Երևանում կտեղադրվի հայ-ռուսական բարեկամության հուշարձան․ ԿԳՄՍՆ-ն հայտարարել է մրցույթ
11:38 - 19 հուլիսի, 2022

Երևանում կտեղադրվի հայ-ռուսական բարեկամության հուշարձան․ ԿԳՄՍՆ-ն հայտարարել է մրցույթ

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի Ռուսաստանի հրապարակում (Երևանի քաղաքապետարանին հարող տարածք) նախատեսվում է տեղադրել հայ-ռուսական բարեկամության հուշարձան:

Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի ապրիլի 4-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հաստատել է մրցույթի հետևյալ չափորոշիչները՝

  • Մրցույթին կարող են մասնակցել մասնագիտական կրթություն ունեցող քանդակագործներ Հայաստանից և Ռուսաստանից:
  • Մրցույթին մասնակցելու համար ընդունվում են հայտեր, որոնք ներառում են մասնագիտական կրթության վկայականը հավաստող փաստաթղթեր, էսքիզ, նախ­կինում արված կամերային-թեմատիկ քանդակների/աշխատանքների լուսանկարներ (առկայության դեպքում):
  • Հայտի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թ. սեպտեմբերի 10-ը:
  • Քվեարկությունը կանցկացվի փակ-գաղտնի եղանակով:
  • Ստեղծագործության նյութի ընտրությունն ազատ է։
  • Ստեղծագործության ոճի ընտրությունն ազատ է։
  • Ստեղծագործության չափսը պետք է համապատասխան լինի տեղադրման տեղանքին:
  • Քանդակի առավելագույն բարձրությունը պետք է չգերազանցի 6 մետրը՝ ներառյալ պատվանդանը:
  • Ստեղծագործությունը խորհրդանշական-պայմանական ձևով պետք է արտացոլի հայ-ռուսական պատմական առնչությունները, երկու պետությունների բարեկամական հարաբերությունները:

Հայտերը պետք է ներկայացնել ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչություն (կոնտակտային անձ՝ Ջուլետտա Հակոբյան, 010-599-631):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել