Սամվել Շահրամանյան

Փորձում են Արցախի հարցի վրա կափարիչ դնել ու փակել այն. Աշոտ Դանիելյանի գործը շինծու է. Սամվել Շահրամանյան
 |news.am|

Փորձում են Արցախի հարցի վրա կափարիչ դնել ու փակել այն. Աշոտ Դանիելյանի գործը շինծու է. Սամվել Շահրամանյան |news.am|

news.am: Ես կխնդրեի ուժային մարմիններին շատ կարճ ժամանակում լուծել Աշոտ Դանիելյանի ազատ արձակելու հարցը, քանի որ այդ գործը շինծու է: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով իր թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի ձերբակալմանը: «Մենք բոլորս ականատես ենք եղել դրան: Մեծ հարցեր է առաջացնում նաեւ այդ ձերբակալության օրինաչափությունը: 20 հոգով դիմակավորված քաղաքի կենտրոնում ձերբակալել են անձի, որը կապ ունի Արցախի ղեկավարի հետ, ձերբակալել իրեն նախագահին սպասարկող մեքենայի միջից, ինձ թվում է՝  դրանք մեծ հարցեր են առաջացնում եւ առաջիկայում մենք կստանանք դրանց պատասխանները: Այս ամենը կապ ունի նրա հետ, որ փորձում են այն ամենը, ինչը կապ ունի Արցախի հետ կափարիչ դնել դրա վրա եւ փակել այդ հարցը: Բայց ինձ թվում է, որ պետք չի գնալ այդ ճանապարհով, պետք է գտնել լուծումներ Արցախի խնդրի, արցախցիների խնդիրների լուծման համար: Իմ կարծիքով, մինչեւ այդ հարցը չստանա արդարացի լուծում, մենք ունենալու ենք այս բաց վերքը, որը միշտ արնահոսելու է»,- հայտարարեց Շահրամանյանը: Հիշեցնենք, որ ձերբակալվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը։ Նա կասկածվում է թմրանյութ պահելու եւ իրացնելու մեջ: Դրանից մեկ օր առաջ նա «Եռաբլուրում» հայհոյել էր 24NEWS.am-ի լրագրողին ու օպերատորին եւ, ըստ տարբեր կարծիքների, ձերբակալության պատճառներից մեկը դա է:
12:34 - 22 փետրվարի, 2024
Աշոտ Դանիելյանի մոտ անձնական խուզարկությամբ թմրանյութ չի հայտնաբերվել. պաշտպան |aysor.am|

Աշոտ Դանիելյանի մոտ անձնական խուզարկությամբ թմրանյութ չի հայտնաբերվել. պաշտպան |aysor.am|

aysor.am:Աշոտ Դանիելյանը Սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն է, կյանքում նույնիսկ ծխախոտ օգտագործած չկա, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի անվտանգության նախկին աշխատակից Աշոտ Դանիելյանի շահերի պաշտպանը։ «Անձնական խուզարկության ընթացքում նրա մոտ թմրանյութի հետ առնչություն ունեցող որևէ իր չի հայտնաբերվել։ Աշոտը նույնիսկ տրամադրել է իր հեռախոսի գաղտանաբառը, առաջարկել ստուգել, պարզաբանել, թե ինչի հիման վրա են իրեն կասկածում թմրանյութերի իրացման կամ շրջանառության մեջ»,-ասաց պաշտպանը։ Պաշտպանն ասաց, թե մինչ այս պահն իրենց ձերբակալման արձանագրությունը չի տրամադրվել, միայն որոշումն է տրամադրվել։ Բացի այդ, նա նշեց, թե Դանիելյանի մեքենան շուրջ 3 ժամ կնիքված չի եղել։ «Անհասկանալի է՝ ինչու է իր իսկ մեքենայով բերման ենթարկվել, ինչու են դիմակավորված եղել այդ անձինք, ինչու պարեկները չեն ուղեկցել, ինչու հենց իր նկատմամբ և հենց այս ժամանակահատվածում, ինչու են այս ամենը տարբեր լրատվամիջոցներ կապում Սամվել Շահրամանյանի հետ։ Այս ամենի համատեքստում մեզ մոտ տարբեր կասկածներ են առաջանում»,-ասաց պաշտպանը։ Նա նշեց՝ այս պահին Աշոտ Դանիելյանը Սամվել Շահրամանյանին անվտանգության հարցով աջակցություն է ցուցաբերում բացառապես հասարակական հիմունքներով։ «Նա այս պահին Շահրամանյանի անվտանգության աշխատակիցը չի հանդիսանում։ Նախկինում եղել է նրա անվտանգության պատասխանատուն, բայց հիմա՝ ոչ»,-ասաց պաշտպանը։  
13:19 - 21 փետրվարի, 2024
Ձերբակալվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը

Ձերբակալվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը

«Ինֆոքոմ»-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 20-ին, ոստիկանության ծառայողների կողմից Երեւանի Աբովյան փողոցից ձերբակալվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել Քննչական կոմիտեից, որի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց միայն, որ ապօրինի թմրամիջոցներ պահելու և իրացնելու կասկածանքով Ոստիկանության բաժին է տեղափոխվել մեկ անձ։  Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին (Իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ՝ նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի ձեռք բերելը) եւ 396-րդ հոդվածի 1-ին (Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ կամ պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը) մասերով։ «Ոստկանության կողմից վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել բերման ենթարված անձը, եւ քննիչի կողմից որոշում է կայացվել նշված հանցագործությունը առերեւույթ կատարելու հիմնավոր կասկածանքի հիմքով նրան ձերբակալելու վերաբերյալ»,- ասաց Աբրահամյանը։ Նշանակվել է փորձաքննություն, դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է նախաքննություն։ Հիշեցնենք՝ երեկ Եռաբլուր զինվորական պանթեոնում միջադեպ էր տեղի ունեցել Աշոտ Դանիելյանի եւ 24news.am լրատվական կայքի լրագրողի միջեւ: Ըստ լրատվական կայքի՝ երբ Սամվել Շահրամանյանը հրաժարվել է խոսել լրագրողի հետ, վերջինս ըմբռնումով է մոտեցել, ընդառաջ գնացել չնկարահանելու հորդորին։ Սակայն Շահրամանյանին ուղեկցող անձը, որը, ըստ նույն կայքի, Աշոտ Դանիելյանն է, աչքի է ընկել խուլիգանական պահվածքով, հայհոյել լրագրողին ու օպերատորին, ինչպես նաև հրել վերջինիս։  Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդել է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները ցավում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «24News.am» լրատվամիջոցի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի համար, հայցում նրանց ներողամտությունը: Շտաբից նշել են նաեւ, որ անթույլատրելի որակելով տեղի ունեցածը՝ նախագահ Սամվել Շահրամանյանը միջադեպից ժամեր անց ընդունել է լրատվամիջոցի ներկայացուցիչներին, լսել նրանց ու դատապարտել կատարվածը:
11:50 - 21 փետրվարի, 2024
Սամվել Շահրամանյանը ընդունել է 24News-ի ներկայացուցիչներին, լսել նրանց ու դատապարտել կատարվածը. շտաբ

Սամվել Շահրամանյանը ընդունել է 24News-ի ներկայացուցիչներին, լսել նրանց ու դատապարտել կատարվածը. շտաբ

Արցախի Հանրապետության իշխանությունները ցավում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «24News.am» լրատվամիջոցի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի ունեցած միջադեպի համար, հայցում նրանց ներողամտությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։  Շտաբից նշում են, որ անթույլատրելի որակելով տեղի ունեցածը՝ նախագահ Սամվել Շահրամանյանը միջադեպից ժամեր անց ընդունել է լրատվամիջոցի ներկայացուցիչներին, լսել նրանց ու դատապարտել կատարվածը:  Հիշեցնենք, որ ըստ 24News լրատվական կայքի հայտարարության՝ կայքի լրագրողն ու օպերատորը այսօր Եռաբլուրում Արցախյան Շարժման 36-րդ տարեդարձի առթիվ իրականացրել են մասնագիտական գործունեություն՝ լուսաբանել են այցելուներին։ Նրանց թվում են եղել նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ու իր թիկնազորը։ Ի սկզբանե, թիկնազորի անդամները նկարահանող խմբին ասել են, որ Շահրամանյանը չի պատրաստվում հարցազրույց տալ, ինչին էլ մեր գործընկերներն ըմբռնումով են մոտեցել՝ հաշվի առնելով թե՛ վայրը, թե՛ այն անվտանգային մարտահրավերները, որոնք կարող են առաջացնել Շահրամանյանի խոսքերը։ Այսինքն՝ 24News-ի նկարահանող խումբը կարող էր ընդառաջ չգնալ այդ հորդորին, սակայն որոշել է ընդամենը նկարահանումներ իրականացնել։ Չնայած դրան՝ Շահրամանյանին ուղեկցող անձը, որի անունը, ըստ մեր տեղեկությունների Աշոտ Դանիելյան է, աչքի է ընկել խուլիգանական պահվածքով, հայհոյել լրագրողին ու օպերատորին, ինչպես նաև հրել վերջինիս։ Այս ամենը տեղի է ունեցել Շահրամանյանի ներկայությամբ, վերջինս ոչ մի կերպ չի սաստել իր աշխատակցին։  24News-ի խմբագրակազմը խստորեն դատապարտում է թե՛ Շահրամանյանի թիկնապահի, թե՛ անձամբ նրա պահվածքը, որն իր անգործությամբ կամ էլ թողտվությամբ խրախուսում է նման խուլիգանական դրսևորումները։
16:40 - 20 փետրվարի, 2024
24News-ի հայտարարությունը Եռաբլուրում տեղի ունեցած խուլիգանական միջադեպի կապակցությամբ

24News-ի հայտարարությունը Եռաբլուրում տեղի ունեցած խուլիգանական միջադեպի կապակցությամբ

24News լրատվական կայքի լրագրող Մերի Մանուկյանն ու օպերատոր Ասատուր Ասլանյանն այսօր՝ փետրվարի 20-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան Շարժման 36-րդ տարեդարձի առթիվ իրականացրել են մասնագիտական գործունեություն՝ լուսաբանել են այցելուներին։ Այս մասին հայտարարություն է տարածել լրատվական կայքը։  «Նրանց թվում է եղել նաև Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն ու իր թիկնազորը։ Ի սկզբանե, թիկնազորի անդամները մեր նկարահանող խմբին ասել են, որ Շահրամանյանը չի պատրաստվում հարցազրույց տալ, ինչին էլ մեր գործընկերներն ըմբռնումով են մոտեցել՝ հաշվի առնելով թե՛ վայրը, թե այն անվտանգային մարտահրավերները, որոնք կարող են առաջացնել Շահրամանյանի խոսքերը։ Այսինքն, 24News-ի նկարահանող խումբը կարող էր ընդառաջ չգնալ այդ հորդորին, սակայն որոշել է ընդամենը նկարահանումներ իրականացնել։ Չնայած դրան՝ Շահրամանյանին ուղեկցող անձը, որի անունը, ըստ մեր տեղեկությունների Աշոտ  Դանիելյան է, աչքի է ընկել խուլիգանական պահվածքով, հայհոյել լրագրողին ու օպերատորին, ինչպես նաև հրել վերջինիս։ Այս ամենը տեղի է ունեցել Շահրամանյանի ներկայությամբ, վերջինս ոչ մի կերպ չի սաստել իր աշխատակցին։ 24News-ի խմբագրակազմը խստորեն դատապարտում է թե՛ Շահրամանյանի թիկնապահի, թե՛ անձամբ նրա պահվածքը, որն իր անգործությամբ կամ էլ թողտվությամբ խրախուսում է նման խուլիգանական դրսևորումները։   Չնայած դրան՝ 24News-ը շարունակելու է հետևողականորեն լուսաբանել Արցախի Հանրապետության սուբյեկտայնության պահպանմանն ուղղված բոլոր միջոցառումները, որովհետև Արցախի Հանրապետությունը չի սկսել ու, հավատում ենք, չի էլ ավարտվելու Շահրամանյանով և յուր թիկնազորով։ Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի այսպիսի պահվածքը ստանա հնարավորինս լայն արձագանք ու դատապարտում»,- ասված է հայտարարության մեջ։
13:55 - 20 փետրվարի, 2024
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ Շահրամանյան

Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ Շահրամանյան

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը դեկտեմբերի 22-ին հանդիպել է այն պետական մարմինների ղեկավարների հետ, ովքեր շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։   Քննարկվել է բռնի տեղահանումից հետո արցախցիների հիմնախնդիրները, դրանց լուծման ուղղությամբ առանձնացվել առաջարկություններ:   Ներկայացնելով կատարված ու կատարվող աշխատանքները՝ նախագահ Շահրամանյանն ընդգծել է 2024 թվականին դրանք շարունակելու անհրաժեշտությունը, Ստեփանակերտի քաղաքապետին և շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարել շարունակել գույքագրել բռնի տեղահանված քաղաքացիների խնդիրներն ու պարբերաբար ներկայացնել կառավարությանը:   Անդրադառնալով վերջին շրջանում լայն քննարկում ստացած նախագահի՝ սեպտեմբերի 26-ի հրամանագրին՝ Սամվել Շահրամանյանն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:
11:38 - 23 դեկտեմբերի, 2023
Հայկ Խանումյանը զանգահարել է ինձ, հայտարարել, որ Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել իշխանությունը, կանգնեցնել ռազմական գործողությունները եւ գնալ բանակցությունների․ Շահրամանյան

Հայկ Խանումյանը զանգահարել է ինձ, հայտարարել, որ Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել իշխանությունը, կանգնեցնել ռազմական գործողությունները եւ գնալ բանակցությունների․ Շահրամանյան

Սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան Հայկ Խանումյանը զանգահարել է ինձ եւ հայտարարել, որ Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել իշխանությունը, կանգնեցնել ռազմական գործողությունները եւ գնալ բանակցությունների ադրբեջանական կողմի հետ: Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Նրա խոսքով ինքը առաջարկել է, որ դեմ չէ, թող Բաբայանը ներկայացնի իր ծրագիրը, եւ եթե այն իրենց համար ընդունելի է, ինքը պատրաստ է գնալ նաեւ այդ քայլերին: «Ինքն ասաց՝ ոչ, պետք է իշխանությունը հանձնվի իրեն, եւ ինքը իրականացնի մնացած գործընթացները: Ճիշտն ասած, ինձ համար այդ առաջարկը տարօրինակ էր, բայց կապ եմ հաստատել ադրբեջանական կողմի՝ մեզ հետ աշխատող պատասխանատուի հետ եւ փորձել ճշտել, թե կա՞ Արցախում ուրիշ թեկնածու, ում հետ պատրաստ են բանակցել, քանի որ Արցախում կային քննարկումներ, որ հնարավոր է Սամվել Բաբայանը կամ Վիտալի Բալասանյանը ավելի ընդունելի թեկնածուներ լինեն որպես բանակցող։ Ադրբեջանական կողմից ստացել եմ բացասական պատասխան։ Ինձ համար պարզ է եղել, որ դա արկածախնդրություն էր, եւ պետք է շարունակել բանակցությունները ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ», - ասաց Սամվել Շահրամանյանը։
23:14 - 28 հոկտեմբերի, 2023
Պայթյունը տեղի է ունեցել ՊՆ անձեռնմխելի պահեստում. Արցախի նախագահը՝ վառելիքի պահեստի պայթյունի մասին

Պայթյունը տեղի է ունեցել ՊՆ անձեռնմխելի պահեստում. Արցախի նախագահը՝ վառելիքի պահեստի պայթյունի մասին

Պայթյունը տեղի է ունեցել ՊՆ անձեռնմխելի պահեստում, որը մինչեւ ռազմական գործողությունները ձգտում էինք չօգտագործել, քանի որ նախատեսված էր հենց դրանց սկսման դեպքում օգտագործելու համար։ Այս մասին Արցախի Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Նշենք, որ խոսքը 2023թ. սեմտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի սահմանի ողջ երկայնքով հարձակման հետևանքով արցախցիների բռնի տեղահանության ժամանակ Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվող վառելիքի պահեստում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի մասին է։ Պայթյունի հետևանքով հաղորդվել է 100-ից ավելի զոհի, մոտ 300 վիրավորի և անհետ կորածների մասին։ Վերջնական թվեր չեն հաղորդվել, Արցախի ԱԻՊԾ-ի որոնողական աշխատանքները դադարեցված են։ «Մեր բնակչությունը խուճապի պայմաններում հայտնվել է այդ զորամասի պահեստում, չեն պահպանվել անվտանգության տարրական կանոնները․ իրականացվում էր այդ պահեստից ինքնուրույն դուրսբերում, և կանոնների խախտման պայմաններում տեղի է ունեցել պայթյունը»,- ասել է Արցախի նախագահը։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե անձեռնմխելի տարածքը ենթակա է պահպանության, չէ՞ր պահպանվում տարածքը, մեղավորներ կա՞ն, Շահրամանյանն ասել է․ «Մեր Քննչական կոմիտեի կողմից հարուցվել է համապատասխան քրեական գործ, այս պահին այն փոխանցված է ՀՀ ՔԿ-ին»։
23:12 - 28 հոկտեմբերի, 2023
Ռուսական կողմը, կարելի է ասել, գտնվում էր դիտորդի կարգավիճակում. Շահրամանյանը՝ սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիայի մասին

Ռուսական կողմը, կարելի է ասել, գտնվում էր դիտորդի կարգավիճակում. Շահրամանյանը՝ սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիայի մասին

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային ՀԸ-ին։ Շահրամանյանը հայտնել է՝ սեպտեմբերի 19-ի առավոտյան ինքը ռուս խաղաղապահների հրամանատարի մոտ է եղել. «Առաջին ազդակը, որ հնարավոր է՝ սկսվեն ռազմական գործողությունները, եղել է այն, որ Շուշիի տանկի հուշարձանի մոտ (կա 2 հենակետ՝ ռուսական ու ադրբեջանական), ադրբեջանական հենակետից մոտեցել են ռուսական հենակետին ու զգուշացրել, որ թաքցրեք անձնակազմը, շուտով կաշխատի հրետանին։  Այդ փաստը մենք ներկայացրել ենք ռուս խաղաղապահների հրամանատարին․ նրանք էլ էին տեղյակ դրա մասին, և ճշտումներից հետո հաստատվել է էդ փաստը։ Ինձ համար պարզ է եղել, որ որոշ ժամանակ անց հնարավոր է սկսվի ռազմական գործողությունը։ Արդեն տեւական ժամանակ մեր ԶՈՒ-ն ու ուժային կառույցները բարձր մարտական վիճակի բերված էին, համապատասխան հրահանգները տրված էին՝ այդ թվում քաղպաշտպանության հետ կապված»։ Նրա խոսքով ռուսական կողմը, «կարելի է ասել, գտնվում էր դիտորդի կարգավիճակում», և իրենք պետք է ունակ լինեին իրենց հարցերը մենակ կարգավորելու․ «Ռազմական գործողությունների սկսվելուց ժամեր անց ես հասկացել եմ, որ մենք մենակ ենք Ադրբեջանի այդ հարձակման դեմ։ ՊԲ-ի, ուժային այլ կառույցների նաև մեր բնակչության հետ միասին սկսվել են ռազմական գործողություններին պատասխան գործողությունները։ Հենց այդ գործողությունների շնորհիվ էր, որ հնարավոր եղավ ադրբեջանական կողմի հետ սկսել բանակցություններ, որը տևել է շուրջ 12 ժամ։ Մեզ համար պարզ էր, որ պետք է կանգնեցնել ռազմական գործողությունները, քանի որ ուժերը անհամեմատ էին ու ինչքան երկար շարունակեինք, այնքան կունենայինք զոհեր ու կորուստներ։ Իմ նպատակը որպես Արցախի նախագահ եղել է այն, որ մենք հնարավորինս արագ կանգնեցնենք ռազմական գործողությունները ու խուսափենք ավելի շատ զոհերից»։ Արցախի նախագահը հայտնել է, որ առաջինը, որ իրեն փոխանցել է ադրբեջանական կողմը բանակցությունների ընթացքում, այն է եղել, որ ռազմական գործողությունը ունի իր նպատակները, և մինչև չհասնեն վերջնական նպատակին, ռազմական գործողությունները չեն դադարելու։ «Իսկ նպատակը Արցախին լրիվությամբ տիրապետելն էր։ Հաշվի առնելով նաև, որ ադրբեջանական կողմն էլ էր կրում բավականին շատ կորուստներ, և հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մեր շրջանները գտնվում էին արդեն շրջափակման մեջ, հակառակորդը մոտեցել էր Ստեփանակերտին ու գտնվում էր Կրկժան կոչվող տեղամասին շատ մոտ՝ իրենց հատուկ ստորաբաժանումը և զինտեխնիկան։  Այդ իրավիճակում այլ բան, քան գնալ որոշակի զիջումների, մեզ չէր մնում, և ես առաջարկել եմ, որ իրենք ուղարկեն իրենց պահանջները՝ ռազմական գործողությունները անհապաղ դադարեցնելու համար։ Մեզ համար անընդունելի էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մնացորդներ ձևակերպումը, բայց դա ադրբեջանական կողմի պնդումն էր, և հասկանալով, որ մենք այդ փաստաթղթի տակ չենք ստորագրում ու ոչ մի իրավական պատասխանատվություն չենք վերցնում մեզ վրա․․․ , և առաջիկայում էլ և՛ բանավոր, և՛ գրավոր մենք իրենց [ադրբեջանական կողմին] տեղեկացնում էինք, որ մենք չունենք, ՀՀ ԶՈՒ-ն ներկայացված չէ Արցախում»,- հայտարարել է Շահրամանյանը։
22:52 - 28 հոկտեմբերի, 2023
Պարզ էր, որ մենք ծանր տեխնիկայով չէինք կարող դուրս գալ Արցախից, և այսօր խոսել ծանր տեխնիկայի դուրսբերման մասին, անիմաստ է․ Սամվել Շահրամանյան

Պարզ էր, որ մենք ծանր տեխնիկայով չէինք կարող դուրս գալ Արցախից, և այսօր խոսել ծանր տեխնիկայի դուրսբերման մասին, անիմաստ է․ Սամվել Շահրամանյան

Տեղյակ եմ, որ կան հարցադրումներ, թե ինչու է սպառազինությունը հանձնվել, թողնվել Արցախում։ Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամայնաը։ «Դրանք Հայաստան տեղափոխելու հնարավորությունը մենք կորցրել ենք Ադրբեջանի կողմից հսկիչ անցագրային կետի տեղադրումից հետո, և պարզ էր, որ մենք ծանր տեխնիկայով չէինք կարող դուրս գալ Արցախից, և այսօր խոսել ծանր տեխնիկայի դուրսբերման մասին, անիմաստ է։  Մենք այդ հայտարարության [ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ] համաձայն՝ ամբողջ սպառազինությունը հանձնել ենք ռուսական կողմին՝ հետագա ուտիլիզացիայի համար․ դա, ըստ պայմանավորվածության, պետք է ոչնչացվի», - նշեց Շահրամանյանը։ Շահրամանյանի խոսքով՝ Հայաստանը տեղյակ էր՝ Արցախն ինչ է ստորագրում․ «Քննարկում էինք ՀՀ իշխանությունների հետ այդ փաստաթղթերի հնարավոր վտանգները, բայց նորից եմ ասում՝ մեր նպատակը այդ իրավիճակում արցախցիների կյանքերը փրկելն էր»։ Շահրամանյանը նշում է, որ ինչ որոշում, որ կայացվել է Արցախի ղեկավարության և անձամբ իր կողմից, ունեցել է մի նպատակ՝ փրկել արցախցիների, բանակի և սպայակազմի կյանքերը, ինչը, նրա կարծիքով, կարողացել են իրականացնել։  «ՊԲ ողջ անձնակազմը, անցագրային կետով անցել է, և որևէ մեկը չի ձերբակալվել․ դա հենց եղել է մեր պայմանավորվածությունների արդյունքում։ Մենք պայմանավորվել էինք, որ ստուգումները պետք է անցկացվեն շատ թեթև կամ գրեթե չանցկացվեն, ինչը, սկզբնական շրջանում, հենց այդպես էլ իրականացվում էր»։
22:48 - 28 հոկտեմբերի, 2023
Կեղծ թեզ է, թե  Ադրբեջանի հարձակումը եղավ նոր նախագահի ընտրության պատճառով․ ես՝ որպես ԱԽ քարտուղար, մշտապես ստանում էի այդ տեղեկությունը վերջին ամիսներին

Կեղծ թեզ է, թե Ադրբեջանի հարձակումը եղավ նոր նախագահի ընտրության պատճառով․ ես՝ որպես ԱԽ քարտուղար, մշտապես ստանում էի այդ տեղեկությունը վերջին ամիսներին

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային ՀԸ-ին։ Խոսելով այն կարծիքի մասին, թե Ադրբեջանի վերջին հարձակումը տեղի է ունեցել նոր նախագահի ընտրության պատճառով, Շահրամանյանն այն կեղծ թեզ որակեց․ «Ադրբեջանական կողմը հաշվի չի առնում, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում Արցախում, պարզ է, որ իմ ընտրվելուց հետո չէ մշակվել ռազմական գործողությունների այդ պլանը․ դա նախօրոք պատրաստված էր, և դուք տեղյակ եք, որ մենք 9 ամիս եղել ենք բլոկադայի մեջ, վերջին 4 ամիսները՝ պաշարման մեջ, ինչ խնդիրներ ենք ունեցել ներքին կյանքում։ Վերջին ամիսներին ես՝ որպես Անվտանգության խորհրդի քարտուղար, մշտապես ստանում էի այդ տեղեկությունը, և մենք պարբերաբար քննարկում էինք, թե ինչ կուտակումներ է իրականացնում Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով, նաև ծանր տեխնիկա, հրետանի, մեծ քանակով անձնակազմ՝ այդ թվում հատուկ նշանակության։ Եվ խոսել, որ վերջին օրերին է այդ գաղափարը ծագել և ընտրությունների հետ է կապված, ինձ թվում է՝ ճիշտ չի ու կեղծ թեզ է»։
22:39 - 28 հոկտեմբերի, 2023
Արցախի պետական ապարատի աշխատակիցների մի մասը ստացել է աշխատավարձ․ Մետաքսե Հակոբյան |tert.am|

Արցախի պետական ապարատի աշխատակիցների մի մասը ստացել է աշխատավարձ․ Մետաքսե Հակոբյան |tert.am|

tert.am: Արցախի պետբյուջեի հաշվին պետական ապարատի աշխատակիցների մի մասն արդեն ստացել են սեպտեմբերի աշխատավարձը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել է ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Նրա փոխանցամբ, սակայն, աշխատավարձն ամբողջությամբ չի վճարվել, այլ՝ պահումներով։ «Կառավարության անդամները և աշխատակիցները, պատգամավորները, ինչպես նաև ուսուցիչները ստացել են աշխատավարձ։ Շատ մեծ տարբերությամբ են աշխատավարձը վճարել, բայց փոխանցումներն արվել են։ Չեմ կարող ասել՝ ամբողջ համակարգը ստացել է, թե՝ ոչ, բայց պատագամավորների և ուսուցիչների մասով կարող եմ վստահեցնել։ Իմ ունեցած տեղեկություններով՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ դեռ բժիշկներն աշխատավարձ չէին ստացել»,- մանրամասնեց նա։ Հիշեցնենք, որ Արցախի պետաշխատողների աշխատավարձի հարցը մեծ աղմուկ էր բարձրացրել: Թեև Սամվել Շահրամանյանի հրամանագրով Արցախի պետական գերատեսչությունները մինչև 2024-ի հունվարի 1-ը գործում են, այսինքն՝ փաստացի մինչև տարեվերջ պետաշխատողները պետք է վճարվեն, սակայն, ինչպես հետո պարզվեց, նրանք անգամ սեպտեմբերի աշխատավարձերը չէին ստացել: Օրերս էլ արցախցիները հավաքվել էին Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ և բողոքում էին Արցախի նախագահի հոկտեմբերի 19-ի ստորագրած հրամանագրից, համաձայն որի հոկտեմբերի 1-ից աշխատավարձ չեն ստանալու։
18:25 - 28 հոկտեմբերի, 2023
ԼՂ նախագահը պետք է կողմնորոշվի՝ ստորագրե՞լ է ԼՂ-ն լուծարելու փաստաթուղթ, թե՞ ոչ․ Անդրանիկ Քոչարյան |armenpress.am|

ԼՂ նախագահը պետք է կողմնորոշվի՝ ստորագրե՞լ է ԼՂ-ն լուծարելու փաստաթուղթ, թե՞ ոչ․ Անդրանիկ Քոչարյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի իշխանությունները ցանկանում են, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատասխանեն այն հարցերին, որոնց սպասում է արցախահայությունը:  Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Ուզում ենք, որպեսզի Արցախի իշխանությունները պատասխանեն այն հարցերին, որոնց սպասում են արցախահայերը Հայաստան տեղափոխվելուց հետո։ Այդ իշխանությունները մի օր ասում են՝ «ստորագրել ենք», մի օր ասում են՝ «չենք ստորագրել», մի օր ասում են՝ «այս պաշտոնյաները պետք է պաշտոնյա մնան, մյուսները պետք է չմնան», մեկ էլ ասում է՝ «պետք է գլուխ ջարդենք»։ Ես էլ ասում եմ՝ չէ, պարո՛ն Շահրամանյան, դուք 22 ձայնով ընտրված նախագահ եք, եկել է ժամանակը գլուխներ փրկելու, գլուխներ ջարդել չպետք է լինի»,- նշեց նա։  Քոչարյանն ընդգծեց՝ ԼՂ նախագահը պետք է կողմնորոշվի՝ ստորագրե՞լ է ԼՂ-ն լուծարելու փաստաթուղթ, թե՞ ոչ։ «Շահրամանյանը եթե չի ստորագրել ԼՂՀ-ն լուծարելու փաստաթուղթը, այդ դեպքում ինչո՞ւ է գտնվում Հայաստանում, ինքը պետք է պաշտոնավարեր Լեռնային Ղարաբաղում։ Ինչո՞ւ արցախահայությունը լքեց իր բնակավայրը»,- եզրափակեց Քոչարյանը։  Հոկտեմբերի 20-ին Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության մոտ բողոքի ակցիա էին անցկացնում մի խումբ արցախցիներ՝ պահանջելով հանդիպում ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։ Նրանք պահանջում էին, որպեսզի ԼՂ նախագահը պարզաբանում ներկայացնի 2024 թվականի հունվարից ԼՂ-ն լուծարելու վերաբերյալ հրամանագիրը ստորագրելու հարցի շուրջ։ Ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը Շահրամանյանը վստահեցրեց, որ որևէ մեկը չի կարող Լեռնային Ղարաբաղը լուծարելու մասին հրամանագիր ստորագրել՝ նշելով, որ ավելին այդ պահին չի կարող ասել և հետագայում պարզաբանումներով հանդես կգա։ 
13:08 - 23 հոկտեմբերի, 2023