Analitik.am լրատվական կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանը ոչ ճիշտ պնդումով է հանդես եկել 5-րդ ալիքի եթերում
18:21 - 26 մարտի, 2020

Analitik.am լրատվական կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանը ոչ ճիշտ պնդումով է հանդես եկել 5-րդ ալիքի եթերում

Այս տարվա մարտի 23-ին  կորոնավիրուսի փաստահավաք խմբի անդամ, Analitik.am լրատվական կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանը 5-րդ ալիքի եթերում կատարել է մանիպուլյատիվ պնդումներ՝ պարետատան հեռախոսահամարի հասանելիության և իրենց փաստավահաք խմբի աշխատանքների մասին։ Ներկայացնում ենք ստորև․

Պարետատան հետ ուղիղ կապ հաստատել չի հաջողվում

Փաստահավաք խմբի անդամ Անի Հովհաննիսյանը հարցազրույցի ժամանակ պնդում է, որ իրենց ցանկանում են համագործակցել պարետատան հետ, տեղ հասցնել քաղաքացիների ահազանգերը, սակայն պարետատունն արդյունավետ կապ չի ապահովում։

«Երբ զանգում ենք պարետատան տրամադրած հեռախոսահամարին, կամ պետք է երկար սպասենք, կամ արձագանք ընդհանրապես չի լինում»,- մասնավորապես նշում է Անի Հովհաննիսյանը։

Նախ նշենք, որ թեժ գիծը նախատեսված է քաղաքացիների ահազանգերին պատասխանելու համար։

ՀՀ պարետի 2020 թվականի մարտի 18-ի որոշմամբ՝ արտակարգ դրության իրավիական ռեժիմի, դրանից բխող պարետի ցուցումների, երկրում տիրող համաճարակաբանական վիճակի և հարակից հարցերի վերաբերյալ մամուլի հետ կապերի պատասխանատու է հանդիսանում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը: 

Պարետատան կազմն ընդգրկում է մի քանի գերատեսչությունների ղեկավարների։ Հետևաբար, քաղաքացիների հարցերի համար գործում է ոչ թե մեկ հեռախոսահամար, այլ մի քանի՝ ըստ ոլորտների։ Ընդ որում նշված հեռախոսահամարների անհասանելիության դեպքում, պարետատան կազմում ընդգրկված գերատեսչությունների կայք-էջերում կարող եք գտնել հասարակայնության հետ կապերի բաժինների այլ հեռախոսահամարներ։ Գործող հեռախոսահամարների ցանկը և պարետատան կազմը ներկայացնում ենք ստորև․

Բացի վերոնշյալը, արտակարգ դրության հաստատման օրվանից՝ մարտի 16-ից սկսած, գործում է Հայկական տեղեկատվական միասնական հարթակը։ Վերջինիս ֆեյսբուքյան էջին ևս կարելի է հղել նամակներ և ստանալ պատասխաններ 30 րոպեի ընթացքում (Infocom-ի փորձառություն)։ Կառավարող ուժի ներկայացուցիչների մամուլի ասուլիսների ընթացքում լրագրողներն իրենց հարցերը ուղղում են նաև առցանց՝ հարթակի էջին գրելով։

Հաշվի առնելով  պարետատան և պատկան մարմինների հետ կապի միջոցների վերոնշյալ հնարավորությունները՝ կարող ենք փաստել, որ Անի Հովհաննիսյանի պնդումները՝ պարետատան կողմից ոչ արդյունավետ կապի մասին իրականությանը չեն համապատասխանում։

Ի հավելումն նշենք, որ 5-րդ ալիքի YouTube-յան ալիքում Անի Հովհաննիսյանի հարցազրույցը տեղադրված է հենց «Պարետատան հետ ուղիղ կապ հաստատել չի հաջողվում» վերնագրով, ինչը ևս մանիպուլյատիվ է։

Խուճապ կարող են առաջացնել այնպիսի տեղեկությունները, որոնք ապատեղեկություններ են

Կորոնավիրուսի փաստահավաք խմբի անդամ Անի Հովհաննիսյանը, մենաբանելով արտակարգ դրության օրերին ԶԼՄ-ների սահմանափակումը և «խուճապ» տերմինը, նշում է, որ խուճապ կարող են առաջացնել այնպիսի տեղեկությունները, որոնք ապատեղեկատվություն են։

Սակայն իրենց իսկ փաստահավաք խմբի անդամ, բժիշկ, «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» կոալիցիայի նախագահ Գևորգ Գրիգորյանը արտակարգ դրությունից առաջ կորոնավիրուսի մասին առաջին ապատեղեկատվություն տարածողն էր։ Վերջինս մարտի 12-ին ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Էջմիածնում հետազոտության ընթացքում 3 անձի մոտ  հայտնաբերվել է կորոնավիրուս: Այդ անձանց մեկուսացրել են, իսկ միջոցառման մնացած մասնակիցների մեկուսացման հարցը դեռ որոշված չէ: Գևորգ Գրիգորյանը նշում էր, որ վարակակիրները հարսանիքի էին մասնակցել։

Էջմիածնից 3 անձի վարակակիր լինելու Գևորգ Գրիգորյանի կողմից տարածված  տեղեկությունը հերքեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ Նույն օրը քաղաքապետը ուղիղ եթերի ժամանակ հայտնեց, որ Էմիածնի վարակակիրները ոչ թե հարսանիքի են մասնակցել, այլ՝ նշանադրության։

Փաստահավաք խմբի անդամ, «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» կոալիցիայի նախագահ Գևորգ Գրիգորյանը  այսօր էլ իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է list.am  կայքից տեղադրել է rapid (արագ թեստավորում) թեստի վաճառքի հայտարարություն՝ նշելով, որ անհատը Առողջապահության նախարարությունից ավելի արագ է աշխատում։

Այս հայտարարությունն արդեն հեռացվել է կայքից։ Սակայն այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ փաստահավաք խմբի անդամ բժիշկը տեղադրում է ոչ բժշկական կայքից, ոչ լիցենզավորված ընկերության կողմից կորոնավիրուսի թեստի վաճառքի հայտարարություն, որի տարածումը հանրության շրջանում կարող է վտանգավոր լինել։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ կորոնավիրուսի փաստահավաք խմբի անդամ Անի Հովհաննիսյանի շահարկումները՝ պարետատան հետ ուղիղ կապի հնարավորություն չունենալու վերաբերյալ իրականությանը չեն համապատասխանում, իսկ ապատեղեկատվության մասին խոսելուց առաջ փաստահավաք խումբն ինքն իրենով չպետք է անհիմն տեղեկություններ տարածի։

Ի հավելումն նշենք, որ վերոնշյալ փաստահավաք խմբի կողմից ոչ փաստացի լուրերի հաղորդմանն օրեր առաջ անդրադարձել էր media.am-ը։

Արփի Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել