«Ազգային օրակարգ» կուսակցություն

«Ազգային օրակարգ» կուսակցությունը ստեղծվել է 2018 թվականի հունիսին։ Կուսակցության հիմնադիր հանձնախումբի կազմն է․

  • Ավետիք Չալաբյան
  • Արա Գասպարյան
  • Արա Հակոբյան
  • Իգոր Զարգարյան
  • Հայկ Շեկյան
  • Վարդան Մարաշլյան

«Ազգային օրակարգ»-ը մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նախընտրական ցուցակի առաջին համարը կուսակցության նախագահ Արա Հակոբյանն էր։

Կուսակցությունը չի հաղթահարել անցողիկ շեմն ու չի անցել 8-րդ  գումարման ԱԺ՝ ստանալով 719 ձայն (0.06%)

ՀՀ կուսակցությունների դիրքորոշումները՝ միութենական պետությանն անդամակցության եւ ինքնիշխանության մասին

ՀՀ կուսակցությունների դիրքորոշումները՝ միութենական պետությանն անդամակցության եւ ինքնիշխանության մասին

«Հայաստանը փախչելու տեղ չունի․․․ Ի՞նչ է, կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են․․․»,- փետրվարի սկզբին Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այս հայտարարությունը հանրային եւ քաղաքական շրջանակներում դարձյալ ակտիվացրեց Հայաստանի՝ Ռուսաստանի ու Բելառուսի հետ միութենական պետության մաս կազմելու թեման։ Լուկաշենկոն կարծիք էր հայտնել, թե առաջիկա 15 տարիներին Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ Ուկրաինան, Ղազախստանը, այլ պետություններ, որոնց թվում՝ նաեւ Հայաստանը։ Հայաստանի արտաքին գերատեսչությունն այս հայտարարությանն արձագանքեց․ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանի մեկնաբանությամբ՝ «Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը եւ որեւէ առնչություն չունեն Հայաստանի եւ նրա արտաքին քաղաքականության հետ»։ Infocom-ը Հայաստանի քաղաքական կուսակություններից մեկնաբանություններ է խնդրել, թե ինչ դիրքորոշում ունեն միութենական պետության մաս կազմելու հարցով։ Մասնավորապես, 2017, 2018, 2021 թվականների խորհրդարանական ընտրություններին մասնակցած, 2021թ․ տեղական ինքնակառավարման ընտրություններին ակտիվություն ցուցաբերած մի քանի տասնյակ կուսակցությունների գրավոր հարցադրումներ ենք ուղարկել՝ Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում պատկերացնո՞ւմ են ՌԴ-ի եւ Բելառուսի հետ միութենական պետության մաս, եւ եթե այո կամ ոչ, ապա ի՞նչ մեկնաբանությամբ։ Ստորեւ ներկայացնում ենք հարցադրմանը պատասխանած կուսակցությունների դիրքորոշումները։ «Ազգային օրակարագ» կուսակցությունը կարծում է՝ ապազգային եւ հակապետական իշխանական համակարգի ներկայացուցիչներն են եռանդագին քարոզում հայկական պետական ինքնիշխանության ու անկախ պետականության անհնարինությունը՝ պնդելով, որ գոյութենական միակ այլընտրանքը Ռուսաստանի կողմից ձեւավորվող հերթական Միության մաս դառնալն է․ «Օտարի իշխանության ներքո գոյատեւելու բազմադարյա այս կործանարար գաղափարն ու կեցվածքը ի վերջո հանգեցրել են Ցեղասպանության եւ Հայրենազրկման, ու Հայության նկատմամբ ստորացուցիչ կայուն վերաբերմունքի բանաձեւման՝ «КУДА ОНИ ДЕНУТСЯ...»»: Կուսակցության համոզմամբ՝ մենք երկու ուղի ունենք՝ լինել պետություն եւ ունենալ պետականություն, լինել ինքնիշխան պետություն, կամ էլ՝ չլինել այդպիսին։  Ազգային-ժողովրդավարական բեւեռը կտրականապես դեմ է Ռուսաստան֊Բելառուս միութենական պետության (ինչպես նաեւ որեւէ այլ վերպետական կառույցի) մաս կազմելու, քանի որ դա, ըստ կուսակցության դիրքորոշման, նախ նշանակում է ինքնիշխանության զգալի զիջում, եւ երկրորդ՝ ՀՀ ազգային շահերը գոնե ներկա եւ մոտ հեռանկարի ապագայում մեղմ ասած չեն համընկնում ՌԴ-ի եւ Բելառուսի շահերին․ «ԱԺԲ֊ն հանդես է գալիս ՀՀ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ կազմից դուրս գալու օգտին եւ ԱՄՆ ոչ-ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ ստանալու օգտին։ ԱԺԲն հանդես է գալիս ՀՀ եւ ԵՄ շատ ավելի խորը համագործակցության օգտին»,- ասված է կուսակցության պատասխանում: «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը ոչ մի պարագայում ընդունելի չի կարող համարել Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության գաղափարը։ Կուսակցության պատասխանի համաձայն՝ «Շանթ Դաշինքը» Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը եւ ժողովրդի ազատությունը համարում է անսակարկելի արժեքներ, որոնց սակարկողները կամ դրանց ճշմարտացիությունը կասկածի տակ դնողները պետք է համարվեն պետական դավաճաններ՝ ըստ ՀՀ սահմանադրության համապատասխան հոդվածների։ (Տեխնիկական խնդիրների պատճառով «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության պատասխանը նյութին ավելացվել է հրապարակումից ավելի ուշ,- խմբ․)։ «Քաղացու որոշում» ՍԴ կուսակցությունը մեր հարցադրմանն ի պատասխան հայտնել է, որ երկրի ինքնիշխանությունը նվազեցնող որեւէ միավորման կողմնակից չեն կարող լինել․ ««Քաղաքացու որոշում» կուսակցությունը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետությունում եւ գործում է նրա սահմանադրականության շրջանակներում՝ ի շահ ինքնիշխանության, ժողովրդավարականության, իրավականության եւ սոցիալականության: Սա նշանակում է, որ մեր գործունեության բոլոր դրսեւորումները ուղղված են լինելու Հայաստանի գոյություն ունեցող ինքնիշխանության մակարդակի բարձրացմանը: Հետեւաբար, մենք երկրի ինքնիշխանությունը նվազեցնող որեւէ միավորման կողմնակից չենք կարող լինել»,- ասված է կուսակցության պատասխանում՝ հավելումով, որ առկա իրավիճակում իրենք տեսնում են նման միություններին անդամակցությունից զերծ մնալու հնարավորություն․ «Ուստի պատրաստ չենք քննարկել դեպքեր եւ հանգամանքներ, որոնցում ինքնիշխանության նվազեցումը «ընդունելի կլինի»։ Մեր այս դիրքորոշումը պայմանավորված է մեր արժեքներով, գաղափարներով, ինչպես նաեւ այն պրագմատիկ հաշվարկով, որ միջազգային հարաբերությունների հետզհետե բեւեռացման ժամանակաշրջանում այդ բեւեռների սահմանագծում ապրող ժողովուրդը, բեւեռներից մեկին ինքնամոռաց նվիրվելով, ունենալու է մեծ կորուստներ, իսկ ձեռքբերումների հավանականությունը խիստ փոքր է լինելու»: «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը կտրականապես մերժում է «Ռուսաստանից պարտադրվող եւ Հայաստանի ներսից սպասարկվող միութենական նկրտումները»։ Կուսակցության դիրքորոշմամբ՝ Հայաստանի ինքնիշխանությունը սակարկող ցանկացած ուժ պետք է արժանանա հստակ գնահատականների եւ մերժվի հանրության կողմից․ «Մեր հավատամքին համապատասխան՝ անելու ենք ամեն ինչ, որպեսզի կանխվեն նման սցենարները, այդ թվում՝ փորձելու ենք համախոհ ուժերի հետ անցկացնել խորհրդակցություններ եւ անհրաժեշտության դեպքում նաեւ կոնկրեը գործողություններ։ Անկախ Հայաստանին այլընտրանք չկա»։  «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները եւ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը համարում են, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը բացարձակ արժեք է․ «Եվ ցանկացած պարագայում մեր դիրքորոշումը հիմնված ու կառուցված է լինելու այս սկզբունքային մոտեցման վրա»: Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ հնարավոր միութենական հանրապետության ձեւավորման հարցին՝ կուսակցության պատասխանի համաձայն՝ օդում կախված լուրերի կամ անհայտ ծագման տեղեկությունների վերաբերյալ «պարզապես չի կարելի, կոռեկտ չէ» դիրքորոշում ակնկալել․ «Եթե կլինեն նման գործընթացներ, նման առաջարկ կամ առաջարկներ, այդ ժամանակ էլ, ելնելով բովանդակությունից, իր բոլոր  մանրամասներով կներկայացնենք մեր դիրքորոշումն ու դիտարկումները՝ վստահաբար հավատարիմ մնալով վերոնշյալ մոտեցմանը»: Հայաստանի Հանրապետական կուսակցության պատասխանի համաձայն՝ ՀՀԿ-ն իր արտաքին քաղաքական գերակայությունները հնչեցրել է ՀՀԿ 17-րդ համագումարում, դրանք ներառված են համագումարի բանաձեւում։ Առաջարկել են կուսակցության դիրքորոշումներին ծանոթանալու համար հետեւել քաղաքական ուժի պաշտոնական դիրքորոշումն արտահայտող ՀՀԿ ներկայացուցիչներին հրապարակային ելույթներին, հարցազրույցներին, ՀՀԿ-ի ընթացիկ հայտարարություններին։ Infocom-ը կուսակցության համագումարի բանաձեւից առանձնացրել է արտաքին քաղաքականությանն առնչվող հատվածները։ Այսպես, կուսակցությունը բանաձեւում նշել է, որ Հանրապետականը եղել եւ մնում է մեր երկրի` միջազգային ամենալայն կապերն ունեցող քաղաքական ուժը եւ կապերի այդ լայն շրջանակը շարունակելու է ծառայեցնել մեր պետության ու ժողովրդի ազգային շահերի սպասարկմանը այն գիտակցումով, որ միայն ուժեղ, ինքնիշխան, արժանապատիվ Հայաստանը կարող է հարգանքի արժանի եւ վստահելի գործընկեր լինել: Կուսակցությունը հայտարարել է, որ իշխանափոխությունից հետո, ի թիվս այլնի, իրենց գործունեության առաջնահերթություններից են լինելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը անվտանգային ողջ գործիքակազմի խելամիտ եւ նպատակային գործադրմամբ, հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության բարելավումը, ընդլայնումը եւ խորացումը՝ ամրապնդելով Հայաստանի եւ Արցախի սահմանների անվտանգության իրական երաշխիքները, Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող գործողությունների ծրագրում ներառված գերակայությունների վերաբանակցումը, եւ այլն։ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում եւ չի ցանկանում պատկերացնել որպես Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ այսպես կոչված «միութենական պետության» մաս․ «Հայաստանի Հանրապետությունն ազատ, անկախ եւ ժողովրդավարական պետություն է, եւ բազում տարիների անօրինակ պայքարով ձեռք բերված այդ կարգավիճակը, հաստատված 1991 թվականի հանրաքվեի անվիճելի արդյունքներով, սկզբունքորեն չի՛ կարող լինել սակարկության կամ նույնիսկ քննարկման առարկա, նույնիսկ տեսականորեն»,- ասված է կուսակցության պատասխանում։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը պատասխանում շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան եւ ժողովրդավարական պետություն է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված, եւ, ըստ այդմ, Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում ոչ միայն չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ Միութենական պետության մաս, այլ անգամ քաղաքական օրակարգ արհեստականորեն բերված քննարկումները, հարցումները, նմանօրինակ հայտարարությունները համարում է խիստ վտանգավոր ու անթույլատրելի եւ ՀՀ անկախության, ինքնիշխանության եւ անվտանգային համակարգի դեմ տարվող բացահայտ գործողություններ․ «Մեր օրակարգում նմանօրինակ հարցի անգամ քննարկում, որն ողիղ սպառնալիք եւ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, չկա եւ չի էլ կարող երբեւէ լինել»:  Կուսակցությունը կարծում է, որ ակնհայտ է՝ միութենական պետության գաղափարը ՌԴ իշխանությունների աշխարհաքաղաքական նկրտումներին եւ շահերին հարմարեցված հերթական միավորում պետք է լինի, դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով, ինչն էլ ծանր հետեւանքներ է ունենալու ոչ միայն ՀՀ քաղաքական եւ տնտեսական բազմավեկտոր ինտեգրացիոն գործընթացների վրա, այլ նաեւ լուրջ խոչնդոտ է լինելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման եւ միջազգային ճանաչման գործընթացի համար․ «Վստահ ենք՝ բոլորի հիշողությունները դեռ թարմ են, թե ինչպիսի դիրքորոշում հայտնեց ՀԱՊԿ-ը Հայաստանի համար օրհասական եւ անվտանգային առումով ամենաբարդ ու ծանրագույն շրջանում՝ թե՛ քառօրյա , եւ թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո, անգամ ՀՀ սուվերեն տարածք թշնամու ներխուժման եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու ժամանակ: Իսկ, որ հենց այդպիսի դիրքորոշում էր որդեգրելու ՀԱՊԿ-ը, Ազատ Դեմոկրատները բազմիցս են բարձրաձայնել: Եվ, ընդհանրապես, Հայաստանի ապագան քաղաքակիրթ եւ առաջադեմ աշխարհն է, այլ ոչ թե դրանից մեկուսացումը: Հայաստանի իշխանությունը առաջնահերթ պարտավորություն ունի կոշտ ու միանշանակ հակահարված տալ ՀՀ անկախությանն ու ինքնիշխանությանը սպաղնացող որեւէ գործողության եւ առաջնորդվի միմիայն ՀՀ Սահմանադրությամբ եւ պետական շահով»: Հայաստանի կանաչների կուսակցությունը անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունն էլ դեմ է ՀՀ ինքնիշխանության մասնակի կամ ամբողջական օտարմանը՝ հօգուտ որեւէ պետության, կամ պետությունների, կամ նրանց դաշինքի կամ միությանը, այդ թվում եւ առավել եւս՝ ՌԴ ու Բելառուսի միութենական պետությանը միանալու տեսքով։  Պահպանողական կուսակցությունը եւս որեւէ պարագայում Հայաստանը չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս։ «Պահպանողական կուսակցության համար ՀՀ Սահմանդրությամբ ամրագրված ինքնիշխանությունն անսակարկելի է, ինչպես նաեւ Պահպանողական կուսակցության Կանոնադրության եւ Ծրագրի մեջ Հայաստանի պետականությունը հռչակված է որպես բարձրագույն արժեք»: Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության ամփոփոխ առաջին հոդվածի բովանդակությունը Հայաստանի Հանրապետռության ինքնիշխանության վերաբերյալ, ինչպես նաեւ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության հաստատուն դիրքորոշումը, անընդունելի եւ հակապետական է համարում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կասկածի դակ դնող ցանկացած գաղափար եւ ցանկացած ակտ: Հայաստանի եվրոպական կուսակցությունը նույնպես կտրականապես դեմ է միութենական պետության գաղափարին․ «Մեզ մոտ դա անգամ չի քննարկվում, դա քրեական հանցագործություն է։ Նման բան քննարկել, խոսել, մտածել, անգամ չենք պատկերացնում»,- Infocom-ի հարցին ի պատասխան՝ կուսակցության դիրքորոշումը հայտնեց կուսակցության վարչության անդամ Ալլա Հարությունյանը։ «Հայոց հայրենիք» կուսակցությունը կարծում է, որ Հայաստանի Հանրապետությանն անկախությունն ու ինքնիշխանությունը միանշանակ որեւէ կերպ չի կարող խաթարվել, բայց համագործակցությունը որպես մեկ կառույց, «մեկ պետություն»՝ միանշանակ ընդունելի է համարում։ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն էլ է կողմ միութենական պետության գաղափարին, եթե ՀՀ անվտանգության ապահովման համար այդ միությանը միանալը վերջին հնարավորությունն է։ Այս տարվա փետրվարի 17-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսի ժամանակ, պատասխանելով միութենական պետության մասին լրագրողի հարցին, ասաց, որ այսօր աշխարհում կան ինտեգրման այնպիսի մոդելներ, որոնցով բոլորը հիանում են, օրինակ՝ Եվրամիություն․ «Այն միությունը, որ ՌԴ-ի եւ Բելառուսի միջեւ է, հեռու է իր ինտեգրման աստիճանով ԵՄ-ից։ Այսօրվա աշխարհում, իմ կարծիքով, չպետք է ապրիորի վախենալ որեւէ նման ինտեգրումից, ուղղակի պետք է նստել-հասկանալ՝ ինչ ես ստանում, ինչ ես զիջում։ Իմ նախագահության օրոք նման հարց չի քննարկվել, մենք այդպիսի նախաձեռնություն չենք ցուցաբերել եւ չենք համարել, որ դա հասունացած է։ Բայց հիմա նման կարգի գործընթացներին պետք է վերաբերել շատ պրագմատիկ եւ հաշվարկի հիմքի վրա, ոչ թե կենցաղային մոդելով՝ դու՝ ինձ, ես՝ քեզ, այլ կոնկրետ հաշվարկով, ինչ վտանգների առաջ ենք կանգնած, ինչ սպասելիքներ ունենք, ինչ են մեզ առաջարկում, ինչ ենք կորցնում, ինչ ենք ստանում։ Քանի որ չկա առաջարկ, հիմա դժվար է գնահատել»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ երբ կլինի, պետք է սթափ հաշվարկով քննարկել, մտնել-կամ չմտնել նման պրոցեսների մեջ։  Նրա կարծիքով՝ ՌԴ-ի հետ մենք պետք է ունենանք շատ ավելի խոր հարաբերություններ․ «Չկա այլ երկիր, որը շահագրգռված կլինի մեզ նորից գործոն սարքել այս տարածաշրջանում»։ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը Քոչարյանի ասուլիսից հետո անդրադարձավ միութենական պետության մասին վերջինիս հայտարարություններին՝ հնչեցնելով նաեւ իրենց կուսակցության դիրքորոշումը։ Նրա կարծիքով՝ Քոչարյանը երկընտրանքի առաջ է կանգնեցրել հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը՝ առաջարկելով կամ ապավինել ՌԴ-ի հետ առավել խոր ինտեգրմանը՝ չբացառելով անգամ միութենական պետությանն անդամակցելը՝ այդպիսով թուրք-ադրբեջանական սպառնալիքը դիտարկելով որպես անհաղթահարելի գործոն, կամ համակերպվել Քոչարյանի ձեւակերպմամբ «Հայաստանի աջարիզացիային»։ Նորիկյանի կարծիքով՝ Հայաստանին եւ հայ ժողովրդին դնել ծանր երկընտրանքի առջեւ, որ կամ ընտրում ես Թուրքիան, կամ  Ռուսաստանը, ազնիվ չէ մեր պետության, հասարակության նկատմամբ, եւ բացառել զարգացման որեւէ այլ տարբերակ, այդ թվում՝ բոլորի հետ նորմալ բարիդրացիական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, նույնն է, թե Հայաստանին հավերժորեն գամել պատերազմի դռանը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։  Արդար Հայաստանը կարծում է, որ ՀՀ բոլոր քաղաքական ուժերը պետք է երկու հարցի վերաբերյալ ունենան հարյուրտոկոսանոց կոնսենսուս․ ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը սակարկման ենթակա չեն, ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չէ։ Նրանք, որոնք կասկածի տակ կդնեն ինքնիշխանությունն ու պետականությունը, Նորիկյանի խոսքով, պետք է վռնդվեն ՀՀ քաղաքական դաշտից։ Ստորեւ ներկայացնում ենք այն կուսակցությունների ցանկը, որոնք չեն պատասխանել  հարցադրմանը, սակայն հետագայում նրանց դիրքորոշումն ունենալուն պես դրանք եւս կհրապարակենք․ «Վերածնվող Հայաստան» կուսակցություն, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն,  «Հանրապետություն» կուսակցություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,  «Լուսավոր Հայաստան» կուսակցություն,  «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն,  «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն,  «Միասնական հայրենիք» կուսակցություն,  Հայ կառուցողական կուսակցություն,  «Զարթոնք» կուսակցություն,  «Ալյանս» կուսակցություն, «Ազատություն» կուսակցություն,  «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն,  «5165 շարժում» կուսակցություն,  «Վերելք» կուսակցություն,  «Ազատական» կուսակցություն,  «Ժառանգություն» կուսակցություն,  Հայաստանի կոմունիստական կուսակցություն,  «Ազգային ինքնորոշում» կուսակցություն,  «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցություն։ Հետգրություն «Ապրելու երկիր» կուսակցությունը նյութի հրապարակումից հետո հարցադրմանն ի պատասխան տեղեկացրել է, որ կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս, քանի որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը սակարկման եւ քննարկման առարկա չէ։   Լուսանկարի աղբյուրը՝ ria.ruՀայարփի Բաղդասարյան
16:54 - 08 մարտի, 2022
Ինչպե՞ս խուսափել ծրագրային քննարկումներից․ անպատասխանատվության, ժամանակ չգտնելու ու միայն կառավարող ուժի հետ բանավիճելու քմահաճույքի միջեւ

Ինչպե՞ս խուսափել ծրագրային քննարկումներից․ անպատասխանատվության, ժամանակ չգտնելու ու միայն կառավարող ուժի հետ բանավիճելու քմահաճույքի միջեւ

Ասել, թե խորհրդարանական արտահերթ անցած ընտրություններին մասնակից ավելի քան երկու տասնյակ քաղաքական ուժերը պայքարում էին իրենց ծրագրային դրույթներով, կնշանակի կարողանալ ճշմարտության մասին չխոսել ավելի լավ, քան նրանք՝ քարոզարշավի ընթացքում։ Այդուհանդերձ, ընտրությունների նախաշեմին որոշեցինք հավաքագրել ու ներկայացնել բոլոր ուժերի պատկերացումներն ու առաջարկները՝ հինգ կարեւոր ոլորտներում առկա խնդիրների լուծման վերաբերյալ՝ հետպատերազմյան վերականգնում, ԼՂ հակամարտություն եւ արտաքին հարաբերություններ, սոցիալ-տնտեսական վերականգնում, ներքաղաքական կայունություն, գիտություն եւ կրթություն։   Ծրագրային դրույթների ներկայացման մեր վիդեո հարցազրույցներին մասնակցեցին 14 քաղաքական ուժեր՝ «Պատիվ ունեմ», «Ազատ հայրենիք», «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքները, «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Արդար Հայաստան», «Ինքնիշխան Հայաստան», «Քաղաքացու որոշում», «Հայ ազգային կոնգրես», «Միասնական հայրենիք», «Ազգային-ժողովրդավարական բեւեռ», «5165 շարժում», «Հայաստանի Եվրոպական», «Հանրապետություն» կուսակցությունները։    Անարձագանք նամակներ, զանգեր ու մերժումներ Թեեւ բոլոր ուժերին մասնակցության պաշտոնական հրավերներ էինք ուղարկել ս․թ․ մայիսի 19-ին, հետո նաեւ հրավերի հիշեցումներ, որոշ ուժեր որեւէ կերպ չարձագանքեցին կամ ուղղակի մերժեցին մասնակցությունը։ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն, օրինակ, շուրջ մեկ ամիս իրենց հարմար օր եւ ժամ չգտան՝ ներկայացնելու իրենց ծրագրային դրույթները՝ նշելով, որ ակտիվ քարոզչական աշխատանքներում են ներգրավված․ ի դեպ՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուները 156-ն էին։ Մայիսի 19-ին հրավեր էինք ուղարկել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ մի քանի օր, սակայն, որեւէ պատասխան չստացանք․ կուսակցության պաշտոնական էլ. փոստին ուղարկված հրավերը մնաց անպատասխան, Ֆեյսբուքի էջում նշված հեռախոսին պատասխանող անձը չկարողացավ ասել՝ ով է զբաղվում մամուլի հետ աշխատանքներով։ Ի վերջո պարզվեց՝ 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, այս անգամ եւս ընտրված Վահագն Ալեքսանյանը։ Մայիսի 20, 21-ին պատասխան չստացանք, հաջորդ օրն Ալեքսանյանն ասաց՝ պետք է քննարկի թիմի հետ, հասկանա՝ ում հարմար կլինի մասնակցել։ Մինչեւ մայիսի 30-ը ՔՊ-ից որեւէ հստակ պատասխան չստացանք․ ո՛չ բանախոսների անուններ, ո՛չ կոնկրետ մասնակցության մերժում։ Մայիսի 31-ին Վահագն Ալեքսանյանն ասաց մեկ բանախոսի անուն՝ Գեւորգ Պապոյան։ Նկարահանումը, սակայն, մեր մեղավորությամբ չկայացավ։ Ներողություն խնդրեցինք, փորձեցինք բանախոսի հետ իրեն հարմար այլ օր, ժամ եւ տեղ պայմանավորվել, սակայն միայն արհամարհական պատասխաններ ստացանք։ Չստացված հարցազրույցի հարցը քննարկեցինք նաեւ Վահագն Ալեքսանյանի հետ, սակայն մեր բացատրություններից հետո եւս չկարողացանք հստակեցնել բանախոսի հետ նկարահանման իրեն հարմար այլ օր եւ ժամ։  Պատասխան չստանալուց հետո դարձյալ կապ հաստատեցինք ՔՊ Ֆեյսբուքի էջում նշված հեռախոսահամարով, խնդրեցինք փոխանցել Ալեքսանյանին, որ սպասում ենք իրենց պատասխանին։ Արձագանք չստացանք։ Զանգահարեցինք Սուրեն Պապիկյանին, զանգերը մնացին անպատասխան, գրեցինք Պապիկյանին՝ ներկայացնելով իրավիճակը․ նամակը մնաց անպատասխան։ Մեկ օր սպասելուց հետո հունիսի 9-ին նամակ ուղարկեցինք նաեւ ՔՊ երկու էլ․ փոստերին՝ ուղղված Սուրեն Պապիկյանին, որտեղ ներկայացրինք իրավիճակը եւ խնդրեցինք տալ այն անձի կոնտակտները, որը պատասխանատվություն կստանձնի զբաղվել այս հարցով՝ գոնե հստակ պատասխան տալու համար։ Ոչ մի արձագանք չստացանք։ Ծրագրային դրույթները ներկայացնող վիդեո հարցազրույցներին մասնակցելու հրավերին չարձագանքեցին մյուս քաղաքական ուժերը՝ անգամ հրավերի հիշեցումից եւ մեր զանգերից հետո, ուստի ծրագրային մեր տեսանյութերում չեք գտնի «Մեր տունը Հայաստանն է», «Հայաստանի դեմոկրատական», «Ազատություն», «Ազատական», «Վերելք», «Հայոց հայրենիք», «Զարթոնք», «Համահայկական ազգային պետականություն», «Ազգային օրակարգ» կուսակցությունների դիրքորոշումներն ու պատկերացումները։   «Բանավիճում ենք միայն իշխանության հետ» Ծրագրային դրույթները ներկայացնելու այս հարցազրույցներից անցանք երկկողմ բանավեճերի նկարահանմանը։ Բանավեճերի մասնակիցների ընտրության ամենաարդար սկզբունք համարեցինք պարզ վիճակահանությունը, որը հեռարձակեցինք ֆեյսբուքյան մեր էջի ուղիղ եթերով։ Վիճակահանության արդյունքում ստացվեց հետեւյալ պատկերը․   «Լուսավոր Հայաստան» կուսակցություն - «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն, «Միասնական հայրենիք» կուսակցություն - «Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Քաղաքացու որոշում» կուսակցություն - «Արդար Հայաստան» կուսակցություն, «Ազատ հայրենիք» դաշինք - «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն, «Ազատական» կուսակցություն - «Հանրապետություն» կուսակցություն, «Զարթոնք» կուսակցություն  - «Հայոց հայրենիք» կուսակցություն, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն - «Հայոց արծիվներ» կուսակցություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Ազգային օրակարգ» կուսակցություն - «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն, «Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցություն - «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն, «Շիրինյան - Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» - «Ազատություն» կուսակցություն, «Հայաստան» դաշինք - «5165 շարժում» կուսակցություն, «Պատիվ ունեմ» դաշինք - «Վերելք» կուսակցություն։ Բանավեճեր անցկացրինք «Միասնական հայրենիք» եւ Հայաստանի եվրոպական կուսակցությունների, «Ազգային ժողովրդավարական բեւեռ» եւ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունների, «Վերելք» եւ «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունների միջեւ։ Բանն այն է, որ մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչները հրաժարվեցին մասնակցել բանավեճերին՝ պատճառաբանելով, որ կամ իրենք բանավիճում են միայն օրվա իշխանության հետ, կամ ուղղակի որեւէ հարմար ժամ չեն գտնում։ «Հայաստան» դաշինքն, ինչպես նախորդ՝ ծրագրային հարցազրույցների դեպքում, այնպես էլ այս անգամ, մերժեց մասնակցության հրավերը՝ պատճառաբանելով խիստ զբաղվածությունը։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ նախընտրեց բանավիճել օրվա իշխանության ներկայացուցչի հետ՝ մյուների հանդեպ հետաքրքրություն չցուցաբերելով։ Իշխանության հետ բանավիճելու ցանկություն հայտնեցին նաեւ «Հանրապետություն», «Հայ ազգային կոնգրես», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։ Այս պարագայում ստիպված եղանք քաղաքական ուժերի հետ իրենց ծրագրային դրույթների մասին հարցազրույցներ անցկացնել՝ բանավեճերի փոխարեն։ Բանավեճին մասնակցելու համար փորձեցինք կապ հաստատել նաեւ ՔՊ հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանի հետ։ Մի քանի անգամ տարբեր հեռախոսահամարներից զանգահարեցինք՝ չպատասխանեց, գրեցինք՝ չպատասխանեց։ Դիմեցինք 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, այս անգամ եւս ընտրված Մարիա Կարապետյանին, խնդրեցինք տեղեկացնել հրավերի մասին։ Դարձյալ օրվա ընթացքում ոչ մի արձագանք չստատացանք։ Կապ հաստատել չստացվեց ՏԿԵ նախարարի պաշտոնակատար, նախընտրական շրջանում ՔՊԿ շտաբի պետ Սուրեն Պապիկյանի, պատգամավորներ Արփի Դավոյանի, Հակոբ Սիմիդյանի հետ, որպեսզի գոնե իրենց միջոցով փոխանցենք ասելիքը։ Հունիսի 15-ին, ի վերջո, Ալեքսանյանը պատասխանեց զանգին․ տեղեկացրինք բանավեճերի մասին։ Ասաց՝ կքննարկեն հրավերը։ Պայմանավորվեցինք, որ առավոտյան զանգելու ենք՝ պատասխան ստանալու համար։ Հաջորդ օրը զանգեցինք մի քանի անգամ՝ տարբեր ժամերի, տարբեր համարներից․ ոչ մի պատասխան։ Զանգեցինք ՔՊԿ անդամ, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, խնդրեցինք՝ կապ հաստատել, ասաց՝ կզանգի Ալեքսանյանին։ Պայմանավորվեցինք՝ կսպասենք վերջինիս զանգին։ Դե, իհարկե, ոչ մի արձագանք։   Քաղաքական ուժերի պատկերացումները՝ ոլորտային խնդիրների մասին Մենք, իհարկե, կարող էինք կուսակցություններից ու դաշինքներից անհատների հրավիրել հարցազրույցների, բայց բոլոր քաղաքական ուժերին առաջարկել էինք հիշյալ 5 ոլորտների շուրջ անձամբ ընտրել բանախոսներին, որոնք լավագույնս կներկայացնեն իրենց ծրագրերը։ Մեր ընտրած հինգ թեմաներն ունեին կոնկրետ ենթահարցեր՝ բանակի բարեփոխումներ, հումանիտար ճգնաժամի հաղթահարում, անվտանգային խնդիրների լուծում, բանակցությունների ձեւաչափ, հակամարտության լուծում, հարեւանների ու գերտերությունների հետ հարաբերություններ, տնտեսական ճգնաժամի, աղքատության հաղթահարում, հանքարդյունաբերություն, արդարադատության հանդեպ վստահության վերականգնում, կառավարման մոդել, կրթություն ու հիմնարար եւ կիրառական գիտություններ։ 14 քաղաքական ուժերից մի մասի դեպքում բոլոր հարցերին պատասխանել է նույն գործիչը, ինչը, որոշ դեպքերում, անխուսափելիորեն ընգծել է, որ բանախոսը բոլոր խնդիրներին չէ, որ խորքային ծանոթ է։  Մեր բոլոր զրուցակիցներին նախապես խնդրել էինք իրենց ասելիքը տեղավորել 5 րոպեում՝ զգուշացնելով, որ ավելի երկար խոսելու դեպքում ստիպված ենք լինելու իրենց հետ համաձայնությամբ կրճատել նյութը։ Բանախոսներից շատերը մտահոգվում էին՝ պնդելով, որ, օրինակ, սոցիալ-տնտեսական կամ ԼՂ հակամարտության թեմայով իրենց ապագա անելիքները ներկայացնելու համար հինգ-վեց րոպեն բավարար չէ։ Սակայն անգամ դեպքեր եղան, երբ մոնտաժային աշխատանքների ժամանակ բովանդակ խոսքը մնաց երեք րոպե, ու ստիպված եղանք վերադարձնել զրուցակցի կրկնվող մտքերը։  Կուսակցական գործիչներ առավել շատ գնահատակններ էին հնչեցնում անցյալի մասին, քան ներկայացնում իրենց անելիքներն ու պլանները։ Սա հիմնականում այն պատճառով, որ կա՛մ չէին տիրապետում իրենց ծրագրերին, կա՛մ ծրագրում չունեին լուծումներ, քայլեր, գործիքակազմ։ Հետաքրքրական է, որ քաղաքական ուժերից շատերն իրենց ծրագրերում արտաքին հարաբերությունների բլոկում ընդգծել էին դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին, սակայն երբ խնդրում էինք հստակեցնել՝ հարաբերությունների վերանայման կամ խորացման ինչ եզրեր են տեսնում, օրինակ, հարեւանների կամ այս տարածաշրջանում որոշակի շահեր հետապնդող պետությունների հետ, բոլորի պատասխանները գրեթե նույնն էին՝ մոտավորապես այս բովանդակությամբ․ «մենք պետք է բալանասավորենք մեր արտաքին քաղաքականությունը, բոլոր պետությունների հետ էլ կարելի է հարաբերություններ կառուցել կամ խորացնել, մոտ ապագայում հարաբերությունների զարգացում չենք տեսնում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, Իրանի հետ հարաբերությունների խորացման լավ հնարավորություններ կան»․ իսկ ի՞նչ հնարավորություններ ու ի՞նչ ուղղություններով կան համագործակցության եզրեր հարցերը հիմնականում մնում էին անպատասխան։ ԼՂ հակամարտության վերաբերյալ մեր հարցերի առաջին ու միանշանակ պատասխանն այն էր, որ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում։ Թե բանակցություններում ինչ մարտավարություն պիտի որդեգրի հայկական կողմը, թե ինչ սկզբունքներ պիտի առաջ քաշի՝ ոչ բոլոր ուժերն էին պատասխանում։ Ընդ որում՝ բանախոսներ են եղել, որոնք հիշատակել են Հելսինկյան եզրափակիչ ակտի մասին՝ չհստակեցնելով կամ չկարողանալով հստակեցնել՝ հայկական կողմն ինչ հարթակներում պիտի բարձրաձայնի Ադրբեջանի կողմից կոնկրետ դրույթների խախտման մասին։ Բանախոսները հայտարարել են՝ պետք է դեօկուպացվեն ԼՂԻՄ շրջանները, որ հիմա ադրբեջանական վերահսկողության տակ են, ինչպե՞ս՝ բանակցային ճանապարհով, նշել են՝ միջազգային հարթակներում ամեն ինչ պետք է անել՝ հաջողության հասնելու համար, բայց թե ինչ պետք է անել՝ չեն հստակեցրել։ Այս թեմայի վերաբերյալ գրեթե բոլոր «ինչպե՞ս» հարցերի պատասխանը մեծ մասամբ սկսվել է «պետք է»-ով եւ մեկնաբանությամբ, որ քանզի կառավարություն չեն եղել կամ չեն, չեն կարող տիրապետել բանակցային ողջ գործընթացի մանրամասներին կամ գործիքակազմին։ Դիվանագիտական դաշտում մեր դիրքերն ամրապնդելու խիստ անհրաժեշտության մասին խոսելուն զուգահեռ՝ մեր բանախոսներից շատերը շեշտել են բանակի վերակառուցման, բարեփոխումների, վերազինման՝ շուտափույթ լուծում պահանջող հարցերի մասին։ Բոլորը չէ, որ կարողացել են հստակ պատասխանել՝ որտեղի՞ց, ի՞նչ միջոցներով է վերազինվելու բանակը, արդյոք կա՞ն հաշվարկներ, ո՞ւմ հետ են տեսնում ռազմական համագործակցության իրատեսական եզրեր։ Քաղաքական ուժերի մեծ մասի ծրագրերում արձանագրված է, որ մեզ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ բանակ։ Թե ինչ ասել է պրոֆեսիոնալ բանակ եւ ինչ քայլեր են ձեռնարկելու՝ դրան հասնելու համար, միշտ չէ, որ կոնկրետ պատասխաններ են հնչել․ խոսվել է ժամկետային զինծառայության երկու տարին կրճատելու մասին, ազգ-բանակ կոնցեպտը կյանքի կոչելու մասին, անվտանգային համակարգն ամրապնդելու օրհասական խնդրի մասին։ Վերջինի լուծման համար բանախոսները կարեւորել են տեխնիկական վերազինումը՝ հատկապես սահմանամերձ բնակավայրերում։ Վերազինման համար շեշտել են՝ Հայաստանն ունի ռազմարդյունաբերությունը խթանելու պոտենցիալ, մնում է՝ պետությունը չխանգարի։  Այս կոնտեքստում քաղաքական ուժերը կարեւորել են գիտության դերը։ Թեպետ, քչերն են, որ «պետք է»-ների շարքից անցել են կոնկրետ դրույթների ներկայացմանը, կարողացել են ներկայացնել կրթության ու գիտության կապը, օրենսդիրում կամ գործադիրում լինելու դեպքում իրենց առաջնահերթ ու առարկայական անելիքները։ Հիմնականում հայտարարվել է, որ պետք է բարձրացվեն ուսուցիչների ու գիտնականների աշխատավարձերը, պետք է վերապատրաստվեն ուսուցիչները, պետք է փեխվեն դասագրքերը, եւ այլն։  Երբ սոցիալ-տնտեսական վերականգնման թեմայով բանախոսը եղել է ոլորտի մասնագետ, կարողացել է ներկայացնել խնդիրներն ու դրանց լուծման բանաձեւերը՝ խոսելով ներդրումային, հարկային քաղաքականության վերաբերյալ իրենց պատկերացումների, անհրաժեշտ փոփոխությունների մասին։ Սակայն եղել են զրուցակիցներ, որոնք այս թեմային անդրադարձել են շատ ընդհանրական՝ դարձյալ հայտարարելով, որ պետք են լուրջ բարեփոխումներ՝ առանց կոնկրետացնելու ինչպիսի եւ ինչպես հարցերի պատասխանները։  Նույն պատկերը՝ նաեւ արդարադատության հանդեպ վստահության վերականգնման, դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտության մասին։ Մի քանի բանախոսներ են հստակ քայլեր ներկայացրել՝ խոսելով այդ բարեփոխումների մեխանիզմների մասին՝ պնդելով, որ, այո, կան այդ ռեսուրսները, մնում է դրանք գործի դնել ու բարեփոխումներ անելու քաղաքական կամք ցուցաբերել։ Ամենահստակ պատասխանները հնչել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ու կառավարման մոդելի մասին հարցերին․ քաղաքական ուժերի մեծ մասը չի հերքել, որ երկրում ներքաղաքական խոր ճգնաժամ է, եւ որ լարվածության թոթափման քայլերից մեկը արտահերթ ընտրություններն են։ Որոշները հայտարարել են, որ լարվածություն մտցնում է գործող կառավարող ուժը, որոշներն արձանագրել են, որ ընդդիմությունը եւս յուղ է լցնում կրակին, եւ անհրաժեշտ են համարել քաղաքական ու քաղաքացիական հասունություն ցուցաբերել՝ կրքերը զսպելու համար։ Քաղաքական որոշ գործիչներ պնդել են՝ լարվածությունը չի նվազի, եթե գործող կառավարությունն ու նախկինում կառավարություն եղած ուժերը ներկայացված լինեն նոր ձեւավորվող խորհրդարանում։  Քաղաքական ուժերի մեծ մասը կարծում է՝ խորհրդարանական կառավարման մոդելը Հայաստանում իրեն չի արդարացրել, ուստի պետք է անցնել կիսանախագահական համակարգի՝ բալանսի բերելու կառավարական լծակները։ Այս կարծիքին չէ, իհարկե, «Պատիվ ունեմ» դաշինքը, որի մաս կազմող «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը հենց այս մոդելը մեզ մոտ «բերողն» է։ Քաղաքական այս ուժի ներկայացոուցիչը վստահ է՝ խորհրդարանական կառավարման մոդելը Հայաստանի համար լավագույն լուծումն է։  Չնայած ավարտվել են ընտրությունները, սակայն այս ուժերն իրենց դերակատարումն են ունենալու նաեւ ապագայում, հետեւաբար դրանց ավելի լավ ճանաչելու, ծրագրային դրույթներին, պատկերացումներին ծանոթանալու համար հիմա էլ կարող եք դիտել իրականացված հարցազրույցները։ Հայարփի Բաղդասարյան
19:58 - 08 հուլիսի, 2021
Մենք համարում ենք տեղի ունեցած ընտրություններն ու ընտրությունների արդյունքները ոչ իրավաչափ․ «Ազգային օրակարգ» կուսակցություն

Մենք համարում ենք տեղի ունեցած ընտրություններն ու ընտրությունների արդյունքները ոչ իրավաչափ․ «Ազգային օրակարգ» կուսակցություն

«Ազգային օրակարգ» կուսակցության հայտարարությունը․   ««Ազգային օրակարգ» կուսակցությունը շարունակ հայտարարել է, որ Հայաստանում օտարի շահերը սպասարկող ապազգային իշխանական համակարգի դեմ իրական պայքարը կրում է ազգային-ազատագրական բնույթ։ Կուսակցությունը նաև բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը, որ նշյալ հակահայկական համակարգի կողմից կազմակերպվող ու փաստացի վերահսկվող որևէ ընտրություն չի կարող հանգեցնել ազգային իշխանության ձևավորմանը։ Այդ համատեքստում մենք հստակ արձանագրել ենք, որ մասնակցությունը հունիսի 20-ին անցկացված արտահերթ ընտրություններին դիտարկում ենք, զուտ որպես Հայոց ինքնիշխանության և հայկականության համար մղվող պայքարի ընթացիկ փուլ, և արել ենք հնարավորը, որ քարոզարշավի ընթացքում առաջնային կարևորության ու քննարկման առարկա դառնան Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հայտարարությունների կասեցման և հայկական Արցախ երկրամասի հետ կապված խնդիրները։ Հաշվի առնելով ասվածը մենք համարում ենք տեղի ունեցած ընտրություններն ու ընտրությունների արդյունքները ոչ իրավաչափ, ինչպես նաև արդյունավետ չենք համարում մեր ներգրավվումը Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման հետընտրական գործընթացում՝ հերթական անգամ կրկնելով վերջին 25 տարվա արատավոր պրակտիկան: Վստահ ենք նաև, որ գործող հակապետական իշխանական համակարգի հետ մտնելով որպես կանոն նախապես կանխորոշված բացասական ելքով ինստիտուցիոնալ բանավեճի մեջ, մենք հավելյալ չհիմնավորված կշիռ և լեգիտիմության պաշար ենք տալու դրան։ Միաժամանակ հատուկ երախտագիտություն ենք հայտնում «Ազգային օրակարգ» կուսակցության կողմից քարոզվող գաղափարներին և դավանվող սկզբունքներին տրված ամեն մի աջակցող ձայնի համար, լավ հասկանալով առկա իրողության մեջ դրանց արժեքն ու կարևորությունը։ Հավատացնում ենք, որ պատասխանատու ենք մեր հանձն առած պարտավորությունները լիիրավ կրելու և ձեզ հետ միասին Հայրենիքում Ազգային պետություն կառուցելու համար։ «Ազգային օրակարգ» կուսակցությունը գիտակցում է ներկա իրավիճակի բախտորոշ լինելը Հայոց պետականության և Հայության համար, ու ըստ այդմ պատրաստակամություն է հայտնում նախաձեռնել խորհրդակցություններ քաղաքական և հասարակական ուժերի հետ անհրաժեշտ ազգային-ազատագրական պայքարի բովանդակության շրջանակում՝ նպատակ ունենալով ազգայնական ուժերի համախմբման միջոցով ձերբազատվել Հայաստանում տիրող իշխանական համակարգից և ձևավորել ազգային իշխանություն»։
11:23 - 23 հունիսի, 2021
Հայաստանը պետք է պատրաստ լինի կոշտ արձագանքել մեր ինքնիշխան տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգության. Նորայր Աղայան  |aravot.am|

Հայաստանը պետք է պատրաստ լինի կոշտ արձագանքել մեր ինքնիշխան տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգության. Նորայր Աղայան |aravot.am|

aravot.am: Հարցազրույց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Նորայր Աղայանի հետ։ – Պատերազմ, համավարակ: Հայաստանը ոչ միայն տնտեսական ճգնաժամի մեջ է, այլ քաղաքական: «Ազգային օրակարգ» կուսակցությունն ի՞նչ ծրագրեր ունի երկիրը ճգնաժամային այս իրավիճակից դուրս բերելու համար: – Հայաստանում ճգնաժամ է բոլոր ոլորտներում՝ սոցիալ-տնտեսական, քաղաքական, կառավարման: Պետական ինստիտուտները մեծամասամբ չեն գործում և մենք կանգնած ենք ինքնիշխանության կորստի վտանգի առջեւ: Առաջին հերթին անհրաժեշտ է հանգուցալուծել քաղաքական ճգնաժամը եւ, որպես անհրաժեշտ նախապայման՝ օտարի շահերը սպասարկող Նիկոլ Փաշինյանին եւ նրա իշխանախմբին զրկել իշխանությունից: Ընտրությունները, սակայն, չեն լուծելու քաղաքական ճգնաժամը եւ նույնիսկ կարող են այն խորացնել, եթե դրանց արդյունքում իշխանության չգան ազգային, եթե կուզեք՝ ազգայնական ուժեր եւ չձեւավորեն ազգային պետություն: Մեր երկիրը զավթվել է ներսից եւ միայն ազգային-ազատագրական պայքարի միջոցով է հնարավոր հասնել վերը նշված նպատակին: Մենք հենց այդ տրամաբանությամբ ենք գործում եւ ընտրությունները դիտարկում ենք որպես այդ պայքարի հերթական փուլ: Մենք մշակել ենք մանրամասն ծրագիր եւ նշել այն առաջնային քայլերը, որոնք անհրաժեշտ են այս իրավիճակից դուրս գալու համար: Այդ ծրագրային դրույթները մենք պարբերաբար ներկայացնում ենք մեր հասարակությանը տեղեկատվական հարթակներում, մեր կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում եւ տելեգրամ ալիքում: Մենք հարգում ենք մեր ընտրողին եւ շատ կուզենայինք, որ մեր ազգը գոնե այս անգամ ընտրություն կատարի ծրագրային դրույթների հիման վրա, այլ ոչ թե անձնավորված կամ զգացական շարժառիթներով: -Այսօր առաջնահերթ հարց է՝ գերիների վերադարձն ու Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերին հեռացնելու խնդիրը: Ինչպե՞ս եք պատրաստվում այս երկու կարեւոր խնդիրները լուծել: – Հայաստանի շուրջ տեղի են ունենում լրջագույն իրադարձություններ, տեղի է ունենում տարածաշրջանի ձեւափոխում, Հայաստանի վերաբերյալ որոշումներ են կայացվում առանց հայկական կողմի մասնակցության եւ այդ որոշումները վերջնական փուլում ուղղակի պարտադրվում են մեզ: Այս իրավիճակից դուրս գալու համար առաջնային է ինքնիշխանության վերականգնումը: Ազգային ուժերի իշխանության գալու պարագայում հրատապ լուծում պետք է ստանան անվտանգային հարցերը: Հայաստանը պետք է պատրաստ լինի կոշտ արձագանքել մեր ինքնիշխան տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգության: Սահմանախախտ ցանկացած անձ պետք է ստանա համարժեք պատասխան, հնարավորության դեպքում այդպիսի անձինք պետք է գերեվարվեն հայկական ուժերի կողմից եւ այնուհետեւ փոխանակվեն հայ ռազմագերիների հետ: Մենք պետք է գիտակցենք վերջապես, որ թշնամին հասկանում է միայն ուժի լեզուն եւ այդ ուժը պետք է ցուցադրել: Միաժամանակ անհրաժեշտ է վերագործարկել մեր դիվանագիտական ջանքերը բոլոր հնարավոր հարթակներում եւ իրավական ու քաղաքական ճնշում գործադրել թշնամու վրա: -5 հազար զոհեր, կորցրած տարածքներ, ապագայի նկատմամբ հավատի կորուստ, երեք տարի շարունակ սեւերի եւ սպիտակների բաժանված հասարակություն. ի՞նչ քայլեր եք անելու հասարակությանը համախմբելու, սպասվող արտագաղթը, որի մասին Ձեր քաղաքական ուժն էլ հաճախ է մտավախություն հայտնել, կանխելու համար: – Այս պահին արտագաղթի միտումները պայմանավորված են առաջին հերթին անվտանգության վերաբերյալ մտավախություններով: Մենք պետք է վերականգնենք հավատը պետական ինստիտուտների նկատմամբ եւ առաջին հերթին՝ բանակի: Հայը պետք է սկսի սիրել իր պետությունը: Հասարակության համախմբումը, անկասկած, կարեւոր խնդիր է, բայց համախմբվել ինչի՞ շուրջ: Հայությունը վերջապես պետք է ձեւակերպի իր ազգային նպատակները եւ ապրի իր արժեհամակարգին ու առաքելությանը հատուկ վարքականոններով: Հենց դրա շուրջ էլ պետք է տեղի ունենա համախմբումը: -Արցախի հարցի լուծման՝ «Ազգային օրակարգի» ճանապարհային քարտեզը ո՞րն է: – Նախ պետք է կասեցնել Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հայտարարությունների գործողությունը եւ մասնավորապես սահմանազատման ու սահմանագծման գործընթացները, որոնց հիմնական նպատակն է Արցախի վերջնական հանձնումը, ինչպես նաեւ Նախիջեւանի ու հայկական այլ կենսատարածքների նկատմամբ մեր ազգային նկրտումների բացառումը: Միաժամանակ պետք է ձեւավորել Արցախյան հիմնահարցի լուծման նոր օրակարգ՝ Մինսկի խմբի շրջանակներում: Պետք չէ մոռանալ, որ հենց վերջինս է օժտված հիմնահարցի կարգավորման լիազորություններով, եւ Պուտին-Ալիեւ-Փաշինյան ոչ իրավաչափ եռակողմ հայտարարությունները չեն կարող փոխարինել այդ ձեւաչափը: Հիմնախնդրի հայանպաստ լուծման հասնելու համար կարեւոր է ռազմավարական գործընկերային հարաբերությունների հաստատումը Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոմիության, Չինաստանի, Հնդկաստանի եւ Իրանի հետ: Շարունակությունը՝ aravot.am-ում
15:04 - 18 հունիսի, 2021
«Ազգային օրակարգը» մերժում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ այն որակելով ապազգային և հակապետական

«Ազգային օրակարգը» մերժում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ այն որակելով ապազգային և հակապետական

Թեքեյան կենտրոնում տեղի է ունեցել «Ազգային օրակարգ» կուսակցության պատգամավորության թեկնածուների հանդիպումը ընտրողների հետ: Այս մասին հայտնում է կուսակցության հանրային կապերի բաժինը: «Կուսակցության խորհրդի նախագահ, ընտրացուցակի առաջին համարը զբաղեցնող Արա Հակոբյանը հայտարարեց, որ ընտրարշավը վերածվել է անձերի միջև պայքարի և փաստորեն կողմերի ծրագրային դրույթները հիմնականում այդ լույսի ներքո են ներկայացվում: Նա ասաց, որ այս ընտրությունների արդյունքներով առկա խնդիրները չեն լուծվելու, բայց սա կարող է սկիզբ դառնալ անհրաժեշտ ուղղությամբ արդյունավետ գործողությունների: «Ազգային օրակարգը» մերժում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ այն որակելով ապազգային և հակապետական: Այն ժամանակ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան Հայոց պետականության և հայկական բռնազավթված կենսատարածքի վերականգնման հետ կապված հարցերում կունենան մեզ համար ընդունելի դիրքորոշում, այն ժամանակ էլ միայն կարելի կլինի քննարկել հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ օրակարգը: Ներկա պայմաններում այդպիսի ապաշրջափակումը կնշանակի բացի թուրք-ադրբեջանական ռազմական առավելությունից նաև Հայաստանի տնտեսական զավթում: Նշվածը թույլ չտալու համար հակահայ հայտարարությունների կասեցումը պետք է զուգորդվի ազգային իշխանության ձևավորվմամբ, արտաքին գործընկերների հետ ռազմավարական հարաբերությունների վերակազմակերպմամբ, մրցունակ տնտեսության կառուցմամբ, ազգային բանակի արդիականացմամբ, ինչպես նաև գիտակրթական համակարգի վերափոխմամբ։ Մեր հույսը Հայն է և ըստ այդմ՝ օրակարգում Հայն է»,- ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։
10:29 - 17 հունիսի, 2021
Մենք Արցախը ճանաչում ենք որպես Արցախի Հանրապետություն՝ իր սահմանադրական տարածքներով․ Արա Հակոբյան

Մենք Արցախը ճանաչում ենք որպես Արցախի Հանրապետություն՝ իր սահմանադրական տարածքներով․ Արա Հակոբյան

«Ազգային  օրակարգ» կուսակցության առաջին համար Արա Հակոբյանը «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում  նշել է, որ իրենք չեն ճանաչում 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ «Հայտարարություն անունն է, իր էությամբ դա գործողությունների ծրագիր է, որը կյանքի է կոչվում։ Մենք որևէ կերպ չենք ճանաչում այդ համաձայնությունը օրինական, մենք ասում ենք, որ այս պահին օր առաջ պետք է դրա իրականացումը սառեցվի, և սառեցմանը համարժեք  հայոց պետությունը, (իսկ մենք հիմա հայոց պետություն չունենք), և հայոց իշխանությունը, (իսկ մենք դա չունենք,  այսինքն` իշխանափոխությունից հետ)  բնականաբար պետք է սկսի իր գործընկերների հետ հարաբերվել, թե ինչ կարելի է անել արդեն այսօրվա վիճակում։  Մենք չենք ճանաչում Արցախի բռնազավթումը, մենք չենք ճանաչում, որ Արցախը միայն ԼՂԻՄ է, մենք Արցախը ճանաչում ենք որպես Արցախի Հանրապետություն՝ իր սահմանադրական տարածքներով»։ Արա Հակոբյանը նաև նշել է, որ այսօր միանգամից և շատ արագ լուծումներ չկան։ «Լուծումներ չկան, լուծումները ժամանակի մեջ պետք է բաշխել, և ժամանակի մեջ այդ լուծումները տալ։ Մի օրինակ բերեմ  մեր թշնամու մասին՝ ի դեմս Ադրբեջանի։ Ադրբեջանը 1994 թ․-ին զինադադար կնքելով ճանաչեց, որ ինքը պատերազմի այդ փուլում պարտվել է, բայց չճանաչեց, որ ինքը պարտվել է պատերազմում, չճանաչեց, որ դրանով պատերազմը ավարտվել է։ Ասեց`  զինադադար է, 26 տարի պատրաստվեց նոր պատերազմի: Անդրադառնամ բանակցային աճպարարություններին։ Մենք հանձնում էինք, ասում էինք՝ պատրաստ ենք զիջել, ինքը ասում էր՝ ես պատրաստ չեմ, այն, ինչ տվեցիք, վերցնում եմ, բայց շարունակում եմ ուզել, և ուզում էր ամբողջ Արցախը՝ ներառյալ ԼՂԻՄ-ը, և այդպես էլ շարժվեց մինչև վերջ, և չհամաձայնվելով պատերազմի արդյունքներին,  նոր, մեծ պատերազմ նախաձեռնեց, և պատերազմի այս փուլում հաղթեց»։ Նրա խոսքով՝ պետք չէ համաձայնվել, որ պատերազմը այս փուլով ավարտվել է։ «Մենք թուրքի չափ էլ չկա՞նք, չեմ հասկանում։ Թուրքը մեզնից ավելի պատվո՞վ է, նույն ադրբեջանցին։ Նա 26 տարի առաջ ասաց՝ ոչ, և մինչև 2020 թ․-ը և այսօր էլ ասում է՝ ոչ, դա մեր տարածքներն են, իսկ մենք կարծես թե վախեցել ենք, որ հաղթել ենք։ Մենք մեր 1994 թ․-ի պատերազմի արդյունքներից կարծես վախեցած լինեինք, ասում էինք՝ օր առաջ տանք, պրծնենք։ Այդպես չի լինում»։
12:30 - 16 հունիսի, 2021
Մեր անվտանգության խնդիրը պետք է լուծենք մեր ինքնությունը ճանաչելով և ինքնության միջոցով  մեր անվտանգությանը տեր կանգնելով․ Արա Հակոբյան

Մեր անվտանգության խնդիրը պետք է լուծենք մեր ինքնությունը ճանաչելով և ինքնության միջոցով մեր անվտանգությանը տեր կանգնելով․ Արա Հակոբյան

Կարծում ենք, որ հիմնական խնդիրը, որ մենք այսօր ունենք և այն մարտահրավերները, որի հետ մենք առերեսվում ենք, ներհայկական են։ Այս մասին «Հանրային» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է «Ազգային օրակարգ» կուսակցության ցուցակի առաջին համար Արա Հակոբյանը։ «Ներհայկական է հետևյալ իմաստով։ Մենք պատերազմում ենք արտաքին թշնամու հետ, մենք խնդիրներ ենք ունենում մեր արտաքին գործընկերների հետ, ընդհանուր առմամբ գտնվում ենք, կարելի է ասել, մեկուսացման մեջ, տապալել ենք մեր հնարավոր հարաբերությունները և՛ գործընկերների և՛ ոչ գործընկերների հետ, բայց դրա պատճառը ո՞րն է։ Պատճառը ներհայկական է։ Այսինքն՝ հայը տեր չի կանգնում իր երկրին, հայը չի ինքնադրսևորվում իր երկրում՝ որպես հայ։ Հայը բաժանված է հատվածների, կտորների, սև ու սպիտակի, և ներհայկական համերաշխության և ներհայկական հանդուրժողականության խնդիր ունենք։ Հայը՝ որպես ազգ, պետք է ինքնադրսևորվի, վերցնի իր ձեռքը իր երկրի և իր ապագայի կառավարումը, և առաջ գնա, որից հետո մնացած խնդիրները կսկսեն լուծվել։ Օրակարգում հայն է»: Արա Հակոբյանի խոսքով՝ իրենց կարգախոսը՝ «Օրակարգում հայն է», համախմբան կոչ է ազգայնական արժեքների շուրջ։ «Սա համախմբան կոչ է բոլոր նրանց, ովքեր իրենց հայ են զգում, և որպես հայ պատրաստ են գործել, և որպես հայ պատրաստ են պատասխանատվություն վերցնել։ Որովհետև այսօր Հայաստանում մենք ունենք նաև բնակչություն, որը իրեն որպես հայ չի պատկերացնում։ Նա իր խնդիրների լուծումը տեսնում է իրենից դուրս, իր խնդիրների լուծումը տեսնում է որևէ փրկչի (դա կարող է անձ լինել, թե որևէ այլ երկիր) համատեքստում, և բնակչության այդ մասը՝ որպես հայ չի ինքնաարտահայտվում»։ Նա ասել է, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ լուծել է ոչ թե ապրելու, այլ գոյության խնդիր։ «Մենք դնում ենք որպես հայ, որպես պետություն լիարժեք և արժանապատիվ ապրելու խնդիր՝ ձևավորելով ազգային պետություն, ձևավորելով ազգային իշխանությունը»։ Անդրադառնալով անվտանգության հարցերին՝ նա նշել է, որ անվտանգության խնդիրը պետք է լուծել ինքնությունը ճանաչելով և ինքնության միջոցով անվտանգությանը տեր կանգնելով։ «Եթե մենք մեր անվտանգությունը որպես հայ չենք վերցնում մեր ձեռքը, չենք փորձում մեր հնարավորությունները ի սպաս դնել մեր անվտանգության սպասարկմանը, այլ ինչպես և այսօր արվում է, մեր անվտանգությունը տեսնում ենք մեզնից դուրս (հիմա դրա անունը ռուս կլինի, թե ինչ, բացարձակ կարևոր չի), մենք անվտանգ չենք և չենք լինելու, որովհետև կախված ենք լինելու ուրիշից, որը կորոշի՝ մեր անվտանգությունը լինի, թե չլինի, մենք ինչ չափի մեջ անվտանգ լինենք, կամ չլինենք։ Մենք մեր անվտանգությունը պետք է լուծենք մեր ինքնությունը ճանաչելով և մեր ինքնության միջոցով մեր անվտանգությանը տեր կանգնելով» Նա նաև ասել է, որ արտաքին մարտահրավերներին առերեսվելու հիմնական պատասխանատվությունը հայ ժողովուրդը պետք է վերցնի իր վրա։ «Դրանից հետո պետք է փորձենք մեր միջավայրում և մեր անմիջական միջավայրում և ընդհանրապես աշխարհով համադրել մեր ազգային շահերը, մեր պետական շահերը,աշխարհաքաղաքական կենտրոնների և տարածաշրջանային տերությունների հետ և փորձել համադրելով ընդհանրական շահեր ձևակերպել, գործընկերային հարաբերություններ ձևավորել, այդ համատեքստում սկսել լուծել մեր խնդիրները, այդ թվում անվտանգային»։ Խոսելով արտաքին քաղաքականության մասին, Արա Հակոբյանը նշել է՝ անհրաժեշտ է հասկանալ, որ Հայաստանը աշխարհքաղաքական հետաքրքրության գոտում է գտնվում։ «Պետք է հասկանանք, որ մենք  աշխարհքաղաքական հետաքրքրության գոտում ենք գտնվում և ունենք նոր իրողություններ մեր տարածաշրջանում։ Մասնավորապես պետք է հաշվի առնել, որ Չինաստանը ուղիղ հայտ է ներկայացրրել և արդեն գտնվում է տարածաշրջանում, Իրանի հետ պայմանագրի մասին եմ տվյալ դեպքում խոսում։ Մենք ունենք նոր իրողություններ։ Պետք է փորձենք վերականգնել մեր հարաբերությունները, որոնք  ժամանակին ունեցել ենք Ռուսաստանի հետ, փորձել այդ հարաբերությունները վերածել գործընկերայինի և, եթե հնարավոր է, ռազմավարական գործընկերայինի, օգտագործել այն ինտեգրացիոն ձևաչափերը, որում մենք գտնվում ենք նույն Ռուսաստանի հետ, ՀԱՊԿ-ը կլինի, թե ԵԱՏՄ-ն, առավելագույն օգտագործել և միաժամանակ այն հարցերը, որոնք բաց են մնում, փորձել նոր գործընկերների հետ մեր հարաբերությունները դարձնել նույնպես ռազմավարական»։
13:54 - 14 հունիսի, 2021
Փրկիչ իրականում չկա, ոտքի՛ կանգնեք, ձե՛ր մեջ փրկություն գտեք. «Ազգային օրակարգ» կուսակցության թեկնածու |armtimes.com|

Փրկիչ իրականում չկա, ոտքի՛ կանգնեք, ձե՛ր մեջ փրկություն գտեք. «Ազգային օրակարգ» կուսակցության թեկնածու |armtimes.com|

armtimes.com: Նախընտրական քարոզարշավի համար հատկացված ժամանակն արդեն գրեթե կիսվել է, սակայն որոշ կուսակցություններ առայժմ պասիվություն են ցուցաբերում։ «Ազգային օրակարգ» կուսակցության կողմից հանրային միջոցառումներ, քաղաքացիների հետ լայնամասշտաբ հանդիպումներ չեն եղել։ Կուսակցության ֆեյսբուքյան էջում այս օրերին տարածվել են 1 րոպեանոց տեսանյութեր «Օրակարգում հայն է» կարգախոսով, որոնց միջոցով ներկայացվում են դիվանագիտության, գիտության, պետական կառավարման հարցերում մեծ դեր ունեցած հայ պատմական դեմքեր: Կուսակցության էջում, սակայն, բացի այս հոլովակներից և կուսակցության ցուցակի թեկնածուների մի քանի հարցազրույցներից, տեղեկություն չկա, թե ինչ ձեւաչափով է կուսակցությունը պլանավորել՝ կազմակերպելու նախընտրական քարոզարշավը։ Նախընտրական քարոզարշավի ձեւաչափի, կուսակցության ծրագրերի մասին հարցազրույց «Ազգային օրակարգ» կուսակցության թեկնածու Հայկ Փայտյանի հետ: Նշենք, որ վերջինս Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Խ․ Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի պատմություն առարկայի նախկին ուսուցիչն է, ով դպրոցի մի շարք ուսուցիչների հետ միասին գործադուլ էր անում՝ կապված նոր տնօրենի նշանակման կապակցությամբ։  -Պարոն Փայտյան, նախընտրական այս բուռն շրջանում կուսակցությունները քարոզչական ակտիվ գործունեություն են ծավալում, սակայն ձեր կուսակցությունը կարծես թե պասիվություն է ցուցաբերում. չկան հանրային հանդիպումներ, կուսակցության ծրագիր չենք տեսնում ֆեյսբուքյան էջում: Ընտրողը ինչպե՞ս կողմնորոշվի ձեզ ընտրելու հարցում: - Իրականում ստանդարտային ֆորմատով չկան հանդիպումներ, բայց հիմա ակտիվ գործում են ե՛ւ ֆեյսբուքյան, ե՛ւ տելեգրամյան, եւ՛ սոցիալական այլ էջերը, կուսակցության անդամները ամենօրյա ռեժիմով հարցազրույցների ու բանավեճերի են մասնակցում: Մեր տեսանյութերում, պաստառներում կուսակցության որեւէ դեմք չեք տեսնի: Մենք ներկայանում ենք «Օրակագում հայն» է կարգախոսով: Կա միայն հայը, ինչպես, օրինակ,  Աշոտ Առաջինն է, ով  ծայրահեղ վտանգավոր վիճակում արեց այն, ինչ կարողացավ: Մեր կուսակցությունն իր հիմնադրման օրվանից իր առջև նպատակ է դրել ի վերջո դառնալ ամբողջ հայության կուսակցությունը: Իրականում այն վիճակը, որում  մենք գտնվում ենք, մեզ  կրկին տանում է սխալ, կործանարար ուղիով, քանի որ նորից փրկիչներ ենք փնտրում, ամեն մեկը ինչ-որ մեկի մեջ է տեսնում այդ փրկչին, այնինչ փրկիչ իրականում չկա: Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ ինքն է փրկիչը: Ինչ վերաբերում է հադիպումներին, ապա դրանք  անպայման  լինելու են, նստելու ենք դեմ դիմաց ու խոսենք, բոլորի պես չենք ասելու՝ եկել ենք փրկենք, ոչ էլ՝ սրանից-նրանից վերցնենք, տանք ձեզ, ոչ էլ դրսից միլիադներ են գալու ձեզ համար: Կպատասխանեմ Չերչիլի պես. «Մի բան ենք խոստանում ՝քրտինք ու երկաթ, որը Հայոց աշխարհին փառք է բերելու»: Մենք հիմա ասում ենք՝ մենք չենք փրկելու, փրկելու է հայը, ով իրեն համարում է հայկական ժառանգության կրողը, ով գիշերը չի կարողանում քնել, ինքն է այս հարցը լուծելու: Ուստի ասում ենք՝ ոտքի՛ կանգնեք, ձե՛ր մեջ փրկություն գտեք: -Նկատեցինք, որ Ձեր ընտրական ցուցակում հանրության լայն շրջաններին հայտնի քիչ անդամներ կան: Քանի որ շատ դեպքերում ընտրողներն առաջնորդվում են հենց հայտնի դեմքերով, չե՞ք կարծում, որ սա ձեր կուսակցության ընտրվելու շանսերը նվազեցնում է: - Մեր առաջին համարը՝ Արա Հակոբյանը, դիվանագետ է եղել, Հնդկաստանում Հայաստանի դեսպանն է եղել, երկրորդ համարը՝ Արա Գասպարյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ է, անվտանգության համակարգում է աշխատել, ունենք կրթության ներկայացուցիչներ: Ու կարեւորն այն չէ, որ հայտնի լինես, այլ այն, որ անանցյալ չլինես: Եվ այստեղ էլ է դրված  նույն սկբունքը. մեր կուսակցությունը նախագահ չունի, այլ ունի խորհրդի նախագահ, այսինքն՝ բոլոր որոշումները ընդունվում են կոնսեսուսով: -Որո՞նք են այն կարեւոր քայլերը, որոնք պատրաստվում եք անել խորհրդարանում հայտնվելուց հետո: - Մեզ համար շատ կարեւոր է ներքին անվտանգության հարցը, ուստի պետք է բացահայտել գործակալական բոլոր ցանցերը, օտարի շահերը սպասարկողներին: Բանակը արագ պիտի վերակազմավորվի: Մենք գիտենք, որ Հայաստանի բանակը այնքան կորուստներ չի կրել, որ համարվի ջախջախված: Պետք է հասկանանք մի բան, որ եթե պատերազմից վախենանք, միշտ ստանալու ենք այն: Առաջին բանը, որ հիմա պետք է անել, ազգայնական իշխանության գալն է, այսինքն՝ հայտարարում ենք՝ դեմարկացիա-դելիմիտացիա չենք ընդունում:  Մենք հայտարարում ենք,  որ Ադրբեջանը Արցախի տարածքային ամբողջականությունը խախտել է: Մեզ 30 տարի համոզեցին, որ պատերազմը վատ բան է, գնանք կեղծ խաղաղասիրության, զիջենք եւ այլն, այնինչ  30 տարի թշնամին որեւէ փոխզիջման մասին չէր խոսում, դեռ ավելին՝ հայատյաց սերունդ է մեծացնում: Նա նաեւ դեմարկացիա-դելիմիտացիա չարեց, կարողացավ պահել իրավիճակը՝ օգնելով, որպեսզի Հայաստանում  30 տարվա կտրվածքով ձեւավորվեն ապազգային իշխանություններ, այսինքն ՝ մսխվեց մեր հաղթանակի արդյունքները: Միջանցքների, ճանապարհների բացումը եւս չենք ընդունում: Դա կնշանակի թուրքական աշխարհի միացում և որպես դրա հետևանք՝  թուրքական տնտեսական էքսպանսիա Հայաստանում: Միջանցքների, ճանապահների բացման արդյունքում՝ մի քանի միլիարդ դոլար կշպրտեն Հայաստանի կազմաքանդված տնտեսություն, ու ամբողջը կվերցնեն, Էրդողանի թեթեւ ձեռքով մեկ միլիոն մահմեդական կհայտնվի այստեղ, ու դրա ֆոնին ահասարսուռ արտագաղթ կլինի եւ վերջ, ու  առանց ջանքների՝ մտնելու են Երեւան: Կրթությունը մեզ համար եւս անվտանգային կարեւոր բաղադրիչ է: Ուստի կրթական համակարգը պիտի մաքրվի, ու վերականգնվի պետություն - եկեղեցի ներդաշնակ հարաբերությունը: Շարունակությունը՝ armtimes.com-ում
13:19 - 14 հունիսի, 2021
Կհեռանա՞ Ռուսաստանը տարածաշրջանից, թե՞ ոչ․ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի դիրքորոշումները

Կհեռանա՞ Ռուսաստանը տարածաշրջանից, թե՞ ոչ․ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի դիրքորոշումները

«Հանրային» հեռուստաընկերության կազմակերպած նախընտրական բանավեճի ընթացքում Հայաստանի եվրոպական կուսակցության ներկայացուցիչ Ներսես Զեյնալվանդյանը հարց ուղղեց «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ Արման Աբովյանին․ «Եթե հանկարծ Ռուսաստանում սկսվի տնտեսական, քաղաքական քաոս, և Ռուսաստանը հեռանա այս տարածաշրջանից, դուք ի՞նչ եք առաջարկելու այդ դեպքում Հայաստանին, հայ ժողովրդին»։ Արման Աբովյանը նշեց, որ հասկանում է Ներսես Զեյնավանդյանի հարցի կոնտեքստը․ «Շտապեմ Ձեզ ուրախացնել, որովհետև Ռուսաստանը չի հեռանա տարածաշրջանից, տարածաշրջանից հենց Ռուսաստանը հեռացավ, տեղը զբաղեցնելու է Թուրքիան։ Ասում եք՝ եթե։ Իսկ եթե միջուկային պատերազմ սկսվի, ու բոլոր պետությունները վառվեն, եթե, օրինակ, եվրոն արժեզրկվի, և Եվրոպան գտնվի շատ վատ, ծանր սոցիալական վիճակում»․․․ Զեյնալվանդյանը հակադարձեց Աբովյանին․ «Ռուսաստանը 100 տարի առաջ հեռացավ՝ հեղափոխությունից հետո, մենք մեն-մենակ կարողացանք  թուրքերին հետ շպրտել մինչև նրա վերադարձը, հետո նա նորից օկուպացրեց մեր երկիրը։ Ընդամենը 30 տարի առաջ Ռուսաստանը հեռացավ և այստեղից իր բոլոր զորքերը տարավ, և մենք ունեցանք հաղթանակներ և ազատագրեցինք Արցախը, մինչև 2020 թ․ Ռուսաստանը, օգտվելով միջազգային իրավիճակից՝ պանդեմիա և ԱՄՆ-ում ընտրություններ, Թուրքիայի հետ նախագծեց պատերազմ և նորից իր զորքը տեղակայեց, օկուպացրեց ամբողջ Արցախը, և հիմա էլ շարունակվում է լավրովյան ծրագիրը, այն է՝ մեզ կտրել Իրանի սահմանից»։ Ըստ Ներսես Զեյնալվանդյանի՝ հեռու չէ այն օրը, երբ Ռուսաստանը լքելու է տարածաշրջանը։ «5165» ազգային պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Ղազարյանը նշեց՝ իր համար վիրավորական է, երբ Հայաստանը միշտ փորձում է ոչ թե որպես գործընկեր կամ դաշնակից հանդես գալ, այլ փրկիչ է փնտրում․ «Փոխանակ խոսենք՝ ինչ կարող ենք անել, որ արժեքավոր գործընկեր դառնանք, հզորանանք տնտեսապես և ռազմականապես, անընդհատ  ինչ-որ փրկիչների փնտրտուքի մեջ ենք»” «Ազգային-ժողովրդավարական բևեռից» Վահագն Ավագյանն ասաց՝ Լավրովն ինքը հայտարարում է, որ Թուրքիայի ներգրավվածությունն Արցախում կայունացնող գործոն է․ «Ռուս քաղաքագետները հայտարարաում են, որ իրենց ձեռնտու է, որ Արցախում լինի թուրքական դրոշ, ոչ թե ֆրանսիական կամ ամերիկյան, ռուսներն իրենք 250 տարվա մեջ առաջին անգամ թույլ են տվել, որ Արաքսից այս կողմ թուրքական զորք լինի, և այդ զորքը գտնվում է Արցախում՝ մեր հարազատ Ակնայում, և հետևում է, թե արցախահայությունն ուր է գնում, ինչ է անում, ռուսները հեռանում են այս տարածաշրջանից  և ամեն ինչ անում են, որ իրենց փոխարեն տարածաշրջան մտնի Թուրքիան»։ Արման Աբովյանն ասաց, որ քաղաքականությունը պետք է կառուցվի միա՛յն հայակենտրոնության և հայամետության վրա․ «Բայց դրա հետ մեկտեղ ստիպված եմ հիշեցնել մի թուրք քաղաքական գործչի խոսքերը․ «Որ վայրկյանին Ռուսաստանը հեռանա տարածաշրջանից, Թուրքիայի արևը կբացվի»։ Թուրքիայի արևն ե՞ք բացում»։ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքից» Հայկ Սուքիասյանը նշեց, որ քաղաքական պատմության չիմացության հետևանքով ով, ինչ ասես, կարող է խոսել․ «Ռուսաստանը երկու անգամ այստեղից հեռացել է, մեկը՝ 1918 թ․, մենք ստեղծել ենք Առաջին հանրապետություն, մյուսը Խորհրդային միության լուծարումն է ( ԽՍՀՄ-ի անցյալով տառապողներն ասում են փլուզում), մենք հիմնադրել ենք Երրորդ հանրապետություն։ Եթե մի բան կրկնվելու հատկություն ունի, ուրեմն օրինաչափություն է։ Ասում են, որ Ռուսաստանը չի գնա։ Ցարական Ռուսաստանը 12 անգամ Հայաստանի արևմտյան հատվածը գրավել է, 12 անգամ ժողովրդին հետը ծախել է Թուրքիային։ Վերջին անգամ մտել են Լոռիս-Մելիքովի զորքերի հետ, երբ հայությունը պառկել էր Լոռիս-Մելիքովի ձիերի սմբակների տակ և աղերսում էր փրկություն, բայց Լոռիս-Մելիքովի զորքը հասավ Կարս, հետո վերադարձավ»։ «Ինքնիշխան Հայաստան»-ից Հովսեփ Ղազարյանի կարծիքով՝ համոզմունքը, որ Ռուսաստանը չի հեռանալու, սխալ է․ «Հայաստանում պետք է ձևավորվի քաղաքական միտք, որը պետք է վերլուծի տարբեր սցենարներ։ Հինգ տարուց արդեն մենք խնդիր ունենք Արցախում խաղաղապահների հետ կապված․ ի՞նչ ենք անելու, երբ Ադրբեջանը հրաժարվի երկարացնել մանդատը»։ Ազատական կուսակցությունից Արամ Ղլեչյանն էլ նշեց՝ մենք չպետք է դատողություններ անենք՝ Ռուսաստանը կհեռանա՞, թե՞ ոչ․  «Մենք պետք է առաջնահերթ մտածենք մեր ազգային և պետական շահերի մասին։ Մնացել է չորսուկես տարի, չորսուկես տարվա ընթացքում մենք պետք է ստեղծենք այն բանակը, որն այլևս կախված չի լինելու ո՛չ Ռուսաստանից, ո՛չ որևէ այլ երկրից։ Միայն այդ դեպքում մեր պետականությունն ապահովված կլինի»։
14:41 - 12 հունիսի, 2021
Ռուսաստան, Եվրոպա, ԱՄՆ․ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչները բանավիճեցին արտաքին քաղաքական հարցերի շուրջ

Ռուսաստան, Եվրոպա, ԱՄՆ․ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչները բանավիճեցին արտաքին քաղաքական հարցերի շուրջ

Երեկ՝ Հանրային հեռուստաընկերության «Հայաստանն ընտրում է» նախընտրական երկրորդ մեծ բանավեճի ընթացքում «Ազատական» կուսակցության ներկայացուցիչ Արամ Ղլեչյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանից հետաքրքրվեց, թե ՀՀ ԶՈՒ ինչպիսի հայեցակարգ է ներկայացնելու ԲՀԿ-ն։ «Շատ հստակ և պարզ ներկայացված է մեր ծրագրի մեջ, որ ՀՀ բանակի արդիականացումը և նոր զինատեսակների համալրումը առաջնահերթություններից մեկն է, որը բխում է և որը կարելի է իրագործել և անհրաժեշտ է իրագործել այն պայմանագրերի ներքո, որոնք մենք ունենք թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում, թե՛ ՌԴ-ի հետ։ Ասեմ ձեզ ավելին․ սա գրեթե միակ իրատեսական տարբերակն է, քանզի թույլ է տալիս ՀՀ-ին ստանալ զենքը, զինամթերքը ոչ միայն գումարի դիմաց, այլ որոշ պայմանագրերի և որոշ աջակցությունների շրջանակներում, որը եղել է մինչ այսօր։ Շատ կարևոր է տեղական ռազմարդյունաբերության զարգացումը, որը ունի ահավոր մեծ պոտենցիալ, և մենք դիտարկում ենք նաև տեղական թե՛ զենքի, թե՛ զինամթերքի արտադրության անպայման և անվերապահորեն զարգացումը և ընդլայնումը»,-պատասխանեց Արման Աբովյանը։ Արձագանքելով Աբովյանին՝ Արամ Ղլեչյանը նշեց, որ Հայաստանի անվտանգային համակարգը 2020 թ․-ին ապացուցեց իր կայացած չլինելը։ «Այդ պայմաններում վստահություն եմ հայտնում, որ գործող ձևաչափով ՀՀ զինված ուժերը և ռազմաքաղաքական դաշնակցությունը չի արդարացնում և չի բխում մեր ազգային շահերից»։ Քննարկմանը միացավ նաև Հայաստանի եվրոպական կուսակցության անդամ Ներսես Զեյնալվանդյանը՝ նշելով, որ 44-օրյա պատերազմը, ինչպես նաև Սյունիքի դեպքերը հստակ ապացուցեցին, որ ՀԱՊԿ կոչվող կառույցը ի զորու չէ ոչինչ անել։ «Այդ կառույցի հետ կրկին հույսեր կապել և փորձել նոր ռազմաքաղաքական գեղեցիկ բառերով դաշինք կնքել, ապա մեր բանակը կմնա նույն կարգավիճակում։ Անհրաժեշտ է արագ դուրս գալ ՀԱՊԿ-ից, բանակցություններ սկսել Արևմուտքի հետ, և հարթել այն ճանապարհը, որը մեզ ի վերջո կտանի  դեպի ՆԱՏՕ, դեպի անվտանգություն և խաղաղություն»։ Ներսես Զեյնալվանդյանին հակադարձեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը։ «Կներեք հազար անգամ, ինձ մոտ տպավորություն է, կարծես պանթուրանական կամ պանօսամանական պրոյեկտի ինչ-որ բացատրություն է գնում։ Ժողովուրդ, ի՞նչ եք խոսում։ Կներեք, խոսում եք ԱՄՆ-ի մասին, Բլինքենը (ԱՄՆ պետքարտուղարը, խմբ․) երկու օր առաջ հանում է զենքի և զինամթերքի վաճառքի արգելքը դեպի Ադրբեջան, ՄԻԵԴ-ը՝ Եվրոպան, մերժեց հայ գերիների վերադարձի հարցը։ Բա դա ինչու՞ չեք խոսում, դե խոսեք։ Ինչքան պանթուրանական, պանօսամանական բան կա, ասեցիք»։ Այնուհետև «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Վահագն Ավագյանը հարց ուղղեց Արման Աբովյանին։ «Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարը՝ Շոյգուն, հայտարարում է, որ Արցախում Թուրքիայի հետ հրաշալի օպերացիա իրականացրեցինք, որ Ստեփանակերտում այսօր մզկիթ են սարքում։ Խնդրում եմ՝ մեկնաբանեք, եթե կարծում եք, որ պանթուրանական ինչ-որ բաներ են տեղի ունենում»։ Արձագանքելով ԱԺԲ ներկայացուցչին՝ Արման Աբովյանն ասաց, որ ստիպված է լինելու թրեյնինգ կարդալ։ «Շոյգուն ոչ թե ասել է՝ հիանալի օպերացիա ենք անցկացնում, այլ ասել է, որ մոնիթորինգի կենտրոնի շրջանակներում համատեղ դիտարկման օպերացիա է իրականացվում։ Երբ խոսքը գնում է մզկիթի մասին, մի խեղաթյուրեք, կառուցվում է սուննական մզկիթ այն ռուս խաղաղապահների համար, ովքեր դավանում են իսլամ»։ Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամ Նարինե Դիլբարյանն էլ բանավեճի մասնակիցներին առաջարկեց խոսել ոչ թե համաթուրքականության, այլ համահայկականության մասին։ «Իհարկե, շատ դյուրին է բոլոր մեղքերը բարդել Միացյալ Նահանգների, Եվրոպայի կամ Ռուսաստանի վրա, բայց ես կարծում եմ՝ այս արտահերթ ընտրություններում շատ ավելի կարևոր է՝ մենք հասկանանք, թե ինչպիսի բանակ ենք ստեղծում, ինչպիսի պայմանագրային հարաբերություններ ենք հաստատել»։ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Ղազարյանն էլ առաջարկեց իրավիճակի մասին խոսել փաստերով։ «Նախ սկսենք ՀԱՊԿ-ից։ ՀԱՊԿ անդամ երկրներից մի քանիսը, ովքեր համարվում են մեր ռազմավարական դաշնակից, շնորհավորում են Ադրբեջանին իր հաղթանակի կապակցությամբ։ Բացի դա՝ արցախյան պատերազմի ժամանակ ներկայացնում էին, որ ՀԱՊԿ-ը կարձագանքի միայն Հայաստանի սահմանային խնդիրներին, բայց վերջին շրջանում Սյունիքի, Վերին Շորժայի, Վարդենիսի դեպքերը ցույց տվեցին, որ ՀԱՊԿ-ը անգործունակ կառույց է»։ «Ազգային օրակարգ» կուսակցությունից Արա Գասպարյանը տարօրինակ որակեց ծավալվող քննարկումը։ «Մենք հայ մարդիկ ենք, հավաքվել ենք, ինչ-որ մեկը խոսում է ՀԱՊԿ-ի մասին, մեկը խոսում է ՆԱՏՕ-ին ինտեգրվելու մասին։ Եկեք մենք առաջինը հասկանանք՝ մենք ինչպես պետք է ուժեղանանք, և ինչպես եղած ռազմաքաղաքական դաշինքները պետք է օգտագործենք իրավիճակը բարելավելու նպատակով»։ «5165 ազգային-պահպանողական շարժում» կուսակցության անդամ Հովհաննես Ղազարյանն էլ հիշեցրեց, որ թուղթ են ստորագրել՝ ավելի քաղաքակիրթ բանավեճի համար, ապա շարունակեց․ «Այնպիսի տպավորություն է, որ մենք փորձում ենք մեր արտաքին քաղաքականությանը վնասել այստեղ, որովհետև նույն Արցախի հետ կապված այդ երկրները, որոնց մասին նշում են՝ հայտարարություն արեցին և այլն, իրենք ունեն ընդհանուր կոնսեսուս, թե ինչպես պետք է հարցով զբաղվեն, և ընդհանուր պատերազմի ընթացքում էլ Միացյալ Նահանգները նույնիսկ հայտարարեց, որ Մինսկի խումբը հանդիսանում է լավ օրինակ ռուս-ամերիկյան համագործակցության համար։ Ինձ թվում է՝ այստեղ մենք պետք է ելնենք հայկական շահից, մեր ազգային շահից, հասկականք՝ մեզ ով ինչ է առաջարկում, և ինչպես մենք կկարողանանք մեր խնդիրները լուծել։ Որքան էլ խոսենք Միացյալ Նահանգների հայտարարարությունների մասին, գետնի վրա կան ռուսական զորքեր, որոնք ապահովում են Արցախի ժողովրդի անվտանգությունը, սա իրողություն է, որի հետ պետք է հաշտվել»։ ԱԺԲ ներկայացուցիչ Վահագն Ավագյանն էլ, շարունակելով ռուս խաղաղապահների համար մզկիթ կառուցելու թեման, նշեց․ «Եթե Ռուսաստանին անհրաժեշտ է իր զինվորականության համար մզկիթ կառուցել, և եթե իրենք Լավրովի բերանով հայտարարում են, որ ցանկանում են միանալ թուրքալեզու ժողովուրդների խորհրդին, և եթե Լավրովը պաշտոնապես հայտարարում է,  որ քաղաքագետները խոսում են, իբրև թե կա ինչ-որ պանթուրանական ծրագիր, ընդամենը պարապ ժամերի խոսակցություն է, և իրենք անգամ հայտարարում են, որ այդպիսի բան չկա, մենք եկեք չանհանգստանանք այդ մասին»։ «Վերելք» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանն էլ առաջարկեց հարգել ազգային ինքնությունը։ «Հարգենք այս ֆորմատը, հարգենք մեր ով լինելը և ազգային ինքնությունը։ Սա երևի ազգային ինքնության և մտածելակերպին վիրավորանք է, երբ երկու հայ կարող են ջանասիրաբար ներկայացնել եվրոպական արժեքներ կամ ռուսական արժեքներ կամ թուրքական արժեքներ, չգիտեմ՝ ում տակ թաքնված, բայց չներկայացնել ոչ մի հայկական շահ, ոչ մի պետականության շահ»։  
13:31 - 12 հունիսի, 2021
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 1

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 1

22:37- «Հայոց Արծիվներ, միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանը դադարեցում է քարոզարշավը, կուսակցությունը չի մասնակցելու արտահերթ ընտրություններին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում  հայտարարել է Ասրյանը՝ նշելով, որ արտահերթ ընտրություններ չեն կարող անցկացվել Հայաստանի ամբողջ տարածքում, քանի որ որոշ տարածքներ օկուպացված են, ինչը նշանակում է, որ պետք է ընտրությունները չեղարկել։ |tert.am|22:00- Հայակենտրոն փայլուն դարաշրջանից առաջ կարևոր նախապայման է փորձել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակցությամբ նոր դաշնակցություն ձեռք բերել և նաև մեր հարևանների՝ Վրաստանի, Իրանի, նաեւ հեռավոր Հնդկաստանի հետ ապահովել հայ ժողովրդի արտաքին նոր, բազմաբևեռ քաղաքակնությունը: Նախեւառաջ իրավաքաղաքական գնահատական պետք է տալ նախկին բոլոր ռեժիմներին, երկրորդը՝  դրանից բխող անցումային արդարադատությունն է, երրորդը՝ նոր սահմանադրության ընդունումը, չորրորդը՝ նոր ընտրական օրենսգրքի ընդունումը, եւ վերջինը՝ կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունումը:  Հավաստիացնում ենք, որ կոալիցիա չենք կազմի նախկին և ներկա իշխանությունների հետ: [Ազգային-ժողովրդավարական բևեռ] |Armtimes.com|21:42- Իմ խոսքի տերն եմ և ընտրություններից հետո կոալիցիա չեմ կազմելու Նիկոլ Փաշինյանի հետ։ Ես գնում եմ մենակ` իմ թիմի հետ: Իմ ծրագրերն իրականացնելու համար հարկավոր է, որ ունենամ մեծ թվով ձայներ: Ես պայքարել եմ, միակ մարդն եմ եղել, որ ասել եմ՝ պետք է կառավարության անդամների 100 տոկոսը հրաժարական տա, ինձ ձերբակալել են: Հիմա, երբ կառավարությունը թուլացել է, բոլորը դարձել են ընդդիմադիր և ասող, թե Ծառուկյանը Փաշինյանի հետ կոալիցիա է կազմելու: Նման խոսակցությունները խայտառակություն են, սուտ լուրեր են։ Ժողովուրդ ջան, ով որ իր խոսքը գործ է դարձրել, նրան էլ ընտրեք։ [Գագիկ Ծառուկյան] |factor.am|21:28- Ընտրողներին իմ անձնական ուղերձն է՝ մենք ամեն ինչ անելու ենք, որ ՔՈ կուսակցությունն ընտրողները տարիներ անց էլ չամաչեն բարձր գլխով հայտարարել իրենց ընտրության մասին, հայտարարել որ մեր կուսակցության համակիրն են և ժամանակին ճիշտ որոշում են կայացրել։ ՔՈ կուսակցությունն ընտրողները կարող են վստահ լինել, որ իրենց ընտրությունը վերացնելու է ներքին ուժերը ջլատող թշնամանքը, ատելությունը։ Ընտրելով մեզ դուք ընտրում եք փոփոխությունների և, ի վերջո, կայունության, խաղաղության ու բարեկեցության ճանապարհը։ Մեր ծրագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։ [ՔՈ ՍԴԿ առաջին համար Սուրեն Սահակյան]21:14- Պարոն Տեր-Պետրոսյան, ոչինչ, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկեք խոսենք, թե ով ինչ է արել, ով որքան է հասկանում, ով ինչի պատասխանատուն է: Դուք այլևս ճիշտ դուրս չեք գալու, էն բայղուշությունը, որ քաղաքացիական պատերազմ եք կանխատեսում, իրականություն չի դառնալու: Ժողովրդի առաջ կանգնող ուժ չկա, եթե պետք լինի, հունիսի 21-ին ժողովուրդը դուրս կգա Հանրապետության հրապարակ, բոլորին հատ-հատ դուելի կկանչի: Եթե շատ բայղուշությունները շարունակեք, կհայտնվեք հարյուր հազարավոր քաղաքացիների ոտքերի տակ, բառիս բուն և փոխաբերական իմաստով. որևէ մեկը չփորձի ժողովրդի նյարդերի հետ խաղալ: [Փաշինյանը՝ ի պատասխան Տեր-Պետրոսյանի խոսքին, թե Փաշինյանի բանավեճի հրավերը մերժել է, քանի որ վերջինիս համար այն կարող է ինքնասպանություն լինել] |hetq.am| 21:07- Շատերը գլուխ են գովում Արցախյան առաջին պատերազմի հաղթանակով, բայց ո՞ւր էր այդ հաղթանակից հետո ժողովրդի վայելքը, էդ հաղթանակը նրա՞ համար էր, որ մի քանի հոգի իրենց վզերը հաստացնեն։ Էդ հաղթանակով գլուխ գովացող շատերը` Հայաստանի երեք նախկին ղեկավարների գլխավորությամբ, մսխեցին էդ հաղթանակը քյաբաբնոցներում, խաշանոցներում և իրենց բանկային հաշիվներում… Թույլ չենք տալու ամեն ստահակ մեզ մեղադրանք առաջադրի, էս պատմության մեջ մենք մեղադրվող չենք, մեղադրող ենք։ [Նիկոլ Փաշինյանը՝ Արմավիր գյուղում] |hetq.am|20:50- Տուրիզմը հասել է մինչև Գորիս և մինչև Կապան չի շարունակվել, այն պետք է հասցնել Կապան։ Պետք է կառուցենք ճանապարհներ, Հյուսիս-Հարավ մայրուղին պետք է սկսվեր կառուցվել Սյունիքում։ Իրատեսական եմ համարում, որ Սյունիքում կարող է տեղակայվել ՌԴ ռազմաբազա, բայց եթե ուզում ենք՝ մեզ հարգեն, պետք է ունենանք սեփական Զինված ուժեր։ Ռուսական բազան, Ռուսաստանը մեր ստրատեգիական դաշնակիցն է, անկասկած, բայց եթե ուզում ենք մեր կշիռը այդ հարաբերությունում պատշաճ մակարդակի վրա լինի, մեզանից ինչ–որ բան պետք է ներկայացնենք, այլ տարբերակով չեն հարգում պետություններին։ [Ռոբերտ Քոչարյանը՝ Կապանում]20:42- Մեր կուսակցությունը քարորզարշավի նորամուծություններ Է արել՝ միկրոֆոններով չենք խոսելու, բակեր չենք մտնելու, մարդկանց անդորրը չենք խաթարելու։ Մարդկանց հրավիրում ենք` Հյուսիսային պողոտայի մեր շարժական շտաբում ներկայացնելու քարոզչական նորամուծություններն ու մարտավարությունը: Մեր քարոզարշավի նորամուծությունը շրջիկ շտաբն է, իսկ բուկլետի փոխարեն քաղաքացիներին ենք տալու մեր թերթոնները: [«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյան]20:17- «Վերելք» կուսակցության քարոզարշավը մեկնարկել է պահեստազորի զինվորականների հետ հանդիպումով: Մեկ ամիս առաջ ստեղծված ուժը ռազմաքաղաքական ուղղվածություն ունի: Քաղաքականություն են մտել առաջին հերթին բանակի ու անվտանգության հարցերը լուծելու համար: Առաջնային ծրագրերում են նաև ռազմարդյունաբերության ու զինվորականների սոցիալական հարցերը: Կուսակցությունը նաև առաջարկելու է երկարօրյա դպրոցների ստեղծումը: |1lurer.am|20:14- Նախընտրական քարոզարշավի իրենց մեկնարկը «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության անդամները տվեցին Երևանի կենտրոնում՝ քաղաքացիներին նախընտրական բուկլետներ բաժանելով: Կուսակցության առաջին համարը՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարեց՝ չնայած նորաստեղծ քաղաքական միավոր են, սակայն պատրաստ են գրավել ընտրողի ուշադրությունը, և որ իրենց համար նպատակ է ազգային քրիստոնեական արժեքների վրա հիմնված հզոր պետություն կառուցելը, ինչի համար պետք է ունենալ քաղաքական լծակ: Ընտրություններն էլ միջոց է, և որ ինչպես իրենց անվանումն է՝ «Զարթոնք», փորձելու են արթնացնել մարդկանց: |1lurer.am|20:08- «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամները, որպես նախընտրական քարոզարշավի մեկնարկ, երթ են անցկացրել Երևանի կենտրոնում՝ անցորդներին բաժանելով վարդեր ու կուսակցության թռուցիկները: |1lurer.am|19:51- Մենք երբեք չենք ընդունելու նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Մենք պահանջելու ենք, որ Կապանի, Գորիսի նաեւ Սոթքի հատվածում նրանք հետ գնան, մենք ավելին ենք տվել: Նրանք 5-10 կմ ավել են եկել առաջ: Այս գյուղերը տալու թուղթը դեռ ի կատար չի ածված: Ընտրեք ինձ կամ մեկ ուրիշին՝ ոչ Նիկոլին, եւ ես գալու եմ, ասեմ՝ թքած ունեմ ձեր ստորագրած թղթի վրա: Նույնիսկ եթե Ռուսաստանն ասի: Թքած ունեմ, չեմ տալիս եւ վերջ: Նիկոլը չի կարող ասել՝ թքած ունեմ: Չի կարող, որովհետեւ պարտվել է, դարձել է Ալիեւի հարճը բառիս բուն իմաստով: [ «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյան] |news.am|19:33- Այս ընտրությունները պետություն ունենալու և չունենալու միջև է, հայրենիքը կորցնելու և չկորցնելու միջև է։ Մեր խնդիրը ներհասարակական համերաշխություն հաստատելը և բևեռացումների ճանապարհը փակելն է։ Բոլոր նրանք, ովքեր պետականակործան տականքի դեմ պայքարի խրամատում կկանգնեն մեր կողքին այս պահից սկսած, այլ ոչ թե այն պահին, երբ կզգան մեր հաղթանակի հոտը, ոչ թե ներում, այլ համաներում կհայտարարենք, քանի որ հայրենիքից թանկ ոչինչ չկա։ Հակառակ դեպքում ինձ համար նրանք կմնան դասալիքներ՝ բոլոր հետևանքներով հանդերձ։ Այս դավաճանին ձայն տալով՝ դուք համաձայնելու եք Արցախի, իսկ հետագայում Սյունիքի հանձնմանը, թույլ եք տալու, որ շարունակվի պատերազմը։ [Սերժ Սարգսյան] |tert.am|19:26- Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Սյունիքի մարզի դատախազությունում անցկացրել է խորհրդակցություն։ Նա նշել է, որ խիստ կարևոր է քարոզարշավի օրինական, պատշաճ ընթացքի ապահովումը: Դրա խիստ անհրաժեշտությունն ակնառու է հատկապես Սյունիքում՝ նկատի ունենալով սահմանային անվտանգության ապահովման խնդիրները: Ըստ Դավթյանի՝ իրավապահները պարտավոր են իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ՝ թույլ չտալու ընտրողների ազատ կամարտահայտմանը որևէ միջամտություն՝ պետական և ՏԻՄ մարմիններում վարչական լծակների կիրառման, հեղինակությունների գործադրման և որևէ այլ եղանակով։19:12- Հանրային հեռուստաընկերությունը արտահերթ ընտրությունների շրջանակում նախաձեռնել է «Հայաստանն ընտրում է» խորագրով հեռուստաբանավեճեր։ Դրանք անցկացվելու են երկու խմբով: Հունիսի 8-ի և 11-ի  հեռուստաբանավեճերին հրավիրվում են ընտրություններին մասնակցող դաշինքների և կուսակցությունների ցուցակների 2-10 համարներից մեկական ներկայացուցիչներ, իսկ հունիսի 16-ին և 17-ին հրավիրվում են նախընտրական ցուցակները գլխավորող գործիչները: Բանավեճերը կհեռարձակվեն հունիսի 8-ին, 11-ին, 16-ին և 17-ին՝ ժամը 22:00-ին:18:04- Մեր ազգի մեծամասնությունը, բոլոր  քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը դեռևս չեն հասկացել այն ճշմարտությունը, որ Ղարաբաղի հարցում Հայաստանը դաշնակից չունի։ Հիմա դեռ կրկնում են՝ դե ոչինչ, եթե Ռուսաստանը չէ գործակիցը, ԱՄՆ-ն կլինի, Իրանը կլինի։ Սա նշանակում է, որ ոչ թե հին պատմության, այլ մեր օրերի, վերջին երեք տասնյակ տարիների դառը փորձից չենք ուզում դասեր քաղել, բացարձակապես։ [Լևոն Տեր- Պետրոսյան]17:54- Շարունակվում են քննարկումները «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի շուրջ: Դաշինքի կենտրոնական նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանն ու ծրագրի աշխատանքային խմբի համակարգող Արփինե Հովհաննիսյանն այսօր հանդիպել են արտաքին քաղաքականության և անվտանգային ոլորտների փորձագետների հետ, քննարկել նշված ոլորտներին առնչվող ծրագրային դրույթներ: [«Հայաստան» դաշինք]17։41- Կա երկու բևեռ, որոնք հավակնում են ամեն գնով հասնել իշխանության, պատրաստ են ամեն ինչի։ Երկու կողմն էլ տիրապետում է հսկայական ֆինանսական, վարչական, քրեական ռեսուրսների։ Երկու կողմն էլ չեն խղճելու, դիմելու են ցանկացած քայլի՝ իրենց նպատակին հասնելու համար։ Ավելի վտանգավոր զարգացումների մասին չեմ ուզում խոսել, թե դա ինչի կբերի։ Այսինքն՝ ստեղծվում է մի վիճակ, որ այսպիսի դաժան պարտությունից հետո, երբ սովորական նորմալ ազգերը սթափության պահ են ապրում, հասկանալու պահի լրջությունը, հակառակը նրանք այդ պահը օգտագործում են երկրի վիճակը ավելի խոր փոսը նետելու համար։ [Լևոն Տեր-Պետրոսյան]   17։36- Մի հետաքրքիր դրվագ էլ կա, որն ամենաշատն է քննարկվում, թե ինչու ես ու Քոչարյանը մերժեցինք Փաշինյանի՝ բանավեճի հրավերը։ Քոչարյանը իր ոճով կամ իր էությամբ շատ հոյակապ պատասխան տվեց, ասաց՝ ես Փաշինյանին ոչ թե բանավեճի այլ մենամարտի եմ հրավիրում, ի դեպ ցանկացած զինատեսակով, այսինքն՝ պարսատիկից, մինչև ատոմային ռումբ։ Ես մերժեցի Փաշինյանին՝ ուղղակի խղճահարությունից ելնելով, խղճացի, որովհետև այդ բանավեճը կարող էր Նիկոլի համար ինքնասպանություն լինել, դա ես չեմ ասում, այլ ինքը 2009թ․-ին։ Ասել է՝ առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի, ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս։ [ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյան]   17։34- Ինձ համար իսկապես հասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանը ում է իրեն մրցակից համարում՝ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի՞ն, ամբաստանյալ Սերժ Սարգսյանի՞ն, մեղադրյալ Գագիկ Ծառուկյանի՞ն։ Ո՞վ է իր մրցակիցը։ Արդյո՞ք սա այնպիսի ընտրական գործընթաց է, որտեղ գիտակցված ընտրության միջավայր է ձևավորվել։ Կարծում եմ՝ մեր ժամանակահատվածի ամենադժգույն ընտրություններն են լինելու, երբ իշխանության պայքարի մեջ ընդգրկված են գողեր, ավազակներ, հանցագործներ, որոնք չեն պատժվել, մարդիկ, որոնք ամբաստանվում են։ [«Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ Նորայր Նորիկյան]   17։24- Քարոզարշավի առաջին օրը «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը թիմակիցների հետ եղել է Տավուշի մարզում։ Նա Դիլիջանում հանդիպում է ունեցել բնակիչների հետ, ներկայացրել դաշինքի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, պատասխանել բնակիչներին հուզող հարցերին: |tert.am|   17։03- Ոչնչի առջև չեն կանգնելու, որևէ մեկի ազնիվ խոսքին չհավատաք, ո՛չ Քոչարյանի, ոչ Փաշինյանի․ մենք տեսել ենք, թե նրանց ազնիվ խոսքը ինչ է արժեցել մեր ժողովրդի համար։ Հիմա չգիտեմ Աստվածաշնչի վրա կերդվեն, թե Ղուրանի մեկ է։ Եթե որևէ մեկը հավատում է նրանց որևէ մեկի խոսքին, կներեք, ես արդեն կարող  եմ կասկածել այդ մարդու խելքի կամ մակարդակի վրա։ [ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյան]   16։58- Սրանք սովորական ընտրություններ չեն։ Շատ պայթյունավտանգ իրավիճակ է Հայաստանում, և առայժմ, իմ կանխազգացմամբ այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենախայտառակ, ամենավտանգավոր ընտրությունները։ [ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյան]   16։39- «Ազատ Հայրենիք» դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավը սկսել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից: «Հայ կառուցողական և պահպանողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը, որը դաշինքում երկրորդ համարն է, պարզաբանեց, որ քարոզարշավը հուշահամալիրից սկսելու խորհուրդը հետևյալն է. «Ծիծեռնակաբերդը մեր ժողովրդի գլխավոր խորհրդանիշներից է, որը ոչ միայն հավերժացնում է մեկուկես միլիոն մահացած հայերի՝ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, այլ դեպի ապագա մեր հավատքի և վստահության հենարանն է, և մենք որոշեցինք այս խորհրդանիշով սկսել մեր քարոզարշավը»: |armtimes.com|   16։33- ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-18-ը ներառյալ կլինի արձակուրդում։   16։24- Մեր ծրագիրը քաղաքական իրատեսությունն է, որովհետև գիտենք, որ բոլոր հաղթանակները ձեռք են բերվում, եթե քո պետական քաղաքականությունը խարսխված է իրատեսական, ստրատեգիական հաշվարկների վրա, աշխարհաքաղաքական իրողությունների ճիշտ գնահատականի վրա։ Այսինքն, հաշվի են առնվում և՛ երկրի ռեսուրսները, և՛ նրա շուրջ ստեղծված իրավիճակը և միջազգային նորմերը ու քաղաքականությունը կառուցվում է համաձայն այդ իրավիճակների։ Մենք նաև գիտենք, որ մեր պետությւոնը պարտվում է այն ժամանակ, երբ շեղվում է այս ճիշտ ճանապարհից, երբ բռնում է արկածախնդրության ճանապարհը, սին, ազգայնական երազանքների ճանապարհը, ցնորամտության ճանապարհը, երբ մենք աշխարհից պահանջում ենք ավելին, քան կարող է տալ։ [ՀԱԿ պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյան]   16։19- Ընտրության ամբողջ տրամաբանությունը ոչ թե ընդդիմություն մասին է, այլ իշխանության, թե ինչ խոստումներ են տվել, ինչ կարգախոսներով են եկել և ինչ են արել փաստերով։ Օրինակ ասեն՝ գործազրկությունը, աղքատությունը եղել են այսքան տոկոս, մենք սարքել ենք այսքան։ Ես ասում եմ, որ ես դարձել եմ նախագահ ծայրահեղ աղքատությունը եղել է 21 տոկոս, երբ ես պաշտոնաթող եմ եղել՝ 3․1 տոկոս է եղել։ [«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյան]   15։39- Հունիսի 20-ին կայանալիք ԱԺ ընտրությունների քարոզարշավի ողջ ընթացքում ԶԼՄ-երը լուսաբանելու են նախընտրական գործընթացները, շտաբների աշխատանքը, հանդիպումները և այլն։ Ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և դաշինքներին կոչ ենք անում բացառել ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն ուղղված ցանկացած քայլ։ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հորդորում ենք նման դեպքերում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին։ [ՀՀ Ոստիկանություն]   15։14- Մեր ուժը Արշակունիների դամբարանի մոտից է սկսում շարժումը. այն մեր արմատների, հայկական թագավորության հզորության խորհրդանիշն է: Սկսում ենք հենց այդտեղից, իրազեկելու ենք քաղաքացիներին: Ժամանակ շատ չունենք, այդ պատճառով փորձելու ենք լինել բոլոր մարզերի և Երևանի բոլոր բնակավայրերում: Հանդիպելու ենք մեր քաղաքացիներին և ընտրողներին։ Առավոտյան ժամը 9-ից տասը հոգուց բաղկացած խմբեր արդեն իսկ մեկնել են ՀՀ տարբեր մարզկենտրոններ և քաղաքներ: [«5165 շարժման» հիմնադիր Կարին Տոնոյանի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյան] |armtimes.com|   15։10- Մենք չունենք «զոմբիներ», մենք չունենք «ժեխ» և այլն, մերժում եմ ես նման կատեգորիաները, նման որակումները։ Մենք ունենք մոլորված ժողովրդի մի զանգված, որոնց հետ պետք է աշխատել, որոնց պետք է համոզել, որոնց պետք է բերել մեր դաշտ։ [«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյան]   14:35- Այսօր տալիս ենք մեկնարկը խորհրդարանական արտահերթ ընտրությունների: Սա չափազանց ճակատագրական մեկնարկ է՝ ընտրություն հանրապետության և կայսրության միջև: Եվ մեր՝ բոլոր քաղաքական միավորներիս պարտքն է կարողանալ ոգեշնչել մեր հանրությանը՝ քվեարկել հօգուտ հանրապետության, հօգուտ Հայաստանի և հօգուտ պայծառ հայրենիքի։ [«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյան] |factor.am|   14:31- Պատերազմական իրավիճակներում «Հանրապետություն» կուսակցության համար կա միայն արտաքին թշնամի, ներքին թշնամի չունի: Այս ընտրությունների արդյունքում պարտադիր է լինելու կոալիցիաների ձևավորումը, և դա կախված է լինելու ընտրություններում մասնակցած ուժերի ունեցած պատգամավորների թվերից: Կան իրավիճակներ, երբ պատերազմ է, երբ թշնամիդ կանգնած է սահմանին․ այդ պարագայում որևէ մեկի հետ համագործակցությունը չենք բացառում։ Ոչ պատերազմական իրավիճակներում համագործակցելու ենք միայն այն ուժերի հետ, որոնց գաղափարախոսությունը մոտ է: [«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյան] |armenpress.am|   13։40- ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, ինչպես նաև դրան նախորդող և հաջորդող ժամանակահատվածում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների քննարկումն օպերատիվ կազմակերպելու, քննության իրականացումը համակարգելու նպատակով։ [ՔԿ]   13։26- Քարոզարշավ օր 1. հայտնի է քաղաքական ուժերի այցելությունների ժամանակացույցը։   13։21- Ոստիկանության պետը և ղեկավարությունը պատրաստակամ են հանդիպումներ ու քննարկումներ անցկացնել կուսակցությունների ու դաշինքների շտաբների պետերի և ղեկավարների հետ՝ քարոզարշավն ու բուն ընտրությունները օրինականության շրջանակներում անցկացնելու, հասարակական կարգի և մասնակիցների սահմանադրական իրավունքների ապահովման նպատակով։ Քարոզարշավի պատասխանատուներն անհրաժեշտության դեպքում կարող են դիմել ոստիկանություն և ակնկալել օպերատիվ արձագանք՝ համապատասխան ծառայությունների կողմից։ [ՀՀ Ոստիկանություն]   12։44- Մենք գիտենք, որ առաջնային խնդիրը, որը այսօր ծառացել է ՀՀ-ի, մեր բոլորի առջև, անվտանգությունն է, որը պետք է ցավով նշենք, այօրվա Հայաստանում նվազագույնը շատ վատ վիճակում է։ Բոլոր համակարգերը, որոնք այս կամ այն կերպ ապահովում էին ՀՀ անվտանգությունը, քայքայված են։ Առաջնայինը պետք  է վերականգնենք հարաբերությունները մեր դաշնակից, ինչու ոչ մեր զինակից, եղբայրական գործընկերոջ՝ ՌԴ հետ։ Նաև անհրաժեշտություն ենք տեսնում ՌԴ հետ կնքել նոր ռազմաքաղաքական պայմանագիր, որը ավելի լավ կհամապատասխանի իրավիճակներին, որի առջև այսօր կանգնած է ՀՀ-ն։ Պետք է դադարել խաղալ անվտանգության հետ, պետք է շատ հստակ հասկանալ, որ եթե մենք ուզում ենք ապրել անվտանգ երկրում, ապա ՌԴ հետ մեր հարաբերությունների ընդլայնումը անխուսափելի է։ [ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արման Աբովյան]   12։32- Մինչև քարոզարշավը մեր բազմաթիվ հանդիպումներն ի հայտ բերեցին ժողովրդին հուզող երկու հիմնական հարց․ առաջինն անվտանգություն է՝ իր բազմաթիվ բաղադրիչներով․ այսօր սահմաններն անպաշտպան են, բանակի ողնաշարը ջարդված է, այսօր նույնիսկ երկրի ներսում անվտանգ չէ, քանի որ կա հանցագործությունների շեշտակի աճ։ Հաջորդ հացը տնտեսական իրավիճակն է։ Ունենք խոր անկում, գործազրկության աճ, աղքատության շեշտակի աճ ՀՀ-ում, և այս ամենից բխում է արտագաղթի տագնապալի աճ։ [Ռոբերտ Քոչարյանը՝ Ագարակում քարոզարշավի ժամանակ] |tert.am|   12։17- Ոչ մի քննարկում չի եղել պաշտոններ զբաղեցնելու մասին, ուղղակի քննարկում է եղել գնալ ԱԺ։ Աշխարհում պետական կառավարման համակարգում կա 2 անընդունելի վիճակ․ առաջինը կոռուպցիան է, որ պետք է զրոյական վիճակում լինի, երկրորդը պաշտոնյայի անարդյունավետ լինելն է։ Իսկ ՀՀ-ում կան կիրթ, բանիմաց, փորձ ունեցող, բարի, ազնիվ մարդիկ, որոնք կարող են այս կամ այն օղակում ի նպաստ ՀՀ-ի աշխատել։ Դա վերաբերում է ինձ, Ձեզ, բոլորին։ Ես չեմ ճանաչում պարոն Ավինյանին, չգիտեմ՝ ինչ հակասության մասին է խոսքը, իր հետ չեմ շփվել։ [«ՔՊ» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանը՝ ընտրություններից հետո փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու մասին]   12։09- Քանի որ ռեսուրսները կուտակված են 2-3 ուժերի մոտ, իսկ այս ընտրությունները՝ նախորդների պես, ռեսուրսների պայքար են, մեդիան ամեն կերպ փորձում է հանրությանը համոզել, որ գոյություն ունեն երկու հիմնական ուժեր՝ լիդերներ, ու 20+ այլ՝ մանր-մունր ուժեր՝ աուտսայդերներ: Այս կոնտեքստում եթե նայենք, ապա կլինեն անակնկալներ, քանի որ մեր շփումները քաղաքացիների հետ ցույց են տալիս, որ հանրության մոտ բոլորովին այլ տրամադրություններ են. քաղաքացիներն իրականում ավելի շատ հակված են ԱԺ-ում առողջ ուժեր տեսնելուն: [«Քաղաքացու որոշում» կուսակցության պատգամավորի թեկնածու Գարեգին Միսկարյան] |lragir.am|   12։05- Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում՝ 15/02 տեղամասային կենտրոնի տեղակայման շենքի վրա, փակցվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական պաստառներ։ ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի հիման վրա՝ դա խստիվ արգելվում է։ [Ընտրությունների վերահսկման կոմիտե]   11։58- Այս թիմը հասնելու է նրան, որ ստի համար քրեական պատասխանատվություն սահմանվի Հայաստանում, որովհետև արդեն հասկացանք, որ պաշտոնյայի սուտը անշառ, կենցաղային սուտ չէ, այն ունի ծանր հետևանքներ երկրի համար, և դա պետք է քրեորեն պատասխանատվության ենթարկվող արարք լինի մեր օրենսդրությամբ։ [«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյան]   11։51- Քաղաքացիներից ստացված ահազանգերի արդյունքում արձանագրվել է խախտում ԲՀԿ կողմից: Մասնավորապես, Արարատի մարզի տարբեր հանրային վայրերում դիտարկվել է լուսանկարի հայտարարությունը։ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «նախընտրական քարոզչության ժամանակ … թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»: Ակնհայտ է, որ ԲՀԿ վարչապետի թեկնածուի անունից նման առաջարկ կատարելը ներկայացնում է նախընտրական քարոզչության ժամանակ տրվող խոստում։ [Ընտրությունների վերահսկման կոմիտե]   11։50- Մեզ համար հունիսի 21-ը այն գիծն է, որից հետո միասնականությունը պետք է վերականգնվի, ավելին՝ լարվածությունը այն մակարդակի է, և այնքան է սրվելու այդ երկու բևեռների կողմից, որ մարդկանց, սովորական քաղաքացիներին, իրենց հետևորդներին տանելու են բախումների, քաղաքացիական պատերազմի։ Դա հնարավոր է կանխել, եթե ԼՀԿ-ն՝ որպես այլընտրանքային ուժ, հավաքի այն 40 տոկոս չկողմնորոշված ընտրողների ձայների մեծամասնությունը և պարտադրի այս կողմերին համերաշխություն և հաշտություն, այլապես, եթե կողմերից մեկը հաջողություն ունեցավ օրակարգը հետևյալն է լինելու՝ ոչնչացնել մյուսի կողմին։ [ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյան]   11։42- Սա հերթական ընտրություն չէ, սա մեր գոյության պատերազմն է։ Այո, պատերազմ է, որովհետև մենք պետք է փրկենք այն, ինչ մնացել է մեր պետականությունից, որովհետև դա պետք է մեր երեխաների ապագայի համար։ Ահռելի քանակի գործ կա անելու, և այս պարագայում բոլորս, ՀՀ ցանկացած քաղաքացի պետք է լծվի այս մեծ խնդիրը լուծելու գործին։ [«Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը՝ Ագարակում քարոզարշավի ժամանակ] 11։40- Մեկը կա՝ վախենում է գալ և բանավեճի մասնակցել, ասում է՝ ես մեծ հաճույքով դուելի կհրավիրեմ՝ զենքի ցանկացած տեսակով։ Ես ենթադրում եմ, որ տվյալ սուբյեկտը ստիպված է զենք վերցնել, որովհետև Նաիրի Հունանյանը բանտում է։ Մյուսն էլ ասում է՝ եթե ես լինեի գերագույն հրամանատար, ինքս ինձ կգնդակահարեի։ Իսկ որ վերջին 10 տարվա՝ ՀՀ զենք-զինամթերքի 75 տոկոսը ձեռք է բերվել քեզնից հետո, ինչո՞ւ չես գնդակահարում քեզ դրա համար։ Իսկ որ մոնտեկառլոների կազինոներում զինվորից գողացված միլիոններ կրվեիր, քեզ կգնդակահարեի՞ր, թե՞ չէ, գլուխդ պատերին կտայի՞ր, թե՞ չէ։ [«ՔՊ» վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ Փարաքարում քարոզարշավի ժամանակ՝ ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հայտարարությունների]   11։35- Այս ընտրությունները տեղի են ունենում բացառիկ բարդ և ճգնաժամային պայմաններում, մեր ժողովուրդն ու պետությունն անցնում են դժվարին փորձությունների միջով: Առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին իրենց գործունեությամբ, իրենց պահվածքով, իրենց խոսքով չխորացնել ճգնաժամը, չհատել բարոյականության սահմանները, տուրք չտալ քարոզչական անազնիվ տեխնոլոգիաներին, հավատարիմ մնալ մեր ազգային արժեքներին ու հավաքական նպատակին: [ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան]   11։30- «Լուսավոր Հայաստանը» քարոզարշավը սկսում է Երևանում և Սյունիքի Մեղրի-Ագարակ քաղաքներում, այնտեղ է մեր քարոզչական թիմը՝ Գևորգ Գորգիսյանի, Տարոն Սիմոնյանի, Անի Սամսոնյանի գլխավորությամբ, և այլ պատգամավորներ։ Մենք այստեղ ենք մյուս խմբով։ Առավոտյան ժամը 8-ից մետրոյի «Երիտասարդական» կայարանից սկսել ենք բուկլետներ բաժանել, հիմա շարունակում ենք մեր քայլարշավը Երևան քաղաքի կենտրոնով։ Մեր հիմնական ուղերձը երկրի ներքաղաքական հաշտություն, խաղաղություն, համերաշխություն, համախմբում, միասնականություն և վերջում ազգային համաձայնության կառավարություն ձևավորելն է։ [ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյան]   11։27- Որքան էլ մեծ է մեր ցանկությունը քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ ՀՀ ընտրողի առջեւ դեմ առ դեմ, բաց ճակատով հանդես գալու, նույնքան և սուղ են ժամանակային ու ֆիզիկական հնարավորությունները՝ իրագործելու այդքան անհրաժեշտ կենդանի շփումը մեր եւ ձեր միջեւ։ Ուստի խնդրում ենք ուշադիր լինել մեր յուրաքանչյուր հրապարակային խոսքին, որը ձեզ է ուղղվելու միանգամայն անկեղծ սրտով: Ինչու «Արդար Հայաստանը» չգնաց դաշինքի որեւէ ուժի հետ․ ապագա Հայաստանի զարգացման հիմքում որպես անկյունաքար դնելով արդարության սկզբունքը եւ համոզված լինելով, որ անհրաժեշտ բոլոր զարգացումները ճյուղավորվում են արդարության ակունքից՝ մենք այդպես էլ չհանդիպեցինք այս գաղափարը կիսող ուժի: [«Արդար Հայաստան» կուսացկության նախագահ Նորայր Նորիկյան]   10։56- Իմ կոչը թիմակիցներին, դաշինքի համակիրներին և մեր բոլոր քաղաքացիներին՝ քարոզարշավի մեկնարկին․1.  Քարոզարշավի ընթացքում կենտրոնանալ մեր ծրագրի բովանդակության վրա։ Մեր ծրագիրն ունի երկրի վերելքի հսկայական պոտենցիալ։2.  Վարակենք մարդկանց պոզիտիվ տրամադրությամբ, յուրաքանչյուր մեր հայրենակցի տուն պետք է մտնի հույսի և արժանապատվության գաղափարը։3.  Մոռացե´ք գործող իշխանությունը, այն չկա մեր օրակարգում, կենտրոնացեք անելիքների վրա, ապագայի վրա։4.  Մի´ տրվեք որևէ սադրանքի [«Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյան]   10։43- Ընտրական հանցագործությունների բացահայտման և դրանք կատարողների հայտնաբերման և պատասխանատվության ենթարկելու հարցում դրսևորվելու է առանձնահատուկ հետևողականություն: Քաղաքացիներին հորդորում ենք ընտրական հանցագործությունների մասին տեղեկություններ ունենալու, դրանց վերաբերյալ փաստական տվյալների տիրապետելու դեպքում անմիջապես դիմել ՀՀ գլխավոր դատախազություն: [Գլխավոր դատախազություն]   10։38- Կոչ ենք անում բոլոր կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), ընտրողներին և ընտրական գործընթացների բոլոր մասնակիցներին խստագույնս պահպանել ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները: Հրապարակային ելույթներում և ցանկացած խոսքում, սոցիալական ցանցերում, քաղաքական և քարոզչական միջոցառումներին  բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը, բռնության կամ ատելության խոսքն ու քարոզը։ [ԿԸՀ]   10։00- Դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի որոշման, որով նախընտրական փուլում պետք է հանվեին Քոչարյանի «Կյանք և ազատություն» ու «Հայաստանը կառուցելիս» պաստառները: Դատարանը գտավ, որ ԿԸՀ-ի որոշումը հիմնավոր և պատճառաբանված չէ, իսկ օրենքի սահմանումները՝ թերի են։ [Դանիել Իոաննիսյան]   09։40- ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ օրենքով իրեն վերապահված թույլատրելի ողջ գործիքակազմի կիրառմամբ գործադրելու է գործուն միջոցներ՝ հնարավոր ընտրախախտումների կանխարգելման, բացահայտման համար: ԱԱԾ-ն հորդորում է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին դրսևորել պատասխանատու վարքագիծ, զերծ մնալ ընտրությունների բնականոն գործընթացը խաթարող հակաօրինական գործելաոճից և հավաստիացնում է, որ ծառայությունը լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և ձեռնարկելու է իրադրությունից բխող համարժեք գործողություններ՝ նկարագրված հանցավոր արարքները բացահայտելու, խափանելու և չեզոքացնելու ուղղությամբ: [ՀՀ ԱԱԾ]   09։19- Այսօրվանից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Այն կտևի մինչև հունիսի 18-ը՝ ժամը 24:00-ն:   ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 2
23:10 - 07 հունիսի, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչներին

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակվող քաղաքական խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչների հետ՝ կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարության, երկրում ստեղծված ներկա իրավիճակի շուրջ: «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել փաստաթղթի և դրա պայմանների առնչությամբ՝ ներկայացնելով իրենց տեսակետները, դիրքորոշումը և առաջարկությունները: Հանդիպմանն ընդգծվել է երկրում կայունության պահպանման և համազգային համերաշխության կարևորությունը: 
15:12 - 12 նոյեմբերի, 2020
13 կուսակցությունները կոչ են անում Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական դաշինք կնքել

13 կուսակցությունները կոչ են անում Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական դաշինք կնքել

13 կուսակցությունները կոչ են անում Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական դաշինք կնքել․ «2020թ. սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի կողմից, Թուրքիայի բացայատ աջակցությամբ և խրախուսմամբ սանձազերծած պատերազմը մեկ անգամ ևս շեշտեց Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև ռազմավարական դաշինք կնքելու անհրաժեշտությունը։ Հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին 1990 թ. օգոստոսի 23-ի, ԼՂՀ հռչակման մասին 1991 թ. սեպտեմբերի 2-ի հռչակագրերը եւ արձանագրելով Արցախի ինքնիշխանության հռչակման ու դրան հաջորդած գործընթացի օրինականությունն ու համապատասխանությունը միջազգային և ներպետական իրավական կառուցակարգերին, Նկատի ունենալով՝ – Հայաստանի հանձնառությունը՝ երաշխավորելու Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը եւ անվտանգության ապահովման հետ կապված հարցերում համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը, – բանակցային գործընթացի լիարժեքության եւ արդյունավետության ապահովման առումով Արցախի Հանրապետության լիիրավ մասնակցության անխուսափելիությունը, – բանակցային գործընթացում Արցախի Հանրապետության անկախ կարգավիճակի, նրա տարածքային ամբողջականության վերականգնման եւ անվտանգության հետ կապված հարցերի լուծման առաջնահերթությունը, – մարդու հիմնարար իրավունքների իրացման, անվտանգության, ռազմական համագործակցության, արտաքին քաղաքական գործունեության եւ բազմաթիվ այլ բնագավառների հետ կապված Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների իրավահարաբերությունների՝ մինչ օրս լիարժեք կարգավորված չլինելու հանգամանքը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության իրավապայմանագրային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը. Մենք՝ ներքոստորագրյալ կուսակցություններս, կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության իշխանություններին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել երկու հանրապետությունների միջև ռազմավարական համապարփակ համագործակցության պայմանագիր կնքելու ուղղությամբ։ «Ազատություն» կուսակցություն «Ազգային օրակարգ» կուսակցություն «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցություն «Բարգավաճ Հայաստան կուսակցություն» «Երկիր Ծիրանի» կուսակցություն «Ժառանգություն» կուսակցություն «Լուսավոր Հայաստան կուսակցություն» «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն» «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» «Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միություն» «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն «Մեկ Հայաստան» կուսակցություն»
17:23 - 29 սեպտեմբերի, 2020
«Ազգային օրակարգ»-ը որոշել է «Ոչ» քարոզչական կողմի համաձայնությամբ՝ օգտվել վերջինին ընձեռնված քարոզչական հնարավորություններից՝ սեփական ուղերձը «Այո»-ն բացառող տիրույթում ներկայացնելու նպատակով

«Ազգային օրակարգ»-ը որոշել է «Ոչ» քարոզչական կողմի համաձայնությամբ՝ օգտվել վերջինին ընձեռնված քարոզչական հնարավորություններից՝ սեփական ուղերձը «Այո»-ն բացառող տիրույթում ներկայացնելու նպատակով

«Ազգային Օրակարգ» կուսակցության խորհուրդը որոշում է կայացրել «Ոչ» քարոզչական կողմի համաձայնությամբ՝ օգտվել վերջինին ՀՀ օրենսդրությամբ ընձեռնված քարոզչական հնարավորություններից, այդ թվում՝ հասանելիք գովազդային վահանակներից, սեփական ուղերձը «Այո»-ն բացառող տիրույթում համարժեք ներկայացնելու նպատակով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ազգային օրակարգ» կուսակցությունը, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին զանգվածային լրատվության որոշ միջոցներում շահարկման առիթ է դարձել «Ազգային օրակարգ» կուսակցության կողմից 2020 թվականի ապրիլի 5-ին նախատեսված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմին պաշտոնապես հասանելիք գովազդային վահանակներից օգտվելու մասին լուրերը, փորձ անելով դա ներկայացնել որպես կուսակցության, կամ նրա առանձին անդամների, և «Ոչ» քարոզչական կողմի միջև ստվերային համաձայնություն՝ ֆինանսավորելու վերջինիս գործունեությունը։ Այդ առնչությամբ «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտարարում է․ ա) «Ազգային օրակարգ» կուսակցությունն ազգային աջակենտրոն քաղաքական ուժ է, որը ստեղծվել է 2019 թվականի նոյեմբերի 2-ին կայացած կուսակցության հիմնադիր համագումարով։ Կուսակցության կառավարման բարձրագույն մարմինը նրա Խորհուրդն է, որը ընդունում է հիմնական քաղաքական որոշումները։ Ներկայումս կուսակցության խորհրդի նախագահն է Արա Հակոբյանը, գործադիր քարտուղարը՝ Արա Գասպարյանը։ բ) Կուսակցության խորհուրդը իր 2020 թվականի փետրվարի 18-ի հայտարարությամբ արդեն իսկ հայտնել է 2020 թվականի ապրիլի 5-ին նախատեսված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ հստակ դիրքորոշում՝ ընդգծելով գործընթացի հակասահամանդրական բնույթը և կոչ անելով ՀՀ քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց։ գ) Միաժամանակ, ելնելով նախատեսված հանրաքվեի իրավաքաղաքական ռիսկերը հանրությանը բոլոր հնարավոր միջոցներով բացահայտելու անհրաժեշտությունից, հաշվի առնելով անկախ իրավաբաններից ձևավորված «Ոչ» քարոզչական կողմի հրապարակային առաջարկը՝ բոլոր շահագրգիռ ուժերին և անհատներին օգտագործել «Ոչ» քարոզչական կողմին ՀՀ օրենսդրութամբ ընձեռնված հնարավորությունները, «Ազգային Օրակարգ» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել «Ոչ» քարոզչական կողմի համաձայնությամբ օգտվել վերջինին ՀՀ օրենսդրությամբ ընձեռնված քարոզչական հնարավորություններից, այդ թվում՝ հասանելիք գովազդային վահանակներից, սեփական ուղերձը «Այո»-ն բացառող տիրույթում համարժեք ներկայացնելու նպատակով։ Այսուհետև չճշտված կամ թերի տեղեկատվություն ներկայացնելուց խուսափելու նպատակով, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին առաջարկում ենք «Ազգային Օրակարգ» կուսակցությանն առնչվող հարցերի պարզաբանման համար, նախապես ճշտել դրանք կուսակցության մամուլի ծառայության հետ, հավաստելով մեր գործունեության հետ կապված թափանցիկ տեղեկատվություն տրամադրելու մշտական պատրաստակամությունը»։
12:00 - 02 մարտի, 2020