ԿԳՄՍՆ-ն առաջարկում է ընդլայնել պարտադիր զինծառայությունից ազատվող անձանց շրջանակը
13:29 - 20 հուլիսի, 2022

ԿԳՄՍՆ-ն առաջարկում է ընդլայնել պարտադիր զինծառայությունից ազատվող անձանց շրջանակը

Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում` առաջարկելով ընդլայնել պարտադիր զինծառայությունից օրենքի համաձայն ազատվող քաղաքացիների շրջանակը: Նախագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել այն քաղաքացուն, ով որպես օտարերկրյա քաղաքացի Հայաստանի քաղաքացիություն է ձեռք բերել որևէ մարզաձևի` ՀՀ հավաքական թիմում հանդես գալու համար և մինչև 2021 թվականի մայիսի 1-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը կորցրել է:

Նշվում է, որ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար քաղաքացին կամ համապատասխան ֆեդերացիան մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը դիմում է սպորտի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմին, որը մեկամսյա ժամկետում պարզում է ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը և միջնորդություն է ներկայացնում պաշտպանության նախարարություն: Փաստաթղթերի համապատասխանության դեպքում` մեկամսյա ժամկետում քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից:

Նախագիծը մշակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Նշվում է, որ այս փոփոխություններով լուծում կտրվի այն անձանց պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու խնդրին, ովքեր, լինելով այլ պետության քաղաքացի, ստացել են Հայաստանի քաղաքացիություն և հրավիրվել Հայաստան՝ սպորտի բնագավառում հանդես գալու նպատակով, սակայն հանգամանքների բերումով ՀՀ հավաքական թիմից դուրս են եկել կամ այլևս միջազգային առաջնություններում հանդես չեն գալիս Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո:

Կառավարությունն այս նախագիծը հաստատել է և ուղարկել խորհրդարան: Նշենք, որ նախագիծը նախ պետք է ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանա, որից հետո միայն կարող է ընդգրկվել լիագումար նիստերի օրակարգ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել