Արթուր Սաքունց

Հայ իրավապաշտպան, լրագրող, քիմիկոս, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ։ Ծնվել է 1961թ․ մայիսի 22-ին։ 1978-1983 թվականներին սովորել եւ ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղը՝ ինժեներ-քիմիկոս մասնագիտությամբ:

1989-1992 թվականներին եղել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ա.Ն. Նեսմեյանովի անվան էլեմենտ-օրգանական միացությունների ինստիտուտի (ru) ասպիրանտ: Քիմիական գիտությունների թեկնածու (1992): 1998 թվականին ավարտել է Հարավային Կովկասի իրավապաշտպան կազմակերպությունների սեմինարը (Թբիլիսի-Գուդաուրի, Վրաստան): 2002 թվականին ավարտել է հակամարտությունների կարգավորման թեմայով սեմինարը (Գուդաուրի, Վրաստան): 2002 թվականին ավարտել է լրագրության սեմինար (IREX/ProMedia):

2004 թվականից առ այսօր, Վանաձորի մամուլի ակումբի նախագահ: 2002 թվականից առ այսօր, «Քաղաքացիական նախաձեռնություն» շաբաթաթերթի խմբագիր, Վանաձոր: 1998 թվականից առ այսօր, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ: 1996-1997 թվականներին աշխատել է Լոռու մարզպետարանի տարածքային բաժնի ղեկավար: 1992-1996 թվականներին աշխատել է Վանաձորի քաղաքապետի խորհրդական: 1983-1992 թվականներին եղել է Պոլիմերային սոսինձների ինստիտուտի գիտաշխատող, Վանաձոր: 1983-1985 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում՝ քիմզորամասում: Ունի ավագ լեյտենանտի կոչում:

Վարչապետը հաստատել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը

Վարչապետը հաստատել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը

Նիկոլ Փաշինյանը ստորագրել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը հաստատող որոշում։  Ձևավորվել է սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, հաստատվել է խորհրդի անհատական կազմը և դրա գործունեության կարգը: Խորհրդի ձևավորումից հետո՝ երկամսյա ժամկետում ձևավորվում է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով: Խորհրդի նախագահ է նշանակվել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Խորհրդի անհատական կազմում ընդգրկված են՝ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն»-ից՝ Մասիս Մելքոնյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից Դանիել Իոաննիսյանը:  
17:18 - 27 հունվարի, 2022
Կան մարմիններ, որոնց ինքնությունը պարզված չէ․ սպասում ենք ԴՆԹ անալիզի արդյունքներին․ ԱՀ ՄԻՊ |armtimes.com|

Կան մարմիններ, որոնց ինքնությունը պարզված չէ․ սպասում ենք ԴՆԹ անալիզի արդյունքներին․ ԱՀ ՄԻՊ |armtimes.com|

armtimes.com: Այսօր հրավիրված առցանց քննարկման ժամանակ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն անդրադարձավ զինծառայողների դիերի ինքնության պարզման գործընթացին։ Նա տեղեկացրեց, որ դին նախ փոխանցվում է համապատասխան դատաբժշկական մարմնին, որտեղ փորձում են նրա ինքնությունը պարզել, լուսանկարում են, դրանք ցույց տալիս հարազատներին․ եթե մարմնի ֆիզիոլոգիական վիճակը թույլ է տալիս, հարազատը ճանաչում է իր զինվորին, իսկ եթե քայքայման գործընթացների պատճառով նման հնարավորություն չի լինում, վերցվում են ԴՆԹ անալիզներ թե՛ դիերից, թե՛ հարազատներից, եւ արդյունքների պարզ լինելուց հետո համեմատում են առկա տվյալների բազաների հետ․ «Այդպես անհետ կորածների շատ հարազատներ գտել են իրենց զինվորների մարմինները, այժմ մենք ունենք կոնկրետ թվով մարմիններ, որոնց ինքնությունը պարզված չէ, դեռ սպասում ենք անալիզների արդյունքներին: Ես հույս ունեմ, որ առաջիկա օրերին եւ շաբաթներին նրանց հարազատներն էլ իրենց կգտնեն, եւ ոմանց ճակատագրերը պարզ կլինեն»։   Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ այդ գործընթացներում կարեւոր դերակատարություն ունի նաեւ անհետ կորածների ցուցակագրումը։ Սաքունցը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 5-ից զբաղվելով այդ աշխատանքներով՝ ստացել են անհետ կորելու հանգամանքի վերաբերյալ 666 զանգ, հետագայում պարզվել է, որ նրանցից մոտ 52-ը ողջ են, 43-ը՝ զոհվել, եւ մարմինները նույնականացվել են, եւս 3 անձ գերեվարված է։ «Պետք է լինեն անհետ կորածների հստակ ցուցակներ, որոնց մի մասը կդասակարգվի որպես գերի, մի մասը՝ զոհված, եւ սրա վրա պետք է աշխատանք տարվի, մեր կողմից էլ պիտի լինի ցուցակարգում, թե քանի ադրբեջանցի ռազմագերի եւ դիակ ունենք»,- ասաց Սաքունցը՝ հավելելով, որ այս հարցերը աշխատանքի կազմակերպման հիմքում են, եւ սրանց պետք է լուրջ մոտենալ, որպեսզի հնարավոր լինի փրկել նաեւ ողջ մնացած գերիների կյանքը․ «Անընդհատ պետք է այս ամենի մասին համոզիչ տեղեկություններ տրվեն, պետք է համոզմունք առաջանա, որ քայլեր կատարվում են»,- ասաց նա՝ զարմանք հայտնելով, թե ինչպես է պատահել, որ Կարմիր խաչը մինչ օրս չունի հստակ թվով ցուցակներ։ Անդրադառնալով մեզ մոտ պահվող ադրբեջանցի գերիների հարցին՝ ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը նշեց, որ պատերազմի ընթացքում ինքն այցելել է այն ռազմագերիներին, որոնց մասին տեղեկություններ ունեցել է, բայց քանի որ այս հարցն իր լիազորությունների շրջանակում չէ, հրապարակելու տվյալներ չունի․ «Ամեն դեպքում, նրանց պահպան պայմանների խնդիր չկա, եւ պատահական չէ, որ մեր կողմից անմարդկային վերաբերմունքի որեւէ տեսանյութ չի հրապարակվել, այսինքն՝ ռազմագերիների մասով ՀՀ-ն եւ ԱՀ-ն կատարում են իրենց միջազգային պարտավորությունները»։ Արտակ Բեգլարյանի խոսքով՝ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի հետ որեւէ կապ չկա, եւ ենթադրելի է, որ իրենք բոլոր հնարավոր ձեւերով բացառում են Արցախի Հանրապետության որեւէ պետական մարմնի հետ կոնտակը․ «Որքանով տեղյակ եմ, նաեւ ՀՀ ՄԻՊ-ի հետ կապ չկա, Ադրբեջանի ՄԻՊ-ը մի քանի անգամ քաղաքական բնույթի նախապայմաններ է դրել, հայտարարել, որ կարող է համագործակցել ՀՀ-ի հետ, երբ ՀՀ-ն վերջ տա իրենց տարածքների օկուպացիային, ինչը աբսուրդ է ՄԻՊ-ի համար»։ Խոսելով գերիների վերադարձի ժամկետների մասին՝ Արտակ Բեգլարյանն ասաց, որ դրանք շատ անկանխատեսելի են եւ առաջին հերթին կախված են Ադրբեջանից․ «Ես շատ կուզեի, որ հենց այսօր ավարտվեր, եւ ռազմագերիները, ներկալված անձինք եւ անհետ կորածները վերադառնային իրենց ընտանիքներ: Ես անձնապես շատ լավ եմ հասկանում նրանց վիճակը, ողբերգությունը եւ իմ լիազորությունների շրջանակում եւ դրանցից դուրս էլ մարդկայնորեն առավելագույնը փորձում եմ կատարել, ցավոք սրտի, լայն առումով, արդյունքները մեծ չեն»։ Զինծառայողների հարազատներին Արցախի ՄԻՊ-ը հորդորեց զգույշ լինել մանիպուլյացիոն հարցերում: Ըստ նրա՝ տարբեր կողմեր, առաջին հերթին՝ Ադրբեջանը, նաեւ՝ ներքին որոշակի խմբեր, տարբեր նպատակներով փորձում են մանիպուլյացիներ անել․ «Հորդորում եմ հարազատներին անհետ կորածների մասին անձնական տեղեկություններ չհանրայնացնել սոցցանցերում: Շարունակությունը՝ armtimes.com-ում։  
18:26 - 27 նոյեմբերի, 2020
Կունենանք մասնագիտացված և որակապես ավելի բարձր դատարան, վստահ է արդարադատության փոխնախարարը |azatutyun.am|

Կունենանք մասնագիտացված և որակապես ավելի բարձր դատարան, վստահ է արդարադատության փոխնախարարը |azatutyun.am|

azatutyun.am: Արդարադատության նախարարությունը հեղինակել է սահմանադրական օրենքների փաթեթ, որով առաջարկում է ստեղծել առնվազն 25 դատավորից կազմված մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան, դատավորներից 5-ը կքննեն միայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին առնչվող գործերը: Կստեղծվի նաև մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 10 դատավորով, փոփոխություններ են նախատեսվում նաև Վճռաբեկ դատարանում՝ քրեական պալատը գործելու է 8 դատավորով, իսկ քաղաքացիական և վարչական պալատը՝ 13-ով։ Այսպիսով մենք կունենանք մասնագիտացված և որակապես ավելի բարձր դատարան, վստահ է արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը. - «Մենք այդ շղթայի առաջին օղակը որպես ստեղծում ենք հակակոռուպցիոն կոմիտե համապատասխան բարեվարքության ստուգումն անցած քննիչներով, որոնք պետք է նաև մասնագիտական վերապատրաստում անցնեն, նաև դատախազությունում առանձնացվում է ստորաբաժանում, որի անդամները ևս անցնում են բարեվարքության ստուգումը և առավելապես մասնագիտանում են այդ ասպարեզում, և կարելի է ասել, այդ շղթան փակվում է դատարանի ստեղծմամբ, համապատասխանաբար էլի մասնագիտացված կադրերով հագեցած դատարան ունենալու մասին է խոսքը»: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գաղափարի կողմնակից է, բայց մտահոգություններ ունի իրագործման առումով։ Օրինակ` հարցնում է` ինչպե՞ս են վստահելու մասնագիտական դատարանի դատավորներին, եթե ամբողջ դատական համակարգը վեթթինգի չի ենթարկվել. - «Շատ կարևոր է դատավորների ընտրության չափորոշիչների մեջ շահերի բախման հնարավոր ռիսկերի գնահատումը և դրանցից զերծ մնալը, որովհետև պետք է այնպիսի մարդիկ լինեն, որոնք առնչություն չունենան քրեական աշխարհի հետ կամ քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ, նրանց մերձավորները որևէ կերպ ներգրավված չլինեն որևէ կոռուպցիոն բնույթի երևույթների, էլ չեմ խոսում հանցագործությունների հետ: Սրանք ռիսկեր են, որոնք պետք է անպայման հաշվի առնվեն դատավորների ընտրության ժամանակ»: Դատավորների ընտրությունն իրականացվելու է բաց մրցույթի միջոցով, որին դիմելու հնարավորություն կունենան ոչ միայն գործող դատավորները, այլ նաև դատավոր չհանդիսացող անձինք։ Մրցութային խորհրդի անդամ են լինելու իշխանության երեք թևերի ներկայացուցիչները, ՄԻՊ ներկայացուցիչը, նախատեսված տեղեր կան նաև հասարակական սեկտորի համար։ Դատավորների թեկնածուներն անցնելու են բարեվարքության ստուգում հակակոռուպցիոն հանձնաժողովի կողմից։ Մասնագիտացված այս դատարանի դատավորների համար համեմատությամբ այլ դատավորների նախատեսվում է ավելի բարձր աշխատավարձ։ Հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածու ոչ բոլորը կարող են դառնալ, կան որոշակի սահմանափակումներ: «Մենք փորձել ենք հնարավորինս սահմանափակել այն անձանց մուտքը դատարան, ովքեր վերջին ժամանակահատվածում ունեցած կլինեն կարգապահական խախտումներ և դրանց հիման վրա ենթարկված կլինեն պատասխանատվության: Դատավորը հնարավորություն չի ունենա դառնալ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, եթե Մարդու իրավունքների դատարանը խախտում է ճանաչել կոնկրետ դատավորի կողմից կայացված դատական ակտով», - ասաց Սրբուհի Գալյանը: Դատական օրենսգրքի փոփոխություններին զուգահեռ մոտ 4 ամիս առաջ Քրեական օրենսգրքի հավելվածով սահմանվել է կոռուպցիոն բնույթի այն հանցագործությունների ցանկը, որոնց առնչվող գործերը պետք է քննի մասնագիտացված դատարանը։ Նախատեսվում է, որ հակակոռուպցիոն այս դատարանը կսկսի գործել 2021 թվականի երկրորդ կիսամյակից։ Դեռևս հստակ չէ, թե ինչպես կկազմակերպվի անցումային փուլը. - «Կլինեն գործեր, որ կտեղափոխվեն, կլինեն գործեր, որ` ոչ»:
10:40 - 14 օգոստոսի, 2020
Անցումային արդարադատությունը միայն փաստահավաք հանձնաժողովը չէ․ Արթուր Սաքունց |lragir.am|

Անցումային արդարադատությունը միայն փաստահավաք հանձնաժողովը չէ․ Արթուր Սաքունց |lragir.am|

lragir.am: Հարցազրույց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ Իշխանությունը պնդում է անցումային արդարադատություն լինելու է, Փաստահավաք հանձնաժողովի մասին օրենքի նախագիծը դրվել է շրջանառության մեջ, և փաստորեն այդ հանձնաժողովի կողմից ուսումնասիրության առարկա են դառնալու կեղծված ընտրությունները, դրանց հաջորդած քաղաքական հետապնդումները, բռնաճնշումները, զանգվածային ունեզրկումների դեպքերը, ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը: Ի՞նչ ակնկալիքներ կան և որքանո՞վ եք կարևորում այս հանձնաժողովի ձևավորումը: Ճիշտն ասած, լավ է ուշ, քան երբեք: Ավելի մանրամասն կկարողանամ կարծիք հայտնել այդ ծավալուն և կարևոր փաստաթղթին ծանոթանալուց հետո: Բայց անցումային արդարադատությունը միայն փաստահավաք հանձնաժողովը չէ: Դա նաև պետական կառավարման մարմինների, դատական համակարգի անցումային վեթինգն է: Իսկ փաստահավաք հանձնաժողովը անցումային արդարադատության միայն մեկ գործիքն է: Այս հանձնաժողովը պետք է նաև առաջարկություններ ներկայացնի այլ մարմիններին փոփոխությունների, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ: Դրանք ներդաշնակ գործիքներ են, մեկուսի գործիքներ չեն: Այսինքն՝ անցումային արդարադատությունը միայն փաստահավաք հանձնաժողովը չի: Իսկ ընդհանրապես որքանո՞վ է հնարավոր բացահայտել նախկինում տեղի ունեցած գործընթացները, մասնավորապես զինծառայողների մահվան դեպքերը: Դուք կարծում եք՝ այդ հանձնաժողովը կենսունակ կարո՞ղ է լինել: Այո, այս հանձնաժողովը բերելու է մարդու իրավունքների համակարգային խախտումները: Դրանց հիման վրա նկարագրելու է այն բոլոր մեխանիզմները, որոնց որևէ կոնկրետ քրեական գործի շրջանակներում չեն անդրադառնում: Իրենք կոնկրետ քրեական գործերն են քննում, բայց պատճառահետևանքային կապը, մեխանիզմները, համակարգային խնդիրները չեն հանդիսանում որևէ քրեական գործի ուսումնասիրության առարկա: Դրա համար պետության զավթմանը, այդ ամբողջ ժամանակաշրջանում մարդու իրավունքների զանգվածային, համակարգային անպատժելի խախտումների ողջ խճապատկերը հնարավոր է այս փաստահավաք հանձնաժողովի ուսումնասիրությունների կամ դրանց հիման վրա կազմված զեկույցներում գտնել: Ավելին՝ Lragir.am-ում։
21:17 - 27 մայիսի, 2020
Նախարարությունը հերքում է կալանավորի նկատմամբ պատշաճ հսկողություն չկազմակերպելու մասին պնդումները

Նախարարությունը հերքում է կալանավորի նկատմամբ պատշաճ հսկողություն չկազմակերպելու մասին պնդումները

ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանել է Արթուր Սաքունցի պնդումները՝ կալանավորված անձ Վ.Ա-ի նկատմամբ պատշաճ հսկողություն չկազմակերպելու վերաբերյալ և ընդգծել, որ դրանք որևէ աղերս չունեն թե՛ օբյեկտիվ իրականության և թե՛ դեպքի վերաբերյալ հայտնի փաստական հանգամանքների հետ։ Նշվել է նաև, որ ՀՀ արդարադատության նախարարությունը և Քրեակատարողական ծառայությունը վճռականությամբ գործելու և հավատարիմ են մնալու քրեական ենթամշակույթի դեմ պայքարին, որն անշրջելի է դարձնելու քրեակատարողական ծառայության համակարգում իրականացվող արմատական բարեփոխումները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Այսօր «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած «Սպանության փորձ ՔԿՀ-ում իրավապահ մարմինների աջակցությամբ. ինչպես է քրեական աշխարհը համագործակցում ՔԿՀ աձնակազմի հետ» թեմայով մամլո ասուլիսի ընթացքում բանախոս Արթուր Սաքունցի կողմից հնչեցվել են մի շարք պնդումներ, որպիսիք որևէ աղերս չունեն թե՛ օբյեկտիվ իրականության և թե՛ դեպքի` մինչ այս պահը հայտնի փաստական հանգամանքների հետ։ Մասնավորապես, բանախոսը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը մեղադրել է տևական ժամանակ կալանավորված անձ Վ.Ա-ի նկատմամբ պատշաճ հսկողություն չկազմակերպելու, այն է` նրա անվտանգության ապահովման հարցում անգործություն դրսևորելու մեջ, մինչդեռ Վ.Ա-ն 2018 թվականի հունվարի 20-ից, հանդիսանալով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 2019-2020 թվականների ընթացքում թե՛ անձամբ և թե՛ իր պաշտպանների, հարազատների կամ այլ անձանց միջոցով երբեք չի բարձրաձայնել քրեակատարողական հիմնարկում իրեն սպառնացող որևէ վտանգի մասին։ 2020 թվականի փետրվարի 25-ին տեղի ունեցած դեպքի կապակցությամբ Վ.Ա-ն հայտարարել և պնդել է, որ մարմնական վնասվածքներն ստացել է սայթաքելու և վայր ընկնելու պատճառով։ Հատկանշական է, որ մինչ այս պահն էլ Վ.Ա.-ի կողմից հակառակի մասին վկայող տեղեկություններ չեն բարձրաձայնվում, անգամ նրա պաշտպաններն են հերքում, որ Վ.Ա-ն տվյալներ է հայտնել իրեն ծեծի ենթարկելու մասին։ Նման պայմաններում Վ.Ա-ի նկատմամբ տեղի ունեցածի նախնական պատկերը բացահայտվել է բացառապես Քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումներով, ինչն ակնառու վկայում է քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի և բռնության դեպքերի բացառմանն ուղղված Քրեակատարողական ծառայության հետևողականության մասին։ Համապատասխան օպերատիվ տեղեկություններ ստանալուց անմիջապես հետո Վ.Ա-ի կողմից մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նախապատրաստվող նյութերը ՀՀ արդարադատության նախարարի գրությամբ ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն` սահմանված կարգով հետագա ընթացքը լուծելու համար։ Ընդ որում, նյութերն ըստ ենթակայության ուղարկելու հանգամանքը պայմանավորված է եղել ոչ միայն դեպքի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման նպատակով անհետաձգելի մի շարք գործողություններ կատարելու, այլև հիշյալ քրեակատարողական հիմնարկի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական հանցագործություններ կատարելու հանգամանքը քննության առարկա դարձնելու անհրաժեշտությամբ։ Վերոհիշյալը ևս վկայում է Քրեակատարողական ծառայության և ՀՀ արդարադատության նախարարության` բոլոր մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ բավարար ջանասիրություն և հետևողականություն դրսևորելու մասին։ Ավելին՝ անգամ նյութերը ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկելուց հետո Քրեակատարողական ծառայությունը հետամուտ է եղել կատարվածի ամբողջական պատկերը լիարժեք բացահայտելուն, ինչի շնորհիվ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վ.Ա-ի ծեծն ուղղորդված և կազմակերպված է եղել արտերկրում բնակվող քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, ազգությամբ հայ անձանցից մեկի կողմից, որը, ի դեպ, մամլո ասուլիսի ընթացքում բանախոսի կողմից հիշատակված անձը չէ։ Բանախոսը մի քանի անգամ հիշատակել է նաև Վ.Ա-ին դանակահարելու միջոցով նրա նկատմամբ սպանության փորձ կատարելու մասին, որպիսի փաստական հանգամանքները ևս չեն համապատասխանում իրականությանը. Վ.Ա-ն ոչ թե դանակահարվել է, այլ ծեծի ենթարկվել։ Ընդ որում, նրա մարմնական վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի չեն եղել, Վ.Ա-ն քրեակատարողական հիմնարկում գանգատներ է ներկայացրել միայն մինչ այդ` տարիներ առաջ, ձեռքի շրջանում ստացած վնասվածքի ցավերից։ Քրեակատարողական ծառայությունը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը լինելու է անզիջում, և նման երևույթի  դրսևորումներում ներգրավված բոլոր անձինք, այդ թվում` քրեակատարողական ծառայողները, արժանանալու են համարժեք գնահատականի և խիստ պատժի։ Սակայն նաև այդ գործընթացը կատարվելու է բացառապես օրենքի պահանջների խստիվ պահպանմամբ։ Քրեակատարողական հիմնարկների պետերի փոխատեղումները համակարգում կրել և շարունակելու են կրել պարբերական բնույթ, իսկ պաշտոնից նրանց ազատելու կամ պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու գործընթացները կարգավորվում են «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի ու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթներով, որոնցով նախատեսված հիմքերի առկայության կամ առաջին իսկ ստացման դեպքում անհապաղ կձեռնարկվեն համարժեք և ամենախիստ միջոցները։ Սկզբունքորեն անընդունելի համարելով քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի ցանկացած դրսևորման առկայությունը` ՀՀ արդարադատության նախարարի և Քրեակատարողական ծառայության ղեկավարության կողմից անհապաղ ձեռնարկվել են նաև իրավակազմակերպական բնույթի այլ միջոցառումներ` նշանակվել է ծառայական քննություն, քրեակատարողական բոլոր հիմնարկների պետերի մասնակցությամբ անց են կացվել խորհրդակցություններ, որոնց ընթացքում մեկ անգամ ևս կարևորվել և շեշտադրվել է քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը, ազատությունից զրկված անձանց միջև ոչ կանոնադրական և աստիճանակարգված հարաբերություններով պայմանավորված բռնության դեպքերի բացառումը։ Նման միջոցառումները կրելու են շարունակական բնույթ, ՀՀ արդարադատության նախարարությունը և Քրեակատարողական ծառայությունը վճռականությամբ գործելու և հավատարիմ են մնալու քրեական ենթամշակույթի դեմ պայքարին, որն անշրջելի է դարձնելու քրեակատարողական ծառայության համակարգում իրականացվող արմատական բարեփոխումները»,- ասվում է պարզաբանման մեջ։
19:28 - 06 մարտի, 2020
Ընդհանրապես զինված ուժերի հիմքում պետք է դրվի զինծառայողի և զինվորի, սպայի, նրանց արժանապատվության նկատմամբ հարգանքը․Արթուր Սաքունց |lragir.am|

Ընդհանրապես զինված ուժերի հիմքում պետք է դրվի զինծառայողի և զինվորի, սպայի, նրանց արժանապատվության նկատմամբ հարգանքը․Արթուր Սաքունց |lragir.am|

Հարցազրույց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցըի հետ։ Պարոն Սաքունց, հրապարակվել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության նախագիծը, ըստ որի՝ ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն, Պարեկային ծառայության ստեղծում ճանապարհային ոստիկանության և ՊՊԾ փոխարեն: Ինչպե՞ս եք գնահատում ներկայացված նախագիծը, որքանո՞վ է սա բարեփոխելու մեր ոստիկանության համակարգը։ Սրանով ամբողջությամբ փոխվում է ոստիկանության համակարգը և նոր ոստիկանության ուղղված ռազմավարություն է։ Սա այն է, ինչ մենք տարիներ շարունակ պահանջում էինք։ Ռազմավարության մեջ այդ ամենը նշված է, բայց ինչպես ենք դրան հասնելու` շատ կարևոր է այդ գործողությունների համարժեք իրականացումը։ Դա լուրջ ռեսուրսներ է ենթադրում կրթական համակարգում, տեխնիկական համակարգում, սոցիալական համակարգում։ Բայց պետք է ասեմ, որ սա շատ կարևոր փաստաթուղթ է, որի իրականացման արդյունքում, եթե մենք բոլոր ջանքերը գործադրենք, ապա կունենանք որակապես այլ, ժողովրդավարական և իրավական պետությանը համապատասխանող ոստիկանություն։ Հեղափոխությունից հետո ամենաշատ դժգոհությունները հենց ոստիկանությունից են, որ հանիրավի մարդկանց բռնում, ապա ազատ են արձակում։ Ձեր դիտարկումներն այս իմաստով ինչպիսի՞ն են։ Ես համաձայն չեմ, որ միայն ոստիկանության հետ են կապված դժգոհությունները՝ Զինված ուժեր, քննչական մարմիններ, դատախազություն, դատարաններ, կրթական համակարգ։ Բոլոր այն ինստիտուտները, որտեղ բովանդակային և արմատական փոփոխություններ չեն կատարվել այդ ճահճային իրավիճակից հանելու ուղղությամբ, որ տարիներ շարունակ ընկղմված էին, բոլորից էլ դժգոհություն կա։ Ուղղակի ժամանակ առ ժամանակ դրանք դուրս են մղվում։ Իհարկե, առանձին-առանձին պետք է փոխել և փոփոխություններ մտցնել, բայց շատ կարևոր է, որ նման ռազմավարություններ մշակվեն։ Մենք առայժմ Զինված ուժերի վերաբերյալ չունենք ռազմավարություն, քննչական մարմինների, դատախազության, ԱԱԾ-ի, կրթական համակարգի վերաբերյալ։ Եկեք արձանագրենք, ու այս շարքում միայն ոստիկանությունը չի։ Վերջին օրերին մեկ տասնյակից ավելի զոհ ունենք բանակում, ընդ որում՝ ոչ հակառակորդի կրակոցից։ Արդյոք նոր ռազմավարության դեպքում մենք այլ պատկեր կունենայինք։ Ի վերջո, ո՞րն է այսքան շատ դեպքերի բուն պատճառը։ Պատճառների մասին բազմիցս խոսել ենք, դա զինված ուժերի կառավարումն է, որը մնացել է նույնը։ Կրթվածությունը, պատրաստվածությունը, սոցիալական, տնտեսական ապահովվածությունը, կոռուպցիան։ Այս բոլոր ռիսկերի նվազեցմանն ուղղված մեխանիզմները չեն կիրառված։ Թե զինված ուժերում, թե իմ նշած բոլոր մարմիններում որևէ բան չի փոխվել։ Եթե ղեկավարները փոխվել են, դա դեռ երաշխիք չէ, որ համակարգային փոփոխություններ են եղել։ Ոստիկանության դեպքում տեսանելի է, թե ինչ պետք է արվի, տեսանելի է նաև, թե ինչ ոստիկանություն ենք ունենալու, բայց նույնը չես կարող ասել մնացած մարմինների վերաբերյալ։ Օրինակ, ինձ համար հասկանալի չէ, թե ենթադրենք մի 5-10 տարի հետո ինչ դպրոց ենք ունենալու, ինչ բուհ ենք ունենալու, ինչ զինված ուժեր ենք ունենալու։ Ինչպիսին պետք է լինի ԱԱԾ-ի տեսանելի պատկերը տարիներ անց։ Առայժմ բոլորը գործում են նախկին ձևերով՝ թե կադրային, թե կարգավորումների, թե օրենսդրական, թե ապահովվածության առումներով։ Այո, որոշ մարմիններում աշխատավարձերն ավելացել են, բայց դա բովանդակային փոփոխություն չէ։ Բոլոր ինստիտուտները պետք է համապատասխանեցնել ժողովրդավարական և իրավական պետության պահանջներին։ Զինված ուժերում որո՞նք են այն խնդիրները, որոնք օր առաջ լուծում են պահանջում։ Ընդհանրապես զինված ուժերի հիմքում պետք է դրվի զինծառայողի և զինվորի, սպայի, նրանց արժանապատվության նկատմամբ հարգանքը։ Նրանք ռեալ մարդիկ են, որոնք ունեն կարիքներ, որոնք ունեն պահանջներ, իրավունքներ։ Այդ ամենը պետք է պահպանվի, և ծառայությունն այնպես կազմակերպվի, որ լինի գրավիչ։ Սպաների արտահոսքը զինված ուժերից հենց դրանով է պայմանավորված։ Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։ 
13:47 - 16 փետրվարի, 2020
ԱԺ-ում առաջին անգամ հստակ դիրքորոշում դրսեւորվեց քրեական վարքագծի ու բառապաշարի դեմ |lragir.am|

ԱԺ-ում առաջին անգամ հստակ դիրքորոշում դրսեւորվեց քրեական վարքագծի ու բառապաշարի դեմ |lragir.am|

lragir.am: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ զրո հանդուրժողականություն պետք է լինի քրեական կեցվածքի, բառապաշարի նկատմամբ։ Անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, Արթուր Սաքունցը նշել է, որ պետք է անպայման տրվեր քաղաքական և իրավական գնահատական պետության զավթմանը, և այդ բոլոր ինստիտուտները, որոնք պատասխանատու են եղել պետության զավթման համար, ամրագրված լինեին այդ գնահատականում։ «Այդ պարագայում դա կլիներ այն ելակետային փաստաթուղթը, որի վրա պետք է կառուցվեին այս բոլոր առանձին իրավական նախագծերը։ Այս դեպքում խոսքը ոչ միայն իրավական համակարգի, այլև կրթական համակարգի, տնտեսական համակարգի մասին է։ Այդ պարագայում, նման գործողությունները չէին կարող համարվել լեգիտիմ, որովհետև Ազգային ժողովն արդեն տված կլիներ գնահատական, թե ինչպիսին չի կարող լինել պատգամավորների պահվածքը, որովհետև դա պետության զավթմանը բնորոշ վարքագիծ ու մտածելակերպ է։ Իսկ այն, որ քրեական աշխարհը պետության զավթման ժամանակահատվածում հիմնական գործիքներից և ինստիտուտներից մեկն է եղել իշխանության ձեռքին, դա փաստ է։ Դա այնքան բացահայտ փաստ է, որ դրա մասին բազմաթիվ հրապարակումներ կան, լուսանկարներ կան, զեկույցներ կան և այլն»:-հավելել է նա։ Շարունակությունը՝ lragir.am-ում
06:26 - 22 հունվարի, 2020
Օրենքի ուժով պետք է կասեցվեն գործող ՍԴ լիազորությունները. Արթուր Սաքունց |lragir.am|

Օրենքի ուժով պետք է կասեցվեն գործող ՍԴ լիազորությունները. Արթուր Սաքունց |lragir.am|

lragir.am: Սահմանադրական դատարանի ճգնաժամի հարցը պետք է լուծվի հետևյալ կերպ՝ օրենքի ուժով պետք է կասեցվեն գործող ՍԴ լիազորությունները: Այս մասին այսօր «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակն ու լեգիտիմության խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: «Եթե Ազգային ժողովի հարցը կարող էր լուծվել ընտրություններով, որը և լուծվեց, դրա արդյունքում ձևավորվեց գործադիր իշխանությունը, ապա դատական իշխանության նկատմամբ չի կարելի նույն մեթոդները կիրառել: Այսինքն՝ այս հարցը հստակ պետք է լուծվեր օրենքի ուժով՝ դադարեցնել, կասեցնել Սահմանադրական դատարանի գործառույթները՝ առանց անձնավորելու: Հենց այս համակարգային մոտեցումը չենք ձևակերպում, անհատների հարցն է առաջ գալիս»,- ասաց Սաքունցը: Ըստ նրա՝ իրենք ուզում են դատական իշխանությունը զերծ պահել քաղաքական ազդեցությունից: «Այս հնարավորությունը մենք տեսնո՞ւմ ենք: Այո, տեսնում ենք, կա: Ելքերից մեկը ես տեսնում եմ հետևյալը՝ գուցե պետք է լինի սահմանադրական հանրաքվե՝ դադարեցնելու Սահամանդրական դատարանի այսօրվա լիազորություններն օրենքի ուժով: Նորից հավաքել ու իշխանությունների տարանջատման ու փոխզսպման սկզբունքի ապահովման միջոցով սկսել կառուցել նորը»,- ասաց իրավապաշտպանը:  
10:37 - 16 նոյեմբերի, 2019
Տարօրինակ է, երբ գեներալի կոչումը ստանալուց հետո Վանեցյանը որոշում է քաղաքական գնահատականներ հնչեցնել |lragir.am|

Տարօրինակ է, երբ գեներալի կոչումը ստանալուց հետո Վանեցյանը որոշում է քաղաքական գնահատականներ հնչեցնել |lragir.am|

lragir.am։ Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր ՍաքունցըՊարոն Սաքունց, Արթուր Վանեցյանը հաստատել է, որ նախօրեին տարածված հայտարարությունն իր և իր օգնականի կողմից է գրված եղել։ Տեսակետ կա, որ ուժային կառույցի ղեկավարը քաղաքական հայտարարություն անելու իրավունք չուներ։ Բոլոր դեպքերում, երբ ԱԱԾ ղեկավարը հայտարարություն է տարածում, ինքն ավելի շատ փաստում է, որ ԱԱԾ պետի պաշտոնը դիտարկել է որպես քաղաքական պաշտոն, և սա ավելի շատ խոսում է իր վերաբերմունքի մասին։ Ավելին՝ եթե ինքը նման հայտարարություն անում է հիմա, իսկ նախկինում որևէ անդրադարձ չի կատարել որևէ ներքաղաքական իրադարձությանը, ուղղակի հարց է առաջանում՝ արդյոք ինքը զբաղվե՞լ է ԱԱԾ գործառույթների իրականացմամբ, թե զուգահեռաբար նաև քաղաքական գործընթացներով է հետաքրքրվել։ Բոլոր դեպքերում նշեմ, որ, իհարկե, մի քիչ տարօրինակ է, երբ գեներալի կոչումը ստանալուց հետո ինքը որոշում է քաղաքական գնահատականներ հնչեցնել։ Չեմ կարծում, թե սա կարող է երաշխիք հանդիսանալ, որ ինքը կարող է հաջողակ լինել քաղաքականության մեջ։ Արդյոք առաջիկայում ավելի պարզ կդառնա այս հրաժարականի դրդապատճառը։ Չեմ կարծում, թե Վանեցյանը քաղաքական իշխանության կամ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ այնպիսի տեղեկատվության է տիրապետում, որը կարող է անակնկալ կամ սենսացիա լինել։ Նորմալ պրոցես է, երբ իշխանության ձևավորման և կայացման ընթացքում նման հարցեր առաջ գան։ Ըստ էության՝ հեղափոխությունից հետո սա նոր իրավիճակ է, երբ ժողովրդավարության վերականգնումը այնքան էլ հարթ չի կարող լինել, որովհետև փնտրտուքները, որոնումներն անխուսափելիորեն ուղեկցելու են։Վանեցյանը բացարձակապես որևէ հղում չի կատարում ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի նահանջի մասին կամ քաղաքական իշխանության կողմից հայտարարված ուղենիշները փոխելու մասին։ Այսինքն՝ չկա մի հարց, որ վկայի, որ այսօրվա քաղաքական իշխանությունը հրաժարվում է ինչ-որ արժեքներից։ Իսկ մնացածը գուցե իր անձնական ընկալումներն են, միջանձնային հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ դեպքում առավել ևս չի կարող լուրջ հիմք հանդիսանալ որպես քաղաքական միավոր հայտ ներկայացնելու համար։ Շարունակությունը՝ lragir.am-ում
07:13 - 18 սեպտեմբերի, 2019
«ՍԴ-ն մասնակից է եղել պետության զավթման գործընթացին և իրավական փաթեթավորում է տվել» |lragir.am|

«ՍԴ-ն մասնակից է եղել պետության զավթման գործընթացին և իրավական փաթեթավորում է տվել» |lragir.am|

lragir.am:  Հարցազրույց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ։-Պարոն Սաքունց, ՍԴ-ն երեկ հակասահմանադրական ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի վիճարկած երկու հոդվածներից մեկը՝ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, իսկ 135-ր հոդվածը ճանաչեց սահմանադրական։ Շատերը նշում են, որ դատաիրավական բարեփոխումներն այնքան ուշացան, որ արդյունքում ունենք այս տեսակ կանխատեսելի որոշումներ։ Կա՞ր այլ ակնկալիք ՍԴ-ից, թե՞ սա այն է, ինչ ունենք այսօր։-Դեռ մինչև ՍԴ-ի կողմից այդ որոշման հրապարակումը ես առիթ ունեցել եմ ասելու, որ անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը, այդ որոշման նկատմամբ վստահություն չի լինելու, որովհետև ՍԴ-ի հանդեպ վստահություն չկա։ Դա պայմանավորված է նախ ՍԴ կազմի նկատմամբ վերաբերմունքով, որովհետև նախկինում այդ կազմով ընդունվել են որոշումներ քաղաքական զգայուն թեմաների վերաբերյալ, մասնավորապես, նախագահական ընտրությունների կեղծման վերաբերյալ դիմումների քննության ժամանակ՝ սկսած 2003 թվականից։ՍԴ-ի հանդեպ անվստահությունը կապված է նաև ՍԴ նախագահի ընտրության հետ, երբ շատ կարճ ժամկետում մարդը վայր է դնում պատգամավորի մանդատը, հրաժարվում կուսակցության անդամությունից, ընտրվում ՍԴ անդամ ու միանգամից ընտրվում ՍԴ նախագահ։ Սրանք հանգամանքներ են, որոնք գալիս են հիմնավորելու, որ այս ՍԴ-ն իր ծագումնաբանությամբ, իր կազմով չի կարող ունենալ վստահություն։ ՍԴ-ն նաև հանդիսացել է այն ինստիտուտներից մեկը, որն իրականացրել է քաղաքական իշխանության կողմից պետության զավթումը։Ճիշտ է, այսօրվա քաղաքական իշխանությունը մինչև այժմ չհամարձակվեց պետության զավթման մասին դիրքորոշում արտահայտել, քաղաքական գնահատական տալ, բայց գոնե մենք ունենք վստահություն և պնդում ենք, որ ՍԴ-ն մասնակից է եղել պետության զավթման գործընթացին և իրավական փաթեթավորում է տվել։ ՍԴ-ն մնացել է որպես պետության զավթմանը մասնակցած ինստիտուտ, ու այդ դեպքում ինչպե՞ս կարելի է նրա կայացրած որևէ որոշում վստահելի համարել։Որպես սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմին՝ նաև ՍԴ-ն է պատասխանատու այն պատճառների համար, որի արդյունքում եղավ թավշյա հեղափոխությունը։ Պարզ է, որ թավշյա հեղափոխությունից հետո պետության զավթման համար պատասխանատու, սահմանադրական արդարադատության չիրականացման համար պատասխանատու մարմինը չի կարող վստահություն ունենալ։ Հետևաբար, նրա որոշումներին չպետք է որևէ նշանակություն տալ։ Այստեղ կարևոր է, որ քաղաքական իշխանությունը դրսևորի կամք՝ հանձինս ԱԺ-ի։ Խորհրդարանը պետք է «Սահմանադրական դատարանի» մասին օրենքում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու միջոցով, իրապես հեղափոխական որոշումներով հասնի ՍԴ նոր կազմի ձևավորմանը։Շարունակությունը կարդացեք Lragir.am-ում։
07:18 - 05 սեպտեմբերի, 2019
Անցումային արդարադատության հանձնաժողովը պետք է նաև քաղաքական ենթատեքստ ունեցող սպանություններն ուսումնասիրի. Արթուր Սաքունց |tert.am|

Անցումային արդարադատության հանձնաժողովը պետք է նաև քաղաքական ենթատեքստ ունեցող սպանություններն ուսումնասիրի. Արթուր Սաքունց |tert.am|

tert.am։ Անցումային արդարադատության փաստահավաք հանձնաժողովը դատական մարմին չէ, այն միտված է լինելու հասարակության հաշտեցմանը, բայց կյանքի իրավունքի խախտումների, խոշտագումների դեպքերը պետք է չմնան անպատիժ: Այս մասին ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Անցումային արդարադատության փաստահավաք հանձնաժողովի ստեղծմանը: Հիշեցնենք, որ հանձնաժողովն աշխատանքները կսկսի 2020թ-ի սկզբին: Այն ուսումնասիրելու է 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացները, 1991 թվականի սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացում տեղիունեցած քաղաքական հետապնդումները, Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումները, սեփականազրկումների այլ դրսևորումներ, ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների վերբերյալ հարցեր: Արթուր Սաքունցի խոսքով՝ մարդու իրավունքների խախտումների հետ կապված ուսումնասիրության շրջանակը պետք է ընդլայնել: «Պետք է առաջարկեմ, որ ներառեն այն դեպքերը նաև, երբ խոշտանգումների ենթարկվածները, որոնք դիմել են բռնության հիմքով քրեական գործ հարուցելու համար, բայց արդյունքի չեն հասել, ինչպես նաև այն դեպքերը, երբ իրականում խոշտանգման են ենթարկվել, բայց իրավապահներին չեն դիմել: Ինչպես նաև ուսումնասիրվեն այն սպանությունները, որոնք, առաջին հայացքից, քաղաքական ենթատեքստ չեն ունցել: Օրինակ` Լոռու մարզի դատախազի սպանությունը միչև հիմա բացահայտված չէ, նրա հարազատներն իրավունք ունե՞ն դիմել, թե՞ ոչ»,- ընդգծեց նա: Շարունակությունը՝ tert.am-ում
05:49 - 02 սեպտեմբերի, 2019
Հասարակական կարգը պահպանող և քրեական ոստիկանությունները պետք է առանձին գործեն․ Արթուր Սաքունց

Հասարակական կարգը պահպանող և քրեական ոստիկանությունները պետք է առանձին գործեն․ Արթուր Սաքունց

Ամուլսարի համար պայքարի և Ոստիկանության գործողությունների թեմայով քննարկման ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նշեց, որ իրենք մի խումբ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից ներկայացրել են դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ։ «Ոստիկանության գործունեությունը կարգավորող ամբողջ փաթեթն ենք վերլուծել միջազգային նորմերի տեսանկյունից և այդ փաթեթը ներկայացրել ենք ոստիկանություն՝ այս տարվա մարտից։ Այսինքն այնպես չէ, որ ուղղակի գնահատականներ ենք ներկայացրել, մենք նաև առաջարկություններ ենք ներկայացրել»,- հավելեց Սաքունցը։ Ինչ վերաբերում է հասարակական կարգը պահպանող ոստիկանության և քրեական ոստիկանության՝ պայմանական ասված տարանջատմանը, ապա իրավապաշտպանը շեշտում է, որ ոստիկանության այդ ստորոբաժանումները տարբեր գործառույթներ են իրականացնում և այդ պատճառով պետք է լինեն առանձին և ապաքաղաքական։ «Այդ փորձը ցույց է տալիս, որ քաղաքացիական և հասարակական շարժումների նկատմամբ ոստիկանությունը օգտագործվել է որպես միջոց։ Անհասականաի է, թե ինչու պետք է հասարակական կարգը պահպանող ոստիկանությունը միասնական լինի քրեական ոստիկանության հետ։ Քրեական ոստիկանության դերը քրեական հանցագործությունների կանխումն է։ Քրեական ոստիկանը ի՞նչ գործ ունի հավաքի տեղում։ Ոստիկանությունը իր ամբողջ սիստեմով քաղաքական իշխանության ենթակա է, այն ինչ՝ պետք է լինի ապաքաղաքական։ Ես չեմ կարծում, որ վարչապետը հրահանգ է տվել, բայց ամեն դեպքում, քանի դեռ այդ կառույցը իր ենթակայության տակ է և որևէ անօրինական գործողություն է անում, ապա ինքնստինքյան պատասխանատվությունը կրում է նա»,- ասաց Սաքուցը։
10:19 - 22 օգոստոսի, 2019