Արման Դիլանյան

Սահմանադրական դատարանի նախագահ։

Ծնվել է 1974 թվականին Արարատի մարզի Գետափնյա գյուղում:

1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

2004 թվականին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական կոչում՝ «Միջազգային հանրային իրավունք» մասնագիտացմամբ: Ատենախոսության թեման՝ «Միջազգային դատարանները եւ միջպետական վեճերի խաղաղ կարգավորման հիմնահարցերը»:

21.08.1996 թվականից աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում` որպես աշխատակազմի քարտուղարության առաջին կարգի մասնագետ, ապա` նախագահի տեղակալի օգնական, իսկ այնուհետեւ` իրավախորհրդատվական ծառայության (վարչության) անհատական դիմումների վերլուծության բաժնի վարիչ:

29.09.2012 թվականից մինչեւ 26.04.2013 թվականը կատարել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության (վարչության) պետի պարտականությունները:

03.04.2006 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում («Միջազգային իրավունք», «Միջազգային արդարադատություն» առարկաներ): Նույն թվականից մինչեւ 2013 թվականի փետրվար ամիսը հանդիսացել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի Միջազգային եւ եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչը:

2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:

2015 թվականից դասավանդում է ՀՀ Փաստաբանական դպրոցում («Ներկայացուցչությունը վարչական դատավարությունում», «Ներկայացուցչությունը վարչական վարույթում» առարկաներ):

2017 թվականի ապրիլի 28-ին ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ՀՀ դատավորների միության խորհրդի անդամ: Ընդգրկված է «Դատական իշխանություն» ամսագրի խմբագրական խորհրդի կազմում:

Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների:

Ամուսնացած է: Ունի երկու զավակ:

Երևանում անցկացվել է «Իրավաբանական խորհրդատվության 2023-2024» Բրաուն Մոսթեն միջազգային մրցույթի ազգային փուլը

Երևանում անցկացվել է «Իրավաբանական խորհրդատվության 2023-2024» Բրաուն Մոսթեն միջազգային մրցույթի ազգային փուլը

Փետրվարի 24-ին և 25-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց «Իրավաբանական խորհրդատվության 2023-2024» Բրաուն Մոսթեն միջազգային մրցույթի ազգային փուլը։ Նախաձեռնությունն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շնորհիվ։ Հաղթող թիմի անդամները՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ Նարե Նիկողոսյանը և Լուսինե Վարդանյանը, ապրիլին կմեկնեն Լեհաստան՝ ներկայացնելու Հայաստանը մրցույթի միջազգային փուլին։   Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցել են ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության փոխտնօրեն Ռեբեքա Ուայթը և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, որոնք և հաղթող թիմին են հանձնել մրցույթի գավաթը։ Ողջունելով ներկաներին և շնորհավորելով մրցույթի մասնակից բոլոր ուսանողներին՝ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության փոխտնօրեն Ռեբեքա Ուայթն ասաց.  «Դուք  բոլորդ արդեն հաջողել եք՝ լինելով այստեղ։ Բոլորս ընտրել ենք այս մասնագիտությունը հանրության և բարի գործի համար: Ես հատկապես ուրախ եմ տեսնել, որ եզրափակչի բոլոր մասնակիցները կանայք են։ Շնորհավորում եմ բոլորիդ: Հաջողություն եմ մաղթում հատկապես հաղթողներին, որոնք առաջիկայում կմասնակցեն միջազգային եզրափակիչ փուլին՝  Լեհաստանում»։ Բրաուն Մոսթեն  մրցույթի նպատակն է՝ ներգրավել իրավաբանական կրթություն ստացող ուսանողներին փորձարարական ուսուցման մեջ և զարգացնել հարցազրույց վարելու նրանց հմտությունները՝ օգնելով ձևավորել իրավաբան-վստահորդ արդյունավետ հարաբերություններ: Մրցույթը ուսանողներին զինում է գործնական հմտություններով՝ նախապատրաստելու նրանց մուտքն աշխատաշուկա։  «Հրաշալի և թիրախային ընտրություն է եղել իրավաբանական խորհրդատվության հենց այս մրցույթը ներմուծել Հայաստան: Հայկական կրթական մշակույթը համալրվեց պրակտիկ հմտություններ զարգացնող միջազգային  ևս մեկ մրցույթով: Մասնակիցների համար սա շատ պարտավորեցնող է, քանի որ իրենք այս մրցույթի ծիծեռնակներն էին, և, դատելով ժյուրիի անդամների արձագանքից, թե ինչ բարդ ընտրության առաջ էին կանգնել, իմ համոզմամբ, ուսանողները հաջողել են: Իրենց տեսական գիտելիքի համար սա լուրջ փորձություն էր պրակտիկայում դրսևորելու համար: Հաջողություն եմ մաղթում բոլորիդ»,- իր ելույթում նշեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։    Ուսանողներին գնահատել է իրավաբաններից և հոգեբաններից բաղկացած հանձնաժողովը՝ հաշվի առնելով վստահորդի դեր կատարող անձի հետ արդյունավետ աշխատելու նրանց կարողությունները:  «ԱՄՆ ՄԶԳ Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի կարևոր ուղղություններից է իրավաբանական  կրթություն ստացող ուսանողների համար ստեղծել հնարավորություններ պատրաստ մուտք գործել ՀՀ արդարադատության ոլորտի աշխատաշուկա: Այս մրցույթը քննադատական մտածողությունը բարելավելու և գործնական հմտություններն ամրապնդելու  արդյունավետ  հնարավորություն է: Որպես եզրափակիչ փուլի դատավոր՝ ես շատ տպավորված էի մրցակիցների պրոֆեսիոնալիզմով և նման ճնշման պայմաններում արդյունավետ  աշխատելու կարողությամբ»,- նշեց ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի ղեկավարի պաշտոնակատար տիկին Քլեր Բեմբրիքը: Մրցույթի առաջին ազգային փուլին մասնակցել է 4 թիմ՝ Եվրասիա միջազգային համալսարանից և Հայաստանում ֆրանսիական համալսարանից։    ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագիրը, որպես մրցույթի ազգային համակարգող, ֆինանսավորում և իրականացնում է մրցույթի ազգային փուլը։ Ծրագիրը նաև ֆինանսական և տեխնիկական  աջակցություն կտրամադրի՝ ապահովելու հաղթած թիմի մասնակցությունը մրցույթի միջազգային փուլին, որն անցկացվելու է 2024 թ․-ի ապրիլի 10-13-ին Լեհաստանի Լյուբլին քաղաքում։
22:18 - 26 փետրվարի, 2024
Մեր ժողովրդի հավատամքն են դարձել ժողովրդավարությունն ու սահմանադրականությունը. ՍԴ նախագահի ուղերձը

Մեր ժողովրդի հավատամքն են դարձել ժողովրդավարությունն ու սահմանադրականությունը. ՍԴ նախագահի ուղերձը

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ուղերձ է հղել ՀՀ սահմանադրության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. Սիրելի՛ հայրենակիցներ,Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,Արդեն 28 տարի է, ինչ հուլիսի 5-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես Սահմանադրության և պետական խորհրդանիշների օր:Ջերմորեն շնորհավորելով Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ՝ հարկ եմ համարում վերստին փաստել, որ պետության համար բացարձակ արժեքներ հանդիսացող պետական խորհրդանիշների նշանակության գիտակցումն ու պատշաճ արժևորումը կենսական կարևորություն ունեն երկրի և ժողովրդի ներկայի ու ապագայի համար: Հայաստանի Հանրապետության Մայր օրենքի անսասան անկյունաքարն է օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքը։ Հավասար իրավունքներն ու հնարավորություններն են պայմանավորում այն սահմանադրական արժեբանությունը և փիլիսոփայությունը, որոնց պաշտպանության պարտականությունը կրում է պետական կառավարման համակարգի յուրաքանչյուր մարմին իր ամենօրյա աշխատանքն իրականացնելիս։ Սահմանադրությունը ոչ միայն հանրային իշխանության մարմինների գործունեության ու լիազորությունների առաջնային աղբյուր և զսպումների ու հակակշիռների համակարգ է, այլ նաև ուղեցույց, որով հնարավոր է հասնել Սահմանադրությամբ հռչակված նպատակներին: Անկախ պետականության երեք տասնամյակների ընթացքում մեր ժողովրդի հավատամքն են դարձել ժողովրդավարությունն ու սահմանադրականությունը՝ արժեքներ, որոնք պահանջում են մշտական հոգածություն, քաղաքացիական համախմբվածություն և զգոնություն՝ հաշվի առնելով այն բարդ միջազգային զարգացումները, որոնցով անցել և անցնում է մեր հանրապետությունը։ Սիրելի՛ հայրենակիցներ, Հուլիսի 5-ի խորհուրդն ավելի ընդգրկուն է. այս օրը, ինչպես պետական իշխանության գերագույն մարմինները, այնպես էլ մեզանից յուրաքանչյուրը, անկախ իր մասնագիտությունից, քաղաքական հայացքներից և զբաղեցրած հասարակական դիրքից, պետք է վերահաստատի իր անվարան հանձնառությունը և նվիրումը՝ սրբորեն պահպանելու պետական խորհրդանիշները և Սահմանադրությունը, գործելու արժեքային որոշակի տրամաբանության շրջանակներում, որոնց վրա էլ հենվում է մեր ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետությունը։ Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա՝ հուլիսի 5-ի առթիվ՝ մաղթելով խաղաղություն ու բարեկեցություն մեր ժողովրդին:
10:08 - 05 հուլիսի, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանին:Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Ողջունելով հյուրին նախագահը նշել է, որ կարևորում է Սահմանադրական դատարանի և նախագահական ինստիտուտի սերտ համագործակցությունը, որի գլխավոր նպատակը երկրում Սահմանադրության և սահմանադրականության երաշխավորումն է: «Կարծում եմ՝ Սահմանադրական դատարանի և նախագահականի կարևորագույն գործառույթը կայանում է նրանում, որ կարողանանք հետևել, թե Սահմանադրությունն ինչքանով է Հայաստանի Հանրապետությունում աշխատում, պահպանվում: Ցանկանում եմ այդ թեմայի շուրջ մեր խոսակցությունը տանել, որպեսզի հետագայում ևս մենք կարողանանք կողմնորոշվել, թե որտեղ թերություններ ունենք, որտեղ կարող ենք ավելի արդյունավետ դարձնել և ամենակարևորը՝ համատեղ անել դա: Ցանկանում եմ այդ առումով Ձեր կարծիքը ևս իմանալ»,- ասել է Վահագն Խաչատուրյանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Արման Դիլանյանը շեշտել է, որ նախագահի առաջնային կոչումը Սահմանադրության պահպանությանը հետևելն է. «Իմ կարծիքով՝ դա մեր Սահմանադրությամբ նախագահի ինստիտուտի ամենակարևոր գործառույթն է: Այսինքն, երբ մենք ընթերցում ենք Սահմանադրությունը, հենց ամենասկզբի հոդվածն է նախագահի ինստիտուտի վերաբերյալ, ըստ որի նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Դա հռչակագրային չէ, այն շատ կոնկրետ լիազորություններ է ենթադրում: Հենց նախագահի ինստիտուտն է, որ կարող է լիարժեք վեր հանել համապետական խնդիրները՝ օբյեկտիվ դիտանկյունից այդ խնդիրները վերլուծելով և ներկայացնելով այդ թվում նաև Սահմանադրական դատարան»,- նշել է ՍԴ նախագահը: Հանդիպման ընթացքում Արման Դիլանյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Սահմանադրական դատարանում ընթացող բարեփոխումները և առաջիկա միջոցառումների ծրագրերը: Զրույցի ընթացքում երկուստեք շեշտվել է, որ Նախագահական ինստիտուտի և Բարձր դատարանի սերտ համագործակցությունը և երկու սահմանադրական մարմինների օրակարգերի ներդաշնակությունը երաշխավորում է երկրում պետական մարմինների բնականոն ու անխափան գործունեությունը: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հասարակական, կրթական և այլ ոլորտներում Սահմանադրական դատարանի գործունեության վերաբերյալ իրազեկումների, քաղաքացիների մոտ ՍԴ գործառույթների վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը: Քննարկվել են նաև դատաիրավական համակարգում կադրերի պատրաստման ու վերապատրաստման, կադրային համալրման գործընթացի և սկզբունքների վերաբերյալ մի շարք հարցեր:
17:49 - 27 մարտի, 2023
ՍԴ նախագահն ու Վրաստանի դեսպանը կարևորել են դատաիրավական ոլորտում գործակցության ակտիվացումը

ՍԴ նախագահն ու Վրաստանի դեսպանը կարևորել են դատաիրավական ոլորտում գործակցության ակտիվացումը

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։ Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ Արման Դիլանյանը կարևորել է երկու հարևան պետությունների ջերմ, բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև իրավունքի գերակայության ու դատաիրավական համագործակցության ոլորտում արդյունավետ փոխգործակցության ակտիվացումը։ Բարձր դատարանի նախագահը նշել է, որ 2021 թվականին հյուրընկալելով վրացի գործընկերոջը՝ երկուստեք վերահաստատվել է երկկողմանի օրակարգի բոլոր հարցերով բարձր մակարդակի շփումները շարունակելու և համատեղ տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորությունները դիտարկելու պատրաստակամությունը։ Դեսպան Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և նշել է, որ հայ-վրացական դարավոր բարեկամությունը պարարտ հող է ստեղծում նաև երկու երկրների սահմանադրական դատարանների միջև իրավական կապերի հետագա ամրապնդման ու խորացման համար:
17:36 - 07 մարտի, 2023
Արման Դիլանյանի և ՄԻԵԴ նախագահի հանդիպմանը կարևորվել է գործընկերության զարգացումը Եվրոպայի բարձր դատարանների միասնական ցանցի շրջանակներում

Արման Դիլանյանի և ՄԻԵԴ նախագահի հանդիպմանը կարևորվել է գործընկերության զարգացումը Եվրոպայի բարձր դատարանների միասնական ցանցի շրջանակներում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիի հրավերով հունվարի 26-27-ը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ՝ մասնակցելու ՄԻԵԴ դատական տարվա բացման հանդիսավոր նիստին և «Մարդու իրավունքների պաշտպանության միջոցով ժողովրդավարությունը պահպանող դատավորները» խորագրով բարձր մակարդակի դատական սեմինարի աշխատանքներին: Այցի շրջանակներում տեղի է ունեցել Բարձր դատարանի նախագահի երկկողմ հանդիպումը ՄԻԵԴ նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիի հետ։ Արման Դիլանյանը  շնորհավորել է եվրոպացի գործընկերոջը՝ բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ Սահմանադրական դատարանի և ՄԻԵԴ-ի միջև արդյունավետ համագործակցությունը կշարունակի անշեղորեն զարգանալ։ ՍԴ նախագահն ընդգծել է նմանօրինակ միջոցառումների կարևորությունը՝ ազգային բարձր դատարանների և ՄԻԵԴ-ի միջև համագործակցության խթանման, եվրոպական մայրցամաքում իրավունքի գերակայության, հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության ավելի բարձր մակարդակի հաստատման գործում։ ՄԻԵԴ նախագահը կարևորել է հայազգայի գործընկերոջ հետ նման ձևաչափերով աշխատանքային հանդիպումները և ներկայացրել է անդամ պետությունների ազգային դատարանների հետ ՄԻԵԴ-ի երկխոսության և համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող  աշխատանքները:   Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է գործընկերության զարգացումը Եվրոպայի բարձր դատարանների միասնական ցանցի շրջանակներում։ Անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիայի 16-րդ լրացուցիչ արձանագրության շրջանակներում ազգային բարձր դատարանների և  ՄԻԵԴ-ի միջև իրականացվող համագործակցությանը։  Սահմանադրական դատարանի նախագահն աշխատանքային քննարկում է ունեցել նաև Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Սիմոնա Գրանատա-Մենգինիի հետ։ Արման Դիլանյանը ներկայացրել է Սահմանադրական դատարանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքը և առկա ծրագրերը։ Սիմոնա Գրանատա-Մենգինին վերահաստատել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի լիարժեք հանձնառությունը՝ աջակցելու Բարձր դատարանում ընթացող բարեփոխումներին, ընդգծել է երկկողմ համագործակցության դրական ավանդույթներն ավելի բարելավելու պատրաստակամությունը։ 
17:17 - 30 հունվարի, 2023
2022 թվականը Սահմանադրական դատարանի համար նշանավորվեց խորքային ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացի մեկնարկով

2022 թվականը Սահմանադրական դատարանի համար նշանավորվեց խորքային ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացի մեկնարկով

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ, որտեղ, մասնավորապես, ասված է. «Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, 2022 թվականը հայ մարդու ու մեր երկրի համար լի էր տարաբնույթ փորձություններով և մարտահրավերներով։ Թեև անցնող տարվա ընթացքում ունեցանք կորուստներ ու դժվարություններ, այդուհանդերձ տարեմուտը հենց այն կարևոր ժամանակահատվածն է, երբ պարտավոր ենք հետադարձ հայացք նետել հեռացող տարվան այն հավատով, որ մեր պետության ու յուրաքանչյուրիս համար ավելի պայծառ և լուսավոր օրերը դեռ առջևում են։ Տարեմուտն անցյալը վերարժևորելու, հեռացող տարին ամփոփելու և նոր հնարավորություններ դիտարկելու ժամանակաշրջան է։ Ցավոք, այսօր մեր տարածաշրջանը բարդ իրավիճակում է: Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքները և վերջին շաբաթներին Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ «կյանքի ճանապարհի» փակումը փաստացիորեն ստեղծել են հումանիտար ճգնաժամ: Ադրբեջանի իշխանությունների նմանօրինակ գործողությունները հարված են նաև «ազատ աշխարհին», ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանն ու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների այն առաջադեմ համակարգին, որը դավանում է մեր պետությունը։ Նման պայմաններում մեր հաջողության գրավականը մեծապես կախված է լինելու ոչ միայն սահմանադրական մարմինների ու պետական համակարգի անխափան աշխատանքից, այլ նաև Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու՝ սեփական ուժերի ու ջանքերի հանդեպ խորը հավատից ու առկա հնարավորությունների ճիշտ արժևորումից: Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը հիմա, առավել քան երբևէ, չհանձնվելու, պայքարելու ու արարելու անկոտրում կամք, ցանկություն և հանձնառություն ունի։   Սիրելի՛ հայրենակիցներ, 2022 թվականը Սահմանադրական դատարանի համար նշանավորվեց խորքային ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացի մեկնարկով։ Անցնող տարում Բարձր դատարանը նախաձեռնել և իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք միտված են սահմանադրական արդարադատության իրականացման գործընթացը ժամանակակից և թվային լուծումներով հագեցնելուն, այն ավելի ներառական, թափանցիկ ու հաշվետու դարձնելուն: Այս գործընթացին մեծ աջակցություն են ցուցաբերում մեր միջազգային գործընկերները, ինչպես նաև Բարձր դատարանի դատավորներն ու ամենօրյա աշխատանքում ներգրավված աշխատակազմը:   Սիրելի՛ հայրենակիցներ, Տարեմուտի իմ լավագույն մաղթանքներն ու շնորհակալության անկեղծ խոսքերն այսօր նախևառաջ ուղղում եմ Հայաստանի Հանրապետության պետական սահմաններին, առաջնագծում և իրենց զորամասերում հենց այս պահին մարտական հերթապահություն իրականացնող բոլոր զինվորներին ու սպաներին. շնորհակալություն եմ հայտնում ձեզ խիզախ ծառայության ու խաղաղության դիրքերում ամուր կանգնած լինելու համար: Շնորհավորանքի առանձնահատուկ խոսքեր եմ հղում նաև Հայաստանի Հանրապետության ուժային կառույցների և առողջապահության ոլորտի այն աշխատողներին ու ընդհանրապես բոլոր այն մարդկանց, որոնք Ամանորը դիմավորում են ոչ թե իրենց ընտանիքի անդամների ու սիրելիների հետ, այլ աշխատանքի վայրում: Սահմանադրական դատարանի անունից մեր հայրենիքին մաղթում եմ խաղաղություն, իսկ մեր ընտանիքներին՝ առողջություն, բարօրություն ու երջանկություն։ Թող միշտ սիրո, հոգատարության ու փոխըմբռնման մթնոլորտ տիրի յուրաքանչյուրիս տանը»: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
14:30 - 31 դեկտեմբերի, 2022
Մեր ժամանակները կդառնան իսկապես հերոսական, եթե մեզնից յուրաքանչյուրը չզլանա վերցնել, կրել, տանել իր բաժին հերոսությունը. Նիկոլ Փաշինյան

Մեր ժամանակները կդառնան իսկապես հերոսական, եթե մեզնից յուրաքանչյուրը չզլանա վերցնել, կրել, տանել իր բաժին հերոսությունը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ մարզպետներ ու պաշտոնատար այլ անձինք:Մրցանակաբաշխության սկզբում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում,մասնավորապես, նշել է.«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի մեծարգո նախագահ, Անվտանգության խորհրդի, կառավարության հարգելի անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ,Հարգելի ներկաներ,«Մեր ժամանակների հերոսը» մրցանակը հիմնվել է 2018 թվականին և առաջին անգամ իրագործվել է 2019 թվականին: Հենց սկզբից որոշակի լուռ, հետագայում՝ ավելի բարձր քննարկում, երբեմն նույնիսկ քննադատություն է եղել, որը հիմա թերևս ավելի բարձրաձայն է հնչում, թե արդյոք այս մրցանակաբաշխությունը «Մեր ժամանակների հերոսը» անվանելը նպատակ չունի՞ կամ գուցե ինքնաբերաբար չի՞ նսեմացնում իրական հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրել են Հայրենիքին և ովքեր կանգնած են Հայրենիքի պաշտպանության առաջնային դիրքերում:Պիտի միանշանակ և աներկբա բացասական պատասխանեմ այս հարցին: Հակառակը, իմ կարծիքով, այս մրցանակաբաշխությունը և հարցի այսպիսի դիտանկյունը տրամաբանական շարունակությունն է հերոսության այն բանաձևի, որը մենք միշտ նկատի ենք ունեցել և շարունակում ենք նկատի ունենալ. այս մրցանակաբաշխությունը լրացնում է, որովհետև զինվորի և առաջնագծի հերոսությունն ի վերջո իր տրամաբանական արդյունքին չի հանգում առանց թիկունքի հերոսության, որովհետև չկա զինվոր՝ առանց ամուր թիկունքի: Մենք այսօր ուզում ենք հենց այս հանգամանքը նշել: Զինվորն ուժեղ է թիկունքով, և ինչքան ուժեղ է թիկունքը՝ այնքան ուժեղ է զինվորը, որովհետև այն միջոցները, որոնք գեներացվում են և ծախսվում հանուն անվտանգության, գեներացվում են, առաջին հերթին, տնտեսության մեջ: Ես ուզում եմ, որ մենք սա շատ լավ և բարձր արձանագրենք:Պիտի բերեմ ամենաթարմ օրինակը. այս տարի Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ բանակում վճարվել է 13-րդ աշխատավարձ 100 տոկոս դրույքով: Դա ո՞ւմ շնորհիվ է: Դա, առաջին հերթին հարկ վճարողների շնորհիվ է, այն մարդկանց շնորհիվ, ովքեր ի հեճուկս բոլոր շարունակական ճգնաժամերի, շարունակում են աշխատել, որովհետև երկրի ինստիտուցիոնալ կայացման և բանակի, անվտանգության, ոստիկանության, պետական անվտանգության մարմինների գործունեությունն ապահովվում է, այսպես ասած, ավելացված արժեքի ստեղծմամբ:Այսօր այս մրցանակաբաշխությունը հենց այս ենթատեքստը և համատեքստն ունի: Մենք վերջին անգամ այս մրցանակաբաշխությունն անցկացրել ենք 2020 թվականի սեպտեմբերի 21-ին՝ պատերազմից անմիջապես առաջ: Դրանից հետո մենք էլի էինք պլանավորել, որ վերականգնենք մրցանակաբաշխությունը, բայց ամեն անգամ ինչ-որ մի պատճառով որոշում ենք կայացրել հետաձգել: Այս անգամ որոշել ենք չհետաձգել, որովհետև, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, Հայաստանի զարգացման օրակարգից որևէ առիթով և որևէ պատճառով մի միլիմետր անգամ շեղվելու իրավունք չունենք:Հակառակը՝ մենք սրանով արձանագրում ենք մեր վճռականությունը, մեր կամքը՝ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն ուժեղացնելու, որովհետև Հայաստանի Հանրապետությունն այն առանցքն է, որի շուրջ կառուցում ենք մեր ռազմավարությունները, մեր մարտավարությունները, և որը հնարավորություն է ստեղծում ավելի կամ պակաս այդ ռազմավարություններն ու մարտավարություններն իրականացնել:Իհարկե, այս օրը, առաջին հերթին, այն մարդկանց մասին է, ովքեր տնտեսության ոլորտում և որպես հարկ վճարողներ դեռ շատ մեծ նվաճումների չեն հասել: Բայց այս մրցանակաբաշխությունն այդ մարդկանց խրախուսելու, քաջալերելու համար է: Սա այն մասին է, որ մարդիկ որոշել են այս երկրում քարը քարի վրա դնելու, միավոր ստեղծելու, արժեք ստեղծելու ճանապարհին վերցնել պատասխանատվություն իրենց վրա և արդեն իսկ արձանագրել են որոշակի հաջողություններ. առաջին հերթին՝ իրենց համարձակությամբ, իրենց ստեղծագործականությամբ և իրենց վճռականությամբ հայտ ներկայացնելու միանալու հարկ վճարողների այն մեծ բանակին, ովքեր ամեն տարի նորանոր միլիարդներով հարստացնում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, որով կանխորոշվում է, թե ինչ պայմաններում է ծառայելու մեր զինվորը, որով կանխորոշվում է, թե ինչ սպառազինություն ունի մեր զինվորը, ինչ հագուստ ունի, ինչ կոշիկ է հագնում և ինչ սնունդով է սնվում:Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ հատկապես այսօրվա պայմաններում, երբ մենք Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքի խնդիր ունենք, այս պարագայում առավել պատեհ եմ համարում այս մրցանակաբաշխության իրագործումը: 2022 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից աննախադեպ ծավալների՝ շուրջ 164 մլրդ դրամի աջակցություն է ցուցաբերվել Լեռնային Ղարաբաղին: Ավելին՝ վաղվա որոշումով արդեն կլինի 168 մլրդ: Այդ գումարն ամենևին կառավարության անդամները չեն ստեղծել: Այդ գումարն ստեղծել են հազարավոր այն մարդիկ, որոնք տնտեսվարում են, ստեղծում են, արարում են և այսօր նրանցից ընդամենը մի քանիսին՝ 13-ին մենք մրցանակ կհանձնենք, բայց այս մրցանակը Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալող, աշխատող, արարող և ազնիվ հարկ վճարող յուրաքանչյուր քաղաքացունն է, յուրաքանչյուր տնտեսվարողինը, յուրաքանչյուր կազմակերպությանը:Շնորհակալություն և փառք Հայաստանի Հանրապետությանը, փառք այն զինվորին, որ ոչ միայն իր անձնական սխրանքներով է պահելու Հայաստանի Հանրապետությունը, այլև ունենալու է այնպիսի ամուր թիկունք, որ հերոսությունը միայն զինվորի մենաշնորհը չի լինի: Հերոսությունը մի պատասխանատվություն է, որ մեզնից յուրաքանչյուրը պիտի կիսի իր տեղում. պետական պաշտոնյան իր աշխատավայրում, հարկ վճարողն իր աշխատավայրում, գիտնականն իր աշխատավայրում, ուսուցիչն իր աշխատավայրում: Մեր ժամանակները կդառնան իսկապես հերոսական ժամանակներ, եթե մեզնից յուրաքանչյուրը չզլանա վերցնել, կրել, տանել իր բաժին հերոսությունը:Շմնորհակալ եմ»:Մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման 13 մասնակիցներին՝ «Պոգո» կոշիկի արտադրությամբ զբաղվող ընկերության հիմնադիր Միհրան Պողոսյանին, «Մետրմարկ» բետոնե դեկորներ ու կահույք արտադրող ընկերության հիմնադիր Դավիթ Ներսիսյանին, վիտրաժային իրերի արտադրությամբ զբաղվող «Վիտրում» ընկերության հիմնադիրներ՝ Նունե Ազիզյանին և Սիրանուշ Ամիրաղյանին, շոկոլադի արտադրությամբ զբաղվող «Դրիմ շոկոլադ» ընկերության հիմնադիր Անահիտ Բեյբությանին, հայկական ժայռապատկերներով կաշվե աքսեսուարների արտադրությամբ զբաղվող «Ծիրանէ» ընկերության հիմնադիրներ՝ Անահիտ Հարությունյանին և Էդմոնդ Ստեփանյանին, բազուկի թթվի արտադրությամբ զբաղվող «Գորիս Ագրոֆուդ» ընկերության հիմնադիրներ՝ Վլադ Բագրատյանին և Ժաննա Բարսեղյանին, հագուստի արտադրությամբ զբաղվող «Կռոանց» ընկերության հիմնադիր Աննա Հարությունյանին, տակառագործ Արմենակ Պողոսյանին, զարդեր պատրաստող «Արմինս Արթ» ընկերության հիմնադիր Արմինե Ստամբոլցյանին, «Լյուսինկա» ուսումնական կենտրոնի հիմնադիր Ստելլա Խաչատրյանին, «Արտիստ» թատերական ստուդիայի հիմնադիրներ՝ Գևորգ Վարդանյանին և Էլիզա Ստեփանյանին, փայտե կահույք և խճանկարներ արտարդող «ֆլեքսիթրի» ընկերության հիմնադիր Արթուր Մանասյանին:13-րդ գլխավոր մրցանակին արժանացել է էլեկտրոնիկայի, ճարտարագիտության դասընթացներ անցկացնող և ԱԹՍ-ներ ստեղծող «Ասթրընոթ» ընկերության հիմնադիր Արմեն Դարբինյանը: Գլխավոր մրցանակ-արձանիկը հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշել. «Մեր ժամանակների հերոսը» մրցանակակիրների խոսքից իմ մոտ այսպիսի պատկեր ձևավորվեց, ինձ թվաց, թե մենք մի հավաքական կերպար ենք ձևավորում այս մրցանակաբաշխությամբ, որովհետև տպավորություն է, ես մտքով գնացի նախորդ մրցանակաբաշխությունները, որ մեր մրցանակակիրները մեկը մյուսին շարունակում են: Թվում է, թե մարդիկ տարբեր կտորներով, տարբեր թեմաներով մտքեր են բարձրաձայնում, բայց իրականում մեկը մյուսին շարունակում են: Ինձ թվաց, թե մենք այս մրցանակաբաշխությամբ քաղաքացու՝ Հայաստանի Հանրապետության երազանքի հավաքական կերպարն ենք ձևավորում, և նրանցից յուրաքանչյուրն իր կերպարով, իր գործով, իր մոտեցմամբ, իր խոսքով մի շատ կարևոր հատվածն է, կներեք համեմատության համար, փազլն է այդ հավաքական կերպարի: Ես նաև ընթացքում հասկացա, որ պետք է գրառումներ անեմ նրանց ելույթներից, և երկու գրառում հասցրեցի անել: Այդ գրառումներից մեկի հեղինակը Շինուհայրից էր, որ ասաց. «Լավագույն գաղափարները ծնվում են վատագույն պայմաններից» և մեր վերջին մրցանակակիրը. «Մեզ մոտ անհնարին հասկացություն չի ընդունվում»: Կարծում եմ՝ այս երկու մեջբերումներն այսօրվա իրական խորհուրդն են արտահայտում»:Վարչապետ Փաշինյանը բոլոր մրցանակակիրներին և «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման բոլոր մասնակիցներին հրավիրել է բեմ և շնորհակալություն հայտնել ստեղծագործ աշխատանքի համար:  
09:14 - 29 դեկտեմբերի, 2022
Արման Դիլանյանը Պատրիկ Սվենսոնին է ներկայացրել ՍԴ բարեփոխումների ընթացքը

Արման Դիլանյանը Պատրիկ Սվենսոնին է ներկայացրել ՍԴ բարեփոխումների ընթացքը

Հոկտեմբերի 21-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:   Ողջունելով դեսպանի այցը Սահմանադրական դատարան՝ Արման Դիլանյանը նշել է, որ Բարձր դատարանը շահագրգիռ է ակտիվացնելու և արդյունավետ դարձնելու երկկողմ փոխգործակցությունը Շվեդիայի Թագավորության գերագույն դատարանի, ինչպես նաև իրավունքի գերակայության ոլորտում գործող շվեդական զարգացման գործակալությունների և կազմակերպությունների հետ:   Սահմանադրական դատարանի նախագահն ընդգծել է, որ իրավունքի գերակայության ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Շվեդիայի հետ սերտ գործակցությունն ու լավագույն փորձի փոխանակումը անչափ արժեքավոր են դատաիրավական ոլորտում բարեփոխումների շարունակական իրականացման և լավագույն եվրոպական փորձի ներդրման համար:   Դեսպան Սվենսոնը շնորհակալություն է հայտնել ցուցաբերված ջերմ ընդունելության համար և շեշտել է իր երկրի պատրաստակամությունն ու հանձնառությունը՝ էլ ավելի ընդլայնելու Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր բնագավառներում, մասնավորապես՝ դատաիրավական բարեփոխումների իրականացումը և մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետությունն ապահովելու համար:   Շվեդական կողմի խնդրանքով Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ներկայացրել է Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքը:   Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հայ-շվեդական իրավական գործակցությանն ու միջդատարանական կապերի ամրապնդման հեռանկարները և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:  
20:07 - 21 հոկտեմբերի, 2022
Սահմանադրությունը կենդանի և ապրող փաստաթուղթ է. ՍԴ նախագահի ուղերձը

Սահմանադրությունը կենդանի և ապրող փաստաթուղթ է. ՍԴ նախագահի ուղերձը

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: Դրանում ասված է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ: Լինելով զսպումներն ու հակակշիռները մարմնավորող յուրահատուկ իրավաքաղաքական համաձայնություն՝ Սահմանադրությունը կենդանի և ապրող փաստաթուղթ է: Սահմանադրորեն հռչակված ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության հայեցակարգի հենքը սահմանադրական արժեքներին և Սահմանադրության ոգուն համահունչ գործելն է: Սա առավել առաջնային հրամայական է բոլոր նրանց համար, ովքեր ի պաշտոնե ծառայում են մեր Հանրապետությանը. հանձնառու ու պարտավոր ենք աշխատել առավելագույնս արդյունավետ՝ չշեղվելով մեր սահմանադրական առաքելությունից ու ծառայելով բացառապես մեր պետության հզորացմանը: Պատմական զարգացման տարբեր շրջափուլերում հայ ժողովուրդը մշտապես ցուցաբերել է տոկունություն, խոհեմություն և ապացուցել, որ մեր հասարակության իրական ուժը բխում է ոչ թե տնօրինվող նյութական հարստության չափից, այլ միս ու արյուն է ստանում մեր կողմից որդեգրված բարձր արժեքներից: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առանցքը մարդու արժանապատվությունն է, իսկ դրա բաբախող սիրտը քաղաքացին է՝ իր սահմանադրորեն ամրագրված հիմնարար ազատություններով և իրավունքներով, հնարավորություններով և պարտականություններով: Հենց այդ բաբախող սրտի անխափան աշխատանքն է մեր պետական ինստիտուտների հետագա կայացման, իրավունքի գերակայության խթանման, սահմանադրական մշակույթի ամրապնդման ու հայկական ժողովրդավարության երկարաժամկետ հաջողության անվիճելի գրավականը և երաշխիքը: Սիրելի՛ հայրենակիցներ, Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա՝ հուլիսի 5-ի առթիվ՝ մաղթելով խաղաղություն ու բարեկեցություն»:
11:55 - 05 հուլիսի, 2022
Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը մինչև հանրաքվեի դրվելը անպայման պետք է ստուգվի. ՍԴ նախագահ |news.am|

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը մինչև հանրաքվեի դրվելը անպայման պետք է ստուգվի. ՍԴ նախագահ |news.am|

news.am: Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը անպայման պետք է ստուգվի՝ դրա համապատասխանությանը Սահմանադրության ամփոփոխելի հոդվածներին, նախօրոք պետք է ստուգվի մինչև հանրաքվեի դրվելը։ Այս մասին ասաց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին։ «Մենք որևէ կերպ ներգրավված չենք այդ բարեփոխումներին, որովհետև մենք պարզապես իրավունք չունենք ներգրավվել այդ աշխատանքներում։ Այն որպես կանոն ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական կոմպոնենտ ունի, դրա համար մենք նախապես կարծիք չենք հայտնում։ Դա պայմանավորված է այն սովորական արգելքով, որ դատարանները կարծիք չեն հայտնում այն հարցի վերաբերյալ, որը հետագայում կարող է Սահմանադրական դատարանում քննության առարկա հանդիսանալ»,- նշեց նա։ Անդրադառնալով ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրությանը՝ ՍԴ նախագահն ասաց. «Լսել եմ ձայնագրությունը, բայց անկեղծ ասած՝ չեմ կարող կարծիք հայտնել հատկապես քրեաիրավական առումով ես չեմ կարող գնահատել»։
14:20 - 25 հունիսի, 2022
ՍԴ նախագահը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար

ՍԴ նախագահը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար

2022 թվականի հունիսի 22-ին աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։  Այս մասին տեղեկացնում է ՀՀ Սահմանադրական դատարանը: Սահմանադրական դատարանի նախագահը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ցուցաբերած ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ մեծապես կարևորում է Եվրոպայի խորհրդի շարունակական աջակցությունը Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող դատաիրավական բարեփոխումներին։ Արման Դիլանյանը փաստել է, որ Եվրոպայի խորհուրդը Սահմանադրական դատարանի առաջնային գործընկերներից է, և ձևավորված փոխգործակցությունը առանցքային նշանակություն ունի իրավունքի գերակայության խթանման և դատական համակարգի հանդեպ հանրային վստահության հետագա ամրապնդման համար։ Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունել է Սահմանադրական դատարանի նախագահի այցը Ստրաբուրգ՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդն արժևորում է Հայաստանի հետ փոխգործակցությունը և պատրաստակամ է աջակցելու Հայաստանի Հանրապետությունում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին։  Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵԽ Գործողությունների ծրագրի 2019-2022 թթ. իրականացման և հետագա համագործակցության հեռանկարների շուրջ։ 
18:25 - 22 հունիսի, 2022
ԱՄՆ-ն հանձնառու է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը արդարադատության և այլ ոլորտներում. Թրեյսին՝ ՍԴ նախագահին

ԱՄՆ-ն հանձնառու է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը արդարադատության և այլ ոլորտներում. Թրեյսին՝ ՍԴ նախագահին

2022 թվականի հունվարի 27-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, որին ուղեկցում էին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ժողովրդավարության, կառավարման և իրավունքի գերակայության ծրագրերի պատասխանատու Քելի Սթրիքլենդը, ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին և ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմբերլի Զեպֆելը։   Ողջունելով ամերիկացի գործընկերներին՝ Արման Դիլանյանը բարձր է գնահատել հայ-ամերիկյան փոխգործակցությունը և դատաիրավական ոլորտում երկկողմ օրակարգի իրագործման ուղղությամբ շարունակապես տարվող աշխատանքը: Արման Դիլանյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն ունի ներքին բարեփոխումների հավակնոտ օրակարգ և հաստատակամ է այն կյանքի կոչելու հարցում, և միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ օժանդակությունն էլ ավելի կխթանի դրանց բարեհաջող իրականացումը:   Իր հերթին՝ դեսպան Թրեյսին շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և նշել, որ ԱՄՆ վարչակազմը հանձնառու է շարունակել սերտ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ՝ արդարադատության, իրավունքի գերակայության և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման ոլորտներում: Այս համատեքստում դեսպան Թրեյսին կարևորել է Բարձր դատարանում մեկնարկած ներքին բարեփոխումների գործընթացը:   Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ  
22:14 - 27 հունվարի, 2022
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի ՍԴ նախագահների առանձնազրույցը

Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի ՍԴ նախագահների առանձնազրույցը

2021 թվականի նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի առանձնազրույցը։ Այս մասին հայտնում են ՍԴ աշխատակազմից։ «Ողջունելով իր վրացի գործընկերոջը՝ Արման Դիլանյանը կարևորել է Հայաստանի և Վրաստանի սահմանադրական դատարանների երկարամյա համագործակցությունը և հույս հայտնել, որ պաշտոնական այցը նոր շունչ կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Մերաբ Տուրավան իր հերթին շնորհակալություն է հայտնել պաշտոնական այց կատարելու հրավերի և ջերմ ընդունելության համար և նշել, որ հայ-վրացական դարավոր բարեկամությունը պարարտ հող է ստեղծում երկու երկրների սահմանադրական դատարանների միջև իրավական կապերի ամրապնդման համար։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել բարձր մակարդակի շփումները երկկողմանի օրակարգի բոլոր հարցերով ու դիտարկել համատեղ տարածաշրջանային ծրագրերի իրականացումը»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Սահմանադրական դատարանը հայտնել է, որ Վրաստանի ՍԴ նախագահի գլխավորած պատվիրակության այցի նպատակն է որակական նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև նպաստել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով միջդատարանական համագործակցության խորացմանը։
13:06 - 04 նոյեմբերի, 2021
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին

ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին

2021 թվականի ապրիլի 15-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Այս մասին տեղեկացնում է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։ Ողջունելով հյուրին՝ Արման Դիլանյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների մակարդակը և ընդգծել է, որ Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կարևորագույն միջազգային գործընկերից մեկը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Լաքոտը պատրաստակամություն է հայտնել հայ-ֆրանսիական երկկողմ իրավական հարաբերությունների շարունակական ամրապնդմանը ու միջդատարանական հետագա փոխգործակցության զարգացմանն աջակցելու հարցում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են իրավունքի գերակայության և սահմանադրական արդարադատության ոլորտներում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը վերաբերվող հարցեր: Երկուստեք կարևորվել է Հայաստանի սահմանադրական դատարանի և Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի միջև բարեկամական կապերի հետագա զարգացումը և ամրապնդումը:
19:57 - 16 ապրիլի, 2021
ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի եւ դատարանի դիմումների վերաբերյալ որոշում կայացնելու |armtimes.com|

ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի եւ դատարանի դիմումների վերաբերյալ որոշում կայացնելու |armtimes.com|

armtimes.com: Սահմանադրական դատարանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների վերաբերյալ որոշում կայացնելու: Թե երբ կհրապարակվի որոշումը, ՍԴ դատավոր Արման Դիլանյանը չհայտնեց: Հիշեցնենք, որ ՍԴ-ն որոշեց գործը քննել գրավոր ընթացակարգով: Ավելի վաղ ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը միջնորդություն ներկայացրեց գործը գրավորից բանավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ՝ ընդգծելով, որ բանավոր ընթացակարգով գործը քննելու դեպքում կբարձրանա հանրային վստահությունը: Երկար քննարկումներից հետո ՍԴ դատավորները 4 դեմ, 4 կողմ ձայների քվեարկությամբ մերժեցին Պետրոսյանի ներկայացրած միջնորդությունը:  Շարունակությունը՝ armtimes.com-ում։ 
13:32 - 23 մարտի, 2021