Արագածոտնի մարզպետարանը հերքել է լուրը, թե Արագածավան թուրքեր են մտել ու գերի տարել հովիվների
09:28 - 22 հուլիսի, 2022

Արագածոտնի մարզպետարանը հերքել է լուրը, թե Արագածավան թուրքեր են մտել ու գերի տարել հովիվների

Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ։ Այս մասին հայտնում են Արագածոտնի մարզպետարանից՝ ի պատասխան 168.am լրատվական կայքում տեղ գտած՝ «Ինչ է կատարվում Արագածավանում» վերտառությամբ հրապարակմանը։ 

«Հայտնում ենք, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ։ Չենք բացառում, որ կեղծ ահազանգը կարող էր որևէ մեկի կամ մի խումբ անձանց նենգ ու ոչ ողջամիտ արարքը լինել»-,- նշված է համայանքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։ 
 

Իսկ Արագածավան խոշորացված համայնքի համայնքապետ Արթուր Հովսեփյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ գյուղից դուրս` դեպի Թուրքիայի սահման գտնվող ֆերմայի բանվորները ռուս սահմանապահների հսկողությամբ անցաթղթով են ելումուտ անում նշված տարածք:

Նրանք մնացել են սահմանից այն կողմ, ահազանգել են այդ մասին, և ռուս սահմանապահներն արձագանքել ու բանվորներին վերադարձրել են Հայաստանի սահման։

Արթուր Հովսեփյանը նաև վստահեցրեց, որ գյուղում որևէ թուրք չի եղել և չկա։ Դեպքի մասին ավելի հստակ մանրամասներ ԱԱԾ-ից պարզելու պարագայում, համայնքապետը կտեղեկացնի հավելյալ:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան 168․am-ը տեղեկություն հրապարակեց, որ իրենց ընթերցողները հայտնել են՝ Արագածավան համայնք երեք զինված թուրքեր են մտել, ութ հովիվների՝ իրենց անասուններով, գերի են վերցրել, որոշ ժամանակ անց ռուսական կողմի միջնորդությամբ սկզբում անասուններին են բաց թողել, այնուհետև հովիվներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել