ԼՀԿ

«Լուսավոր Հայաստան»-ը գործող կուսակցություն է Հայաստանում։ Նախագահն է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Հիմնադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Երևանում՝ կուսակցության հիմնադիր համագումարով։ 18 պատգամավորներով ներկայացված է եղել 7-րդ գումարման ԱԺ-ում։ 

Կուսակցության խորհրդի անդամներ են Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանը, Դավիթ Խաժակյանը, Գրիգորի Դոխոյանը, Կարեն Սիմոնյանը, Մանե Թանդիլյանը, Նորայր Մովսիսյանը, Գևորգ Գորգիսյանը, Արտակ Ոսկանյանը, Ջիվան Նադարյանը և Հայկազ Սիմիկյանը։

«Լուսավոր Հայաստան»-ը մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նախընտրական ցուցակը գլխավորում էր Էդմոն Մարուքյանը։

ԼՀԿ-ն չի հաղթահարել անցողիկ շեմը՝ ընտրությունների ժամանակ ստանալով 15 591 ձայն (1.22%), և չի անցել 8-րդ գումարման խորհրդարան։

ՀՀ կուսակցությունների դիրքորոշումները՝ միութենական պետությանն անդամակցության եւ ինքնիշխանության մասին

ՀՀ կուսակցությունների դիրքորոշումները՝ միութենական պետությանն անդամակցության եւ ինքնիշխանության մասին

«Հայաստանը փախչելու տեղ չունի․․․ Ի՞նչ է, կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են․․․»,- փետրվարի սկզբին Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այս հայտարարությունը հանրային եւ քաղաքական շրջանակներում դարձյալ ակտիվացրեց Հայաստանի՝ Ռուսաստանի ու Բելառուսի հետ միութենական պետության մաս կազմելու թեման։ Լուկաշենկոն կարծիք էր հայտնել, թե առաջիկա 15 տարիներին Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ Ուկրաինան, Ղազախստանը, այլ պետություններ, որոնց թվում՝ նաեւ Հայաստանը։ Հայաստանի արտաքին գերատեսչությունն այս հայտարարությանն արձագանքեց․ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանի մեկնաբանությամբ՝ «Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը եւ որեւէ առնչություն չունեն Հայաստանի եւ նրա արտաքին քաղաքականության հետ»։ Infocom-ը Հայաստանի քաղաքական կուսակություններից մեկնաբանություններ է խնդրել, թե ինչ դիրքորոշում ունեն միութենական պետության մաս կազմելու հարցով։ Մասնավորապես, 2017, 2018, 2021 թվականների խորհրդարանական ընտրություններին մասնակցած, 2021թ․ տեղական ինքնակառավարման ընտրություններին ակտիվություն ցուցաբերած մի քանի տասնյակ կուսակցությունների գրավոր հարցադրումներ ենք ուղարկել՝ Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում պատկերացնո՞ւմ են ՌԴ-ի եւ Բելառուսի հետ միութենական պետության մաս, եւ եթե այո կամ ոչ, ապա ի՞նչ մեկնաբանությամբ։ Ստորեւ ներկայացնում ենք հարցադրմանը պատասխանած կուսակցությունների դիրքորոշումները։ «Ազգային օրակարագ» կուսակցությունը կարծում է՝ ապազգային եւ հակապետական իշխանական համակարգի ներկայացուցիչներն են եռանդագին քարոզում հայկական պետական ինքնիշխանության ու անկախ պետականության անհնարինությունը՝ պնդելով, որ գոյութենական միակ այլընտրանքը Ռուսաստանի կողմից ձեւավորվող հերթական Միության մաս դառնալն է․ «Օտարի իշխանության ներքո գոյատեւելու բազմադարյա այս կործանարար գաղափարն ու կեցվածքը ի վերջո հանգեցրել են Ցեղասպանության եւ Հայրենազրկման, ու Հայության նկատմամբ ստորացուցիչ կայուն վերաբերմունքի բանաձեւման՝ «КУДА ОНИ ДЕНУТСЯ...»»: Կուսակցության համոզմամբ՝ մենք երկու ուղի ունենք՝ լինել պետություն եւ ունենալ պետականություն, լինել ինքնիշխան պետություն, կամ էլ՝ չլինել այդպիսին։  Ազգային-ժողովրդավարական բեւեռը կտրականապես դեմ է Ռուսաստան֊Բելառուս միութենական պետության (ինչպես նաեւ որեւէ այլ վերպետական կառույցի) մաս կազմելու, քանի որ դա, ըստ կուսակցության դիրքորոշման, նախ նշանակում է ինքնիշխանության զգալի զիջում, եւ երկրորդ՝ ՀՀ ազգային շահերը գոնե ներկա եւ մոտ հեռանկարի ապագայում մեղմ ասած չեն համընկնում ՌԴ-ի եւ Բելառուսի շահերին․ «ԱԺԲ֊ն հանդես է գալիս ՀՀ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ կազմից դուրս գալու օգտին եւ ԱՄՆ ոչ-ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ ստանալու օգտին։ ԱԺԲն հանդես է գալիս ՀՀ եւ ԵՄ շատ ավելի խորը համագործակցության օգտին»,- ասված է կուսակցության պատասխանում: «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը ոչ մի պարագայում ընդունելի չի կարող համարել Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության գաղափարը։ Կուսակցության պատասխանի համաձայն՝ «Շանթ Դաշինքը» Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը եւ ժողովրդի ազատությունը համարում է անսակարկելի արժեքներ, որոնց սակարկողները կամ դրանց ճշմարտացիությունը կասկածի տակ դնողները պետք է համարվեն պետական դավաճաններ՝ ըստ ՀՀ սահմանադրության համապատասխան հոդվածների։ (Տեխնիկական խնդիրների պատճառով «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության պատասխանը նյութին ավելացվել է հրապարակումից ավելի ուշ,- խմբ․)։ «Քաղացու որոշում» ՍԴ կուսակցությունը մեր հարցադրմանն ի պատասխան հայտնել է, որ երկրի ինքնիշխանությունը նվազեցնող որեւէ միավորման կողմնակից չեն կարող լինել․ ««Քաղաքացու որոշում» կուսակցությունը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետությունում եւ գործում է նրա սահմանադրականության շրջանակներում՝ ի շահ ինքնիշխանության, ժողովրդավարականության, իրավականության եւ սոցիալականության: Սա նշանակում է, որ մեր գործունեության բոլոր դրսեւորումները ուղղված են լինելու Հայաստանի գոյություն ունեցող ինքնիշխանության մակարդակի բարձրացմանը: Հետեւաբար, մենք երկրի ինքնիշխանությունը նվազեցնող որեւէ միավորման կողմնակից չենք կարող լինել»,- ասված է կուսակցության պատասխանում՝ հավելումով, որ առկա իրավիճակում իրենք տեսնում են նման միություններին անդամակցությունից զերծ մնալու հնարավորություն․ «Ուստի պատրաստ չենք քննարկել դեպքեր եւ հանգամանքներ, որոնցում ինքնիշխանության նվազեցումը «ընդունելի կլինի»։ Մեր այս դիրքորոշումը պայմանավորված է մեր արժեքներով, գաղափարներով, ինչպես նաեւ այն պրագմատիկ հաշվարկով, որ միջազգային հարաբերությունների հետզհետե բեւեռացման ժամանակաշրջանում այդ բեւեռների սահմանագծում ապրող ժողովուրդը, բեւեռներից մեկին ինքնամոռաց նվիրվելով, ունենալու է մեծ կորուստներ, իսկ ձեռքբերումների հավանականությունը խիստ փոքր է լինելու»: «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը կտրականապես մերժում է «Ռուսաստանից պարտադրվող եւ Հայաստանի ներսից սպասարկվող միութենական նկրտումները»։ Կուսակցության դիրքորոշմամբ՝ Հայաստանի ինքնիշխանությունը սակարկող ցանկացած ուժ պետք է արժանանա հստակ գնահատականների եւ մերժվի հանրության կողմից․ «Մեր հավատամքին համապատասխան՝ անելու ենք ամեն ինչ, որպեսզի կանխվեն նման սցենարները, այդ թվում՝ փորձելու ենք համախոհ ուժերի հետ անցկացնել խորհրդակցություններ եւ անհրաժեշտության դեպքում նաեւ կոնկրեը գործողություններ։ Անկախ Հայաստանին այլընտրանք չկա»։  «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները եւ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը համարում են, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը բացարձակ արժեք է․ «Եվ ցանկացած պարագայում մեր դիրքորոշումը հիմնված ու կառուցված է լինելու այս սկզբունքային մոտեցման վրա»: Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ հնարավոր միութենական հանրապետության ձեւավորման հարցին՝ կուսակցության պատասխանի համաձայն՝ օդում կախված լուրերի կամ անհայտ ծագման տեղեկությունների վերաբերյալ «պարզապես չի կարելի, կոռեկտ չէ» դիրքորոշում ակնկալել․ «Եթե կլինեն նման գործընթացներ, նման առաջարկ կամ առաջարկներ, այդ ժամանակ էլ, ելնելով բովանդակությունից, իր բոլոր  մանրամասներով կներկայացնենք մեր դիրքորոշումն ու դիտարկումները՝ վստահաբար հավատարիմ մնալով վերոնշյալ մոտեցմանը»: Հայաստանի Հանրապետական կուսակցության պատասխանի համաձայն՝ ՀՀԿ-ն իր արտաքին քաղաքական գերակայությունները հնչեցրել է ՀՀԿ 17-րդ համագումարում, դրանք ներառված են համագումարի բանաձեւում։ Առաջարկել են կուսակցության դիրքորոշումներին ծանոթանալու համար հետեւել քաղաքական ուժի պաշտոնական դիրքորոշումն արտահայտող ՀՀԿ ներկայացուցիչներին հրապարակային ելույթներին, հարցազրույցներին, ՀՀԿ-ի ընթացիկ հայտարարություններին։ Infocom-ը կուսակցության համագումարի բանաձեւից առանձնացրել է արտաքին քաղաքականությանն առնչվող հատվածները։ Այսպես, կուսակցությունը բանաձեւում նշել է, որ Հանրապետականը եղել եւ մնում է մեր երկրի` միջազգային ամենալայն կապերն ունեցող քաղաքական ուժը եւ կապերի այդ լայն շրջանակը շարունակելու է ծառայեցնել մեր պետության ու ժողովրդի ազգային շահերի սպասարկմանը այն գիտակցումով, որ միայն ուժեղ, ինքնիշխան, արժանապատիվ Հայաստանը կարող է հարգանքի արժանի եւ վստահելի գործընկեր լինել: Կուսակցությունը հայտարարել է, որ իշխանափոխությունից հետո, ի թիվս այլնի, իրենց գործունեության առաջնահերթություններից են լինելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը անվտանգային ողջ գործիքակազմի խելամիտ եւ նպատակային գործադրմամբ, հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության բարելավումը, ընդլայնումը եւ խորացումը՝ ամրապնդելով Հայաստանի եւ Արցախի սահմանների անվտանգության իրական երաշխիքները, Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող գործողությունների ծրագրում ներառված գերակայությունների վերաբանակցումը, եւ այլն։ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում եւ չի ցանկանում պատկերացնել որպես Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ այսպես կոչված «միութենական պետության» մաս․ «Հայաստանի Հանրապետությունն ազատ, անկախ եւ ժողովրդավարական պետություն է, եւ բազում տարիների անօրինակ պայքարով ձեռք բերված այդ կարգավիճակը, հաստատված 1991 թվականի հանրաքվեի անվիճելի արդյունքներով, սկզբունքորեն չի՛ կարող լինել սակարկության կամ նույնիսկ քննարկման առարկա, նույնիսկ տեսականորեն»,- ասված է կուսակցության պատասխանում։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը պատասխանում շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան եւ ժողովրդավարական պետություն է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված, եւ, ըստ այդմ, Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում ոչ միայն չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ Միութենական պետության մաս, այլ անգամ քաղաքական օրակարգ արհեստականորեն բերված քննարկումները, հարցումները, նմանօրինակ հայտարարությունները համարում է խիստ վտանգավոր ու անթույլատրելի եւ ՀՀ անկախության, ինքնիշխանության եւ անվտանգային համակարգի դեմ տարվող բացահայտ գործողություններ․ «Մեր օրակարգում նմանօրինակ հարցի անգամ քննարկում, որն ողիղ սպառնալիք եւ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, չկա եւ չի էլ կարող երբեւէ լինել»:  Կուսակցությունը կարծում է, որ ակնհայտ է՝ միութենական պետության գաղափարը ՌԴ իշխանությունների աշխարհաքաղաքական նկրտումներին եւ շահերին հարմարեցված հերթական միավորում պետք է լինի, դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով, ինչն էլ ծանր հետեւանքներ է ունենալու ոչ միայն ՀՀ քաղաքական եւ տնտեսական բազմավեկտոր ինտեգրացիոն գործընթացների վրա, այլ նաեւ լուրջ խոչնդոտ է լինելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման եւ միջազգային ճանաչման գործընթացի համար․ «Վստահ ենք՝ բոլորի հիշողությունները դեռ թարմ են, թե ինչպիսի դիրքորոշում հայտնեց ՀԱՊԿ-ը Հայաստանի համար օրհասական եւ անվտանգային առումով ամենաբարդ ու ծանրագույն շրջանում՝ թե՛ քառօրյա , եւ թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո, անգամ ՀՀ սուվերեն տարածք թշնամու ներխուժման եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու ժամանակ: Իսկ, որ հենց այդպիսի դիրքորոշում էր որդեգրելու ՀԱՊԿ-ը, Ազատ Դեմոկրատները բազմիցս են բարձրաձայնել: Եվ, ընդհանրապես, Հայաստանի ապագան քաղաքակիրթ եւ առաջադեմ աշխարհն է, այլ ոչ թե դրանից մեկուսացումը: Հայաստանի իշխանությունը առաջնահերթ պարտավորություն ունի կոշտ ու միանշանակ հակահարված տալ ՀՀ անկախությանն ու ինքնիշխանությանը սպաղնացող որեւէ գործողության եւ առաջնորդվի միմիայն ՀՀ Սահմանադրությամբ եւ պետական շահով»: Հայաստանի կանաչների կուսակցությունը անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունն էլ դեմ է ՀՀ ինքնիշխանության մասնակի կամ ամբողջական օտարմանը՝ հօգուտ որեւէ պետության, կամ պետությունների, կամ նրանց դաշինքի կամ միությանը, այդ թվում եւ առավել եւս՝ ՌԴ ու Բելառուսի միութենական պետությանը միանալու տեսքով։  Պահպանողական կուսակցությունը եւս որեւէ պարագայում Հայաստանը չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս։ «Պահպանողական կուսակցության համար ՀՀ Սահմանդրությամբ ամրագրված ինքնիշխանությունն անսակարկելի է, ինչպես նաեւ Պահպանողական կուսակցության Կանոնադրության եւ Ծրագրի մեջ Հայաստանի պետականությունը հռչակված է որպես բարձրագույն արժեք»: Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության ամփոփոխ առաջին հոդվածի բովանդակությունը Հայաստանի Հանրապետռության ինքնիշխանության վերաբերյալ, ինչպես նաեւ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության հաստատուն դիրքորոշումը, անընդունելի եւ հակապետական է համարում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կասկածի դակ դնող ցանկացած գաղափար եւ ցանկացած ակտ: Հայաստանի եվրոպական կուսակցությունը նույնպես կտրականապես դեմ է միութենական պետության գաղափարին․ «Մեզ մոտ դա անգամ չի քննարկվում, դա քրեական հանցագործություն է։ Նման բան քննարկել, խոսել, մտածել, անգամ չենք պատկերացնում»,- Infocom-ի հարցին ի պատասխան՝ կուսակցության դիրքորոշումը հայտնեց կուսակցության վարչության անդամ Ալլա Հարությունյանը։ «Հայոց հայրենիք» կուսակցությունը կարծում է, որ Հայաստանի Հանրապետությանն անկախությունն ու ինքնիշխանությունը միանշանակ որեւէ կերպ չի կարող խաթարվել, բայց համագործակցությունը որպես մեկ կառույց, «մեկ պետություն»՝ միանշանակ ընդունելի է համարում։ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն էլ է կողմ միութենական պետության գաղափարին, եթե ՀՀ անվտանգության ապահովման համար այդ միությանը միանալը վերջին հնարավորությունն է։ Այս տարվա փետրվարի 17-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսի ժամանակ, պատասխանելով միութենական պետության մասին լրագրողի հարցին, ասաց, որ այսօր աշխարհում կան ինտեգրման այնպիսի մոդելներ, որոնցով բոլորը հիանում են, օրինակ՝ Եվրամիություն․ «Այն միությունը, որ ՌԴ-ի եւ Բելառուսի միջեւ է, հեռու է իր ինտեգրման աստիճանով ԵՄ-ից։ Այսօրվա աշխարհում, իմ կարծիքով, չպետք է ապրիորի վախենալ որեւէ նման ինտեգրումից, ուղղակի պետք է նստել-հասկանալ՝ ինչ ես ստանում, ինչ ես զիջում։ Իմ նախագահության օրոք նման հարց չի քննարկվել, մենք այդպիսի նախաձեռնություն չենք ցուցաբերել եւ չենք համարել, որ դա հասունացած է։ Բայց հիմա նման կարգի գործընթացներին պետք է վերաբերել շատ պրագմատիկ եւ հաշվարկի հիմքի վրա, ոչ թե կենցաղային մոդելով՝ դու՝ ինձ, ես՝ քեզ, այլ կոնկրետ հաշվարկով, ինչ վտանգների առաջ ենք կանգնած, ինչ սպասելիքներ ունենք, ինչ են մեզ առաջարկում, ինչ ենք կորցնում, ինչ ենք ստանում։ Քանի որ չկա առաջարկ, հիմա դժվար է գնահատել»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ երբ կլինի, պետք է սթափ հաշվարկով քննարկել, մտնել-կամ չմտնել նման պրոցեսների մեջ։  Նրա կարծիքով՝ ՌԴ-ի հետ մենք պետք է ունենանք շատ ավելի խոր հարաբերություններ․ «Չկա այլ երկիր, որը շահագրգռված կլինի մեզ նորից գործոն սարքել այս տարածաշրջանում»։ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը Քոչարյանի ասուլիսից հետո անդրադարձավ միութենական պետության մասին վերջինիս հայտարարություններին՝ հնչեցնելով նաեւ իրենց կուսակցության դիրքորոշումը։ Նրա կարծիքով՝ Քոչարյանը երկընտրանքի առաջ է կանգնեցրել հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը՝ առաջարկելով կամ ապավինել ՌԴ-ի հետ առավել խոր ինտեգրմանը՝ չբացառելով անգամ միութենական պետությանն անդամակցելը՝ այդպիսով թուրք-ադրբեջանական սպառնալիքը դիտարկելով որպես անհաղթահարելի գործոն, կամ համակերպվել Քոչարյանի ձեւակերպմամբ «Հայաստանի աջարիզացիային»։ Նորիկյանի կարծիքով՝ Հայաստանին եւ հայ ժողովրդին դնել ծանր երկընտրանքի առջեւ, որ կամ ընտրում ես Թուրքիան, կամ  Ռուսաստանը, ազնիվ չէ մեր պետության, հասարակության նկատմամբ, եւ բացառել զարգացման որեւէ այլ տարբերակ, այդ թվում՝ բոլորի հետ նորմալ բարիդրացիական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, նույնն է, թե Հայաստանին հավերժորեն գամել պատերազմի դռանը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։  Արդար Հայաստանը կարծում է, որ ՀՀ բոլոր քաղաքական ուժերը պետք է երկու հարցի վերաբերյալ ունենան հարյուրտոկոսանոց կոնսենսուս․ ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը սակարկման ենթակա չեն, ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չէ։ Նրանք, որոնք կասկածի տակ կդնեն ինքնիշխանությունն ու պետականությունը, Նորիկյանի խոսքով, պետք է վռնդվեն ՀՀ քաղաքական դաշտից։ Ստորեւ ներկայացնում ենք այն կուսակցությունների ցանկը, որոնք չեն պատասխանել  հարցադրմանը, սակայն հետագայում նրանց դիրքորոշումն ունենալուն պես դրանք եւս կհրապարակենք․ «Վերածնվող Հայաստան» կուսակցություն, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն,  «Հանրապետություն» կուսակցություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,  «Լուսավոր Հայաստան» կուսակցություն,  «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն,  «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն,  «Միասնական հայրենիք» կուսակցություն,  Հայ կառուցողական կուսակցություն,  «Զարթոնք» կուսակցություն,  «Ալյանս» կուսակցություն, «Ազատություն» կուսակցություն,  «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն,  «5165 շարժում» կուսակցություն,  «Վերելք» կուսակցություն,  «Ազատական» կուսակցություն,  «Ժառանգություն» կուսակցություն,  Հայաստանի կոմունիստական կուսակցություն,  «Ազգային ինքնորոշում» կուսակցություն,  «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցություն։ Հետգրություն «Ապրելու երկիր» կուսակցությունը նյութի հրապարակումից հետո հարցադրմանն ի պատասխան տեղեկացրել է, որ կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս, քանի որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը սակարկման եւ քննարկման առարկա չէ։   Լուսանկարի աղբյուրը՝ ria.ruՀայարփի Բաղդասարյան
16:54 - 08 մարտի, 2022
Բազմաթիվ հարցերում ընդդիմադիր ենք իշխանությանը, սակայն հարցեր կան, որտեղ հակադրվելու իմաստ չենք տեսնում. Մարուքյան

Բազմաթիվ հարցերում ընդդիմադիր ենք իշխանությանը, սակայն հարցեր կան, որտեղ հակադրվելու իմաստ չենք տեսնում. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջերս մեզ պարբերաբար հարցնում են, թե մենք հիմա ընդդիմությո՞ւն ենք, թե՞ ընդդիմություն չենք: Այս առումով մի քանի միտք եմ ուզում հայտնել։   Նախ, հունիսի 20-ի ընտրությանը քաղաքացիներին առաջարկվել են հստակ այլընտրանքներ, սակայն ժողովուրդը, շատ լավ ծանոթ լինելով բոլոր ուժերին և նրանց օրակարգերին, ընտրել է խորհրդարանը, որն ունենք այսօր։ Այդպիսով, իշխանությանը հակակշռելու ինստիտուցիոնալ լիազորությունները, այդ ընտրության արդյունքներով և ժողովրդի կամքով, այսօր կրում են այլ ուժեր:   Մինչ 2021թ. օգոստոսը «Լուսավոր Հայաստան»-ը եղել է խորհրդարանական ընդդիմություն, ինչը մեզ համար նշանակում էր լինել կոնվենցիոնալ ընդդիմություն. եղած սահմանադրական և իրավաքաղաքական լծակներով հակակշռել և փոխզսպել խորհրդարանական մեծամասնությանն ու կառավարությանը, մասնակցել պետականաշինության գործին:   Բազմաթիվ հարցերում, այո, այժմ էլ ունենք տարբերվող մոտեցումներ և ընդդիմադիր ենք իշխանությանը, սակայն հարցեր կան, որտեղ հակադրվելու նպատակ կամ իմաստ անգամ չենք տեսնում։ Եվ ընդհանրապես՝ «ընդդիմադիր» կամ «իշխանական» որակումները մեզ համար երբեք նշանակություն չեն ունեցել։ Մեր քաղաքական գործունեությունը հիմնված է գաղափարների, այլ ոչ թե զուտ ինչ-որ մեկի գողացած փողը պաշտպանելու գործունեության վրա:   Այդ հարցով մեզ որևէ մեկը չի կարող հետ պահել ճշմարտությունն ասելուց։ Անկախ իրավիճակից մենք միշտ ասել ենք այն, ինչ մտածել ենք։ Խորհրդարանական մեր գործունեությունն իրականացվել է հետևյալ կերպ՝ ինչին եղել ենք դեմ, բացատրել ենք, թե ինչու ենք դեմ, հարկ եղած դեպքում՝ ներկայացրել առաջարկներ, ինչին կողմ ենք եղել, հայտարարել ենք, որ կողմ ենք ու բացատրել, թե ինչու։ Հիմա, ըստ սրա, ընդդիմությու՞ն էինք, թե՞ ոչ. խորհրդարանական ընդդիմություն էինք՝ թե՛ Սահմանադրության և ԱԺ կանոնակարգի, թե՛ քաղաքական իմաստներով։   Իսկ ինչու՞ այսօր, օրինակ, ընդդիմանալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, եթե հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հարցն անկախության տարիներից ի վեր մեր արտաքին քաղաքական օրակարգում է և դեռևս լուծում չի ստացել, և շատ կարևոր է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումը:   Կամ ինչո՞ւ ընդդիմանալ խաղաղության օրակարգին. արդյո՞ք մեր երկրի գլխին նոր պատերազմ բերելու օրակարգն ավելի ընդդիմադիր կեցվածք է հաղորդում քաղաքական գործիչներին…   Այսպես՝ մենք խաղաղության և հարաբերությունների կարգավորման կողմնակից ենք և դեմ ենք երկիրն նոր արկածախնդրությունների տանելուն, կողմ ենք ԼՂ հիմնախնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում կարգավորելուն։ Իսկ պե՞տք է արդյոք լռենք, որ ինչ-որ մեկը տարիներ շարունակ գրպանել է բյուջեի միջոցները, ինչ է թե նա այսօր իրեն ընդդիմություն է հայտարարում, կամ որ իր գողոնն ուզում է պահել ու փորձում է ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ օրենսդրության սահմանադրականությունը վիճարկել, կամ երբ այլ մեկը փորձ է կատարում ապօրինի ազդեցություն գործել դատարանների վրա։   Լռե՞նք այդ ամենի մասին նրա համար, որ ինչ-որ անձինք այդ գրպանված գումարներով պահվող զանգվածային «լրատվության» միջոցներով մեզ հռչակեն ընդդիմությո՞ւն. ասեմ` այդպես չի լինելու։   Ինչո՞ւ ընդդիմանալ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացին. ինչ է, պետք է դե՞մ լինենք ժողովրդից տարիներ շարունակ թալանվածը հետ բերելուն։ Ընդդիմանա՞նք կոնկրետ օլիգարխի ապօրինի գույքի բռնագանձմանը։ Ընդդիմանա՞նք, որ զորամասի հրամանատարը կամ ՃՈ և ՀՔԲ պետերն այսօր կաշառքով չեն նշանակվում, ընդդիմանա՞նք, որ այսօր բիզնեսմենն իր թաղամասի ՊԵԿ օպեր-լիազորին կամ հարկայինի պետին չի ճանաչում, ինչը նախկինում աներևակայելի էր թվում։   Պիտակավորումներն ու որակումներն ամեն մեկը կարող է իրեն պահել։ Մենք աշխատում ենք մեր երկրի համար, անում այն, ինչին հավատում ենք և ձգտում մեր բանակի հզորացմանը, երկարատև խաղաղության հաստատմանը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ու զարգացմանը:   Մեր տեսլականը հավասար հնարավորություններով և արդիականացված Հայաստանն է, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ նպատակ»։
12:49 - 15 փետրվարի, 2022
Վարչապետը հաստատել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը

Վարչապետը հաստատել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը

Նիկոլ Փաշինյանը ստորագրել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը հաստատող որոշում։  Ձևավորվել է սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, հաստատվել է խորհրդի անհատական կազմը և դրա գործունեության կարգը: Խորհրդի ձևավորումից հետո՝ երկամսյա ժամկետում ձևավորվում է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով: Խորհրդի նախագահ է նշանակվել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Խորհրդի անհատական կազմում ընդգրկված են՝ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն»-ից՝ Մասիս Մելքոնյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից Դանիել Իոաննիսյանը:  
17:18 - 27 հունվարի, 2022
Ընտրվել են Սահմանադրական բարեփոխումների խորհրդում ընդգրկվող հասարակական կազմակերպությունները և արտախորհրդարանական կուսակցությունները

Ընտրվել են Սահմանադրական բարեփոխումների խորհրդում ընդգրկվող հասարակական կազմակերպությունները և արտախորհրդարանական կուսակցությունները

ՀՀ վարչապետի որոշման համաձայն Արդարադատության նախարարության կողմից 2021թ․ դեկտեմբերի 21-ին հայտարարվել էր Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների թեկնածուների մրցույթ։ Հայտնում են Արդարադատության նախարարությունից, մրցույթի մասնակցելու հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի Հանրապետությունում գրանցված թվով 7 հասարակական կազմակերպություններ և թվով 5 արտախորհրդարանական կուսակցություններ: Ամփոփելով մրցույթի արդյունքները և հիմք ընդունելով Որոշմամբ սահմանված մրցութային ընթացակարգի պահանջները` Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ. Հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերից Որոշման չափանիշներին բավարարող ճանաչված թվով 5 հայտերից ընտրվել են ներքոնշյալ թեկնածուները՝ «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ (թեկնածու՝ Արթուր Սաքունց): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ (թեկնածու՝ Դանիել Իոաննիսյան): «Իրավունքի եվրոպա» ՀԿ (թեկնածու՝ Տիգրան Եգորյան): Արտախորհրդարանական կուսակցությունների կողմից ներկայացված հայտերից Որոշմամբ սահմանված չափանիշներին բավարարող են ճանաչվել և ընտրվել են ներքոնշյալ թեկնածուները՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (թեկնածու՝ Էդմոն Մարուքյան). «Հանրապետություն» կուսակցություն (թեկնածու՝ Մասիս Մելքոնյան): Թեկնածուների ցանկը ներկայացվելու է վարչապետի աշխատակազմ և ենթակա է հաստատման Սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման մասին վարչապետի որոշմամբ՝ խորհրդի ամբողջական կազմի հետ միասին։
16:34 - 12 հունվարի, 2022
Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է ԼՀԿ վերաքննիչ բողոքը

Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է ԼՀԿ վերաքննիչ բողոքը

«Մամիկոն Ասլանյան» դաշինքի ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է հրապարկվել, որում ասվում է․«Վերաքննիչ դատարանը փաստում է, որ վերաքննիչ բողոք է ներկայացվել ՀՀ վարչական դատարանի 21․12․2021 թվականի վճռի դեմ այն պարագայում, երբ այն Օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ, հետևաբար, հիմք ընդունելով Օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, եզրահանգում է, որ վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման։Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 213-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշեց Վանաձոր համայանքի ՏԻՄ 05․12․2021 թվականի թիվ 23 ընտրատարածքային հանձնաժողովի թիվ 37-Ա, թիվ 38-Ա որոշումներն անվավեր ճանաչելու և «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուների ընտրված ճանաչելու պահանջների մասին, ՀՀ վարչական դատարանի 21․12․2021 թ․ վճռի դեմ հայցվոր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել։ Հետևաբար կարելի է արձանագրել, որ այլևս ավագանու նիստ հրավիրելու և համայքի անտերությանն ու անիշխանությանը, կոլապսային այս վիճակին վերջ տալու խոչընդոտ և արգելք չկա։ՏԻՄ չձևավորելու հետևանքով համայքը կրում է թե՛ ֆինանսական,թե՛ կազմակերպական, թե՛ ծառայությունների մատուցման հետ կապված տարաբնույթ վնասներ։Ի շահ մեր համայնքի մենք պարտավոր ենք օր առաջ ձեռնամուխ լինել տեղական իշխանության ձևավորմանը և բոլոր շահագրգիռ ուժերի հետ միասին համայնքը հանել այս ծանր վիճակից»։ Նշենք, որ Վանաձորում տեղի ունեցած ընտրություններում 6-րդ տեղը զբաղեցրած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել էր դատարան՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով։ Կուսակցությունը առանձին միջնորդություն էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Վանաձոր համայնքի ավագանուն ձեռնպահ մնալ Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց և ղեկավար ընտրելուց։
21:05 - 11 հունվարի, 2022
Վանաձորի ավագանու նիստը չկայացավ՝ Վարչական դատարանի որոշմամբ պայմանավորված |pastinfo.am|

Վանաձորի ավագանու նիստը չկայացավ՝ Վարչական դատարանի որոշմամբ պայմանավորված |pastinfo.am|

pastinfo.am: Այսօր Լոռու մարզի Վանաձոր խոշորացված համայնքում պետք է տեղի ունենար ավագանու նիստ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը առանձին միջնորդություն էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Վանաձոր համայնքի ավագանուն ձեռնպահ մնալ Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց և ղեկավար ընտրելուց։ Վարչական դատարանը` Հրաչ Այվազյանի նախագահությամբ, հենց այսօր, երբ նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու նիստը, որոշել է մասնակի բավարարել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը՝ պատասխանողներին արգելելով համայնքի ղեկավար ընտրելու հարցի քննարկման նպատակով ավագանու նիստերի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված որևէ գործողություն կատարելուց մինչև գործով Վերաքննիչ վարչական դատարան ներկայացված բողոքի ընդունելության հարցի լուծումը։ Նշենք, որ Վանաձորում տեղի ունեցած ընտրություններում 6-րդ տեղը զբաղեցրած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել է դատարան՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով։ Այստեղ ամենաշատ ձայներն ստացել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքը՝ ընտրողների 38.70%, ՔՊ-ն այստեղ երկրորդ տեղում է՝ 25,05%-ով, ՀԱՍԿ-ը՝ 14,53%-ով երրորդն է, «Հայրենիքը»՝ 4,48%-ով՝ չորրորդ տեղում, իսկ «Ապրելու երկիրը» եզրափակում է հնգյակը՝ 4,29 տոկոս ձայնով։ Վերահաշվարկի արդյունքներով որեւէ էական փոփոխություն չի արձանագրվել, եթե չհաշվենք, որ ՔՊ-ի ձայները մեկով նվազել է, իսկ առաջատարինը՝ Մամիկոն Ասլանյանինը՝ 4-ով ավելացել։ 1-ական ավելացել են նաեւ ՀԱՍԿ-ի ու Հայրենիքի ձայները։  Հավելենք, որ Մամիկոն Ասլանյանը կալանավորված է։
11:46 - 24 դեկտեմբերի, 2021
Ինչպե՞ս խուսափել ծրագրային քննարկումներից․ անպատասխանատվության, ժամանակ չգտնելու ու միայն կառավարող ուժի հետ բանավիճելու քմահաճույքի միջեւ

Ինչպե՞ս խուսափել ծրագրային քննարկումներից․ անպատասխանատվության, ժամանակ չգտնելու ու միայն կառավարող ուժի հետ բանավիճելու քմահաճույքի միջեւ

Ասել, թե խորհրդարանական արտահերթ անցած ընտրություններին մասնակից ավելի քան երկու տասնյակ քաղաքական ուժերը պայքարում էին իրենց ծրագրային դրույթներով, կնշանակի կարողանալ ճշմարտության մասին չխոսել ավելի լավ, քան նրանք՝ քարոզարշավի ընթացքում։ Այդուհանդերձ, ընտրությունների նախաշեմին որոշեցինք հավաքագրել ու ներկայացնել բոլոր ուժերի պատկերացումներն ու առաջարկները՝ հինգ կարեւոր ոլորտներում առկա խնդիրների լուծման վերաբերյալ՝ հետպատերազմյան վերականգնում, ԼՂ հակամարտություն եւ արտաքին հարաբերություններ, սոցիալ-տնտեսական վերականգնում, ներքաղաքական կայունություն, գիտություն եւ կրթություն։   Ծրագրային դրույթների ներկայացման մեր վիդեո հարցազրույցներին մասնակցեցին 14 քաղաքական ուժեր՝ «Պատիվ ունեմ», «Ազատ հայրենիք», «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքները, «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Արդար Հայաստան», «Ինքնիշխան Հայաստան», «Քաղաքացու որոշում», «Հայ ազգային կոնգրես», «Միասնական հայրենիք», «Ազգային-ժողովրդավարական բեւեռ», «5165 շարժում», «Հայաստանի Եվրոպական», «Հանրապետություն» կուսակցությունները։    Անարձագանք նամակներ, զանգեր ու մերժումներ Թեեւ բոլոր ուժերին մասնակցության պաշտոնական հրավերներ էինք ուղարկել ս․թ․ մայիսի 19-ին, հետո նաեւ հրավերի հիշեցումներ, որոշ ուժեր որեւէ կերպ չարձագանքեցին կամ ուղղակի մերժեցին մասնակցությունը։ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն, օրինակ, շուրջ մեկ ամիս իրենց հարմար օր եւ ժամ չգտան՝ ներկայացնելու իրենց ծրագրային դրույթները՝ նշելով, որ ակտիվ քարոզչական աշխատանքներում են ներգրավված․ ի դեպ՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուները 156-ն էին։ Մայիսի 19-ին հրավեր էինք ուղարկել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ մի քանի օր, սակայն, որեւէ պատասխան չստացանք․ կուսակցության պաշտոնական էլ. փոստին ուղարկված հրավերը մնաց անպատասխան, Ֆեյսբուքի էջում նշված հեռախոսին պատասխանող անձը չկարողացավ ասել՝ ով է զբաղվում մամուլի հետ աշխատանքներով։ Ի վերջո պարզվեց՝ 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, այս անգամ եւս ընտրված Վահագն Ալեքսանյանը։ Մայիսի 20, 21-ին պատասխան չստացանք, հաջորդ օրն Ալեքսանյանն ասաց՝ պետք է քննարկի թիմի հետ, հասկանա՝ ում հարմար կլինի մասնակցել։ Մինչեւ մայիսի 30-ը ՔՊ-ից որեւէ հստակ պատասխան չստացանք․ ո՛չ բանախոսների անուններ, ո՛չ կոնկրետ մասնակցության մերժում։ Մայիսի 31-ին Վահագն Ալեքսանյանն ասաց մեկ բանախոսի անուն՝ Գեւորգ Պապոյան։ Նկարահանումը, սակայն, մեր մեղավորությամբ չկայացավ։ Ներողություն խնդրեցինք, փորձեցինք բանախոսի հետ իրեն հարմար այլ օր, ժամ եւ տեղ պայմանավորվել, սակայն միայն արհամարհական պատասխաններ ստացանք։ Չստացված հարցազրույցի հարցը քննարկեցինք նաեւ Վահագն Ալեքսանյանի հետ, սակայն մեր բացատրություններից հետո եւս չկարողացանք հստակեցնել բանախոսի հետ նկարահանման իրեն հարմար այլ օր եւ ժամ։  Պատասխան չստանալուց հետո դարձյալ կապ հաստատեցինք ՔՊ Ֆեյսբուքի էջում նշված հեռախոսահամարով, խնդրեցինք փոխանցել Ալեքսանյանին, որ սպասում ենք իրենց պատասխանին։ Արձագանք չստացանք։ Զանգահարեցինք Սուրեն Պապիկյանին, զանգերը մնացին անպատասխան, գրեցինք Պապիկյանին՝ ներկայացնելով իրավիճակը․ նամակը մնաց անպատասխան։ Մեկ օր սպասելուց հետո հունիսի 9-ին նամակ ուղարկեցինք նաեւ ՔՊ երկու էլ․ փոստերին՝ ուղղված Սուրեն Պապիկյանին, որտեղ ներկայացրինք իրավիճակը եւ խնդրեցինք տալ այն անձի կոնտակտները, որը պատասխանատվություն կստանձնի զբաղվել այս հարցով՝ գոնե հստակ պատասխան տալու համար։ Ոչ մի արձագանք չստացանք։ Ծրագրային դրույթները ներկայացնող վիդեո հարցազրույցներին մասնակցելու հրավերին չարձագանքեցին մյուս քաղաքական ուժերը՝ անգամ հրավերի հիշեցումից եւ մեր զանգերից հետո, ուստի ծրագրային մեր տեսանյութերում չեք գտնի «Մեր տունը Հայաստանն է», «Հայաստանի դեմոկրատական», «Ազատություն», «Ազատական», «Վերելք», «Հայոց հայրենիք», «Զարթոնք», «Համահայկական ազգային պետականություն», «Ազգային օրակարգ» կուսակցությունների դիրքորոշումներն ու պատկերացումները։   «Բանավիճում ենք միայն իշխանության հետ» Ծրագրային դրույթները ներկայացնելու այս հարցազրույցներից անցանք երկկողմ բանավեճերի նկարահանմանը։ Բանավեճերի մասնակիցների ընտրության ամենաարդար սկզբունք համարեցինք պարզ վիճակահանությունը, որը հեռարձակեցինք ֆեյսբուքյան մեր էջի ուղիղ եթերով։ Վիճակահանության արդյունքում ստացվեց հետեւյալ պատկերը․   «Լուսավոր Հայաստան» կուսակցություն - «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն, «Միասնական հայրենիք» կուսակցություն - «Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Քաղաքացու որոշում» կուսակցություն - «Արդար Հայաստան» կուսակցություն, «Ազատ հայրենիք» դաշինք - «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն, «Ազատական» կուսակցություն - «Հանրապետություն» կուսակցություն, «Զարթոնք» կուսակցություն  - «Հայոց հայրենիք» կուսակցություն, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն - «Հայոց արծիվներ» կուսակցություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Ազգային օրակարգ» կուսակցություն - «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն, «Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցություն - «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն, «Շիրինյան - Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» - «Ազատություն» կուսակցություն, «Հայաստան» դաշինք - «5165 շարժում» կուսակցություն, «Պատիվ ունեմ» դաշինք - «Վերելք» կուսակցություն։ Բանավեճեր անցկացրինք «Միասնական հայրենիք» եւ Հայաստանի եվրոպական կուսակցությունների, «Ազգային ժողովրդավարական բեւեռ» եւ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունների, «Վերելք» եւ «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունների միջեւ։ Բանն այն է, որ մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչները հրաժարվեցին մասնակցել բանավեճերին՝ պատճառաբանելով, որ կամ իրենք բանավիճում են միայն օրվա իշխանության հետ, կամ ուղղակի որեւէ հարմար ժամ չեն գտնում։ «Հայաստան» դաշինքն, ինչպես նախորդ՝ ծրագրային հարցազրույցների դեպքում, այնպես էլ այս անգամ, մերժեց մասնակցության հրավերը՝ պատճառաբանելով խիստ զբաղվածությունը։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ նախընտրեց բանավիճել օրվա իշխանության ներկայացուցչի հետ՝ մյուների հանդեպ հետաքրքրություն չցուցաբերելով։ Իշխանության հետ բանավիճելու ցանկություն հայտնեցին նաեւ «Հանրապետություն», «Հայ ազգային կոնգրես», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։ Այս պարագայում ստիպված եղանք քաղաքական ուժերի հետ իրենց ծրագրային դրույթների մասին հարցազրույցներ անցկացնել՝ բանավեճերի փոխարեն։ Բանավեճին մասնակցելու համար փորձեցինք կապ հաստատել նաեւ ՔՊ հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանի հետ։ Մի քանի անգամ տարբեր հեռախոսահամարներից զանգահարեցինք՝ չպատասխանեց, գրեցինք՝ չպատասխանեց։ Դիմեցինք 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, այս անգամ եւս ընտրված Մարիա Կարապետյանին, խնդրեցինք տեղեկացնել հրավերի մասին։ Դարձյալ օրվա ընթացքում ոչ մի արձագանք չստատացանք։ Կապ հաստատել չստացվեց ՏԿԵ նախարարի պաշտոնակատար, նախընտրական շրջանում ՔՊԿ շտաբի պետ Սուրեն Պապիկյանի, պատգամավորներ Արփի Դավոյանի, Հակոբ Սիմիդյանի հետ, որպեսզի գոնե իրենց միջոցով փոխանցենք ասելիքը։ Հունիսի 15-ին, ի վերջո, Ալեքսանյանը պատասխանեց զանգին․ տեղեկացրինք բանավեճերի մասին։ Ասաց՝ կքննարկեն հրավերը։ Պայմանավորվեցինք, որ առավոտյան զանգելու ենք՝ պատասխան ստանալու համար։ Հաջորդ օրը զանգեցինք մի քանի անգամ՝ տարբեր ժամերի, տարբեր համարներից․ ոչ մի պատասխան։ Զանգեցինք ՔՊԿ անդամ, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, խնդրեցինք՝ կապ հաստատել, ասաց՝ կզանգի Ալեքսանյանին։ Պայմանավորվեցինք՝ կսպասենք վերջինիս զանգին։ Դե, իհարկե, ոչ մի արձագանք։   Քաղաքական ուժերի պատկերացումները՝ ոլորտային խնդիրների մասին Մենք, իհարկե, կարող էինք կուսակցություններից ու դաշինքներից անհատների հրավիրել հարցազրույցների, բայց բոլոր քաղաքական ուժերին առաջարկել էինք հիշյալ 5 ոլորտների շուրջ անձամբ ընտրել բանախոսներին, որոնք լավագույնս կներկայացնեն իրենց ծրագրերը։ Մեր ընտրած հինգ թեմաներն ունեին կոնկրետ ենթահարցեր՝ բանակի բարեփոխումներ, հումանիտար ճգնաժամի հաղթահարում, անվտանգային խնդիրների լուծում, բանակցությունների ձեւաչափ, հակամարտության լուծում, հարեւանների ու գերտերությունների հետ հարաբերություններ, տնտեսական ճգնաժամի, աղքատության հաղթահարում, հանքարդյունաբերություն, արդարադատության հանդեպ վստահության վերականգնում, կառավարման մոդել, կրթություն ու հիմնարար եւ կիրառական գիտություններ։ 14 քաղաքական ուժերից մի մասի դեպքում բոլոր հարցերին պատասխանել է նույն գործիչը, ինչը, որոշ դեպքերում, անխուսափելիորեն ընգծել է, որ բանախոսը բոլոր խնդիրներին չէ, որ խորքային ծանոթ է։  Մեր բոլոր զրուցակիցներին նախապես խնդրել էինք իրենց ասելիքը տեղավորել 5 րոպեում՝ զգուշացնելով, որ ավելի երկար խոսելու դեպքում ստիպված ենք լինելու իրենց հետ համաձայնությամբ կրճատել նյութը։ Բանախոսներից շատերը մտահոգվում էին՝ պնդելով, որ, օրինակ, սոցիալ-տնտեսական կամ ԼՂ հակամարտության թեմայով իրենց ապագա անելիքները ներկայացնելու համար հինգ-վեց րոպեն բավարար չէ։ Սակայն անգամ դեպքեր եղան, երբ մոնտաժային աշխատանքների ժամանակ բովանդակ խոսքը մնաց երեք րոպե, ու ստիպված եղանք վերադարձնել զրուցակցի կրկնվող մտքերը։  Կուսակցական գործիչներ առավել շատ գնահատակններ էին հնչեցնում անցյալի մասին, քան ներկայացնում իրենց անելիքներն ու պլանները։ Սա հիմնականում այն պատճառով, որ կա՛մ չէին տիրապետում իրենց ծրագրերին, կա՛մ ծրագրում չունեին լուծումներ, քայլեր, գործիքակազմ։ Հետաքրքրական է, որ քաղաքական ուժերից շատերն իրենց ծրագրերում արտաքին հարաբերությունների բլոկում ընդգծել էին դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին, սակայն երբ խնդրում էինք հստակեցնել՝ հարաբերությունների վերանայման կամ խորացման ինչ եզրեր են տեսնում, օրինակ, հարեւանների կամ այս տարածաշրջանում որոշակի շահեր հետապնդող պետությունների հետ, բոլորի պատասխանները գրեթե նույնն էին՝ մոտավորապես այս բովանդակությամբ․ «մենք պետք է բալանասավորենք մեր արտաքին քաղաքականությունը, բոլոր պետությունների հետ էլ կարելի է հարաբերություններ կառուցել կամ խորացնել, մոտ ապագայում հարաբերությունների զարգացում չենք տեսնում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, Իրանի հետ հարաբերությունների խորացման լավ հնարավորություններ կան»․ իսկ ի՞նչ հնարավորություններ ու ի՞նչ ուղղություններով կան համագործակցության եզրեր հարցերը հիմնականում մնում էին անպատասխան։ ԼՂ հակամարտության վերաբերյալ մեր հարցերի առաջին ու միանշանակ պատասխանն այն էր, որ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում։ Թե բանակցություններում ինչ մարտավարություն պիտի որդեգրի հայկական կողմը, թե ինչ սկզբունքներ պիտի առաջ քաշի՝ ոչ բոլոր ուժերն էին պատասխանում։ Ընդ որում՝ բանախոսներ են եղել, որոնք հիշատակել են Հելսինկյան եզրափակիչ ակտի մասին՝ չհստակեցնելով կամ չկարողանալով հստակեցնել՝ հայկական կողմն ինչ հարթակներում պիտի բարձրաձայնի Ադրբեջանի կողմից կոնկրետ դրույթների խախտման մասին։ Բանախոսները հայտարարել են՝ պետք է դեօկուպացվեն ԼՂԻՄ շրջանները, որ հիմա ադրբեջանական վերահսկողության տակ են, ինչպե՞ս՝ բանակցային ճանապարհով, նշել են՝ միջազգային հարթակներում ամեն ինչ պետք է անել՝ հաջողության հասնելու համար, բայց թե ինչ պետք է անել՝ չեն հստակեցրել։ Այս թեմայի վերաբերյալ գրեթե բոլոր «ինչպե՞ս» հարցերի պատասխանը մեծ մասամբ սկսվել է «պետք է»-ով եւ մեկնաբանությամբ, որ քանզի կառավարություն չեն եղել կամ չեն, չեն կարող տիրապետել բանակցային ողջ գործընթացի մանրամասներին կամ գործիքակազմին։ Դիվանագիտական դաշտում մեր դիրքերն ամրապնդելու խիստ անհրաժեշտության մասին խոսելուն զուգահեռ՝ մեր բանախոսներից շատերը շեշտել են բանակի վերակառուցման, բարեփոխումների, վերազինման՝ շուտափույթ լուծում պահանջող հարցերի մասին։ Բոլորը չէ, որ կարողացել են հստակ պատասխանել՝ որտեղի՞ց, ի՞նչ միջոցներով է վերազինվելու բանակը, արդյոք կա՞ն հաշվարկներ, ո՞ւմ հետ են տեսնում ռազմական համագործակցության իրատեսական եզրեր։ Քաղաքական ուժերի մեծ մասի ծրագրերում արձանագրված է, որ մեզ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ բանակ։ Թե ինչ ասել է պրոֆեսիոնալ բանակ եւ ինչ քայլեր են ձեռնարկելու՝ դրան հասնելու համար, միշտ չէ, որ կոնկրետ պատասխաններ են հնչել․ խոսվել է ժամկետային զինծառայության երկու տարին կրճատելու մասին, ազգ-բանակ կոնցեպտը կյանքի կոչելու մասին, անվտանգային համակարգն ամրապնդելու օրհասական խնդրի մասին։ Վերջինի լուծման համար բանախոսները կարեւորել են տեխնիկական վերազինումը՝ հատկապես սահմանամերձ բնակավայրերում։ Վերազինման համար շեշտել են՝ Հայաստանն ունի ռազմարդյունաբերությունը խթանելու պոտենցիալ, մնում է՝ պետությունը չխանգարի։  Այս կոնտեքստում քաղաքական ուժերը կարեւորել են գիտության դերը։ Թեպետ, քչերն են, որ «պետք է»-ների շարքից անցել են կոնկրետ դրույթների ներկայացմանը, կարողացել են ներկայացնել կրթության ու գիտության կապը, օրենսդիրում կամ գործադիրում լինելու դեպքում իրենց առաջնահերթ ու առարկայական անելիքները։ Հիմնականում հայտարարվել է, որ պետք է բարձրացվեն ուսուցիչների ու գիտնականների աշխատավարձերը, պետք է վերապատրաստվեն ուսուցիչները, պետք է փեխվեն դասագրքերը, եւ այլն։  Երբ սոցիալ-տնտեսական վերականգնման թեմայով բանախոսը եղել է ոլորտի մասնագետ, կարողացել է ներկայացնել խնդիրներն ու դրանց լուծման բանաձեւերը՝ խոսելով ներդրումային, հարկային քաղաքականության վերաբերյալ իրենց պատկերացումների, անհրաժեշտ փոփոխությունների մասին։ Սակայն եղել են զրուցակիցներ, որոնք այս թեմային անդրադարձել են շատ ընդհանրական՝ դարձյալ հայտարարելով, որ պետք են լուրջ բարեփոխումներ՝ առանց կոնկրետացնելու ինչպիսի եւ ինչպես հարցերի պատասխանները։  Նույն պատկերը՝ նաեւ արդարադատության հանդեպ վստահության վերականգնման, դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտության մասին։ Մի քանի բանախոսներ են հստակ քայլեր ներկայացրել՝ խոսելով այդ բարեփոխումների մեխանիզմների մասին՝ պնդելով, որ, այո, կան այդ ռեսուրսները, մնում է դրանք գործի դնել ու բարեփոխումներ անելու քաղաքական կամք ցուցաբերել։ Ամենահստակ պատասխանները հնչել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ու կառավարման մոդելի մասին հարցերին․ քաղաքական ուժերի մեծ մասը չի հերքել, որ երկրում ներքաղաքական խոր ճգնաժամ է, եւ որ լարվածության թոթափման քայլերից մեկը արտահերթ ընտրություններն են։ Որոշները հայտարարել են, որ լարվածություն մտցնում է գործող կառավարող ուժը, որոշներն արձանագրել են, որ ընդդիմությունը եւս յուղ է լցնում կրակին, եւ անհրաժեշտ են համարել քաղաքական ու քաղաքացիական հասունություն ցուցաբերել՝ կրքերը զսպելու համար։ Քաղաքական որոշ գործիչներ պնդել են՝ լարվածությունը չի նվազի, եթե գործող կառավարությունն ու նախկինում կառավարություն եղած ուժերը ներկայացված լինեն նոր ձեւավորվող խորհրդարանում։  Քաղաքական ուժերի մեծ մասը կարծում է՝ խորհրդարանական կառավարման մոդելը Հայաստանում իրեն չի արդարացրել, ուստի պետք է անցնել կիսանախագահական համակարգի՝ բալանսի բերելու կառավարական լծակները։ Այս կարծիքին չէ, իհարկե, «Պատիվ ունեմ» դաշինքը, որի մաս կազմող «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը հենց այս մոդելը մեզ մոտ «բերողն» է։ Քաղաքական այս ուժի ներկայացոուցիչը վստահ է՝ խորհրդարանական կառավարման մոդելը Հայաստանի համար լավագույն լուծումն է։  Չնայած ավարտվել են ընտրությունները, սակայն այս ուժերն իրենց դերակատարումն են ունենալու նաեւ ապագայում, հետեւաբար դրանց ավելի լավ ճանաչելու, ծրագրային դրույթներին, պատկերացումներին ծանոթանալու համար հիմա էլ կարող եք դիտել իրականացված հարցազրույցները։ Հայարփի Բաղդասարյան
19:58 - 08 հուլիսի, 2021
Մարուքյանը դիմել է Փաշինյանին՝ գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները վերականգնելու առաջարկությամբ

Մարուքյանը դիմել է Փաշինյանին՝ գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները վերականգնելու առաջարկությամբ

«Տեղեկացնում եմ, որ դիմել եմ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները վերականգնելու առաջարկությամբ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ ժամանակը ցույց է տվել՝ այդ ոլորտներում առանձին կայացած գերատեսչության բացակայությունը հանգեցնում է բազմաթիվ խնդիրների լճացման։ ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում 2019թ. կատարվող փոփոխությունների ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառավարությանը ներկայացրել էր կառավարության այլընտրանքային կառուցվածք, որտեղ պահպանվում էին գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները՝ հաշվի առնելով մի շարք կարևոր հանգամանքներ։ Սակայն առաջարկները չընդունվեցին. երկու տարուց ավելի է, ինչ այլևս չեն գործում գյուղատնտեսության նախարարությունը, ինչպես նաև մշակույթի նախարարությունը՝ առանձին տեսքով։ Ժամանակը ցույց տվեց, որ այդ ոլորտներում առանձին կայացած գերատեսչության բացակայությունը հանգեցնում է բազմաթիվ խնդիրների լճացման։ Գյուղատնտեսության նախարարության կլանումը էկոնոմիկայի նախարարության կողմից նշանակում էր գյուղատնտեսության նախարարության փաստացի կրճատում, ինչով նաև ստորադասվեց գյուղատնտեսության դերը մեր երկրում, որտեղ այն մշտապես ունեցել է և ունի չափազանց մեծ նշանակություն և բավականին զգալի կշիռ ՀՆԱ-ի մեջ։ Ընդ որում՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լիազորություններն այժմ էլ հնարավոր է վերապահել գյուղատնտեսության նախարարությանը։ Մշակույթի նախարարությունը չպետք է որևէ վարչության կամ այլ կարգավիճակով, փաստացի կրճատվելով, ներառվեր որևէ այլ նախարարության կազմում, քանի որ մեզ անհրաժեշտ է ունենալ ուժեղ մշակույթի նախարարություն, որն ունակ է համակարգել մշակութային պատերազմների մեջ գտնվող մեր պետության խնդիրները։ Տեղին է նաև հիշատակել, որ հայ ինքնության համար մշակութային կյանքի առանձնահատկությունները բոլոր ժամանակներում եղել են ազգի պահպանման հիմնասյուներից մեկը։ Միաժամանակ, մշակութային աղավաղումների դեմ անհրաժեշտ է ունենալ մշակութային հայեցակարգը կրող ամուր կառույց։ Այլ մանրամասները՝ ստորև»։
12:27 - 06 հուլիսի, 2021
Մեր խորին համոզմամբ կանխել ենք քաղաքացիական բախումները. Աննա Կոստանյանը՝ ԼՀԿ-ի՝ իշխանության հետ գործարքի գնալու մեղադրանքների մասին |tert.am|

Մեր խորին համոզմամբ կանխել ենք քաղաքացիական բախումները. Աննա Կոստանյանը՝ ԼՀԿ-ի՝ իշխանության հետ գործարքի գնալու մեղադրանքների մասին |tert.am|

tert.am: Այս խորհրդարանի աշխատանքը ոչ շատ բավարար, ոչ էլ շատ վատ եմ գնահատում, ընդհանուր առմամբ ակտիվ խորհրդարան էր նաև ներխորհրդարանական աժիոտաժի առումով, հսկայական բացթողումներ ևս եղել են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ « Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը: Աննա Կոստանյանի խոսքով՝ պետք է վերարժևորեն, վերաիմաստավորեն իրենց գործողությունները: «Վերիմաստավորելու խնդիրներ ունենք նաև թե՛ կուսակցական, թե՛ ապագայում քաղաքական գործունեության առումով, որպեսզի կարողանանք հասկանալ՝ ինչ բացթողումներ ենք ունեցել, դրանք շտկենք արդեն ոչ միայն ՏԻՄ ընտրություններին մասնակցելու առումով, այլև հաջորդ խորդարանական ընտրություններին՝կլինի դա հերթական, թե արտահերթ»,-ասաց նա: Անդրադառնալով դիտարկմանը, որ արտախորհրդարանական ուժերը ԼՀԿ-ին մեղադրում են իշխանությունների հետ գործարքի գնալու մեջ Աննա Կոստանյանն ասաց. «Ես այդ մեղադրանքներն անհիմն եմ համարում, որվհետև մենք պետք է հաշվի առնենք շատ կարևոր հանգամանք՝ մենք գործ ունենք պետության հետ, պետությունը խաղալիք չէ, որ ցանկացած պահի խաղաս ու դեն նետես, և սեփական քաղաքական ամբիացիաներից ելնելով որոշես՝ նպատակահարմա՞ր է ինչ-որ քայլ անել, թե՞ ոչ: Այստեղ պետք է լայն պատկերով նայել. հանուն պետության երբեմն նաև խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում, այո՛, պետք էր իշխանության հետ ինչ-որ երկխոսությունների գնալ: Հիմա եթե մեզ մեղադրում են այն առումով, որ արտահերթ ընտրությունները կազմակերպվեցին, մենք այստեղ չենք ափսոսում, որ փորձել ենք պայմանավորվածություն ձեռք բերել.կոնկրետ այդ պահին քաղաքական իրավիճակն այնպիսին էր, որ միգուցե քաղաքացիական բախումներ սկսվեին: Մեր խորին համոզմամբ՝ կարողացել ենք կանխել քաղաքացիական բախումները»,-ասաց նա: Առավել մանրամասն՝ tert.am-ում։
19:16 - 01 հուլիսի, 2021
Միակ քաղաքական պրոցեսը, որտեղ «Լուսավոր Հայաստանը» պարտվեց, արտահերթ խորհրդարանական ընտրություններն են. Էդմոն Մարուքյան
 |armtimes.com|

Միակ քաղաքական պրոցեսը, որտեղ «Լուսավոր Հայաստանը» պարտվեց, արտահերթ խորհրդարանական ընտրություններն են. Էդմոն Մարուքյան |armtimes.com|

armtimes.com: «Լուսավոր Հայաստանը» հիմնադրման օրվանից բոլոր քաղաքական պրոցեսներում միշտ հաջողություն է արձանագրել: Միակ պրոցեսը, որտեղ պարտվել է, եղել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Այս մասին ԼՀԿ ընդլայնված խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն «Մենք արձանագրում ենք մեր պարտությունը և հստակ ընդունում ենք դա: Միակ պրոցեսը, որտեղ մենք պարտվել ենք, դա վերջին արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, որին մենք զոհաբերել ենք մեր ունեցած ժամկետները,  մանդատները՝ հանուն երկրի կայունության, որը վերականգնված է, բայց հարաբերական անդորրի  է նման, քանի որ արտաքին մարտահրավերները չեն վերացել, և  մնում են արդիական»,-ասաց Մարուքյանը: Անկախ ընտրության արդյունքներից, ըստ Էդմոն Մարուքյանի, «Լուսավոր Հայաստանը» մնալու է Հայաստանի քաղաքական կյանքում շատ լուրջ դերակատար, կուսակցությունը որպես մասնակցային ուժ միշտ մասնակցել է և մասնակցելու է գործընթացներին: Նաև առաջիկա ՏԻՄ ընտրություններին:  «Սպասվող ՏԻՄ ընտրությունների հետ կապված իմ տեսլականը հետևյալն է. որտեղ մենք կունենանք ուժեղ թիմեր և նրանք կորոշեն, որ ուզում եմ մասնակցեն ընտրություններին, կուսակցական կենտրոնական  ամբողջ ներուժը կպաշտպանի այդ թիմերի առաջարկը յուրաքանչյուր համայնքում: Դա կլինի 2-րդ, 3-րդ քաղաքում, խոշորացված համայնքում կամ փոքր համայնքում, դա արդեն առանձին քննարկման առարկա կդառնա»,-ասաց Մարուքյանը: Շարունակությունը՝ armtimes.com-ում։ 
19:27 - 29 հունիսի, 2021