Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողական եւ (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթներ, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով կիրառում պատասխանատվության միջոցներ առողջապահության, աշխատողների առողջության եւ անվտանգության ապահովման բնագավառներում` հանդես գալով ՀՀ անունից:

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն է Հակոբ Ավագյանը, տեղակալներն են Սուրեն Ամիրյանը եւ Գոհար Դարբինյանը։

Շարունակել խստացված վերահսկողությունը. ԱԱՏՄ-ում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

Շարունակել խստացված վերահսկողությունը. ԱԱՏՄ-ում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև ՀՀ կառավարության միջոցառումների ծրագրում տեղ գտած տեսչական մարմնին վերաբերող միջոցառումները։ Ոլորտի պատասխանատուները ներկայացնելով շինարարական հրապարակներում իրականացված ստուգումների արդյունքները՝ զեկուցել են, որ Երևան քաղաքի 88 հասցեներում գտնվող բարձր ռիսկային շինարարական հրապարակներում իրականացված վերահսկողության արդյունքում հարուցվել է 46 վարչական վարույթ։ Խախտում կատարած գործատուների նկատմամբ կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, տրվել են խախտումները վերացնելու կարգադրագրեր: Որոշվել է շարունակել այս ուղղությամբ խստացված վերահսկողությունը՝ արձանագրված դրական դինամիկան պահպանելու նպատակով: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքների կազմակերպումը և անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները։ Արձանագրվել է, որ էապես ավելացել է քաղաքացների իրազեկվածությունը, իսկ տնտեսավարողները սկսել են առավել մեծ ուշադրություն դարձնել աշխատողների իրավունքների պահպանման հարցերին։ Անդրադարձ է կատարվել նաև բժշկական օգնության և սպասարկման, սանիտարահամաճարակային և դեղերի շրջանառության վերահսկողության բնագավառի հարցերին: Որոշում է կայացվել նախաձեռնել դեղերի վերահսկողության ոլորտի օրենսդրական փոփոխություններ։ Քննարկվել են նաև գործակարգավարական և կազմակերպչական մի շարք այլ հարցեր։
14:33 - 16 ապրիլի, 2022
Հայտնաբերվել են ՊՇՌ թեստի կեղծ սերտիֆիկատներ և պատվաստված լինելու կեղծ վկայական. հարուցվել են քրեական գործեր

Հայտնաբերվել են ՊՇՌ թեստի կեղծ սերտիֆիկատներ և պատվաստված լինելու կեղծ վկայական. հարուցվել են քրեական գործեր

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատակիցները շարունակում են ուժեղացված ռեժիմով հերթապահությունը։ 2021 թ-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսների ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հայտնաբերված, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հսկիչ կետով ՀՀ մուտք գործելու համար պարտադիր՝ կորոնավիրուսային թեստի, պատվաստման սերտիֆիկատի կեղծ բացասական պատասխաններ պատրաստելու և իրացնելու կասկած հարուցող դեպքերից 9-ով, ՀՀ ՔԿ ԵՔՔՎ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնի կողմից հարուցվել են քրեական գործեր։ Դրանցից 5 դեպքով գործերն արդեն ուղարկվել են դատարան։ Մասնավորապես՝ Վ․ Մ․-ն, Ա․ Մ․-ն, Ա․ Մ․-ն և Գ․ Գ․-ն ՀՀ մուտք գործելու համար պարտադիր՝ կորոնավիրուսային թեստի կեղծ բացասական պատասխաններ են պատրաստել և իրացրել։ Քրեական գործը հարուցվել է 2021 թ-ի օգոստոսի 27-ին։ 2021 թ-ի օգոստոսի 23-ին Ա․ Կ․-ն՝ կնոջ Ա․ Հ․-ի և 7-ամյա որդու հետ, Շարմ-էլ-Շեյխից ժամանել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան և ներկայացրել կորոնավիրուսային հիվանդության բացասական արդյունքը հավաստող ՊՇՌ թեստի կեղծ սերտիֆիկատներ։ 2021 թ-ի օգոստոսի 15-ին Տ․ Թ․-ն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ներկայացրել է բժշկական կեղծ փաստաթուղթ՝ Covid-19-ի պատրաստի թեստի պատասխան։ Գործն ուղարկվել է դատարան։ Լ․ Մ․-ն 2021 թ-ի հոկտեմբերի 18-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ներկայացրել է Covid-19 համավարակի դեմ պատվաստված լինելու կեղծ վկայական։ Գործի վարույթը կասեցվել է ՀՀ ՔԴՕ 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չէ): Հ․ Օ․-ն, Ս․ Ա․-ն, Ա․ Խ․-ն և Ա․ Թ․-ն Տեսչական մարմնի աշխատակիցներին ներկայացրել են իրենց բջջային հեռախոսների մեջ առկա Covid-19 համավարակի ՊՇՌ թեստի կեղծ պատասխաններ։ 01.12.2021 թ-ին հարուցվել է 3 քր․ գործ, որոնք միացվել են և 1 վարույթով ուղարկվել դատարան։ Տեսչական մարմինը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ կեղծարարություններից, պահպանել ՀՀ կառավարության 1514-Ն որոշմամբ սահմանված ՀՀ մուտք գործելու պահանջները։
12:22 - 27 հունվարի, 2022
Սուպերմարկետների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել
 |mediafactory.am|

Սուպերմարկետների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել |mediafactory.am|

mediafactory.am: Հիմք ընդունելով Հետք Մեդիա Գործարանի՝ սուպերմարկետներում աշխատանքային իրավունքի խախտումների վերաբերյալ հետաքննությունը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել։  Վարչական ակտում ներառվել են նյութում դիտարկված սուպերմարկետները, որտեղ աշխատելու փորձառություն էին ունեցել մեր լրագրողները։ Տեսչական մարմնից տեղեկացրին, որ հունվարի 3-ին սուպերմարկետներին ծանուցել են վարույթ հարուցելու մասին, որի շուրջ գործողությունները կընթանան առաջիկա 30 օրվա ընթացքում։ Սուպերմարկետների հսկիչ-վաճառողների աշխատանքային առօրյայում արձանագրել էինք խախտումներ, ինչպիսիք են աշխատանքային պայմանագրի օրինակը չտրամադրելը, ընդմիջման և հանգստի սահմանված ժամանակահատվածից ավելի քիչ ժամանակի տրամադրումը, ապօրինի տույժ-տուգանքները, ինչպես նաև անչափահասների աշխատանքային պայմանների խախտումները։  
20:03 - 05 հունվարի, 2022
Չպատվաստված քաղաքացիները յուրաքանչյուր 7 օրը մեկ  պետք է գործատուին ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ

Չպատվաստված քաղաքացիները յուրաքանչյուր 7 օրը մեկ պետք է գործատուին ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի N 84-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17 և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24 հրամաններում, ըստ որի՝ չպատվաստված աշխատողները յուրաքանչյուր 7 օրը մեկ պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։   Հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Պաշտոնական հրապարակման օրը 2021 թվականի դեկտեմբերի 1-ն է։   Առողջապահության նախարարությունից էլ հայտնում են՝ բացառություն են կազմում ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողները, հղիները, մինչև 18 տարեկան աշխատողները, ինչպես նաև նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացած աշխատողները՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում:   Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:  
15:37 - 01 դեկտեմբերի, 2021
ՀՀ ԱԱՏՄ-ի և Զինվորի տան միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

ՀՀ ԱԱՏՄ-ի և Զինվորի տան միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը և «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։ Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից, մանրամասնելով, որ համագործակցության նպատակն է աջակցել զինվորական ծառայության ընթացքում վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին՝ կազմակերպելով անվճար դասընթացներ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտին առնչվող ՀՀ օրենսդրության ուսուցման թեմաներով։ Նշվում է, որ կողմերը համագործակցելու են հետևյալ ուղղություններով. Տեսչական մարմնի մասնագետների կողմից 2022 թվականի հունվար-դեկտեմբերին դասընթացների անցկացում, կենտրոնի կողմից դասընթացների կազմակերպման գործում տեխնիկական աջակցության տրամադրում և լսարանի ապահովում, կողմերի աջակցության տրամադրում՝ դասընթացը հաջողությամբ ավարտած շահառուներին աշխատանքի ընդունվելու, ինչպես նաև պրակտիկա անցկացնելու հարցում և այլն։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ու Զինվորի տան տնօրենը ԱԱՏՄ ներկայացուցիչներին ծանոթացրել են նաև Զինվորի տանը կատարվող աշխատանքներին:
17:39 - 19 նոյեմբերի, 2021
Ստուգումներ «Վեոլիա ջուր» ընկերությունում. արձանագրված թերությունների կապակցությամբ տրվել են հանձնարարականներ. ԱԱՏՄ

Ստուգումներ «Վեոլիա ջուր» ընկերությունում. արձանագրված թերությունների կապակցությամբ տրվել են հանձնարարականներ. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ ՀՀ Կառավարության սահմանած ռիսկերի մեթոդաբանության համաձայն հաստատված 2021 թ. տարեկան ծրագրում առաջին անգամ ներառվել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն։ Ընթացիկ տարում այս ընկերությունում ստուգումներ են իրականացվել առողջապահության նախարարի 2002 թ. N 803 և N 876 հրամանների պահանջների (խմելու ջրի որակին և ջրամատակարարման կենտրոնացված համակարգերին ներկայացվող հիգիենիկ պահանջներ) պահպանումը պարզելու նպատակով։ Տեսչական մարմինն առաջին անգամ է կատարել նման ծավալով ստուգում՝ ըստ ներգրավված տեսուչների թվի, լաբորատոր փորձաքննությունների, ըստ ստուգման ենթակա տարածքի մեծության և ներգրավված այլ ռեսուրսների։ Ստուգվել են հանրապետության ամբողջ տարածքում ընկերության կողմից շահագործվող օրական կարգավորող ջրավազանները (ՕԿՋ) և ջրամատակարարման աղբյուրները։ Արձանագրված հիմնական թերություններն են՝ սանիտարական պահպանման առաջին գոտիների մի մասը սահմանազատված չէ, հատկապես՝ մարզերում.  որոշ տեղերում սանիտարական պահպանման առաջին գոտիների պահպանություն չի իրականացվում.  առաջին գոտում գտնվող ոչ բոլոր շենքերն ունեն կոյուղի և կեղտաջրերի մաքրման կայաններ.  երբեմն խախտված է մնացորդային քլորի որոշման հաճախակիությունը։ Ստուգումների արդյունքում արձանագրված թերությունների կապակցությամբ «Վեոլիա ջուր» ընկերությանը տրվել են հանձնարարականներ։ Հարկ է նշել, որ խմելու ջրի որակի հիմնական ցուցանիշներն ընդհանուր առմամբ համապատասխանում են գործող նորմերին, և որակի նկատմամբ հսկողությունն ընկերությունն իրականացնում է ամենօրյա կտրվածքով՝ սահմանված ժամկետներում։
12:08 - 16 նոյեմբերի, 2021
Քաղաքացին աշխատանքային խնդիրներով կկարողանա անանուն դիմել տեսչական մարմնին. ԱԱՏՄ-ի առաջարկը |armenpress.am|

Քաղաքացին աշխատանքային խնդիրներով կկարողանա անանուն դիմել տեսչական մարմնին. ԱԱՏՄ-ի առաջարկը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2021 թվականի ընթացքում աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտում հարուցվել է 286 վարչական վարույթ, որոնցից 200-ը՝ դիմումների հիման վրա: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը նշեց, որ վարույթների արդյունքում ընդունվել են 81 վարչական ակտեր, տրվել խախտումները վերացնելու կարգադրագրեր: «Ստացված 200 դիմում-բողոքներից 197-ը վերաբերել են աշխատանքային օրենսդրության խախտումներին, իսկ 3-ն աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովմանը: 113 դիմում-բողոքները վերաբերել են օրենքով սահմանված կարգով վերջնահաշվարկ չկատարելուն, աշխատավարձերը չվճարելուն, 43-ը՝ աշխատանքային պայմանագրերի լուծման կարգը չպահպանելուն, 41-ն՝ աշխատանքային օրենսդրության այլ իրավախախտումներին է վերաբերում»,- ասաց  Իգիթ Հակոբյանը: ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանի խոսքով, դիմումների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության խախտումները հիմնականում տեղի են ունեցել չտեղեկացվածության հետևանքով: «Այդ իսկ պատճառով, տեսչական մարմինը խախտումները կանխարգելելու նպատակով, հասու բոլոր միջոցներով իրազեկում է և՛ աշխատողներին, և՛ գործատուներին ինչպես իրավունքների, այնպես էլ պարտականությունների մասով»,- ասաց Ալվարդ Արշակյանը:  ԱԱՏՄ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանի խոսքով՝ ներկայում տեսչական մարմինն ունի հաստատված երկու ստուգաթերթ՝ հանքարդյունաբերության և մշակվող արդյունաբերության բնագավառում: Այդ ստուգաթերթերի հիման վրա են կատարվում ստուգումները տարեկան ծրագրով: «Միևնույն ժամանակ մենք ունենք օրենքով նախատեսված ընթացակարգեր, որոնք հնարավորություն են տալիս համապատասխան հիմքերի դեպքում իրականացնել նաև ըստ անհրաժեշտության ստուգումներ: Եթե տեղեկատվությունը, եղած հանգամանքները համապատասխան լինեն ստուգումների կազմակերպման և անցկացման մասին օրենքով սահմանված պայմաններին, ապա այդ դեպքում կիրականացվի, ըստ անհրաժեշտության ստուգում»,- ասաց Աշոտ Հարությունյանը: Քաղաքացիների հետ աշխատանքը, դիմումների ընթացակարգերն առավել դյուրացնելու համար գործարկվել է employeeprotect.am հարթակ, որի միջոցով աշխատողները կարող են ներկայացնել աշխատանքային խնդիրների հետ կապված բողոքները: Դիմումատուները նշելու են, թե որ կազմակերպությունում են աշխատում, կազմակերպության գտնվելու վայրը, որ աշխատանքային իրավունքն է խախտվել, նկարագրվելու է դեպքը, հնարավորություն է տրվելու կցել լուսանկարներ, տեսագրություններ, ձայնագրություններ, այլ ապացուցողական նյութեր: Այնուհետև հայտը մուտքագրվելու է համակարգ: Իգիթ Հակոբյանը տեղեկացրեց, որ ներկայում աշխատանքներ են տարվում, օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ են պատրաստվում, որպեսզի հնարավոր լինի քաղաքացիներից անանուն նամակների ընդունումը: Կպահպանվի անձի գաղտնիության սկզբունքը, առանց դիմումատուին որպես կողմ ներգրավելու վարչարարություն կիրականացվի:
16:12 - 22 հոկտեմբերի, 2021
Գորիսում տաղավարներից մեկում հայտնաբերվել է ոչ սպանդանոցային ծագման 22 կգ միս․ ՍԱՏՄ

Գորիսում տաղավարներից մեկում հայտնաբերվել է ոչ սպանդանոցային ծագման 22 կգ միս․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է սեպտեմբերի 2-րդ կեսից սկսված խստացված ստուգումները հանրապետության թարմ մսի իրացման ցանցում՝ ստուգելով վաճառվող մսի սպանդանոցային ծագումը: Տեսչական մարմնի անասնաբուժության վարչության մասնագետների ու Երևանի և Սյունիքի մարզային կենտրոնների տեսուչների համատեղ իրականացված ստուգայցերի ընթացքում ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի, Ագարակ քաղաքների թարմ միս-մսեղիքի իրացման տաղավարներում խախտումներ չեն արձանագրվել. ողջ մսեղիքի համար ներկայացվել է սպանդանոցային մորթը հավաստող ձև 5 անասնաբուժական վկայականը: Գորիս քաղաքի մսի իրացման տաղավարներից մեկում հայտնաբերվել է ոչ սպանդանոցային ծագման 22 կգ. միս, որը հանվել է վաճառքից և ենթակա է ոչնչացման կամ օգտահանման: Խախտումներ են արձանագրվել նաև Սիսիանի մի շարք իրացման կետերում։ Ուժեղացված վերահսկողությունը շարունակվում է: Ծառայությունը հորդորում է սպառողներին մսի իրացման կետերում, հանրային սննդի օբյեկտներում պահանջել ձև 5 փաստաթուղթը կամ պիտակը, ստուգել դրա հավաստիությունը հեռախոսի օգնությամբ՝ QR-կոդի միջոցով, տեղում ստանալով վաճառվող/մատուցվող մսի մասին ամբողջ տեղեկատվությունն ու համոզվելով, որ մսի տվյալ խմբաքանակն ունի սպանդանոցային ծագում և անվտանգ է:
17:38 - 09 հոկտեմբերի, 2021
Երևանի կենտրոնի 2 սուպերմարկետում խախտումներ են հայտնաբերվել․ ՍԱՏՄ

Երևանի կենտրոնի 2 սուպերմարկետում խախտումներ են հայտնաբերվել․ ՍԱՏՄ

ՍԱՏՄ տեսուչները ուրբաթ օրը երեկոյան՝ 08․10․2021թ, շարունակել են Covid19-ի տարածման կանխարգելմանն ուղղված անակնկալ ստուգայցերը Երևանի Կենտրոն վարչական շրջանի սուպերմարկետներում։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը, ևս երկու սուպերմարկետում նկատվել են խախտումներ, կազմվել է 2 արձանագրություն:Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ:
17:01 - 09 հոկտեմբերի, 2021
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հանրային տրանսպորտի վերահսկողությունն իրականացրել է Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հանրային տրանսպորտի վերահսկողությունն իրականացրել է Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ պարեկային ծառայության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համատեղ դիտարկումը սեպտեմբերի 24-ին կատարվել է Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում։ ՀՀ ՔՏՀԱՏՄ Երևանի Տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են այդ վարչական շրջաններում կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 42 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել  է հակահամաճարակային կանոնների խախտման 6 դեպք։ Դրանց վերաբերյալ վարչական արձանագրություններ են կազմվել։ Կորոնավիրուսային (Covid-19-ի) հիվանդության կանխարգելմանը նպատակաուղղված տեսչական վերահսկողությունը հանրային տրանսպորտի նկատմամբ  կլինի շարունակական։
18:30 - 24 սեպտեմբերի, 2021
Ֆիզիկական անձը կտուգանվի 10-20 հազար, իրավաբանականը՝ 40-120 հազար դրամով, եթե չներկայացնի ՊՇՌ հետազոտության պատասխանը կամ չլինի պատվաստված․ Աննա Հարությունյան

Ֆիզիկական անձը կտուգանվի 10-20 հազար, իրավաբանականը՝ 40-120 հազար դրամով, եթե չներկայացնի ՊՇՌ հետազոտության պատասխանը կամ չլինի պատվաստված․ Աննա Հարությունյան

Առաջին անգամ խախտում հայտնաբերելու դեպքում ֆիզիկական անձը տուգանվում է՝ 10-20 հազար դրամով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ տուգանքի չափը 40-120 հազար դրամ է։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող փոփխություններին։  Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 1-ից աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ լինեն պատվաստված։ Բացառություն են կազմում բացարձակ հակացուցում ունեցող աշխատակիցները և հղիները։ «Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը իր գործառույթները իրականացնում է ստուգումների, ստուգայցերի, վարչական վարույթների միջոցով․ այս պարագայում ստուգայցերի միջոցով է իրականացվելու։ Պետք է ասեմ, որ ստուգայցերը սկսվել են շատ վաղուց․ քովիդի առաջին դեպքերին զուգընթաց՝ մենք կատարել ենք մեր ստուգայցերը, ինչը շարունակվում է մինչ օրս։ Շրջայցերը չեն ընդհատվել, քանի որ անընդհատ կա այդ աշխատանքը իրականացնելու անհրաժեշտությունը։ Այս պարագայում ընդամենը փոփոխություն է իրականացվում առողջապահության նախարարի 17 N հրամանում, այսինքն այն գործառույթները ինչը պահանջվել է գործատուներից, տնտեսվարողներից դա շարունակվելու է, ուղղակի ավելացել են այլ պահանջներ»,- մանրամասնեց Հարությունյանը։ Վերջինս հավելեց, որ ստուգայցերը իրականացվում են նախօրոք՝ մեկ օր առաջ պլանավորելով, այսինքն նախորդ օրը պլանավորվում է, թե որ տնտեսվարողների մոտ պետք է իրականացվեն ստուգայցեր։ Նրա խոսքով՝ առաջին հերթն ներառվում են ռիսկային տնտեսվարողները, եթե տեսչական մարմինը ստանում է տեղեկություն, որ տվյալ կազմակեպությունում կա կորոնավիրուսային հիվանդության 3-ից ավելի դեպք։ Բացի դրանից՝ ընտրվում են նաև ավելի մարդաշատ վայրերը, օրինակ՝ առևտրի կենտրոնները։ Հարությունյանը հավելեց․ «Դա չի նշանակում, որ մյուս կազմակերպությունները չեն վերահսկվելու, ստուգայցերը պատահական են, և որևէ մեկը տեղյակ չէ, թե որ գործատուի մոտ պետք է լինի ստուգայցը, բոլոր պահանջները ստուգվում են, և որևէ պահանջի խախտման դեպքում տնտեսվարողը ենթարկվում է տուգանքի։ Ես միանգամից ուզում եմ նշել, որ տեսչական մարմնի նպատակը ոչ թե տուգանքի որոշում իրականացնելն է, այլ կորոնավիրուսի վարակի կանխարգելումը, որի իրականացման ճանապարհը օրենսդրությամբ սահմանված լիազորությունների կատարումն է։ Դա է պատճառը, որ Տեսչական մարմինը խախտումների հայտնաբերման դեպքում տուգանքի որոշում է իրականացնում։ Մենք կարող ենք մեկ օրվա ընթացքում որևէ կազմակերպություն այցելել 2 անգամ, կախված է նրանից, թե գործատուի մոտ խախտումները քանիսն են»։
13:28 - 22 սեպտեմբերի, 2021
Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ աշխատանքային օրենսգրքի նկատմամբ տեսչական մարմնի լիարժեք վերահսկողության դրույթները

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ աշխատանքային օրենսգրքի նկատմամբ տեսչական մարմնի լիարժեք վերահսկողության դրույթները

Հայաստանում հուլիսի 1-ին ուժի մեջ են մտել ՀՀ աշխատանքային օրենսգրքի նկատմամբ տեսչական մարմնի լիարժեք վերահսկողության դրույթները։ Այս կապակցությամբ  համագործակցության համաձայնագիր են ստորագրել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության տնօրեն Էդուարդ Կիրակոսյանն ու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը տեղեկացնում է, որ կողմերը պարտավորվել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ և մինչև հուլիսի 9-ը մշակել ու հրատարակել համապատասխան ձեռնարկ`գործատուներին անհրաժեշտ իրազեկում ապահովելու համար։ Նոր դրույթների համաձայն` տեսչական մարմինը, օրենքով նախատեսվածից  բացի, այսուհետ վերահսկողություն է իրականացնելու նաև  աշխատանքային պայմանագրերի կնքման կարգի պահպանման, աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր աշխատանքային պայմանագրի բացակայությամբ աշխատանքների (անօրինական աշխատանք) դեպքերի նկատմամբ:  Նորույթը վերաբերում է նաև աշխատաժամանակի և հանգստի  տևողությունների պահպանմանը,  օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում աշխատավարձի հաշվարկմանը, վնասի հատուցման ենթակա գումարների ժամանակին վճարումներին, կոլեկտիվ պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարմանը: Ակնկալվում է, որ հրատարակվող ձեռնարկը կնպաստի աշխատանքային փոխհարաբերությունների հստակեցմանն ու պատշաճ կարգավորմանը:
15:43 - 02 հուլիսի, 2021
Կայացել է ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի հերթական խորհրդաժողովը

Կայացել է ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի հերթական խորհրդաժողովը

Առցանց հարթակում կայացել է ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի հերթական խորհրդաժողովը՝ Հայաստանի ներկայացուցիչ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի նախագահությամբ։   Այսօրվա հեռավար հանդիպման օրակարգում աշխատանքային օրենսդրության պահանջների առավել տարածված խախտումներն ու տեսչական գործունեության ընթացքում հաճախակի հանդիպող խնդիրներն էին։   Խորհրդաժողովին մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցը, ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի անդամ երկրների, արհմիությունների ներկայացուցիչներ։   ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն իր ողջույնի խոսքում կարևորել է մասնավոր հատվածի հետ մշտական կապի պահպանումը և պետություն-մասնավոր հատված երկխոսությունը, ինչ նպատակով էլ որպես նախագահող երկիր ԱԱՏՄ-ն նախաձեռնել է Դաշինքի անդամ երկրների հասարակական հատվածի հետ առաջին հանդիպումը։   «Կարծում եմ, որ մի բան բնորոշ է բոլոր երկրներին՝ մշտապես պահել կապը մասնավոր հատվածի հետ և ուժեղացնել երկխոսությունը հասարակական սեկտորի հետ, որպես պետական կառույց լսելի լինել հանրության համար, դրանով նպաստել է՛լ ավելի լավացնելու պետական կառույցների գործունակությունը»,- ասել է Հ. Ավագյանը։   Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։ Նա կարևորել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2021 թ. վերոնշյալ դաշինքի նախագահության ստանձնումը և ոլորտային համագործակցությունը, մասնավորապես, հասարակական կազմակերպությունների ու սոցիալական գործընկերների ներգրավվածությունն աշխատանքային օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողության և աշխատանքային իրավունքների պաշտպանության իրավակարգավորումների մշակման գործընթացում։   Կողմերը պայմանավորվել են մշակել հուշագրի նախագիծ՝ միգրանտ աշխատողների (այդ թվում` ՀՀ-ից արտագնա աշխատանքի մեկնածների) աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով անդամ երկրների աշխատանքային տեսչությունների միջև արագ արձագանքման համատեղ մեխանիզմների վերաբերյալ։   Հիշեցնենք, որ 2020 թվականի վերջին Հայաստանը ստանձնել է ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի 2021 թ. նախագահությունը: Դաշինքի լիիրավ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը։  
22:29 - 17 հունիսի, 2021