Եվրամիությունը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական լարվածության առթիվ
 |civilnet.am|
11:21 - 03 օգոստոսի, 2022

Եվրամիությունը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական լարվածության առթիվ |civilnet.am|

civilnet.am: Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել վերջին օրերին հայ-ադրբեջանական կողմերի միջև լարվածության առթիվ։

«Եվրոպական միությունը հանձնառու է խորացնել իր ներգրավվածությունը խաղաղ գործընթացում: Մենք դրանով զբաղվում ենք մի քանի մակարդակներով։ Կարևոր է նվազեցնել լարվածությունը և բաց չթողնել տասնամյակների վեճերի էջը շրջելու պատմական հնարավորությունը»,- Թվիթերի իր էջում գրել է Կլաարը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել էին սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Ադրբեջանի սադրանքի հետևանքով վիրավորվել էր ՊԲ մեկ զինծառայող, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Օգոստոսի 2-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ:

Օգոստոսի 2- ին և լույս 3-ի գիշերը օպերատիվ մարտավարական իրադրությունը փոփոխությունների չի ենթարկվել, լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում պահպանվում է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել