Կառավարությունը  80 հազար դոլար հատկացրեց Էրբիլում ՀՀ հյուպատոսությանը
11:10 - 14 հուլիսի, 2022

Կառավարությունը 80 հազար դոլար հատկացրեց Էրբիլում ՀՀ հյուպատոսությանը

Կառավարությունը այսօր որոշեց Էրբիլում (Իրաք) ՀՀ հյուպատոսությանը հատկացնել 80 հազար ԱՄՆ դոլար։ 

Ըստ նախագծի հիմնավորման՝ ճգնաժամային իրավիճակների պատճառով Իրաքի կենտրոնական և հարավային շրջաններից, ինչպես նաև Սիրիայից Իրաքյան Քուրդիստանի տարբեր բնակավայրեր տեղափոխված հայերի շրջանում կան կենցաղային ծանր պայմաններում հայտնված հայեր, որոնք մարդասիրական աջակցության կարիք ունեն։ Նման հայ ընտանիքների թիվը, ըստ Իրաքյան Քուրդիստանի հայ համայնքային կառույցների տրամադրած տվյալների, շուրջ 250 է։

«Տեղական իշխանությունները, Իրաքի Հայոց Առաջնորդարանը, ինչպես նաև միջազգային մարդասիրական կազմակերպությունները նրանց պարբերաբար մարդասիրական օգնություն են տրամադրում, որը, սակայն, բավարար չէ նրանց բնականոն կենցաղն ապահովելու համար։ Մշտապես առկա է սննդի, դեղորայքի, տաք հագուստի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների կարիք»։

Նշվում է նաև, որ հայերից զատ՝ ծանր կենցաղային պայմաններում են հայտնվել նաև Իրաքյան Քուրդիստանի ճամբարներում բնակվող եզդի փախստականները, ներքին տեղահանության ենթարկված քրդերը և ասորիները։ 

«Հաշվետվողականության և թափանցիկության ապահովման նպատակով Գլխավոր հյուպատոսությունը կձևավորի հանձնախումբ՝ օգնության շահառուների ցուցակների հստակեցման, պահանջվող ապրանքների գնման, այնուհետև օգնության բաշխման աշխատանքներն իրականացնելու նպատակով»,-ասվում է կառավարության նախագծում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել