Տավուշի մարզում Համբարձում Մաթևոսյանը հետևել է համայնքներում սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
12:24 - 16 հուլիսի, 2022

Տավուշի մարզում Համբարձում Մաթևոսյանը հետևել է համայնքներում սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հուլիսի 15-ին մարզային հերթական այցով Տավուշում էր։ Այցի նպատակը մի շարք համայնքներում սուբվենցիայի ծրագրերով, պետական բյուջեի միջոցներով ու միջազգային գործընկերների աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքին հետևելն էր։

Փոխվարչապետին ուղեկցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, համայնքապետներ, այլք:

Դիլիջան համայնքում Համբարձում Մաթևոսյանի առաջին կանգառը եղել է ոլորանների ճանապարհահատվածում, որտեղ մեկնարկել են բարեկարգման աշխատանքները: Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ հուլիսի 14-ին, Կառավարության նիստում որոշվեց պահուստային ֆոնդից գումար հատկացնել Մ4 միջպետական նշանակության ճանապարհի 5կմ հատվածը՝ Դիլիջանի ոլորանները, հիմնանորոգելու համար:

Աշխատանքների ընթացքին հետևելուց և մի շարք ուղղություններով հանձնարարական տալուց հետո փոխվարչապետը Դիլիջանում ծանոթացել է նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ իրականացվող 11 բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ վերանորոգման և արդիականացման՝ տանիքների բարեկարգման, շքամուտքերի վերանորոգման և շենքերի բոլոր արտաքին մակերևույթների ջերմամեկուսացման աշխատանքներին: Այս աշխատանքները կավարտվեն 2022 թ. հոկտեմբերին:

Այնուհետև Համբարձում Մաթևոսյանը եղել է Մյասնիկյան փողոցի 37/2 հասցեից մինչև Մյասնիկյան 117/4 ընկած ճանապարհահատվածում, որտեղ պետական բյուջեի և համայնքային բյուջեի միջոցներով մեկնարկելու են 2,2 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

Դիլիջանում փոխվարչապետ Մաթևոսյանն այցելել է նաև Խոշորացված համայնքներում համավարակի բացասական ազդեցության մեղմմանն ուղղված դրամաշնորհային հիմնադրամի, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության համաֆինանսավորմամբ գյուղատնտեսական ապրանքների վաճառքի համար կառուցվող տաղավարների շինհրապարակ, ծանոթացել այս տարի մեկնարկած աշխատանքների ընթացքին։

Այցի ընթացքում փոխվարչապետն ու մարզպետն այցելել են նաև Իջևանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամաս, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ են խոնարհել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշապատի մոտ:

Մարզային այցի հաջորդ կանգառը Բերդ համայնքում էր, որտեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակում Ադամյան և Նժդեհի փողոցներում ճանապարհների հիմնանորոգման և սալիկապատման աշխատանքներ էին իրականացվում։ Մասնավորապես, կառուցվելու է 275 խմ հենապատ, Նժդեհի փողոցում իրականացվելու են 1400 մ ճանապարհի սալիկապատման աշխատանքներ՝ տուֆով և գրանիտե սալիկներով, իսկ Ադամյան փողոցում՝ 340 մ ճանապարհի սալիկապատում՝ գրանիտե սալիկներով: Ընդհանուր կատարվելու են 8000 քմ սալիկապատման աշխատանքներ տուֆով և 2450 քմ՝ գրանիտե սալիկներով:

Բերդ համայնքում փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ մասնակցել է միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը, որն իրականություն է դարձել Կառավարություն-Համաշխարհային բանկ փոխգործակցության արդյունքում։

Նշենք, որ Բերդի միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը՝ որպես ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի մաս կազմող տարածքային կառույց, սոցիալական ծառայություններ է տրամադրելու Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի 17 բնակավայրերի շուրջ 32 հազար բնակիչների:  

Շրջայցի ընթացքում փոխվարչապետին ներկայացվել են կենտրոնում ներառված սոցիալական 4 ծառայությունները (սոցիալական ապահովության տարածքային բաժինը, զբաղվածության տարածքային կենտրոնը, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը) և միասնական ընդունարանը: Հավելենք, որ ներկայում հանրապետությունում գործում է միասնական սոցիալական ծառայությունների տարածքային 33 կենտրոն, 12-ի շինվերանորգման աշխատանքներն ընթացքում են, իսկ 4-ի նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթները կազմման փուլում են:

Բացման միջոցառումից հետո փոխվարչապետ Մաթևոսյանն այցելել է նաև Իջևան համայնքի Գանձաքար բնակավայր, որտեղ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում, ՀՀ պետական բյուջեի միջոցներով և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ, 2021 թվականին մեկնարկել են դպրոցի կառուցման աշխատանքները։

Նախատեսվում է, որ երկու-երեքհարկանի 5 մասնաշենքեր ունեցող դպրոցը շահագործման կհանձնվի 2023 թ. հուլիսին։ Մարզային այցի վերջին կանգառը Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի շինհրապարակում էր, որտեղ ներկայում իրականացվում են հողային աշխատանքներ։ 3,5 մլրդ դրամ արժողությամբ 36,5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն 2023 թ. հունիսին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել