Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ՀՀ ՊՆ նախկին խոսնակն է։

1997 թվականից ծառայում է ՀՀ ԶՈՒ-ում։ 2001 թվականին ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և ստանալով լեյտենանտի զինվորական կոչում՝ նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի հակատանկային մարտկոցի դասակի հրամանատար։ 2002 թվականին նույն զորամասում նշանակվել է հակատանկային մարտկոցի հրամանատար։

2004 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ՕՏԱԳ-ի պահպանության վաշտի հրամանատար: 2010 - 2011 թվականներին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի Քաղաքական հետազոտությոuնների ինստիտուտում՝ որպես ռազմական փորձագետ։ 2012 թվականին աշխատել է ՀՀ նախագահին կից հանրային կապերի կենտրոնում՝ որպես ռազմական փորձագետ։ 2012 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար։ 2010 - 2012 թվականներին սովորել է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատմության մագիստրատուրան:

2013 թվականի սեպտեմբերից դասախոսում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 2014 թվականի հունվարից դասախոսում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ՌԻ հրամանատարաշտաբային դասընթացներում։ 2014 թվականից ստացել է պատմական գիտությունների թեկնածուի կոչում:

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փորձագետ |armenpress.am|

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փորձագետ |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանին հանձնաժողովի փորձագետ նշանակելու մասին։ Քոչարյանն ասաց, որ Հովհաննիսյանը հանձնաժողովին կօգնի ռազմական ոլորտի շատ հարցերում, որովհետև նա ոչ միայն դասավանդել է, այլ նաև կյանքի փորձ է անցել Զինված ուժերի ակունքներից սկսած։ «Յուրաքանչյուր մարդ, ով անկեղծ իր ներդրումն է առաջարկել և ձեռք է մեկնել է մեր երկրի ապագային միտված գործողությունների իրականացմանը, պետք է մեր հանձնաժողովի կողմից միշտ նկատված լինի՝ անկախ նրանից, թե ինչ շահարկումների միջով են փորձում անցկացնել նրան։ Շահարկումները և ֆեյքերը պետք է մի օր վերանան մեր կյանքից, և իրական գործընթացների մեջ իրական մարդը իր գիտելիքները պետք է ծառայեցնի մեր կարիքների համար»,- ասաց Քոչարյանը՝ շնորհակալություն հայտնելով Հովհաննիսյանին առաջարկն ընդունելու համար։ Քոչարյանը նշեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն օր օրի մոտենում է ձևավորման վերջնական փուլին և այնտեղ միասին շատ մեծ ճանապարհ պետք է անցնեն։ Հովհաննիսյանը նշեց, որ դեռևս տեղյակ չէ, թե արդյոք ինքն ընդգրկված լինելո՞ւ է քննիչ հանձնաժողովում, թե ոչ։ «Գիտեմ, որ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում կա փորձագետի աշխատանք, և հենց հիմա իմ դեմ դրված են փաստաթղթեր, օրենքի նախագծեր, որոնց որպես փորձագետ պետք է գնահատական տամ՝ ռիսկերը, արդյունավետությունը և այլն»,- ասաց Հովհաննիսյանը։
13:04 - 09 նոյեմբերի, 2021
Արծրուն Հովհաննիսյանը զորացրվել է սեփական դիմումի համաձայն |armenpress.am|

Արծրուն Հովհաննիսյանը զորացրվել է սեփական դիմումի համաձայն |armenpress.am|

armenpress.am: Արծրուն Հովհաննիսյանը սեփական դիմումի համաձայն զորացրվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում ծառայությունից. Հովհաննիսյանը պաշտպանության նախարարությունում զբաղեցնում էր կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետի պաշտոնը: Լուրը հայտնեցին  ՀՀ ՊՆ տեղեկտվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Արծրուն Հովհաննիսյանը զորացրվել է սեփական դիմումի համաձայն»,- ասացին ՊՆ-ից: Հովհաննիսյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2020 թվականի հուլիս ամսից: Նույն տարվա մարտ-հուլիս ամիսներին նա եղել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ: 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ ղեկավարել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի մամուլի ասուլիսները:
09:57 - 06 ապրիլի, 2021
Նոյեմբերին 8-ին ՊՆ-ից կար տեղեկություն, որ մենք Շուշին գրեթե մաքրում ենք. Արծրուն Հովհաննիսյան |news.am|

Նոյեմբերին 8-ին ՊՆ-ից կար տեղեկություն, որ մենք Շուշին գրեթե մաքրում ենք. Արծրուն Հովհաննիսյան |news.am|

news.am: Ես հավատում էի, որ հաղթելու ենք, եթե ես հավատում էի, որ հաղթելու ենք, դա չի նշանակում, որ ես ինչ-որ մեկին խաբել եմ: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, «Երկիր»-ի հետ զրույցում նշել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու էր մարդկանց խաբում, թե հաղթելու ենք: Ես որեւէ այլ տեղեկության չեմ տիրապետել, որեւէ քաղաքական քննարկման, բանկցությունների մասին տեղեկություններ չեմ ունեցել մինչեւ նոյեմբերի 9-ի օրը: Նոյեմբերին 8-ին, երբ ես Պետրոս Ղազարյանի մոտ էի, նույն ՊՆ-ից կար տեղեկություն, որ մենք քաղաքը գրեթե մաքրում ենք: Սապսում էինք, որ 9-ի առավոտը մաքրած, ավարտած կլինենք, բայց 9-ին տեղի ունեցավ այն,. Ինչ տեղի ունեցավ»: Նա հերքեց տեղեկությունները, թե ինքը պատերազմը ժամանակ հանդիպել է վարչպետի տիկին Աննա Հակոբյանին. «Բացարձակ սուտ է, պատերազմի ժամանակ մեկ վայրկյանով անգամ չեմ հանդիպել տիկին Աննա Հակոբյանին: Նույնիսկ հեռվից չեմ տեսել: Նման նկար հրապարակողները շատ լավ գիտեն դա, ու ցավալի է, որ մանիպուլացնում են: Սեղանի շուրջ, որ նստած ենք «Ազատություն» ռադիոկայանում, թող հրապարակեն այդ լուսանկարից առաջ եւ հետո եղածը եւ կտեսնեք, որ սուտ են խոսում:
11:45 - 01 փետրվարի, 2021
Իմ տրամադրած տեղեկությունները հիմնականում հիմնված են եղել ՀՀ ԶՈւ ԳՇ և ԱՀ ՊԲ տեղեկագրերի վրա․ Արծրուն Հովհաննիսյան

Իմ տրամադրած տեղեկությունները հիմնականում հիմնված են եղել ՀՀ ԶՈւ ԳՇ և ԱՀ ՊԲ տեղեկագրերի վրա․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս պատերազմի ընթացքում ես վարել եմ չորրորդ հարթության` «տեղեկատվական հարթության» իմ մարտական գործողությունները: Ինչպես եմ այն վարել կգնահատի ժամանակն ու պրոֆեսիոնալ ուսումնասիրողը: Չկա մարդ որ չի թերանում: Տեղեկությունները որոնք ես տրամադրել եմ հանրությանը հիմնականում հիմնված են եղել ՀՀ ԶՈւ ԳՇ և ԱՀ ՊԲ տեղեկագրերի վրա: Այո համոզված եմ եղել, որ հաղթելու ենք, այդ համոզմունքս հիմնված է եղել նաև իմ շատ մարտական ընկերների վարած մարտերի վրա:Ամսի 9-ից ես հեռացել եմ այդ գործունեությունից: Շարունակելու եմ աշխատել գիտական ոլորտում և խնդրում եմ ինձ զերծ պահել տարբեր առաջարկներից: Քաղաքականությամբ չեմ զբաղվել ու չեմ պատրաստվում զբաղվել: Խոնարհվում եմ մեր հերոս նահատակների առաջ: Պետք է կյանքս ներդնեմ նոր սերնդի կրթության ու դաստիարակության մեջ»։
19:47 - 12 նոյեմբերի, 2020
Մեր հրամանատարներից շատերը, զենքը ձեռքներին, գնում, զորքի կողքին կանգնում ու անձնուրաց կռվում են․ Արծրուն Հովհաննիսյան

Մեր հրամանատարներից շատերը, զենքը ձեռքներին, գնում, զորքի կողքին կանգնում ու անձնուրաց կռվում են․ Արծրուն Հովհաննիսյան

Եկեք Շուշի ներթափանցած զորքերի մարտավարության, խմբաքանակի և այլ մանրամասներ չհայտնեմ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Այսօր ցանցում Ալիևի հայտարարությունից հետո եղել են բավականին տարբեր տրամադրություններ ստեղծող ոչ պաշտոնական հայտարարություններ մեր կողմից: Մեր զորքերը կռվում են անձնուրաց, մեր հրամանատարներից շատերը, նույնիսկ խախտելով մարտավարության կանոնները, տրամաբանությունը, զենքը ձեռքներին, գնում, զորքի կողքին կանգնում ու անձնուրաց կռվում են: Չշտապենք, սպասենք պաշտոնական հաղորդագրություններին, սպասենք Շուշիի ճակատամարտի ավարտին»,- ասաց նա։ Հովհաննիսյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ օպերատիվ իրավիճակը իմանալով, ուժերն ու միջոցները, որոնք ներդրված են եղել Շուշին գրավելու համար Ալիևի կողմից։ «Մեր իրավիճակը հասկանալով՝ հուսով եմ, որ կավարտվի Շուշիի համար ճակատամարտը, որը տևում է արդեն երեք-չորս օր»,- եզրափակեց նա։
22:30 - 08 նոյեմբերի, 2020
Ընդհանուր իրավիճակը կարելի է համարել բավականին դրական․ Արծրուն Հովհաննիսյան

Ընդհանուր իրավիճակը կարելի է համարել բավականին դրական․ Արծրուն Հովհաննիսյան

Իրավիճակը ռազմաճակատում շարունակում է մնալ լարված: Երեկ ողջ գիշեր և այսօր՝ ամբողջ օրվա ընթացքում, ռազմաճակատի տարբեր ուղղություններում մարտերը շարունակվել են: Մարտերը եղել են բավականին ինտենսիվ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Հյուսիսում թշնամու զորքերը՝ հիմնականում փոքր մարտավարական խմբեր՝ հրետանու կրակի աջակցությամբ, փորձել են հարձակվել մեր դիրքերի ուղղությամբ, սակայն, կորուստներ կրելով, հետ են շպրտվել: Շուշի քաղաքի մեջ և հարակից տարածքներում՝ պարիսպների տակ, ճանապարհների վրա, որոնք տանում են դեպի Շուշի, մարտերը ողջ օրվա ընթացքում եղել են բավականին սաստիկ, այս պահին էլ որոշակի մարտեր ընթանում են, չնայած ինտենսիվությունը զգալիորեն թուլացած է:»,- նշել է նա։ Հովհաննիսյանի խոսքով՝ սաստիկ է եղել նաև Բերձորի ուղղությամբ. թշնամու ուժերը մի քանի անգամ փորձել են ճեղքել և դուրս գալ դեպի Բերձոր՝ հավանաբար փորձելով այդ ուղղությամբ օգնության հասնել Շուշիում կռվող իրենց ստորաբաժանումներին, բայց, կրելով զգալի կորուստներ, հետ են շպրտվել, ավելին՝ դիմել են փախուստի:  «Այս պահին մարտերն ընթանում են, ընդհանուր իրավիճակը կարելի է համարել բավականին դրական: Մեր զորքերին հաջողվում է թշնամու ուժերին թույլ չտալ որևէ ուղղությամբ զարգացնել հաջողություններ, բայց մարտերն ընթացքի մեջ են»,- ընդգծեց ՊՆ ներկայացուցիչը։
22:22 - 08 նոյեմբերի, 2020
Այսօր մարտեր են ընթացել նաև Բերձորի, Մարտունիի, Մատաղիսի հատվածներում․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր մարտեր են ընթացել նաև Բերձորի, Մարտունիի, Մատաղիսի հատվածներում․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցի ընթացքում, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց՝ 1992 թվականին իրավիճակ է եղել, երբ Շուշին մերը չի եղել, ավելին՝ Մարտակերտը մերը չի եղել: «Մենք հասկանում ենք, որ մեզ համար դա սուրբ քաղաք է, հոգեբանական կարևոր նշանակություն ունեցող քաղաք է: Եթե դու ունես վճռականություն՝ կռվելու մինչև վերջ, եթե դու ունես պատրաստակամություն՝ չզիջելու ամեն ինչ, գնալու մինչև վերջ, իմ կարծիքով, առանձին վերցրած՝ որևէ քաղաք ոչ մի բան չի որոշում: Մենք միանշանակ ձգտելու ենք, Շուշին մեզ համար այն բնագիծն է, որը գերսիմվոլիզացված է»,- ասաց նա։ Հովհաննիսյանը հայտնեց, որ Շուշի տանող որոշ ճանապարհներ հակառակորդի ձեռքում են, բայց ոչ ամբողջը․ հակառակորդին չի հաջողվել քաղաք եկող բոլոր ենթակառուցվածքները, լոգիստիկան կտրել:  «Երեկ գիշեր արդեն զուտ դիվերսիոն խմբեր չէին (Շուշիում- խմբ.), արդեն ավելին էր` հրետանի, որոշակի զրահատեխնիկա, քանակն էր բավականին մեծ: Դիվերսիոն խմբերը նախորդ օրերին էին: Իրենց ողջ ներկապնակով եկել են»,- նշեց պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:  Հովհաննիսյանը հայտնեց, որ այսօր մարտեր են ընթացել նաև Բերձորի, Մարտունիի, Մատաղիսի հատվածներում: «Մատաղիսյան ուղղությամբ այսօր էլի որոշակի հարձակումներ եղել են ոչ մեծ ներուժով: Հաջողության չեն հասել (հակառակորդը- խմբ.): Մարտունիում առավոտյան մի դիրք էին վերցրել մեզնից, բայց ահագին ուժեր մարտի մտցնելով` զրահատեխնիկայի կորուստ ունեցան ու նորից հետ շպրտվեցին»,- ասաց նա։ Հովհաննիսյանը նշեց, որ Հարդրութից արևմուտք գտնվող ուղղությամբ եղող դիրքերում ծանր մարտեր են ընթացել օրվա ընթացքում, կուտակումներ  են եղել, հիմա էլ կան: «Մեզ հաջողվեց հետ շպրտել մեկ-երկու գրոհ, բայց համառ մարտեր են գնում, կարող են գիշերն էլ գնալ, վաղն էլ շարունակվել: Բայց որևէ դիրք չի հաջողվել հակառակորդին վերցնել: Այսօր շատ ավելի համառ էին գրոհում և՛ Մարտունիի ուղղությամբ (ընդ որում, երկու փորձ կատարեցին` Ճարտարի ուղղությամբ՝ առանձին, Մարտունու ուղղությամբ՝ առանձին), և՛ Հադրութից մի փոքր հարավ-արևմուտք էլի նույն հարձակումն էր անդադար գնում ահագին համառ ուժերով, բայց հաջողության չհասան»,- ասաց նա:   Մանրամասները՝ տեսանյութում։  
21:48 - 08 նոյեմբերի, 2020
Շուշիի համար ճակատամարտը, ինձ թվում է, վաղը կավարտվի․ Արծրուն Հովհաննիսյան

Շուշիի համար ճակատամարտը, ինձ թվում է, վաղը կավարտվի․ Արծրուն Հովհաննիսյան

Ռազմական գործողություններն այս պահին ընթանում են Շուշիի ներսում և Շուշիի շրջակայքում։ Այս մասին այսօր՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում, հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մեր զորքերը հերոսական պայքար են մղում` Շուշին պաշտպանելու և որոշ դիրքերում, որտեղ արդեն հայտնվել են ադրբեջանական կամ վարձկան ուժերը, դրանց չեզոքացնելու և լիարժեք վերահսկողությունը մեր ձեռքը վերադարձնելու ուղղությամբ»,- նշեց նա։ Հովհաննիսյանի խոսքով՝ ամբողջ ցերեկ` վաղ առավոտից, համառ մարտեր են եղել: Հակառակորդը երեկ՝ ցերեկը, գիշերը, սկսել է մեծ խմբերով ներթափանցել Շուշի, և մեր զորքերը, կատարելով վերախմբավորում, հակառակ գործողություններ են իրականացրել:  «Չկա այնտեղ կողմ, որն ունի լիարժեք վերահսկողություն և լիարժեք նախաձեռնողականություն քաղաքի և շրջակայքի տարածքների վերահսկողության նկատմամբ»,- հայտնեց նա։ Հովհաննիսյանը կարծում է՝ հակառակորդը չէր պատկերացնում, որ մենք այսպես համառ կդիմադրենք Շուշիի համար։ Նա հորդորեց Շուշիի վերաբերյալ վաղաժամ գնահատականներ չտալ՝ ո՛չ լավատեսական, ո՛չ, առավել ևս, վատատեսական, և կոչ արեց վստահել մեր զորքին: «Մեր զորքը համառ պայքար է մղել ամբողջ օրը, շատ գրագետ պայքար է մղել բոլոր զորատեսակներով: Սպասենք որոշ ժամանակ: Կարելի է ասել, ոը Շուշիի համար առանձին ճակատամարտը, որը երեք-չորս օր անդադար ընթանում է տարբեր փուլերով, հաջողությունների ու անհաջողությունների տատանումներով, վաղը, իմ կարծիքով, վերջանական պարզ կլինի: Վաղը, ինձ թվում է, կավարտվի ճակատամարտը Շուշիի համար»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե իրենք վերցրել են Շուշին, և թուրքական կողմի շնորհավորանքին, Հոնհաննիսյանը նշեց, որ Ալիևն այս ամբողջ ընթացքում հայտարարում էր, որ իրենք շատ բնակավայրեր են վերցրել, բայց իրականում այդպես չէր։ «Առնվազն շատ դեպքերում ավելի շուտ էր հայտարարում, քան դա լինում էր։ Եվ որոշ բաներ էլ հայտարարում է, բայց մինչև հիմա այդպես չէ: Չէի ուզենա` մեր հասարակությունը հենվեր Ալիևի հայտարարությունների վրա»,- ասաց նա։   Մանրամասները՝ տեսանյութում  
20:35 - 08 նոյեմբերի, 2020
Մեր զորքը համառորեն դիմադրում է՝ հակառակորդի թեւերին, թիկունքին, կապուղիներին հասցնելով զգալի կորուստներ․ Արծրուն Հովհաննիսյան

Մեր զորքը համառորեն դիմադրում է՝ հակառակորդի թեւերին, թիկունքին, կապուղիներին հասցնելով զգալի կորուստներ․ Արծրուն Հովհաննիսյան

Ռազմաճակատի տարբեր հատվածներում մարտերը գիշեր-ցերեկ չեն դադարում։ Մասնավորապես, Շուշիի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում՝ ճանապարհների ուղղությամբ, թշնամուն հաջողվել է մոտենալ, մարտերը չեն դադարում։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց ՊՆ ներկայացուցիչ  Արծրուն Հովհաննիսյանը։  Իր խոսքում ՊՆ ներկայացուցիչը մասնավորապես նշեց․ «Երեկ նշեցի՝ մենք պաշտպանեցինք Շուշին, բայց, ինչպես երեւում է, հակառակորդը, նոր ուժեր ու միջոցներ ներգրավելով, շարունակում է Շուշիի գրավման իր ցանկությունն իրագործելու պլանները։  Այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է՝ թեւերին, թիկունքին, կապուղիներին հասցնելով զգալի կորուստներ, բայց մարտերը համառ են եւ շարունակական։ Արդեն երրորդ օրը ծանր մարտեր են ընթանում, որպեսզի Շուշին դիմակայի, որպեսզի Շուշին մնա կանգուն։  Մեր բոլորիս պարտքն է՝ հավատալ հայ զինվորականին, վստահել, եւ այս պահին տեղին չեն որեւէ այլ դիտարկումները, խուճապային տրամադրությունները, տարհանման մասին մտքերն ու խոսակցությունները, նահանջի մասին․․․ Ոչի՛նչ, մենք դիմադրում ենք հերոսաբար, զորքը պիտի պահի իր մարտունակությունը, որպեսզի իր դիմադրությամբ անգամ հաջորդիվ հաղթանակները կարողանա կռել»։  Հովհաննիսյանը հայտնեց, որ այսօր մարտեր են եղել նաեւ այլ ուղղություններով․ Մարտունու ուղղության վրա թշնամին փորձել է զրահատեխնիկայի օգնությամբ հարձակում իրականացնել։ Կորցնելով մեկ-երկու միավոր զրահատեխնիկա՝ հետ է շպրտվել ելման բնագծեր՝ թողնելով դիակներ։  Բերձորից հարավ մարտեր են ընթացել, մի քանի անգամ փորձել են առաջ գալ՝ չեն կարողացել, մեր ստորաբաժանումներին հաջողվել է այդ ուղղությամբ որոշակի բարելավում իրականացնել։  Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ողջ օրը ե՛ւ դիրքերի, ե՛ւ բնակավայրերի ուղղությամբ ոչ մեծ մասշտաբի, բայց ընթացել է հրետակոծություն։ «Դուք այս կամ այն ծանոթից ինֆորմացիա եք ստանում առանձին վերցրած ճակատի մասին, որտեղ, այո, կարող է լինել ծանր դրություն, դրանով սկսում եք ամփոփ տվյալներ ներկայացնել, իսկ մենք մոտ 1000 կմ ճակատից ենք տեղեկություն ստանում, եթե ձեր տրամաբանությանը հետեւենք եւ այդ բարդ իրադրության շեշտադրումը դնենք միայն դրա վրա, ի՞նչ պիտի պատասխանենք մյուս բազում ուղղություններում առավոտից երեկո հերոսաբար դիմդրած, հակառակորդին հետ շպրտած, դիրքեր բարելաված զորքին, հրամանատարին»,- այսօր սոցիալական կայքերում ստեղծված խուճապային տրամադրություններին անդրադառնալով ասաց Հովհաննիսյանը։  Վերջինս նաև տեղեկացրեց, որ Տավուշում եւ Քարվաճառի շրջանում իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է։  
22:25 - 07 նոյեմբերի, 2020
Այսօր հայոց հրետանին Շուշիի մարտերում պարտության մատնեց հակառակորդի հրետանուն․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր հայոց հրետանին Շուշիի մարտերում պարտության մատնեց հակառակորդի հրետանուն․ Արծրուն Հովհաննիսյան

Արդեն շուրջ երկու օր չեն դադարում մարտերը Շուշիի շրջակայքում: Այսօր և երեկ` անցնող գիշերը, բավականին ծանր ու ինտենսիվ մարտեր էին Շուշիի շրջակա բնակավայրերում, Շուշի տանող ճանապարհների վրա, ինչպես նաև Շուշիի մերձակայքում: Այս մասին այսօրվա ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Եթե 1992 թվականի մայիսի 8-ը հայոց պատմության մեջ նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, հայոց պատմության մեջ հավանաբար այս անցնող օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օր: Հակառակորդի հետախուզադիվերսիոն առանձին վաշտային մարտավարական խմբերի, վարձկանների, հրոսակախմբերի ոչնչացման «Գյոռբագյոռ» ռազմագործողությունը հաջողությամբ շարունակվում է»,- ասաց նա:  Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր մեր հրետանին, հետևակը, այլ ստորաբաժանումներն ուղղակի հրաշքներ են գործել: «Թշնամու զորքերից, վարձկաններից և մնացած թափթփուկներից Շուշի տանող ճանապարհների ձորակներում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր դիակներ են մնացել: Առաջիկայում համապատասխան տսանյութերը, ֆոտոնյութերը կլինեն»,- նշեց նա։ Հովհաննիսյանը հայտնեց, որ Շուշի եկող ճանապարհների նոր զորախմբերին ջախջախել են նաև հերոսական քարինտակցիները: Առանձին ճանապարհներով դեպի Շուշի իրենց մնացորդ զորաջոկատներին օգնության եկող ադրբեջանական ստորաբաժանումներին ջախջախել են մյուս գյուղի բնակիչները: «Այսօր Շուշիի հերոսական պաշտպանության օրերից էր: Շուշին մերն է, Շուշին չի ընկնելու, և ինչքան էլ որ դրա մասին բաղձա Ալիևը, լցվե՛ք վստահությամբ, հայոց բանակը մինչև վերջ կռվելու է, ու Շուշին չի ընկնելու»,- նշեց նա: Հովհաննիսկանն ասաց, որ տեղում կռվող զինվորականներից շատերը, որոնց հետ ինքը խոսել է, շատ հստակ բառապաշարով ասել են, որ ամբողջ պատերազմի ընթացքում մեր հրետանին այսպես փայլուն և հզոր չէր աշխատել: «Չեմ կարող ասել, որ Շուշիի պաշտպանական օպերացիան ավարտված է․ մարտերը շարունակվում են։ Չեմ կարող ասել, որ ամեն ինչ փայլուն է, և այլ ծանր օրեր չեն սպասվում, բայց մենք պատվով դուրս ենք եկել այս իրավիճակից, և իրավիճակը փոխված է: Վաղը դժվար թե նույն իրավիճակը լինի»,- նշեց նա։ Հովհաննիսյանի խոսքով՝ վերջին երկու-երեք օրը դեպի Շուշի հակառակորդի ձգտումներն այնքան էլ զուտ դիվերսիոն խմբերի գործողություններ չէին: «Տեսաք այսօրվա տեսանյութից, որ հիմնականում մարտավարական, վաշտային խմբեր են, դրանցում կան նաև դիվերսիոն խմբեր: Էլիտար ստորաբաժանումներ են, որոնց տրված է համապատասխան ուժեղացում` որպես կանոն թեթև ու արագաշարժ զրահատեխնիկա, լավ սպառազինված են և այնպիսի պատրաստություն են անցել, որ կարող են ցերեկ թե գիշեր նույն ուժգնությամբ մարտ վարել, իրենց աջակցում է հիմնականում  հրետանին, բայց այսօր վստահաբար կարող եմ ասել, որ եթե նույնիսկ առանձին խմբերի պայքարը Շուշիի ուղղությամբ դեռ շարունակվում է կամ կարող է լինել, ապա այսօր հայոց հրետանին Շուշիի մարտերում պարտության մատնեց իրենց հրետանուն»,- ասաց նա:  Պաշտպանության նախարարության ներկայացուցիրը նշեց, որ այս պահին էլ մարտերն ընթանում են, բայց ուժգնությունը զգալիորեն թուլացել է: Այլ ճակատներոււմ հիմնականում համեմատաբար ավելի թույլ գործողություններ են կատարվել: «Ե՛վ Հադրութում, և՛ հարակից գյուղերում մարտերը շարունակվում են, թշնակամական ուժերը փորձել են բոլոր հնարավոր ճանապարհներով (նախընտրելին իրենց համար եղել են հիմնականում մայրուղիները, ասֆալտապատ ճանապարհները)  ձգտել դեպի Շուշի, բայց բոլոր ուղղություններում ջախջախվել են: Մենք այսօր ցուցադրել ենք կադրեր, հավատացե՛ք՝ այսօրվա կադրերից ավելի սարսափելի կադրեր կան իրենց հասարակության համար»,- ասաց նա։ Անդրադառնալով ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հայտարարությանը, թե թուրքական հետախուզությունը մասնակցում է ԼՂ իրադարձություններին՝ Հովհաննիսյանն ասաց․ «Մենք մի քանի անգամ նշել ենք, որ Ադրբեջանի օգտին է աշխատում ոչ թե Թուրքիայի ԶՈՒ-ի կամ անվտանգության համակարգի այս կամ այն առանձին սեգմենտը, այլ ամբողջ Թուրքիան՝ իր հետախուզությամբ, տեխնիկական աջակցությամբ, ղեկավարմամբ: Մենք փաստացի ֆիքսել ենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարություն հասկացություն չկա. կա Թուրքիայի գլխավոր շտաբի կողմից Ադրբեջանի և դրան գումարած այլ ստորաբաժանումների զորատեսակների, խմբերի, վարձկանների և այլոց ղեկավարում»:  Վերջում Հովհաննիսյանը շեշտեց, որ պատերազմը շարունակվում է, պատերազմը առանձին վերցրած` Քարինտակի մարտը չէ, Շուշիի ճակատամարտը չէ, և կոչ արեց վստահել մեր բանակին: 
23:01 - 06 նոյեմբերի, 2020
Վարձկանները, դիվերսիոն տարբեր խմբերը չեն հաջողելու․ «գյոռբագյոռ» օպերացիան շարունակվելու է․ Արծրուն Հովհաննիսյան

Վարձկանները, դիվերսիոն տարբեր խմբերը չեն հաջողելու․ «գյոռբագյոռ» օպերացիան շարունակվելու է․ Արծրուն Հովհաննիսյան

Երեկ` ողջ գիշեր, մարտերը շարունակվել են, ոչ մի րոպե չեն լռել, չնայած ակտիվությունը որոշակի նվազել է: Այս մասին այսօրվա ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մարտերի շարունակումը կախված է նրանից, որ դիվերսիոն խմբերը, որոնք գտնվում են Շուշի քաղաքի մերձակա անտառներում, համայնքներում, ճանապարհներին, ձորակներում և այլուր, փորձում են ամեն կերպ լուծել որոշակի խնդիրներ»,- նշեց նա:  Հովհաննիսյանն ասաց, որ առավոտյան մարտերը շարունակվել են ավելի թեժ՝ հրետանու կիրառությամբ: Օրվա ընթացքում նաև Ադրբեջանի ԶՈՒ-ն հյուսիսում, կենտրոնական ուղղությունում, Կարմիր շուկայի հատվածում, հարավային ուղղությամբ, տարբեր տեղերում փոքր գրոհող խմբերով, նվազագույն քանակի զրահատեխնիկայով, հրետանու կրակի աջակցությամբ փորձել են նորից առաջ գալ, սակայն հետ են շպրտվել՝ կրելով կորուստներ:   «Ինչ վերաբերում է Շուշի քաղաքի մերձակա համայնքների, անտառների դիվերսիոն խմբերին, ապա վերջիններս, հիմնականում հանդիպելով մեր ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների դիմադրությանը, հանգուցային կետերի պահակակետերին, պահպանության ստորաբաժանումներին, երկարատև մարտի չեն բռնվում: Օրվա ընթացքում հաջողվել է մի քանիսին օղակել և ոչնչացնել, շպրտել տվյալ բնագծերից»,- ասաց նա։ Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր գիշեր էլ մարտեր կլինեն, ինչպես նախորդ գիշեր: Նա նշեց, որ նախորդ գիշեր եղել է Արցախում, որտեղ դիվերսիոն խմբերի չեզոքացման ստորաբաժանումներն իրենց գործը շարունակում էին:  «Վարձկանները, դիվերսիոն տարբեր խմբերը` լինեն Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների մշտական կազմից, թե այլ տեղերից, իրենց փոքր խմբերով չեն հաջողելու, որովհետև Շուշիի և հարակից բնակավայրերի բնակիչները, զենքը ձեռքներին, պաշտպանում են իրենց բնակավայրերը: Այո՛, որոշ տեղերում մարտերը շարունակվում են և շարունակվելու են, բայց իրավիճակն օրհասական չէ: Կան տեխնիկական, լոգիստիկ  դժվարություններ, բայց «գյոռբագյոռ» օպերացիան շարունակվելու է»,- ասաց նա։ Հովհաննիսյանը հայտնեց, որ ինքը քիչ առաջ մարտական խմբերից մեկից ստացել է տեղեկություն, ըստ որի՝ հակառակորդի մոտավորապես 30 հոգանոց մի խմբավորում շրջափակման մեջ է ընկել, չեզոքացվել է, ոմանք հասցրել են փախչել:  Անդրադառնալով «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հայտարարությանը, թե 80 լրագրողներ Ստեփանակերտում հայտնվել են թակարդում և առանց իրենց կյանքը վտանգելու՝ չեն կարող Հայաստան հասնել ՝ Ադրբեջանի ԶՈՒ-ի արձակված կրակի պատճառով՝ Հովհաննիսյանն ասաց․ «Առաջին անգամ չէ, որ խոսում ենք այն մասին, որ Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակիչներին, լրագրողներին, ծննդատները, եկեղեցինեը: Ինչ վերաբերում է լրագրողների հետ աշխատանքին, ես երեկ անձամբ շփվեցի նրանցից շատերի հետ: ՊԲ-ն, Արցախի իշխանություններն աշխատանքի բոլոր պայմանները ստեղծել են, և եթե նրանք ուզում են աշխատել, շարունակում են աշխատել, որևէ խոչընդոտող բան չկա։ Այլ հարց է, որ կարող են թիրախավորվել: Իսկ ովքեր ուզում են դուրս գալ Արցախից, ապա համապատասխան ճանապարհներ կան, որևէ վտանգ` կոնկրետ ճանապարհները փակելու մասով, չկա»:   Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Բերձորի ուղղության ճանապարհը քաղաքացիների համար դեռ փակ է, չնայած ճանապարհը Լիսագորի հատվածում այսօր մեր ստորաբաժանումների կողմից մաքրվել է, և համապատասխան պարեկություն  է կատարվում։ Պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ հակառակորդը այսօր Կարմիր շուկայի ուղղությամբ փորձել է մատակարարումներ բերել մեքենաներով և ճեղքում իրականացնել, սակայն խոցվել է հակառակորդի մի քանի մեքենա, այդ թվում` անձնակազմով բեռնված, և հակառակորդն այդ ուղղությունից ևս հետ է շպրտվել: 
23:13 - 05 նոյեմբերի, 2020
Շուշիի ուղղությամբ հակառակորդի վիճակը այնքան էլ լավ չէ, իրավիճակն իրենց համար կարող էր փոխվել, եթե Մարտունու ուղղությամբ ճեղքում իրականացնեին, չստացվեց․ Արծրուն Հովհաննիսյան

Շուշիի ուղղությամբ հակառակորդի վիճակը այնքան էլ լավ չէ, իրավիճակն իրենց համար կարող էր փոխվել, եթե Մարտունու ուղղությամբ ճեղքում իրականացնեին, չստացվեց․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, որը վերադարձել էր Արցախի Հանրապետությունից, նշեց, որ առավոտյան էլ, այս պահին էլ իրավիճակը նույնն է: «Թշնամին նախ հյուսիսային և կենտրոնական ուղղությամբ և հարավում փորձել է տարբեր հարձակումներ իրականացնել ոչ մեծ խմբերով․ մոտավորապես վաշտային մարտավարական խմբեր մի քանի միավոր զրահատեխնիկայով Կարմիր շուկայի ուղղությամբ են նորից փորձել ակտիվանալ, կորցնելով մի քանի միավոր տեխնիկա` հետ են շպրտվել»,- հայտնեց նա։ Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկայացնում է, որ հարձակվում են Շուշիի վրա, սակայն ինքը զարմացած է, քանի որ  պատերազմի այդպիսի ձև չկա, երբ հարձակվողին փնտրես, գտնես, ոչնչացնես: «Ի՞նչ է նշանակում հարձակում, եթե մենք իրենց փնտրում ենք, գտնում ենք, խումբ է՝ 15-20 հոգանոց, խփում ենք, փախչում են այլ ուղղությամբ: Խիտ անտառ է՝ շատ վատ ճանապարհային ցանցով, որտեղ մեծ զրահատեխնիկա օգտագործել չես կարող, մաքսիմում՝ փոքր զրահամեքենաներ: Նորից շրջանցում են մի այլ տեղից, փորձում են գտնել դիմադրության թույլ կետեր, գյուղեր մտնել, վնասել, դրոշներ դնել, նկարվել: Հետո մոտենում են մեր տղաները, խփում են, նորից փախչում են (հակառակորդը- խմբ․)՝ տալով մեկ-երկու զոհ, վիրավոր»,- ասաց նա։ Հովհաննիսյանը նշեց, որ Շուշիի ուղղությամբ հակառակորդի պայմանական հարձակվողների վիճակը այնքան էլ լավ չէ, քանի որ խմբավորման այդ ծավալով, հարձակման այդ ձևով չեն գրավում քաղաք։ «Այսօր ամբողջ օրը փորձել են մագլցել ժայռերը, որ մտնեն Շուշի. Մագլցողները փոքր խմբեր են՝ 5-10, մաքսիմում՝ 20 հոգանոց: Խփում ես, մոտենում ես, տեսնում` բոլորի մոտ դրոշ կա: Պարզ է, չէ՞, որ խայտառակ վիճակի են, սիմվոլիկ մի բան են ուզում անել․ նկարեն, որ Շուշի մեկը մտավ, դրոշ դրեց: Չեն կարողանում: Այս իրավիճակն իրենց համար կարող էր միանգամից փոխվել մի դեպքում, եթե կարողանային Մարտունու ուղղությամբ ճեղքում իրականացնել: Երեք-չորս օր փորձեցին, չստացվեց: Իրենց խմբավորումը կփրկվեր առանձին կոտորվելու ճակատագրից: Չստացվեց»,- ասաց նա։ Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ Լիսագորի ուղղությամբ՝ դեպի Շուշի, դիվերսիոն խմբեր կան։ «Երեկ մեր ԱԹՍ-ից նկարած հայտնի տեսանյութը հենց էդ ուղղությամբ էր: Այսօր՝ ամբողջ օրը, ականանետերով, հրետանիով, մաքրող խմբերով գտել ենք, խփել ենք, նորից փախել են»,- նշեց նա։   Մանրամասները՝ տեսանյութում։  
21:47 - 05 նոյեմբերի, 2020
Մարտեր են եղել նաև հարավային ուղղությամբ, Որոտան գետի երկայնքով․ հակառակորդը հետ է շպրտվել․ Արծրուն Հովհաննիսյան

Մարտեր են եղել նաև հարավային ուղղությամբ, Որոտան գետի երկայնքով․ հակառակորդը հետ է շպրտվել․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր էլ ողջ օրվա ընթացքում, Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր հրոսակախմբեր, դիվերսիոն խմբեր, վարձկաններ, ահաբեկիչներ մի քանի ուղղությամբ, այդ թվում հյուսիսարևելյան անտառոտ հատվածում հարձակման փորձ են իրականացրել։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց Արծրուն Հովհաննիսյանը։ ՊՆ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ՀՀ սահմանների հատվածներում, առնվազն Գեղարքունիքի հատվածում երեք անգամ թշնամական ԱԹՍ է խոցվել հայկական ՀՕՊ-ի կողմից շատ կարճ ժամանակահատվածում, այլ ակտիվ մարտական գործողություններ չեն եղել այլ հատվածներում:   Հովհաննիսյանի խոսքով՝ մարտեր են եղել նաև հարավային ուղղությամբ, Որոտան գետի երկայնքով, կոնկրետ մի բարձունքի ուղղությամբ։ Մի քանի զրահատեխնիկայով փորձել են հարձակում իրականացնել, սակայան  կորցրել են 2-3 միավոր զրահատեխնիկա և հետ են շպրտվել։ «Պաշտոնական հաղորդագրություն տարածեցինք, որ զուտ քաղաքացիների անվտանգությունից ելնելով` քաղաքացիների համար ժամանակավոր փակ կլինի Բերձորի ուղղությունը: Այսօր մենք, իհարկե, չեզոքացրել ենք այդ խմբին, բայց կարող է որոշակի վտանգ լինել, ուղղակի չենք ուզում  ռիսկի ենթարկել: Արցախը Հայաստանի հետ կապող երկու-երեք այլ ճանապարհ կա, կարող եք օգտվել այդ ճանապարհներից»,- պարզաբանեց Հովհաննիսյանը: Ժամեր առաջ ՀՀ  տարածքում խոցված ԱԹՍ-ների վերաբերյալ Հովհհանիսյանը տեղեկություն չփոխանցեց, շեշտելով, որ  դրանք  շատ արագ և ուշ ժամի են խոցվել, մութ ժամանակահատվածի մասին է խոսքը: 
22:24 - 04 նոյեմբերի, 2020