Արմավիրի մարզ

Արմավիրի մարզը վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է։ Տարածքը 1242 կմ² է, բնակչությունը 284 հազար մարդ։ Գտնվում է 800-1000 մ բարձրություններում։

Արմավիրի մարզը բնակչության թվով եւ խտությամբ Հայաստանում գրավում է առաջին տեղը։ Մարզին բնորոշ է այն, որ չնայած ռելիեֆային պայմանների միատարրությանը՝ բնակչության տեղաբաշխումը հավասարաչափ չէ։ Նրա ամենամեծ կուտակումը մարզի արեւելյան հատվածում է։ Դեպի արեւմուտք շարժվելիս այն կտրուկ նվազում է։ Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը (29,319 բնակիչ), Վաղարշապատը (46,540 բնակիչ) եւ Մեծամորը (9,191 բնակիչ)։ Գործող մարզպետը Համբարձում Մաթեւոսյանն է։

Աղավնատուն համայնքում սպորտային համալիր է բացվել

Աղավնատուն համայնքում սպորտային համալիր է բացվել

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի հետ Աղավնատուն համայնքում ներկա է գտնվել դպրոցի տարածքում կառուցված սպորտային համալիրի բացմանը: Արհեստական խոտածածկով ֆուտբոլի դաշտ, թենիսի կորտ, բասկետբոլի, վոլեյբոլի, թեթև ատլետիկայի խաղահրապարակ, ուսուցողական վարժական հարմարությունների սրահ, հանդերձարաններ և 300 նստատեղ ունեցող սպորտային համալիրը կառուցվել է համայնքի բնակիչ, մոսկվայաբնակ Վահան Ավագյանի բարերարությամբ և կրում է Արզուման Շմավոնյանի և Կարեն Ներսիսյանի անունը: Մարզպետը համայնքի ղեկավարի և բարերարի ուղեկցությամբ շրջել է սպորտային համալիրում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին՝ բարձր գնահատելով բարերարի ներդրումն ու այն համարելով առողջ սերունդ ունենալու կարևոր գրավական: Այնուհետև Համբարձում Մաթևոսյանը հանդես է եկել ելույթով՝ նախ իր խոնարհումը հայտնելով Արցախյան 44-օրյա պատերազմում Աղավնատուն համայնքից զոհված հերոս հայորդիների հիշատակին՝ ընդգծելով, որ պատերազմ կոչված արհավիրքից հետո անհրաժեշտ է եռակի, քառակի անգամ պարտավորված լինել ստեղծարար աշխատանքով արժանին մատուցելու հերոս նահատակներին: Թվարկելով միայն վերջին երեք տարում Աղավնատանը կառավարության աջակցությամբ համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը, մասնավորապես՝ ճանապարհաշինությանն ուղղված ծրագրերը՝ մարզպետը միաժամանակ կարևորել է բարերարների, մասնավոր հատվածի կողմից իրականացվող նմանատիպ ձեռնարկները, որոնք միտված են համայնքների զարգացմանն ու բնակչության կենսամակարդակի բարելավմանը: Նախատեսված է համալիրում տեղադրել նաև ըմբշամարտի և ծանրամարտի համար անհրաժեշտ մարզական գույք:
10:17 - 02 հոկտեմբերի, 2021
Գնել Սանոսյանը Արմավիրի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել ոռոգման գործընթացի վերաբերյալ

Գնել Սանոսյանը Արմավիրի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել ոռոգման գործընթացի վերաբերյալ

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 19-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզպետարանում՝ մարզում ոռոգման գործընթացին առնչվող խնդիրների վերաբերյալ։     Խորհրդակցությանը մասնակցել են Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, Արմավիրի մարզի ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարները, մարզպետարանի աշխատակիցներ։   Նախարար Գնել Սանոսյանը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է ոլորտում առկա կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանը միտված առաջնահերթությունները և ծրագրերը։ ՏԿԵ նախարարը մասնավորապես ընդգծել է, որ չնայած ոռոգման ջրապահովման դեֆիցիտը մեղմելու նպատակով Սևանա լճից բաց թողնվող ջրի առավելագույն չափաքանակն ավելացվել է 75 մլն խմ-ով, սակայն պետք է խնդիր դնել՝ սահմանված ծավալից պակաս չափի ջրառով ապահովել ոռոգման գործընթացը։   «Մեզնից կախված ամեն ինչ պետք է անենք, որ 75 միլիոն թվին ոչ մի կերպ չհասնենք, ես հավատում եմ, որ դա հնարավոր է, լավ կլինի, որ եղանակային պայմաններն էլ նպաստավոր լինեն։ Կարծում եմ, որ համատեղ աշխատանքի ու ջանքերի շնորհիվ կարող ենք լուծել այդ խնդիրը»,- նշել է Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ ամենշաբաթյա պարբերականությամբ ոլորտի պատասխանատուների հետ կքննարկի ընթացիկ աշխատանքները և առաջիկա անելիքները։   Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը տեղեկացրել է, որ Սևանա լճից այս տարվա համար օրենքով սահմանվածից պակաս չափաքանակի ջրառ իրականացնելու համար կատարվել են անհրաժեշտ հաշվարկներ, և այդ ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ։   Կարեն Սարգսյանը ՏԿԵ նախարարին ներկայացրել է նաև Ախուրյանի և Ապարանի ջրամբարներից Արմավիրի մարզի ջրօգտագործողների համար նախատեսված ծավալներով ջրառի ապահովման ուղղությամբ կատարվող աշխատանքները։   Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի տեղեկացմամբ՝ մարզում ոռոգման ապահովման առումով ճգնաժամային շրջանը հաղթահարված է, և այժմ ավելի կայուն շրջան է։ Խորհրդակցության ընթացքում Արմավիրի մարզի «Էջմիածին», «Արմավիր» և «Շենիկ» ՋՕԸ-երի տնօրենները ներկայացրել են իրենց սպասարկման տարածքներում ոռոգովի հողատարածքներին և ոռոգման ջրի պահանջարկին առնչվող տվյալներ, ինչպես նաև ջրասակավության պայմաններում ջրօգտագործող ընկերություններին անհրաժեշտ ջրաքանակների ապահովման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։   Մարզի ՋՕԸ-երի ղեկավարների տեղեկացմամբ՝ ջրօգտագործման վճարների հավաքագրումների ցուցանիշը բարելավվել է նախորդ տարվա համեմատ։   Քննարկվել են նաև Արմավիրի մարզում ոռոգվող հողատարածքների ջրապահովման նպատակով անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես նոր ջրամբարների կառուցման, ջրատար համակարգի արդիականացման ու ընդլայնման, խորքային հորերի վերագործարկման, ոռոգման համակարգի էներգաապահովման վերաբերյալ հարցեր, անդրադարձ է կատարվել նաև մակերեսային ոռոգումից աստիճանաբար կաթիլային ոռոգման համակարգի անցնելու հարցին:   Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ՋՕԸ-երի ղեկավարներին հորդորել է իրենց ընկերությունների անդամ ջրոօգտագործողների հետ բացատրական աշխատանքներ կատարել՝ տեղեկացնելով աշխարհում և մասնավորապես Հայաստանում կլիմայական պայմանների փոփոխությունների հետևանքով հողամշակության և հատկապես հողի ոռոգման ավանդական եղանակների վերանայման ու արդիականացման անհրաժեշտությունը։   Նախարար Սանոսյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է նաև ավելի մեծ ուշադրություն դարձնել ջրօգտագործման վճարների հավաքագրումների ցուցանիշների ավելացմանը։
14:19 - 20 օգոստոսի, 2021
Արմավիրի մարզում աղիքային վարակի դեպք է գրանցվել․ ԱՆ

Արմավիրի մարզում աղիքային վարակի դեպք է գրանցվել․ ԱՆ

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը 2021 թվականի օգոստոսի 11-ին` 23։30-ի սահմաններում, «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով (լուծ, փսխում, ջերմություն) Արմավիրի մարզի Խանջյան համայնքից 8 բնակչի դիմելու վերաբերյալ, որոնցից 6-ը հոսպիտալացվել է: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլոր տուժածներն օգտագործել են օգոստոսի 9-ին շրջիկ ցիստեռնից գնված ջուր։ Բնակչության շրջանում կատարվել են իրազեկման աշխատանքներ (զգուշացվել է այդ ջուրը չօգտագործելու մասին)։ 2021 թվականի օգոստոսի 12-ին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված բակային համայցերի արդյունքում՝ աղիքային հիվանդությանը բնորոշ գանգատներով հայտնաբերվել է ընդհանուր թվով 31 անձ, որոնցից 5-ը ևս հոսպիտալացվել է, իսկ մյուս պացիենտների նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն: Արդյունքում` օգոստոսի 13-ի դրությամբ, «Արմավիր» բժշկական կենտրոնում շարունակում է բուժումը 8 պացիենտ, որոնց առողջական վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, դրական դինամիկայով։ Համաճարակաբանական հետազոտությունների ընթացքում կատարվել է պացիենտներից կենսանմուշների և ջրի նմուշառում՝ մանրէաբանական հետազոտության համար:
16:53 - 13 օգոստոսի, 2021
Արմավիրի մարզի Խանջյան համայնքում 9 մարդ թունավորվել է. կատարվել է խմելու ջրի նմուշառումներ, նշանակվել են դատաբժշկական և դատասննդային փորձաքննություններ․ հարուցվել է քրեական գործ․ ՔԿ

Արմավիրի մարզի Խանջյան համայնքում 9 մարդ թունավորվել է. կատարվել է խմելու ջրի նմուշառումներ, նշանակվել են դատաբժշկական և դատասննդային փորձաքննություններ․ հարուցվել է քրեական գործ․ ՔԿ

2021թ. օգոստոսի 11-ին՝ ժամը 23:30-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ աղիքային ինֆեկցիա անհայտ էթիալոգիա ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Արմավիրի մարզի Խանջյան համայնքի թվով 9 բնակիչներ և հայտարարել, որ թունավորվել են խմելու ջրից: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով վերոհիշյալ անձանց բնակարաններից կատարվել է խմելու ջրի նմուշառումներ, նշանակվել են դատաբժշկական և դատասննդային փորձաքննություններ:   Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի և լրիվ հետազոտելու, թունավորման աղբյուրը, պատճառները պարզելու ուղղությամբ։ 
10:02 - 13 օգոստոսի, 2021
Նախնական տվյալներով` ջրից աղիքային ինֆեկցիայով Արմավիրի հիվանդանոց է դիմել 10 քաղաքացի |hetq.am|

Նախնական տվյալներով` ջրից աղիքային ինֆեկցիայով Արմավիրի հիվանդանոց է դիմել 10 քաղաքացի |hetq.am|

hetq.am: Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում «աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ 6 քաղաքացի է հոսպիտալացվել: Բոլորը Արմավիրի մարզի Խանջյան գյուղի բնակիչներ են: Հոսպիտալացված հիվանդներից 3-ը երեկ են տեղափոխվել հիվանդանոց, 3-ը՝ այսօր: «Արմավիր» ԲԿ-ի բժիշկ-համաճարակաբան Աշխեն Պողոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Խանջյան գյուղից երեկ և այսօր հիվանդանոց է դիմել ընդհանուր 10 քաղաքացի, որից 4-ը բուժօգնություն ստանալուց հետո տուն է գնացել, իսկ 6-ը շարունակում է բուժումը ինֆեկցիոն բաժանմունքում:  «Հիվանդներն իրենց  անամնեզում նշում են, որ ցիստեռնի ջուր են օգտագործել, այժմ կասկածը դրա վրա է: Լաբորատոր հետազոտություն է իրականացվել, թե ինչ արդյունք կստացվի, պարզ չէ, ընթացքի մեջ է»,-ասաց Աշխեն Պողոսյանը: Խանջյան համայնքի ղեկավար Արտակ Արոյանը նշեց, որ համայնքն ունի 24-ժամյա ջրամատակարարում, սակայն այդ ջուրը խմելու համար պիտանի չէ: Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 
17:52 - 12 օգոստոսի, 2021
Ոստիկանությունն Արմավիրի մարզում իրականացրել է ուժեղացված ծառայություն

Ոստիկանությունն Արմավիրի մարզում իրականացրել է ուժեղացված ծառայություն

Հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ հուլիսի 23-ին Արմավիրի մարզի Արմավիր, Էջմիածին ու Մեծամոր քաղաքներում իրականացրել են ուժեղացված ծառայություն, որը ղեկավարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:  Ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով Արմավիրի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներ բերման  են ենթարկվել  5 անձ։ Կատարվել են խուզարկություններ ու զննություններ։ Հայտնաբերվել են տարբեր տեսակի ատրճանակներ ու հրացաններ, դանակներ, մահակներ ու կռփազենք՝ ընդհանուր 23 միավոր։ Երեք անձի խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 9 գրամից ավելի քաշով։ Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։ 
13:06 - 26 հուլիսի, 2021
Արմավիրի նախկին քաղաքապետը ձերբակալվել է 9 մլն դրամ ընտրակաշառքի փոխանցման պահին

Արմավիրի նախկին քաղաքապետը ձերբակալվել է 9 մլն դրամ ընտրակաշառքի փոխանցման պահին

ՀՀ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել 2021թ.-ի հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու և Ջանֆիդա գյուղի բնակիչների շրջանում ընտրակաշառք բաժանելու համար Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետի՝ նույն դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Ռ. Խ.-ի կողմից, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ.Պ.-ին 9.000.000 ՀՀ դրամ գումար փոխանցելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը։ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում 2021թ. հունիսի  10-ին,  ժամը 16։30-ին, Ջանֆիդա գյուղում գտնվող Գ. Պ.-ի տանը վերոնշյալ երկու անձինք բռնվել են 9.000.000 ՀՀ դրամ ընտրակաշառքի գումարի փոխանցման պահին։ Ընդ որում՝ ոստիկանության աշխատակիցներին տեսնելուն պես նրանք դուրս՝ դեպի տան բակ են նետել իրենց ձեռքում գտնվող՝ պոլիէթիլենային տոպրակով ընտրակաշառքի առարկա հանդիսացող գումարը, որ հայտնաբերվել և վերցվել է դեպքի վայրի զննությամբ։ Նախապատրաստված նյութերով դեպքի առթիվ նույն օրը Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանշներով, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությանը: Ռ. Խ.-ն և Գ.Պ.-ն բերման են ենթարկվել Ոստիկանության Արմավիրի բաժին և ձերբակալվել: Նրանք հրաժարվել են ցուցմունք տալ: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով:     Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Նշենք, որ Արմավիրի նախկին քաղաքապետը «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու է:
12:04 - 11 հունիսի, 2021
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Այգեստան 11 փողոց 11-61 սեփական տներ, Հերացի փ. 10-16 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Դ․ Մալյան նրբանցք 2, 3 շենքեր, Մոլդովական փ. 1, 3, 7 շենքեր, Գայի պող. 1, 1/1 շենքեր, Ավան Առինջ՝ 1-ին միկրո.՝ Բաբաջանյան փ. 8 (4) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ֆրունզեի, Թ.Սարյան, Լ․Խաչիկյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11:00-15:00 Նոր Արեշ 26փ. 13-34 սեփական տներ, Էրեբունի փ. 25, 27 շենքեր, 11:00-17:00 Նորք Մարաշ՝ Նորքի 7-րդ փողոցի և 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, թիվ 124 մսուր-մանկապարտեզ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոմիտասի պող. 20 շենք, Երզնկյան փ. 31, 31/1 շենքեր, Բաղրամյան պող. 79 շենք,   Արմավիրի մարզում՝ 11:00-17:00 Մարգարա, Արազափ, Արգավանդ և Տանձուտ գյուղեր,   Արարատի մարզում՝ 10:00-12:00 Նորամարգ, Երասխ գյուղեր մասնակի, Արմաշ գյուղ, 10:00-15:00 Գինեվետ գյուղ մասնակի, 10:00-16:00 Մասիս քաղաք` թիվ 2-րդ, 3-րդ, Կայարան և Նոր թաղամասներ մասնակի, Դպրոցականների, Ազատամարտիկների, Հանրապետության, Երևանյան և 3-10 փողոցներ մասնակի, թիվ 6, 7, 9 նրբանցքներ մասնակի, Նորամարգ գյուղ, Ռանչպար գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սիսավան, Վանաշեն գյուղեր և Լանջառ գյուղ մասնակի, 10:30-16:00 Դիմիտրով գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 11:00-15:00 Գլաձոր գյուղ մասնակի,   Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ քաղաք՝ Սաֆարյան, Արա Գեղեցիկի, Նոր Թաղ, Նար-Դոսի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ մասնակի, 11:00-17:00 Ձորաղբյուր, Գեղաշեն, Բալահովիտ, Ներքին Պտղնի գյուղեր մասնակի, Ջրվեժ` Մայակ թաղամաս մասնակի,   Գեղարքունիքի մարզում՝ 12։00-14։00 Լանջաղբյուր, Գեղարքունիք, Սարուխան, Գանձակ, Կարմիր գյուղեր և բնակիչ-բաժանորդներ, Հացառատ թաղամասի վերջնամասի բնակիչ-բաժանորդներ, Ծաղկաշեն գյուղն ամբողջությամբ, Հացառատի թիվ 8 նոր դպրոց, Կարմիր գյուղ՝ «Յուքոմ» ընկերության բջջային կայան, «Կարիշ» ՍՊԸ գազալցակայան, Սարուխան N 1 դպրոց և «Վեոն Արմենիա» ընկերության բջջային կայան, 11։00-13։00 Սոթքի զորամաս, 13։00-15։00 Սոթք, Կութ, Ազատ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Վեոն Արմենիա», «Վիվասել-ՄՏՍ», «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններ, 14։30-16։30 Գեղամավան, Ծաղկունք, Գագարին, Դդմաշեն, Զովաբեր համայնքներն ամբողջությամբ, Ծաղկունքի ոռոգման պոմպ, «Գագարին» ՍՍԿ, «Պահուստ» ՊՈԱԿ, «Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ, «ՀԿՀ-ԱԳՐՈՍՊԱՍԱՐԿՈՒՄ» Սևանի միջշրջանային միավորում ՍՊԸ, «ՇԽՄՎ», «Սեդամի», «Տելեմակ», «Անանուխ», «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ներ, «Վիվասել-ՄՏՍ», «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Լոռու մարզում՝ 11:00-17:00 Շահումյան գյուղ,   Սյունիքի մարզում՝ 10:30-13:30 Սիսիան քաղաք` Տիգրան Մեծի փողոցներ, Գայի փ. 1, 2, 3, 4, 5 շենքեր, Առուստամյան, Պարույր Սևակի փողոց մասնակի, 14:00-16:00 Սիսիան քաղաք՝ Պարույր Սևակի, Սյունիքի, Շահումյան փողոցներ մասնակի, 10:30-16:30 Գորիս քաղաք՝ Այգեստան, Քրիստափորի, Մանուշակաձոր, Սյունիքի, Սալքար փողոցներ և Կապանի խճուղի:
09:37 - 11 հունիսի, 2021
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Արեշ 2փ. 29-62; 4փ. 45-59; 11փ. 13-40 սեփական տներ, Մուրացան փ. 125-184 սեփական տներ, Ավան՝ Աղի Հանքի նարկոլոգիական դիսպանսեր, Աճառյան փ. 2/1, 44 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեստան 11 փողոցի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 115 դպրոց, Կաշեգործների փողոցի սեփական տներ, թիվ 65 դպրոցը, Ֆրունզեի փ․ 60ա շենք, Բագրատունյաց պող․ 53 շենք, Ֆրունզեի, Թ․Սարյան, Լ․Խաչիկյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաշինջաղյան փ. 192, 194, 196, 188 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Նոր Արեշ 27փ. 18-54; 36փ. 17-30 սեփական տներ, Էրեբունի փ. 28, 30, 32, 34 շենքեր, 11:00-17:00 Հր.Քոչարի փ. 165, 171 շենքեր, Զարյան փ. 1/2 շենք, Նորք Մարաշ՝ Նորքի 7-րդ փողոցի և 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, թիվ 124 մսուր- մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արմավիրի մարզում՝ 11:00-17:00 Լեռնագոգ գյուղ,   Արարատի մարզում՝ 10:00-12:00 Նորամարգ և Ռանչպար գյուղեր մասնակի, 10:00-13:00 Վեդի քաղաք` Կասյան փողոց մասնակի, Ավշար գյուղ մասնակի, 10:00-14:00 Արտաշատ քաղաք` Ս. Հակոբյան, Բաղրամյան, Ավետիսյան փողոցներ մասնակի, Երևան-Երասխ մայրուղի մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Դալար, Դիմիտրով, Մասիս, Մրգավան և Շահումյան գյուղեր, 10:00-15:00 Զանգակատուն գյուղ, Վարդաշատ, Ուրցալանջ գյուղեր մասնակի, Ուրցաձոր գյուղ «Ղ-Տելեկոմ», «Յուքոմ», «Վեոն Արմենիա» ընկերությունների բջջային կայաններ, Հայկական զորամասեր, «Հայէրոնավիգացիա», «Զովաշեն» հեռուստակայան, «Հիդրոմետ կայան» ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-16:00 Դիմիտրով գյուղ մասնակի, 10:30-16:00 Լանջազատ գյուղ, 14:00-16:00 Արտաշատ քաղաք՝ Մարքսի, Անդրանիկի, Արազի, Նարեկացի, Արարատյան, Գայի, Գոլեցյան, Լուսինյան, Խանջյան, Աթարբեկյան, Շահումյան, Մխչյան, Խարազյան, Մանուշյան, Շիրվանզադեի, Սիսակյան, Փափազյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Վայոց Ձորի մարզում՝ 10:00-15:00 Եղեգիս գյուղ մասնակի, 10:00-16:00 Կապույտ գյուղ,   Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ քաղաք՝ Սաֆարյան, Արա Գեղեցիկի, Նոր Թաղ, Նար-Դոսի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16։00 Նոր Գեղի գյուղ մասնակի, «Երկրաբան», «Լիդեր», «Կերախոհանոց», «ՇՄՇ», «Սառնարան-2», «Աղավնի», «Լորի» ընկերություններ, «Լուսակաթ» թռչնաֆաբրիկա և «Երևան Ջուր» ընկերություն, Նոր Գեղիի Բանավան թաղամաս, Լուսակերտի «Զին/մաս», Ճգնաժամային Կառավարման Պետական Ակադեմիա, «Ղ-Տելեկոմ» բջջային կայան, «Արմբազալտ» ՓԲԸ, Հարություն Թ/ֆաբրիկա ոչ բնակիչ- բաժանորդներ 11։00-17։00 Ձորաղբյուր, Գեղաշեն և Բալահովիտ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ թաղամաս մասնակի,   Լոռու մարզում՝ 11:00-15:00 Դսեղ գյուղ:
09:32 - 09 հունիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ հունիսի 20-ին ՀՀ քաղաքացին կվերահաստատի իր իշխանությունը |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ հունիսի 20-ին ՀՀ քաղաքացին կվերահաստատի իր իշխանությունը |armenpress.am|

armenpress.am: 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակցության ամենակարևոր մոտիավացիան այն է, որ ժողովուրդը երկրի տիրոջ իր զգացողությունը չկորցնի: Քարոզարշավի շրջանակներում Փարաքար համայնքի բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Մենք նույնիսկ չենք ասելու, որ «Ժողովուրդ, քվեարկեք մեր օգտին», մենք ասելու ենք «Ժողովուրդ, քվեարկեք ձեր օգտին»,- ընդգծեց Փաշինյանը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը քարոզարշավի շրջանակում երկու դիրքորոշում է ի հայտ բերել` քաղաքական ուժեր, որոնք հայտարարում են, որ «հեսա գալու ենք իշխանությունը վերցնենք» և իրենց կուսակցությունը, որը հայտարարում է, որ որոշողը ժողովուրդն է: «Ուզում եմ, որ դուք ֆիքսեք տարբերությունը, որովհետև ոմանք ասում են, որ հունիսի 20-ին և դրանից հետո, այսպես ասած, իրենք «կրելու են», մենք էլ ասում ենք` «ձեր պատիժն եք կրելու 2021 թվականի հունիսի 20-ից հետո»:  Էլի եմ ասում քաղաքական առանձնահատկությունը հետևյալն է. մենք ասում ենք «դուք որոշում եք` մենք անում ենք»,- ասաց Փաշինյանը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ 2018 թվականին իրենք հանդես են եկել առաջարկով` ժողովուրդը որոշեց, և իրենք իրականացրեցին: «2021 հունիսի 20-ին էլի դուք որոշելու եք, մենք ի կատար ենք ածելու: Եթե ձեր որոշումը լինի այն, որ մենք պետք է շարունակենք առաջնորդել երկիրը, մենք  այդպես էլ կանենք: Եթե ձեր որոշումը կլինի այն, որ այդպես պետք է չլինի` մենք այդպես էլ կանենք»,- եզրափակեց Փաշինյանը:
12:47 - 07 հունիսի, 2021