Պարտադիր զինվորական ծառայության տարկետումից կօգտվեն նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտ և MMA մարզաձևերի աշխարհի չեմպիոնները
15:59 - 21 հուլիսի, 2022

Պարտադիր զինվորական ծառայության տարկետումից կօգտվեն նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտ և MMA մարզաձևերի աշխարհի չեմպիոնները

ՀՀ կառավարության հուլիսի 21-ի նիստում փոփոխություն է կատարվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կարգում՝ ընդլայնելով մարզաձևերի ցանկը, որով բարձր նվաճում ունեցող մարզիկներին տրամադրվում է տարկետում:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, համաձայն նոր փոփոխության` տարկետման իրավունքից կօգտվեն նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտ (Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) կա՛մ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBF), կա՛մ Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO), կա՛մ Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) վարկածներով) և մարտեր առանց կանոնների (ՅՈՒ ԷՖ ՍԻ վարկածով) մարզաձևերի ներկայացուցիչները՝ աշխարհի չեմպիոնի կոչում ունենալու դեպքում:

Նախագիծը մշակել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ հաշվի առնելով, որ աշխարհում շատ են պրոֆեսիոնալ բռնցքամարտ և մարտեր առանց կանոնների մարզաձևերով զբաղվող հայ մարզիկները: Այսպիսով՝ այս մարզաձևերից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկները, որոնք Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով ստացել են ՀՀ քաղաքացիություն՝ ՀՀ դրոշի ներքո մարզական միջոցառումներին մասնակցելու համար,  կօգտվեն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել