Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի խնդիրները գրեթե լուծվել են, տեղադրվում է ասֆալտի երրորդ շերտը․ Սանոսյան
11:44 - 11 օգոստոսի, 2022

Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի խնդիրները գրեթե լուծվել են, տեղադրվում է ասֆալտի երրորդ շերտը․ Սանոսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ կառավարության նիստի ընթացքում, անդրադարձավ Տաթև-Աղվանի ճանապարհին՝ նշելով, որ այն մի փոքր ֆորսմաժորային իրավիճակում է շահագործման հանձնվել․ 

«Նախորդ տարվա վերջին այդ ճանապարհը մի փոքր ֆորսմաժորային իրավիճակում շահագործման հանձնվեց․ ի սկզբանե ճանապարհը նախատեսված էր որպես միջհամայանքային նշանակության ճանապարհ և շահագործման հանձնվեց, բայց հետագայում մենք տեսանք, որ ճանապարհը շատ լուջ պրոբլեմներ ունի, փոսեր էին գոյացել և այլն։

Մենք, ըստ էության, տարվա սկզբից սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ, և հիմա, իմ ունեցած վերջին տեղեկություններով, մեծ խնդիրները լուծվել է, և մնացել է վերջին 500 մետրանոց մի հատված, որտեղ այդ փոսերի հարցը պետք է լուծենք»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ ասաց՝  արդեն վաղը հավանաբար եղած փոսերն էլ չեն լինի, այդ հատվածները ամբողջությամբ ասֆալտապատ կլինեն։ «Երրորդ շերտի ասֆալտապատման գործընթացը սկսվել է, մոտ 5,8 կիլոմետր արդեն արվել է։ Եթե հասցնենք կառավարության հաջորդ նիստում մյուս շինարարական ընկերությանը գումար կհատկացնենք այնտեղի վերջին շերտի համար»,- ասաց Սանոսյանը։

Փաշինյանը նաև հիշեցրեց, որ ընթացքի մեջ են Տաթևի ոլորանները շրջանցող և, ըստ էության,  Տաթև գյուղը շրջանցող ճանապարհի շինարարությունը․ «Տաթև Լծեն, հետո Լծեն Շամբ, Լծենից Նորավան, որը արդեն կմիանա մայրուղուն»։

Փաշինյանը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց, թե ինչ վիճակում են այդ ճանապարհների շինարարական աշխատանքները․

Նախարարն էլ ասաց՝ Նորավանից Շամբ գնացող ճանապարհը նախատեսված չէ ծանր բեռնատարների համար․ «Քանի որ միջազգային ծրագրով է արվել, իրենց հետ բանակցում ենք հենց այդ ծրագրի շրջանակում ևս մեկ շերտ տեղադրելու։ Ինքը ամբողջողվին նոր ասֆալտապատված է, բայց նոր շերտ տեղադրենք, որպեսզի ծառայի բեռնատարներին։ Մենք Շամբ-Լծեն հատվածում ունենք վեց կիլոմետր, որը բավական ժամանակ է՝ մրցույթ շահող ընկերություն կա, և որոշակի աշխատանքներ է անում, բայց մենք դժգոհություն ունենք տեմպի հետ կապված»։

Լծեն-Տաթև հատվածում էլ, ըստ Սանոսյանի, 2 շինարարական ընկերություն կա, որոնցից մեկը 4 կիլոմետրից ավելի ասֆալտապատում իրականացրել է, և հավանաբար սեպտեմբեր ամսին իր 10 կիլոմետրը կավարտի՝ երկու շերտ ասֆալտապատումով․ «Նույնիսկ շինարարի մոտ կա միտք, որ երկրորդն էլ անի, այսինքն՝ ամբողջությամբ իր հատվածը ավարտի։ Եթե կանի, մենք իրենցից մինչև նոյեմբեր ուզում ենք երկու շերտը, եթե ավելի արագ կանեն, շատ ավելի ցանկալի է։ Երկրորդ շինարարի հետ դանդաղություն կար, բայց վերջին քսան օրերին բավական լավ տեմպ կա, այսինքն՝ այդ հատվածում մեր գլխավոր պրոբլեմը շարունակում է մնալ Լծենից Շամբ հատվածը, որտեղ գործող ճանապարհ կա, բայց բեռնատարների համար անցանելի չեն եղել»։

Փաշինյանն ասաց՝ նախատեսված է, որ այդ կտորն էլ նոյեմբերին պետք է շահագործման հանձնվի, բայց մտավախություն կա, որ այդտեղ էլ կարող են պրոբլեմբեր ի հայտ գալ, ինչը խնդրահարույց է։ «Դա շատ կարևոր նշանակության ճանապարհ է, և պետք է այդտեղ կարողանանք խնդիրներ կարգավորել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել