Կառավարությունը հաստատեց ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների և դրանց օգտագործման դեմ պայքարի ծրագիրը և 2022-2026 թթ․ միջոցառումների ցանկը
12:51 - 14 հուլիսի, 2022

Կառավարությունը հաստատեց ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների և դրանց օգտագործման դեմ պայքարի ծրագիրը և 2022-2026 թթ․ միջոցառումների ցանկը

Կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում հաստատեց ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների և դրանց օգտագործման դեմ պայքարի ծրագիրը և 2022-2026 թթ․ միջոցառումների ցանկը։ 

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքով և ուղղված է ոչ վարակիչ հիվանդություններով  պայմանավորված հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցման միջոցով հանրային առողջության պահպանմանը և ամրապնդմանը:

Նախագծով առաջարկվում է համագործակցություն համապատասխան միջազգային կառույցների  հետ գիտատեխնիկական և իրավաբանական, տվյալների հավաքագրման, իրազեկման ոլորտներում լավագույն փորձի կիրարկման գործընթացում։ Նախատեսվում է նաև արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական և/կամ այլ միջոցների և համապատասխան այլ մարմինների հետ համագործակցում  ծխախոտի օգտագործման, նիկոտինային կախվածության և ծխախոտի ծխի ազդեցության կանխման և նվազեցման համապատասխան քաղաքականության մշակման գործում,  ծխախոտի դեմ պայքարի ոլորտում ազգային հետազոտությունների և գիտահետազոտական ծրագրերի համակարգմանն ուղղված միջոցոցառումների պլանավորում և անցկացում։

«Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական հետևանքներից, որպեսզի մշտապես և էականորեն կրճատվի ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության տարածվածությունը, պաշտպանելով ծխախոտի ծխի երկրորդային ազդեցությունից և նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության ցուցանիշները` կրճատելով ծխախոտի օգտագործումը»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։ 

Բացի դրանից՝  ակնկալվում է բնակչության շրջանում իրազեկման բարձրացում՝ ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության` առողջության համար վտանգների մասին, ինչպես նաև ծխախոտի օգտագործումը դադարեցնելու և ծխախոտ չօգտագործելու դեպքում ապրելակերպի առավելությունների մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել