Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

Արցախից տեղահանված կամ Արցախում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին հունվարի եւ փետրվարի համար դրամական աջակցություն կտրամադրվի

Արցախից տեղահանված կամ Արցախում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին հունվարի եւ փետրվարի համար դրամական աջակցություն կտրամադրվի

ՀՀ կառավարությունն այսօր ընդունեց որոշում, ըստ որի՝ պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանված կամ Արցախում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին հունվար, փետրվար ամիսների համար դրամական աջակցություն կտրամադրվի։ ՀՀ կառավարության 2021թ․ հոկտեմբերի 18-ի N 1709-Լ որոշմամբ արդեն հաստատվել է պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառումը, որի շրջանակներում աջակցություն է տրամադրվում ՀՀ կառավարության 2020թ․ նոյեմբերի 21-ի N 1820-Լ (300000 դրամ) կամ ՀՀ կառավարության 2020թ․ դեկտեմբերի 10-ի N 2021-Լ (250000 դրամ) որոշումներով հաստատված միջոցառումների շրջանակներում աջակցություն ստացած (տվյալները վճարման ցուցակում ներառված) քաղաքացիներին: Դրամական օգնությունը նշանակում և վճարում է ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)։ Անչափահասներին և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներին՝ ամսական 40,000 դրամ, մյուս բոլոր քաղաքացիներին՝ անկախ տարիքից և սեռից, ամսական 20,000 դրամ կտրամադրվի։  Դրամական օգնության գումարը բանկի կողմից վճարվում է շահառուի (երեխայի օրինական ներկայացուցչի) քարտային հաշվին փոխանցելու միջոցով: Եթե շահառուն (երեխայի օրինական ներկայացուցիչը) սխալ է նշում իր քարտային հաշվին կցված վճարային քարտի համարը կամ որևէ այլ պատճառով բանկը չի կարող գումարը փոխանցել շահառուի (երեխայի օրինական ներկայացուցչի) քարտային հաշվին, ապա բանկը վճարումն իրականացնում է շահառուի (երեխայի օրինական ներկայացուցչի)՝ ընտրված բանկի մասնաճյուղ անձամբ ներկայանալու և վերջինիս նույնականացնելու դեպքում: Այս դեպքում շահառուները կարող են ստանալ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 17-ը, իսկ մինչև դեկտեմբերի 21-ը չվճարված գումարները բանկերը վերադարձնում են պետական բյուջե՝ ծառայությանը տրամադրելով այն շահառուների (երեխայի օրինական ներկայացուցչի) տվյալները, ում չի վճարվել դրամական օգնության գումարը և ամիսները, որոնց համար բանկին փոխանցված դրամական օգնության գումարը չի վճարվել շահառուին (երեխայի օրինական ներկայացուցչին)։ Նշված միջոցառման շրջանակներում դրամական աջակցության գումարները նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար վճարվել է 2021 թվականին։ Կառավարության ընդունած որոշմամբ կերկարաձգվի նաև վճարող կազմակերպության կողմից  աջակցության վճարման և չվճարված գումարները պետական բյուջե վերադարձնելու հետ կապված ժամկետները։ Հաշվի առնելով, որ միջոցառման շահառուները գտնվում են սոցիալական անբարենպաստ վիճակում և հատկապես ձմեռային ամիսների ընթացքում կատարում են ավելի շատ  ծախսեր՝ կապված կոմունալ վճարումների հետ, երկարաձգվում է խնդրո առարկա միջոցառման շրջանակներում տրամադրվող աջակցության ժամկետները ևս 2 ամսով (2022 թվականի հունվար և փետրվար ամիսների համար)։ Ծրագրից օգտվելու համար նոր դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ շահառուները «Պատերազմի հետևանքով ԱՀ-ից տեղահանված կամ ԱՀ-ում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառումը և կարգը հաստատելու մասին» որոշմամբ աջակցություն ստացած քաղաքացիներն են։
11:56 - 27 հունվարի, 2022
Հիվանդության նպաստի տրամադրման համար նախատեսված աշխօրերի հաշվարկն ու ժամանակավոր անաշխատունակության ժամկետի երկարաձգումն այլևս չեն կապվի հաշմանդամության խմբի սահմանման հետ

Հիվանդության նպաստի տրամադրման համար նախատեսված աշխօրերի հաշվարկն ու ժամանակավոր անաշխատունակության ժամկետի երկարաձգումն այլևս չեն կապվի հաշմանդամության խմբի սահմանման հետ

ՀՀ կառավարությունն ընդունեց նախագիծ, որով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է հիվանդության նպաստի տրամադրման համար նախատեսված աշխատանքային օրերի հաշվարկը և ժամանակավոր անաշխատունակության ժամկետի երկարաձգումը չկապել հաշմանդամության խմբի սահմանման կամ խմբի վերանայման հետ։ Այժմ գործող կարգավորումների համաձայն՝ վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը։ Նախարարությունը նշել է, որ իրավակիրառ պրակտիկայում եղել են դեպքեր, երբ կարող է հաշմանդամություն սահմանվել ավելի ուշ, քան ժամանակավոր անաշխատունակության թերթիկի առավելագույն ժամկետն է, կամ հաշմանդամություն սահմանվում է ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման առկայության դեպքում, այլ, օրինակ, ինքնուրույն տեղաշարժման կամ կենսագործունեության այլ տեսակի սահմանափակման, կամ անորոշ կանխատեսումով, որոնց դեպքերում աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողությունը կարող է չսահմանափակվել, ավելին, վերականգնման հեռանկարի բացակայությամբ ախտաբանական վիճակների դեպքում հաշմանդամությունը կարող է սահմանվել նաև անաշխատունակության ժամանակահատվածում և անձի անաշխատունակությունը կարող է վերականգնվել ավելի ուշ, քան հաշմանդամություն սահմանելը։     Ըստ այդմ, նախարարության մեկնաբանմամբ, հնարավոր են դեպքեր, երբ անձի նկատմամբ սահմանվել է հաշմանդամություն և անկախ այն հանգամանքից, որ անձը շարունակում է մնալ անաշխատունակ, այնուհանդերձ ժամանակավոր անաշխատունակության թերթիկը հաշմանդամ ճանաչվելուց հետո չի երկարաձգվում, ինչպես նաև հնարավոր են դեպքեր, երբ ժամանակավոր անաշխատունակության դեպքում հաշմանադամության սահմանման հարց չառաջանալ։  Հիմա, երբ նախագիծն ընդունվել է, նախարարությունը վստահ է՝ կկանոնակարգվեն իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները:
11:17 - 27 հունվարի, 2022
Նախարարություն դիմած որևէ անօթևան դրսում չի մնացել, բոլորը տեղավորվել են Երևանի տուն-ինտերնատում. խոսնակ |armenpress.am|

Նախարարություն դիմած որևէ անօթևան դրսում չի մնացել, բոլորը տեղավորվել են Երևանի տուն-ինտերնատում. խոսնակ |armenpress.am|

armenpress.am: «Երևանի N1 տուն-ինտերնատ»-ն իրականացնում է անօթևան անձանց ժամանակավոր օթևանի տրամադրման գործընթացը: «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի ծառայություններից օգտված անօթևան քաղաքացիների զգալի մասը տեղափոխվել է տուն-ինտերնատ: Հարցմանն ի պատասխան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը նշեց, որ նախարարությանը դիմած որևէ անօթևան քաղաքացի դրսում չի մնացել, բոլորը տեղավորվել են տուն ինտերնատում: «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի ծառայություններից օգտվում էր 88 անօթևան, սակայն Երևանի տուն ինտերնատ տեղափոխվել է 76-ը: Նախարարի խոսնակը վստահեցրեց, որ մնացածը չեն դիմել: Անօթևան անձանց համար ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայություններ մատուցելու համար հայտարարված դրամաշնորհային մրցույթին «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամը չէր մասնակցել: Այն մեկ այլ ծրագրի շրջանակում ծառայությունները ոչ պատշաճ մատուցելու հետևանքով Ֆինանսների նախարարության կողմից 24.08.21 թվականին ընդգրկվել էր պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում։ Ե՞րբ, այսպես կոչված, «սև ցուցակ»-ում հայտնված կազմակերպությունները կրկին կարող են դիմել դրամաշնորհային մրցույթներին, ընդհանրապես ինչպե՞ս է կազմակերպվում խոցելի խմբերի աջակցման ծրագրերի իրականացումը, ի՞նչ պարբերականությամբ է կատարվում վերահսկողությունը դրանց նկատմամբ. այս և այլ հարցերը մանրամասնում է Զառա Մանուչարյանը: -Ինչպե՞ս է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կազմակերպում խոցելի խմբերի աջակցությանն ուղղված ծրագրերի իրականացումը։  -Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից խոցելի խմբերի՝ հաշմանդամություն ունեցող անձանց, թրաֆիքինգի և ընտանիքում բռնության ենթարկված անձանց, տարեցներին ու երեխաներին ուղղված աջակցության միջոցառումներն իրականացվում են ինչպես պետական ծրագրերի, այնպես էլ դրամաշնորհային մրցույթների միջոցով, որոնց կարող են մասնակցել սահմանված չափորոշիչներին համապատասխանող կազմակերպությունները: Մրցույթների արդյունքում հաղթող կազմակերպություններին ՀՀ պետական բյուջեից տրամադրվում են դրամաշնորհներ՝ շահառուների խնամքը, զբաղվածությունն, անհրաժեշտ հմտությունների ուսուցումը կազմակերպելու նպատակով: Այս մոտեցումը թույլ է տալիս ընդլայնել ծառայությունների աշխարհագրությունը՝ միաժամանակ, կազմակերպությունների միջև մրցակցության պայմաններում՝ բարձրացնելով նաև մատուցվող ծառայությունների որակը:  Մրցույթները կազմակերպվում են www.armeps.am էլեկտրոնային համակարգի միջոցով։ Անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմաններն, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանվում են հրավերով: -Ներկայում Հայաստանում խոցելի խմբերին ուղղված աջակցության ծրագրերն իրականացնելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քանի՞ կազմակերպության, հիմնադրամի հետ է համագործակցում։  -Սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող տասնյակ կազմակերպություններ հնարավորություն են ունեցել դիմելու մրցույթներին և չափորոշիչներին համապատասխանելու դեպքում՝ ստանալ ֆինանսական աջակցություն։ Մրցույթներին մասնակցել են պետական կամ ՏԻՄ ենթակայության ներքո չգտնվող սոցիալական ծառայություններ տրամադրող, համապատասխան աշխատանքային փորձ ունեցող, հավաստագրված կազմակերպությունները։  Այն կազմակերպությունները, որոնք ծառայությունները ոչ պատշաճ մատուցելու հետևանքով Ֆինանսների նախարարության կողմից ընդգրկվել են պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում, դիմել չեն կարողացել։ -Ինչպե՞ս է կատարվում հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների ընտրությունը, որոնց հետ համագործակցում եք։ Ի՞նչ չափանիշներ ու չափորոշիչներ եք սահմանում։  Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններին դրամաշնորհներ հատկացնելու նպատակով՝ 2022 թվականի պետական բյուջեով նախատեսվելիք միջոցների հաշվին կազմակերպված մրցույթները հայտարարվել են համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման և 27.01.2021թ. N 97-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության հիմքով՝ պայմանով, որ կնքվելիք պայմանագրով սահմանված կողմերի իրավունքները և պարտականությունները կգործեն այդ նպատակով ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև համաձայնագիր կնքելու օրվանից:  2022 թվականին հայտարարվել են 15 մրցույթներ, որոնց մեծ մասը կայացել է, իսկ չկայացած չափաբաժինները վերահայտարարվել են։ Առավել մանրամասն՝ armenpress.am-ում
10:46 - 25 հունվարի, 2022
2022 թվականին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին. Նիկոլ Փաշինյան

2022 թվականին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալական և ենթակառուցվածքային խնդիրների լուծմանը: Խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը, Արցախի ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը և Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը: Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Մենք Արցախի հետ մեր համագործակցության շատ կարևոր փուլում ենք: 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի կառավարությունը շատ ավելի մեծ ակտիվությամբ է մասնակցում Արցախի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Եվ, եթե ես ճիշտ եմ հիշում, Արցախի՝ 2022 թվականի տարեկան բյուջեն աննախադեպ չափեր ունի, ինչն, ըստ էության, բնական է, որովհետև հետպատերազմական վերականգնումը, նախ, շատ կարևոր է և, բնականաբար, շատ ջանքեր պիտի մեզնից պահանջի: Եվ ես սա բնականոն եմ համարում: Ուզում եմ ընդգծել, որ 2022 թվականին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին: 2021 թվականին այդ թիվը գերազանցել է 100 մլրդ դրամը: Շատ կարևոր է, և մենք բազմիցս ենք քննարկել, որ հընթացս զուտ սոցիալական հնարավոր ճգնաժամի կառավարման փուլից անցնենք զարգացման տրամաբանության և փորձենք մեր համագործակցությունը տեղավորել հենց այս տրամաբանության մեջ, որ զարգացման ծրագրեր իրականացնենք Արցախում: Շատ ուրախ եմ այս քննարկման համար: Ի դեպ, այս թեմայով սա մեր առաջին այսպիսի քննարկումը չէ: Մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, դրանց մի մասը զուտ աշխատանքային են եղել, չեն էլ լուսաբանվել, մյուս հատվածը նաև լուսաբանվել է: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ ծրագրերն արդյունավետ են իրականացվում: Ուզում եմ հիշեցնել նաև, որ պատերազմից հետո, բնականաբար, շատ մեծ մտավախություններ ունեինք՝ կապված սոցիալական վիճակի, մնացած ամեն ինչի հետ: Իհարկե, պարզ է, որ սոցիալական իրավիճակը ոչ միայն Արցախում, Հայաստանում մեր երազածի նման չէ, բայց խոսքը գնում է ընդհանուր առմամբ իրադրության կառավարելիության մասին: Մանավանդ այսօր շատ է քննարկվում նաև սոցիալական իրավիճակը, գնաճը. քովիդով պայմանավորված, ըստ էության, գլոբալ երևույթ է, և մենք չենք կարող առանձին վերցրած դիտարկել խնդիրը: Մեր այս ամեն ինչին ավելացան նաև պատերազմը, պատերազմի հետևանքները: Եվ այդ առումով կարող ենք արձանագրել, որ առնվազն մենք իրադրությունը համատեղ ջանքերով կարողացել ենք որոշակի կառավարելիության տիրույթում պահել, որպեսզի հետպատերազմական իրավիճակում հումանիտար ճգնաժամեր չառաջանան»: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշել է. «Պարոն վարչապետ, Նախ ուզում եմ նորից իմ շնորհակալությունը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ պատերազմի օրերին և հետպատերազմյան ժամանակահատվածում սոցիալական խնդիրների լուծման համար: Որևէ խնդիր չի եղել առողջապահական, տեղավորման և հետագա մնացյալ հարցերի լուծման առումով՝ անկախ տրամադրվող նպաստներից և ծավալներից: Մենք միշտ զգացել ենք, որ Հայաստանի կառավարության, նրա անդամների, ընդհանուր առմամբ՝ բոլոր պաշտոնյաների կողմից վերաբերմունքը եղել է միշտ այնպիսին, որ այդ ծանր ժամանակահատվածում ղարաբաղցիները միշտ տեսել են այդ աջակցությունը: Եվ հետպատերազմյան ժամանակահատվածում ամեն ինչ արել ենք, որպեսզի կարողանանք լուծել մեր ամենածանր խնդիրը՝ տեղահանված բնակչությանը հնարավորություն տալ առաջին հերթին Արցախում և Հայաստանում ժամանակավոր ապաստան գտնել և, իհարկե, հետո արմատական լուծումներ տալ: Պարոն վարչապետ, նշեմ, որ 2022 թվականին ավելի հստակ 140 մլրդ դրամ միայն միջպետական վարկ և ուղղակի դրամաշնորհ է տրամադրվել Արցախի բյուջեին: Բացի դրանից, Հայաստանի կառավարությունը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերով, բազմաթիվ սոցիալական ծրագրեր իրականացրել է ուղղակի: Դրա համար թիվը շատ մեծ է, դրանց շնորհիվ մեզ հաջողվել է արտագաղթը կանխել և արդեն այսօր լուծել ավելի կարևոր խնդիրներ: Ուզում եմ նշել, պարոն վարչապետ, որ արդեն 300 բնակարան ավարտված է և հանձնված է հիմնականում տեղահանված զոհվածների ընտանիքներին և երկրորդը՝ կարիքավոր, առաջին հերթին, այն ընտանիքներին, որոնք ավելի սուղ վիճակում են: Բնակարանաշինությունն սկսված է 3000 տների շինարարության առումով. մոտ 500 բնակարան մենք հին ֆոնդից՝ գյուղերում առկա ազատ ֆոնդից, վերանորոգել ենք, տրամադրել, մոտ 2000 բնակարան արդեն նախագծվում է, որոնք պետք է սկսենք 2022 թվականին: Այսինքն՝ այդ 5000 բնակարանային շինարարության ծրագրով մենք հիմնականում նաև հին ֆոնդերում, որտեղ չեն ապրում, դրանք էլ վերագործարկելով լուծելու ենք այն խնդիրը, որը մեր առջև դրել ենք:Ի դեպ, պարոն, վարչապետ, նշեմ նաև, որ, այո, 144 մլրդ դրամի պարագայում մեզ հաջողվելու է լուծել առկա խնդիրները և ոչ միայն բնակարանաշինության: Մենք շատ հավակնոտ ծրագրեր ենք սկսել. կառուցվում է արդեն Բադարա-Ստեփանակերտ խողովակաշարը, որն ամբողջությամբ լուծելու է ոչ միայն Ստեփանակերտի որակյալ խմելու ջրի հարցը, այլ նաև այդ կառուցվող բնակավայրերի, որոնց մի մասը գտնվում է Ստեփանակերտի հարակից տարածքներում: Զուգահեռ արդեն սկսված են Բադարայի ջրամբարի աշխատանքները, որն անկախ Արցախի պատմության մեջ աննախադեպ երևույթ է: Ավարտման փուլում են Սովետար կոչվող ջրանցքի աշխատանքները, որը լրացուցիչ 3000 հեկտար ոռոգման հնարավորություն է տալու: Եվ զուգահեռ, այդ թվում նշեցիք՝ տնտեսական ծրագրերի իրականացման առումով, մեր աշխատանքներն ենք կատարում բազմաթիվ արտեզյան ջրհորների առումով, որպեսզի գյուղատնտեսությունը, որը պիտի դառնա մեր ընդհանուր տնտեսության լոկոմոտիվը, շարժվի առաջ: «Բեյզ Մեթըլս»-ի առումով նշեմ, որ արդեն հիմնականում աշխատում է 70-80 տոկոս հզորությամբ, դա պլանավորված է: Լուծվել է ջրի, էներգետիկայի մատակարարման հարցը, արտացոլումը պետական բյուջեի մուտքերի մասով՝ եթե 2021 թվականին պլանային եղել է 17 մլրդ, կատարել ենք 34 մլրդ: Այս տարի ծրագրով նախատեսել ենք 40 մլրդ, բայց, իհարկե, մեր սպասելիքները շատ ավելի մեծ են: Դրան զուգահեռ տարբեր բարեգործական ծրագրերով, համագործակցությամբ ջերմոցային տնտեսություններ, այլ ուղղություններ ևս զարգացնում ենք: Ընդհանուր առմամբ, պարոն վարչապետ, բնակարանաշինության տեմպերը համապատասխանում են այն ծավալներին, որ միասին քննարկել ենք և եկել ենք համաձայնության: Զուգահեռ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 1061 բնակարան է կառուցում, բացի բնակարաններից, նաև ենթակառուցվածքային այլ ծրագրեր, ջրագծեր այլ գյուղերում, այլ բնակավայրերում, ասֆալտապատում: Այսինքն՝ ծրագրեր իրականացվում են ենթակառուցվածքների բոլոր ուղղություններով և նաև բնակարանաշինությամբ: Հաջողվել է լուծել ամենակարևոր խնդիրը՝ հոսանքի խնդիրը և համարյա անխափան կարողացել ենք մինչ այսօր դեռ պահպանել իրավիճակը, որովհետև ծանր է եղել հզորությունների մատակարարման, ապահովման առումով և այլն: Եթե որևէ ֆորսմաժոր չլինի, նաև այդ հարցն է լուծվում՝ այն դեպքում, որ «Բեյզ Մեթըլս»-ի անհրաժեշտ հոսանքը ևս կարողացել ենք մատակարարել: Ընդհանուր առմամբ ուզում եմ գոհունակություն հայտնել, պարոն վարչապետ, ձևավորված համագործակցության առումով: Պատասխանատուների հետ մշտապես կապի մեջ ենք: Շնորհակալություն»:
17:56 - 24 հունվարի, 2022
Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանին

Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։ Ընդգծելով երկու երկրների միջև համագործակցության կարևորությունը՝ նախարարը շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսային համավարակի հետևանքների հաղթահարման նպատակով Լիտվայի կառավարության կողմից տրամադրված աջակցության համար։ Անդրադառնալով Լիտվայի սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարության հետ համատեղ իրականացված աշխատանքներին՝ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է 2017 թվականին ստորագրված համատեղ համաձայնագրի դերը՝ այն որակելով որպես արդյունավետ հարթակ՝ ոլորտային համագործակցության խորացման և երկխոսության խթանման համար․ «Բարձր ենք գնահատում Լիտվայի կողմից վերջերս տրամադրված փորձագիտական աջակցությունը, որի շրջանակում առցանց աշխատաժողովներ ու քննարկումներ են կազմակերպվել որդեգրման գործընթացի, խնամատարության ինստիտուտի զարգացման, աշխատանքային վեճերի կարգավորման փորձի ուսումնասիրման նպատակով»,- նշել է նախարարը։ Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն նշել է, որ նմանօրինակ հանդիպումները  հնարավորություն են տալիս ոչ միայն ծանոթանալ նախարարության առաջնահերթություններին, այլև հստակեցնել առաջիկա համագործակցության ուղղությունները։ Ընդգծելով ԱՍՀՆ կողմից հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանում իրականացվող բարեփոխումների կարևորությունը՝ դեսպանը նշել է․ «Հուսով ենք, որ հաշմանդամության գնահատմանն ու ծառայությունների մատուցմանը, հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրմանն, ինչպես նաև խնամատար ընտանիքներում երեխայի այլընտանքային խնամքի կազմակերպմանն ուղղված աշխատանքներում մենք ևս կկարողանանք ապահովել անհրաժեշտ աջակցություն, իրականացնել փորձի փոխանակում և տրամադրել մեթոդական աջակցություն»։ Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել իրականացնելու անհրաժեշտ քայլեր՝ ոլորտային համագործակցության ընդլայնման նպատակով։
22:19 - 21 հունվարի, 2022
2021թ․ հոկտեմբերի դրությամբ թրաֆիքինգի դեպքերի առթիվ հարուցված գործերով 13 անձ է տուժող ճանաչել, 4-ն` անչափահաս․ ամփոփ տվյալներ

2021թ․ հոկտեմբերի դրությամբ թրաֆիքինգի դեպքերի առթիվ հարուցված գործերով 13 անձ է տուժող ճանաչել, 4-ն` անչափահաս․ ամփոփ տվյալներ

2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներն ընդգրկող ժամանակահատվածում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը 25 անձի է նույնականացրել որպես մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհ, նրանցից 8-ն անչափահաս են։ ՀՀ ոստիկանությունը նույն ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերի շրջանակներում (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 13 անձի է տուժող ճանաչել, 4-ն՝ անչափահաս։ Այս մասին Infocom-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են նախարարությունց եւ Ոստիկանությունից։ Նույնացման հանձնաժողովի կողմից անձին թրաֆիքինգի զոհ ճանաչելը եւ իրավապահ մարմինների կողմից քրեական գործի շրջանակում տուժող ճանաչելն իրարից անկախ գործընթացներ են, չեն պայմանավորում մեկը մյուսին, այդ իսկ պատճառով, տրամադրված թվերի միջեւ առկա է որոշակի տարբերություն։ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի համաձայն՝ մարդու թրաֆիքինգը շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալն են, ինչպես նաեւ մարդուն շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը՝ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձեւերով, առեւանգման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու կամ նրան վերահսկող անձի հետ համաձայնություն ձեռք բերելու նպատակով նյութական կամ այլ օգուտ տալու կամ ստանալու կամ այդպիսիք խոստանալու միջոցով։ Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը պատժվում է 5-14 տարի ազատազրկմամբ՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա։ Վերջին տասնամյակում չափահաս անձանց թրաֆիքինգի ամենաշատ դեպքերը Ոստիկանությունն արձանագրել է 2012-ին, 2013-ին, 2014-ին եւ անցյալ՝ 2021 թվականին։ 2012-ի համեմատ, այդուհանդերձ, դեպքերը նվազել են։  Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե չափահասների թրաֆիքինգի դեպքերի առթիվ 2012-2021թ․ հոկտեմբերը քանի քրեական գործեր են հարուցվել 2012-ին հարուցված 13 քրեական գործերից մեկը մինչ օրս նախաքննության փուլում է, եւս մեկը՝ 2019-ին հարուցված քրեական գործերից։ Նախաքննության փուլում են նաեւ 2020-ին հարուցված վեց քրեական գործերից հինգը, մինչեւ այս տարվա հոկտեմբերը հարուցված յոթ քրգործերից 4-ը։ Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե չափահասների թրաֆիքինգի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերն ինչ ճակատագրի են արժանացել 2012-ին Ոստիկանությունը տուժող է ճանաչել 14 չափահաս անձի, 2013-ին՝ յոթ, 2014-ին՝ յոթ, 2015-ին՝ չորս անձի, 2016-ին՝ տասնմեկ անձի, 2017-ին՝ 3 անձի, 2018-ին՝ մեկ անձի, 2019-ին՝ չորս անձի, 2020-ին՝ վեց անձի, 2021-ի հունվարից հոկտեմբերը՝ ինն անձի։  Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե թրաֆիքինգի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերով տուժող ճանաչված չափահասներից քանիսն են իգական, քանիսը՝ արական սեռի ներկայացուցիչ ՀՀ ոստիկանությունը վերջին տասնամյակում անչափահասների թրաֆիքինգի ամենաշատ դեպքեր արձանագրել է 2013 թվականին։ Նման դեպքերը, Ոստիկանության տվյալների համաձայն, 2013-ի համեմատ չեն աճել։ Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե անչափահասների թրաֆիքինգի դեպքերի առթիվ 2012-2021թ․ հոկտեմբերը քանի քրեական գործեր են հարուցվել   2012-ին եւ 2013-ին հարուցված քրգործերն ուղարկվել են դատարան։ Դատարան են ուղարկվել նաեւ 2015-ին, 2017-ին, 2018-ին հարուցված գործերը, իսկ 2019-ին, 2020-ին, 2021-ին հարուցված քրեական գործերը հոկտեմբերի դրությամբ դեռեւս նախաքննության փուլում են գտնվել։ Կարճված եւ կասեցված գործեր չկան։   Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե անչփահասների թրաֆիքինգի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերն ինչ ճակատագրի են արժանացել 2012-ին Ոստիկանությունը տուժող է ճանաչել 4 անչափահաս անձի, 2013-ին՝ դարձյալ 4, 2015-ին՝ մեկ անչափահասի, 2017-ին՝ դարձյալ մեկ անչափահասի, 2018-ին՝ երկու, 2019-ին՝ չորս անձի։ Թեեւ 2020-ին երեք քրգործ է հարուցվել, որեւէ անչափահաս հոկտեմբերի դրությամբ չի ունեցել տուժողի կարգավիճակ, 2021-ին տուժող է ճանաչվել չորս անչափահաս։ Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե թրաֆիքինգի դեպքերի առնչությամբ հարուցված քրգործերով տուժող ճանաչված չափահասներից քանիսն են իգական, քանիսը՝ արական սեռի ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին ընդունվել է «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքը։ Այն նպատակ ունի հայտնաբերել թրաֆիքինգի եւ (կամ) շահագործման ենթարկված անձանց, պատշաճ նույնացնել նրանց, արդյունավետ ապահովել աջակցությամբ, պաշտպանությամբ եւ հասարակությանը սոցիալական վերաինտեգրմամբ՝ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ, ինչպես նաեւ հասարակական, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության հետ ռազմավարական համագործակցության ընթացակարգերի ձեւավորմամբ:  Օրենքը սահմանում է, որ մարդկանց թրաֆիքինգի եւ (կամ) շահագործման ենթարկված է համարվում այն անձը, որն այդպիսին է ճանաչվել Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի որոշմամբ։ Իսկ հավանական զոհի նույնացման համար հարկավոր է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված լինելը հավաստող կամ հերքող տեղեկությունները, փաստերը, ապացույցները եւ այլ նյութեր ներկայացնել Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերի նույնացման հանձնաժողով: Նույնացման հանձնաժողովը կազմավորվում է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերին նույնացնելու գործում փորձառու հասարակական կազմակերպությունների, ՀՀ գլխավոր դատախազության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներից, որոնք նույնացման հանձնաժողովում հանդես են գալիս հավասար իրավունքներով: Հասարակական կազմակերպությունները եւ պետական մարմինները նույնացման հանձնաժողովում ներկայացված են անդամների հավասար քանակով: Նույնացման հանձնաժողովի նախագահն է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը:  Քանի որ «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքն ընդունվել է 2014-ին, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն, օրենսդրությամբ նախատեսված կարգով, մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերի նույնացման գործընթացն իրականացրել է 2015 թվականից սկսած՝ ինչպես տեղեկանում ենք նախարարություն ուղարկած մեր հարցման պատասխանից։ Ըստ նախարարության տրամադրած տեղեկության՝ 2015 թվականին նույնացվել է 7 անձ, 2016թ․-ին՝ 17 անձ, 2017թ․-ին՝ 11 անձ, որից 2-ն՝ անչափահաս, 2018 թ․-ին՝ 9 անձ, որից 2-ն՝ անչափահաս, 2019թ․-ին՝ 8 անձ, որից 2-ն՝ անչափահաս, 2020թ․-ին՝ 9 անձ, որից 5-ն՝ անչափահաս, եւ նախորդ տարվա սկզբից մինչեւ հոկտեմբերը, ինչպես նշեցինք, 25 անձ, որից 8-ն՝ անչափահաս։ Նախարարությունը մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերին, այդ թվում՝ հատուկ կատեգորիայի զոհ* հանդիսացող անչափահասներին տրամադրում է հիմնական աջակցության տեսակները, այդ թվում՝ կացարանի ապահովում, բնաիրային օգնություն, հոգեբանական, իրավաբանական խորհրդատվություն, օժանդակում՝ անհրաժեշտ փաստաթղթերի վերականգնման գործընթացում, թարգմանչական ծառայությունների մատուցում, օժանդակում աշխատանքի տեղավորման եւ հիմնական կրթության ապահովման հարցում։ Աջակցության այս տեսակների մատուցումն ապահովվում է պետական բյուջեի ֆինանսավորմամբ՝ Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնում ծրագրի շրջանակում, որն իրականցվում է դրամաշնորհային մրցույթում հաղթող ճանաչված հասարակական կազմակերպության կողմից։ Գերատեսչությունից մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ նախարարության կողմից իրականացվող մյուս ծրագրի շրջանակում առաջնային կարիքները հոգալու համար միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում թրաֆիքինգի եւ շահագործման զոհերին (այդ թվում՝ հատուկ կատեգորիա հանդիսացող զոհերին)՝ 250,000 դրամի չափով։ «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից 2019 -2020թ. մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել «Թրաֆիքինգի եւ մարդկանց շահագործման դեմ պայքարի վեցերորդ՝ 2020-2022 թթ. ազգային ծրագիրը», որն ընդունվել է ՀՀ կառավարության 2020 թվականի N 909-Լ որոշմամբ։ Թրաֆիքինգի եւ մարդկանց շահագործման դեմ պայքարի վեցերորդ ծրագրով ներկայացված գործողություններն ուղղված են մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը եւ ներառված են 6 հիմնական բաժնում`  մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի օրենսդրության կատարելագործում,  մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման կանխարգելում, երեխաների թրաֆիքինգի եւ շահագործման կանխարգելում,  մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց հայտնաբերում,  պաշտպանություն եւ աջակցություն,  միջազգային համագործակցություն,  ուսումնասիրությունների կատարում, մշտադիտարկում եւ գնահատում»: Նախարարությունից հարցման պատասխանում նշել են, որ Ազգային ծրագրով առանձնացված գործողություններով նախատեսվում է առավել ընդգրկուն ու համապարփակ դարձնել մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարը, համախմբել ներգրավված կողմերի ուժերը, նպաստել մասնագետների կարողությունների հզորացմանն ու որակավորման բարձրացմանը, երեւույթի առավել արդյունավետ կանխարգելմանը, զոհերի նույնացմանը, բարելավել աջակցությունը եւ հստակեցնել պաշտպանության մեխանիզմները՝ հաշվի առնելով նաեւ երեխայի լավագույն շահը: Ինչ վերաբերում է Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդին, նախարարությունն ընդգծել է, որ այն ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի գործընթացում կարեւոր դերակատարում ունի։ «Այն ղեկավարում է ՀՀ փոխվարչապետը․ պարբերաբար հրավիրվող նիստերում քննարկվում են ոլորտի խնդիրները, քաղաքականության առաջնահերթ ուղղությունները»։  Գերատեսչությունից ընդգծել են, որ 2021 թվականի հուլիսի 30-ից մինչեւ դեկտեմբերի 2-ը հայտարարվել է Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարին ուղղված տեղեկատվական եւ կանխարգելման արշավ, որի շրջանակում կազմակերպվել են բազմաթիիվ քննարկումներ, իրականացվել են մարզային այցելություններ, կազմակերպել վերապատրաստման դասընթացներ։ Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության եւ նախարարության տրամադրած տվյալների որոշակի տարբերությանը, ապա նախարարությունից մեր հարցին ի պատասխան հայտնել են, որ, օրինակ, դեպքը կարող է բացահայտված լինել ավելի շուտ, բայց նույնացման գործընթացը տեղի ունենա ավելի ուշ։  * Հատուկ կատեգորիայի զոհ - մարդկանց թրաֆիքինգի եւ (կամ) շահագործման ենթարկված անձ, որը հայտնաբերման պահին եղել է երեխա կամ հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունն ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձ եւ այդպիսին է ճանաչվել Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի որոշմամբ։ Ի հավելումն նշենք, որ ՀՀ ոստիկանությունը կենտրոնացված հաշվառում չի իրականացնում, թե չափահաս կամ անչափահաս անձանց թրաֆիքինգի համար քանի անձ է դատապարտվել։ Հայարփի Բաղդասարյան
15:01 - 13 հունվարի, 2022
Մինչև 2004 թվականը հաշմանդամ դարձած օդաչուները ՍԴ որոշմամբ ունեն աշխատավայրում կրած վնասի համար պետական բյուջեի հաշվին փոխհատուցում ստանալու իրավունք. ՄԻՊ

Մինչև 2004 թվականը հաշմանդամ դարձած օդաչուները ՍԴ որոշմամբ ունեն աշխատավայրում կրած վնասի համար պետական բյուջեի հաշվին փոխհատուցում ստանալու իրավունք. ՄԻՊ

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կայացրած որոշմամբ աշխատավայրում հաշմանդամություն ձեռք բերած օդաչուներն ունեն պետական բյուջեի հաշվին փոխհատուցում ստանալու իրավունք: Բանն այն է, որ 2004 թվականին Կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել որոշման մի դրույթ, որով կազմակերպության լուծարման կամ վերակառուցման հետևանքով գործունեության դադարեցման դեպքում վնասը փոխհատուցում է նրա իրավահաջորդը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` պետական բյուջեն: Արդյունքում, օդաչուները զրկվել են դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցման ամենամսյա վճարներից: 2006 թվականից մինչ 2020 թվականը կազմակերպության լուծարման վերաբերյալ դատական գործընթացների ավարտին սպասել են նաև օդաչունները, որոնց նպատակն է եղել վերջնական դատական ակտ ունենալուց հետո օրենսդրական նախաձեռնության ճանապարհով ստանալ վնասի հատուցման համար նախատեսված գումարները: Ավելի քան 7 տարի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության է դրել այդպես էլ իրականություն չդարձած օրենքի նախագիծ, որի նպատակն է կազմակերպության լուծարման դեպքում լուծել դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով տուժած անձանց վնասի հատուցման հարցը: 2017 և 2020 թվականներին Կառավարության հետ քննարկումները և ձեռք բերված աշխատանքային պայմանավորվածությունները արձանագրել են խնդրի լուծմանն ուղղված որոշակի դրական տեղաշարժեր: Այդպիսի տեղաշարժերից էր խնդրի լուծմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը: Մինչդեռ, 2020 թվականին Արդարադատության նախարարությունը նախագծի ընդունման վերաբերյալ ներկայացրել է բացասական եզրակացության արդյունքում գործընթացը կանգ առավ: Վերջերս Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա հստակ արձանագրել է, որ ՀՀ կառավարության վիճարկվող՝ թիվ 579 որոշմամբ ամրագրված իրավակարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ մինչև ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի թիվ 1094-Ն որոշմամբ կատարված փոփոխության ուժի մեջ մտնելը աշխատավայրում աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնաս կրած անձինք կազմակերպության գործունեության դադարեցման դեպքում կապիտալացված միջոցների բացակայության կամ անբավարար լինելու պարագայում պահպանում են պետական բյուջեի հաշվին փոխհատուցում ստանալու իրավունքը: Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումները՝ Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ որպես աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմին, օդաչուների փոխհատուցում ստանալու ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ։ Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում շարունակելու է հետևողական լինել և գործադրել առկա բոլոր հնարավորությունները օդաչուների խախտված իրավունքների վերականգնման նպատակով:
11:42 - 11 հունվարի, 2022
Սոցփաթեթի շահառուն կարող է նաև օգտվել ստոմատոլոգիական ծառայություններից

Սոցփաթեթի շահառուն կարող է նաև օգտվել ստոմատոլոգիական ծառայություններից

Սոցիալական փաթեթի հատկացման կարգում իրականացված փոփոխությունների արդյունքում 2021 թվականի դեկտեմբերի 13-ից սոցփաթեթի շահառուն կարող է օգտվել նաև ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում մատուցող առողջապահական կազմակերպությունների ծառայություններից։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։   Հիշեցնենք, որ սոցփաթեթի հատկացման կարգում կատարվել են նաև այլ փոփոխություններ, մասնավորապես՝   հանվել է սոցփաթեթի ծառայություններից օգտվելու համար նույնականացման քարտը ներկայացնելու պարտադիր պահանջը. շահառուների համար նաև սահմանվել է երաշխիք, որով սոցփաթեթի մեկ շահառու կազմակերպությունից մյուսը մեկամսյա ժամկետում աշխատանքի անցնելիս կպահպանվի սոցփաթեթից օգտվելու իրենց իրավունքը. վերանայվել է սոցփաթեթի շահառուների ընտանիքի անմիջական անդամների շրջանակը, համաձայն որի՝ ընտանիքի անմիջական անդամ է համարվում նաև շահառուի ծնողը, որդեգրողը, որդեգրվածը, խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, տատը, պապը, թոռը, համատեղ բնակվող եղբայրը և քույրը։  
15:20 - 07 հունվարի, 2022
Ովքեր չեն դիմել կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու համար, ինքնաշխատ եղանակով ընտրվել է անկանխիկ եղանակով վճարող կազմակերպություն

Ովքեր չեն դիմել կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու համար, ինքնաշխատ եղանակով ընտրվել է անկանխիկ եղանակով վճարող կազմակերպություն

Հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակներն ու կենսաթոշակների վճարման կարգով տրամադրվող նպաստները վճարվում են անկանխիկ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ քաղաքաբնակ այն կենսաթոշակառուները, ովքեր մինչև 2021թ․ դեկտեմբերի 30-ը կենսաթոշակը ստացել են կանխիկ եղանակով և չեն դիմել կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու համար, ծրագրային մոդուլի կիրառմամբ՝ նրանց համար ինքնաշխատ եղանակով ընտրվել է անկանխիկ եղանակով վճարող կազմակերպություն (Ազգային օպերատոր՝ էլեկտրոնային փողի միջոցով կամ բանկեր)։ Նշվում է, որ ընտրված կազմակերպության մասին քաղաքացին կարող է տեղեկանալ առցանց եղանակով։ Դրա համար անհրաժեշտ է մուտք գործել Միասնական սոցիալական ծառայության կայքէջ և բացված պատուհանում մուտքագրել կենսաթոշակառուի անձնական տվյալները։ Կենսաթոշակառուն ցանկացած ժամանակ կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն՝ վճարող կազմակերպությունը, այդ թվում՝ վերը նշված ծրագրային մոդուլի կիրառմամբ ընտրված վճարող կազմակերպությունը, փոխելու համար։ Վճարման անկանխիկ եղանակի նշված կարգը տարածվում է նաև խնամքի նպաստի և կենսաթոշակների վճարման կարգով վճարվող՝ ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, պարգևավճարների և պատվովճարների վրա։ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 75 տարին լրացած կենսաթոշակառուները, ինչպես նաև 14 տարին լրացած անչափահաս կենսաթոշակառուները և լիազորագրով կենսաթոշակ ստացողները կարող են կենսաթոշակը ստանալ իրենց ընտրությամբ՝ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով։
11:53 - 05 հունվարի, 2022
Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած տղաներին պետությունը կաջակցի աշխատանք գտնելու հարցում |armenpress.am|

Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած տղաներին պետությունը կաջակցի աշխատանք գտնելու հարցում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է իրականացնել նոր ծրագիր, որի գլխավոր շահառուները լինելու են պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած տղաները: Այս մասին նշեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Նախ գնահատվելու են նրանց կարիքները, հստակեցվելու են, թե կոնկրետ ինչ ուղղություններով հմտությունները զարգացնելու անհրաժեշտություն կա: Այնուհետև նրանք ներգրավվելու են վերապատրաստման ու հմտությունների զարգացման ամենատարբեր ծրագրերում: Համագործակցելով գործընկեր կազմակերպությունների, գործատուների հետ՝ աջակցություն է տրամադրվելու աշխատանք գտնելու հարցում: Մինչև ծրագրի մանրամասների կազմելը հստակեցվելու են նաև այն մեխանիզմները, որոնցով Հայաստանում գործող միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններն իրականացնելու են շահառուների կարիքների գնահատում: Նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ այս ծրագրի հիմքում արցախյան պատերազմի մասնակից տղաների, հաշմանդամություն ձեռք բերած անձանց ուղղված աշխատանքներն են: «Այդ աշխատանքներ մեզ ստիպեցին մտածելու մի նոր համակարգի մասին՝ հստակեցնելու, թե պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո ինչ պետք է անի պետությունը, որ այդ տղաները վերապատրաստվեն, զարգացնեն հմտությունները: Մենք հիմա աշխատում ենք այդ համակարգի վրա և եկող տարվա ծրագրերի մեջ են մտնում լայնամասշտաբ վերապատրաստումները: Իհարկե, այստեղ շատ կարևոր է կարիքների գնահատումը, հենց այդ գործընթացից են բխելու մեր հետագա անելիքները»,-ասա Նարեկ Մկրտչյանը: Անդրադառնալով պատերազմի մասնակիցներին, ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց ուղղված աշխատանքներին՝ նախարարը նկատեց, որ այս տարի կառավարությունը հաստատեց մի ծրագիր, որով արդեն աջակցություն կցուցաբերվի  90-ականներից ի վեր, երբևէ տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց: Աջակցությունն ուղղված է ինչպես հաշմանդամություն ձեռք բերած անձանց աշխատանքի ընդունելու պարագայում միջավայրի հարմարեցմանը, այնպես էլ աշխատավարձից  հաշվարկված եկամտային հարկի մինչև 100 հազար դրամ փոխհատուցմանը: Նախարարը տեղեկացրեց, որ տարվա ընթացքում ակտիվ աշխատել են ինչպես մյուս գերատեսչությունների, այնպես էլ մասնավոր ընկերությունների հետ պատերազմի մասնակիցների հմտությունների զարգացման ու աշխատանքի տեղավորման նպատակով: «Նրանք իրոք կարող ուժեր են, պետք է նրանց հմտությունները զարգացնել ու հնարավորություն տալ աշխատաշուկայում դառնալ ավելի մրցունակ»,-հավելեց նախարարը:
15:02 - 27 դեկտեմբերի, 2021
Արցախահայությանն ուղղված ծրագրերում շեշտը դրվելու է զարգացման բաղադրիչի վրա |armenpress.am|

Արցախահայությանն ուղղված ծրագրերում շեշտը դրվելու է զարգացման բաղադրիչի վրա |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիտարկում է արցախահայությանն ուղղված ծրագրերում առաջիկայում զարգացման բաղադրիչի վրա շեշտը դնելու հնարավորությունը: Այս մասին նշեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Աշխատանք է տարվում կարիքների գնահատման ուղղությամբ և, ըստ այդմ, կոնկրետ զարգացման ծրագրեր են առաջարկվելու: «Այսօր էլ իրականացվում են աշխատանքներ արցախահայության զբաղվածության խնդիրների լուծման ուղղությամբ: Պետության կողմից իրականացվող երկու զբաղվածության ծրագրից բացի, նախաձեռնություններով հանդես է գալիս նաև բիզնես հատվածը: Եթե կարիք կա արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար զարգացնել հմտությունները, ապա մենք պատրաստ ենք աջակցել այդ հարցում»,-ասաց նախարարն՝ ավելացնելով, որ վերջերս հանդիպում է ունեցել Հայաստանում Արցախի կառավարության շտաբի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և նախանշել են, որ պետք է ակտիվացնեն այդ ուղղությամբ աշխատանքները: Նախատեսվում է թե մասնավոր, թե պետական ոլորտում եղած ազատ հաստիքները առավել հասանելի դարձնել Հայաստանում ապրող արցախցիներին: Դրանից բացի, նախարարությունը հայտարարել է, որ կամրջի դեր է կատարելու սոցիալական բիզնեսներն Արցախ ուղղորդելու հարցում: Այդ համատեքստում Արցախում սոցիալական բիզնեսի շաբաթ է անցկացվել: Արդեն կան նախաձեռնություններ տեղում ջերմոցային տնտեսություն հիմնելու և այլ նման ծրագրեր իրականացնելու համար: Նարեկ Մկրտչյանը նշեց, որ սպասում են Արցախի կառավարության արձագանքին՝ հստակեցնելու, թե որն է լինելու այն մարմինը, որը համակարգելու է ուղղորդված սոցիալական բիզնես ծրագրերը:
13:56 - 27 դեկտեմբերի, 2021
Պատերազմի մարտահրավերներին արձագանքելու շրջանում սոցիալական մյուս ծրագրերը չեն տուժել. նախարար |armenpress.am|

Պատերազմի մարտահրավերներին արձագանքելու շրջանում սոցիալական մյուս ծրագրերը չեն տուժել. նախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար 2021 թվականը եղել է հետպատերազմյան իներցիան հաղթահարելու, նոր ծրագրեր մեկնարկելու, բարեփոխումներ իրականացնելու ժամանակահատված: Այս մասին նշեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն՝ ամփոփելով 2021 թվականի աշխատանքները: «Շարունակում ենք արցախահայությանն ուղղված աջակցությունն ամենատարբեր ուղղություններով: Արձանագրենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեծամասամբ կարողացել է անդրադառնալ բոլոր մարտահրավերներին, կարողացել է մեղմել սոցիալական լարվածության մի շարք խնդիրներ՝ պայմանավորված պատերազմով: Պետք է անդրադառնալ այն փաստին, որ սոցիալական պաշտպանության ոլորտն այդ մարտահրավերներին արձագանքելու համատեքստում չի տուժել: Ավելին՝ ոչ միայն կարողացել ենք անդրադառնալ սոցիալական պաշտպանության ոլորտին, այլ նոր ծրագրերի ու բարեփոխումների սկիզբ դրել»,-ասաց նախարարը: Ներկայացնելով պատերազմի հետևանքով Հայաստանում ժամանակավոր բնակվող արցախահայությանն ուղղված ծրագրերին՝ Նարեկ Մկրտչյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ Արցախի Հանրապետության սոցիալական անվտանգության հիմնական երաշխավորը: Պատերազմի ավարտից ի վեր Հայաստանի կառավարությունը իրականացրել է շուրջ երկու տասնյակ աջակցության ծրագրեր ուղղված Արցախին ու արցախահայությանը: Աշխատանքները եղել են տարբեր ուղղություններով՝ ֆինանսական աջակցություն, կացարանի տրամադրում, զբաղվածության ծրագրեր: «Այս ծրագրերի շնորհիվ մենք կարողացել ենք հաղթահարել հետպատերազմյան ժամանակահատվածում եղած մարտահրավերները, լուծել արցախահայության մի շարք խնդիրներ: Ուրախությամբ կարող ենք ասել, որ մեր հայրենակիցների ավելի քան 80 տոկոսը վերադարձել է Արցախ: Նրանց մի մասը շարունակում է ՀՀ-ում մնալ ու լինել մեր ուշադրության կենտրոնում»,-ասաց Նարեկ Մկրտչյանը: Արցախահայությանն ուղղված սոցիալական աջակցության ծրագրերը կշարունակվեն 2022 թվականի առաջին եռամսյակում՝ միևնույն ժամանակ խրախուսելով զբաղվածության ու աշխատանքի բաղադրիչը:  
13:19 - 27 դեկտեմբերի, 2021
Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ կտրամադրվի ամսական 50 հազար դրամ |1lurer.am|

Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ կտրամադրվի ամսական 50 հազար դրամ |1lurer.am|

1lurer.am: Ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ կնշանակվի դրամական աջակցություն՝ ամսական 50000 դրամի չափով: Նախագիծը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: «Նախագծի ընդունումը նպատակ ունի նպաստել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, մասնավորապես աջակցել և պետության կողմից լրացուցիչ երաշխիքներ տրամադրել այն ընտանիքներին, որոնք պլանավորում են կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների ծնունդը: Նախագծով առաջարկվում է ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ նոր ծնված երեխային նշանակել և վճարել դրամական աջակցություն ամսական 50 հազար դրամի չափով մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը: Որոշման դրույթները տարածվել են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ընդ որում, եթե երկվորյակ կամ միաժամանակ ավելի թվով երեխաների ծնվելու դեպքում հաշվի է առնվելու բարձր կարգաթվով երեխայի ծննդյան փաստը և կնշանակվի դրամական աջակցություն նոր ծնված բոլոր երեխաների համար»,- ասաց Մկրտչյանը: Նախարարի խոսքով՝ աջակցության այս տեսակը կարող է դառնալ պետական նպաստի տեսակ և ամրագրվել օրենքում՝ ապահովելով սոցիալական երաշխիք երկարաժամկետ կտրվածքով:
11:30 - 23 դեկտեմբերի, 2021
2022 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափը կավելանա |1lurer.am|

2022 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափը կավելանա |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Կառավարության անդամներն այսօր Կառավարության նիստի ընթացքում հավանություն տվեցին որոշման նախագծին, ըստ որի` 2022 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափը կավելանա:  Ինչպես հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, նախագիծը բխում է Կառավարության ծրագրի՝ գնաճի նկատմամբ միջին կենսաթոշակի առաջանցիկ աճն ապահովելու նպատակից: «Նշեմ նաև պետական կենսաթոշակների չափերի պարբերաբար ավելացումը ՀՀ 2022-2024 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով սահմանված է որպես սոցիալական ոլորտի ծախսային գերակայություններից մեկը»,- ասաց նախարարը՝ նշելով, որ կբարձրանան նվազագույն կենսաթոշակ ստացողների կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը:  1) նվազագույն կենսաթոշակի չափը` 28600 դրամ (26500 դրամի փոխարեն).   2) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը` ա․ առաջին խմբի հաշմանդամի համար՝ 43000 դրամ (40000 դրամի փոխարեն). բ․ երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 33000 դրամ (30000 դրամի փոխարեն). գ․ երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 30000 դրամ (27000 դրամի փոխարեն).   3) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 30000 դրամ (27000 դրամի փոխարեն)։   Կբարձրացվեն  նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով 28600 դրամ (26500 դրամի փոխարեն), իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 37000 դրամ (26500 դրամի փոխարեն:   ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կենսաթոշակների շարունակական բարձրացումը Կառավարության պարտավորությունն է, մյուս կողմից ընդգծեց, որ այդ պարտավորությունն առավել արդյունավետ դարձնելու միջոցն իրենք տեսնում են առավել արդյունավետ և առավել զարգացած և զարգացող տնտեսություն ունենալու մեջ:   «Տնտեսությունն է գեներացնում այն գումարները, որոնք մենք հնարավորություն ենք ունենում ծախսելու սոցիալական կարիքների վրա, և ուզում եմ մի այսպիսի զուգահեռ բերել. մենք կենսաթոշակների նվազագույն չափը ոչ դարակազմիկ չափով ենք մեծացնում, բայց ուզում եմ ընդգծել, որ այս տարի գիտության ոլորտում դարակազմիկ չափերով աշխատավարձեր և ֆինանսավորում ենք ավելացնում. մենք հույս ունենք, որ կրթության և գիտության տեխնոլոգիաների ոլորտներում մեր կատարած ներդրումները ի վերջո շղթայորեն բերելու են այնպիսի էֆեկտի, որտեղ մենք հնարավորություն կունենանք ավելի գործունակ և էֆեկտիվ սոցիալական ապահովության համակարգ ունենալ:   Սա Կառավարության մոտեցումն է տնտեսությանը, սոցիալական համակարգին, և այս ուղղությամբ մենք պետք է լրջորեն առաջ շարժվենք:   2022 թվականին մենք տնտեսական աճի հավակնոտ նշաձող ենք դրել, և մենք պետք է կենտրոնացնենք մեր ուժերը, որպեսզի ապահովենք տնտեսական աճի այն ցուցանիշը, որը որպես նշաձող մեր առջև դրել ենք»,- ասաց վարչապետը:
12:08 - 16 դեկտեմբերի, 2021
Նոր հետազոտություններ Հայաստանում՝ աղքատության եւ սոցիալական կարիքների վերաբերյալ․ Լոռու մարզն ամենախոցելին է առօրյա սննդի և հագուստի համար բավարար գումար չունենալու առումով

Նոր հետազոտություններ Հայաստանում՝ աղքատության եւ սոցիալական կարիքների վերաբերյալ․ Լոռու մարզն ամենախոցելին է առօրյա սննդի և հագուստի համար բավարար գումար չունենալու առումով

Դեկտեմբերի 14-ին կայացել է Հայաստանում բազմաչափ աղքատության և համայնքների սոցիալական կարիքների մասին ԵՄ-ի կողմից ֆինանսավորված երկու հետազոտությունների արդյունքների ներկայացումը։  Միջոցառման ընթացքում ներկայացված հետազոտությունները իրականացվել են Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ-Հայաստան) և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի (ՀՍԱԱ) կողմից Շիրակի, Լոռու և Տավուշի, Արմավիրի և Սյունիքի մարզերում։  «Հայաստանում ցնցումներին դիմացկուն սոցիալական պաշտպանության համակարգի ամրապնդումը ազգային և տեղական մակարդակներում 2021 թվականի ԵՄ-Հայաստան տարեկան գործողությունների ծրագրի առաջնահերթություններից է»,- իր խոսքում ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը,- «Մենք կարծում ենք, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարևոր դեր ունեն աղքատության ու անհավասարության վերաբերյալ դիսկուրս առաջացնելու և ամենախոցելի խմբերի կարիքները բավարարող քաղաքականություններն ու հատկացումները խթանելու գործում»:  ՀՌԿԿ-Հայաստանի «Համայնքային մակարդակում բազմաչափ աղքատությունը Հայաստանում» հետազոտությունը հայտնաբերել է մի շարք հիմնախնդիրներ․ Լոռու մարզն ամենախոցելին է (71.3%) առօրյա սննդի և հագուստի համար բավարար գումար չունենալու առումով, Սպիտակում ցուցանիշը 80.1% է: Սպիտակում տնային տնտեսությունների 83,7%-ը, Իջևանի՝ 74,3%-ը, չեն կարող իրենց միս կամ համարժեք բուսական սնունդ թույլ տալ ամեն երկրորդ օրը: Երեք մարզերում աշխատունակ տարիքի (15-75) անձանց կեսից ավելին աշխատաշուկայի մաս չի կազմում (55.9%), իսկ 39.6%-ը երկարաժամկետ գործազուրկ է: Բնակչության միայն 2,4%-ն է նշել, որ ի վիճակի է կոմունալ վճարումները կատարել «հեշտությամբ» և այլն։ Քովիդ-19-ի առումով խոցելի բնակչության տեսակարար կշիռը Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում միասին կազմել է 19.7%: Շիրակում (18.8%) այս ցուցանիշն ավելի ցածր է, քան Լոռիում (20.1%) և Տավուշում (20.4%): Այս և մյուս ցուցանիշների վերաբերյալ ՀՌԿԿ-Հայաստանը խնդիրների վրա ուշադրություն դարձնելու և դրանք լուծելու առաջարկների նախնական փաթեթ է պատրաստել: Ստացված տվյալները փաստում են, որ ենթազգային մակարդակում բազմաչափ աղքատության վերհանումը էական քայլ է՝ երկրում համայնքային մակարդակում աղքատությունը հասկանալու և այն հասցեագրելու համար:  Հանդիպմանը ներկա էին ոլորտի պատասխանատու տարբեր պետական կառույցների ներկայացուցիչներ և ոլորտի մասնագետներ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանն իր խոսքում նշել է,- «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գտնվում է սոցիալական պաշտպանության համակարգի բարեփախումների կարևոր հանգրվանում, որի ընթացքում շտկվում են կառավարության, համայնքի, քաղաքացիական հասարակության և բիզնես ոլորտի դերակատարումները։ Այս դերակատարումների լիարժեք տարորոշման համար խիստ օգտակար են անկախ հետազոտություններից ստացված տվյալները, որոնք նպաստում են կառավարության քաղաքականությունները ավելի փաստահենք և հասցեական դառնալուն»։  «Տարածքային սոցիալական պլանները այս պահին շատ պահանջարկված են և իսկապես ճիշտ ժամանակն է դրանք կյանքի կոչել։ Այս համատեքստում, որպես սոցիալական ոլորտի մասնագետներ, մենք կարևորում ենք ծրագրի գաղափարը՝ 10-ը համայնքներում մշակելու, ներդնելու և նպաստելու սոցիալական պլանների իրականացմանը»,- իր խոսքում նշել է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ՝ Միրա Անտոնյանը։  ՀՍԱԱ «Ծրագրի թիրախ համայնքներում սոցիալական կարիքները և ծառայությունների արձագանքը» հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանի մի շարք մարզերի տարբեր համայնքներում (Մեծամոր, Արմավիր, Մրգաշատ, Իջևան, Նոյեմբերյան, Գյումրի, Մարմաշեն, Գորիս, Սիսիան, Տաթև) բնակիչների կողմից բարձրաձայնված կարիքներն ու խնդիրները գրեթե նույնն են։ Այսպես, օրինակ, երեխաների՝ հատկապես հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների, համար զարգացման կենտրոնների բացակայությունը, տարեցների համար զբաղմունքի/ժամանցի վայրի բացակայությունը, սոցիալական աջակցության ծառայությունների մատուցման ցածր որակը, չափորոշիչների ոչ հստակ լինելը, սոցիալական աշխատողների և ինտեգրացված սոցիալական ծառայությունների մատուցման պատասխանատուների վերապատրաստման կարիքը, ենթակառուցվածքների՝ ճանապարհների, խմելու ու ոռոգման ջրագծերի անմխիթար վիճակը և այլն։  ՀՌԿԿ Հայաստանի հետազոտությունն իրականացվել է «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» եռամյա ծրագրի շրջանակներում, իսկ ՀՍԱԱ հետազոտությունը՝ «Ամուր տեղական գործընկերություն և կարող ՔՀԿ-ներ՝ ի նպաստ Հայաստանում ներառական սոցիալական պաշտպանության և հաշվետու համայնքների» եռամյա ծրագրի շրջանակներում։ Ծրագրերը ֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից։ 
19:01 - 14 դեկտեմբերի, 2021