Տնտեսական լիբերալիզմի առանձնացումն ու դաշինքը պահպանողականության հետ [Challenge 7.1 | Հրայր Մանուկյան]
12:50 - 21 մայիսի, 2020

Տնտեսական լիբերալիզմի առանձնացումն ու դաշինքը պահպանողականության հետ [Challenge 7.1 | Հրայր Մանուկյան]

Մանուկյան Հրայր

“Challenge” նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։

Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։

 

Արևմուտքում[1], Լատինական Ամերիկայի ու Արևելյան Եվրոպայի զգալի մասում ու մի քանի արևելաասիական պետություններում այսօր հաստատված է լիբերալ-դեմոկրատական կոչվող կարգ։ 1991-ից Հայաստանի հանրությունը նման կարգ հաստատելու ցանկություն է հայտնել, իսկ 2018-ի հեղափոխությամբ՝ լրջագույն քայլ է կատարել այդ ուղղությամբ։ Այդ կարգը կոչվում է լիբերալ-դեմոկրատական, քանի որ միավորում է լիբերալիզմի փիլիսոփայությունն ու դեմոկրատիայի գաղափարը։ Դեմոկրատիայի գաղափարը համեմատաբար պարզ է։ Այն ենթադրում է ընտրություններով ու քվեարկություններով որոշումների կայացում։ Ավելի բարդ ու տեղ-տեղ հակասական է լիբերալիզմի փիլիսոփայությունը։ Այն ենթադրում է իրավունքների (կամ ազատությունների[2]) վերաբերյալ պայմանավորվածություն։ 

Այդ պայմանավորվածության բնույթը հնարավորինս հակիրճ ու պարզ կներկայացնեմ այս հոդվածի առաջին մասում։ Այնուհետև կպատասխանեմ նախորդ հոդվածում ձևակերպածս գլխավոր հարցին, այն է՝ ինչո՞ւ է լիբերալիզմի ուղղություններից մեկը՝ տնտեսական լիբերալիզմը, այսօր հիմնականում հանդես գալիս պահպանողականության հետ ու ընդդեմ լիբերալիզմի մյուս ուղղության՝ ձախ լիբերալիզմի։ Կարճ պատասխանն այն է, որ և՛ տնտեսական լիբերալիզմը, և՛ պահպանողականությունը արդարացնում են անհավասարությունները, մեկը՝ տնտեսությունում, մյուսը՝ բոլոր ոլորտներում։ Իսկ ձախ լիբերալիզմը տնտեսական ու սոցիալ-մշակութային շատ անհավասարություններ չի ընդունում։

                         

Իրավունքների շուրջ պայմանավորվածությունը

Մինչև լիբերալ-դեմոկրատական կարգերը՝ աշխարհում տարածված էր  բացարձակ միապետական կարգը։ Այդ կարգը հիմնված էր այն գաղափարի վրա, որ թագավորը Աստծո ներկայացուցիչն է երկրի վրա, նրա կամքը օրենք է, իսկ  մարդիկ ի բնե անհավասար են (ոմանք ազնվական են, ոմանք՝ ճորտ և այլն)։ Հասարակ բնակիչները չունեին իրավունքներ․ նրանք ունեին միայն պարտավորություններ։ Մանվել Սարգսյանը իր դասախոսություններից մեկում նկարագրել է, թե ինչպես էր նման պետական կարգը գործում և թե ինչ առանցքային դեր ուներ այնտեղ եկեղեցին[3]։ Լիբերալիզմը մերժեց մարդկանց՝ ի բնե անհավասարության գաղափարն ու առաջարկեց նրանց՝ ի բնե հավասարության գաղափարը։ Միապետի՝ Աստծո կողմից նշանակված լինելու հավատն էլ փոխարինվեց այն համոզմամբ, որ ազատ ու հավասար անհատները պայմանավորվում են իրենց իրավունքների շուրջ և ընտրում կառավարիչներ, որոնք պետք է պաշտպանեն այդ իրավունքները։

Իրավունքների շուրջ պայմանավորվածությունն է, որ առանձնացնում  է լիբերալ-դեմոկրատիան այլ դեմոկրատիաներից, օրինակ՝ մ․թ․ա․ 5-րդ դարի Աթենական դեմոկրատիայից։ Լիբերալ-դեմոկրատիայում ճանաչվում են հիմնարար մի շարք իրավունքներ,  որոնք ոչ մի դեպքում չպետք է խախտվեն մեծամասնության քվեարկություններով։ Օրինակ՝ մեծամասնությունը չի կարող քվեարկել ու մահապատժի դատապարտել նրանց, ում գաղափարները չի ընդունում։ Ի տարբերություն լիբերալ-դեմոկրատիայի՝ աթենական դեմոկրատիայում նման քվեարկությունները հնարավոր էին։  Այնտեղ Սոկրատեսը քվեարկությամբ մահապատժի դատապարտվեց՝ իր գաղափարները տարածելու համար։

Լիբերալ-դեմոկրատական պետության ստեղծման տիպիկ օրինակ է ԱՄՆ-ի անկախացումը Մեծ Բրիտանիայից։ 1776 թվականի անկախության հռչակագրում արձանագրվում է, որ բոլոր մարդիկ հավասար են, ունեն իրավունքներ և այդ իրավունքները պաշտպանելու համար ստեղծվում է կառավարություն։ «Մենք ինքնակնհայտ ենք համարում հետևյալ ճշմարտությունները. որ բոլոր մարդիկ ստեղծված են հավասար և իրենց Արարչի կողմից օժտված որոշակի անկապտելի իրավունքներով, որոնց թվում են Կյանքը, Ազատությունը և Երջանկության ձգտումը, որ այս իրավունքներն ապահովելու համար հիմնվում են կառավարություններ՝ ստանալով իրենց օրինական լիազորությունները կառավարվողների համաձայնությամբ․․․»,- ասված է ԱՄՆ անկախության հռչակագրում[4]։

Այսպիսով՝ «լիբերալ-դեմոկրատական կարգ» արտահայտության մեջ «լիբերալ» բառը, պարզ ասած, նշանակում է մարդկանց՝ ի բնե հավասարություն, իրավունքների շուրջ պայմանավորվածություն և այդ իրավունքները պաշտպանելու մեխանիզմներ։ Ի բնե հավասարության սկզբունքի պահպանմամբ իրավունքների շուրջ պայմանավորվելը, իհարկե, հեշտ չէ, էլ չասած այդ իրավունքները պաշտպանելու դեմոկրատական մեխանիզմների ներդրման մասին։ Առաջին պայմանավորվածությունը, երևի թե, հավասար իրավունքներ սկզբունքի ձևակերպումը կարելի է համարել։ Դրա տակ հասկացվում է այն, որ պետությունը պետք է ապահովի հավասար չափով ազատություններ բոլոր քաղաքացիների համար, իսկ թե ով ինչքանով կօգտվի իր այդ ազատություններից՝ դա արդեն քաղաքացիների, ոչ թե պետության խնդիրն է։ Բայց բարդությունները այս սկզբունքի ձևակերպումով չավարտվեցին և շատ դժվար էր համաձայնության գալ կոնկրետ խմբերի իրավունքների ու պետության պարտավորությունների հարցերում։

Ամենակարևոր դժվարություններից մեկը վերաբերում էր սեփականության իրավունքին։ Անկախ նրանից, թե ով ինչքան է օգտվում սեփականություն ունենալու և գործարքներ կնքելու իր իրավունքից, ազատ շուկայական հարաբերությունները անխուսափելիորեն հանգեցնում են ահռելի նյութական անհավասարությունների։ Սա ինչ-որ պահից ակնհայտ դարձավ գրեթե բոլոր լիբերալների համար, սրա մասին են վկայում նաև մաթեմատիկական սիմուլյացիոն մոդելները[5]։ Արդյոք նյութական ահռելի անհավասարությունները պե՞տք է համարել հավասար իրավունքների սկզբունքի խախտում։ Ձախ լիբերալների բաժանումը տնտեսական լիբերալներից կապված է մեծամասամբ այս հարցի պատասխանի հետ։ Ձախ լիբերալները, որպես կանոն, համարում են, որ նյութական մեծ չափի անհավասարությունները անընդունելի են։ Տնտեսական լիբերալները, ընդհակառակը, համարում են, որ մեծ անհավասարությունները ընդունելի են, երբեմն նույնիսկ՝ ցանկալի[6]։ Ձախ-լիբերալների ու տնտեսական լիբերալների հիմնավորումներին և փաստարկներին կանդրադառնամ հետագայում։ Այս հոդվածի համար կարևոր է միայն արձանագրելը, որ ձախ լիբերալները բացասական վերաբերմունք ունեն նյութական մեծ չափի անհավասարությունների նկատմամբ, իսկ տնտեսական լիբերալները՝ դրական կամ չեզոք վերաբերմունք։

 

Տնտեսական լիբերալիզմի ու պահպանողականության դաշինքը

Մինչև ձախ լիբերալիզմի ու տնտեսական լիբերալիզմի առանձնացումը՝ լիբերալները, չնայած ներքին տարաձայնություններին, միասին պայքարում էին բացարձակ միապետությունների դեմ։  Այդ ժամանակ լիբերալներին հակադրվում էին պահպանողականները։ Լիբերալները, ի վերջո, հաղթում են և Արևմուտքում հաստատում քաղաքացիական իրավունքների պաշտպանության մեխանիզմներ։ Խոսքը խղճի, մտքի, դավանանքի ու արտահայտման ազատության, արդար դատաքննության իրավունքի, սեփականություն ունենալու իրավունքի ու պայմանագրեր (այդ թվում՝ աշխատանքային) կնքելու ազատության մասին է[7]։

Քաղաքացիական ազատությունների հաստատումից հետո առաջ եկավ քաղաքական ազատությունների ընդլայնման հարցը՝ բոլոր մարդկանց ընտրելու և ընտրվելու հնարավորություն տալու խնդիրը։ Լիբերալների տարաձայնությունները ավելի խորացան։ Նրանց մի մասը (որոնց մենք այսօր անվանում ենք տնտեսական լիբերալներ) վախենում էր, որ քվեարկելու իրավունք ստանալով՝ աղքատ մեծամասնությունը կօգտագործի դեմոկրատական մեխանիզմներն ու կվերաբաշխի հարուստների ունեցվածքը։ Իսկ լիբերալների մյուս մասը (ձախ լիբերալները) պնդում էին, որ հավասար իրավունքների սկզբունքը պետք է կիրառվի նաև քաղաքականության մեջ և բոլոր մարդիկ պետք է ստանան ընտրելու և ընտրվելու իրավունք։

Քաղաքական ազատությունների ընդլայնմանը դեմ էին ոչ միայն տնտեսական լիբերալները, այլև պահպանողականները։ Պահպանողականների ընդդիմանալը, սակայն այլ պատճառներ ուներ։ Նրանք ասում էին, որ, ինչպես Մանվել Սարգսյանն է ձևակերպել, չի կարելի հասարակ մարդկանց այդքան շատ ազատություններ տալ։ Բացի այդ՝ պահպանողականները ընդդիմանում էին նաև հավասար ազատությունների գաղափարի կիրառման ոլորտները ընդլայնելուն։ Նրանք համարում էին, որ ավանդական գերակայության ու ենթակայության հարաբերությունները (հիերարխիաները) արժեքավոր են և պետք է պահպանվեն։ Ըստ պահպանողականների՝ չի կարելի իշխվողներին  տալ այնքան իրավունք, ինչքան իշխողներին, կանանց՝ այնքան ազատություններ, ինչքան տղամարդկանց, սևամորթներին՝ այնքան իրավունքներ, ինչքան սպիտակամորթներին և այլն։

Երկար ժամանակ ես կարծում էի, թե պահպանողականությունը փոփոխություններին դեմ արտահայտվող գաղափարախոսություն է։ Նախորդ հոդվածիս քննարկման ժամանակ ֆեյսբուքյան ընկերներիցս մեկը ևս նշեց, որ կա տեսակետ, որ  պահպանողականությունը փոփոխություններին դեմ հանդես եկող ու հինը արժևորող սկզբունք է։ Այս բացատրության մեջ, իհարկե, կա որոշակի ճշմարտություն և որոշ հետազոտողներ հենց այս տեսակետն ունեն։ Այնուամենայնիվ, պահպանողականությունը միշտ չէ, որ փոփոխություններին դեմ է, և պահպանողականության սերը անցյալի շատ կոնկրետ պահերին է միայն վերաբերում։ Օրինակ՝ այսօրվա ամերիկացի պահպանողականը նոստալգիկ զգացողությամբ է նայում ոչ թե 1940-1950-ականների ԱՄՆ-ին (երբ միջազգային հարթակում ԱՄՆ-ն իր հզորության պիկերից մեկում էր), այլ, ասենք, մինչև Ռուզվելտի նախագահությունը (1932) եղած ԱՄՆ-ին, լավագույն դեպքում՝ Ռեյգանի շրջանի ԱՄՆ-ին (1980-ականներ)։ Բացի այդ՝ ԱՄՆ շատ պահպանողականներ դեմ չեն, իսկ ոմանք նույնիսկ կողմ են այն փոփոխություններին, որոնք նվազեցնում են հարուստների հարկերը։

Մանրամասն ուսումնասիրելով պահպանողականների տեքստերն ու գործողությունները՝ քաղաքական փիլիսոփա Քորի Ռոբինը հանգել է եզրակացության, որ պահպանողականները ոչ թե դեմ են փոփոխություններին՝ ընդհանրապես, այլ դեմ են խիստ որոշակի տիպի փոփոխություններին, այն է՝ հավասար իրավունքների հաստատմանը[8]։ Եթե փոփոխությունները ուժեղացնում են անհավասարություններն ու հիերարխիկ հարաբերությունները, պահպանողականները դրան կողմ են։ Ցանկացած հարթությունում պահպանողականները հանդես են գալիս գերիշխողի դիրքը պահպանելու կամ է՛լ ավելի ուժեղացնելու օգտին։ Տղամարդ-կին հարաբերություններում նրանք տղամարդու գերակա դիրքը պահել կամ ուժեղացնել են ուզում և դեմ են կանանց ազատությունների ընդլայնմանը։ Հարուստներ-մնացած բնակչություն հարաբերություններում նրանք հարուստների դիրքը պահպանելու և ուժեղացնելու կողմնակից են,  սպիտակամորթ-սևամորթ հարցերում՝ սպիտակամորթներինը և այսպես շարունակ[9]։ «Պահպանողականությունը բխում է այն անկեղծ համոզմունքից, որ ազատագրված աշխարհը կլինի տգեղ, վայրագ, ստոր ու ձանձրալի»,- գրում է Ռոբինը (էջ 16)։ Ըստ նրա՝ հարցերը իբր էվոլյուցիոն ճանապարհով լուծելու պահպանողականների հավաստիացումները և կրոնականությունը ընդամենը պահպանողականության հիմնարար սկզբունքի՝  ազատությունների դեմ պայքարի կողմնակի հետևանքն են (էջ 16)։ Կարճ ասած՝ պահպանողականությունը ձախ լիբերալիզմին 180 աստիճանով ընդդիմացող հակազդեցությունն է։ Ձախ լիբերալիզմը հանուն բոլոր մարդկանց հավասար ազատությունների ռեֆորմիստական և/կամ հեղափոխական հոսանք է,  պահպանողականությունը՝ դրա ռեակցիան և/կամ հակահեղափոխությունը։ Պատահական չէ, որ պահպանողականության ծնունդը կապվում է հրապարակախոս ու քաղաքական գործիչ Էդմունդ Բըրկի (1729-1797) հետ, որի փիլիսոփայական հենքը ֆրանսիական մեծ հեղափոխությունը մարդկությանը պատահած ամենամեծ չարիք համարելն էր (Ռոբին, 2018, էջ 20)։

Երբ ձախ լիբերալիզմը բարձրացրեց ազատությունների երրորդ խմբի՝ սոցիալական ազատությունների հարցը, պահպանողականության ու տնտեսական լիբերալիզմի դաշինքը ավելի ուժեղացավ։ Խոսքը այն իրավունքների մասին է, որոնք վերաբերում են բոլոր մարդկանց համար որակյալ կրթություն ու առողջապահություն ապահովելուն, ինչպես նաև հիվանդությունների և գործազրկության ժամանակ նշանակալի պետական օգնություն տրամադրելուն։ Այս իրավունքներն ապահովելու համար պետությունը պետք է մեծ դեր ունենա տնտեսությունում, որին «մաքուր» տնտեսական լիբերալները դեմ են՝ տնտեսության արդյունավետության մտավախությունից ելնելով, իսկ պահպանողականները դեմ են՝ անհավասարությունները պահպանելու շահագրգռվածությունից ելնելով։

Սոցիալական ազատությունների հարցում, այնուամենայնվիվ, այսօր շատ դժվար է տարանջատել պահպանողականին տնտեսական լիբերալից։ Օրինակ՝ դժվար է ասելը, թե ինչու է ամերիկացի հանրապետականը դեմ նվազագույն աշխատավարձի բարձրացմանը կամ բարձրագույն կրթությունը մատչելի դարձնելուն (Արևմտյան Եվրոպայի այլ երկրների նմանությամբ)։ Ո՞րն է պատճառը՝ համոզմունքը որ նյութական միջոցների վերաբաշխումը վա՞տ է տնտեսության համար ու կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, թե՞ այն համոզմունքը, որ միայն քչերն են արժանի ստանալ բարձրագույն կրթություն ու բարձր աշխատավարձ, թե՞ այս երկուսը միասին։ Ես հակված եմ մտածել, որ «լավագույններն են արժանի» համոզմունքի դերը շատ ավելի մեծ է, քան թե տնտեսության մասին մտահոգությունը։ Տնտեսագետ, Նոբելյան մրցանակակիր Պոլ-Կրուգմանը շարունակ ցույց է տալիս, որ ծայրահեղ հարուստների հարկերը կրճատելը երբեք ոչ մի տեղ չի բերել տնտեսական օգուտներ[10]։ Բայց, միևնույն է, ԱՄՆ հանրապետականների մի մեծ բանակ շարունակում է համոզված պնդել, որ, օրինակ,  Ջեֆ Բեզոսը արժանի է ժամում միլիոնավոր դոլարների աշխատավարձի ու հարկային արտոնությունների, իսկ նրա աշխատակիցները՝ ժամում 10-ը դոլարի։ Այս համոզմունքը, կարծում եմ, վկայում է այն մասին, որ ԱՄՆ շատ հանրապետականների ամենախորքային հավատը աշխարհը որպես անհավասարությունների մի հիերարխիա պատկերացնելն է, որտեղ ամեն մարդ ունի (կամ պետք է ունենա) իր տեղը։

Ազատությունների չորրորդ խումբը կարելի է համարել 1960-ականներից սկսված շարժումները, հիմնականում՝ ֆեմինիզմի երկրորդ և երրորդ ալիքները, քաղաքացիական իրավունքների համար սևերի պայքարն ու նույնասեռականների իրավունքների ճանաչման համար պայքարը[11]։ Պահպանողականությունը, բնականաբար, հակադրվում էր  նաև այս շարժումներին, իսկ տնտեսական լիբերալիզմը հիմնականում դեմ չէր կամ անտարբեր էր, իսկ երբեմն՝ նույնիսկ հանդես էր գալիս հօգուտ այս խմբերի որոշ ազատությունների ընդլայնմանը։ Օրինակ՝ երբ 1970-ականներից սկսած Արևմուտքում կանայք զանգվածաբար մուտք գործեցին աշխատանքի շուկա՝ ձգտելով (ի թիվս այլ բաների) ֆինանսական անկախության, տնտեսական լիբերալիզմը դա ողջունեց։ Այսինքն՝ կարելի է ասել, որ տնտեսական լիբերալիզմը դեռևս պահպանում է իր ինքնուրույնությունը և անբողջությամբ չէ, որ ձուլվել է պահպանողականությանը։     

 

Վերջաբան

Այսպիսով՝ բացարձակ միապետությունների դեմ պայքարում տնտեսական լիբերալիզմը հանդես էր գալիս ձախ լիբերալիզմի հետ և հակադրվում էր պահպանողականությանը։ Երբ առաջ եկան քաղաքական ու սոցիալական իրավունքների հարցերը, տնտեսական լիբերալիզմն առանձնացավ ձախ լիբերալիզմից ու դաշինքի մեջ մտավ պահպանողականության հետ։ Որոշ այլ ազատությունների հարցերում (կանանց, սևամորթների ու գեյերի իրավունքներ) տնտեսական լիբերալիզմը հիմնականում անտարբեր է և լարվածությունը միայն ձախ լիբերալիզմի ու պահպանողականության միջև է։ Այս հակադրությունների ու դաշինքների հիմքում անհավասարությունների նկատմամբ վերաբերմունքն է։ Մասնավորապես՝ տնտեսական լիբերալիզմին ու պահպանողականությանը միավորում է նյութական անհավասարությունների նկատմամբ «սերը», իսկ ձախ լիբերալիզմը փորձում է նվազեցնել նյութական անհավասարություններն ու վերացնել նաև մշակութային անհավասարությունները[12]։   

Կարևոր է նաև նկատի ունենալ, որ պահպանողականությունը, հակադրվելով լիբերալիզմին, այլևս չի վիճարկում լիբերալ-դեմոկրատական պետական կարգը, ինչպես նշել է Մանվել Սարգսյանը։ Այն պայքարում է արդեն հաստատված լիբերալ-դեմոկրատական կարգի ներսում ձախ լիբերալիզմի դեմ։ Այսինքն՝ թեև լիբերալ-դեմոկրատական կարգը ստեղծված է լիբերալիզմի փիլիսոփայական հենքի վրա, բայց այս երկուսը հարաբերականորեն անկախ բաներ են։ Լիբերալիզմը (հատկապես՝ ձախ լիբերալիզմը)՝ որպես փիլիսոփայություն, Արևմուտքում շարունակում է զարգանալ, վերաիմաստավորվել ու նոր բարեփոխումների ուղիներ մատնանշել։ Պահպանողականությունն էլ, ինչպես իր ստեղծման առաջին օրերից, շարունակում է հակադրվել (ձախ) լիբերալիզմի առաջարկած այդ նոր բարեփոխումներին։

Իմ կարծիքով, Հայաստանում լիբերալ-դեմոկրատական կարգ կառուցելու գործընթացի սկզբնավորումը պետք է համարել 2018 թվականը, թեև ցանկության կար դեռևս 1991-ից։ Այդ պատճառով էլ, կարծում եմ, գաղափարական ու փիլիսոփայական հենքի վրա համախմբումները նոր-նոր են սկսում ծիլեր տալ։ Կցանկանայի կարդալ այլ կարծիքներ ու վերլուծություններ այս թեմայով, մինչև որ ինքս կգրեմ Հայաստանի մասին։ Ինձ թվում է, որ Հայաստանը չի կարող խուսափել լիբերալիզմի ու պահպանողականության այն դրսևորումներից, որոնք եղել են Արևմուտքում վերջին 150 տարիներին և որոնք փոփոխություններով շարունակվում են նաև այսօր։

 

Մարտահրավերը նետում եմ քաղաքագետ Էդգար Վարդանյանին։ 
                           

[1] Արևմուտք ասելով նկատի ունեմ Արևմտյան Եվրոպան ու անգլալեզու պետությունները։ 

[2] «Իրավունքներ» և «ազատություններ» բառերը այս հոդվածում օգտագործում եմ որպես հոմանիշներ։

[3] Մանվել Սարգսյանի երկրորդ դասախոսությունը միապետության մասին է, երրորդը և հինգերորդը՝ լիբերալիզմի և մյուս հիմնական գաղափարախոսությունների մասին։ Ուստի այս հոդվածում շատ հակիրճ եմ անդրադառնում լիբերալիզմի ու պահպանողականության հիմնական սկզբունքներին՝ կենտրոնանալով տնտեսական լիբերալիզմի ու պահպանողականության ընդհանրությունների վրա։

[4] Անկախության հռչակագիր։ Պատմության հարցեր — 4։ Տարեգիրք, Եր., «Զանգակ» հրատ., 2017, էջ 208: Սկզբնական շրջանում ԱՄՆ-ի լիբերալները «բոլոր մարդիկ» ասելով նկատի չեն ունեցել կանանց և ստրուկներին։ Այնուհանդերձ՝ լիբերալները կարողացել են միմյանց հետ պայմանավորվել և պարտադրել մյուսներին լիբերալ-դեմոկրատական կարգ, որում կանայք ու սևամորթները հետագայում ապահովեցին իրենց շատ իրավունքների պաշտպանություն՝ հենց լիբերալիզմի սկզբունքներին հղում անելով։            

[5] Boghosian Bruce. The Inescapable Casino. Scientific American 321, 5, 70-77 (November 2019)․ Մոդելը ցույց է տալիս, թե ինչ տեղի կունենա, եթե ի սկզբանե հավասար նյութական միջոցներ ունեցող 1000 սուբյեկտներ սկսեն գործարքներ կատարել միմյանց հետ։ Եթե հարկեր չկան, ինչ-որ մի պահից հարստությունը գրեթե ամբողջությամբ կկենտրոնանա մեկի մոտ։ Դա բացատրվում է նրանով, որ ինչ-որ պահից ինչ-որ մեկը կհաջողացնի ունենալ աննշան առավելություն մյուսների նկատմամբ, որից հետո այդ աննշան առավելությունը արագ կվերածվի հսկայական առավելության։ Հարկման մեխանիզմների ներդրման դեպքում հարստության կենտրոնացումը համեմատաբար փոքր է լինում։     

[6] Օրինակ՝ ԱՄՆ-ում դեմոկրատների մեծամասնությունը ներկայիս նյութական անհավասարությունները չափից դուրս շատ է համարում, իսկ հանրապետականների մեծամասնությունը՝ ոչ։ Բըրնի Սանդերսը նյութական անհավասարությունների խնդիրը իր ծրագրի հիմնական հարցերից մեկն էր դարձրել, իսկ նախագահ Դոնալդ Թրամպի հարկային կրճատումների քաղաքականությունը, ըստ շատ տնտեսագետների, նպաստեց տնտեսական անհավասարությունների է՛լ ավելի մեծացմանը։ Եվրապառլամենտի 2019-ի ընտրություններին էլ ԵՄ սոցիալ-դեմոկրատական (ձախ լիբերալ) կուսակցությունները մասնակցել են «Հավասար հասարակության ութ բանաձև» պլատֆորմով, որտեղ բանաձևերից մեկը վերաբերում էր տնտեսական անհավասարությունները նվազեցնելուն։

[7] Marshall Thomas. Citizenship and Social Class, from Inequality and society (2009), edited by Jeff Manza and Michael Sauder. W.W. Norton and Go, New York, p. 148-151.

[8] Robin, Cory. The Reactionary Mind: Conservatism from Edmund Burke to Donald Trump. Oxford University Press 2018, p. 24.    

[9] Սա չի նշանակում, որ եթե մարդը աղքատ է, ուրեմն դժվար թե պահպանողական լինի։ Աղքատ մարդը կարող է պահպանողական լինել՝ այլ խմբերի (կանանց, սևերի, նույնասեռականների ) նկատմամբ իր արտոնյալ դիրքը պահպանելու պատկերացումներից։       

[10] Իր վերջին գիրքը Կրուգմանը վերնագրել է «Վիճելով զոմբիների հետ» (Arguing With Zombies)՝ ասելով, որ զոմբիության տակ հասկանում է ԱՄՆ Հանրապետական կուսակցության պաշտոնական դիրքորոշումը, ըստ որի հարուստների հարկերի կրճատումը օգուտ է տնտեսությանը։   

[11] Թոմաս Մարշալը (1893-1981թթ.) ազատությունները (կամ իրավունքները) երեք խմբի (քաղաքացիական, քաղաքական ու սոցիալական) բաժանել է 1949-ին, երբ որ չկային 1960-ականներից սկսված շարժումները։ Այդ պատճառով էլ, շարունակելով Մարշալի տրամաբանությունը, ես 1960-ականներից սկսված շարժումները մտցնում եմ ազատությունների չորրորդ խմբի մեջ։   

[12] Ես դեռևս չեմ անդրադարձել Արևմուտքի մյուս կարևոր ինքնուրույն քաղաքական հոսանքին՝ ազգայնականությանը, որը տնտեսության բացվածությանը վերաբերող հարցի և պրոտեկցիոնիզմի հետ միասին կազմում է քաղաքական ուժերի դասակարգման մեկ այլ կոորդինատային համակարգ։  

 

Հեղինակը տնտեսագիտություն է սովորել ՀՊՏՀ-ում ու Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանում։ Այժմ քաղաքական փիլիսոփայություն է ուսումնասիրում Ամստերդամի Համալսարանում։


Նվիրաբերել Ինչպե՞ս է աշխատում համակարգը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել