Աննա Գրիգորյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր։

Ծնվել է 1991թ. հունվարի 8-ին Կապանում:

2011թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի «Թարգմանչական գործ» բաժինը, 2013թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2017թ.՝ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը:

2013-2021թթ. դասավանդել է «Քվանտ» վարժարանում: 2020 թվականին եղել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ:

2012 թվականից «Երիտասարդ թարգմանիչների միավորում» ՀԿ անդամ է:

29.12.2020-02.08.2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): 12.01.2021-02.08.2021թթ.՝ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 29.12.2020-11.01.2021թթ.՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ: 11.01.2021-02.08.2021թթ.՝ խմբակցություններում ընդգրկված չի եղել:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Արարատ Միրզոյանն ու Աննա Գրիգորյանը միմյանց մեղադրեցին «պատվեր կատարելու» մեջ

Արարատ Միրզոյանն ու Աննա Գրիգորյանը միմյանց մեղադրեցին «պատվեր կատարելու» մեջ

Մենք իսկապես բոլոր ջանքերը գործադրեցինք, որ Լեռնային Ղարաբաղի հայաթափումը տեղի չունենա։ Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե ինչու զեկույցում անդրադարձ չկար 2023թ․ տեղի ունեցած կարևոր իրադարձությանը՝ ԼՂ հայաթափմանը․ «Դուք հայաթափման հետ կապ չունե՞ք»։ «Դուք, որ ասում եք՝ դուք հայաթափման հետ կապ չունեք, իհարկե, կապ չունենք։ Մենք ուզում էինք, որ ԼՂ հայությունը մնա Լեռնային Ղարաբաղում՝ իր պատմական բնօրրանում, և օժտված լինի որոշակի անվտանգային երաշխիքներով։ Մենք բոլորս կհիշենք, թե ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ուղղված մեր ջանքերը և նույնիսկ ձևակերպումները ոնց էին քննադատվում ձեր իսկ կողմից, և ոնց էին քննադատվում նույն ԼՂ-ում, ինչ հավակնություններ էին արտահայտվում։ Էն պահին, երբ մենք կոչ էինք անում կառուցողական բանակցությունների, ինչպիսի պիտակավորումներով էին մեր կոչերը մերժվում, և վերջում ինչ եղավ»,- արձագանքեց Միրզոյանը։ Գրիգորյանը տեղից հարցրեց, թե դա՞ էր հայաթափման պատճառը, ինչին ԱԳ նախարարը պատասխանեց, որ պատճառն այն էր, որ Ադրբեջանը ռազմական ուժ գործադրեց։  «ԼՂ քաղաքական էլիտան, որ զբաղված էր իշխանություն փոխելով, մի քանի օրվա նոր իշխանությամբ օժտված մարդուն ուղարկեց, և նա ԼՂ լուծարման մասին հրամանագրով հանդես եկավ»,- ասաց Միրզոյանը՝ կոչ անելով ընդդիմությանը իրենց փնտրած պրոցեսների մեղավորությունը իրենց՝ իշխանության ուղղությամբ չփնտրել։ Արձագանքելով Աննա Գրիգորյանն ասաց, որ իշխանությունը նախ և առաջ պատասխանատվություն է․ «Դուք չեք կարող չունենալ ձեր պատասխանատվությունը։ Դուք եք բանակցել, պրահյան գործընթացը Ձեր բանակցածն է, որտեղ քննարկվում էր Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը, հիմա դրա տերը ո՞վ է լինելու։ Հիմա Դուք ամբողջությամբ ասում եք՝ Արցախի իշխանություններն են մեղավոր։ Դուք Արցախը ճանաչել եք Ադրբեջանի կազմում։ Էն ժամանակ էլ, երբ Արցախի վրա հարձակում է եղել, հեռու եք կանգնել»։ Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ Սամվել Շահրամանյանը պատրաստակամություն է հայտնել բանակցելու, այլընտանքային ճանապարհը բացելու․ «Ստեփանակերտը, այո, իր դիրքորոշումներն ուներ, բայց հեռու մի երկիր է՞ր, բա գործընկերային հարաբերություններ չունեի՞ք, քննարկեի՞ք։ Աննա Գրիգորյանը նաև հարց էր ուղղել Սահմանադրության փոփոխության գործընթացների վերաբերյալ և այդ համատեքստում նշել, որ իշխանությունը Ադրբեջանի պատվերն է կատարում։ ԱԳ նախարարը, արձագանքելով այս հայտարարությանը, ասաց․ «Ուրեմն՝ ուշադիր լսեք․ Ադրբեջանի պատվերը Դուք եք կատարում անձամբ և Ադրբեջանին հովանավորող ուրիշ երկրի պատվեր [եք կատարում]»։ Ապա Միրզոյանը ասաց, որ մի դրվագ կպատմի, որը, ըստ նրա, ցույց է տալիս, որ այդ գիծը տանողը կատարում է այդ պատվերը։ «Իրադարձությունների ընթացք եմ նկարագրում, առանց իմ կողմից գնահատական ավելացնելու։ Մեզ օգոստոսի սկզբին ներկայացվում է առաջարկ, համաձայն որի՝ ԼՂ կարգավիճակի հարցը պետք է թողնվի սերունդներին։ Հայկական կողմը համաձայնություն է հայտնում ամբողջ առաջարկի հիման վրա շարունակել բանակցությունները, ադրբեջանական կողմը մերժում է այս առաջարկը և հարձակվում է ՀՀ-ի վրա։ ՀՀ-ն փորձում է գործի դնել անվտանգային մեխանիզմները և, այսպես ասած, զանգում է այն ինստացիաներ, որտեղ էդ հարցը պետք է հասցեագրվի։ Էդ հարցը ոչ միայն չի հասցեագրվում, այլև պատասխանը լինում է այն, որ «մենք չենք կարող ասել՝ դա հարձակում է ՀՀ-ի վրա, թե չէ, որովհետև մենք չգիտենք ՀՀ սահմանները որտեղ են, որովհետև ըստ էության ՀՀ-ն ոնց որ թե սահմաններ չունի առնվազն այդ երկրի հետ»։ Որից հետո ՀՀ-ն դա ընդունում է որպես ի գիտություն և փորձում է իրավիճակը կառավարելու և իր գոյությունն ու տարածքային ամբողջականությունն ապահովելու այլ ճանապարհներ գտնել, ինչպես ցանկացած ադեկվատ մարդ կամ կառավարություն կաներ։ Եվ մեզ հաջողվում է ունենալ հայտարարություն, որտեղ Ադրբեջանը, Հայաստանը և 2 այլ մասնակիցները՝ Ֆրանսիայի նախագահը և ԵՄ խորհրդի նախագահը,  ասում են, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և իրականացնեն սահմանազատման գործընթաց մի փաստաթղթի հիման վրա, որը 1991թ․ ասել է, որ էս են սահմանները»,- ավարտեց Միրզոյանը Նա հավելեց, որ եթե կապը տեսնում են, լավ, եթե չեն տեսնում, ապա պետք է կրկնի այն, ինչ ասել է սկզբում․ «Դուք կատարում եք պատվեր»։ Ի պատասխան Աննա Գրիգորյանը կոռեկտության կոչ արեց, Միրզոյանն էլ ասաց, որ երբ Գրիգորյանն էր ելույթ ունենում, ինքը չէր արձագանքում։ «Դուք կատարում եք պատվեր Ձեզ համար լավագույն դեպքում չգիտակցված, որովհետև վատագույն մեկնաբանությունը էդ իրավիճակի Ձեր մասին շատ ավելի վատ կխոսի»,- նշեց Միրզոյանը։
14:47 - 15 մարտի, 2024
ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության հետ

ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության հետ

Կարեւորում ենք հանդիպումը հատկապես այս ժամանակահատվածում, երբ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում իրադրությունը բավականին բարդ է, երբ ներքին եւ արտաքին մարտահրավերներն ազդում են այսօրվա անվտանգային միջավայրի վրա, ինչը մեր պետականության, անվտանգության, հայ ժողովրդի միասնականության հիմքերն է սասանում. այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպման ընթացքում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։  Այն տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին, որին մասնակցել են ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Լիլիթ Գալստյանը եւ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ինչպես նաեւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը: Սեյրան Օհանյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն Ադրբեջանը միշտ հակադարձել է պատերազմներով, մարտական գործողություններով եւ նպատակ է ունեցել այն հայաթափել` միջազգային հանրության լուռ համաձայնությամբ»,- ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարը` ընդգծելով, որ այսօր ինքնորոշման փոխարեն Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացվում է հերթական ցեղասպանությունը: «Հաճելի է հանդիպել օրենսդիր կառույցի մեր գործընկերների հետ: Մենք շատ ընդհանրություններ ունենք օրենսդիր գործունեության շրջանակում»,- շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար եւ փոխանցելով Սենատի գործընկերների ողջույնները` ասել է Գերի Փիթերսը: Նա նշել է, որ ներկայացնում է Միչիգան նահանգը, որտեղ հայկական մեծ համայնք կա: Նրա խոսքով այնտեղի հայերը, որոնք տոգորված են հայրենիքի նկատմամբ մեծ սիրով, հետաքրքրված են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներով: Սենատորը նշել է, որ հանդիպումից ակնկալում է, որպեսզի ներկայացվեն խնդիրները եւ ճանապարհները, որոնցով ԱՄՆ-ն կարող է օգտակար լինել: Թագուհի Թովմասյանը նշել է, որ հայերը գտնվում են ծանր ժամանակաշրջանում: «Պատմության դասագրքերից գիտենք, թե ինչպես են 1915 թվականին մարդկանց գնդակահարել, ցեղասպանել, որի արդյունքում մեծացել է հայկական սփյուռքը: Սեպտեմբերի 19-ին ականատես եղանք, թե ինչպես շրջափակվեց Լեռնային Ղարաբաղն ու ռմբակոծվեց: Մարդիկ փախչելու տեղ չունեին»,- մանրամասնել է Թագուհի Թովմասյանը` խոսելով բազմաթիվ զոհերի, տեղահանվածների, գերեվարված ու առեւանգված քաղաքացիների մասին: Նա նշել է, որ ակնկալում են առավել ազդեցիկ երկրների աջակցությունը` հայրենիքն ու ժողովրդավարությունը պահպանելու համար: Պատգամավորը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի դեպքերից հետո հաջորդ դաժանությունները հնարավոր է կատարվեն Հայաստանում, եւ դրանք կանխելու համար անհրաժեշտ է գործել` պատժամիջոցներ սահմանելով Ադրբեջանի եւ նրա նախագահի նկատմամբ: Լիլիթ Գալստյանը նշել է, որ այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, ցեղասպանություն է, ինչը կարող էր կանխվել, եթե միջազգային հանրության վերաբերմունքը լիներ համարժեք: «Ցավոք սրտի, միջազգային հանրության կողմից ագրեսորին պատասխանատվության չենթարկելը կանաչ լույս վառեց, եւ այսօր մենք ունենք հստակ ցեղասպանություն` էթնիկ զտում, մշակութային ժառանգության վերացում, բռնի տեղահանվածներ եւ հումանիտար աղետ»,- ասել է Լիլիթ Գալստյանը: Նա նշել է, որ թեեւ ԱՄՆ-ն բազմաթիվ սենատորների, կոնգրեսականների մակարդակով դատապարտել է Ադրբեջանի գործողությունները, սակայն Հայաստանն ակնկալում էր ավելի հստակ, հասցեական գործողություններ: Խոսելով անվտանգության խնդիրների մասին` «Հայաստան» խմբակցության պատգամավորը նշել է, որ միջազգային հանրությունը եւ հատկապես ԱՄՆ-ն պետք է որոշակի երաշխիքային մեխանիզմներ մշակեն` ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի բնակիչների եւ անհրաժեշտության դեպքում երաշխավորեն նրանց փրկության ճանապարհը: «Ես բազմիցս բարձրաձայնել եմ 907-րդ բանաձեւի մասին, որը վերաբերում է Ադրբեջանին ԱՄՆ կողմից ռազմական աջակցությանը: Այդ բանաձեւով ագրեսորի համար կանաչ լույս բացվեց»,- հավելել է Լիլիթ Գալստյանը` համոզմունք հայտնելով, որ ԱՄՆ-ն բավարար ջանքեր կգործադրի, խաղաղության եւ անվտանգային երաշխիքներ ապահովելու համար: Աննա Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանը չպատժվեց 2020 թվականի ագրեսիվ գործողությունների համար եւ այսօր էլ շարունակում է նույն ձեռագիրը: Նա խնդրել է գործել` նշելով, որ հակառակ դեպքում էթնիկ զտումն ու ցեղասպանությունը կշարունակվի: «Ձեր ուղերձները շատ հստակ էին, գիտակցում եմ, որ պատմական պահ է այս երկրի համար: Ուզում եմ նշել, որ ինքս ԱՄՆ-ում ձեր նշած գործողությունների վերաբերյալ օրենսդրական նախագծի նախաձեռնող եմ: Դրանցից մեկն էլ ԱՄՆ նախագահին լիազորություններ տալն է, որպեսզի նա կարողանա պատժամիջոցներ կիրառել այնպիսի դերակատարների նկատմամբ, ինչպիսին Ադբեջանն է: Այդ օրենսդրական նախաձեռնությամբ հղում կկատարվի նաեւ 907-րդ բանաձեւին` Ադրբեջանին աջակցությունը սահմանափակելու վերաբերյալ: Օրենսդրությունը նաեւ նախատեսելու է ֆինանսավորում` հումանիտար օգնության համար»,- ասել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը: Նա նաեւ տեղեկացրել է, որ այցելել է Լաչինի միջանցք եւ հանդիպելու է բռնի տեղահանված անձնաց հետ:
16:15 - 25 սեպտեմբերի, 2023
Ցավոտ լուծումների մասին Փաշինյանի հայտարարությունը վերաբերում էր ոչ թե Արցախի, այլ Հայաստանի ապագային․ ընդդիմադիր պատգամավոր
 |azatutyun.am|

Ցավոտ լուծումների մասին Փաշինյանի հայտարարությունը վերաբերում էր ոչ թե Արցախի, այլ Հայաստանի ապագային․ ընդդիմադիր պատգամավոր |azatutyun.am|

azatutyun.am: Ցավոտ լուծումների մասին Փաշինյանի երեկվա հայտարարությունը վերաբերում էր ոչ թե Արցախի, այլ Հայաստանի ապագային, վստահ է Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: Նիկոլ Փաշինյանն, ըստ Գրիգորյանի, Արցախի մասով ցավոտ լուծումների մասին այլևս չի խոսելու՝ շեշտելով՝ ինքն ընդհանրապես չի խոսում Արցախի մասին։ Երեկ Ազգային ժողովում, խոսելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին, վարչապետն ասաց՝ հարցերի հարցը հետևյալն է՝ իսկ որքանո՞վ է դա իրատեսական, որքանո՞վ է իրագործելի։ Մասնավորապես, գործադիրի ղեկավարը նշեց՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, եթե ձեռք բերվեն կոմպրոմիսներ, «այդ կոմպրոմիսները որքանո՞վ ընդունելի կլինեն Հայաստանի քաղաքացիների համար, և քաղաքացիները որքանո՞վ թույլ կտան այդ կոմպրոմիսների, երբեմն ցավոտ լուծումների գործնական իրագործումը»: Թե ինչ ցավոտ լուծումների մասին էր խոսքը, վարչապետը չմանրամասնեց։ Խոսելով խաղաղության հնարավորությունից՝ Փաշինյանը շեշտեց՝ խաղաղությունը հնարավոր է, եթե «հստակ արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետություն ենք ճանաչում 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը»:
12:57 - 19 ապրիլի, 2023
Նիկոլ Փաշինյանը փակել է Արցախի հարցը. Աննա Գրիգորյան
 |azatutyun.am|

Նիկոլ Փաշինյանը փակել է Արցախի հարցը. Աննա Գրիգորյան |azatutyun.am|

azatutyun.am: Նիկոլ Փաշինյանը փակել է Արցախի հարցը, հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից. - Ի՞նչ անեն Հայաստանի իշխանությունները, որ բացվի Լաչինի միջանցքը, կամ ի՞նչ չեն անում: - Կարծում եմ՝ ավելի ճիշտ է ասել, որ իրենք ոչինչ չեն անում, և կարծես թե Նիկոլ Փաշինյանն էլ իր ասուլիսի ընթացքում շատ հստակ սլաքներն ուղղում էր բացարձակապես բոլորին, բայց ոչ սեփական իշխանությանն ու կառավարությանը: Այսինքն՝ ի՞նչ է ասում, ասում է ՝ «Լաչինի միջանցքը փակ է, բայց ես ի՞նչ կարող եմ այդտեղ անել, ինձանից որևէ բան կախված չէ»: Արցախի հարցում ի՞նչ կարող ենք անել, ասում է՝ «որևէ բան չենք կարող անել»: Ի վերջո՝ պետք է ընդունել, որ Պրահայում ինքը համաձայնություն է տվել, որ Արցախը Ադրբեջանի կազմում է ճանաչում՝ առանց հետագա բանակցությունների, որոնք կարող էին վերաբերել Արցախի կարգավիճակին: Եվ դրան զուգահեռ ասում է՝ «այո, իրավունքների և անվտանգության խնդիր կա, բայց դա էլ՝ պաշտոնական Ստեփանակերտ գնա և բանակցիր Բաքվի հետ և փորձիր տեսնել, թե ինչ կարող ես ստանալ»: Այսինքն՝ պետք է փաստել այստեղ, որ գործող կառավարությունը որևէ բան չի նախաձեռնում և չի անում, ավելին, հակառակը՝ ասում է՝ «ես այդ բոլոր հարցերի հետ որևէ առնչություն չունեմ, Լաչինի միջանցքը ուղիղ Ռուսաստանի պատասխանատվությունն է, թող բացեն, արցախցիների իրավունքներն ու անվտանգությունն էլ թող գնան իրենք բանակցեն Բաքվի հետ, ես այստեղ որևէ առնչություն չունեմ»:  - Ճիշտ չի՞ ասվում, որ Լաչինի միջանցքը ուղիղ Ռուսաստանի պատասխանատվությունն է:  - Նոյեմբերի 9-ի համապատասխան կետով, իհարկե, ասվում է, որ ռուս խաղաղապահները պետք է այնտեղ վերահսկողություն իրականացնեն, բայց այս համատեքստում Հայաստանի Հանրապետությունը երբ որևէ բան չի անում, որևէ մեսիջ չի հղում, այստեղ անհասկանալի է, թե ինչո՞ւ չի անում:  - Էլ ի՞նչ անի, տիկին Գրիգորյան, ամեն օր Ռուսաստանից պահանջում են: - Ինչո՞ւ է այս իրավիճակն առաջացել հիմա, ինչո՞ւ է Լաչինի միջանցքը հիմա փակվում կամ ավելի շուտ արդեն մեկ ամիս առաջ, որովհետև իմ խորին համոզմամբ, երբ Նիկոլ Փաշինյանը Պրահայում, այնուհետև նաև Սոչիում վերահաստատեց այն, որ Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչում և առանց որևէ հետագա բանակցությունների, Ադրբեջանն այդտեղից արդեն թևավորված, որ արդեն հայկական կողմը որևէ պահանջ չունի Արցախի հետ կապված, արել է այն, ինչ ինքը հարմար է գտնում, ասում է՝ «էս իմ տարածքն է, Լաչինն էլ իմն է, ինչ ուզում եմ անում եմ»: Այսինքն՝ հայկական կողմն առնվազն չպետք է այնպիսի հայտարարություններ աներ և այնպիսի համաձայնություններ աներ, որից հետո ուղղակի հայկական կողմի որևէ հարցադրում և որևէ պնդում լուրջ չէին կարող ընդունվել որևէ մեկի կողմից: Հարցազրույցն ամբողջությամբ՝ azatutyun.am-ում
13:06 - 12 հունվարի, 2023
Հունգարիայի հետ հարաբերությունների կարգավորումը՝ առանց վերջիններիս կողմից զղջման լինելու է հայ ժողովրդի արժանապատվության հերթական նվաստացումը․ Գրիգորյան

Հունգարիայի հետ հարաբերությունների կարգավորումը՝ առանց վերջիններիս կողմից զղջման լինելու է հայ ժողովրդի արժանապատվության հերթական նվաստացումը․ Գրիգորյան

Հունգարիայի հետ հարաբերությունների կարգավորումը՝ առանց վերջիններիս կողմից զղջման, առանց Սաֆարովի հերոսացման քաղաքականության դատապարտման լինելու է հայ ժողովրդի արժանապատվության հերթական նվաստացումը։ Այսօր՝ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին նման տեսակետ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։  «2012 թ․-ին Հայաստանը խզել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները այն բանից հետո, երբ Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Հունգարիան արտահանձնեց Ադրբեջանին ՝ չնայած այն հանգամանքին, որ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման 30 տարի առանց ներման իրավունքի։ Անչափ կարևոր է ոչ միայն բուն արտահանձմնման փաստը արձանագրելը, այլ այն, որ արտահանաձնման մոտիվը Ադրբեջանի կողմից միլիոնավոր դոլարների տրամադրման խոսոտւմն էր։ Փաստորեն, Հունգարիան արտահանձնել է մարդասպան Սաֆարովին, հետո էլ վերջինս հերոսացվել է Ադրբեջանում, իսկ Հունգարիան լռել է, չ իդատապարտել, կոչ չի արել, որպեսզի Ադրբեջանը անվերապահորեն կատարի Հունգարիայի դատարանի վճիռը, և ինչն առավել կարևոր է, չի զղջացել և ներողություն չի խնդրել»։  Աննա Գրիգորյանն ասաց՝ այսօր Հունգարիան  դիտորդի կարգավիճակ ունի Թյուրքալեզու պետությունների կազմակերպությունում, ավելին՝ Հունգարիայի արտաքին գործերի նախարարը թյուրքալեզու պետությունների ֆորումը համարել էր խաղաղության ֆորում, որ իր համերաշխությունն էր հայտնել Ադրբեջանին Արցախի դեմ սանձազերծված պատերազմում․ «Փաստորեն, Հունգարիան ոչ միայն տարիներ առաջ, այլ նաև այսօր արդարացնում է Ադրբեջանի՝ հայ ժողովրդի նկատմամաբ իրականացվող մարդասպան քաղաքականությունը, իսկ այսօր գործող իշանությունը հարաբերությունների կարգավորման համար որպես պատճառ նշում է, թե Հունգարիան կորոնավիրուսի ընթացքում պատվաստանյութ է տրամադրել Հայաստանին, միջնորդել է հայ ռազմագերիների վերադարձի հարցում և այլն»։  Պատգամավորի խոսքով, սակայն, Հունգարիան մեղքը դրանում չէ․ «Հունգարիան աճուրդի էր հանել հայ մարդու՝ Գուրգեն Մարգարյանի արյունը, և եթե ՀՀ-ն գնում է հարաբերությունների կարգավորման՝ առանց Հունգարիայի կողմից այս մեղքի ընդունման, զղջման, նշանակում է՝ Հայաստանը ևս համերաշխ է Հունգարիայի կողմից ժամանակին կայացված այս որոշման հետ»։  Գրիգորյանը հավելեց՝ այս ամենը զարմանալի չէ․ Ի վերջո այս մարդիկ ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ Հայոց ցեղասպանությունը ՀՀ արտաքին քաղաքականության ուղենիշ չպետք է լինի, սփյուռքը  թող զբաղվի այս հարցով, մարդիկ են, որոնց համար մեր ռազմագերիները մի երկու ամիս էլ կսպասեն Բաքվի բանտերում, իսկ ոմանք էլ կասեն, որ գերիները իրենց համար ընդհանրապես գոյություն չունեն, մարդիկ, ովքեր ամենաշքեղ տոնակատարությունն  են կազմակերպում Երևանի կենտրոնում, երբ դեռ սահմաններին, ավելի ճիշտ՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում մեր զինվորների մարմիններն են գտնվում։ Սա վերաբերմունք է հայ մարդու նկատմամբ, ում առջև նրանք տարիներ առաջ խոնարհվում էին։ Հունգարիայի հետ հարաբերությունների կարգավորումը առանց վերջիններիս կողմից զղջման, առանց Սաֆարովի հերոսացման քաղաքականության դատապարտման լինելու է հայ ժողովրդի արժանապատվության հերթական նվաստացումը»,-նշեց պատգամավորը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը։  Հանդիպմանը կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել վերականգնելու լիարժեք դիվանագիտական հարաբերությունները, ինչպես նաև, ի շարունակություն հանդիպման՝ երկու կառավարությունները ոչ ռեզիդենտ դեսպաններ պետք է նշանակեն՝ ուսումնասիրելու հարաբերությունների զարգացման հնարավորությունները, հատկապես առևտրի, մշակույթի, կրթության և զբոսաշրջության ոլորտներում։
17:37 - 06 դեկտեմբերի, 2022
Սյունիքը ներկայացնող պատգամավորները՝ ես և Արթուր Սարգսյանը դուրս ենք եկել Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից. Աննա Գրիգորյան
 |tert.am|

Սյունիքը ներկայացնող պատգամավորները՝ ես և Արթուր Սարգսյանը դուրս ենք եկել Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից. Աննա Գրիգորյան |tert.am|

tert.am: Սյունիքը ներկայացնող պատգամավորները այլևս մաս չեն կազմում «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը, բայց հանդիսանում են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը: «Ես, Արթուր Սարգսյանը և Վահե Հակոբյանը շարունակում ենք լինել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ, պահպանում ենք գործընկերային հարաբերությունները, ես և Արթուր Սարգսյանը բացառապես հանդիսանում ենք պատգամավորներ, բայց ոչ «Վերածնվող Հայաստան»-ի»,- ասաց Գրիգորյանը: Գրիգորյանը նշեց՝ օրը կգա, կխոսեն ներթիմային տարաձայնությունների մասին, բայց այս պահին դրա մասին խոսելը տեղին չի համարում: «Մեր կուսակցության ղեկավարի հետ համագործակցությունը ավելի վաղ է դադարեցվել, բայց դա որևէ կերպ կապ չունի քրեական հետապնդման հետ»,- ասաց Գրիգորյանը և խնդրեց որևէ ուղիղ կապ չտեսնել համագործակցության դադարեցման և Վահե Հակոբյանի հանդեպ քրեական հետապնդման միջև: Նա նշեց՝ ինքը, Առուշ Առուշանյանը, Արթուր Սարգսյանը և Մանվել Փարամազյանը դուրս են եկել «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից:
15:47 - 24 նոյեմբերի, 2022
ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը հանդիպել է ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ

ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը հանդիպել է ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանը, Աննա Գրիգորյանը, Գեղամ Մանուկյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հանդիպել են Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառ ՄաքԴոնալդի հետ։ Այս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքից։  Զրույցի ընթացքում պատգամավորները ներկայացրել են Հայաստանում տիրող ներքաղաքական, ինչպես նաեւ դատական և իրավապահ, մամուլի և խոսքի ազատության ոլորտներում տիրող իրավիճակը:  Հատուկ ուշադրություն է դարձվել խաղաղ ցույցերի ընթացքում իրավապահ մարմինների կողմից գործադրված բռնությունների և վայրագությունների վրա, առանձին մատնանշվել են այն բոլոր իրավախախտումները, որոնք վերջին տարիներին արձանագրվել են դատական համակարգում, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտում: Անդրադարձ է կատարվել նաև լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներին, օրենսդրական բազմաթիվ փոփոխություններով լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու՝ իշխանության քայլերին:  Առանձին ուշադրություն է հրավիրվել կալանավորման ինստիտուտի նման ծավալի և երկակի ստանդարտների կիրառմանը։
22:31 - 09 հունիսի, 2022
Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մասնակցել «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով համաժողովին

Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մասնակցել «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով համաժողովին

Ընդդիմադիր պատգամավորները մտան Marriott Armenia Hotel հյուրանոց, որտեղ, ինչպես հայտնել ենք, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Freedom House միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ տեղի է ունենում «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում: Նշենք, որ համաժողովին զուգահեռ՝ Հանրապետության հրապարակում՝ հյուրանոցի դիմաց, ակցիա են իրականացնում մի խումբ քաղաքացիներ: Նրանք վանկարկում են «առանց Նիկոլ Հայաստան», «ամոթ» և այլն: Այդ վանկարկումների ներքո էլ Նիկոլ Փաշինյանը մտավ հյուրանոց: Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մուտք գործել համաժողովի անցկացման դահլիճ: Տեղում էր նաև ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը: Պատգամավորները՝ Հայկ Մամիջանյանը, Աննա Մկրտչյանը, Աննա Գրիգորյանը, Ագնեսա Խամոյանը, Արամ Վարդևանյանը և այլք, միջանցքում էին՝ այդ դահլիճի դռան մոտ: Նրանք անգլերենով վանկարկում էին «Նիկոլ, դավաճան», որ, իրենց խոսքով, համաժողովի ներկաների մի մասի համար էլ հասկանալի լինի իրենց բողոքը: Աննա Գրիգորյանը հայտնեց, որ «Հայաստանը շատ հեռու է ժողովրդավարությունից. ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մտնել մի քննարկման, որտեղ Freedom house է»: Պատգամավոր Արամ Վարդևանյանը, որը զրուցել էր ՊՊԾ գնդի պետի հետ, ասաց, որ հրավիրվածների ցուցակում միայն իշխանությունը ներկայացնող պատգամավորներն են: Նրանք դուրս եկան հյուրանոցից և այնտեղ հավաքված քաղաքացիներին ներկայացրին, թե ինչ է կատարվել շենքի ներսում:
13:12 - 20 մայիսի, 2022
Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ հանձնաժողովի նիստից Աննա Գրիգորյանի բացակայությանը

Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ հանձնաժողովի նիստից Աննա Գրիգորյանի բացակայությանը

Այսօր՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ՔՊ խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ նույն հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի բացակայությանը։  «Ես երեկ հետևում էի Երևանում կատարվող իրադարձություններին և նկատեցի, որ մեր նոր գործընկերը, այդպես էլ բախտ չի վիճակվել նրան հանդիպելու, խոսքը Աննա Գրիգորյանի մասին է, որը փոխարինել է պարոն Արթուր Ղազինյանին, ելույթով էր հանդես գալիս և դիմում էր Ներքին Հանդի Հասմիկին, որ Սյունիքը վտանգված է, Երևանից էր դիմում։ Եթե տիկին Գրիգորյանը այդպես էլ չներկայանա, որպեսզի մենք հաստատենք նրա ներկայությունը, կդիմեմ Ներքին Հանդի Հասմիկին, որպեսզի խնդրեմ, որ Աննա Գրիգորյանին դիմի, որպեսզի նա ավելի շատ մասնակցի մեր աշխատանքներին, որտեղ քննարկվում են մեր երկրի անվտանգությանը վերաբերող հարցեր։ Մեր երկրում անվտանգության հարցերի հարթակ է համարվում նաև մեր հանձնաժողովը և այստեղ քննարկվող խնդիրները, նաև Սյունիքին վերաբերող, ուղերձս մնում է ուժի մեջ»։ Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումը շարունակում է անհնազանդության ակցիաները, որոնց մասնակցում են նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։
11:27 - 18 մայիսի, 2022
«Տիգրանաշենը հայկական է և հայկական էլ մնալու է, թող ականջներին օղ անեն»․ ընդդիմության խումբը Տիգրանաշենից քայլերթով գալիս է Երևան |tert.am|

«Տիգրանաշենը հայկական է և հայկական էլ մնալու է, թող ականջներին օղ անեն»․ ընդդիմության խումբը Տիգրանաշենից քայլերթով գալիս է Երևան |tert.am|

tert.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը և մի խումբ այլ ընդդիմադիրներ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքից  մեկնարկեցին ընդդիմության նախաձեռնած քայլերթը դեպի Երևան։ Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են քայլերթը մեկնարկում հենց Տիգրանաշենից, Աննա Գրիգորյանը ասաց․ «Նիկոլ Փաշինյանը և իր յուրայինները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ, անկլավներ՝ նկատի ունենալով նաև Տիգրանաշենը։ Ուրեմն ասում ենք՝ Տիգրանաշենն էլ է մնալու հայկական, որովհետև հայկական է, Տավուշի գյուղերն էլ են մնալու հայկական, Սյունիքից էլ որևէ բան այլևս չի զիջվելու, թող այս իշխանությունները ականջներին օղ անեն»։ Քայլերթի մասնակիցներից Գերասիմ Վարդանյանը ընդգծեց, որ Տիգրանաշենից սկսելը խորհրդանշական իմաստ ունի։
12:02 - 26 ապրիլի, 2022
ԵՄ-ն պետք է թիրախային քաղաքական գնահատական տա Ադրբեջանին և Թուրքիային. Աննա Գրիգորյան |armenpress.am|

ԵՄ-ն պետք է թիրախային քաղաքական գնահատական տա Ադրբեջանին և Թուրքիային. Աննա Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստում շեշտեց՝ Եվրամիությունը պետք է միանշանակ ու թիրախային քաղաքական գնահատական տա Ադրբեջանին և Թուրքիային: Գրիգորյանն այս մասին ասաց Երևանում անցկացվող նիստում: «Անվտանգային մարտահրավերները մեր տարածաշրջանում շարունակում են պահպանվել, մինչդեռ Ադրբեջանը կարծում է, թե հակամարտությունը կարող է լուծվել պատերազմով: Մոտավորապես, 2 տարի առաջ Ադրբեջանը որոշեց, որ կարող է ուժի կիրառմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել, որն ինքնին ՄԱԿ-ի և Հելսինկյան եզրափակիչակտով երաշխավորված հիմնարար սկզբունքների ոտնահարում է: Պատերազմը բերեց աղետներ, բայց չլուծեց հակամարտությունը, հակամարտությունը դեռ առկա է: Թշնամությունը, հակահայկականության տարածումը և կոնֆլիկտը խաթարեցին խաղաղ համաձայնագրի հեռանկարը տարածաշրջանում»,-ասաց Գրիգորյանը: Նա հարցրեց՝ ինչպե՞ս կարելի է Ադրբեջանի հետ քաղաքական երկխոսության գնալ, երբ մինչև հիմա հայ ռազմագերիները և գերեվարված քաղաքացիական անձինք շարունակում են պահվել Ադրբեջանում՝ ամեն օր ենթարկվելով անմարդկային վերաբերմունքի, երբ Ադրբեջանը  բռնություն, արյունահեղություն է արել, ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը ԼՂ-ում «Ինչպե՞ս կարող ենք խոսել անվտանգության մասին, երբ ամեն օր Ադրբեջանից շարունակվում են ուժի կիրառման սպառնալիքը, ցինիզմի, ռազմատենչ հռետորաբանության, այլատյացության քարոզչությունը : Դեռ ավելին՝ հենց հիմա ադրբեջանցի զինվորականները շարունակում են իրենց օկուպացիան Հայաստանի սուվերեն տարածքում՝ Սյունիքում: Ադրբեջանի վարած այս քաղաքականության պատճառով դժվար է դառնում անվտանգ միջավայրի մասին մտածել մեր տարածաշրջանում»,-ասաց Գրիգորյանը: Պատգամավորը, դիմելով գործընկերներին, ընդգծեց, որ, սակայն խորը լռությունը և Եվրոպայի անտարբերությունը , այս ամենն ավելի դժվար են դարձնում: Ըստ նրա՝ պետք է անկեղծ լինենք՝ անվտանգային հարցերի շուրջ կարմիր գծերի մասին խոսելիս: «Եթե Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված և Թուրքիայի կողմից լիովին աջակցվող պատերազմը կարմիր գիծ չէր պատերազմական հանցագործ Ալիևի և նրա ռեժիմի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար, եթե մեր զինվորներին գերեվարելն ու տանջելը կարմիր գիծ չէ, ապա ես պետք է հարցնեմ՝ մենք կողմնակից ենք քաղաքական երկխոսությա՞ն, թե՞ ագրեսիայի, աջակցում ենք քաղաքական երկխոսությա՞նը, թե՞ ագրեսիայի քաղաքականությունը: Եթե մենք ընտրում ենք քաղաքական երկխոսությունը և անվտանգությունը և ոչ ագրեսիան, ահաբեկչությունը և քսենոֆոբիան, ապա ԵՄ-ն պետք է միանշանակ թիրախային քաղաքական գնահատական տա Ադրբեջանին և Թուրքիային, երկակի ստանդարտները, ընտրովի մոտեցումները պետք է մերժվեն, եթե մենք իսկապես ուզում են անվտանգության հասնել մեր տարածաշրջանում»,-եզրափակեց ՀՀ ԱԺ պատգամավորը:
13:58 - 22 փետրվարի, 2022
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծի փոփոխության հիմնավորման, ԱԺ-ում օրենքի վերաբերյալ քննարկումների և համացանցում ու լրատվամիջոցներում առկա դժգոհությունների մասին արդեն խոսել ենք անցյալ ամիս այս թեմայով արված հրապարակմամբ։ Հոկտեմբերին պաշտոնական գրությամբ դիմել էինք ԱԺ պատգամավորներին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե սեպտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար հատկացվող գումարով։ Մեր հարցմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից պատասխանել էին միայն 27-ը, որից հարցերին ըստ էության պատասխան էին տրամադրել 6-ը։ Սա խմբակցության պատգամավորների 8,5%-ն է։ Պատգամավորների մեծ մասը մեր հարցմանը պատասխանել էին ԱԺ կանոնակարգից վերցված կետերով, որն, ըստ էության, ոչինչ չասող պատասխան է։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեր հարցմանը պատասխանել էին միասնական և ընդհանրական, որով հնարավոր չէր հասկանալ յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Միասնական պատասխանից բացի, խմբակցության պատգամավորներից մեր հարցերին ըստ էության էին պատասխանել 4-ը՝ խմբակցության 13,8%-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էին 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել էին անպատասխան։ Ընդհանուր առմամբ անցյալ ամիս խորհրդարանի 107 պատգամավորներից մեր հարցերին ըստ էության պատասխանել էին 14-ը, խորհրդարանի 13,1%-ը։ Այս ամիս նույնպես պաշտոնական գրությամբ դիմեցինք ԱԺ պատգամավորներին և խնդրեցինք տրամադրել տեղեկություն, թե հոկտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարով և որ մարզերի որ բնակավայրեր են այցելել։ Ըստ խմբակցությունների անդրադառնանք պատգամավորների տրամադրած պատասխաններին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում ներկայացված է 71 պատգամավորով։ Հոկտեմբերի 29-ին խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը վայր դրեց մանդատը։ Վերջինս ավելի ուշ նշանակվեց Շիրակի մարզպետ։ Սակայն, քանի որ հոկտեմբերին Բաղդասարյանը եղել է ԱԺ պատգամավոր, նշված հարցումը ուղարկեցինք նաև իրեն։ Այսինքն՝ այս պահին խմբակցությունն ունի 70 պատգամավոր։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցման պատասխանում նշել է, որ պատգամավորական ծախսերի համար հատկացվող 250 հազար դրամը ծախսել է ամբողջությամբ։ Վերջինս նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Աղազարյանը հոկտեմբերին այցելել է 3 մարզ, եղել է Արարատի, Արմավիրի և Լոռու մարզերում։ Արարատի մարզում Աղազարյանը եղել է 2 անգամ Արտաշատում, 1 անգամ Մասիսում, 1 անգամ Մրգանուշում և 1 անգամ Վեդիում։ Արմավիրի մարզ այցելության ժամանակ Աղազարյանը եղել է 1 անգամ Վաղարշապատում և 2 անգամ Արմավիրում։ Լոռու մարզում պատգամավորն այցելել է Ալավերդի և Շնող բնակավայրեր։ Աղազարյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին տրամադրած պատասխանում նշել է, որ հոկտեմբերին պատգամավորական գործունեության համար ծախսել է 306 հազար 500 դրամ։ Պատգամավորը հոկտեմբերի 2-ին այցելել է Զառիթափ համայնք՝ 44-օրյա պատերազմի զոհերի գերեզմանին այցելելու նպատակով։ Այցի ժամանակ բենզին, ծաղիկներ և սնունդ գնելու նպատակով ծախսել է 35 հազար ՀՀ դրամ։ Հոկտեմբերի 3-ին այցելել է Իջևան համայնք՝ զբոսաշրջության վերաբերյալ հարցերի քննարկման համար։ Այցի ընթացքում բենզին և սնունդ գնելու համար ծախսել է 37 հազար դրամ։ Հոկտեմբերի 9-ին այցելել է Գետափ համայնք՝ հեղեղատների հետևանքով տարածքների վնասման բողոքների ուսումնասիրության նպատակով։ Այցի ընթացքում սնվելու և բենզին գնելու նպատակով ծախսել է 25 հազար դրամ։ Հոկտեմբերի 10-ին պատգամավորն այցելել է Գյումրի, հանդիպել քաղաքացիների հետ։ Այցի ընթացքում սնունդի, բենզինի և գիշերակացի համար ծախսել է 40 հազար դրամ։ Հոկտեմբերի 16-ին պատգամավորն այցելել է Եղեգիս համայնք՝ ասֆալտապատման աշխատանքներից հետո եղած փլուզման վերաբերյալ տեղեկությունն ուսումնասիրելու նպատակով։ Այցի ընթացքում բենզինի և սնունդի համար ծախսել է 33 հազար դրամ։ Հոկտեմբերի 17-ին տուրիզմի զարգացման քննարկման նպատակով այցելել է Ենոքավան։ Սնունդի և բենզինի համար ծախսել է 38 հազար դրամ։ Հոկտեմբերի 23-ին այցելել է Երասխ և Սևակավան, ծախսել՝ 24 հազար դրամ, հոկտեմբերի 24-ին այցելել է Գառնի, ծախսել՝ 19 հազար 500 դրամ, հոկտեմբերի 30-ին այցելել է Վայք, 31-ին՝ Սիսիան, ծախսել՝ 65 հազար դրամ։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Պատգամավոր Լենա Նազարյանը պատասխանում նշել է, որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին նշված գումարից ծախսել է 53 հազար դրամ։ Նշենք, որ նոյեմբեր ամսվա ծախսերն ամբողջությամբ չեն, պատասխանում նշված ծախսերը վերաբերում են մինչև հարցման պատասխանը ստանալու պահին իրականացված ծախսերին։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 16-ին։ Նազարյանը գումարը ծախսել է տրանսպորտի և զոհված զինծառայողների ընտանիքներին այցելությունների ժամանակ քաղցրավենիք գնելու համար։ Հոկտեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Վեդի համայնքի 5 զոհված զինծառայողի ընտանիքներին։ Հոկտեմբերի 24-ին այցելել է Արարատի մարզի Արարատ քաղաք, որտեղ քաղաքացիների հետ Հայաստանի և տարածաշրջանի մասին քննարկում են կազմակերպել։ Նմանատիպ մեկ այլ քննարկում էլ հոկտեմբերի 30-ին կազմակերպել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։  Մենք հարցրել էինք միայն հոկտեմբեր ամսվա այցելությունները, սակայն Նազարյանը պատասխանում անդրադարձել է նաև նոյեմբերի առաջին կեսին կատարած այցելություններին, ուստի ներկայացնում ենք նաև դրանք։ Պատգամավորը նոյեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Դաշտաքար, Սիսավան և Վեդի համայնքներում բնակվող զոհված 4 զինծառայողների ընտանիքներին։ Նոյեմբերի 3-ին, 5-ին և 10-ին Նազարյանն այցելել է Արարատի մարզի Արտաշատ համայնքում բնակվող զոհված 12 զինծառայողների ընտանիքներին։ Զոհված զինծառայողների ընտանիքներին այցելելու նպատակը նրանց խնդիրների մասին տեղեկանալն է։ Ըստ Նազարյանի՝ այդ այցելությունների ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասով նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ։ Իսկ քաղաքացիների հետ քննարկումների նպատակն է լսել քաղաքացիների վերլուծությունները, սպասումներն ու անհանգստությունները Հայաստանի արտաքին օրակարգում եղած մի շարք հարցերի շուրջ։ Լենա Նազարյանն անցյալ ամիս մեր հարցերին չէր պատասխանել։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը պատասխանել է, որ ստացել է 250 հազար դրամ, մարզային այցելություններ չի ունեցել, հանձնաժողովում ընդունելության հետ կապված կատարել է ներկայացուցչական ծախսեր, սակայն չի նշել, թե որքան գումար է ծախսել։ Տիգրանյանն անցյալ ամիս մեր հարցմանն ըստ էության չէր պատասխանել։ Պատգամավոր Շիրակ Թորոսյանը մեր հարցման պատասխանում նշել է․ «Հոկտեմբեր ամսվա համար նախատեսված պատգամավորական գործունեության ծախսերի գումարը պատգամավորներին հատկացվել է նոյեմբերի սկզբին,հետևաբար ճիշտ կլինի կոնկրետ այդ գումարի ծախսման վերաբերյալ Ձեր հարցմանն անդրադառնալ դեկտեմբերի սկզբին, բայց արդեն նոյեմբեր ամսվա համար:Հոկտեմբեր ամսվա ծախսերը հիմնականում արել եմ իմ անձնական միջոցների հաշվին՝ գումարած նախկինում մեզ տրվող հիսուն հազար դրամը, սակայն, ցավոք, չափը չեմ ֆիքսել»,- գրել է պատգամավորը մեր հարցման պատասխան նամակում: Թորոսյանը պատասխանում ասում է, որ հոկտեմբերի գումարը հատկացվել է նոյեմբերին։ Պատգամավորը ճիշտ է, սակայն հաշվի չի առել մի հանգամանք․ նշված գումարը հատկացվում է որպես փոխհատուցում, հետևաբար պատգամավորները պետք է իրենց միջոցներից իրակականացնեն պատգամավորական գործունեության ընթացքում առաջացած ծախսերը և աշխատավարձին ստանան դրա փոխհատուցումը։ Այս պարագայում անհասկանալի է Թորոսյանի պատասխանի այն հատվածը, որ այդ գումարների ծախսման վերաբերյալ ճիշտ կլինի դիմենք դեկտեմբերին, բայց նոյեմբերի համար, քանի որ այդ նույն տրամաբանությամբ մենք դիմել ենք նոյեմբերին, բայց ոչ թե նոյեմբեր, այլ հոկտեմբեր ամսվա համար։  Ինչ վերաբերում է պատասխանի երկրորդ մասին, որ ծախսերն արել է իր միջոցներով՝ գումարած նախկինում տրվող հիսուն հազար դրամը, պետք է նշենք, որ սեպտեմբեր ամսվա համար պատգամավորները հոկտեմբերին ստացել են ոչ թե 50 հազար, այլ 170 հազար դրամ։ Այս պարագայում էլ անհասկանալի է, թե ինչու է պատգամավորը նշում 50 հազար ստանալու մասին։ Խաչատուր Սուքիասյանը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 26-ին, օրենքով սահմանված ժամկետի լրանալուց 10 օր անց։ Պատասխանում նշված է, որ սեպտեմբեր ամսից սկսած պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարը փոխանցվել է և այսուհետ փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Սուքիասյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին։ Խմբակցության հարցմանը պատասխանած մյուս պատգամավորները տրամադրել են տառացի նույն պատասխանը, ինչ անցյալ ամիս էր։ Այս պատասխանը վերցված է ԱԺ կանոնակարգից և ոչինչ չասող պատասխան է։ Ըստ էության սա չի պատասխանում մեր հարցերից և ոչ մեկին։ Խմբացկության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի*, Հակոբ Ասլանյանի, Լուսինե Բադալյանի, Ռուստամ Բաքոյանի*, Անուշ Բեղլոյանի, Արսեն Թորոսյանի, Հայկ Կոնջորյանի, Հրաչյա Հակոբյանի, Վաղարշակ Հակոբյանի, Արթուր Հովհաննիսյանի*, Ալխաս Ղազարյանի*, Սոնա Ղազարյանի, Գևորգ Պապոյանի*, Մարիամ Պողոսյանի, Վլադիմիր Վարդանյանի* և Նարեկ Զեյնալյանի* տրամադրած տառացի նույն պատասխանը՝ ստորև։  *-ով նշված պատգամավորները նույն պատասխանը տվել էին նաև անցյալ ամիս։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պաշտոնական հարցման պատասխանները տեսնելու համար անցեք այս հղումով։ Ընդհանուր առմամբ խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել են 21 պատգամավոր, որոնցից 16-ը հարցերին տվել են ոչինչ չասող, ԱԺ կանոնակարգից վերցված պատասխան։ Խմբակցությունից միայն 5 պատգամավոր են հարցմանը պատասխանել ըստ էության․ խմբակցության 7․04%-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորների մեծ մասն անցյալ ամիս տվել էին միասնական պատասխան, որը շատ ընդհանրական էր և հնարավոր չէր այդ պատասխանից հասկանալ պատգամավորների գործունեությունն անհատապես։ Այս անգամ հարցմամբ խնդրել էինք պատասխանել անհատապես, ոչ թե խմբակցության անունից տրամադրել ընդհանուր պատասխան։  Սակայն, չնայած անցյալ անգամ պատգամավորներից մի քանիսը տրամադրել էին անհատական պատասխան, որով հնարավոր էր հասկանալ նրանց գործունեությունը, այս անգամ ոչ մեկը անհատապես չպատասխանեց։ Խմբակցության անունից ստացել ենք մեկ պատասխան, որը չի պատասխանել մեր հարցերին։ Պատասխանը ներկայացնում ենք ստորև։ «...«Հայաստան» խմբակցության անդամները 2021թ հոկտեմբեր ամսին այցելել նն ՀՀ տարբեր մարզեր, կազմակերպել են հանդիպումներ ՀՀ բազմաթիվ քաղաքացիների հետ, ներկայացրել են խմբակցության տեսակետները նրանց հուզող հարցերի վերաբերյալ, ծանոթացել են նրանց խնդիրnերին, լսել են նրանց առաջարկները, որոնց հիման վրա կազմվել են ինչպես խմբակցության, այնպես է լուրաքանչյուր պատգամավորի աշխատանքային ծրագրերը: Մարզային այցերին ընգրկվել և մասնակցել են խմբակցության բոլորը պատգամավորները, բացառությամբ ապօրինի կերպով անազատության մեջ գտնվող մեր գործընկերենրի` Ա․ Չարչյանի, Մ. Զաքարյանի և Ա. Սարգսյանի, ով ազատ արձակվելուց հետո միանգամից ներգրավվել է մարզային այցելությունների կազմակերպման և իրականացման գործընթացին:  Սրա առչնությամբ հարկ է նշել, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային այցելությունները կազմակերպվում և իրականացվում են խմբակցության պատգամավորների հաշվին: Պատգամավորական գործունեության հետ կապված 250,000 ՀՀ դրամ գումարը փոխանցվում է պատգամավորների աշխատավարձային հաշվիներին, ՀՀ օրենսդրության համաձայն դրանք առանձին հաշվառման չեն ենթարկվում և նման հաշվառում չի վարվում: Բացի այդ, ինչպես նախկինում հայտնել էինք, պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ օրենքը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից վիճարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանում»,- նշված է մեզ տրամադրած պատասխանում: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, խմբակցությունը տրամադրել է բավարար պատասխան, սակայն մեր մյուս հարցերը, որոնք վերաբերում են պատգամավորների մարզային, համայնքային այցերին, մնացել են անպատասխան, քանի որ նշված պատասխանից հնարավոր չէ հասկանալ, թե պատգամավորներից յուրաքանչյուրն ինչ գործունեություն է ծավալել հոկտեմբերին։ Հավելյալ հարցումով դիմել էինք խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե ինչպես են խմբակցության պատգամավորները տնօրինում ամեն ամիս իրենց հաշվին փոխանցվող պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, քանի որ անկախ Սահմանադրական դատարան դիմելու հանգամանքից, նրանք ստացել են նշված գումարները։ Հարցումով նաև խնդրել էինք տրամադրել տեղեկություն յուրաքանչյուր պատգամավորի գործունեության վերաբերյալ անհատապես։ Այս հարցումը մնաց անպատասխան։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից այս անգամ մեր հարցմանը պատասխանել է միայն Թագուհի Թովմասյանը, սակայն նրա պատասխանն ըստ էության չէ։ Վերջինս մեզ խնդրել է հետևել իր ֆեյսբուքյան էջին նրա գործունեության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։  Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, Թովմասյանը նշել է, որ եթե ուզում ենք տեղեկություն ստանալ, դիմենք ԱԺ աշխատակազմ։ Սակայն ԱԺ աշխատակազմը չի կարող պատասխանել, թե պատգամավորներից յուրաքանչյուրը որքան գումար է ծախսել պատգամավորական գործունեության ընթացքում, քանի որ ուժի մեջ մտած օրենքով հաշվետվողականություն սահմանված չէ։ Խմբակցության մյուս պատգամավորները մեր հարցմանը չեն պատասխանել։ Ընդհանուր առմամբ ԱԺ 107 պատգամավորներից մեր հարցման հարցերին ըստ էության պատասխանել են միայն 5-ը՝ 4․68%-ը, պատասխան տրամադրել են, սակայն ըստ էության չեն պատասխանել 46-ը՝ 42․99%-ը, իսկ 56-ը՝ 52․33%-ը, առհասարակ հարցումը թողել են անպատասխան։  Ամփոփելով կարող ենք փաստել, որ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը չի ցանկանում հաշվետու լինել պատգամավորական գործունեության ընթացքում ծախսերի, ինչպես նաև մարզեր և համայնքներ այցելության վերաբերյալ։ Նարեկ Մարտիրոսյան
13:33 - 15 դեկտեմբերի, 2021
ԱԺ փակ նիստում գերիների հարցով քննարկումը կարճ տևեց. ընդդիմությունը լքել է դահլիճը |armenpress.am|

ԱԺ փակ նիստում գերիների հարցով քննարկումը կարճ տևեց. ընդդիմությունը լքել է դահլիճը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովում փակ նիստում մեկնարկեց և կարճ ժամանակ անց ավարտվեց «Հայաստան» խմբակցության առաջարկած «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների եւ պահվող այլ անձանց ճակատագրի պարզման եւ հայրենիք վերադարձնելու խնդիրները» թեմայով հրատապ քննարկումը: Քննարկումն ավարտվել է, քանի որ ընդդիմադիր պատգամավորները, չտեսնելով համապատասխան գերատեսչություններից պատշաճ ներկայացվածություն, լքել են դահլիճը: «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ դեռ մեկ շաբաթ առաջ դիմում էր գրել ԱԺ նախագահին՝ ասելով, որ եթե վերջնական որոշում կայացվի քննարկումը փակ ֆորմատով անցկացնել, ապա ռազմագերիների, պահվող անձանց հարազատներից առնվազն 5-ը պետք է ներկա լինեն նիստին, որ անմիջական ինֆորմացիա ստանան: «Մենք պահանջել էինք, որ նիստին ներկայանա Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար, ԱԱԾ ղեկավարը, պաշտպանության նախարարը: Նրանցից որևէ մեկը ներկա չէր այսօրվա նիստին, ավելին՝ գրեթե վարչության պետերի մակարդակով էր ներկայացվածությունը»,- ասաց պատգամավորն ու կարծիք հայտնեց, թե սա քաղաքական ու պետական մոտեցում է այդ խնդրին: «Մենք դուրս ենք եկել՝ հաշվի առնելով, որ ընդամենը վարչության պետի մակարդակներով ներկայացվածություն է եղել, և ըստ էության չէին կարողանա այնպիսի բովանդակային պատասխաններ տալ»,-ասաց Գրիգորյանը: Նա լսել է, որ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ արտախորհրդարանական ուժերի հետ առավոտյան ժամը 10-ից մինչև 19:00-ն քննարկումներ է անցկացրել: «Այսինքն՝ արտախորհրդարանական ուժերի հետ քննարկման թեմա կա, բայց ԱԺ ներկայանալ և այսքան կարևոր թեմաների մասին խոսելու ժամանակ չունի՞»,- հարցադրում արեց Գրիգորյանը: Փակ նիստին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը և այլք: Նախքան փակ նիստը «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը նշել էր, որ առաջարկել են, որպեսզի քննարկմանը մասնացկի ՀՀ վարչապետը, պաշտպանության նախարարը, ԱԳ նախարարը, հետաքրքրվել, թե արդյոք նրանք մասնակցելո՞ւ են: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ արձագանքել էր՝ տեղեկացրել են կառավարությանն այդ մասին, եթե ժամանակը ների, վարչապետը կմասնակցի: Նա հիշեցրել էր, որ կառավարության անդամների հատ հարցուպատասխանին ողջ կազմը ներկա է լինում, կարող են հետաքրքրող հարցերով դիմել: Արծվիկ Մինասյանն էլ արձագանքել էր՝ այլ բան է հարցուպատախանը, այլ բան է քննարկումը խորհրդարանում: Սիմոնյանն էլ հիշեցրել էր ՀՀ վարչապետի՝ ընդդիմադիր խմբակցությունների հետ հանդիպելու առաջարկի մասին, որն ավելի վաղ արվել էր:
15:55 - 07 դեկտեմբերի, 2021
«Հայաստան» խմբակցությունը նշում է ԱԺ նիստերի օրակարգում ռազմագերիների հարցն ընդգրկելու անհրաժեշտությունը  |armenpress.am|

«Հայաստան» խմբակցությունը նշում է ԱԺ նիստերի օրակարգում ռազմագերիների հարցն ընդգրկելու անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» խմբակցությունն առաջարկել է ԱԺ նիստերի օրակարգում ներառել հասարակական հետաքրքրություն ներկայացնող ռազմագերիների, պատանդների, անհետ կորածների ու պահվող այլ անձանց ճակատագրի պարզման  ու հայրենիք վերադարձնելու խնդիրների հարցը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին հարցրեց, թե արդյոք կարողացե՞լ են ապահովել, որպեսզի այդ քննարկմանը ներկա լինեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտաքին գործերի նախարարը, պաշտպանության նախարարը և Ազգային անվտանգության ծառայության տնօրենը։ Ռուբեն Ռուբինյանը հարցին ի պատասխան նշեց, որ ԱԺ նիստին կառավարության անդամների ներկայությունն ապահովելն իր պարտականությունների տիրույթում չէ. «Դուք մի փոքր թյուր պատկերացում ունեք խորհրդարանականների, ԱԺ նախագահության և կառավարության փոխհարաբերությունների մասին: ԱԺ նախագահության պարտականությունն է ապահովել խորհրդարանի անխափան աշխատանքը և այդ պարտականությունը կատարվում է, իսկ թե կառավարությունից ո՞վ կգա, ո՞վ չի գա քննարկմանը, դա ձեր և կառավարության հարաբերությունների տիրույթում է»,- ասաց Ռուբինյանը։ ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ վարչապետ Փաշինյանը ընդդիմադիրներին առաջարկել է հանդիպել և քննարկել այդ հարցերը, սակայն նրա առաջարկը մերժվել է:
11:43 - 07 դեկտեմբերի, 2021
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծում որպես հիմնավորում ասվում է, որ օրենքն ուժի մեջ է մտել 2013 թվականին, որից հետո մինչ օրս չի վերանայվել, սակայն այս ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում։ Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորների թիվը նվազել է, և նոր ձևավորված Ազգային ժողովում 132 պատգամավորի փոխարեն կա 107 պատգամավոր, պետության ծախսերը ոչ թե ավելանում են, այլ նվազում։ Օրենքի նախագծի հիմնական զեկուցող Վիկտոր Ենգիբարյանը զեկուցման ժամանակ հիմնավորումներ ներկայացնելիս ասաց, որ այս օրենսդրական փոփոխությունը բխում է հանրային լավագույն շահից: «Ե՛վ 2,5 տարիների ընթացքի մեր պատգամավորական փորձը ցույց է տվել, որ պատգամավորին նյութատեխնիկական ապահովման տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում՝ սպասարկման կամ վառելիքի ծախսերից օգտվելու համար 50 հազար դրամը բավարար չէ, և՛ այս օրենսդրական փոփոխությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը»,- ելույթում ասաց Վիկտոր Ենգիբարյանը: Հարցուպատասխանից հետո՝ եզրափակիչ ելույթի ժամանակ, Ենգիբարյանը հավելեց․ «Մենք պատգամավորների նյութատեխնիկական հնարավորություններն ավելացնում ենք ոչ թե նրա համար, որ պատգամավորները սկսեն այցելել մարզեր, այլ հակառակը․ այդ ավելացումը տեղի է ունենում այն պատճառով, որ մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատգամավորներն իրենց աշխատավարձի զգալի մասը ծախսում են պատգամավորությունից բխող իրենց գործունեության վրա․․․ Նշվեց, որ պատգամավորն իր աշխատավարձը տրամադրում է այս կամ այն բարեգործական նպատակների։ Ես առաջարկում եմ բոլոր այն պետական պաշտոնյաներին, որոնք կարծում են, որ եկել են ԱԺ բարեգործություններ անելու համար, վերընթերցեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Մեր աշխատանքից բխում է մեր քաղաքացիների և ժողովրդի շահերի ներկայացումը և հանուն մեր ժողովրդի օրենքների ընդունումը և պատգամավորի պարտականությունից բխող գործունեությունը։ Բարեգործությունների համար կարելի է բացել բարեգործական հիմնադրամներ և զբաղվել բարեգործությամբ»։ Օրենքում կատարված այս փոփոխությունը մեծ դժգոհությունների և քննարկումների առիթ դարձավ թե՛ համացանցում, թե՛ լրատվամիջոցներում։ Այս առնչությամբ, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կենցաղային օրինակ բերեց, որը նույնպես քննադատությունների ենթարկեց։ Աղազարյանն ասաց․ «Պարտադիր էլ չի, որ մարզ գնանք, ինչի Երևան քաղաքում չի՞ լինում ընտրողների հետ շփումներ․․․ Մի անգամ քեզ հրավիրում են սրճարան, վերջում հաշիվն իրանք են փակում, հետո հաջորդ անգամ էլ, որ իրանք հաշիվը փակեն, գեղեցիկ չի, մի անգամ էլ դու պետք ա հաշիվը փակես․․․»։ Հարցին, թե ինչքանով էր անհրաժեշտ 50․000 դրամը 250․000 դարձնելու նախագծի ընդունումը, և ինչպիսի հաշվետվողականություն ունեին 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները, անդրադարձել ենք առանձին հոդվածով. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից 62-ը մեր հարցումն անպատասխան էին թողել՝ այդպիսով հաշվետու չլինելով իրենց գործունեության վերաբերյալ։ Այս պատգամավորների մեծ մասը ներկայացված են նոր ձևավորված Ազգային ժողովում։ Այս անգամ էլ «Հետք մեդիա գործարանի» հետ համատեղ փորձել ենք ստուգել պատգամավորների հաշվետվողականությունը և իմանալ օրենքի նոր փոփոխությամբ ավելացված գումարով իրականացված ծախսերը։ Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել է խորհրդարանի բոլոր 107 պատգամավորներին՝ խնդրելով ներկայացնել, թե սեպտեմբեր ամսվա ընթացքում քանի մարզ են այցելել, որ բնակավայրերում են եղել և առհասարակ ինչ ծախսեր են իրականացրել պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված ամսական 250 հազար դրամով։ Հարցմանը պատասխանել են պատգամավորներից 60-ը։ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Պատգամավորների տրամադրած պատասխաններին անդրադառնանք՝ ըստ խմբակցությունների։   «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Ազգային ժողովում Քաղաքացիական պայմանագիրն ունի 71 պատգամավոր։ Մեր հարցմանը իշխող խմբակցության պատգամավորներից պատասխանել է միայն 27-ը։ Սա խմբակցության պատգամավորների միայն 38%-ն է։ Սակայն պատասխանների մի մասը զուտ տեխնիկական էին․ բովանդակային առումով մեր հարցերից և ոչ մեկի պատասխանը տրված չէր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեր գրության պատասխանում նշել է, որ սեպտեմբերին կատարել է մարզային մեկ այց։ Վերջինս այցելել է Գյումրի` քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ Համաձայն գրության՝ սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարի փոխհատուցումն ստացել է հոկտեմբերին՝ 170 հազար ՀՀ դրամի չափով։ Մեր հարցին, թե կոնկրետ ինչ ծախսեր են կատարվել նշված գումարով, և որքան է ծախսել, Սիմոնյանը պատասխանել է, որ գործող օրենսդրությամբ ծախսերի հաշվետվողականություն սահմանված չէ, և ծախսերի առանձնացված հաշվառում չի իրականացվում։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը գրությամբ նշել է, որ սեպտեմբերին այցելել է 3 մարզեր՝ 3 անգամ Արարատի, 1 անգամ Արմավիրի և 1 անգամ Կոտայքի մարզեր։ Քանի որ օրենքն ուժի մեջ է մտել 2-րդ նստաշրջանից՝ սեպտեմբերի 13-ից, Աղազարյանը սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ և ըստ պատասխանի՝ երեք մարզերի այցելության համար ծախսել է ավելի շատ գումար, քան ստացել է։ Համաձայն պատասխանի՝ Աղազարյանը նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, համաձայն պատասխանի, սեպտեմբերին այցելել է 3 մարզ։ Եղել է Արարատի մարզի Երասխ գյուղում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է ոռոգման ջրին վերաբերող հարցեր։ Եղել է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է սոցիալական խնդիրներ, ինչի արդյունքում գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն։ Եղել է նույն մարզի Զառիթափ համայնքում, որտեղ հանդիպել է զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին։ Եղել է Եղեգիս խոշորացված համայնքի Շատին և Արտանբույք բնակավայրերում և այցի ընթացքում քաղաքացիների հետ քննարկել է ապօրինի շինություններին և ճանապարհին վերաբերող դժգոհությունները։ Եղել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, որտեղ քննարկել են պայմանագրային զինծառայողների սոցիալական խնդիրները: Այս այցերի ընթացքում, ըստ Բագրատյանի, նա ծախսել է 280 հազար դրամ՝ ամեն այցին միջինում 35 հազար դրամ։ Պատգամավոր Զարուհի Բաթոյանը նշել է, որ սեպտեմբերին հանդիպումներ է ունեցել Երևանում՝ Ազգային ժողովում և դրանից դուրս։ 4 այց է կատարել Երևանի հանրակրթական դպրոցներ՝ մատչելիության մոնիթորինգ իրականացնելու և մանկավարժների հետ հանդիպումներ ունենալու նպատակով։ Բաթոյանի պատասխանի համաձայն՝ նա սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ, որին ավելացրել է ևս 65 հազար դրամ, և հոգացել է հատուկ կահավորված մեքենայի և վարորդի ծախսերը։ Բաթոյանը տեղաշարժվում է անվասայլակի օգնությամբ, և հատուկ կահավորված մեքենայից օգտվելն անհրաժեշտություն է իր ամենօրյա գործունեությունն իրականացնելու համար։ Պատգամավոր Անուշ Բեղլոյանը, թեև պատասխանել է մեր հարցերին, սակայն նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտնում երկրորդ գումարումից, այսինքն՝ հոկտեմբերից։ Պետք է նշել, որ 8-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից և ոչ հոկտեմբերից։ Բեղլոյանը սեպտեմբերին 2 անգամ այցելել է Կոտայքի մարզ, հանդիպումներ է ունեցել ընտողների հետ Եղվարդում և Հրազդանում, մի շարք գործնական հեռախոսային զանգեր է կատարել արտասահման և նախաճաշել է արտասահմանցի դիվանագետների հետ, ինչի համար վճարել է ինքը։ Բացի այդ՝ Բեղլոյանը հանդիպումներ է ունեցել նաև Երևանում, այցելել է մի շարք պետական հաստատություններ և իրավապահ մարմիններ՝ ընտրողների բարձրացրած խնդիրների լուծման նպատակով։ Պատգամավոր Վահե Ղալումյանը նշել է, որ սեպտեմբերին բազմաթիվ այցելություններ է կատարել տարբեր համայնքներ և բնակավայրեր, այցելությունների ընթացքում քննարկվել են հիմնականում համայնքային խոշորացմանը վերաբերող հարցեր։ Ըստ Ղալումյանի՝ պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված գումարն ինքը ծախսել է նպատակային՝ ճանապարհածախսի, օրապահիկի, գիշերակացի, հանդիպումների կազմակերպման և ներկայացուցչական ծախսերի համար։ Պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը պատասխանում նշել է, որ մեր մատնանշած օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ նստաշրջանի բացման օրվանից, այսինքն՝ հոկտեմբերից։ Այս դեպքում ևս պետք է նշենք, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից, իսկ պատգամավորը մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրն ստացել է 170 հազար դրամ սեպտեմբեր ամսվա համար։ Հատկանշական է, որ Մովսիսյանը հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 12-ին, հետևաբար նա մինչև մեր հարցմանը պատասխանելը պետք է որ ստացած լիներ սեպտեմբերի համար նախատեսված գումարը։ Պատգամավորը նաև չի պատասխանել մեր մյուս հարցերին: Պատգամավորը խուսափել է պատասխանել նաև մեր գործընկերների հարցերին․ երբ զանգահարել են Մովսիսյանին, վերջինս խնդրել է, որ ավելի ուշ կապ հաստատեն իր հետ, որից հետո, սակայն, զանգերին չի պատասխանել Տառացի նույն պատասխանն է տվել նաև պատգամավոր Մարիամ Պողոսյանը։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 8-ին, հետևաբար հնարավոր է, որ հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ նա դեռևս սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարը ստացած չի եղել։ Սակայն պատգամավորը մեր անպատասխան է թողել նաև մեր հարցերն այն մասին, թե որ մարզերի որ բնակավայրեր է այցելել։ Նույնաբովանդակ պատասխան է տրամադրել պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։ Վերջինս նույնպես տեղյակ չէ, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է ոչ թե հոկտեմբերից, այլ սեպտեմբերի 13-ից։ Պատգամավորն ասում է, որ հնարավոր չէ այս պահին պատասխանել ծախսերի վերաբերյալ հարցերին։ Սակայն պետք է հաշվի առնենք, որ այս գումարները տրամադրվում են յուրաքանչյուր հաջորդ ամսվա սկզբում՝ որպես նախորդ ամսում իրականացված ծախսերի փոխհատուցում, հետևաբար պատգամավորներն, անկախ այն հանգամանքից՝ արդեն ստացել են այդ գումարները, թե դեռ ոչ, պետք է կարողանան պատասխանել, թե ինչ ծախսեր են իրականացրել, որի համար ստանում են փոխհատուցումը։ Լիլիթ Ստեփանյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին, որոնք վերաբերում էին մարզեր և համայնքներ իրականացված այցելություններին։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, թեև նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ից, սակայն հարցման պատասխանում գրել է, որ պատգամավորական գումարների ծախսման վերաբերյալ մեր հարցերը հարցման պահին ժամանակավրեպ են։ Մեր հարցումը ոչ միայն պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարի ծախսմանն էր վերաբերում, այլև մարզային և համայնքային այցելություններին։ Նշված հարցերին նույնպես պատգամավորն անդրադարձ չի կատարել։ Մեր գործընկերների հետ զրույցում, սակայն, Տիգրանյանն ասել է, որ պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը չի առանձնացվում աշխատավարձից, և հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն չկա։ «...Հետևաբար դա ընդհանուր աշխատավարձ է, և պատգամավորը ծախսում է իր գործունեության հետ կապված. կլինի մարզային այց, հյուրեր, խմբեր դիմավորել, ճանապարհել»,- մեկնաբանել է Տիգրանյանը, որը, սակայն, չի հիշել, թե սեպտեմբերին մարզային ինչ այցեր է ունեցել։ Պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, թեև պատասխանել է հարցմանը, սակայն չի պատասխանել հարցերին։ Այսինքն՝ պատգամավորը տեխնիկապես կատարել է օրենքով սահմանված պարտականությունը և պատասխանել է մեր գրավոր հարցմանը, սակայն հարցերին բովանդակային անդրադարձ չի եղել։ Վերջինս նշել է, որ պատգամավորը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում՝ եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում: Իսկ գործունեության վերաբերյալ նշել է, որ տեղեկությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում, առցանց այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Էդուարդ Աղաջանյանը հարցման պատասխանում խոսում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերից, որոնց տեղը լրատվամիջոցների ներկայացուցիչներն անշուշտ գիտեն, սակայն ներկայացվող հայտարարագրերով նախ հնարավոր չէ պարզել, թե ստացած գումարով ինչ ծախսեր են իրականացրել, և հետո այս տարի ստացած եկամուտներն արտացոլվելու են մյուս տարի ներկայացվող հայտարարագրում, այսինքն՝ պրակտիկորեն անհնար է պատգամավորի ներկայացրած հայտարարագրով պարզել, թե որքան գումար են ստացել, օրինակ, սեպտեմբեր ամսվա համար և ինչ նպատակով են ծախսել։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատասխան տրամադրած մյուս պատգամավորները հարցմանը պատասխանել են տառացի նույն կերպ, և այս դեպքում նույնպես բացակայում են մեր հարցերի պատասխանները։ Պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Նարեկ Բաբայանը, Ռուստամ Բաքոյանը, Տաթևիկ Գասպարյանը, Նարեկ Զեյնալյանը, Բաբկեն Թունյանը, Արմեն, Խաչատրյանը, Վիգեն Խաչատրյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալխաս Ղազարյանը, Լիլիթ Մինասյանը, Էմմա Պալյանը, Գևորգ Պապոյանը, Խաչատուր Սուքիասյանը, Վլադիմիր Վարդանյանը և Հայկ Ցիրունյանը տառացի նույն պատասխանն են տրամադրել, որը վերցված է Ազգային ժողովի կանոնակարգից։ Պատգամավորների «միասնական» պատասխանը կարող եք կարդալ ստորև։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պատգամավորներից միայն Ռուբեն Ռուբինյանն է այս պատասխանին հավելել, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ին, և սեպտեմբերի 1-ի դրությամբ բոլորն ստացել են 50 հազարական դրամ։ Սակայն մենք պատգամավորին նման հարց չէինք ուղղել․ մենք հարցրել էինք սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարից, որը պատգամավորները, այդ թվում՝ Ռուբինյանը, ստացել են մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրը։ Ինչպես երևում է տրամադրված «միասնական» պատասխանից, պատգամավորները խուսափել են հարցերին հստակ պատասխան տալուց և տրամադրել են ԱԺ կանոնակարգից վերցված և ոչինչ չասող պատասխան։ Նույնաբովանդակ պատասծան տրամադրած պատգամավորներից 3-ի հետ կարողացել են զրուցել «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերները։  Ռուստամ Բաքոյանը նշել է, որ չգիտի՝ ավելացված գումարը ստացե՞լ է, թե՞ ոչ. «Ուշադրություն չեմ դարձնում, չգիտեմ նաև՝ երբ եմ ստանալու այդ 250 000 դրամը»։ Բաբկեն Թունյանը խնդրել է ավելի ուշ կապ հաստատել իր հետ, ինչից հետո զանգերին չի պատասխանել։ Գևորգ Պապոյանը համարել է, որ սա կարևոր թեմա չէ, և արդեն իսկ ամեն ինչ ասված է։  Այսպիսով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել էր միայն 27-ը, որոնցից մեր հարցերին մասամբ կամ ամբողջությամբ պատասխանել էր միայն 6-ը, այսինքն՝ խմբակցության պատգամավորների 8,5%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են խմբակցության պատգամավորներից միայն 10-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորներին ուղղված հարցումներին պատասխանել է 4 պատգամավոր, ինչից հետո մնացած բոլոր պատգամավորների փոխարեն մեզ միասնական պատասխան է տրամադրել Ագնեսա Խամոյանը։ Վերջինս նշել է, որ լիազորված է պատասխանել բոլորի անունից։ Սակայն մեր նպատակն էր հարցումների միջոցով լուսաբանել բոլոր պատգամավորների գործունեությունն անհատապես և ոչ թե խմբակցության գործունեությունն ընդհանրական։ Պատգամավոր Անդրանիկ Թևանյանը սեպտեմբերին այցելել է 1 մարզ։ Եղել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Ըստ պատասխանի՝ հանդիպել է համակիրների և շահագրգիռ այլ անձանց հետ։ Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար տրամադրվող ամսական գումարին, Թևանյանը նշել է, որ ստացել է 170 հազար դրամ, որը, սակայն, չի օգտագործել։ Պատասխանում նշված է, որ «Հայաստան» խմբակցությունը որոշում ունի օրենքի փոփոխությունը վիճարկելու Սահմանադրական դատարանում։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը մեր հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, մասնակցել է անկախության հռչակման 30-ամյակի միջոցառմանը: Պատգամավորը նշել է, որ սեպտեմբերի 30-ին չի ստացել 250 հազար դրամ։ Նա իրավացի է, քանի որ մեր հարցմանը պատասխանելու հաջորդ օրն է ստացել սեպտեմբեր ամսվա համար նախատեսված 170 հազար դրամը։ Սակայն «Հայաստան» խմբակցության միասնական պատասխանում նշվում է, որ այդ գումարների առնչությամբ իրենք դիմել են Սահմանադրական դատարան։ Իսկ նախորդ ամիս ստացած 50 հազար դրամը Խաչատրյանն օգտագործել է Արցախ այցի նպատակով։  Պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նշել է, որ սեպտեմբերին որևէ մարզ չի այցելել, իսկ ստացած գումարն էլ չի օգտագործել, ինչպես խմբակցության մյուս անդամները։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանը սեպտեմբերին այցելել է Արագածոտնի մարզի Մաստարա և Թալին համայնքներ։ Պատգամավորը հարգելի պատճառներով չի կարողացել ավելի շատ մարզեր կամ համայնքներ այցելել։ Համաձայն Մանուկյանի պատասխանի, ըստ խմբակցության գրաֆիկի, հոկտեմբերին պատրաստվում է այցելել Արմավիրի և Արագածոտնի մարզեր։  «Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորները տվել են միասնական պատասխան, որով հնարավոր չէ տարանջատել նրանցից յուրաքանչյուրի գործունեությունը։ Միասնական պատասխան են տրամադրել Հայաստան խմբակցության 25 պատգամավորներ․ պատասխանին կարող եք ծանոթանալ ստորև։ ««Հայաստան» խմբակցության անդամներն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այցելել են ՀՀ բոլոր մարզեր և Երևանի վարչական շրջաններ, կազմակերպվել են հանդիպումներ տարբեր համայնքներում հարյուրավոր ՀՀ քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և առաջարկներին, ինչով պայմանավորված՝ ընթանում են օրենսդրական նախաձեռնությունների ստեղծման և պատգամավորական գործունեության աշխատանքների կազմակերպման այլ լայնածավալ աշխատանքներ: Նշված այցերը կատարվել են խմբակցության պատգամավորների միջոցներով: Այցերին չեն մասնակցել մինչ օրս ապօրինաբար, Սահմանադրության պահանջների խախտմամբ կալանավորված պատգամավորները: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված 250 հազար ՀՀ դրամին, ապա հարկ ենք համարում նշել, որ սեպտեմբեր ամսվա համար «Հայաստան» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի աշխատավարձային հաշվին փոխանցվել է 170 հազար ՀՀ դրամ: Հարկ ենք համարում նշել նաև, որ ինչպես հայտարարավել էր, «Հայաստան» խմբակցությունը պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ ընդունված օրենքը, ինչպես նաև պատգամավորներին և քաղաքական այլ պաշտոնյաներին պարգևատրելու հարցը վիճարկում է Սահմանադրական դատարանում (05.10.2021թ. դիմումը մուտքագրվել է ՍԴ)»: Այսպիսով, թեև խմբակցության պատգամավորները չեն անտեսել մեր պաշտոնական գրությունը, սակայն միասնական պատասխան տրամադրելով՝ չեն ներկայացրել յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Համաձայն պատասխանների՝ մեր հարցերին պատասխան են տրամադրել խմբակցության պատգամավորներից միայն 4-ը՝ խմբակցության 13․8%-ը։ Սակայն պետք է նշել, որ պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին առնչվող հարցի պատասխանը բոլորի դեպքում նույնն է, հետևաբար կարող ենք ընդունել, որ խմբակցության բոլոր պատգամավորներն այս հարցին տվել են պատշաճ պատասխան։ Ինչ վերաբերում է «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանելուն, ապա խմբակցությունից հարցերին պատասխանել են միայն 7-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել է 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել է անպատասխան։ Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, եղել է Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում։ Արցախի Հանրապետությունում մասնակցել է Հանրապետության 30-ամյակի միջոցառմանը և հանդիպումներ է ունեցել Արցախի 3 ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների, հասարակական և ռազմական գործիչների հետ։ Սյունիքի մարզում այցելել է Գորիս և Կապան համայնքներ՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Պատգամավորն ուսումնասիրություններ է իրականացրել Գորիս-Կապան ավտոճանապարհի տարբեր հատվածներում, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզ, որտեղ դիտարկել է ռազմավարական ճանապարհների առկա վիճակը՝ հետագայում խնդրի վերաբերյալ առաջարկություններ ձևակերպելու նպատակով։ Արարատի մարզ այցելության ժամանակ եղել է Երասխավանից Պարույր Սևակ տանող հատվածում և դիտարկումներ է իրականացրել սահմանին մոտ հատվածներում։ Համաձայն պատասխանի՝ Աբրահամյանը պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված հաշվարկ չի իրականացրել, սակայն, ըստ նրա, հիմնական ծախսերը կապված են եղել մարզեր այցելության հետ՝ հյուրանոցի ծառայություններ, վառելիքի և սննդի ծախսեր և այլն։  Պատգամավոր Հայկ Մամիջանյանը սեպտեմբերին այցելել է Արարատի, Արագածոտնի և Լոռու մարզերի շուրջ 15 բնակավայրեր, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջաններ, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարի մի մասը ծախսել է տրանսպորտի և կազմակերպչական ծախսերի համար, իսկ մի մասը պատրաստվում է ուղղել բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Տարոն Մարգարյանը նշել է, որ այցելություններ է ունեցել տարբեր մարզեր և Երևան քաղաքի վարչական շրջաններ։ Գումարի մի մասն ուղղել է հանդիպումների կազմակերպչական ծախսերի ապահովմանը, մյուս մասը՝ բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերի 1-ին ահազանգ է ստացել, որ ադրբեջանցիները այրում են Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ համայնքներին մոտ գտնվող խոտածածկույթները: Այցելել է սահմանամերձ համայնքներ, ուսումնասիրել և բարձրաձայնել խնդիրը ինչպես ԱԺ լիագումար նիստերի ժամանակ, այնպես էլ գրավոր ընթացակարգով: Խորհրդարանում հանդիպել է Ադրբեջանի կողմից գերեվարված և Հայաստան վերադարձած ՀՀ ՊՆ հատուկ ստորաբաժանման աշխատակից Արմեն Բուդոյանին, ինչից հետո, բարձրացրած խնդիրների քննարկման անհրաժեշտությունից ելնելով, սեպտեմբերի 3-ին եղել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում այցելել է կալանքի տակ գտնվող իրենց գործընկերներին՝ Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Մխիթար Զաքարյանին և Սիսիանի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Արթուր Սարգսյանին: Հաջորդ օրն այցելել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն՝ տեսակցելու ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին։  ԱԺ-ում նախաձեռնել է հանդիպում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի, ինչպես նաև Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ, հանդիպումների ընթացքում քննարկել են ՀՀ և ԱՀ բնակչության իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Խորհրդարանում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և Հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Սեպտեմբերի 11-12-ին այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր՝ Գեղամասար, Տրետուք, Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ, Շատջրեք, Ավազան: Հանդիպում է ունեցել  տեղի բնակիչների հետ, քննարկել են փոխհատուցմանն առնչվող խնդիրները, դրանց լուծման շրջանակները: Թագուհի Թովմասյանի պնդմամբ՝ կառավարությունը մինչ օրս գյուղացիներին չի փոխհատուցել ադրբեջանցիների հափշտակված անասունների, ինչպես նաև այրված խոտհարքերի համար:  Սեպտեմբերի 16-ին խորհրդարանում հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին: Քննարկել են պարտադիր քրեակատարողական հիմնարկներում և փակ տարածքներում գտնվող մարդկանց առողջությանը, իրավունքներին վերաբերող խնդիրներ: Սեպտեմբերի 17-ին մի խումբ դատապարտյալների՝ անձնական ընդունելություն ստանալու խնդրանքի հիման վրա այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Սեպտեմբերի 18-19-ին այցելել է Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Վարդենիս: Պատգամավորը «Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության» թեմայով աշխատանքային քննարկում է կազմակերպել ԱԺ-ում: Սեպտեմբերի 23-ին խորհրդարանում նախաձեռնել է հանդիպում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ԱՀ նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանի մասնակցությամբ: Քննարկել են հայրենադարձության, ինչպես նաև պատերազմի հետևանքով անտուն մնացած քաղաքացիների խնդիրները:  Սեպտեմբերի 24-25-ին այցելել է Արմավիրի և Արարատի մարզեր և հանդիպել օրեր շարունակ բողոքի տարբեր ակցիաներ իրականացնող խաղողագործներին, լսել խաղողի մթերման մասին բարձրաձայնած խնդիրները: Զբաղվել է նրանց խնդիրներով, ինչի արդյունքում օրեր անց ստացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պատասխան գրությունը, համաձայն որի՝ կմթերվի խաղողի ամբողջ քանակությունը: Սեպտեմբերի 26-ին կրկին եղել է Գեղարքունիքի մարզում, քանի որ ահազանգ է ստացել Վերին Շորժա, Ներքին Շորժա և Այրք գյուղերի վարելահողերի հրդեհման մասին: Սեպտեմբերի 28-ին խորհրդարանում ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը: Քննարկել են համագործակցությանը, համատեղ աշխատանքին, արդի խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին վերաբերող հարցեր:  Սեպտեմբերի 29-ին Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ անցկացվել է «Արցախցիների իրավունքների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում: Ըստ Թովմասյանի՝ մի շարք հարցերի լուծման ուղիներ գտնելու առնչությամբ արդեն իսկ տարվում են աշխատանքներ: Այս պահին շրջանառության մեջ է դրված պատգամավորի հեղինակած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:  Ինչ վերաբերում է ներկայացուցչական ծախսերին, ապա Թագուհի Թովմասյանի պնդմամբ այս ողջ աշխատանքը իրականացնելիս ծախսվել է ոչ միայն ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված գումարը, այլ շատ ավելին: Այսպիսով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էր 4-ը՝ խմբակցության 57,1%-ը, իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են 2-ը։ Հարցումով դիմել էինք նաև ԱԺ նախագահին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե կոնկրետ երբ են պատգամավորները ստանում նշված գումարը, և արդյոք բոլորը ստանում են նույն օրը և նույն չափով։ Հարցման պատասխանում Ազգային ժողովից հավաստիացրին, որ օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ գումարման մեկնարկից, պատգամավորները նշված գումարը ստանում են մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 7-րդ աշխատանքային օրը և ստանում են նույն չափով։ Պատգամավորները սեպտեմբեր ամսվա համար ստացել են 170 հազար դրամ Ընդհանուր առմամբ, խորհրդանի 107 պատգամավորներից մեր հարցումներին պատասխանել էր 60-ը, սակայն նրանցից լիարժեք և ըստ էության պատասխան էր տրամադրել միայն 14-ը։ Այսինքն՝ մեր հարցերին պատասխանել է խորհրդարանի պատգամավորների 13․1%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Հիշեցնենք նաև, որ օրենքի փոփոխությամբ նախկին 50 հազար դրամին ավելացվեց ևս 200 հազար դրամ, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները դժգոհում էին, որ 50 հազար դրամը չի բավարարում խորհրդարանի անդամներին լիարժեք գործունեություն ծավալելու համար։ Չնայած սրան՝ պատգամավորների մի մասը  ԱԺ ընտրությունների ժամանակ բավականին շռայլ է գտնվել և նվիրաբերել է հարյուր հազարավոր և միլիոնավոր դրամներ իրենց կուսակցությանը/դաշինքին՝ նախընտրական քարոզարշավի ծախսերը հոգալու համար, ինչի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ «Հետք մեդիա գործարանի» հոդվածում։   Նարեկ Մարտիրոսյան
20:19 - 03 նոյեմբերի, 2021