի՞նչ կասեք Բաղանիսի մասին»,- հարցնում եմ նրան:

«Կարևորը կրակոցների, կռվի վախտը փախչող չի էլել»,- ասում է Արկադին: Բաղանիսը հայ-ադրբեջանական սահմանին է, գրեթե բոլոր կողմերից երևում են հակառակորդի դիրքերը, իսկ նրանց կողմից կրակոցներն այստեղ հաճախակի են լինում:

Գյուղի եկեղեցին

Տեղացիները Բաղանիս բառը ստուգաբանում են 2 ձևով, ասում են՝ կապված է կամ  բաղնիք կամ բաղ՝ այգի բառերի հետ: Հին բաղնիքի մասին տեղեկություններ չկան, սակայն հիմա էլ կանաչ բաղերը՝ տնամերձ այգիները, շատ են: Պարզապես տեղացիները միայն սեփական օգտագործման համար են մշակում իրենց հողերը: Բաղանիսի բնակչությունը պաշտոնապես 716 է, սակայն տների մի մասն այլևս դատարկ է: Բաղանիսի դպրոցում անցած տարի սովորել է 97 աշակերտ, որից 11-ն ավարտել են:

«Բայց էս տարի առաջին դասարան չենք ունենալու»,- դպրոցի մասին պատմելիս ասում են Նոննան ու Վերան,- «ու մյուս տարի էլ չենք ունենալու»: Տեղացիները նման դեպք չեն հիշում, որ գյուղում գոնե մեկ առաջին դասարանցի չլիներ:

Վերան ու Նոննան

Այդ ընթացքում մեր զրույցին է միանում Նարեկ Սահակյանը, որը նախքան վերջին ՏԻՄ ընտրությունները 9.5 տարի եղել է Բաղանիսի գյուղապետը:

«Ոչ քաղաքական, բայց անհանգստացնող թեմաներից խոսենք»,- սկսում է նա: - «Այսօր, իմ կարծիքով, ամենախնդրահարույցը դեմոգրաֆիական խնդիրն է, ծնելիությունը ամենահրատապ ու ցավոտ հարցն է: Սա զուտ պետության խնդիրն է՝ երիտասարդ ընտանիքներին գյուղում պահեն»:

Նարեկ Սահակյանը

Նա վստահ է, որ հատկապես սահմանամերձ համայնքների համար պետությունը պետք է լուրջ ծրագիր և ռազմավարություն մշակի:

«Իսկ Բաղանիսը Ձեզ համար ինչո՞վ է տարբերվում տարածաշրջանի մնացած գյուղերից»,- հարցնում եմ Նարեկին:

«Իմ գյուղն ա»,- միանգամից պատասխանում է նա,- «էստեղ ապրելը լավն ա, կեցության պայմանները մի քիչ բարելավեն՝ լավ ա, աշխատատեղ պետք ա լինի»:

Նրա կարծիքով՝ Բաղանիսի միջպետական ճանապարհի վրա գտնվելու փաստը շատ կարևոր է, բայց տեղացիները դրանից ճիշտ չեն օգտվում. ի տարբերություն այլ համայնքների՝ մարդիկ այստեղ ամաչում են իրենց այգու բարիքները վաճառեն, փողոցում դնեն, հաճախ ամենը ուղղակի անվճար տալիս են: Մյուս կողմից՝ շատերն են խուսափում սեփական գործը նախաձեռնել՝ վախենալով, որ այն գյուղում չի աշխատի:

Այդպես և Նոննան ու Վերան: Արդեն ամիսներ շարունակ մտածում են սկսել իրենց բիզնեսը՝ տեղական խոտաբույսերը բրենդավորել և վաճառել: Ուսումնասիրել են շուկան, ծանոթ են տեղի խոտաբույսերին, աշխատել են բրենդավորման վրա, բայց այդպես էլ դեռ չեն սկսել:

«Մենք կիվի էլ ունենք»,- ասում է Նոննան,- «տնկելուց 4 տարի հետո առաջին պտուղն ա տվել»: «Ճի՜շտ ա»,- բացահայտում արած զարմանքով ասում է նա,- «կարելի ա թեյերի հետ վճառել»:

«Մնում ա՝ լավ բրենդավորեք ու հաստատ ձեր հաճախորդին կգտնեք»,- առաջարկում եմ ես,- «Բաղանիսի կիվի: Պատկերացնո՞ւմ եք»:

«Իսկ ինչպիսի՞ն է տուրիստական պոտենցիալն այստեղ», - հարցնում եմ Նարեկին: Զրուցակիցս կարծում է՝ դաշտը բաց է, ինչ ուզես՝ կանես։

«Բիստեկա» սրճախմությունից հետո աղջիկների հետ շարունակում ենք շրջել Բաղանիսով: Նոննան ու Վերան արդեն 12-րդ դասարան են փոխադրվել: Ամռանը բավականին զբաղված են. շարունակում են իրենց անհատական դասերը ընդունելության քննության համար, միաժամանակ ակտիվ մասնակցում են համայնքի բոլոր ծրագրերին ու միջոցառումներին:

Վերան ցանկանում է դառնալ լրագրող և արդեն իր առաջին փորձերն է անում տեղական «Տավուշ» հեռուստաընկերությունում: Նոննան պատրաստվում է դառնալ միջմշակութային հաղորդակցման մասնագետ:

Աղջիկները պատմում են իրենց գյուղի մասին, նաև անտեսված եկեղեցու, որը թվագրվում է 6-7-րդ դարերին, բայց չգիտեն՝ վերջին անգամ երբ է վերանորոգվել, 2019թ.ին հիմնովին կառուցված մանկապարտեզի մասին, որը գյուղի ամենաբարեկարգ հատվածներից մեկն է, «թուրշի ջրի» (հանքային աղբյուր Բաղանիսում), բարձր բլրի վրա երևացող Հարսանաքար սրբատեղի մասին:

Մանկապարտեզը

«Դե, կասեք՝ հատուկ գիդ՝ Վերա և Նոննա», - նրանց նկարելու ընթացքում ասում է Վերան:

«Նոննան 2 ն-ով»,- հավելում է Նոննան:

Հետո միասին գնում ենք գյուղի փոքրիկ այգին, որտեղ Բաղանիսի ամենահին վարսավիրանոցն է: Այն պատկանում է Բենիկ Շահնազարյանին, որին տեղացիները դալլաք (թարգմանաբար վարսավիր) են անվանում: Աղջիկները պատմում են, որ նա այստեղ աշխատել է դեռևս 1961 թ:-ից, և իրենք հիշում են, թե ինչպես էին գյուղի տարեցները միշտ հավաքվում այդ վարսավիրանոցի շուրջ, մազ կտրելու համար հերթ կանգնում, բայց նաև, օգտվելով առաթից, միմյանց հետ զրուցում և շփվում: Հիմա արդեն պապը վարսավիրանոցը չի բացում, գյուղի տարեցներն էլ այստեղ չեն հավաքվում: Քովիդյան սահմանափակումներից հետո այն փակեց, որից հետո Բենիկ պապը առողջական վիճակի պատճառով այլևս չվերադարձավ իր 40-ամյա գործին:

Վարսավիրանոցի դուռը փակ է, սակայն պատուհանից երևում են սովետական կահավորանքն ու հին գործիքները:

Այդ պահին փողոցով անցնելիս տեսնում ենք գյուղի մյուս տարեցներից մեկին՝ Ջիվան պապին: Խնդրում ենք մեզ մի փոքր ժամանակ հատկացնի ու պատմի գյուղի մասին: Պայմանավորվում ենք քիչ հետո հանդիպել իրենց տանը:

«Մի քիչ հետաքրքիր բաներ պատմեք Բաղանիսից»,- խնդրում եմ Ջիվան պապին (Ջհան Հարությունյան):

«Կռվեինք»,- այսպես է սկսում Ջիվան պապն ու պատմում 90-ականների կռիվների մասին,- «շա՞նց էն տվել (ցույց են տվել), որ չիմ (ամբողջը) նրանց (ադրբեջանական) պոստերն ա»,- ասում է նա ու ցույց է տալիս պատշգամբից երևացող սահմանային դիրքերը,- «քանի թուրքը վրա ա տվել (հարձակվել), տեղահան են էլել, պտտվել, ըստեն ընդի, ընդեն ըստի (այստեղից այնտեղ, այնտեղից այստեղ) բայց քոչել չեն, ամբողջ գեղը կանգնած էր»:

Ջիվան պապը

Ջիվան պապը 87 տարեկան է, 3 երեխա ունի, թոռներ ու ծոռներ: Իր մասին ասում է, որ «արհեստավոր մարդ» է, ամբողջ կյանքում ամենատարբեր շինարարական, կառուցման գործեր է արել ու հպարտությամբ ցույց է տալիս տան իր կառուցած հատվածները:

«Հիմա ո՞նց ա էստեղ կյանքը Ջիվան պապ»,- հարցնում եմ ես:

«Կյանքը լավն ա, բայց դե լավ չեն եդևըմ (հոգ տանել) մեզ: Մենք սահմանապահ ենք, սահմանամերձ չենք, մենք սահման ենք պահում»:

«Գյուղի հիմնադրման պատմությունից ի՞նչ կպատմես»:

«Ես վիր եմ կացել (վեր կենալ), ծնվել եմ, գեղը կար, ուղղակի ընդով քիչ էինք», - ասում է նա:

Ջիվան պապին այցելելուց հետո մի փոքր ևս շրջում ենք գյուղում ու ձեզ համար նկարում Բաղանիսի կանաչ անտառները՝ բաղերը:

Վերջում, ինչպես և խոստացել էի, ասում եմ՝ Բաղանիսում հատուկ գիդ՝ Վերա և Նոննա

Բաղանիսից սիրով պատմեց Մերի Մամյանը


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել