Իրանը պատասխանել է միջուկային գործարքի վերաբերյալ ԵՄ առաջարկներին |hetq.am|
14:52 - 16 օգոստոսի, 2022

Իրանը պատասխանել է միջուկային գործարքի վերաբերյալ ԵՄ առաջարկներին |hetq.am|

hetq.am: Իրանի իշխանությունները Եվրամիությանն են ուղարկել միջուկային գործարքի վերականգնման վերաբերյալ վերջինիս առաջարկներին իրենց պատասխանը։ Այդ մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։

Պատասխանի բովանդակությունը չի նշվում։ Միևնույն ժամանակ, իրանական ISNA գործակալությունը նշում է, որ իրանական կողմի պատասխանը փոխանցվել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, որն օգոստոսի սկզբին բանակցությունների մասնակիցներին ներկայացրել էր Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերականգնման համաձայնագրի իր նախագիծը։ Գործակալության աղբյուրի խոսքով՝ Թեհրանը Բրյուսելից ակնկալում է պատասխան ստանալ առաջիկա երկու օրերի ընթացքում։

Երկուշաբթի օրը Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը հայտարարել էր, որ Թեհրանը գրավոր պատասխանը կփոխանցի միջուկային գործարքի հարցով բանակցությունների ԵՄ համակարգող Էնրիկե Մորեին։

Օգոստոսի 11-ին The Wall Street Journal թերթը հայտնել էր, որ Եվրամիության դիվանագետները կազմել են Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման փաստաթղթի եզրափակիչ տեքստի նախագիծը։ Համաձայն առկա տեղեկատվության՝ Եվրամիությունը Թեհրանին զիջումներ է առաջարկել հետաքննության հարցում, որը վերաբերվում է ՄԱԳԱՏԷ-ի կողմից միջուկային նյութի հայտնաբերմանը, ինչի ծագումն իրանական կողմը չէր բացատրել։ Պարբերականը նշում է, որ Բրյուսելի առաջարկը Թեհրանին ընդառաջ քայլ է, քանի որ այս հետաքննությունը հանդիսանում է արևմտյան կողմի համար հիմնարար խնդիրներից մեկը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել