Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը

ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը Հայաստանին միջազգային տարբեր հարթակներում: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտելու, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման և ագրեսիայի հետագա փորձերը կանխելու, Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման կոչ անելու և հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի իրավունքի երաշխավորումը պահանջելու վերաբերյալ» բազմակուսակցական բանաձևի՝ բացարձակ մեծամասնությամբ ընդունման համար: Սա շատ կարևոր քայլ է հայ ժողովրդի համար»,- նշել է խորհրդարանի ղեկավարը: Ըստ աղբյուրի՝ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը նշել է, որ Ֆրանսիան պատրաստ է ընդլայնել Հայաստանի Հանրապետությանն աջակցող փոխգործակցության շրջանակը խորհրդարանական մակարդակում` ընդգծելով համագործակցությունը կրթության, մշակույթի, անվտանգության և այլ ոլորտներում: Նշվում է, որ կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը, Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: «Անդրադառնալով անվտանգային իրավիճակին Հարավային Կովկասում՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել ֆրանսիացի խորհրդարանականների՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ուղեկցությամբ իրականացրած աշխատանքները, շնորհակալություն հայտնել  էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց հումանիտար օգնություն տրամադրելու համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի պաշտպանողական կարողությունների զարգացման, անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ: ՀՀ ԱԺ տեղեկացմամբ՝ հանդիպմանը ներկա է եղել Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը:
Այսօր 18:53
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի փոխնախագահ Մուհամմադ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը: «Սիրիացի ժողովուրդն ավելի քան մեկ դար առաջ ապաստան տվեց Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին: Հատկանշական է, որ ձեր այցն այն օրերին է, երբ մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը»,- ողջունելով պատվիրակությանը` նշել է ԱԺ նախագահը: Զրուցակիցները փաստել են հայ-սիրիական սերտ հարաբերությունների մասին` հիմնված ընդհանուր պատմության եւ արժեքների վրա: Երկուստեք ընդգծվել է Սիրիա-Հայաստան խորհրդարանական դիվանագիտության արդյունավետ փոխհամագործակցության կարեւորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում: Քննարկվել են Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարները, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն: «Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ է առաջ բերում թե՛ Հայաստանի, թե՛ Սիրիայի համար, ինչը պահանջում է նոր որակ հաղորդել երկկողմ հարաբերություններին: Այս համատեքստում կարեւորում ենք Սիրիայի հետ ակտիվ համագործակցությունը խաղաղության գործընթացում»,- ասել է ԱԺ նախագահը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
Այսօր 16:57
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
 |news.am|

ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ |news.am|

news.am: Հայաստանի Ազգային ժողովը ՌԴ–ից որևէ նամակ չի ստացել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ԱԺ նախագահի խոսնակ Նելլի Ղուլյան։ Երեկ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել խորհրդարանականների դիրքորոշումը ապրիլի 22-ին Իսպանիայում ԵՄ խորհրդարանների նախագահների համաժողովում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի արած հայտարարությունների վերաբերյալ։ «Բազմաթիվ հարցումներ ենք ստացել մեր քաղաքացիներից՝ պարզաբանելու՝ արդյոք Ա. Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են Հայաստանի Ազգային ժողովի պաշտոնական դիրքորոշումը։ Այս կապակցությամբ կխնդրեի պարզաբանել, թե նշված միջոցառմանը ում անունից է ելույթ ունեցել Հայաստանի խորհրդարանի նախագահը, ինչպես նաև տեղեկացնել, թե որքանով են նրա տված գնահատականները համապատասխանում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանի և մեր ժողովուրդների բարեկամության դարավոր կապերին»,-ասված է Գրիգորի Կարասինի նամակի տեքստում։ Ավելի վաղ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել էր սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ խոսնակ Ալեն Սիմոնյանի «հակառուսական հայտարարությունների կապակցությամբ»։ Հիշեցնենք, որ Իսպանյայում Սիմոնյանը Իսպանիայում ԵՄ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովում Սիմոնյանը հայտարարել էր, որ հաշվի առնելով, որ «համաժողովի առանցքում Ռուսաստանի ներխուժումն է Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունը», ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։
Այսօր 13:59
«Որտեղ տեսնում եք, որ սյուներ կան, դրանք, այո՛, կարելի է համարել սահմանազատված»․ Ալեն Սիմոնյան

«Որտեղ տեսնում եք, որ սյուներ կան, դրանք, այո՛, կարելի է համարել սահմանազատված»․ Ալեն Սիմոնյան

azatutyun.am: Որտեղ տեսնում եք, որ սյուներ կան, դրանք, այո՛, կարելի է համարել սահմանազատված, այսօր խորհրդարանում, լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել է, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Այդտեղ կտեղակայվեն սահմանապահները, զորքերի մասով լարվածություն չի լինի, և ես մեծ հույս ունեմ, որ նման ձևով կշարունակենք մեր ամբողջ սահմանը սահմանազատել»,- ասել է ԱԺ խոսնակը։ Դիտարկմանը, թե քննադատություն կա, որ Հայաստանի իշխանությունը միակողմանի զիջման է գնում և հարցին, թե ի՞նչ է ստանում Հայաստանը այս գործընթացից, Սիմոնյանը պատասխանել է․ - «Սահման ենք ստանում։ Միակողմանի զիջո՞ւմ է սահման ունենալը, միակողմանի զիջո՞ւմ է հավանական հարձակվող կողմից մեր հայկական սահմանը ճանաչելը, դա զիջո՞ւմ է»։ Հիշեցնենք,  որ օրեր առաջ վարչապետի աշխատակազմից հայտնել էին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև չորս գյուղերի հատվածում գոյություն կունենա սահմանազատված պետական սահման։ «Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետև Կըզըլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում»,- տեղեկացրել էին վարչապետի աշխատակազմից։ Ապրիլի 19-ից սահմանամերձ գյուղերի բնակիչները իրականացնում են բողոքի ակցիաներ՝ սահմանազատման որոշման դեմ։ 
Այսօր 13:47
Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ ժողովուրդ, Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 109 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների՝ կրելով անմարդկային տառապանքներ եւ անդառնալի կորուստներ: Ցավոք, բազմաթիվ ժողովուրդների, այդ թվում` հայերի համար սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը: Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, եւ մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսեւորում: Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի ու վերանա ժողովրդավարության, օրենքի գերակայության, պետականության եւ պետությունների ինքնիշխանության ճանաչման ու ազգային ամուր մտածողության շնորհիվ: Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու՝ իբրեւ ինքնիշխան պետություն, որն ի զորու է պաշտպանել  սեփական ազգային շահերն իր մտածողությամբ, կրթվածությամբ եւ ստեղծարար աշխատանքով: Ցավը եւ վիշտը, որոնք կան յուրաքանչյուր հայի սրտում, պետք է վերածվեն մեր ազգային պետականության կենսական շահերի պաշտպանության եւ սեփական ճակատագրի առջեւ պատասխանատվության: Խաղաղությո՛ւն մեր անմեղ նահատակների հոգիներին»:
16:22 - 24 ապրիլի, 2024
Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ |tert.am|

Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ |tert.am|

tert.am: ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ելույթ ունենալով Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում, Սիմոնյանը, մասնավորապես, հայտարարել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «համաժողովի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի ներխուժումն է Ուկրաինա», ինքը ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։ «Ցանկանում եմ գործընկերոջս՝ Հայաստանի խորհրդարանի նախագահին, հարց տալ՝ ո՞ւմ անունից է նա հնչեցրել նման բնույթի սյուժեներ, իհարկե, ոչ հայ ժողովրդի անունից, որի հետ Ռուսաստանին կապում է դարավոր բարեկամությունը: Մենք չենք կարող անտեսել այս կարգի ռուսատյաց ելույթները... Ես գրավոր հարցում կուղարկեի Հայաստանի խորհրդարան` պարզելու, թե ում անունից է նա խոսել, և արդյոք Հայաստանի խորհրդարանը կիսո՞ւմ է այս հանդիպման ժամանակ հնչած գնահատականները»,- ասել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը։ Նա հույս է հայտնել, որ ՀՀ ԱԺ-ն խոսնակին կհարցնի, թե «ո՞վ է իրեն իրավունք տվել նման բաներ խոսել Հայաստանի անունից, և նաև գնահատական կտա կատարվածին»։ «Մենք չենք անտեսի այս կարգի ռուսատյաց, հակառուսական ելույթը, ուղղակի ամոթ էր մեր գործընկերոջ համար, նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը»,- ասել է Մատվիենկոն։
14:20 - 24 ապրիլի, 2024
Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի և Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը

Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի և Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Իսպանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 23-ին հանդիպել է Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Լորենցո Ֆոնտանայի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի եւ Իտալիայի միջեւ հաստատված հարաբերությունները` նշելով, որ երկու երկրներին միավորում են ընդհանուր մշակութային, հոգեւոր եւ ժողովրդավարական արժեքները: Հանգամանալից քննարկվել են Հայաստանի եւ Իտալիայի միջեւ խորհրդարանական փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները, Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարները, Հարավային Կովկասում եւ Արեւելյան Եվրոպայում առկա անվտանգային իրավիճակը: ԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ կարեւորել Իտալիայի աջակցությունը ծրագրի իրականացման եւ տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատման հարցում: «Հայաստանը կարող է վստահաբար ապավինել Իտալիայի աջակցությանը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում», - նշել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահը: Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի միջեւ համագործակցության վերաբերյալ արձանագրություն:
16:52 - 23 ապրիլի, 2024
Ալեն Սիմոնյանը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը

Ալեն Սիմոնյանը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը

Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի հետ:   Հանդիպման սկզբում կողմերը փաստել են Հայաստան-Կանադա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին` ընդգծելով միջխորհրդարանական հարաբերությունների կարևորությունը: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Կանադային միջազգային տարբեր հարթակներում Հայաստանին ցուցաբերած շարունակական աջակցության համար: «Կանադան մեր վստահելի գործընկերն է»,- նշել է խորհրդարանի ղեկավարը:   Ալեն Սիմոնյանը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը` վերահաստատելով Հայաստանի` Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հանձնառությունը:   Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Կանադա միջխորհրդարանական հարաբերությունների սերտացման, երկու խորհրդարանների աշխատակազմերի միջև գործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ: Առաձնահատուկ ընդգծվել է կանադական խորհրդարանական կենտրոնի դերը:   Անդրադարձ է կատարվել Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը:
12:00 - 23 ապրիլի, 2024
ԵԽ հակակոռուպցիոն մարմինը կոչ է անում թափանցիկ դարձնել վարչապետի, ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերը |civilnet.am|

ԵԽ հակակոռուպցիոն մարմինը կոչ է անում թափանցիկ դարձնել վարչապետի, ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերը |civilnet.am|

civilnet.am: Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) Հայաստանի իշխանություններին կոչ է անում վերանայել վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերի փակ գործընթացը։ GRECO-ն սա հրապարակել է Հայաստանի վերաբերյալ 5-րդ գնահատման զեկույցում։ «GRECO-ն առաջարկում է վերանայել վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերի հետ կապված պետական գնումների գործող փակ գործընթացները՝ նպատակ ունենալով սահմանափակել դրանց օգտագործումը բացառապես այն դեպքերում, երբ դրանք բավականաչափ հիմնավորված են ազգային անվտանգության նկատառումներով»,- նշված է զեկույցում։ Երկրի ղեկավարների արարողակարգային ծախսերը գաղտնիացվեցին 2016-ին։ Չնայած Հայաստանում իշխանության փոփոխությանը՝ օրենքը պահպանվում է մինչ այժմ։ Վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի տրանսպորտային սպասարկման, կեցության, սննդի հետ կապված արարողակարգային բնույթի ծախսերը փակ են հանրության համար։ Այս օրենքի ընդունմանը 2016-ին նախորդել էին մի շարք աղմկահարույց գնումներ, օրենքի ընդունումից հետո կառավարությունը մերժում է արարողակարգային ծախսերի մասին որևէ տեղեկություն տրամադրել։ GRECO-ն զեկույցում կառավարությունից ակնկալում է նաև փոփոխություններ կատարել նախարարների ու վարչապետի խորհրդականների աշխատանքի ներկա կարգավորումներում. «Առաջարկում ենք, որ կարգավորվեն ու հստակեցվեն հասարակական հիմունքներով գործող խորհրդականների իրավական կարգավիճակը՝ նրանց համար թափանցիկության, հաշվետվողականության ու բարեվարքության ամենաբարձր չափանիշներ ապահովելու համար»։ GRECO-ն շեշտում է՝ թեպետ հասարակական հիմունքներով խորհրդականները չեն վարձատրվում, բայց նրանք ունեն գործադիր գործառույթներ, մասնակցում են որոշումների կայացմանը ու ունեն որոշիչ ազդեցություն քաղաքականությունների մշակման ոլորտում։ Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն այս մարմինը Հայաստանի իշխանություններին կոչ է արել նաև տեղեկատվության մատչելիության օրենսդրության մոնիտորինգ իրականացնել՝ հատուկ ուշադրություն դարձնելով տեղեկատվությունը մերժելու դեպքերին։ GRECO-ն առաջարկում է նաև դիտարկել տեղեկատվության ազատության հետ կապված վերահսկողության հատուկ մարմնի ստեղծման հարցը, որը կապահովի օրենսդրության իրականացումն ու մշտադիտարկում կիրականացնի։
11:18 - 22 ապրիլի, 2024
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին

Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վիլնյուս կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 17-ին հանդիպել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսին: ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հանդիպումը մեկնարկել է տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրների քննարկմամբ: Անդրադարձ է կատարվել անվտանգային իրավիճակին Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում: Ալեն Սիմոնյանը լիտվացի դիվանագետին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առաջարկվող «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` ընդգծելով ծրագրի կարևորությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների համար առևտրատնտեսական հնարավորություններ ստեղծելու համատեքստում: ««Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն: Նախագծի նպատակն է ինքնիշխանության, փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացումը, ինչն էապես կբարելավի թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային իրավիճակը»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրի վերաբերյալ: «Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին»,- նշել է Գաբրիելյուս Լանդսբերգիսը: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացմանը, մասնավորապես՝ պաշտպանական և առևտրատնտեսական ոլորտներում: Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Պատվավոր հյուրերի գրանցամատյանում:
20:12 - 17 ապրիլի, 2024
Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համակարգն է. ՀՀ ԱԺ նախագահը՝ Լիտվայի Սեյմի նախագահին

Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համակարգն է. ՀՀ ԱԺ նախագահը՝ Լիտվայի Սեյմի նախագահին

Պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ապրիլի 17-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության Սեյմի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենը: «Ուրախ եմ ողջունել ձեզ Լիտվայի խորհրդարանում: Լիտվան առաջին երկիրն է, որ ճանաչել է ՀՀ անկախությունը, և ուրախությամբ կարող եմ փաստել, որ այս տարիների ընթացքում մեր երկրների միջև հարաբերություններն ամրապնդվել են: Մենք պատրաստ ենք և ուրախ կլինենք անել ամեն բան, որպեսզի Հայաստանն էլ ավելի մոտ կանգնի եվրոպական ընտանիքին»,- նշել է Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենը: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել լիտվացի գործընկերոջը ջերմ ընդունելության և միջխորհրդարանական մակարդակում կառուցողական համագործակցության համար: «Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համակարգն է: Շնորհակալ ենք և մեծապես կարևորում ենք միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Լիտվայի աջակցությունը ժողովրդավարությունն ավելի դիմացկուն դարձնելու, ինչպես նաև ժողովրդավարական պետությունների ընտանիքում Հայաստանի տեղն ամրապնդելու հարցում»,- ասել է ԱԺ նախագահը: Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են Հայաստան-ԵՄ ընդլայնված գործընկերության նոր առաջնահերթությունների հեռանկարները, ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացումը, Հարավային Կովկասում և Եվրոպայում առկա անվտանգային իրավիճակը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը և միջխորհրդարանական հարթակում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը շրջայց է կատարել Լիտվայի Հանրապետության խորհրդարանում, գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրքում:
15:07 - 17 ապրիլի, 2024
Շնորհակալ ենք ձեզ ձեր աշխատանքի և հաղթանակի համար. Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականի մարզիկներին

Շնորհակալ ենք ձեզ ձեր աշխատանքի և հաղթանակի համար. Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականի մարզիկներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 12-ին ընդունել է Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականի մարզիկներին և ֆեդերացիայի ղեկավար կազմին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Պաուերլիֆտինգի Հայաստանի հավաքականը մարտի 20-24-ը Լեհաստանում մասնակցել է XPC վարկածով Եվրոպայի առաջնությանը` թիմային հաղթանակով զբաղեցնելով առաջին հորիզոնականը: ԱԺ նախագահը, ողջունելով մարզիկներին, խորհրդարանում ևս մեկ անգամ շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ` մաղթելով նորանոր նվաճումներ: «Շնորհակալ ենք ձեզ ձեր աշխատանքի և այս հաղթանակի համար: Ուրախությամբ կարող եմ նշել, որ շատ են սպորտային հաղթանակները վերջին տարիներին, և շատ կարևոր է, որ մենք արձանագրենք, գնահատենք և խոսենք նման նվաճումների մասին»,- ասել է Ալեն Սիմոնյանը: Պաուերլիֆտինգի Հայաստանի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Գագիկ Սարոյանն ընդգծել է, որ հավաքականի համար շատ կարևոր և ոգեշնչող են նման հանդիպումները: «Մեծարգո՛ պարոն ԱԺ նախագահ, շնորհակալություն Ձեզ և Ձեր աշխատակազմին այս հանդիպման ու ջերմ ընդունելության համար: Մարզիկներից յուրաքանչյուրի համար կարևոր է պետության ներկայացուցիչների կողմից նման վերաբերմունքը: Շատ կարևորում ենք այս հանդիպումը և ուրախ ենք հյուրընկալվել Ազգային ժողովում»,- նշել է ֆեդերացիայի նախագահը: Լեհաստանում ձեռք բերած մրցանակը ֆեդերացիան նվիրաբերել է ՀՀ Ազգային ժողովի թանգարանին: Ջերմ մթնոլորտում անցած հանդիպմանը քննարկվել են նաև ֆեդերացիայի և հավաքականի մարզիկների կարիքները: Ալեն Սիմոնյանը հանձնարարել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության շրջանակում քննարկել վերոնշյալ խնդիրները: 
21:35 - 12 ապրիլի, 2024
Հայաստանը և ԵՄ-ն հանձնառու են խորացնել համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում. Ալեն Սիմոնյանը՝ Վասիլիս Մարագոսին

Հայաստանը և ԵՄ-ն հանձնառու են խորացնել համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում. Ալեն Սիմոնյանը՝ Վասիլիս Մարագոսին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 12-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, խորհրդարանի ղեկավարը, ողջունելով դեսպանին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի համար: «Հայաստանը և Եվրոպական միությունը հանձնառու են ընդլայնել և խորացնել համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում: Մենք պատրաստ ենք և տանում ենք աշխատանքներ ինստիտուցիոնալ բարեփոխումների խթանման, ժողովրդավարական խորհրդարանական մշակույթի ամրապնդման, կարողությունների զարգացման ծրագրերի և այլ ոլորտներում ԵՄ-ի հետ շարունակական համագործակցություն ապահովելու ուղղությամբ»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Ըստ աղբյուրի՝ Վասիլիս Մարագոսը բարձր է գնահատել Հայաստանի խորհրդարանի և Եվրոպական միության միջև առկա փոխգործակցությունը` ընդգծելով հարաբերությունների կարևորությունը: «Ազգային ժողովն առանցքային դերակատարում ունի Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների սերտացման հարցում: Համատեղ ջանքերի շնորհիվ մենք կկարողանանք հաջողությամբ առաջ մղել այն ծրագրերը, որոնց իրականացմանը ձեռնամուխ ենք եղել, և հնարավորություն կունենանք ընդլայնելու Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակը»,- ասել է ԵՄ դեսպանը: Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում տնտեսական և էներգետիկ ոլորտների զարգացման հեռանկարները, քաղաքական և անվտանգային երկխոսության ընդլայնման հնարավորությունները, Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացումը: Անդրադարձ է կատարվել նաև ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետի, Եվրահանձնաժողովի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի միջև Բրյուսելում կայացած հանդիպմանը, որտեղ քննարկվել են Հայաստանի զարգացմանն ու դիմակայունությանն ուղղված հարցեր:
18:26 - 12 ապրիլի, 2024