«Սեքյուրիթի Դրիմ»-ի դարաշրջանը բարեհաջող ավարտվում է, գործառույթը դառնում է լիարժեք պետական․ Փաշինյան
13:17 - 14 հուլիսի, 2022

«Սեքյուրիթի Դրիմ»-ի դարաշրջանը բարեհաջող ավարտվում է, գործառույթը դառնում է լիարժեք պետական․ Փաշինյան

Կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում որոշում ընդունեց «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին:

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը հայտնեց, որ ոստիկանության ենթակայության ներքո ստեղծված ՊՈԱԿ-ը լինելու է տեխնիկական միջոցների՝ տեսախցիկների, ֆոտոխցիկների, արագաչափերի օգտագործման վերհսկողություն իրականացնող և հանցագործություններ և վարչական իրավախախտումներ ամրագրող, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի վարչական իրավախախտումների գործերով վարույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող, իսկ այլ դեպքում՝ լիազոր մարմնի պահանջով տեսալուսանկարահանող համակարգով հավաքված տեղեկություններ տրամադրելու միջոցով տվյալ մարմնին օժանդակող կազմակերպություն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այս որոշման արդյունքում «Սեքյուրիթի Դրիմ» մասնավոր ընկերության գործառույթը վերցնում և իրականացնում են պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով: Նա հիշեցրեց, որ այս պատմությանը անդրադարձ է եղել դեռևս երբ գործել են ընդդիմադիր դաշտում:

«Այս որոշման համար վերջին կաթիլը հանդիսացել է այն, որ երբ մենք մրցույթ ենք հայտարարել և փորձել ենք մրցութային պայմաններով պաշտպանել հանրային շահը և տեսել ենք, որ մրցութային օրենսդրությունը որոշակի մանիպուլյացիաների համար է օգտագործվում, որոշել ենք այս թեման ֆունդամենտալ ձևով փակել»,- հայտնեց վարչապետը և նշեց, որ ավել վաղ չէին անում, քանի որ գործառույթը բավականին բարդ էր»։

Փաշինյանը հավելեց՝ «Սեքյուրիթի Դրիմ»-ի դարաշրջանը  այսպիսով ավարտվում է․ «Բավականին երկար ժամանակ աշխատանքներն արվել են, և այստեղ այլևս խոսակցություն չի լինի, թե պետությունը եկամուտի որ մասը ում հետ պետք է բաժանի. մենք այդ ամբողջ եկամուտը բերում ենք պետական տիրույթ, և այդ ամենը մեր ներքին քննարկումների հարցն է: Պայմանականորեն ասած՝ «Սեքյուրիթի Դրիմ»-ի դարաշրջանը այսպիսով բարեհաջող ավարտվում է, և գործառույթը դառնում է լիարժեք պետական»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել