Գնել Սանոսյանը ՌԴ տրանսպորտի նախարարի հետ քննարկել է «Վերին Լարս»-ի անցակետերի բեռնաթափմանն առնչվող հարցեր
10:11 - 16 հուլիսի, 2022

Գնել Սանոսյանը ՌԴ տրանսպորտի նախարարի հետ քննարկել է «Վերին Լարս»-ի անցակետերի բեռնաթափմանն առնչվող հարցեր

ՀՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի գլխավորած պատվիրակությանը։

«Նախարարը ողջունել է հյուրերին, կարևորել Վիտալի Սավելևի այցը Հայաստան։

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են բարեկամական հարաբերություններով, հատկապես տրանսպորտային ոլորտում առկա է բազմաշերտ փոխգործակցություն, ինչպես նաև չօգտագործված մեծ պոտենցիալ, որի ուղղությամբ պետք է աշխատանք տանել։
Նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել Վիտալի Սավելևին ակտիվ համագործակցության, հատկապես «Վերին լարսի» հարցով մշտական աջակցության համար։
Վիտալի Սավելևն իր հերթին կարևորել է Հայաստանի ու Ռուսաստանի բարեկամական հարաբերությունները և նկատել, որ Ռուսաստանը հետաքրքրված է զարգացնելու Հայաստանի հետ այդ բարեկամական, եղբայրական հարաբերությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են օդային և ցամաքային տրանսպորտին առնչվող հարցեր։ Քննարկվել են միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների, «Վերին Լարս»-ի անցակետերի բեռնաթափման, ինչպես նաև երկաթուղային փոխադրումներին առնչվող հարցերը։
Քննարկվել է նաև ճանապարհաշինության ոլորտում համագործակցության հնարավորությունները։
Հանդիպումից հետո ՌԴ պատվիրակությունը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի ուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ապա նաև՝ Սերգեյ Փարաջանովի թանգարան»,-նշված է նախարարության տարածած հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել