Անցկացվել են հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ
18:38 - 01 օգոստոսի, 2022

Անցկացվել են հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ

Երևանում օգոստոսի 1-ին  ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Պարույր Հովհաննիսյանի և Վահե Գևորգյանի ու ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյի գլխավորությամբ կայացել են եվրոպական տարածաշրջանում  գործող միջազգային կառույցների թեմայով հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ:  ՀՀ ԱԳ նախարարությունը տեղեկացնում է, որ քննարկվել է միջազգային կառույցների գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Կողմերը կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ հետագա փոխգործակցությունը: Արձանագրվել է դաշնակցային համագործակցությանը համահունչ՝ ԱԳՆ-ների  միջև խորհրդակցություններ անցկացնելու պրակտիկան շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը:

Խորհրդակցությունների ավարտից հետո ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նախարար Միրզոյանը գոհունակություն է հայտնել ավանդական բարեկամական և վստահության մթնոլորտում խորհրդակցությունների հաջող անցկացման կապակցությամբ: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժն ու փորձն օգտագործելու կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել