ԱՀ Պաշտպանության բանակ

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պետական ռազմական կառույց է Արցախի Հանրապետությունում, որի սահմանադրական նպատակն է Արցախի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը գործում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի աջակցությամբ եւ սերտ համագործակցությամբ։

Մովսես Հակոբյանի գտնվելը Արցախում՝ թե՛ հրամանատարական կետում, թե՛ այլ վայրում, ՊԲ հրամանատարի խնդրանքն էր ինձ․ Դավիթ Տոնոյան

Մովսես Հակոբյանի գտնվելը Արցախում՝ թե՛ հրամանատարական կետում, թե՛ այլ վայրում, ՊԲ հրամանատարի խնդրանքն էր ինձ․ Դավիթ Տոնոյան

Հստակ հիշում եմ, որ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գտնվելը Արցախում՝ թե՛ հրամանատարական կետում, թե՛ այլ վայրում, ՊԲ հրամանատարի անձամբ ինձ խնդրանքն էր։ Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը․ «Նա [Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը] ինձ դիմել է, որ ՊԲ նախկին հրամանատարը, ԳՇ նախկին պետը գտնվի [Արցախում] եւ աջակցի ՊԲ հրամանատարին։ Կարող եք ճշտել այդ հարցը Ջալալ Հարությունյանից։ Ռազմական գործողությունների ընթացքում հնարավոր է՝ գործուղման հետ կապված փաստաթղթավորման խնդիրներ [եղած լինեն], բայց դա կարող եք ստուգել, ես հիմա չեմ կարող ասել»,- ասաց Տոնոյանը։ Անդրանիկ Քոչարյանը հարցրեց՝ ի պաշտոնե իրավասո՞ւ էր արդյոք ՊՆ վերահսկողական ծառայության պետը [որն այդ ժամանակ Մովսես Հակոբյանն էր] գտնվել ՊԲ հրամանատարական կետի մարտական կառավարման կենտրոնում, ժամանակավոր փոխարինել ՊԲ հրամանատարին եւ տալ առաջարկություններ կամ ընդունել որոշումներ՝ օպերացիա վարելու վերաբերյալ։ Դավիթ Տոնոյանն ասաց, որ տվյալ դեպքում Հակոբյանը գտնվել է ՊՆ ուղիղ ենթակայության տակ, եւ իր գտնվելը ՊԲ-ում պայմանավորված է եղել ՊԲ հրամանատարի խնդրանքով․ «Չէր կարող ինքը հրամանատարական ուղղահայացում որեւէ հրաման իջեցնել, ես կարծում եմ՝ ինքը դա չի էլ արել, բայց խորհրդատվություն տրամադրելու առումով չեմ բացառում։ Բացի դրանից՝ նա հետո, եթե չեմ սխալվում, հիվանդացել է կովիդով, հետագայում շարունակել է իր գործունեությունը ՊՆ-ում։ Դա եղել է սկզբնական փուլը, ամեն դեպքում Ջալալ Հարությունյանի պաշտոնավարման սկզբնական փուլում»։ Դավիթ Տոնոյանն առաջարկեց քննիչ հանձնաժողովում լսել նաեւ ՊԲ հրամանատար ՄՄիքայել Արզումանյանին։ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ խնդիրն այն է, որ նրա վերաբերյալ գործը դատարանում է։ Տոնոյանն արձագանքեց, որ կարելի է միջնորդել, քանի որ անհրաժեշտություն կա․ «Էն շահարկումները, որ կան Շուշիի հետ կապված, անընդունելի են, եւ ես կարծում եմ՝ ինքը պետք է խոսի»։ Քոչարյանն ասաց, որ առաջարկը քննարկման առարկա կդարձնի։
16:25 - 01 օգոստոսի, 2023
Հայաստանի խնդիրը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է, իսկ ԼՂ-ի անվտանգությունն ապահովելու համար կա ՊԲ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի խնդիրը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է, իսկ ԼՂ-ի անվտանգությունն ապահովելու համար կա ՊԲ․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ Հայաստանի Հանրապետության խնդիրը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է, իսկ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու համար կա Պաշտպանության բանակ։ Այս մասին նա հայտարարեց այօրվա ասուլիսի ընթացքում։ Այսօր լրագրողներից մեկը հարցրել էր Փաշինյանին՝ եթե ԼՂ-ում ծավալուն ռազմական գործողություններ սկսվեն, արդյոք մենք ռազմական միջամտություն կունենա՞նք։ Փաշինյանը այս հարցին ուղիղ պատասխան չէր տվել։ «Հետքի» լրագրողը կրկին հնչեցրեց հարցը․ «Արդյոք ՀՀ զինված ուժերը հնարավոր պատերազմի դեպքում պաշտպանելո?ւ են Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը»։  Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Շատ կարևոր է, որ մենք արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության խնդիրը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է, և մենք մնալու ենք էս տրամաբանության մեջ։ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու համար կա Պաշտպանության բանակ։ Բայց ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ ԼՂ-ի անվտանգությունը պահովելու համար պետք է դiվանագիտական ճանապարհներ օգտագործվեն, բանակցային ճանապարհներ օգտագործվեն։ Ինչի՞ կա ԼՂ ՊԲ-ն, որովհետև, ըստ էության, Ադրբեջանն աընդհատ ագրեսիվ, սպառնալից քաղաքականություն է իրականացնում ԼՂ-ի նկատմամբ»։  Լրագրողը հարցրեց՝ դա նշանակո՞ւմ է, որ ՀՀ զինված ուժերը չեն միջամտելու հնարավոր ռազական գործողություններին։ Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց․ «Հայաստանի ԶՈՒ-ի գործառույթը Հայաստանի սահմանադրությամբ Հայաստանի տարածքային ամբողջականությունը և անվտանգությունն ապահովելն է»։  Լրագրողը հակադարձեց, որ Սահմանադրությունը կար նաև միչև 44-օրյա պատերազմը, և ՀՀ ԶՈՒ-ն Արցախում մասնակցում էին ռազմական գործողություններին։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Այո, կար։ Մենք նոր պատերազմ չենք ուզում և ամեն ինչ պետք է անենք, որ չլինի նոր պատերազմ, և պետք է նաև ամեն ինչ անենք, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնվի խաղաղ գործընթացի միջոցով, դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի տրամաբանության մեջ»։ Լրագրողը նաև հիշեցրեց Թուրքիայի նախագահի՝ մեկ ամիս առաջ արած հայտարարությունը․ «Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի հետ կապված խնդիր չէ․ այն կապված է Իրանի հետ»։ «Դուք մի քանի անգամ հայտարարել եք, որ միջանցքային տրամաբանությամբ ճանապարհ Հայաստանի տարածքով չի տրամադրվելու։ Կա՞ արդյոք պայմանավորվածություն այդ հարցով, որի մասին հանրությունը տեղյակ չէ, և այդ պատճառով է Էրդողանն այդպիսի հայտարարություն անում»,- հարցրեց նա։  Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց՝ իրենց դիրքորոշումները չեն փոխվել․ «Մենք նաև այդ հայտարարությունից հետո մեր դիրքորոշումները և տպավորությունները կիսել ենք ոչ միայն մեր գործընկեր երկրների հետ, այդ թվում մենք կոմունիկացնում ենք մեր դիրքորոշումները Թուրքիայի մեր գործընկերների հետ, որովհետև գիտեք, որ մենք նաև ներկայացուցիչներ ունենք այդ թեմայով զբաղվող։ Հայաստանի Հանարպետության տարածքում որևէ միջանցք չի կարող գործել։ ՀՀ-ն պատրաստ է ճանապարհների վերաբացմանը։ Ինչպես բրյուսելյան վերջին հանդիպմանը հետևած հայտարարության մեջ նշվում է, պետք է գործի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում»։ 
18:54 - 25 հուլիսի, 2023
Ադրբեջանական կողմը կրակ է բացել Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք համայնքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ․ Արցախի ՊՆ

Ադրբեջանական կողմը կրակ է բացել Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք համայնքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ․ Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 15- ին ժամը 10։00-ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հաղորդում է Արցախի ՊՆ-ն։ «Այս կերպ Ադրբեջանի Պն-ն փորձում է հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձսնց ուղղությամբ. հուլիսի 15-ին, Ժամը 09:50֊ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք համայնքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»։
12:05 - 15 հուլիսի, 2023
Կեղծիք է, թե ՊԲ ստորաբաժանումները ճնշում են Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS համակարգերը․ Արցախի ՊՆ

Կեղծիք է, թե ՊԲ ստորաբաժանումները ճնշում են Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS համակարգերը․ Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները պարբերաբար ճնշում են Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, ինչի հետևանքով ստեղծվում է լուրջ սպառնալիք թռիչքների անվտանգությանը, բացարձակ կեղծիք է։ Այս մասին հաղորդում է Արցախի ՊՆ-ն։   «Ադրբեջանի ՊՆ֊ն հայտարարում է, թե իբր վերջին նման միջադեպն արձանագրվել է հուլիսի 13֊ին, երբ ՊԲ համապատասխան ստորաբաժանման ռադիոճնշման հետևանքով խափանվել են ժամը 11։54֊12։07 Զանգիլան-Ֆիզուլի, իսկ ժամը 13։02֊13։17 Ֆիզուլի-Բաքու երթուղով չվերթներ իրականացնող օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, այնինչ հիշյալ երթուղիներով թռիչքներ իրականացնող օդանավերը կարիք չունեն հատել շփման գիծը, հետևաբար չեն կարող հայտնվել ՊԲ ռադիոճնշման միջոցների ազդեցության ներքո։   Ավելորդ չէ նշել, որ 2020 թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորում Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարման հոսքագծերը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը»։
11:16 - 15 հուլիսի, 2023
Եթե ճանապարհ է փակում, ո՞նց կարող ենք հասկանալ, որ ադրբեջանական կողմն այդ երկխոսությանը պատրաստ է․ Արցախի ԱԳ նախարար

Եթե ճանապարհ է փակում, ո՞նց կարող ենք հասկանալ, որ ադրբեջանական կողմն այդ երկխոսությանը պատրաստ է․ Արցախի ԱԳ նախարար

Արցախյան կողմը չի մերժել [Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները՝ խմբ․] մի պարզ պատճառով, որ արցախյան կողմն ամենից շահագրգիռ կողմն է նման իրական երկխոսության մեջ, բայց այդ՝ երկխոսությունը որպեսզի կառուցողական բնույթ ունենա, որոշ չափորոշիչների պետք է համապատասխանի։ Այս մասին Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը։ Նա նշեց, որ քննարկումները շարունակվում են․ «Մենք այս ընթացքում տարբեր առաջարկներ ենք ստացել տարբեր երկրների ներկայացուցիչներից, միջազգային կազմակերպություններից՝ նման հանդիպումներ կազմակերպելու մասին։ Ուղղակի կան որոշ կարեւոր էլեմենտներ, որոնք մենք պետք է հաշվի առնենք։ Ինչպես տեղյակ ենք, այս տարվա փետրվարի 14-ին եւ մարտի 1-ին նմանատիպ հանդիպումներ են տեղի ունեցել ռուսական խաղաղապահների միջնորդությամբ նրանց տեղակայման վայրում, այս հանդիպումների ժամանակ քննարկվել են տեխնիկական բնույթի հարցեր, սակայն ադրբեջանական կողմը ամբողջությամբ խեղաթյուրեց նման հանդիպումների իմաստը՝ ներկայացնելով դա իբր վերաինտեգրման շուրջ բանակցությունների մեկնարկ»։ Ապա Ղազարյանը հավելեց, որ դրան հետեւեց ամսի հինգին տեղի ունեցած դիվերսիոն գործողությունը, որի արդյունքում երեք ոստիկան է սպանվել, մեկը՝ վիրավորվել։ «Մենք ասում ենք, որ երկխոսությունը, որ կարողանանք անվանել երկխոսություն, այլ ոչ թե երկխոսության իմիտացիա, պետք է բավարարի հետեւյալ պահանջներին՝ ադրբեջանական կողմից ճանապարհի արգելափակում, դեպի Արցախ առաջին անրաժեշտության պարենի եւ առաջին անվտանգության ապրանքների ներկրման հնարավորության վերականգնում, որ մենք կարողանանք տեսնել, որ ինչ-որ մոտեցում է փոխվել։ Մյուս կողմը պետք է ցույց տա, որ ինքը պատրաստ է երկխոսության, բայց եթե ճանապարհ է փակում, ո՞նց կարող ենք հասկանալ, որ ադրբեջանական կողմն այդ երկխոսությանը պատրաստ է։ Պարբերաբար քննարկումներ գնում են, արցախյան կողմը իր հերթին խաղաղապահների միջոցով փոխանցել է առաջարկներ հանդիպումների մասին, որոնք մերժվել են հենց ադրբեջանական կողմից»,- ասաց Արցախի ԱԳ նախարարը։ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն էլ ընդգծեց, որ երբեւէ չեն հրաժարվել բանակցություններից, քննարկումներից, շփումներից․ «Բայց մեր բարձրացրած հարցը հետեւյալն է․ մենք ասում ենք՝ պետք չէ սպանել, մենք ասում ենք՝ պետք է դադարեցնել կրակել գյուղացու ուղղությամբ եւ անհրաժեշտ է քննարկել, չի կարելի սպանել քաղաքացիական անձանց եւ ոստիկանության ծառայողներին, ընդհակառակը՝ անհրաժեշտ է քննարկել եւ լուծել խնդիրները։ Եվ երբ այս ամենը վերածվում է միակողմանի գործարքի, եւ դրա անունը դրվում է բանակցություն, այստեղ է խնդիրը։ Այլապես այսօր Ադրբեջանը մի հայտարարություն կանի, վաղը կխոսի ՊԲ-ի մասին, հետո կքննարկի պետական մարմինների կազմալուծման հարց, հետո կբարձրացնի օրենսդրության հարց, ի վերջո վաղը Ադրբեջանի մոտ կարող է հարց առաջանալ, որ արցախցիները խմելու ջուրը շատ են օգտագործում։ Այսինքն՝ ցանկացած հարց Ադրբեջանի կողմից կարող է բերվել օրակարգ եւ քննարկման առարկա դարձվել կամ պարտադրել, որ դառնան քննարկման առարկա։ Հենց սրա մեջ է խնդիրը, արցախյան կողմն ամենեւին չի հրաժարվում շփումներից, խնդիրները քննարկելուց։ Բայց բոլոր միջնորդներին ընդամենը մի պարզ իրողություն է ներկայացվում՝ պետք է դադարեցնել մարդկանց սովամահ անելու գործողությունները, սպանելը, եւ դրանից հետո փորձել լուծումներ գտնել։ Սխալ է ներքին լսարանում եւ դրսում այդպիսի թեզ շրջանառել, որ Արցախը հրաժարվում է բանակցություններից»։ Պատասխանելով ՊԲ-ն լուծարելու նախապայմանի վերաբերյալ հարցին՝ Սերգեյ Ղազարյանը նշեց, որ հակամարտությանը ծանոթ քիչ թե շատ բոլորը գիտեն, որ Արցախի Պաշտպանության բանակը Արցախի բնակչության անվտանգությունն ապահովող կարեւորագույն գործոնն է։ «Բազմիցս հնարավորություն ենք ունեցել դրանում համոզվելու։ Տեսնելով ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունները, սադրանքները, ագրեսիվ հռետորաբանությունը ինչպես են թափ առնում, իրատեսական չէ քննարկումը Պաշտպանության բանակի լուծարման մասին։ Արցախի Պաշտպանության բանակն ապահովում է Արցախի ժողովրդի անվտանգությունը»,- ընգծեց նա։
11:53 - 06 հուլիսի, 2023
Արցախից հայտնում են, որ Ադրբեջանի ՊԲ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Արցախից հայտնում են, որ Ադրբեջանի ՊԲ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ «Հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները այսօր՝ ժամը 09:25-10:10-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել Արցախի Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- նշվում է Արցախի ՊՆ հաղորդագրության մեջ։ Նշենք, որ վերջին օրերին Ադրբեջանի ՊՆ-ի նմանատիպ հաղորդագրությունները պարբերական են դարձել։ Արցախյան կողմից էլ հայտնում են, որ Ադրբեջանն է պարբերաբար կրակում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ։ Նոյեմբերի 24-ին ՌԴ ՊՆ-ից հայտնել էին, որ Ադրբեջանը կրակել է Մաղավուզ գյուղի ուղղությամբ։ Այս հաղորդագրությունից հետո Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը մեղադրել էր ՌԴ խաղաղապահ առաքելությանը՝ իրավիճակը ոչ օբյեկտիվ ներկայացնելու ու հայկական տեղանուններ գործածելու մեջ։ Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբից արձագանքել էին Բաքվի հայտարարությանը՝ մեղադրանքն անվանելով «զարմանալի»։
14:51 - 26 նոյեմբերի, 2022