Կառավարությունը երկարաձգեց վիրավորում ձեռք բերած զինծառայողների աջակցության տրամադրման ժամկետը
12:52 - 11 օգոստոսի, 2022

Կառավարությունը երկարաձգեց վիրավորում ձեռք բերած զինծառայողների աջակցության տրամադրման ժամկետը

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերից մեկով որոշեց երկարաձգել 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավորում կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողների աջակցության տրամադրման ժամկետը։

Ավելի վաղ կառավարության երկու որոշումներով հաստատվել էին 2020 թ․-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը և աջակցության տրամադրման կարգը:

Արդեն այս տարվա հուլիսի 28-ի որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել նշյալ որոշումների մեջ,  համաձայն որի միջոցառման իրականացման ժամկետները երկարաձգվել են՝ 2021 թվականի մայիսի 15-ի փոխարեն սահմանելով 2022 թվականի հոկտեմբերի 1-ը։

Ըստ նախագծի հիմնավորման՝ զինծառայողներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար առկա է լրացուցիչ 408  մլն դրամի չափով ֆինասական միջոցների հատկացման անհրաժեշտություն, որով կապահովվի վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած 816 զինծառայողների աջակցության տրամադրումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել