Ռուս-ուկրաինական հակամարտությունը և դրա հավանական ազդեցությունը
15:46 - 21 հուլիսի, 2022

Ռուս-ուկրաինական հակամարտությունը և դրա հավանական ազդեցությունը

Երբ այս տարվա փետրվարի 24-ին Ռուսաստանը սկսեց այսպես կոչված «հատուկ գործողությունն» Ուկրաինայում, կարծիք կար, որ այն կարող է ավարտվել շատ արագ։ Դրա մասին էին վկայում օդանավակայաններին, ռազմամթերքի բազաններին գերճշգրիտ հարվածներն ու արագ դեսանտավորումը Կիևի շրջանում։ Ռուսաստանի Դաշնությունն օգտագործում էր ձեռքի տակ ունեցած գրեթե ողջ սպառազինությունը, հարվածները անընդնմեջ էին և ճշգրիտ, դեսանտային գործողությունները՝ բավականին ինտենսիվ։ Կրկնվում էր ԱՄՆ կողմից Իրաքի գրավման սցենարը։ Անգամ Կիևի մատույցներում գրեթե ամեն ինչ նույնն էր։ Գոստոմելի օդանավակայանը հսկողության տակ վերցնելուց հետո տպավորություն էր, թե Կիևի համար մարտերը ուր որ է կսկսվեն, ինչպես սկսվեցին մարտերը Բաղդադի օդանավակայանը վերցնելուց հետո։ Բաղդադի օպերացիան շատ պարզ էր․ այնտեղ ամրապնդվելուց և դեսանտային հենակետ ստեղծելուց հետո ամերիկյան զինված ուժերը մի քանի անգամ ցուցադրական Բաղդադ մտնել-դուրս գալուց հետո սկսեցին մայրաքաղաքը վերահսկողության տակ վերցնելու հիմնական փուլը։ Սակայն մի քանի անգամ Կիևում ցուցադրաբար երևալուց հետո ռուսական կողմը հիմնական օպերացիա չսկսեց։ Պարզվեց, որ ՌԴ զինված ուժերին այդպես էլ չի հաջողվել ամրանալ մերձկիեւյան որևէ օդանավակայանում։ Հենց այստեղ էլ պարզ դարձավ, որ ուկրաինացիները պատրատ են երկարատև դիմակայման։ Ինչ պատահեց հետո՝ բոլորս գիտենք։ ՌԴ զինված ուժերը հետ քաշվեցին Ուկրաինայի հյուսիս-արևմտյան մասից և հայտարարեցին մարտական գործողությունների երկրորդ փուլի մասին, որը մասնակի հաջողությամբ ընթանում է մինչ օրս։

Հետաքրքիրն այն է, որ այս «հատուկ գործողությունը» յուրահատուկ է և առանձնանում է իր վերջնական նպատակի բացակայությամբ։ Ճիշտ է՝ ռուսական կողմը հնչեցրել է տարբեր փոքր նպատակներ, իսկ որպես հիմնական նպատակ՝ ֆաշիզմի տարաքանդումը, բայց դրանցից ոչ մեկը չեն տեղավորվում ռազմական պլանավորման ամբողջական փուլի մեջ։ Այսպես, եթե ֆաշիզմի դեմ պայքարը քիչ թե շատ նման է համատեսիլքի, ապա բացակայում են օպերացիայի առաքելությունը, նպատակները և խնդիրները։ Տարօրինակ է, ինչ խոսք, բայց դա բոլոր հնարավորությունները ստեղծում է անգամ պարտության դեպքում հայտարարել հաղթանակի մասին։

Ուկրաինական դիմադրությունից «ոգևորված» արևմուտքը տարբեր ռազմականացված ծրագրեր ուղղեց դեպի այդ երկիր, որից ամենամեծը՝ ամերիկյան «լենդ-լիզը», սկսվելու է հոկտեմբերի մեկից՝ ամերիկյան նոր ֆինանսական տարվանից։

Չնայած դրան՝ արևմուտքը լայն ռազմական աջակցություն է ցույց տալիս Ուկրաինային՝ սկսած հետախուզությունից, վերջացրած հրթիռային հեռահար համակարգերով, որոնց մասին շատ են խոսում։ Դրանք M 142 HIMARS կոչվող գերբարձր ճշգրտությամբ հրթիռահրետանային համակարգերն են։ Խոսք կա, որ շուտով կտրամադրվեն մինչև 300 կմ հեռահարություն ունեցող հրթիռներ, որոնք արդեն կարող են փոխել բալանսը դեպի ուկրանիական կողմ։ Բալանսը փոփոխվում է նաև մարդկային ռեսուրսներում․ եթե խոսվում էր, որ ռուսական կողմը կենտրոնացրել է մինչև 400 հազար մարտիկ, իսկ ուկրանիական կողմը՝ դրա գրեթե կեսի չափ, ապա հիմա արդեն խոսք կա մեկ միլիոնի մասին, ինչը կարող է հնարավորություն տալ ուկրանիական կողմից անցնել անգամ հակահարձակման։ Այս պայմաններում ՌԴ-ն, ունենալով նաև անձնակազմի ռոտացիոն խնդիր, ռազմամթերքի մատակարարման խնդիր, որը ստիպված է տեղափոխել հազար կմ-ից ավելի  ձգվող ռազմաճակատից ավելի խոր թիկունք, այլ ելք չի ունենա քան մասնակի զորահավաքի անցկացումը։ Եվ անձնակազմն անգամ մի քանի հարյուր հազարով համալրելու դեպքում հնարավորություն կունենա անցնել միայն խոր էշելոնացված երկարատև պաշտպանության՝ հայտարարելով հաղթանակի մասին։

Իր հերթին դա Ուկրաինայում չի կարող գնահատվել որպես հաղթանակ և անհրաժեշտություն կունենա անցնել ավելի ակտիվ գործողությունների։ Սակայն անգամ արևմտյան ռազմամթերքի մատակարարման ամենաակտիվ համագործակցությունը, որը  կոչվում է «Ռամշթայնի ձևաչափ», ֆիզիկապես հնարավորություն չունի տրամադրել այնքան օգնություն, որպեսզի ուկրանիական կողմը ամբողջ ճակատով անցնի հակահարձակման, չնայած նրան, որ իրենց հակառակորդը պաշտպանությունը կազմակերպելու է կոնսերվացված և խորրդային հին սպառազինությամբ, որոնց թվաքանակը հասնում է տասնյակ հազարների։ ՆԱՏՕ-ն, անգամ հաշվի առնելով ուկրաինական հակամարտությունից բխող երկարատև ռիսկերը, զորավարժություններից մեկի անունը կոչել էր «Ռամշթայնի ժառանգություն»։

Այսպիսի զորավարժությունը ավելի ցուցադրական բնույթ էր կրում, քանզի ռուսական կողմը չունի օդային գերակայություն ո՛չ Ուկրաինայում, ո՛չ առավել ևս ՆԱՏՕ-ի դեմ և նաև մինչև ուկրանիական գործողությունները սկսելը Ֆինլանդիայի կողմից ՆԱՏՕ մտնելուց հետո կրում է ավելի մեծ ռազմաքաղաքական ռիսկեր, ուստի, ըստ իս, այսպիսի զորավարժությունները ուղղված են արդեն այլ ռազմական սցենարների դեմ, որտեղ կողմերից մեկը կարող է ունենալ ռազմաօդային և հետախուզական գերակայություն և ապակայունացնել արևմտյան ամբողջ կիսագունդը։

Դրանցից մեկը Թուրքիան է Սիրիայի հյուսիսում, Չինաստանը՝ Թայվանի կողմ նայելիս, և այս համատեքստում իրականացվում է վերաբալանսավորում՝ Հունական կղզիների ակտիվ ռազմականացման տեսքով, ինչն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Իսկ Իսրայելը ավելի ակտիվ է դարձել Իրանի հարցում, ինչը, պարզվում է, հնարավոր չէ դիտարկել ուկրաինական հակամարտության համատեքստից դուրս։ Տարածաշրջանը եռման աստիճանի է հասնում Ուկրաինայում պայթող ռումբերի ջերմաստիճանից, իսկ դրա մասին՝ հաջորդիվ։

Լուսանկարում՝ «Հիմարս» հրթիռահրետանային համակարգը

Նարեկ Ներսիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել