«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ

"ՀԿԵ" ՓԲԸ-ն իր գործունեությունն սկսել է 2008թ. հունիսի 1-ից:

«ՀԿԵ» ՓԲԸ-ի խնդիրների մեջ մտնում են ՀՀ-ի երկաթուղու ենթակառուցվածքի արդիականացումը, Հայաստանին սահմանակից պետությունների հետ համագործակցության, ներհանրապետական, միջազգային ուղեւորային, բեռնափոխադրումների հաղորդակացությունների զարգացումը։

«Հարավկովկասյան երկաթուղու» առաքելությունը նրա՝ որպես համազգային տրանսպորտային ընկերության զարգացումն է, որը դինամիկորեն բարելավում է ծառայությունների արդյունավետությունն ու որակը՝ իր ռազմավարական նպատակների իրականացման ճանապարհով։

Կդադարեցվի «Միր» քարտերով «Հարավկովկասյան երկաթուղու» առցանց տոմսերի վաճառքը

Կդադարեցվի «Միր» քարտերով «Հարավկովկասյան երկաթուղու» առցանց տոմսերի վաճառքը

2024 թվականի մարտի 30-ից կդադարեցվի «Հարավկովկասյան երկաթուղու» առցանց տոմսերի վաճառքը «Միր» համակարգով թողարկված բանկային քարտերի միջոցով։ Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ընկերության գործընկեր «Ամերիաբանկը» այդ օրվանից կդադարեցնի «Միր» համակարգով թողարկված բանկային քարտերի սպասարկումը։ Հիշեցնենք՝ «Միր» քարտերը մարտի 30-ից կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում, բացառություն կկազմի «ՎՏԲ Հայաստան» բանկի ենթակառուցվածքը: ՀՀ կենտրոնական բանկից էլ հայտնել են, որ Հայաստանում առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցեն՝ ելնելով ռիսկերի կառավարման ռազմավարությունից (ներառյալ պատժամիջոցների ռիսկերը):  2024 թվականի փետրվարին «Միր»-ը կամ ռուսական ազգային վճարային համակարգը ԱՄՆ պատժամիջոցների թիրախում է հայտնվել, Վաշինգտոնը պնդում է, որ այդ համակարգի միջոցով «Ռուսաստանը շրջանցում է պատժամիջոցները և պահպանում կապերը միջազգային ֆինանսական համակարգի հետ»։
13:37 - 22 մարտի, 2024
36 վագոնից բաղկացած բեռնատար գնացքը շրջվել է Քարակերտ-Դալարիկ հատվածում

36 վագոնից բաղկացած բեռնատար գնացքը շրջվել է Քարակերտ-Դալարիկ հատվածում

Հոկտեմբերի 12-ի լույս գիշերը՝ կեսգիշերվա սահմաններում, տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար շարժակազմի անկում․ տեղեկացնում են ՀԿԵ-ից։ Գնացքը, որը բաղկացած էր 36 վագոններից, մասնակի բեռնված էր ցեմենտի արտադրության համար նախատեսված հումքով, ինչպես նաև ուներ դատարկ վագոններ: Զոհեր չկան: Բացի շարժակազմից, վնասվել է նաև երկաթուղային գիծը: Ներկայում ընկերությունը կատարում է վթարավերականգնողական աշխատանքներ: Տվյալ հատվածով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, ինչի կապակցությամբ չեղարկվել են Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային ուղևորագնացքները, ինչպես նաև Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային երթուղին: Անկման պատճառները պարզվում են: ՀԿԵ-ն հայցում է ուղևորների և ընկերության գործընկերների ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար:
11:05 - 12 հոկտեմբերի, 2023
ԼՂ–ից տեղահանվածներն անվճար կարող են երթևեկել Հարավկովկասյան երկաթուղու գնացքներով

ԼՂ–ից տեղահանվածներն անվճար կարող են երթևեկել Հարավկովկասյան երկաթուղու գնացքներով

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար տեղական հաղորդակցության էլեկտրական գնացքներով անվճար երթևեկելու իրավունք է ընձեռում։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։   Հնարավորությունն ընձեռվում է հոկտեմբերի 1-ից` ամենօրյա ռեժիմով։ ԼՂ–ից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված քաղաքացիները կարող են երթևեկել հետևյալ ուղղություններով.   Երևան-Գյումրի-Երևան՝ թիվ 684/687 էլեկտրագնացք   Երևան-Գյումրի-Երևան՝ թիվ 686/685 էլեկտրագնացք   Գյումրի-Երևան-Գյումրի՝ թիվ 681/682 էլեկտրագնացք   Արաքս-Երևան-Արաքս՝ թիվ 7010/7011 էլեկտրագնացք   Երասխ-Երևան-Երասխ՝ թիվ 6512/6517 էլեկտրագնացք։   Ընկերությունը նշում է, որ էլեկտրագնացքով երթևեկելու համար անհրաժեշտ է գնացքի վերահսկիչին ներկայացնել անձնագիրը:
11:19 - 01 հոկտեմբերի, 2023
Երևանից դեպի Թբիլիսի ուղևորատար գնացքը չեղարկվել է․ ՀԿԵ

Երևանից դեպի Թբիլիսի ուղևորատար գնացքը չեղարկվել է․ ՀԿԵ

Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը առատ տեղումների հետևանքով առաջացած սելավը վնասել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության երկաթուղային գիծը Ալավերդի-Ախթալա հատվածում։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հաղորդմամբ, մոտ 100 մետր երկարությամբ երկաթուղային գծերը պատվել են գրունտով և ողողվել ջրային հոսքերով։  Արտակարգ պատահարի հետևանքով խաթարվել է գնացքների երթևեկությունը Վրաստանի ուղղությամբ: Երևանից դեպի Թբիլիսի ուղևորատար գնացքը չեղարկվել է, ՀԿԵ-ն օպերատիվ կերպով կազմակերպել է գնացքի շուրջ 100 ուղևորների տեղափոխումը ավտոմոբիլային տրանսպորտով: Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար: Գիշերվանից առ այսօր ՀԿԵ-ի, ԱԻՆ-ի և ՏԻՄ ուժերը աշխատում են արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման ուղղությամբ, տարվող աշխատանքներին խոչընդոտում է ջրի և գրունտի չդադարող հոսքը։
11:22 - 07 հունիսի, 2023
Գնացքի և բեռնատարի բախման հետևանքով տուժել է 3 մարդ

Գնացքի և բեռնատարի բախման հետևանքով տուժել է 3 մարդ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության (ՀԿԵ) Գյումրի-Երևան երթուղով երթևեկող էլեկտրագնացքը ապրիլի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, բախվել է երկաթուղային գծերը չպարզված կարգով հատող FAW  մակնիշի բեռնատարին: Ինչպես տեղեկացրին ընկերությունից, բախման հետևանքով տուժել են բեռնատարի վարորդը և ուղևորը, ինչպես նաև ՀԿԵ-ի  ուղևորը: «Քարակերտ-Դալարիկ հատվածի չհսկվող անցումում տեղի ունեցած բախման հետևանքով էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից և զգալի վնաս է հասցվել ընկերությանը, որի չափը դեռ պետք է գնահատվի։ Երթևեկությունը դադարեցվել է մի քանի ժամով, ինչը հանգեցրել է գնացքների երթևեկության ժամանակացույցի խախտման»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ քննչական մարմինները քրեական վարույթ են հարուցել ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայցում է ընկերության վերահսկողությունից անկախ պատահարի հետևանքով տուժած ուղևորների ներողամտությունը։ Ընկերությունը ևս մեկ անգամ հորդորում է ավտոտրանսպորտի վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները երկաթուղային գծերով անցնելիս՝ քաղաքացիների կյանքը, առողջությունը և գույքը պահպանելու նպատակով:
13:04 - 16 ապրիլի, 2023
Հայաստանի և Վրաստանի երկաթուղիները զարգացնում են համագործակցությունը

Հայաստանի և Վրաստանի երկաթուղիները զարգացնում են համագործակցությունը

Հունիսի կեսերին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ, այցելեց Թբիլիսի, որտեղ նրանք հանդիպեցին «Վրացական երկաթուղի» ընկերության ներկայացուցիչների հետ՝ ընկերության տնօրեն Դավիթ Փերաձեի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։ «Հանդիպման շրջանակներում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք արդիական հարցեր: Մասնավորապես, սա 2022 թվականի 5 ամսվա ՀԿԵ-ի և «Վրացական երկաթուղի» ընկերության փոխգործակցության արդյունքներն են, երկու երկրների միջև միջազգային երկաթուղային հաղորդակցությունում կոնտեյներային գնացքի  գործարկումը  , միջազգային հաղորդակցությունում սակագնային քաղաքականության կատարելագործումը, 2022 թվականին ուղևորափոխադրումների կազմակերպումը, տոմսերի վաճառքի համակարգի զարգացումը և այլն: Ինչպես հայտնի է, հունիսի կեսերին ՀԿԵ-ն ձեռնամուխ է եղել ամառային սեզոնային փոխադրումների կազմակերպմանը Վրաստանի սևծովյան հանգստավայրերի ուղղությամբ Երևան-Բաթումի-Երևան երթուղով: Բացի այդ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի հրամանով 2022 թվականի հուլիսի 1-ից սահմանվում է միասնական միջանցիկ  դրույքաչափ Փոթի, Բաթումի, Սամտրեդիա կայարաններից դեպի Հայաստան խոշոր կոնտեյներային գնացքի կազմում մեծ տարողունակությամբ բեռնարկղերի փոխադրման դեպքում»,- նշված է հաղորդագրության մեջ:
11:21 - 21 հունիսի, 2022
ՀԿԵ-ն և Երևանի քաղաքապետարանը տոննաներով աղբ են հանել երկաթուղային գծերից

ՀԿԵ-ն և Երևանի քաղաքապետարանը տոննաներով աղբ են հանել երկաթուղային գծերից

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ մաքրման աշխատանքներ է կազմակերպել մայրաքաղաքի վարչական շրջաններով անցնող երկաթուղային գոտու աղբը հեռացնելու համար։ Քանաքեռ-Զեյթուն համայնքում երկաթուղային գծից և ճանապարհի երթևեկելի հատվածից տոննաներով աղբ է հանվել, ինչի համար ներգրավվել է ընկերության և քաղաքապետարանի հատուկ տեխնիկա։ Ալմաստ-Քանաքեռ գծի ոչ ակտիվ հատվածում աղբը թափում են քաղաքին հարակից խիտ բնակեցված տարածքների բնակիչները։ Աղբը այնտեղ է բերվել նաև բեռնատար ավտոմեքենաներով: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն իր երախտագիտությունն է հայտնում Երևանի քաղաքապետարանին երկաթուղային գծի մաքրման գործում ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաև հույս է հայտնում, որ քաղաքային իշխանությունները կվերահսկեն քաղաքային երկաթուղային գծերում առկա սանիտարական իրավիճակը: Ընկերությունը հույսը ունի նաև, որ երկաթուղային գծերի մոտ ապրող քաղաքացիները կլինեն բարեխղճ և կպահպանեն մաքրություն։
21:00 - 13 հունիսի, 2022
Փոխվարչապետը խոսել է եռակողմ աշխատանքային խմբի առաջիկա հանդիպումների մասին |armenpress.am|

Փոխվարչապետը խոսել է եռակողմ աշխատանքային խմբի առաջիկա հանդիպումների մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները կշարունակվեն այդ հարթակում։ Այս մասին լրագրողներին հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե առաջիկայում եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումներ նախատեսվո՞ւմ են: «Այս պահին ես կոնկրետ ամսաթվի մասին բան չեմ ասի, բայց ենթադրաբար, այո՛, աշխատանքները կշարունակվեն այդ հարթակում»,- պատասխանել է փոխվարչապետը: Մհեր Գրիգորյանը նաև դրական պատասխան է տվել «Ռուսական երկաթուղիների» հետ համագործակցությանը վերաբերող հարցին: ««Ռուսական երկաթուղիների» ԲԲԸ-ի հետ, այո՛, համագործակցություն կա, որովհետև անկախ եռակողմ հարթակի աշխատանքներից՝ երկկողմ հարաբերությունների ներքո բազմաթիվ քննարկումների կարիք ունենք, որովհետև, ինչպես դուք գիտեք, անկախ ապաշրջափակման հանգամանքներից՝ «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունը մեր օպերատորն է և կոնցեսիոները: Դա նշանակում է, որ բոլոր տեսակի տեխնիկական փաստաթղթերը՝ նախագծային, հետագա շահագործման հետ կապված, իհարկե, ճիշտ է քննարկել գործընկերների հետ: Ի վերջո, իրենք են լինելու շահագործողը»,- պարզաբանել է Հայաստանի փոխվարչապետը:
20:21 - 17 փետրվարի, 2022
Գյումրիում արագընթաց էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացու

Գյումրիում արագընթաց էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացու

Նոյեմբերի 27-ին՝  ժամը 18:10-ի մոտակայքում, Գյումրի-Երևան ուղղությամբ ընթացող էլեկտրագնացքը, այսպես կոչված, «ստռոյմաշ» թաղամասի մոտ վրաերթի է ենթարկել քաղաքացու: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ էլեկտրագնացքի մեքենավարը մթնշաղում նախապես նկատել է խոչընդոտը, կիրառել է էքստրեմալ արգելակում, սակայն արգելակման ուղու երկար լինելու պատճառով գնացքը չի կարողացել խուսափել բախումից:  Արագընթաց էլեկտրագնացքը երթևեկում էր 95 կմ/ժ արագությամբ: Միջադեպի վայրում հայտնաբերվել է անհայտ կնոջ դի: ЭП2Д էլեկտրագնացքները ունեն «սև արկղ», որի տվյալների միջոցով միջադեպը կբացահայտվի։ «Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել երկաթուղային ենթակառացվացքի վրա գտնվելու կանոնները խախտելու արդյունքում»,- ասված է հաղորդագրությունում։
20:04 - 27 նոյեմբերի, 2021
Անհայտ անձինք գողացել են բարձր լարման տակ գտնվող կոնտակտային ցանց. ՀԿԵ

Անհայտ անձինք գողացել են բարձր լարման տակ գտնվող կոնտակտային ցանց. ՀԿԵ

Այս տարվա նոյեմբերի 4-ին անհայտ անձինք Սևան-Ծովագյուղ երկաթուղային հատվածում գողացել են 120 մետր կոնտակտային ցանց՝ կտրելով 3000 վոլտ լարման տակ գտնվող լարը: Վերականգնողական աշխատանքները տևել են 5 ժամ, այդ ընթացքում դադարեցվել է բեռնատար գնացքների շարժը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հարավկովկասյան երկաթուղու հասարակայնության և զլմ-ների հետ կապերի բաժինը: Դեպքի մասին հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, որի ներկայացուցիչները ձեռնարկում են օպերատիվ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը զգալի նյութական վնաս է կրել։ Երկաթուղու գույքի գողության և վնասման դեպքերը գնալով հաճախակիանում են և դառնում վտանգավոր։ Եթե նախկինում գրանցվել են երկրորդական ուղիների լարման տակ չգտնվող կապի մալուխների կամ կոնտակտային ցանցերի գողության դեպքեր, ապա այս դեպքն աչքի է ընկնում գործողությունների անխոհեմությամբ։ Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ երթեւեկությունը ժամանակին դադարեցվել է։ ՀԿԵ-ն քաղաքացիներին կրկին զգուշացնում է երկաթուղային ենթակառուցվածքում անվտանգության չափանիշների խախտման վտանգի մասին։ Երկաթուղային համակարգերի աշխատանքին վնասակար միջամտությամբ քաղաքացիները վտանգում են ոչ միայն իրենց առողջությունն ու կյանքը, նրանց գործողություններից կարող են տուժել նաև երրորդ անձինք։ 
18:18 - 06 նոյեմբերի, 2021
ՀԿԵ-ի 39 մլրդ դրամ ներդրումը, որի մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, 2008-ի կոնցեսիոն պայմանագրի շրջանակում է,  բայց համաձայնությունը ձեռք է բերվել 2020-ին

ՀԿԵ-ի 39 մլրդ դրամ ներդրումը, որի մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, 2008-ի կոնցեսիոն պայմանագրի շրջանակում է, բայց համաձայնությունը ձեռք է բերվել 2020-ին

Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի հերթական նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանը շատ կարևոր համաձայնություն է ձեռք բերել ՀՀ երկաթուղային տրանսպորտը կառավարող կոնցեսիոների՝ «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) հետ․ «Փոփոխությունների էությունը հետևյալն է․ մինչև 2024 թվականը Հայաստանի Հանրապետությունում երկաթուղու ոլորտում պետք է տեղի ունենան շուրջ 39 միլիարդ դրամ ներդրումներ։ Ես ուզում եմ՝ պատկերացնենք էս ծավալը։ Մենք բավականին երկար և մանրամասն քննարկում ենք ունեցել «Հարավկովկասյան երկաթուղու» հետ, և շատ ուրախ եմ արձանագրել, որ ձեռք է բերվել համաձայնություն, և մենք կարող ենք ակնկալել, որ, իսկապես, մինչև 2024 թ․ կունենաք բոլորովին այլ որակի երկաթուղի»։ «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» հասարակական կազմակերպության տնօրեն Վահե Դավթյանը վարչապետի հայտարարությունից հետո ասաց, որ ներկայիս իշխանությունները շարունակում են իրենց վերագրել այն ձեռքբերումները, որոնց համար հող է նախապատրաստվել դեռևս 2018-ից առաջ։  «Ինչ վերաբերում է «Հարավկովկասյան երկաթուղուն», ապա ընկերությունը, 2008 թ. փետրվարին կնքված կոնցեսիոն պայմանագրի համաձայն, պարտավորվել է մինչև 2038 թ. երկաթուղու զարգացմանն ուղղել 174,5 մլրդ դրամ, որից 122,3 մլրդ դրամը ուղղվելու է ենթակառուցվածքային արդիականացմանը, իսկ 52,2 մլրդ դրամը՝ շարժակազմի թարմացմանը: Այս պարագայում երկաթուղային կոնցեսիոների պարտավորությունները որպես սեփական ձեռքբերում ներկայացնելը հասարակական կարծիքը մանիպուլացնելու, հերթական տնտեսական միֆ ստեղծելու փորձ է»,- նշել էր Վահե Դավթյանը։ Վահե Դավթյանը ճիշտ է։ Նիկոլ Փաշինյանի նշած 39 միլիարդ դրամ ներդրումը  կոնցեսիոն պայմանագրով հաստատված 174,5 մլրդ դրամի շրջանակում է։ 2020-2024 թթ․ ներդրումների ծավալի մասին համաձայնությունը, սակայն, ձեռք է բերվել 2019-ին և հաստատվել 2020-ին։ Այսպիսով, 2008 թվականին ստորագրվեց հայկական երկաթուղու համակարգը «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը (պատկանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ին) փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագիր։ Կոնցեսիոն պայմանագիրը նշանակում է, որ այդ պայմանագրով ներդրողին են հանձնվում որևէ ենթակառուցվածի կամ այլ օբյեկտի տնօրինման և օգտագործման իրավունքները։  Պայմանագրով ՀԿԵ-ն, ինչպես նշել էր Վ․ Դավթյանը, պարտավորվեց մինչև 2038 թ․ Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի զարգացմանն ու արդիականացմանն ուղղել 174,5 մլրդ դրամ։ ՀՀ կառավարության՝  2009 թ․ N 994-Ա որոշմամբ հասատվեց ՀԿԵ-ի ներդրումային ծախսերի ծրագիր, որը փոփոխվեց 2010-ին։ 2009-ի ծրագրով 2021-2025 թթ․ ընթացքում ՀԿԵ-ն 174,5 մլրդ դրամի շրջանակում պետք է իրականացներ 15 202,1 մլն դրամ ներդում։ 2010-ին փոփոխված ծրագրով նույն ժամանակահատվածում նախատեսվում էր իրականացնել 15 136.7 մլն դրամ ներդրում։ 2019-ի հոկտեմբերին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ ցանկություն կա ՀԿԵ-ի՝ մինչև 2038 թվականն իրականացվելիք ներդրումային ծրագրերը ճշգրտելու։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, մեր հարցմանն ի պատասխան, հաստատել են, որ Նիկոլի Փաշինյանի նշած 39 մլրդ դրամ ներդրումներն իրականացվելու են կոնցեսիոն պայմանագրով նախատեսված ներդրումային ծախսերի ծրագրի շրջանակում։ Ինչպես փոխանցել են ՏԿԵՆ-ից, միջկառավարական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունների արդյունքում ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի ու ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալի միջև 2020-ի սեպտեմբերի 2-ին ստորագրվել է արձանագրություն՝ մինչև 2024 թ. 39 մլրդ դրամի ներդրումներ իրականացնելու վերաբերյալ։ ՏԿԵՆ-ին նաև խնդրել էինք մանրամասնել, թե Փաշինյանի նշած ներդրումները կոնկրետ ինչ նպատակներով են ծախսվել կամ ծախսվելու։ «2021 թ. բեռնափոխադրումների համար ձեռք է բերվել 26 նոր կիսավագոն (2020-2024թթ. համար նախատեսված է ընդհանուր 310 միավոր), միջազգային ուղևորափոխադրումների համար՝ նոր, ժամանակակից 27 վագոն, ներհանրապետական հաղորդակցության համար՝ 2 ԷՊ2Դ նոր, ժամանակակից էլեկտրագնացք: Եվս մեկ ԷՊ2Դ էլեկտրագնացք ձեռք կբերվի 2022թ.: Կիրականացվեն 18 միավոր լոկոմոտիվների արդիականացման և այլ աշխատանքներ»,- ասված է ՏԿԵՆ-ի պատասխանում: Համաձայն նախարարության փոխանցած տվյալների՝ նախատեսված է 2020-2024թթ. հիմնանորոգել 45 կմ երկաթգիծ, 26 կմ հպակային ցանց, իրականացնել 6 շենքերի և կառույցների, 77 շենք-շինությունների վերանորոգում, 116 000 կոճերի փոխարինում և այլն: «Այժմ քննարկումներ են ընթանում 2025-2038 թթ. համար ներդրումային ծախսերի ծրագրի փոփոխման և մինչև 2023թ. ավարտը ֆինանսական աղբյուրների և մեխանիզմների որոշման ուղղությամբ՝ նշված ժամանակահատվածի համար ներդրումային ծավալները մինչև 95 մլրդ դրամի հասցնելու նպատակով»,- ասված է ՏԿԵՆ-ի պատասխանում: Ստորև ներկայացված գրաֆիկում կարող եք տեսնել, թե կոնցեսիոն պայմանագրով նախատեսված 174,5 մլրդ դրամ ներդրումների շրջանակում որքան գումար է հատկացվել 2008-2020 թվականների ընթացքում, և որքան գումար է նախատեսված 2021-2024 թթ․ համար։ Ինչպես երևում է գրաֆիկում, ՀԿԵ-ն կոնցեսիոն պայմանագրի շրջանակում ամենամեծ ներդումը (ավելի քան 25 մլրդ դրամ) կատարել է 2009-ին։ Իսկ 2020-ի արձանագրութունից հետո ամենամեծ ներդրումը նախատեսված է այս տարի (ավելի քան 16 մլրդ դրամ)։ Եթե հաշվի առնենք, որ Փաշինյանի նշած 39 մլրդ դրամը նախատեսված է 2020-2024 թթ․ համար, իսկ 2020-ին արդեն ներդրվել է 5 595,81 մլն դրամ, ապա 2021-2024 թթ․ ներդրումները 33 404,19 մլն դրամ են։ 2010-ին, հիշեցնենք, նախատեսված էր, որ 2021-2025 թթ․ իրականացվելու է 15 136.7 մլն դրամ ներդրում։  Այպիսով, պնդումը, թե Նիկոլ Փաշինյանի նշած 39 մլրդ դրամ ներդրումը 2008-ին ՀԿԵ-ի ստորագրված կոնցեսիոն պայմանագրով նախատեսված ներդրումների շրջանակում է, ճիշտ է։ Սակայն 2020-2024 թթ․ իրականացվող ներդրումների համաձայնությունը ձեռք է բերվել 2020-ի սեպտեմբերին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի ու ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալի միջև ստորագրված արձանագրությամբ։ Լուսանկարը՝ ՀԿԵ-ի Աննա Սահակյան
15:18 - 04 նոյեմբերի, 2021
Անհայտ անձինք քարկոծել են Երևան-Գյումրի-Երևան երթուղին սպասարկող էլեկտրագնացքը

Անհայտ անձինք քարկոծել են Երևան-Գյումրի-Երևան երթուղին սպասարկող էլեկտրագնացքը

Հոկտեմբերի 23-ին, անհայտ անձինք քարկոծել են Երևան-Գյումրի-Երևան երթուղին սպասարկող էլեկտրագնացքը, ինչի հետևանքով կոտրվել էր էլեկտրագնացքի կողային պատուհաններից մեկի ապակին։ Բարեբախտաբար ուղևորներից ոչ ոք չի տուժել։ Այս մասին հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն: Դեպքը տեղի է ունեցել Նորագավիթ-Երևան հատվածում: Հարավկովկասյան երկաթուղու անվտանգության ծառայության աշխատակիցները, իրավապահ մարմինների հետ համատեղ, միջոցներ են ձեռնարկում հարձակվողին հայտնաբերելու ուղղությամբ: Ընկերությունը կրկին զգուշացնում է քաղաքացիներին երկաթուղու երթևեկության անվտանգության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի անհրաժեշտության մասին, ինչպես նաև հիշեցնում է հնարավոր քրեական պատասխանատվության մասին, որը կարող են կրել քաղաքացիները, որոնց անօրինական գործողությունները կարող են սպառնալ երթևեկության անվտանգությանը կամ ուղեւորների կյանքին ու առողջությանը։ Ընկերությունը նաև ծնողներին կոչ է անում բացատրել երեխաներին և դեռահասներին երկաթուղու վրա անպատասխանատու պահվածքի հնարավոր ծանր հետևանքները:
10:54 - 25 հոկտեմբերի, 2021