Կարևոր է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման երևույթի վերաբերյալ իրազեկման արշավների անընդհատությունն ու հասցեականությունը. ՄԻՊ ուղերձը
12:19 - 30 հուլիսի, 2022

Կարևոր է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման երևույթի վերաբերյալ իրազեկման արշավների անընդհատությունն ու հասցեականությունը. ՄԻՊ ուղերձը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ուղերձ է հղել Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ: Դրանում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

2013 թվականից ի վեր հուլիսի 30-ը մարդկության կողմից նշվում է որպես Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օր: Մարդկանց թրաֆիքինգը կամ, այսպես կոչված, մարդկանց «ապրանքայնացումը», որպես ժամանակակից ստրկության զանգվածային երևույթ, շարունակում է կործանարար և անդառնալի հետևանքներ առաջացնել ինչպես անհատի, նրա ընտանիքի անդամների, այնպես էլ ամբողջ հասարակության համար, այդ թվում՝ հիմնական իրավունքների և ազատությունների իրացման, ֆիզիկական և մտավոր առողջության տեսանկյունից:

Ցավոք, կանայք և երեխաները շարունակում են մնալ հատկապես թիրախավորված։ Մասնավորապես, կանանց տնտեսական կայունության բացակայությունը, տնտեսապես մեկ այլ անձից կախյալ լինելու հանգամանքը կամ սոցիալ-տնտեսական այլ խնդիրները նպաստում են թրաֆիքինգի ռիսկի աճին:

Ուստի, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների շարքում, ի թիվս այլնի, հիմնարար նշանակություն ունի կանանց տնտեսական հզորացմանն ուղղված գործուն քայլերի ձեռնարկումը։ Հաշվի առնելով թրաֆիքինգի հանցակազմի առանձնահատկությունները՝ կարևոր է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման երևույթի, դրա դրսևորման ձևերի, պաշտպանության ուղիների և մեխանիզմների վերաբերյալ իրազեկման արշավների անընդհատությունն ու հասցեականությունը, հատկապես՝ ռիսկային խմբերի շրջանում (կանայք, երեխաներ, ապաստան հայցողներ, փախստականներ):

Մեր երկրում թրաֆիքինգի գործերով քննվող ու հատկապես մեղադրական դատավճիռներով գործերի թիվը շարունակում է մտահոգիչ մնալ։ Միևնույն ժամանակ, որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ, որ թրաֆիքինգի դեմ պայքարի քաղաքականությունը որդեգրի ոչ միայն քրեաիրավական, այլ նաև սոցիալ-իրավական ուղղվածություն, ինչն արտահայտվում է զոհերին ու վկաներին պաշտպանության և սոցիալ-հոգեբանական ու վերականգնողական աջակցության տրամադրմամբ:

Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ, կոչ եմ անում ՀՀ կառավարությանը, իրավապահ մարմիններին, միջազգային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը և անհատներին համախմբվելու ու գործուն քայլեր ձեռնարկելու՝ մարդկանց թրաֆիգինքի և շահագործման ցանկացած հնարավոր դրսևորման կանխման, ինչպես նաև թրաֆիքինգի զոհերի պատշաճ նույնացման, աջակցության ու պաշտպանության ուղղությամբ՝ համատեղելով պայքարի իրավական, տնտեսական, քաղաքական և սոցիալական միջոցները»,- ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել