Արցախի հյուսիս-արեւմտյան հատվածում՝ Շուշիի եւ Լաչինի շրջանների հատման կետում, լարվածությունը պահպանվում է. ԱՀ ՄԻՊ
 |news.am|
15:20 - 03 օգոստոսի, 2022

Արցախի հյուսիս-արեւմտյան հատվածում՝ Շուշիի եւ Լաչինի շրջանների հատման կետում, լարվածությունը պահպանվում է. ԱՀ ՄԻՊ |news.am|

news.am: Արցախի հյուսիս-արեւմտյան հատվածում՝ Շուշիի եւ Լաչինի շրջանների հատման կետում, լարվածությունը պահպանվում է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝  նշելով, որ խոսքը, մասնավորապես Բերձոր քաղաքից դեպի հյուսիս ընկած հատվածն է։

Հարցին՝ արդյո՞ք լարվածությունը պայմանավորված է Ադրբեջանի այն պահանջով, որ Արցախը Հայաստանին կապող միջանցքի երթեւեկությունը պետք է կազմակերպվի նոր երթուղով, Ստեփանյանը պատասխանեց.

«Միանշանակ այդ պահանջի կատարման համար է այս ամբողջ էսկալացիան։ Այսինքն՝ այս գործելաոճն Ադրբեջանը բազմաթիվ անգամ կիրառել է։ Ցանկացած պահանջ ներկայացնելուց առաջ լարում է իրավիճակը, այսինքն՝ ուղիղ անպարտելի եւ լկտի ձեւով սպառնալիք է գործադրում։ Այդ սպառնալիքի ներքո պարտադրում է հայկական կողմին որոշակի հարցերում գնալ զիջումների։ Վստահ եմ, որ այս էսկալացիայի առաջին նպատակը ճանապարհի փոփոխության հարցը լուծելն է»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմից դիրքային եւ մարդկային կորուստներ չեն եղել: Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հայկական կողմն ունի մեկ վիրավոր՝ ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել