«Իմ քայլը» հիմնադրամ

«Իմ քայլը» հիմնադրամն ստեղծվել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից: Հիմնադրամի տեսլականն է լուծումներ գտնել բոլոր այն խնդիրների համար, որոնք այս կամ այն պատճառով այս պահին չեն կարող հասցեագրվել կառավարության կողմից: 

Առաքելությունն է նպաստել առողջ, կրթված և ներառական հասարակության կայացմանը, որտեղ բոլորն ունեն իրենց ներուժը բացահայտելու և իրացնելու հավասար հնարավորություններ։ 

Նպաստելու այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ հասարակության յուրաքանչյուր անդամ պատասխանատվություն է ստանձնում ինչպես սեփական, այնպես էլ հանրային բարեկեցության համար։

Որպես առաքելության իրականացման ուղենիշ սկզբունք որդեգրված է երկարաժամկետ ազդեցություն ունեցող ծրագրերի իրականացումը։

Աննա Հակոբյանը նշանակվել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի տնօրեն

Աննա Հակոբյանը նշանակվել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի տնօրեն

Մարտի 13-ին և 14-ին տեղի է ունեցել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի երկու արտահերթ նիստ՝ օրակարգում ունենալով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի և գործադիր տնօրենի փոփոխության հարցերը: Առաջին արտահերթ նիստով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների միաձայն որոշմամբ Խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Մարտի 14-ի նիստում քննարկվել է հիմնադրամի գործադիր տնօրենի փոփոխության հարցը: Հոգաբարձուների խորհրդի նախագահի առաջարկությամբ և խորհրդի մյուս անդամների միաձայն որոշմամբ Հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Աննա Հակոբյանը: Աննա Հակոբյանը, մինչև հիմնադրամի գործադիր տնօրեն նշանակվելը, սեփական դիմումի համաձայն դուրս էր եկել Հոգաբարձուների խորհրդի կազմից և այդպիսով նաև թողել էր խորհրդի նախագահի պաշտոնը: «Մխիթար Հայրապետյանի նախարար նշանակվելուց հետո «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ծրագրերի անխափան իրագործումը և հիմնադրամի հետագա բնականոն գործունեությունն առավել արդյունավետ ապահովելու համար անհրաժեշտ է, որ ստանձնեմ հիմնադրամի գործադիր տնօրենի պարտականությունները՝ թողնելով Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը և դուրս գալով Հոգաբարձուների խորհրդից: Տնօրենի կարգավիճակն ինձ հնարավորություն կտա ավելի շատ ժամանակ տրամադրել ծրագրերի իրագործմանը և այս մոդելի փորձարկումը հիմնադրամին նոր լիցք տալու նպատակ ունի նաև: Սա մեր գործերի տեսանելիությունը, հաշվետվողականությունն ու թափանցիկությունն ապահովելու լրացուցիչ գործոն կդառնա։ Շնորհակալ եմ հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին այս տեսլականը կիսելու, գործադիր տնօրենի կարգավիճակն ինձ վստահելու և Մխիթար Հայրապետյանին՝ հոգաբարձուների խորհրդի նախագահությունը ստանձնելու համար: Ընթացիկ ծրագրերի արդյունավետ իրագործումն ապահովելուն զուգընթաց կփորձենք ռազմավարական նոր ծրագրեր մեկնարկել: Կրկին շնորհակալություն եմ հայտնում հիմնադրամի բոլոր նվիրատուներին»,- հոգաբարձուների խորհրդի նախագահի և անդամի կարգավիճակը թողնելը և հիմնադրամի տնօրեն նշանակվելը մեկնաբանել է Աննա Հակոբյանը:
21:00 - 14 մարտի, 2024
ԱԺ-ի, քաղաքական մեծամասնության, ընդդիմության լիազորությունների մեջ է մտնում լավագույն օրենսդրությունը ստեղծելը, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել արդար և թափանցիկ ընտրություններ․ Մակունց

ԱԺ-ի, քաղաքական մեծամասնության, ընդդիմության լիազորությունների մեջ է մտնում լավագույն օրենսդրությունը ստեղծելը, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել արդար և թափանցիկ ընտրություններ․ Մակունց

Ընտրությունների անցկացման համատեքստում եկեք ընդգծենք, որ յուրաքանչյուր մարմին ունի իր լիազորությունների շրջանակը։ Ազգային ժողովի, քաղաքական մեծամասնության, ինչպես նաև ընդդիմության լիազորությունների մեջ է մտնում լավագույն օրենսդրությունը ստեղծելը, լավագույն օրենսդրություն ունենալը, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել արդար և թափանցիկ ընտրություններ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։  Մակունցն իր խոսքում նշեց, որ ընտրությունների կազմակերպման համատեքստում՝ հատուկ և առաջնային կարևորագույն դեր ունի Կենտրոնական ընտրական հանձնաժողվոը, կան նաև այլ ստորաբաժանումներ և այլ մարմիններ, որոնք ունեն առանձին գործառույթներ։ Պատգամավորի խոսքով պետք  է հստակ առանձնացվեն թե՛ որն է Ազգային ժողովի, քաղաքական մեծամասնության և ընդդիմության դերը այս հարցում։ Անդրադառնալով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հարցին, թե ինչո՞ւ աշխատանքներ չեն կատարվում հանրապետության նախագահի հետ, որպեսզի վերջինս սեղմ ժամկետներում ստորագրի փոփոխությունների փաթեթները և առարկություններ չունենա, Մակունցն ասաց․ «Ինչ վերաբերում է նախագահի հետ աշխատանքին, ուզում եմ տեղեկացնել,որ 2020 թվականի դեկտեմբերի վերջին ես և իմ գործընկեր Համազասպ Դանիելյանը նախագահի հետ ունեցել ենք հանդիպում և ներկայացրել ենք ոչ միայն «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը, այլ նաև ներկայացրել ենք ընդհանուր Ընտրական օրենսգրքի փաթեթի մասին տեղեկությունը։ Ինչպես գիտեք, ԸՕ-ն մենք ընդհանուր առմամբ բաժանել ենք 3 մասի՝ համամասնական ցուցակների հետ կապված,որն արդեն ընդունվել է, երկրորդ՝  այսօրվա մեր քննարկման առարկան, և երրորդը՝  արդեն կլինի մյուս փաթեթը։ Այո՛, ես անձամբ նախագահի աշխատակազմին եմ ուղարկել այն փաթեթը, որի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն և նաև առաջարկել եմ, որ եթե անհրաժեշտութուն լինի նախագահի աշխատակազմի կազմակերպմամբ մեն պատրաստ ենք քննարկել առանձին դետալներ և նաև ի գիտություն ընդունել բովանդակային առումով իրենց դիտարկումները։ Այդ առումով դեռևս արձագանք չեմ ստացել»։ Նշենք, որ այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում երկու հարց է՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: 
12:06 - 28 ապրիլի, 2021
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի տնօրենը դադարեցնում է իր գործունեությունը հիմնադրամում

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի տնօրենը դադարեցնում է իր գործունեությունը հիմնադրամում

Հովհաննես Ղազարյանը հայտարարել է, որ դադարեցնում է գործունեությունը որպես «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն: Ֆեյսբուքի իր էջում նա գրել է.«Ս.թ. դեկտեմբերի 1-ին ներկայացրածս դիմումի համաձայն այսօրվանից դադարեցնում եմ իմ գործունեությունը որպես ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն: Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել մեր բարերարներին, աջակիցներին և գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում թիմիս նվիրված և պրոֆեսիոնալ աշխատանքի համար: Իմ պաշտոնավարման երկամյա ճանապարհին հասցրել ենք մշակել և իրականացնել ծրագրեր, որոնք բխում են մեր երկրի իրական կարիքներից և առաջարկում համակարգային լուծումներ։ Հավատացած եմ, որ այսօրինակ ծրագրերով է հնարավոր միայն լուծել կոնկրետ խնդիրներ և քայլել ժամանակին համահունչ: Սա հնարավոր է դարձել մասնագիտական ու մարդկային ամենաբարձր հատկանիշներով օժտված մարդկանց նվիրվածության ու ջանքերի համախմբման շնորհիվ:Այսօր այդ ճանապարհն ընդհատվում է: Որոշումս պայմանավորված ու հիմնավորված է պետության զարգացման, ապագայաստեղծ ծրագրերի ու պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ իմ պատկերացումներով։ Լիովին ըմբռնելով օրվա հրամայականները՝ համոզված եմ, որ չենք կարող մեզ թույլ տալ հրաժարվել ապագայի հետ կապող օրակարգերից և զարգացման ծրագրերից, որոնք մեր երկարաժամկետ անվտանգության երաշխիքներից են։Այո՜, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ու որպես հայ՝ ունեմ նաև սկզբունքային անհամաձայնություններ մեր երկրում ընթացող քաղաքական գործընթացների, ստեղծված աղետի շուրջ օրակարգ բերվող պատճառաբանությունների հետ։ Դեռևս նոյեմբերի 16-ին, ի արձագանք ստեղծված իրավիճակի, հանդես եմ եկել հայտարարությամբ, որին կարող եք ծանոթանալ այստեղ։ Ծանրագույն օրերը, որ ապրեցինք այս տարի ու դեռ շարունակում ենք ապրել, ընդգծեցին մեր երկրի բացերը, կառավարման թերությունները, վերհանեցին տարիներով կուտակված խնդիրները։ Ցավո՜ք, մեր սխալների ու բացթողումների համար չափազանց թանկ վճարեցինք:Հանուն հերոսաբար ընկածների, հանուն մեր սգավոր մայրերի, հանուն մեր երեխաների, հանուն մեր ազգի ու ապագայի՝ մենք պետք է ապրենք ու կառուցենք բարձր դիմադրողականություն ունեցող կենսունակ պետություն:Հիմա, առավել քան երբևէ, մենք պարտավոր ենք ծնկած վիճակից ելնել՝ զարկ տալով մեր գիտական ու կրթական ներուժին՝ ապավինելով տեղեկատվական ու տեխնոլոգիական առաջընթացին, ու ամենակարևորը՝ ապավինելով մեր համախմբման ներուժին: Սա է մեր երեխաներին ամուր Հայրենիք ժառանգելու միակ ուղին: Լիահույս եմ, որ գաղափարակիցներով կկարողանանք կյանքի կոչել այն»:
22:06 - 30 դեկտեմբերի, 2020
Ստեփանակերտի քաղաքապետարանը որևէ առնչություն չուներ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից նախատեսված ամանորյա միջոցառման եւ նրա ընթացքավորման հետ

Ստեփանակերտի քաղաքապետարանը որևէ առնչություն չուներ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից նախատեսված ամանորյա միջոցառման եւ նրա ընթացքավորման հետ

Ստեփանակերտի քաղաքապետարանը որևէ առնչություն չուներ Վալլեքս Գարդեն Հոթելի բակում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից նախատեսված ամանորյա միջոցառման, այդ նախաձեռնության և նրա ընթացքավորման հետ։ Այս մասին հայտնել է Ստեփանակերտի քաղաքապետարանը։ «Հարգելի՛ հայրենակիցներ, վերջին օրերին հիմնականում սոցիալական տիրույթում քննարկումների, հաճախ նաև շահարկումների թեմա էր դարձել Վալլեքս Գարդեն Հոթելի բակում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից նախատեսված ամանորյա միջոցառումը: Ի սկզբանե տեղեկացնենք, որ Ստեփանակերտի քաղաքապետարանը որևէ առնչություն չուներ այդ նախաձեռնության և նրա ընթացքավորման հետ: Բայց, հետևելով հանրության շրջանում իրարամերժ տրամադրություններին, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները կապ են հաստատել հիմնադրամի պատասխանատուների հետ, և վերջիններս, հաշվի առնելով մեր մտահոգությունները, վերանայել են իրենց որոշումը:Արդյունքում, միջոցառման նախապատրաստական աշխատանքները դադարեցվել են: Նաև տեղեկացնում ենք, որ այս տարի Ստեփանակերտը Ամանորը տոնական հանդերձանքով չի դիմավորի: Սա նախևառաջ հարգանքի տուրք կլինի մեր զոհերի հիշատակին, միևնույն ժամանակ ունեցած սուղ միջոցները կուղղվեն պատերազմից վիրավոր մեր քաղաքի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների կարգավորմանը… Եվս մեկ անգամ խոնարհվում ենք մեր նահատակների հիշատակի առաջ և վերահաստատում՝ Արցախն ապրեցնելու ենք»։
17:55 - 26 դեկտեմբերի, 2020
Որոշվել է չեղարկել միջոցառումը երեխաներին կրկնակի սթրեսի չենթարկելու համար․ «Իմ քայլը» հիմնադրամ

Որոշվել է չեղարկել միջոցառումը երեխաներին կրկնակի սթրեսի չենթարկելու համար․ «Իմ քայլը» հիմնադրամ

«Իմ քայլը» հիմնադրամի հովանավորությամբ դեկտեմբերի 26-ին և 27-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում նախատեսվում էր իրականացնել ամանորյա կրթաժամանցային մանկական միջոցառում, որտեղ երեխաները հնարավորություն կունենային 10 թեմատիկ տաղավարում էլֆերի հետ միասին ձևավորել թխվածքաբլիթներ, պատրաստել խաղալիքներ ու բացիկներ, գունազարդել կավե արձանիկներ ու պաստառներ, գիտափորձեր անցկացնել «փոքրիկ գիտնականների լաբորատորիայում», հյուրասիրվել տաք շոկոլադով ու թարմ վաֆլիով, փոքրիկ նվերներ ստանալ Ձմեռ պապից ու խաղալ հեքիաթային կերպարների հետ։ Հիմնադրամը տեղեկացնում է, որ միջոցառման նպատակը երեխաներին հետպատերազմական ծանր մթնոլորտից մի փոքր կտրելն ու մի փոքրիկ հեքիաթային անկյուն պարգևելն էր։ Միջոցառմանը նախորդող մոտ երկու շաբաթների ընթացքում Հիմնադրամի աշխատակիցները հետաքրքրվում էին հանրության և հատկապես տեղահանված բնակչության շրջանում, թե արդյո՞ք կցանկանան երեխաներին տանել կրթաժամանցային միջոցառման, և ստանում էին միանշանակ դրական արձագանք։ «Արդեն երեկ Հիմնադրամի աշխատակիցներին մոտենում էին երեխաները և անհամբերությամբ հետաքրքրվում, թե երբ են մասնակցելու միջոցառմանը։ Սակայն միջոցառման նախօրեին սոցիալական ցանցերում կեղծ լուրեր տարածվեցին այն մասին, թե նախատեսվում է համերգ։ Առավոտյան կազմակերպիչները պոկած և թափված գտան տոնածառի ճյուղերն ու խաղալիքները, իսկ հավաքված մի խումբ տղամարդիկ պահանջեցին ապամոնտաժել տաղավարները։ Սոցիալական ցանցերում արդեն իսկ հնչում էին կոչեր տաղավարները վառելու, ինչպես նաև՝ երեխաների մուտքը միջոցառմանը խոչընդելու վերաբերյալ։ Հաշվի առնելով, որ նպատակը պատերազմի ընթացքում երեխաների տարած սթրեսը մեղմելն էր, որոշվեց չեղարկել միջոցառումը՝ երեխաներին կրկնակի սթրեսի չենթարկելու համար»,- ընդգծել է Հիմնադրամը, նաեւ նշել, որ միջոցառման կազմակերպչական աշխատանքները համակարգվել են ԱՀ կառավարության հետ։
22:06 - 25 դեկտեմբերի, 2020
«Իմ քայլը» հիմնադրամը և Հայկական Կարմիր խաչը հոգեբանական աջակցություն են ցուցաբերում զինծառայողների ընտանիքներին

«Իմ քայլը» հիմնադրամը և Հայկական Կարմիր խաչը հոգեբանական աջակցություն են ցուցաբերում զինծառայողների ընտանիքներին

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ, հոգեբանական աջակցություն է ցուցաբերում Արցախյան պատերազմի հետևանքով ծանր հոգեբանական դրության մեջ հայտնված ընտանիքներին, որոնք ունեն գերության մեջ գտնվող կամ անհայտ կորած ընտանիքի անդամներ:   Հիմնադրամի սոցիալական հարցերով պատասխանատուներն իրականացնում են կարիքների գնահատում ու կազմակերպում մասնագետների հանդիպումներ մայրերի, ինչպես նաև ընտանիքների մյուս, հատկապես՝ կրտսեր անդամների հետ:   Հայկական Կարմիր խաչի ընկերության հոգեբանները կապ են հաստատում աջակցության կարիք ունեցող և հաղորդակցության համար պատրաստ անձանց հետ, այցելում նրանց բնակարաններ:   Ընտանիքների հետ աշխատող Հայկական Կարմիր խաչի ընկերության հոգեբանների թիմի անդամներն ասում են, որ պատերազմի ամենածանր հետևանքներից է զինծառայողների ընտանիքների հոգեկան առողջությունը։ Այս խնդրի անտեսումը կամ հետաձգումը կարող է լուրջ հետևանքներ թողնել նրանց կյանքի հետագա ընթացքի վրա, և հոգեբաններն իրենց պատրաստակամությունն են հայտնում շարունակելու իրենց կողմից տրամադրվող հոգեբանական աջակցությունը՝ լինելով այդ ընտանիքների կողքին և կիսելով նրանց վիշտն ու հույզերը։   
19:20 - 08 դեկտեմբերի, 2020
Աննա Հակոբյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող տղաներին

Աննա Հակոբյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող տղաներին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 27-ին այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շրջել կենտրոնի հիվանդասենյակներով, մարզասրահներով, ծանոթացել պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և կենտրոնում վերականգնողական բուժում ստացող տղաների հետ: Այս մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը։ Կենտրոնի ընթերցասրահում տեղի է ունեցել նաև անկեղծ զրույց, որի ընթացքում տղաները պատմել են իրենց մարտական ուղու մասին, բարձրացրել իրենց հուզող հարցերը, դիտարկումներ արել ինչպես բանակի ու պատերազմի, այնպես էլ երկրի առաջ ծառացած խնդիրների մասին: Կենտրոնում վերականգնվող արցախցի զինվորական Արթուր Աբրահամյանը պատմել է, որ աներկբա որոշում ունի՝ վերադառնալ Արցախ ու զրոյից սկսել կառուցել իր տունը, բանակը, երկիրը, միասնական, համերաշխ ու հաստատակամ լինել նորից հաղթելու համար: Աննա Հակոբյանը լսել է բոլորին, պատասխանել հարցերին և, ի դեմս հանդիպման ներկաների, հավաստիացրել, որ բոլոր վիրավորներն ու տուժածներն իրենց կյանքի որակի բարձրացման համար ստանալու են անհրաժեշտ բուժօգնություն, բոլորը լինելու են հոգածության տակ: «Ինձ համար կարևոր է ինչպես զինվորների ֆիզիկական, այնպես էլ հոգեկան ամրությունը: Օր առաջ սկսելու ենք ձեր վերականգնումը, դրանում չկասկածե՛ք»,- նշել է Հակոբյանը: «Զինվորները շնորհակալություն հայտնեցին կենտրոնի անձնակազմի, բժիշկների մասնագիտական ու մարդկային որակների, ստացած ջերմության համար: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և վերականգնողական կենտրոնի աշխատանքները համակարգող «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը ներկայացրեցին կատարված և ընթացիկ աշխատանքը, բարձրացրեցին խնդիրներ, որոնք ենթակա են կարգավորման:  
19:05 - 27 նոյեմբերի, 2020
Աննա Հակոբյանը շրջայցեր է կատարում հումանիտար օգնության կայաններում

Աննա Հակոբյանը շրջայցեր է կատարում հումանիտար օգնության կայաններում

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հիմնադրամի սոցիալական հարցերով պատասխանատուների ուղեկցությամբ այս օրերին շրջայց է կատարում ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբին կից, ՀՀ ԱԻՆ-ի վերահսկողությամբ և վարչական շրջանների միջոցով կազմակերպված, ինչպես նաև անհատ բարերարների, կամավորների ջանքերով գործող հումանիտար օգնության կայաններում:   Տեղում ծանոթանալով կատարված աշխատանքին՝ գնահատվում են այս պահին խիստ անհրաժեշտության կարիքները, որ կազմակերպվեն դրանց ձեռքբերումն ու հասցեական բաշխումը:   Այսօրվա համար պարզ դարձավ, որ առաջացել է մանկական տակդիրների, կերերի և մսամթերքի պակաս, որի լրացումն արագ կազմակերպվեց: Բացի այդ, հիմնադրամի սոցիալական ոլորտի աշխատակիցները կապ են հաստատում Երևանի վարչական շրջաններում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի ընտանիքների հետ, լսում նրանց, ուսումնասիրում ստացած օգնության բավարարությունը, գրանցում կարիքները, որ առավել արդյունավետ կազմակերպվեն հումանիտար աջակցությունը և դրա շարունակականության ապահովումը:   Շրջայցերը շարունակական են լինելու, մինչև տրվի ապրելու համար առաջին անհրաժեշտության բոլոր կարիքների լուծումը:   Տիկին Հակոբյանն իր երախտիքն է հայտնում այն անհատներին, կազմակերպություններին, որ պատերազմի թեժ օրերին՝ թշնամու առաջին կրակոցից սկսած, ինքնակազմակերպվեցին, բռունցք դարձան ու սատար կանգնեցին արցախցուն:   «Կեցցե՛ք, շնորհակալ ենք»,- այսպես է տիկին Հակոբյանն ավարտում իր զրույցը կամավորների հետ հանդիպումների ժամանակ:
20:16 - 26 նոյեմբերի, 2020
«Իմ քայլը» հիմնադրամը արտերկրի բուհերում ուսանելու համար կրթաթոշակներ է շնորհել հայ երիտասարդներին

«Իմ քայլը» հիմնադրամը արտերկրի բուհերում ուսանելու համար կրթաթոշակներ է շնորհել հայ երիտասարդներին

«Իմ քայլը» հիմնադրամն արտասահմանյան լավագույն համալսարաններում ուսանելու համար կրթաթոշակներ է շնորհել հայ երիտասարդներին: Այս մասին տեղեկացրին հիմնադրամի լրատվական ծառայությունից: «Իմ քայլը» հիմնադրամի Կրթաթոշակային ծրագրի 2020 թ. կրթաթոշակառուներին հավաստագրերի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Օշականի մշակույթի պալատում տեղի է ունեցել Կրթաթոշակային ծրագիրը, որի հիմքում կրթության միջոցով մարդկային կապիտալի զարգացումն է, «Իմ քայլը» հիմնադրամի հիմնական ուղղություններից մեկն է։ Ներկայումս 45 երիտասարդ հնարավորություն ունի ուսանելու իր մասնագիտությամբ աշխարհի լավագույն բուհերում՝ Հայաստան վերադառնալու և սովորածը հանուն Հայրենիքի զարգացման ներդնելու պարտադիր պահանջով: Կրթաթոշակները տրամադրվել են դիմորդների հայտադիմումի, դրան կցած փաստաթղթերի և ընտրական հանձնաժողովի հետ հարցազրույցի արդյունքների ամփոփումից հետո: Հիմնադրամը ֆինանսավորում է Հայաստանի զարգացման առաջնահերթություններից բխող մասնագիտություններով (գյուղատնտեսություն, անասնաբուժություն, առողջապահության կառավարում, բժշկություն, տվյալագիտություն, վիճակագրություն, քաղաքաշինություն և այլն) ուսուցումը: Կրթաթոշակառուներին հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հիմնադրամի բարերարներ, հոգաբարձուների խորհրդի անդամներ և տարբեր տարիների կրթաթոշակառուներ: Միջոցառման բացման խոսքով հանդես է եկել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, որ մասնավորապես նշել է. «Հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի նպատակն է հնարավորություն տալ հայ երիտասարդներին աշխարհի լավագույն բուհերում ձեռք բերել Հայաստանի կայուն զարգացման համար պահանջվող մասնագիտություններ: Ակնհայտ է, որ աշխարհի լավագույն կրթօջախների հետ մշտական կապն անհրաժեշտություն է Հայաստանի շարունակական առաջընթացի համար։ Այն ժամանակակից աշխարհի հետ համաքայլ շարժվելու կարևոր հնարավորություն է, այստեղ, թերևս, այլ տարբերակ չունենք: Այս գիտակցումն, անկախ պատմական հանգամանքներից, միշտ էլ առկա է եղել մեզանում։ Պետականության բացակայության պայմաններում մեծանուն հայազգի մեկենասների հեռատեսության ու ջանքերի շնորհիվ տաղանդաշատ հայ երիտասարդները, որոնք իրենց հետագիծն են թողել մեր ինքնության վրա, արտասահմանում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն են ունեցել: Հետագայում ստեղծվեցին նաև հիմնադրամներ, երիտասարդների՝ արտերկրում սովորելու միջոցով մեր հասարակության ու երկրի զարգացման ընթացքն արդյունավետ ու կազմակերպված դարձնելու նպատակով: Վստահ ենք, որ ժամանակի ընթացքում այս ձեռնարկումները կդրվեն ինստիտուցիոնալ հիմքերի վրա՝ գիտելիքի ներուժն առավելագույնս արդյունավետ ու թիրախային օգտագործելու նպատակով։ Կթաթոշակային ծրագրի կայացման համար երկու տարի շարունակ ջանք չենք խնայել: Այս ընթացքում հաջողել ենք ծրագրին հաղորդել թափանցիկություն, ապահովել վստահության շեմի բարձրացում, մշակել ու կարգավորել ողջ ընթացակարգը՝ կրթաթոշակի հայտարարումից մինչև վերադարձ Հայաստան: Ծրագրի արդյունավետության բարձրացման գործընթացը լինելու է շարունակական։ Ընդամենը երեք տարվա ընթացքում մենք ձևավորել ենք կրթաթոշակառուների համայնք. շուրջ 100 մասնագետ, որոնցից յուրաքանչյուրը կարող է մեծ փոփոխության ալիք բերել իր ոլորտում: Շատ ուրախ եմ, որ հետզհետե փոխվում է Հայաստանի երիտասարդության պատկերացումները պահանջված մասնագիտություների մասին: Այո,՛ մեզ պետք են երկիր կառուցող անհատներ, առաջատար մասնագետներ՝ բժիշկներ, շինարարներ, գյուղատնտեսներ, տվյալագետներ, անասնաբույժներ, ճարտարագետներ և այլն: Սիրելի՛ կրթաթոշակառուներ, դուք ներդրում եք անում ինչպես ձեր անհատական կայացման, այնպես էլ՝ պետության զարգացման գործում: Այսօր Հիմնադրամի բարերարների ու պետական աջակցության շնորհիվ ունենք եզակի հնարավորություն կյանքի կոչելու ձեր ու մեր երազանքը։ Բարի երթ, բարի վերադարձ»: ՀՀ ԿԳՄՍ նախարարտի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն էլ ընթերցել է նախարար Արայիկ Հարությունյանի` ուսանողներին ուղղված ողջույնի խոսքը, որտեղ մասնավորապես ասված է. «Խրախուսելով Հայաստանում կայուն մասնագիտական աճը, երկրի ոլորտային զարգացումն ու առաջխաղացումը՝ 2018 թ.-ից ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամը կրթաթոշակ է շնորհում աշխարհի առաջատար ուսումնական հաստատություններ ընդունված այն երիտասարդներին, որոնք ցանկանում են ձեռք բերել Հայաստանի կայուն զարգացման առաջնահերթություններից բխող մասնագիտություններ և իրենց գիտելիքն ու հմտությունները ծառայեցնել մեր հայրենիքի առաջընթացին։ Եվ այսօր Հիմնադրամի Կրթաթոշակային ծրագրի շրջանակում հպարտությամբ և պատասխանատվությամբ այս խորհրդանշական վայրում 2020 թ. շահառուներին հանձնում ենք իրենց հավաստագրերը»։ Ներկաների հետ իրենց հաջողության պատմությամբ կիսվել են Հիմնադրամի 2019 թ. կրթաթոշակային ծրագրի շրջանավարտ, տնտեսագետ Առնո Մուրադյանը և 2020 թ. կրթաթոշակառու, բժիշկ-համաճարակաբան Քրիստինա Հակոբյանը: Միջոցառման ավարտին ուսանողներին հանձնվել են կրթաթոշակների հավաստագրերը։
22:53 - 08 սեպտեմբերի, 2020
Շահագործման են հանձնվել Տանձուտ և Այգեշատ համայնքների միջնակարգ դպրոցների մարզադահլիճները

 |armenpress.am|

Շահագործման են հանձնվել Տանձուտ և Այգեշատ համայնքների միջնակարգ դպրոցների մարզադահլիճները |armenpress.am|

armenpress.am: Արմավիրի մարզի Տանձուտ և Այգեշատ համայնքներում սեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ միջնակարգ դպրոցների վերանորոգված և կահավորված մարզադահլիճների, հանդերձարանների, սանհանգույցների ու հարակից տարածքի բացման արարողությունը: Միջոցառումներին ներկա էին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ինչպես նաև որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործընկեր՝ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան: Դպրոցներ մարզադահլիճները վերանորոգվել են «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագրի շրջանակներում: Գլխավոր նվիրատուն «Իզմիրլյան» հիմնադրամն է, իսկ ծրագրի գործընկերներն են՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և «Անտարես» մեդիա հոլդինգը: «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը շնորհակալություն հայտնեց «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակին՝ գործընկերության և Տանձուտի ու Այգեշատի դպրոցներում վերանորոգման աշխատանքները համաֆինանսավորելու համար, ինչպես նաև «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին՝ մարզագույք նվիրելու համար: «Լիահույս ենք, որ մեր համագործակցությունը երկարաժամկետ կլինի, կունենանք նոր համատեղ աշխատանքներ, իսկ «Իզմիրլյան» հիմնադրամի ակտիվությունը կդառնա վարակիչ, ու մեզ կմիանան շատ այլ կազմակերպություններ»,- նշեց Ղազարյանը և հավելեց, որ «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագրի առաջնային նպատակը Հայաստանում դպրոցահասակ երեխաների և դեռահասների շրջանում առողջ վարքագծի խրախուսումն է` սանիտարիայի ենթակառուցվածքների հասանելիության, հիգիենայի և ֆիզիկական կրթության պայմանների բարելավման, ինչպես նաև առողջ վարքագծի ձևավորման միջոցով: Ղազարյանը շեշտեց, որ ծրագրի շրջանակներում ջանք չեն խնայելու, որպեսզի հայ երեխան մեծանա առողջ միջավայրում: ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ հանրակրթական ոլորտում առողջ ապրելակերպին շատ մեծ տեղ է հատկացվում: «Ներկայումս ավարտվում են նաև ավելի քան 3 տասնյակ մարզադահլիճների նախագծեր և սկսվելու են շինարարությունները: Այս ուղղությունը մեզ համար շատ կարևոր է և գործընկերների ներգրավվածությունը միայն օգնելու են գործընթացներն իրականացնել կրկնակի ջանքերով: Այսպիսով, լուրջ նախապայմաններ կստեղծենք հանրակրթության ոլորտի զարգացման համար»,- ասաց Հարությունյանը: Տանձուտ դպրոցի տնօրեն Հովսեփ Այվազյանն ասաց, որ ինքն ավելի վստահ և հաստատուն քայլերով է դիմավորելու նոր ուսումնական տարին: «Պատկերացնում եմ, թե որքան կուրախանան երեխաներն այս ամենը տեսնելով: Հիմնադրամի աշխատակիցների ամեն մի այցելություն դպրոց նշանավորվում էր մի նոր խնդրի լուծումով: Արդյունքում վերանորոգվեց առաջին հարկի միջանցքը: Ծեփապատվեցին դպրոցի հետնամասի պատերը, որոնք շատ անմխիթար վիճակում էին»,- նշեց Այվազյանը: Նա համոզմունք հայտնեց, որ կատարված աշխատանքները ոչ միայն կնպաստեն համայնքի երբեմնի սպորտային հաջողությունների վերականգնմանը, այլև կբարձրացնեն սովորողների գիտակցական մակարդակը: Այգեշատի Յուրա Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Արմենակ Սարդարյանըն էլ հայտնեց, որ իրենց համայնքում իրականացվել են երևակայությունից դուրս աշխատանքներ։ «Մարզադահլիճը նոր տեսք ու բովանդակություն ստացավ, համալրվեց ուսումնական ծրագրով անհրաժեշտ գրեթե ողջ մարզագույքով։ Զրոյից սանհանգույցներ կառուցվեցին, հանդերձարաններ առանձնացվեցին, տեղադրվեցին արևային ջրատաքացուցիչներ, ինչն առհասարակ երազանք է գյուղական բնակավայրի ցանկացած հաստատության համար։ «Իմ քայլը» հիմնադրամի աշխատակիցների ամենօրյա այցերի արդյունքում որոշվել էր նաև բարեկարգել մարզադահլիճ տանող միջանցքները»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Սարդարյանը: Նա հայտնեց, որ նոր ուսումնական տարում դպրոցում սովորելու է մոտ 225 աշակերտ, որոնցից 20-ը առաջին դասարանցիներ են: Ներկաները շրջայց կատարեցին երկու դպրոցում, ներկայացվեցին կատարված աշխատանքը՝ վերանորոգումից մինչև հիգիենային ու ֆիզիկական ակտիվությանը նվիրված ցուցապաստառների մշակում: Մարզադահլիճներից մեկի մուտքի աստիճանները սեզոնային սառցապատումից զերծ պահելու համար ծածկապատվել են: Դպրոցներում տեղադրվել են հակահրդեհային համակարգեր: Ֆիզկուլտուրայի դասընթացները բնականոն կազմակերպելու համար «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի համաֆինանսավորմամբ «Իմ քայլը» հիմնադրամը դպրոցներին նվիրաբերեց անհրաժեշտ մարզագույք՝ մարմնամարզական նստարաններ, ներքնակներ, պարաններ, պատեր, օղակներ, ինչպես նաև ցատկապարաններ, վայրկենաչափեր, վոլեյբոլի ցանցեր, բասկետբոլի վահանակներ (օղակ, ցանց), պտտաձողեր, բադմինթոններ: Դպրոցները ստացան «Իմ քայլը» հիմնադրամի հրատարակած Առողջ ապրելակերպի պատկերագրքերը, որոնք մշակվել են ծրագրի առողջ ապրելակերպի իրազեկման արշավի շրջանակներում: Դրանք բաղկացած են երկու հիմնական մասից՝ խաղադարանից և առողջ ուղեցույցից:
20:22 - 01 սեպտեմբերի, 2020
«Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ Գյումրու խնամքի կենտրոնի տարեցների համար մատուցվում են ատամնաբուժական ծառայություններ

«Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ Գյումրու խնամքի կենտրոնի տարեցների համար մատուցվում են ատամնաբուժական ծառայություններ

Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում կյանքի է կոչվել «Իմ քայլը» հիմնադրամի՝ տարեցների ատամնաբուժական խնդիրների լուծմանն ուղղված աջակցության ծրագիրը: Հիմնադրամի ֆինանսավորմամբ հունիս ամսից կենտրոնի խնամառուներին մատուցվում են ատամնաբուժական ծառայություններ (բուժում, պրոթեզավորում և օժանդակ այլ միջամտություններ): Խիստ կարանտինային պայմաններում ընթացող աշխատանքները կենտրոնի տնօրենության անմիջական ու աչալուրջ վերահսկողության տակ են, չափազանց ուշադիր են նաև բժիշկ-մասնագետները: Այս մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական կայքը։ «Խնամվողներին երբեք նման ամբողջական ծառայություններ չեն մատուցվել, նման ակցիաներ այստեղ տեղի չեն ունեցել, աշխատանքների ծավալը մեծ է, կարծում եմ մինչև դեկտեմբեր կշարունակվեն: Այս միջոցառման շնորհիվ մեր տարեցների համար ունենալու ենք կյանքի որակի ակնհայտ բարձրացում»,- նշում է կենտրոնի համակարգող Արտյոմ Պետրոսյանը: Ծառայությունների մատուցումն իրականացնում է «Եվրոդենտ» հետբուհական կրթական կենտրոնը, որը հատուկ խնամառուների համար տեղում կազմակերպել է ժամանակավոր ատամնաբուժական սենյակ: Այս նախաձեռնությունը շատ կարևոր է խնամառուների կյանքի որակի բարելավման՝ առողջականից մինչև հոգեբանական ամրություն հաղորդելու տեսանկյունից: «Կենտրոնի բոլոր տարեցներն էլ ունեն ատամնաբուժական ծառայության կարիք: Առաջին անգամ մենք մետաղ-ճենապակե (մետալոկերամիկա) ատամներ ենք պատրաստելու նրանց համար: Կենտրոնի բնակիչների ոգևորությունն ու երախտագիտությունը շատ պարտավորեցնող է և հուզիչ: Նրանցից մեկը դհոլ է խնդրել, որ ի նշան շնորհակալության, նվագի բժիշկների համար»,- ասում է «Եվրոդենտ» ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Գրիգորյանը: Տարեցների՝ ատամնաբուժական խնդիրների լուծմանն ուղղված «Իմ քայլը» հիմնադրամի ծրագիրը մեկնարկվել է 2019 թ.-ից: Այն հաջողությամբ իրականացվել է նաև «Վանաձորի տարեցների տանը», որի 31 բնակիչների համար իրականացվել է ատամի հեռացում, բուժում, ատամնաշապիկի տեղադրում, մասնակի և լրիվ պրոթեզավորում։
21:22 - 06 հուլիսի, 2020
«Իմ քայլը» հիմնադրամի արձագանքը COVID-19-ին. 100.000.000 ՀՀ դրամ է տրամադրվել բժշկական պարագաների ձեռքբերմանը

«Իմ քայլը» հիմնադրամի արձագանքը COVID-19-ին. 100.000.000 ՀՀ դրամ է տրամադրվել բժշկական պարագաների ձեռքբերմանը

«Իմ քայլը» հիմնադրամի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հիմնադրամը 100.000.000 ՀՀ դրամ է հատկացրել COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում կենսական նշանակության բժշկական պարագաների (դիմակներ, հանդերձանք, պաշտպանիչ ակնոցներ, ձեռնոցներ, դիմավահաններ և մեկուսիչ արտահագուստ) ձեռքբերմանը: ՀՀ պարետատան համակարգմամբ իրականացվող հատուկ չվերթը Չինաստանից Հայաստան կժամանի այսօր երեկոյան: «Իմ քայլը» հիմնադրամը հատուկ շնորհակալություն է հայտնում իր մեծ բարեկամ և բարերար Քրիստին Սիմոնին այս որոշմանը լիովին սատարելու համար, ինչպես նաև՝ Հիմնադրամի բոլոր նվիրատուներին և գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար: Որոշումը կայացնելիս Հիմնադրամն առաջնորդվել է ինչպես համավարակի դեմ պայքարի առաջնային և ամենակարևոր օղակը հզորացնելու հրամայականով, այնպես էլ մեր երկրի առողջապահական կարողությունները երկարաժամկետ հզորացնելու կարևորությամբ: Ստեղծված իրավիճակում առավել քան երբևէ Հիմնադրամը հավատարիմ է իր առաքելությանը՝ հանրային առողջության, սոցիալական բարեկեցության, կրթության, մշակույթի և բնապահպանության ոլորտներին ուղղված հեռահար ծրագրերի միջոցով հասնել կրթված, առողջ և հոգատար անհատ ու հասարակություն ունենալուն, ինչը ոչ միայն երկարատև զարգացման, այլև ճգնաժամերը նվազագույն կորուստներով ու վնասներով հաղթահարելու գրավականն է։
21:31 - 08 ապրիլի, 2020