Երևանյան կանգառներում կտեղադրվեն նոր կանգառասրահներ․ Երևանի քաղաքապետարան
17:40 - 25 հուլիսի, 2022

Երևանյան կանգառներում կտեղադրվեն նոր կանգառասրահներ․ Երևանի քաղաքապետարան

Երևանյան կանգառներում կտեղադրվեն նոր կանգառասրահներ: Ծրագիրը կիրականացվի փուլ առ փուլ՝ վարչական շրջաններով, որպեսզի խնդրին տրվի համալիր լուծում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Աջափնյակ վարչական շրջանից մեկնարկած ծրագրով կտեղադրվի 10 նոր կանգառասրահ. աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 

Երևանում գծանշում իրականացնող ընկերությունը պետք է վերացնի թերությունները: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է հսկողություն սահմանել տեխնիկական պայմանների խախտումով արված հատվածներում գործընթացը նորից կազմակերպելու նկատառումով:

2023թ. համայնքը կշարունակի վերելակների փոխարինման ծրագիրը: Հանձնարարվել է մրցութային բոլոր գործընթացները կազմակերպել արդեն այս տարվանից, որպեսզի հաջորդ տարի ծրագիրը միանգամից գործնական փուլ տեղափոխվի: Նախանշված 500 վերելակին, միջոցների առկայության պարագայում, կգումարվի ևս 200-ը:

Անհրաժեշտ ջրածավալ ապահովելու և կանաչ տարածքները լիարժեքորեն ոռոգելու նպատակով ավարտվել են Դալմայի ջրագծի որոշ հատվածների փոխարինման աշխատանքները: Անցկացվել է 630 մմ-անոց 344 գծմ երկարությամբ նոր խողովակաշար, որը հնարավորություն կտա ամբողջությամբ լուծել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ոռոգման խնդիրը:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի նոր մոտեցմամբ. կտրվեն գեղարվեստական ինքնատիպ լուծումներ: ՄԱԿ-ի գործընկերների հետ այժմ քննարկվում են մի շարք նմուշներ, որոնք կփորձարկվեն հենց շենքի վրա: Ծրագրով կարդիականացվի նաև Հանրապետության հրապարակի շենքերի գեղարվեստական լուսավորությունը:

Մայրաքաղաքում workout մարզաձևը զարգացնելու նպատակով վարչական շրջաններում կկառուցվեն հատուկ մարզահրապարակներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել