Արժույթի միջազգային հիմնադրամ - ԱՄՀ

Արժույթի միջազգային հիմնադրամ, միջազգային կազմակերպություն է՝ տեղակայված Վաշինգտոն ԿՇ-ում, որին անդամակցում են 189 երկրներ, միտված է խթանելու համաշխարհային դրամային համագործակցությունը, ապահովել ֆինանսական կայունությունը, հեշտացնել միջազգային առևտուրը, զարգացնել աշխատանքը, կայուն տնտեսական աճը և կրճատել աղքատության մակարդակը ողջ աշխարհում: Ձևավորվելով 1944 թվականին Բրետոն Վուդսի համաժողովում Հարի Դեքստեր Ուայթի և Ջոն Մեյնարդ Քեյնեսի գաղափարների հիման վրա՝ այն պաշտոնական ձևակերպում ստացավ 1945 թվականին, 29 երկրների անդամակցությամբ՝ նպատակ ունենալով վերականգնել միջազգային վճարման համակարգը:

Արժույթի միջազգային հիմնադրամը շարունակելու է նոր ծրագրերով նպաստել ՀՀ-ում տնտեսական կայունությանն ու զարգացմանը

Արժույթի միջազգային հիմնադրամը շարունակելու է նոր ծրագրերով նպաստել ՀՀ-ում տնտեսական կայունությանն ու զարգացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Իվա Պետրովային: Վարչապետը շնորհավորել է տիկին Պետրովային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նա իր գիտելիքներով ու փորձով կնպաստի ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ եռամյա համատեղ նախորդ ծրագիրն իրականացվել է հաջողությամբ և վստահություն հայտնել, որ առաջիկայում կմշակվեն նոր ծրագրեր: Կառավարության ղեկավարն այնուհետև անդրադարձել է մեր երկրի մակրոտնտեսական վիճակին՝ հավելելով, որ ընթացիկ տարում արձանագրվում են տնտեսական բավականաին բարձր ցուցանիշներ, իսկ պետական բյուջեի եկամուտներն ունեն առաջացիկ աճ: Վարչապետը խոսել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի, կանխիկի շրջանառության կրճատման, համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման և իրականացվող այլ բարեփոխումների մասին՝ շեշտելով, որ կառավարությունը վստահություն է ձեռք բերում այդ ճանապարհին, քանի որ իրականացված նախորդ բարեփոխումները տվել են դրական արդյունքներ: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը կարևորել է ՀՀ կառավարության հետ ինտենսիվ համագործակցությունը՝ ընդգծելով, որ ԱՄՀ-ն շարունակելու է նոր ծրագրերով նպաստել ՀՀ-ում տնտեսական կայունությանն ու զարգացմանը: Իվա Պետրովան տպավորիչ է համարել ՀՀ-ում արձանագրվող տնտեսական ցուցանիշները և շեշտել է բարեփոխումների շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ճանապարհաշինության, կրթության, ենթակառուցվածքների, ջրային ռեսուրսների կառավարման, ջրամբարաշինության, բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ձևավորման, մաքսային կարգավորումներին և հանրային այլ ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի:
15:47 - 23 հունիսի, 2022
ՀՀ ֆինանսների նախարարը և ԱՄՀ հայաստանյան պատվիրակությունն անդրադարձել են մակրոտնտեսական վերջին զարգացումներին

ՀՀ ֆինանսների նախարարը և ԱՄՀ հայաստանյան պատվիրակությունն անդրադարձել են մակրոտնտեսական վերջին զարգացումներին

Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հունիսի 20-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա են եղել ֆինանսների նախարարի տեղակալները, Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին և ԱՄՀ առաքելության տնտեսագետներ: Նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է տիկին Պետրովային պատասխանատու պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր աշխատանք: Իվա Պետրովան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է ֆինանսների նախարարության հետ ունեցած գործընկերային բարձր հարաբերությունները և հայտնել իր պատրաստակամությունը անձամբ մասնակցելու ընթացիկ բոլոր ծրագրերին: Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես անդրադարձել են մակրոտնտեսական վերջին զարգացումներին, կապիտալ ծախսերին և հարկային քաղաքականությանն առնչվող թեմաներին: Հանդիպման ավարտին ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ առաջիկայում աշխատանքային ձևաչափով շարունակելու ընթացիկ ծրագրերի քննարկումները:
17:35 - 20 հունիսի, 2022
ԱՄՆ-ն ևս կտրուկ նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը` 1.5 տոկոս |azatutyun.am|

ԱՄՆ-ն ևս կտրուկ նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը` 1.5 տոկոս |azatutyun.am|

azatutyun.am: Արժույթի միջազգային հիմնադրամը ևս կտրուկ նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը՝ նախկին 4.5-ից 5 տոկոսի փոխարեն 1.5 տոկոս։ Երեկ հրապարակած հաղորդագրությունում միջազգային խոշոր ֆինանսական կառույցն ընդգծում է՝ Ռուսաստանի նկատմամբ լայն պատժամիջոցներն անխուսափելիրեն կազդեն Հայաստանի վրա։ ԱՄՀ-ն, սակայն, շեշտում է՝ բացասական ազդեցության չափը դեռևս անորոշ է։ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ՝ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով սննդամթերքի ու վառելիքի բարձրացած գները, կրճատված դրամական փոխանցումները, համաշխարհային ֆինանսական շուկայում տատանողականության աճը Հայաստանում ավելի մեծ թանկացումների ու տնտեսության աճի դանդաղեցման կհանգեցնեն։ Այն, որ Հայաստանը տուժելու է Ռուսաստանի դեմ օրեցօր խստացվող պատժամիջոցներից, չեն թաքցնում նաև իշխանությունները։ Կենտրոնական բանկը օրերս նվազեցրեց տնտեսական աճի իր կանխատեսումը՝ 5.3-ի փոխարեն ընդամենը 1.6 տոկոս։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն օրերս հայտարարել էր՝ համատարած անորոշություն է, բայց պարզ է, որ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկեր Ռուսաստանի դեմ սանկցիաները զգալիորեն կդանդաղեցնեն տնտեսության աճը, կհարվածեն տնտեսության ճյուղերին: «Տեսնում ենք, որ կան որոշակի խնդիրներ հանքարդյունաբերությունում, մշակվող արդյունաբերությունում, արդյունաբերության ճյուղի 94.7 տոկոս աճ է դրված, որոշակի նվազում կա նաև շինարարության ճյուղում: Միակը, որը որոշակի ավելի դրական զարգացում է ունենալու` մեր նախկին կանխատեսումների համաձայն, գյուղատնտեսության ճյուղն է», - ասել էր ԿԲ նախագահը: Անցած շաբաթ Կենտրոնական բանկը որոշեց միանգամից 1.25 տոկոսով բարձրացնել գնաճը զսպող գործիքը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 9.25 տոկոս։ 2021-ի ավարտին՝ մինչ ռուս-ուկրաինական հակամարտության ակտիվ փուլը, Հայաստանի իշխանությունները 2022-ի համար 7 տոկոս տնտեսական աճ էին կանխատեսում, այս ցուցանիշը ամրագրված է կառավարության հնգամյա ծրագրում։ Ըստ իշխանությունների` տարեկան նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ է պետք թիրախային մի շարք սոցիալական խնդիրներ լուծելու ու մարդկանց բարեկեցությունը բարելավելու համար։
16:50 - 18 մարտի, 2022
ԱՄՆ-ն Ուկրաինային 1 միլիարդ դոլարի վարկի երաշխիք է առաջարկել |factor.am|

ԱՄՆ-ն Ուկրաինային 1 միլիարդ դոլարի վարկի երաշխիք է առաջարկել |factor.am|

factor.am: ԱՄՆ կառավարությունը Ուկրաինային առաջարկել է մինչև 1 միլիարդ դոլարի սուվերեն վարկի երաշխիք՝ աջակցելու նրա տնտեսական բարեփոխումների օրակարգին և շարունակելու համագործակցությունը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պետքարտուղարության կայքում։ «Այս առաջարկը, որը զուգորդվում է Ուկրաինայի, ԱՄՀ-ի, այլ միջազգային ֆինանսական հաստատությունների, G-7-ի և այլ երկկողմ դոնորների միջև ամուր գործընկերության հետ, կամրապնդի Ուկրաինայի կարողությունը՝ ապահովելու իր ժողովրդի տնտեսական կայունությունը, աճը և բարգավաճումը Ռուսաստանի ապակայունացման դեմ»,- ասել է Բլինքենը։ Նա հիշեցրել է, որ 2014-ից 2016 թվականներին Միացյալ Նահանգներն Ուկրաինային տրամադրել է երեք առանձին երաշխիք՝ յուրաքանչյուրը 1 միլիարդ դոլարի վարկի վերաբերյալ, ինչն օգնել է հաջողությամբ կայունացնել տնտեսությունը՝ ի դեմս ռուսական նախորդ ագրեսիայի, և իրականացնել տնտեսական բարեփոխումների ծրագիր, որն ամրապնդում է երկրի լայնածավալ համագործակցությունն ԱՄՀ-ի հետ։
17:49 - 15 փետրվարի, 2022
2020թ. անկումից հետո Հայաստանի տնտեսությունը թեւակոխել է կայուն վերականգնման փուլ. ԱՄՀ-ն ամփոփել է 2021թ. խորհրդակցությունները

2020թ. անկումից հետո Հայաստանի տնտեսությունը թեւակոխել է կայուն վերականգնման փուլ. ԱՄՀ-ն ամփոփել է 2021թ. խորհրդակցությունները

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն ամփոփել է IV հոդվածի շուրջ 2021թ. խորհրդակցությունները, ինչպես նաեւ ԱՄՀ աջակցությամբ իրականացվող եռամյա Պահուստային ծրագրի չորրորդ եւ հինգերորդ վերանայումները։ Ինչպես հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից, արդյունքում, Հայաստանի Հանրապետության համար հասանելի են դարձել 51.428 մլն ՀՓԻ (շուրջ 72 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային (վարկային) միջոցներ։ԱՄՀ գնահատմամբ` 2020թ. անկումից հետո Հայաստանի տնտեսությունը թեւակոխել է կայուն վերականգնման փուլ: Ակնկալվում է, որ COVID-19-ի համավարակային իրավիճակի աստիճանական, թեեւ անհավասար բարելավումը, պահանջարկի զսպումը, ինչպես նաեւ պետական եւ մասնավոր ներդրումների ընդլայնումը կխթանեն 2022 թվականի աճը:ՀՀ Կառավարության 2021-2026թթ. բարեփոխումների ծրագիրը կարեւորագույն շրջանակ է ապագայում բարեկեցության եւ ներառականության ապահովման համար: Այն նպատակ ունի բարելավելու արտահանմանն ուղղված եւ ներդրումների վրա հիմնված աճի մոդելը ենթակառուցվածքներում եւ մարդկային կապիտալում (կրթություն, գիտություն եւ առողջապահություն) ներդրումների էական ավելացման եւ լայնածավալ բարեփոխումների միջոցով: Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ջանքերը, ՓՄՁ-ների համար ֆինանսական հասանելիության ընդլայնումը, առաջնահերթ սոցիալական ծախսերի համար հնարավորությունների ստեղծումը, ինչպես նաեւ կլիմայի փոփոխությունը մեղմելու եւ վերջինիս հարմարվելու քաղաքականության մշակումը կնպաստեն ավելի բարձր կայուն եւ ներառական աճին:Նշվում է, որ ԱՄՀ ֆինանսական աջակցությունը կօգնի Հայաստանին դիմակայելու մարտահրավերներին, այդ թվում՝ մեղմելով COVID-19 համաճարակի սոցիալական եւ տնտեսական հետեւանքները՝ իր բարեփոխումների օրակարգին համահունչ։Միաժամանակ ԱՄՀ կողմից ընդգծվել է, որ միջնաժամկետ հատվածում ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի աստիճանական նվազման եւ պարտքի կայունության ապահովման հանձնառությունն ու ապագա ցնցումների դեմ միջնաժամկետ հարկաբյուջետային բուֆերների վերականգնմանն ուղղված ջանքերը հիմնված  են արժանահավատ միջնաժամկետ հարկաբյուջետային շրջանակի եւ աճի համար բարենպաստ հարկաբյուջետային կոնսոլիդացիայի վրա:Արձանագրվել է նաեւ, որ կապիտալի շուկայի զարգացման ընդլայնված գործողությունների ծրագիրը պետք է նպաստի ապագայում ներքին ներդրումների ֆինանսավորման հարցում շուկայի դերի մեծացմանը:
18:36 - 23 դեկտեմբերի, 2021
Նիկոլ Փաշինյանը ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության օրակարգը

Նիկոլ Փաշինյանը ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության օրակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել  է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Փորթերին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը: Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության և Կենտրոնական բանկի համագործակցությունը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ՝ ընդգծելով.  «ԱՄՀ հետ գործընկերությունը և նպատակային ծրագրերը, հատկապես հետպատերազմյան շրջանում ի ցույց դրեցին իրենց կարևորությունը և նպաստեցին մակրոտնտեսական կայունության պահպանմանը Հայաստանում: Տրամադրված ենք նույն ոգով շարունակել փոխգործակցությունը և պատրաստ ենք քննարկել հետագա համատեղ անելիքները»: Շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի համար՝ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը նշել է, որ կառույցը կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը և վերահաստատում այն ընդլայնելու պատրաստակամությունը: Նա ընդգծել է, որ ԱՄՀ-ն կշարունակի օժանդակել ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների օրակարգին, այդ թվում՝ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության լավարկման, հանրային-մասնավոր ներդրումների համակարգի և գործարար միջավայրի ուժեղացման, ենթակառուցվածքների բարելավման, կրթության ոլորտի ռազմավարության իրականացման, կառավարման թափանցիկության բարձրացման, թիրախային միջոցառումների և ծրագրերի մշակման, հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Կառավարությունն ակտիվ աշխատանքներ է իրականացնում նշված բոլոր, ինչպես նաև իր գործունեության ծրագրով նախանշված մյուս ուղղություններով: Վարչապետն անդրադարձել է կրթության, ենթակառուցվածքների, ներդրումների, հանքարդյունաբերության, հարկաբյուջետային և այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, մանրամասներ ներկայացրել ընթացիկ աշխատանքների եւ արդյունքների վերաբերյալ: Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ բարեփոխումները փոխկապակցված են, և մեկի արդյունավետ իրականացումից է բխում մյուսի հաջող ընթացքը: Վարչապետը շեշտել է, որ բարեփոխումների հիմքը կրթական ռեֆորմն է: Հենց այս տեսլականից ելնելով էլ՝ հավակնոտ ծրագրեր են իրականացվում կրթության ոլորտում, որոնք միտված են 3 բաղադրիչի ապահովմանը՝ կրթական բովանդակություն, ֆիզիկական ենթակառուցվածք և մասնագիտական բարձր որակավորում: «Առաջիկա 5 տարում նախատեսում ենք կառուցել/վերակառուցել 300 դպրոց և 500 մանկապարտեզ: Մեր հիմնական նպատակը Հայաստանի բոլոր մարզերում, բնակավայրերում բոլոր երեխաներին որակյալ կրթությունը հասանելի դարձնելն է: Այս համատեքստում զարգացնում ենք նաև հեռավար կրթության համակարգը: Նախաձեռնել ենք ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթաց, որը նաև կնպաստի աշխատավարձի համակարգի բարեփոխմանը», - ասել է վարչապետը: Ինչ վերաբերում է ներդրումային միջավայրին, ապա այստեղ, Ն. Փաշինյանի խոսքով, աշխատանք է տարվում գնահատման արդյունավետ համակարգի ներդրման ուղղությամբ: Խոսելով հարկաբյուջետային քաղաքականության լավարկմանը միտված քայլերի մասին՝ վարչապետը հիշատակել է գերավճարների զրոյացումը, համահարթ եկամտահարկի համակարգի, գույքահարկի նոր համակարգի ներդրումը և կարևորել այս գործընթացում ԱՄՀ հետ սերտ համագործակցությունը: Զրուցակիցներն արձանագրել են, որ կողմերի պատկերացումները ՀՀ-ԱՄՀ համագործակցության հետագա ընթացքի վերաբերյալ ընդհանուր առմամբ նույնական են և պայմանավորվել են շարունակել արդյունավետ գործընկերությունը:
15:07 - 03 նոյեմբերի, 2021
ԱՄՀ-ն դադարեցրել է օգնությունն Աֆղանստանին |armenpress.am|

ԱՄՀ-ն դադարեցրել է օգնությունն Աֆղանստանին |armenpress.am|

armenpress.am: Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հայտարարել Է, որ օգնությունն Աֆղանստանին դադարեցնում Է երկրի ղեկավարության կարգավիճակի հետ կապված հստակության բացակայության պատճառով: «Ներկայում բացակայում Է միջազգային հանրակցության մեջ Աֆղանստանի կառավարությունը ճանաչելու վերաբերյալ հստակ ըմբռնումը, ինչի հետեւանքով երկիրը չի կարող հնարավորություն ունենալ օգտվելու ԱՄՀ-ի փոխառության հատուկ իրավունքներից եւ այլ ռեսուրսներից»,-ասված Է հիմնադրամի հայտարարության մեջ: Հաջորդ շաբաթ ԱՄՀ-ն պետք Է Աֆղանստանին փոխանցեր մոտավորապես 400 միլիոն դոլարի օգնություն: Համաշխարհային հանրակցությունը դեռ «Թալիբան» շարժումը չի ճանաչել Աֆղանստանի լեգիտիմ ղեկավարություն: Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել Է օգոստոսի առաջին տասնօրյակում, երբ թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Նրանց կողմից չվերահսկվող միակ նահանգը մնում Է Քաբուլից դեպի հյուսիս-արեւելք գտնվող Փանջշերը: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել Է, որ հեռացել Է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»: Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել Է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս: Ներկայում Աֆղանստանից բոլոր ցամաքային սահմանային անցումները վերահսկվում են թալիբան-զինյալների կողմից: Օտարերկրացի աշխատակիցների եւ օտարեկրյա ներկայացուցչություններում աշխատող աֆղանցիների տարհանումն անցկացվում Է Քաբուլի միակ օդանավակայանով, որը պահպանում են ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի մյուս երկրները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
11:34 - 19 օգոստոսի, 2021
Տիգրան Խաչատրյանի և ԱՄՀ մշտական ներկայացուցչի հանդիպմանը կարևորվել է համագործակցության սերտացումը

Տիգրան Խաչատրյանի և ԱՄՀ մշտական ներկայացուցչի հանդիպմանը կարևորվել է համագործակցության սերտացումը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսիին։ Տիգրան Խաչատրյանը ողջունել է մշտական ներկայացուցչին և նշել, որ ֆինանսների նախարարությունը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ունի համատեղ աշխատանքի մի շարք կարևոր ուղղություններ, որոնցից յուրաքանչյուրի կարևորությունը դժվար է գերագնահատել:  ՀՀ ֆինանսների նախարարը կարևորել է ԱՄՀ-ի աջակցությունը Հայաստանում մակրոտնտեսական կայունությանն ուղղված կառավարության քաղաքականության իրագործմանը: Տիգրան Խաչատրյանը նաև ասել է, որ ուրախ  կլինի  կառույցի հետ տարվող աշխատանքները խորացնելու ուղղությամբ։ ԱՄՀ-ի ներկայացուցիչ Մ․ Ռաիսին իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և շնորհավորել Տ․ Խաչատրյանին՝ ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ Հայաստանը ԱՄՀ-ի հետ երկար տարիների համագործակցության փորձ ունի։ ԱՄՀ մշտական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ առավել սերտ շփումները այսուհետ ևս շարունակական կլինեն։ 
18:10 - 13 օգոստոսի, 2021
Մհեր Գրիգորյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի և ՀԲ պաշտոնյաների հետ

Մհեր Գրիգորյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի և ՀԲ պաշտոնյաների հետ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի գարնանային հանդիպումների շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով հանդիպումներ է ունեցել ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխտնօրեն Աթանասիոս Արվանիտիսի, ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Պորտերի և ՀԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրեն Կոեն Դավիդսեի հետ: Հանդիպումների ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զրուցակիցներին ներկայացրել է երկրում կորոնավիրուսի համավարակից և պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, սոցիալ-տնտեսական խնդիրներն ու դրանց մեղմման ուղղությամբ Կառավարության ձեռնարկած քայլերը: ԱՄՀ պաշտոնյաների հետ քննարկվել են «Տնտեսական և ֆինանսական քաղաքականությունների» հուշագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը: Այս համատեքստում փոխվարչապետը ներկայացրել է առանձին ոլորտներում Կառավարության կողմից իրականացված բարեփոխումները և վերահաստատել Հայաստանի Կառավարության հանձնառությունը դրանց անխափան իրականացման վերաբերյալ: Այնուհետև ՀԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրեն Կոեն Դավիդսեի հետ տեղի ունեցած զրույցի ժամանակ քննարկվել են Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը և հետագա համագործակցության առաջնահերթությունները: Փոխվարչապետը ներկայացրել է երկրում կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նա բարձր է գնահատել ՀԲ խմբի գործընկերների ներդրումը տնտեսության առանցքային ուղղություններին առնչվող բարեփոխումների իրականացման գործընթացում: Երկուստեք կարևորվել է ՀՀ-ում արտահերթ ընտրությունների անցկացումը՝ որպես երկրի կայուն զարգացման նախադրյալ:
20:26 - 13 ապրիլի, 2021
Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Հայաստանի հետ համատեղ եռամյա ծրագրի գնահատման երրորդ փուլի արդյունքները |1lurer.am|

Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Հայաստանի հետ համատեղ եռամյա ծրագրի գնահատման երրորդ փուլի արդյունքները |1lurer.am|

1lurer.am: Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ համատեղ եռամյա ծրագրի գնահատման երրորդ փուլի արդյունքները, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության համար հասանելի են դարձել 25․714 միլիոն ՀՓԻ (շուրջ 36․7 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային միջոցներ։ Համատեղ ծրագրի ներքո հատկացվել են 231․657 մլն ՀՓԻ (շուրջ 315 մլն ԱՄՆ դոլար) ընդհանուր ծավալով վարկային միջոցներ։ Այս մասին հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:«ԱՄՀ գնահատմամբ՝ դրամավարկային քաղաքականությունը եղել է ըստ անհրաժեշտության ընդլայնողական՝ աջակցելով տնտեսությանը և պահպանելով բանկային համակարգի իրացվելիությունը, իսկ գնաճը պահպանվել է ցածր մակարդակում։Այնուամենայնիվ, ՀՀ կենտրոնական բանկը պետք է ուշադիր հետևի շուկաների զարգացումներին և պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում ճշգրտել դրամավարկային քաղաքականությունը մակրոտնտեսական կայունությունը ապահովելու համար՝ պահպանելով փոխարժեքի ճկունությունը գնաճի նպատակադրման շրջանակներում ցնցումները կլանելու համար։Չնայած ֆինանսական համակարգը սթրեսի նշաններ ցույց չի տվել, Կենտրոնական բանկը պետք է շարունակի բացահայտել ֆինանսական համակարգում առկա պոտենցիալ խոցելիություններն ու ռիսկերը և պատրաստ լինի ձեռնարկել համապատասխան գործողություններ՝ ֆինանսական կայունությունը ապահովելու համար:ԱՄՀ խորհրդի անդամները դրական են արձագանքել այն հանգամանքին, որ սոցիալ-տնտեսական ցնցումները նշանակալի բացասական ազդեցություն չեն թողել ֆինանսական համակարգի վրա։ Վերջիններիս դիտարկմամբ՝ ֆինանսական ոլորտի բարեփոխումները, որոնց մի մասը դեռևս ընթացքի մեջ են, կնպաստեն տնտեսական վերականգնմանը և երկարաժամկետ աճին»,- գրված է հայտարարությունում:
10:52 - 14 դեկտեմբերի, 2020
ԵՄ-ի երկրներում իրական ՀՆԱ-ն 2019 թվականի մակարդակին կվերադանա սոսկ 2022 թվականին. ԱՄՀ |armenpress.am|

ԵՄ-ի երկրներում իրական ՀՆԱ-ն 2019 թվականի մակարդակին կվերադանա սոսկ 2022 թվականին. ԱՄՀ |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության երկրներում իրական համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2019 թվականի մակարդակին կվերադանա սոսկ 2022 թվականին, սակայն այնուհետեւ բուն տետեսության զգալի կառուցվածքային վերակառուցում կպահանջվի: Այդ մասին ասված Է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն Պոուլ Թոմսենի հոդվածում, որը հրապարակվել Է հուլիսի 13-ին։«Մենք այժմ սպասում ենք, որ 2020 թվականին Եվրամիությունում իրական ՀՆԱ-ն կկրճատվի 9,3 տոկոսով, իսկ այնուհետեւ 2021 թվականին կավելանա 5,7 տոկոսով եւ 2019 թվականի մակարդակին կվերադառնա սոսկ 2022-ին»,- նշել Է մասնագետը: «Քաղաքական գործիչները նաեւ պետք Է ընդունեն, որ հետճգնաժամային տնտեսությունը կարող Է շատ նման չլինել 2019 թվականի նմուշի տնտեսությանը: Պարզ Է դառնում, որ մենք արմատական փոփոխություններ ենք ապրում, եւ դրանք մեզ անհրաժեշտ են»,- համոզված Է Թոմսենը: Նրա խոսքով՝ իշխանությունները պետք Է պատրաստ լինեն այն իրավիճակին, որի դեպքում «համավարակը կտեւի մի քանի տարի, իսկ դան կհետեւեն նոր համավարակներ»: «Եվրոպան պետք Է ձգտի նոր, ավելի Էկոլոգիական տնտեսության, որն ի վիճակի լինի արդունավետորեն գործելու նույնիսկ սոցիալական հեռավորության ավելի երկարատեւ միջոցների պայմաններում»,- կարծում Է հոդվածի հեղինակը: Կորոնավիրուսային վարակի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել Է 2019 թվականի վերջին Կենտրոնակաան Չինաստանում եւ տարածվել երկրների մեծ մասում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել Է համավարակ: Բոլոր երկրները եւ տարածքները հարկադված Էին ձեռնարկելու սանիտարա-համաճակաբանական բնույթի տարբեր արտակարգ միջոցներ, ինչը հանգեցրել Է խորը միջազգային տնտեսական ճգնաժամի: ԱՄՀ-ի կանխատեսմամբ՝ ընթացիկ տարում համաշխարհային տնտեսությունում կարձանագրվի անկում գրեթե 5 տոկոսի չափով, բայց այն կվարականգնվի եւ հաջորդ տարի կաճի 5,4 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
11:39 - 13 հուլիսի, 2020
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև ստորագրված նամակ-համաձայնագիրը

 |armenpress.am|

ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև ստորագրված նամակ-համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020թ. մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը: Այն վավերացվեց միաձայն՝ 88 «կողմ» ձայնով: Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից դեռևս 2019թ. մայիսին Հայաստանի համար հաստատվել է 248.2 մլն դոլար արժողությամբ եռամյա Պահուստային ծրագիրը` ուղղված տնտեսական հիմնարար և կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը: Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհրդի` 2020թ. մայիսի 18-ին տեղի ունեցած նիստում հաստատվել է ծրագրի երկրորդ վերանայումը, որով ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության համար հասանելի են դարձել ընդհանուր 105 մլն դոլար ծավալով փոխառու միջոցներ: Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է նաև Հիմնադրամի արագ ֆինանսավորման գործիքի շրջանակներում հավելյալ 175 մլն դոլար ներգրավելու հայտը: Հիմնադրամի ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել պահուստային ծրագրի շրջանակներում հասանելի միջոցները որպես ուղղակի բյուջետային աջակցություն օգտագործելու ուղղությամբ` նպատակ ունենալով ապահովել նոր կորոնավիրուսային համավարակի տարածմամբ առաջ եկող հետևանքների մեղմմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորումը: Ներկա պահին Հայաստանի Հանրապետության համար հասանելի են ընդհանուր առմամբ շուրջ 280 մլն դոլար ծավալով բյուջետային միջոցներ, և ևս 35 մլն դոլար հասանելի կդառնա ծրագրի երրորդ վերանայման արդյունքում:
19:08 - 24 հունիսի, 2020
Խորհրդարանը քննարկում է ՀՀ-ի և ԱՄՀ-ի միջև նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը |armenpress.am|

Խորհրդարանը քննարկում է ՀՀ-ի և ԱՄՀ-ի միջև նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020թ. մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագրի վավերացման նպատակահարմարության մասին հարցը: Oրինագիծը խորհրդարանում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը: «Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից դեռևս 2019թ. մայիսին Հայաստանի Հանրապետության համար հաստատվել է 248.2 մլն դոլար արժողությամբ եռամյա Պահուստային ծրագիրը` ուղղված տնտեսական հիմնարար և կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը: Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհրդի` 2020թ. մայիսի 18-ին տեղի ունեցած նիստում հաստատվել է ծրագրի երկրորդ վերանայումը, որով ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության համար հասանելի են դարձել ընդհանուր 105 մլն դոլար ծավալով փոխառու միջոցներ: Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է նաև Հիմնադրամի արագ ֆինանսավորման գործիքի շրջանակում հավելյալ 175 մլն դոլար ներգրավելու հայտը»,- ասաց Հայրապետյանը: Հիմնադրամի ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել պահուստային ծրագրի շրջանակում հասանելի միջոցները որպես ուղղակի բյուջետային աջակցություն օգտագործելու ուղղությամբ` նպատակ ունենալով ապահովել նոր կորոնավիրուսային համավարակի տարածմամբ առաջ եկող հետևանքների մեղմմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորումը: «Ներկա պահին Հայաստանի Հանրապետության համար հասանելի են ընդհանուր առմամբ շուրջ 280 մլն դոլար ծավալով բյուջետային միջոցներ, և ևս 35 մլն դոլար հասանելի կդառնա ծրագրի երրորդ վերանայման արդյունքում»,- նշեց փոխնախարարը:
12:10 - 24 հունիսի, 2020
Կառավարությունը հավանության արժանացրեց ՀՀ և ԱՄՀ միջև վարկային համաձայնագրի նախագիծը |lragir.am|

Կառավարությունը հավանության արժանացրեց ՀՀ և ԱՄՀ միջև վարկային համաձայնագրի նախագիծը |lragir.am|

lragir.am: Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց ՀՀ և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև վարկային համաձայնագրի նախագիծը։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ այս ամբողջ ընթացքում Հայաստանը միայնակ չի եղել իր խնդիրների հետ։ «Մեզ ուղեկցել են մեր գործընկեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև մեզ հետ է ներդրումային հանրույթը, պատրաստակամություն ունեն անհրաժեշտության դեպքում նաև փոխառու միջոցներ տրամադրել։ Եվ այս նախագծով մենք շարունակում ենք մեր երկարատև համագործակցությունը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ։ 2019 թվականին ԱՄՀ հետ ծրագիր ենք հավանության արժանացրել, որը գնահատվում է որպես կանխարգելիչ։ Եվ ենթադրվում էր, որ միայն արտաքին ցնցումների դեպքում մենք կօգտվենք ԱՄՀ կողմից մեզ տրամադրվելիք վարկի հնարավորությունից։ Եվ համաձայնություն է ձեռք բերվել, որ այդ միջոցներն ավելի մեծ չափով կարող են հասանելի լինել՝ մոտավորապես 315 մլն դոլարին համարժեք, որից 206 մլն-ն արդեն հասանելի է։ Իսկ այս նախագծով առաջարկվում է, որպեսզի հավանություն տրվի այդ վարկային համաձայնագրին»,- ասաց Ջանջուղազյանը։ Ֆինանսների նախարարը նշեց, որ նախորդ տարեվերջին բոլոր կանխատեսումներով ավելի քան 170 երկրում կանխատեսվում էր ընդհանուր տնտեսական աճ և յուրաքանչյուր երկրում տնտեսական աճ։ Մինչդեռ ապրիլին վերանայված կանխատեսումների համաձայն՝ գնահատվում է, որ այդ նույն երկրներում կլինի անկում։ Եվ համաշխարհային տնտեսության համար մոտ 3,5 տոկոս անկման ցուցանիշ է կանախատեսվել։«Հետևաբար այս իրավիճակը, որը պայմանավորված է համավարակի ազդեցությամբ, չի կարող իր ազդեցությունը չունենալ նաև բյուջետային ցուցանիշների վրա։ Եվ այդ տեսակետից Հայաստանը բացառություն չէ, և Հայաստանի դեպքում ևս ենթադրվում է, որ անկումը կհանգեցնի հարկային եկամուտների նվազման, ինչն էլ իր հերթին կհանգեցնի բյուջեի դեֆիցիտի մեծացման։ Դեֆիցիտի ֆինանսավորման համար անհրաժեշտ է փոխառու միջոցների ներգրավում։ Հետևաբար, դեֆիցիտի մեծացումը ինքնաբերաբար կհանգեցնի նաև պարտքի աճի»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը։
13:23 - 04 հունիսի, 2020