Արմեն Եղիազարյան

Ծնվել է 1980թ. հունիսի 1-ին Վանաձորում:

2002թ` ավարտել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի էկոնոմիկայի, սոցիոլոգիայի եւ իրավունքի ֆակուլտետի կառավարում բաժինը: 2005թ.՝ «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի կառավարում բաժնի մագիստրատուրան: Կառավարման մագիստրոս:

Մասնակցել է «Գերմանիայի կրթական համակարգը, աշխատանքային շուկա, փոքր եւ միջին բիզնեսի ծառայություններ, ձեռնարկությունների զարգացմանն աջակցող ասոցիացիաներ եւ պալատներ» (2013թ., Գերմանիա), «ՔՀԿ-ների կարողությունների զարգացում» (2017թ., Հայաստանի ամերիկյան համալսարան), «Տեղական քաղաքականություն եւ քաղաքացիական մասնակցություն» (2018թ.,  Լիդերների միջազգային ակադեմիա (IAF),  Գերմանիա) դասընթացներին:

2000-2006թթ. եղել է «Պիրամիդա Կվինտ» ՍՊԸ տնօրեն: 2007-2010թթ.՝ «Կոնվերս բանկ» ՓԲԸ «Վանաձոր» մասնաճյուղի վարկային մասնագետ, 2010-2015թթ.՝ ֆինանսական խորհրդատու: 2009-2019թթ.՝ «Կովկասյան քաղաքների ցանց» Վանաձոր-Ռեգեն համագործակցության (GIZ)  շրջանակներում «Վանաձորի տնտեսական զարգացման կենտրոն» ծրագրի ղեկավար: 2015-2017թթ.՝ «Ժողովուրդների զարգացման միջազգային կոմիտե» (CISP) ոչ առեւտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ծրագրերի համակարգող, «Բիզնես պլանի պատրաստում» թեմայով դասընթացավար (թրեյներ):

2009-2019թթ. եղել է «Լոռու մարզի երիտասարդ տնտեսագետների ասոցիացիա» հկ հիմնադիր նախագահ: 2016-2019թթ.՝ Վանաձորի ավագանու մշակույթի, կրթության, սպորտի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

7-րդ գումարման ԱԺ խմբակցությունների օրենսդրական գործունեությունը

7-րդ գումարման ԱԺ խմբակցությունների օրենսդրական գործունեությունը

Նկարը՝ Iravaban.net-ի ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովը ձևավորվել էր 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում։ Այս խորհրդարանը գործունեություն ծավալեց 2 տարի 5 ամիս, և այս տարվա մայիսի 10-ին արձակվեց իրավունքի ուժով՝ Նիկոլ Փաշինյանին երկու անգամ վարչապետ չընտրելու մեթոդով, որպեսզի հունիսին տեղի ունենան խորհրդարանական արտահերթ նոր ընտրություններ։ 2 տարի 5 ամիս օրենսդիր մարմնում գործունեություն են ծավալել երեք խմբակցություններ՝ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան»։ Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում  Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ, մշակում, նաև փոփոխում է օրենքներ և այլն: Հետևաբար օրենսդիր մարմնում գործունեություն ծավալած երեք ուժերի աշխատանքի գնահատման մեթոդներից մեկն էլ նրանց ներկայացրած և ընդունած օրենսդրական նախագծերն են։ Օրենսդրական նախագծերի ուսումնասիրության համար հիմք է հանդիսացել Ազգային ժողովի պաշտոնական Parliament.am կայքը, որտեղ հրապարակվում են պատգամավորների ներկայացրած բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, որոնք դրվել են շրջանառության մեջ և դեռևս չեն քննարկվել, կամ ընդգրկվել են ԱԺ օրակարգում, բայց դեռ չեն ընդունվել, կամ էլ ընդունվել են ամբողջությամբ։ «Իմ քայլը» խմբակցություն Այսպես, 7-րդ գումարման խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունն ունի 81 պատգամավոր, որոնցից 15-ը այս գումարման Ազգային ժողովում չունեն ընդունված նախագծեր, իսկ նրանց մի մասը պարզապես չեն էլ ներկայացրել որևէ օրենսդրական նախագիծ։ Այս պատգամավորներից ոմանք միայն վերջերս են ստանձնել պատգամավորական մանդատը, սակայն կան նաև պատգամավորներ, որոնք արդեն 2 տարի 5 ամիս է՝ օրենսդիրում են։ Օրինակ՝ Մաթևոս Ասատրյանը խորհրդարանում 2 տարի 5 ամիս աշխատելու ընթացքում համահեղինակության կարգով նախաձեռնել է 2 օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ, սակայն դրանցից մեկը հեղինակը հետ է վերցրել, իսկ մյուսը հանվել է շրջանառությունից։ Այսինքն՝ պատգամավորը 7-րդ գումարման Ազգային ժողովում աշխատել է 2 օրենքի փոփոխության նախագծերի վրա, որոնք չեն ընդունվել։ Պատգամավոր Միքայել Զոլյանը 7-րդ գումարման Ազգային ժողովում չի ներկայացրել ոչ մի նախագիծ։ Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը չունի ո՛չ ընդունված, ո՛չ օրակագում ընդգրկված և ո՛չ էլ շրջանառության մեջ դրած նախագծեր։ Պատգամավոր Սեդրակ Թևոնյանը նույնպես 7-րդ գումարման Ազգային ժողովում որևէ նախագիծ չի ներկայացրել։ Վերջինիս որպես հանձնաժողովի անդամ ներգրավված է եղել «ՀՀ ցամաքային ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը և 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող և վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին» նախագծի կազմում։ Պատգամավոր Կնյազ Հասանովը Ազգային ժողովում քրդական համայնքը ներկայացնող պատգամավոր է։ Վերջինս այս 2,5 տարիների ընթացքում Ազգային ժողովին չի ներկայացրել և չի համահեղինակել որևէ օրենսդրական նախագիծ։ Պատգամավոր Սասուն Միքայելյանը 7-րդ գումարման Ազգային ժողովում չի ներկայացրել որևէ օրենսդրական նախագիծ։ Վերջինիս ներգրավված է եղել մետաղական հանքարդյունաբերության վերաբերյալ քննիչ հանձնաժողովի աշխատանքներում։ Պատգամավոր Արտաշես Թևոսյանը մանդատը ստանձնել է խորհրդարանի ձևավորման հենց սկզբից։ Վերջինս այս 2,5 տարիների ընթացքում ներկայացրել է միայն մեկ նախագիծ, սակայն հետագայում հետ է կանչել այն։ Պատգամավորը չունի ընդունված ոչ մի նախագիծ, սակայն մեկ նախագիծ ընդգրկված է օրակարգում, որն ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Սա վերջին 2,5 տարիների ընթացքում միակ նախագիծն է, որը դեռևս ամբողջությամբ ընդունված չէ։  Արման Եղոյանը չունի ընդունված օրենսդրական նախագիծ։ Վերջինս մի քանի օրենսդրական նախագծերի համահեղինակ է եղել, որոնք, սակայն, հեղինակը հետ է կանչել։ Նախագծերից մեկը, որի համահեղինակ է եղել Արման Եղոյանը, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին է․ նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ, որից հետո հեղինակը նախագիծը հետ է վերցրել։ Մեկ այլ նախագիծ էլ ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին է, որը նույնպես առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հետ է վերցվել։ Այս նախագիծը նորից ներկայացվել է ԱԺ․ ընդունվել առաջին ընթերցմամբ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծում Եղոյանը նույնպես ներառված է եղել․ այս դեպքում էլ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հեղինակը նախագիծը հետ է վերցրել։ Երկրորդ անգամ ներկայացվել է ԱԺ և ընդունվել առաջին ընթերցմամբ։ Կինեմատոգրաֆիայի մասին մշակված նախագիծը արժանացել է նույն ճակատագրին, ինչ նախորդ երեք նախագծերը։ Այս անգամ ևս ներկայացվել է ԱԺ և ընդունվել առաջին ընթերցմամբ։ Այսինքն՝ այս պահին Եղոյանը օրակարգում ընդգրկված 3 նախագծերի համահեղինակ է։ Նարեկ Ղահրամանյանը պատգամավորական մանդատը ստանձնել է 2020 թվականի սեպտեմբերի 23-ին, որից օրեր անց սկսվեց 44-օրյա պատերազմը։ Սա կարող է պատճառ լինել օրենսդրական բնականոն գործունեության խաթարման, բայց, այնուամենայնիվ, պատգամավորը դեռևս չունի ընդունված օրենսդրական նախագծեր։ Սակայն նա համահեղինակ է օրենսդրական 2 նախագծի, որոնք ընգրկված են օրակարգում, իսկ մեկ նախագիծ էլ դեռ օրակարգում չէ։ Նախագծերից մեկը վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին է, մյուսը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Պատգամավորը նույն օրենսգրքում մեկ այլ փոփոխություն էլ է նախաձեռնել, որը շրջանառության մեջ է։ Պատգամավորներ Գոռ Երանյանը և Կարապետ Մխչյանը պատգամավորական մանդատ են ստանձնել համապատասխանաբար 2020 թվականի հոկտեմբերի 1-ին և 13-ին, սակայն նրանցից մեկն ընդհանրապես չունի նեկայացրած նախաձեռնություն, մյուսն ունի ներկայացրած, սակայն դեռ չեն ընդունվել։ Մասնավորապես Գոռ Երանյանը ընդհանրապես չունի ներկայացրած նախագիծ։ Կարապետ Մխչյանը օրենսդրական երկու [1,2] նախագծերի մշակման աշխատանքներում մասնակցություն է ունեցել, որոնք, սակայն, հեղինակը հետ է վերցրել։ Երկու նախագծերն էլ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին են։ Պատգամավոր Հայկ Ցիրունյանը մանդատը ստանձնել է 2020 թվականի նոյեմբերի 27-ին։ Պատգամավորը համահեղինակ է երկու նախագծերի, որոնք այժմ ընդգրկված են օրակարգում։ Դրանցից մեկը «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին է, մյուսը՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին։ Պատգամավորը մինչ օրս չունի ընդունված օրենսդրական նախագիծ։ Պատգամավորներ Նարեկ Գրիգորյանը, Կարեն Գրիգորյանը և Հակոբ Ասլանյանը պատգամավորական մանդատը ստանձնել են համապատասխանաբար 2020 թվականի դեկտեմբերի 4-ին, 14-ին և 24-ին։ Մանդատը ստանձնելուց ի վեր Նարեկ Գրիգորյանը չի ներկայացրել և համահեղինակության կարգով ներգրավված չի եղել որևէ օրենսդրական նախագծում։ Կարեն Գրիգորյանը մասնակցություն ունի 2 օրենսդրական նախագծում, որոնք հեղինակը հետ է վերցրել։ Նախագծերից երկուսն էլ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին են։ Երկուսի դեպքում էլ նախատեսված են եղել գրեթե նույն փոփոխություններ, սակայն ինչ-ինչ պատճառներով երկու անգամ էլ հեղինակը նախագիծը հետ է վերցրել։ Հակոբ Ասլանյանը պատգամավորական մանդատը ստանձնելուց հետո մինչ օրս չի համահեղինակել և չունի որևէ ներկայացրած նախագիծ։  Պատգամավորներ Էմմա Պալյանը և Վահագն Ալեքսանյանը մանդատը ստանձնել են համապատասխանաբար 2021 թվականի մարտի 22-ին և ապրիլի 6-ին։ Վերջիններս նույնպես օրենսդրական նախագծեր չեն հեղինակել կամ համահեղինակել։ Կան պատգամավորներ, որոնք ընդունված միայն մեկ օրենսդրական նախագիծ ունեն, սակայն նրանցից շատերինը նույն օրենսդրական նախագիծն է, որը մշակվել է շուրջ 55 պատգամավորների համատեղ ջանքերով։ Այսպես՝ պատգամավորներ Սոս Ավետիսյանը, Արման Բոշյանը, Մերի Գալստյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Հովհաննես Իգիթյանը, Արեն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հայկ Սարգսյանը և Լիլիթ Ստեփանյանը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ օրենքի նախագծի համահեղինակ են։ Այս շարքի պատգամավորներից Սոս Ավետիսյանը, Արման Բոշյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Հովհաննես Իգիթյանը և Արեն Մկրտչյանը չունեն հեղինակած կամ համահեղինակած օրենսդրական նախագծեր։ Վերջիններս չունեն նույնիսկ ներկայացրած օրենսդրական նախագծեր, բացի այս մեկից, որի կազմում իրենք նույնպես ընդգրկված են եղել։ Սերգեյ Մովսիսյանը համահեղինակ է 2 օրենսդրական նախագծի, որոնք դրվել են շրջանառության, սակայն դեռ չեն ընդգրկվել օրակարգում։ Հայկ Սարգսյանը 7-րդ գումարման ԱԺ-ում ներկայացրել է 4 նախագիծ, սակայն բոլորի դեպքում էլ հեղինակը ընթացքից հետ է վերցրել։ Սարգսյանն այս պահին ունի 1 նախագիծ, որը դրվել է շրջանառության, սակայն դեռ ընգրկված չէ օրակարգում։ Մերի Գալստյանը ներկայացված է եղել 15 օրենսդրական նախագծերում․ բոլորի դեպքում հեղինակը ընթացքից հետ է վերցրել նախագիծը։ Այժմ պատգամավորը ներկայացված է 3 նախագծում, որոնք դրվել են շրջանառության, բայց դեռ ընդգրկված չեն օրակարգում։ Պատգամավոր Լիլիթ Ստեփանյան 1 նախագծի հեղինակ է, սակայն ընթացքում այն հետ է վերցրել։ Այժմ կան 6 նախագծեր, որոնք շրջանառության մեջ են, սակայն դեռ օրակարգում չեն ընդգրկվել։ Պատգամավորներ Ալեքսանդր Ավետիսյանը, Տաթևիկ Գասպարյանը և Արթուր Մանուկյանը համահեղինակ են ընդունված միայն մեկ օրենսդրական նախագծի՝ ««Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին»։ Սակայն, բացի այս երեք պատգամավորներից, նախագծի համահեղինակ են ևս 35 պատգամավորներ։ Այս պատգամավորներից Ալեքսանդր Ավետիսյանը և Տաթևիկ Գասպարյանը բացի այս նախագծում ներգրավված լինելուց, չեն ներկայացրել որևէ այլ օրենսդրական նախագիծ։ Արթուր Մանուկյանը ներգրավված է 2 օրենսդրական նախագրեծում, որոնք ընդգրկված են օրակարգում։ 1 օրենսդրական նախագծի համահեղինակ է նաև պատգամավոր Կարեն Համբարձումյանը։ Բացի այս մեկ ընդունված օրենսդրական նախագծից, պատգամավորը ներգրավված չի եղել որևէ այլ օրենսդրական նախագծում։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն Ընդդիմադիր ուժերի պարագան մի փոքր այլ է։ Վերջիններս հնարավոր է չունենան ընդունված օրենսդրական նախագծեր իշխանության ներկայացուցիչների՝ խորհրդարանում մեծ թվով ներկայացված լինելու պատճառով։ Այսինքն՝ լինում են դեպքեր, երբ ընդդիմության ներկայացրած օրենսդրական նախագծերը չեն ընդունվում իշխանության ներկայացուցիչների դեմ քվեարկելու պատճառով, ինչը սովորաբար չի լինում «Իմ քայլի» ներկայացրած նախագծերի պարագայում։ Այնուամենայնիվ ստորև ներկայացնում ենք այս խմբակցության պատգամավորների ներկայացրած, ընդունված և չընդունված նախագծերի մի մասի վերաբերյալ ամփոփ տվյալներ։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Նորա Առուստամյանը, Վարդևան Գրիգորյանը, Վարդան Ղուկասյանը, Կարինե Պողոսյանը և Սողոմոն Սողոմոնյանը 7-րդ գումարման Ազգային ժողովում ունեն ընդունված միայն մեկ օրենսդրական նախագիծ, սակայն այս նախագծի վրա համահեղինակության կարգով աշխատել են շուրջ 38 պատգամավորներ, որոնց թվում էին նաև հիշյալ անձինք։ Նախագիծը COVID 19-ի տարածումը կանխելու, կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին է։ Վերոնշյալ պատգամավորներից Գագիկ Ծառուկյանը և Սողոմոն Սողոմոնյանը բացի այս ընդունված նախագծիչ չեն ներկայացրել որևէ այլ նախագիծ։ Պատգամավոր Նորա Առուստամյանը ներկայացրել է 2 օրենսդրական նախագիծ, սակայն դրանք մերժվել են։ Վերջինս ունի նաև օրակարգում ընդգրկված 1 նախագիծ։ Վարդևան Գրիգորյանը համահեղինակել է 5 նախագիծ, որոնցից 1-ը մերժվել է, 4-ը  հետ է վերցվել։ պատգամավոր Կարինե Պողոսյան ներկայացված է 2 օրեսնդրական նախագծում, որոնք սակայն հետ են վերցվել։ Պատգամավորներ Արայիկ Աղաբաբյանը, Քաջիկ Գևորգյանը, Ջանիբեկ Հայրապետյանը, Հրանտ Մադաթյանը, Տիգրան Ստեփանյանը, Վարդան Վարդանյանը և Իվետա Տոնոյանն ունեն ընդունված 2 օրենսդրական նախագիծ, որից մեկը հիշյալ նախագիծն է։ Այս պատգամավորներից Արայիկ Աղաբաբյանը, Տիգրան Ստեփանյանը և Վարդան Վարդանյանը չունեն ներկայացրած օրենսդրական այլ նախագծեր։ Քաջիկ Գևորգյան համահեղինակ է մի նախագծի, որը դրվել է շրջանառության, սական ընդգրված չէ օրակարգում։ Ջանիբեկ Հայրապետյանը ներկայացրել է 5 օրենսդրական նախագիծ, որոնցից 3-ը հեղինակը հետ է վերցրել, 2-ը՝ մերժվել։ Հրանտ Մադաթյան ներկայացված է 10 օրենսդրական նախագծում, որոնցից 9-ը հետ է վերցվել, 1-ը՝ մերժվել։ Իվետա Տոնոյանը ներկայացրել է 4 օրենսդրական նախագիծ, որոնցից 3-ը հետ է վերցվել, 1-ը՝ մերժվել։ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն Ինչպես արդեն նշեցինք ընդդիմադիր պատգամավորների պարագայում մի փոքր այլ է։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մի քանի անգամ ասել է, որ իրենց խմբակցության ներկայացրած նախագծերը իշխանության ներկայացուցիչները չեն ընդունում՝ դեմ քվեարկելով, որից հետո, ամիսներ անց, որոշակի փոփոխության ենթարկելով իրենց անվան տակ ներկայացնում են նույն նախագծերը և ընդունում։ Հետևաբար ընդդիմադիր պատգամավորների մոտ հաճախակի են դեպքերը, երբ ներկայացվել են նախագծեր, որոնք չեն ընդունվել։ Այսպես, օրինակ, պատգամավորներ Հրանտ Այվազյանը, Սրբուհի Գրիգորյանը, Սարիկ Մինասյանը և Ստեփան Ստեփանյանը չունեն ընդունված օրենսդրական նախագծեր։ Սակայն վերջիններս ունեն ներկայացրած նախագծեր, որոնց մի մասը հենց հեղինակներն են հետ կանչել, մի մասն էլ մերժվել է։ Նշված պատգամավորներից Հրանտ Այվազյանը և Ստեփան Ստեփանյանը չունեն ներկայացված օրենսդրական այլ նախագծեր։ Սրբուհի Գրիգորյանը ներկայացրել է 4 նախագիծ, որոնցից 2-ը հետ է վերցվել, 2-ը՝ մերժվել։ Սարիկ Մինասյանը ներկայացրել է 1 նախագիծ, որը հետագայում հետ է վերցրել։ Սարգիս Ալեքսանյանը, Գուրգեն Բաղդասարյանը, Արմեն Եղիազարյանը, Աննա Կոստանյանը, Անի Սամսոնյանը, Կարեն Սիմոնյանը, Տարոն Սիմոնյանը և Ռուբիկ Ստեփանյանն ունեն միայն մեկ ընդունված օրենսդրական նախագիծ, որը այն նույն նախագիծն է, որի մասին արդեն խոսեցինք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների գործունեությունը ներկայացնելիս։ Այս պատգամավորներից Սարգիս Ալեքսանյանը, Արմեն Եղիազարյանը, Անի Սամսոնյանը, Կարեն Սիմոնյանը, Տարոն Սիմոնյանը, Գուրգեն Բաղդասարյանը և Ռուբիկ Ստեփանյանը չունեն ներկայացրած օրենսդրական այլ նախագծեր, բացի վերոնշյալից։ Պատգամավոր Աննա Կոստանյան ներկայացրել է 8 օրենսդրական նախագիծ, որոնցից 5-ը հեղինակը հետ է վերցրել, 3-ը՝ մերժվել է։ Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հիմնականում նախաձեռնությունները ներկայացնում է խմբակցության և ոչ անհատ պատգամավորների անունից։ Ընդհանուր առմամբ խմբակցությունը ներկայացրել է մի շարք օրենսդրական նախագծեր, որոնցից ընդունվել են 39-ը։  Խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ 7-րդ գումարման խորհրդարանում կան 3 խմբակցություններում չընդգրկված 9 պատգամավորներ։ Նրանցից Աննա Գրիգորյանը և Թագուհի Թովմասյանը համահեղինակել են միայն 1 օրենսդրական նախագիծ։ Այս նախագծի համահեղինակ է նաև մեկ այլ անկախ պատգամավոր՝ Վարդան Աթաբեկյանը։ Վերջինս համահեղինակել է նաև մեկ այլ օրենսդրական նախագիծ։ Աննա Գրիգորյանը բացի այս նախագծից համահեղինակության կարգով ընդգրկված է նաև երկու այլ նախագծերում, որոնք դրվել են շրջանառության, սական դեռ չեն մտել օրակարգ։ Թագուհի Թովմասյանը ներկայացրել է 4 այլ նախագիծ, որոնք դրվել են շրջանառության, սակայն ընդգրկված չեն օրակարգում։ Պատգամավոր Վարդան Աթաբեկյանը, բացի 2 ընդունված օրենսդրական նախագծերից, համահեղինակել է մեկ օրենսդրական նախագիծ, որը հետագայում հեղինակը հետ է վերցրել 2 ընդունված օրենսդրական նախագիծ ներկայացնողների շարքում են նաև անկախ պատգամավորներ Գոռ Գևորգյանը, Տիգրան Ուրիխանյանը և Գևորգ Պետրոսյանը։ Գոռ Գևորգյանը, բացի 2 ընդունված նախագծերից, ներկայացրել է նաև 1 այլ նախագիծ, որը դրվել է շրջանառության մեջ, սակայն դեռևս ընդգրկված չէ օրակարգում։ Տիգրան Ուրիխանյանը և Գևորգ Պետրոսյանը ներկայացրել են մի շարք օրենսդրական նախագծեր, որոնց մի մասը հեղինակներն են հետ վերցրել, մի մասն էլ մերժվել է խորհրդարանի կողմից։ Ընդհանուր պատկերը դիտարկելիս տեսնում ենք, որ իշխանության ներկայացուցիչների՝ խորհրդարանին ներկայացված օրենսդրական նախագծերը հիմնականում ընդունվել են առանց խնդիրների, իսկ ընդդիմության ներկայացրած նախագծերի պարագայում կան մերժված շատ նախագծեր։ Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներից ոմանք չեն ներկայացրել և չունեն գեթ մեկ ներկայացված օրենսդրական նախագիծ, ոմանք էլ ունեն ներկայացված նախագծեր, սակայն միայն մեկ կամ երկուսն են ընդունվել խորհրդարանի կողմից։ Քանի որ օրենսդիր մարմնի գործառույթներից մեկն էլ օրենքներ մշակել, լրացնել և հեղինակելն է, հետևաբար, սա ակնառու ապացույց է, որի միջոցով էլ կարող ենք պատկերացում կազմել օրենսդիր մարմնում գործունեություն ծավալած պատգամավորների աշխատանքի մասին՝ այս խորհրդարանի արձակման պահին և նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին։ Նարեկ Մարտիրոսյան
15:40 - 21 մայիսի, 2021
Այն ծրագրերը, որոնք պետք է խոշորացման արդյունքում շատ համայնքներում իրականացվեին, չեն իրականացվել․ Արմեն Եղիազարյան

Այն ծրագրերը, որոնք պետք է խոշորացման արդյունքում շատ համայնքներում իրականացվեին, չեն իրականացվել․ Արմեն Եղիազարյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հետ զրուցել ենք Հայաստանում համայնքների խոշորացման թեմայով։   - Պարո՛ն Եղիազարյան, որպես համայնքների խոշորացման տնտեսական օգուտ՝ նշվում էր, որ նախկին համայնքների աշխատակազմերի կրճատումից կխնայվեն դրամական միջոցներ։ Դուք մի քանի ամիս առաջ հաշվարկներ էիք արել, համաձայն որոնց՝ ընդամենը վեց համայնքում էր գործել այս սկզբունքը։ Այդպիսի մի հաշվարկ երկու մարզի օրինակով նաև մենք ենք արել, սակայն այս դեպքում միայն մի համայնքում աշխատակազմերի կրճատումից բյուջեում դրամական միջոցներ չէին խնայվել։ Ո՞րն է պատճառը, որ մենք տարբեր թվեր ենք ստացել։ - Ինձ հետ կապ հաստատեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից և մեկնաբանեցին, որ այն թվերը, որոնք իմ հարցման արդյունքում տրամադրել են՝ վարչական ծախսերը, ընդհանրական թվեր են, որոնք նաև այլ ծախսեր են ներառել, ինչի արդյունքում ինձ մոտ այդ պատկերն է ստացվել։ Ես պարզաբանեցի, որ իմ հարցը հստակ էր, ես ուզում էի հասկանալ՝ վարչական ծախսերը խոշորացումների արդյունքում ինչքանով են կրճատվել, ինչքանով է էֆեկտիվ եղել, և ինձ տվել են վարչական ծախսերի մասով մի այնպիսի թիվ, որն իրականում չի արտացոլում այն, ինչ ես եմ պահանջել։ Փաստացի, ինձ թյուր ինֆորմացիա է տրամադրված եղել։  Ամեն դեպքում, ես դրանից հետո ուսումնասիրություններ եմ արել․ խոշորացումների արդյունքում կառավարման պրոցեսն այդքան էլ էֆեկտիվ չէ։ - Արդյունավետ չէ աշխատակազմերի կրճատումից դրամական միջոցների խնայմա՞ն, թե՞ առհասարակ կառավարման համակարգի առումով։ - Առհասարակ կառավարման համակարգի և ծախսերի օպտիմալ կառավարման իմաստով։ - Ո՞րն է անարդյունավետ լինելու պատճառը։ - Համայնքների խոշորացումը իրականացվեց շտամպային կարգով, բոլորի համար մի ստանդարտով, որն այդքան էլ ճիշտ չէ։ Պետք էր հաշվի առնել համայնքների յուրահատկությունները։ Հայամայնքներ եղան, որտեղ արեցին հանրաքվեներ, հանրաքվեների արդյունքում բնակչությունն արձանագրեց, որ դեմ է խոշորացմանը, և հակառակ բնակչությանը՝ ամեն դեպքում խոշորացումը կատարվեց։  - Հանրաքվեները և՛ այն ժամանակ, և՛ հիմա ունեն խորհրդատվական բնույթ․ պարտադիր չէր դրանց արդյունքները հաշվի առնել։  - Իմաստը ո՞րն է խորհրդատվական բնույթի․ ինձ ոչ ոք չկարողացավ բացատրել՝ խորհուրդը որն է, երբ բնակչությունն ասում է՝ մենք դեմ ենք, սակայն անում են այն, ինչ արդեն նախապես պլանավորված էր։ Եթե հանրաքվե են իրականացնում և ընդհանրապես հաշվի չեն առնում հանրաքվեի արդյունքները, մարդկանց մոտ հակառակ կարծիքն է ձևավորվում, հանրաքվեի ինստիտուտն է թուլացվում, և հանրաքվեների նկատմամբ անվստահությունը մեծանում է․ մարդիկ հասկանում են, որ իրենք մասնակցում են հանրաքվեի, տալիս են կարծիք, բայց իրենց խոսքը տեղ չի հասնում։  Պետք է ուրիշ մեխանիզմ մտածել։ Որովհետև կան համայնքներ, որոնք տարիներ շարունակ իրար հանդեպ ունեն հակակրանք, ու երբ միանում են իրար, և այդ համայնքներից մեկը լինում է գլխավոր համայնքը, խտրականության և այլ դրսևորումներ են լինում։  Այն ծրագրերը, որոնք շատ համայնքներում (ես ուսումնասիրել էի Թումանյան համայնքը) պետք է խոշորացման արդյունքում իրականացվեին, չեն իրականացվել։ Եվ այն ծրագրերը, որոնք ներկայացվել են ինձ, իրականում իրականացվել են, բայց այդ ծրագրերը չեն եղել խոշորացման արդյունքում խնայված միջոցներից, դրանք եղել են տարբեր միջազգային կառույցների դրամաշնորհների շրջանակում։ Այսինքն՝ այդ ծրագրերով իրականացված գործողությունները չի կարելի համարել խոշորացման արդյունք։ Այստեղ մանիպուլյացիա է իրականացվում, և այս առումով շատ համայնքներում ռեգրես է նկատվում, շատ համայնքներ հետին պլան են մղվում, քանի որ ամեն ինչ կենտրոնանում է հիմնականում խոշորացված համայնքում։  - Չէ՞ որ հիմա հանրաքվեների անցկացումը պարտադիր չէ․ եթե համայնքը չի նախաձեռնում հանրաքվե, այն չի իրականացվում։  - Բայց մենք խոսում ենք արդեն խոշորացված համայնքների մասին։ Որպեսզի գնահատենք, նայում ենք այն համայնքներին, որոնցում արդեն իրականացվել են։ Թե հիմա նոր տարբերակով ինչպես կլինի, դեռ նոր պետք է հասկանանք, նոր պետք է գնաատականներ տրվեն։ Մենք հիմա խոսում ենք նրանց մասին, որտեղ արդեն նախկինում իրականացվել են, և որոշ ժամանակ է անցել, ու մենք հնարավորություն ունենք նայելու՝ ինչպես է համայնքների զարգացումը տեղի ունեցել, արդյոք էֆեկտի՞վ է եղել, թե՞ ոչ։ - ՏԿԵ նախարարությունն անընդհատ խոսում է այն մասին, որ տարբեր խոշորացված համայնքներում սուբվենցիոն ծրագրեր են իրակավացվում։ Արդյո՞ք խոշորացված համայնքներն ավելի մեծ հնարավորություններ չունեն այդ ծրագրերից օգտվելու։ - Ունեն, իհարկե, բայց մենք այստեղ պետք է տարանջատենք․ սուբվենցիոն ծրագրերը մեկ այլ հարց են լուծում, իսկ համայնքների բյուջեների ընդհանրացումը, մեկտեղ կուտակումը, բյուջեի գումարներով իրականացվող ծրագրերը լրիվ այլ մոտեցում են։ Սուբվենցիոն ծրագրեր կարող են լինել, բայց դրանք կապ չունեն համայնքի բյուջեի և այն խնայողությունների հետ, որոնք պետք է առաջանային խոշորացված համայնքների բյուջեի էֆեկտիվ կառավարման արդյունքում։  - Փաստորեն, Ձեր կարծիքով, շատ գումար չի խնայվել խոշորացման արդյունքում։  - Կոնկրետ Թումանյան համայնքոմ ես չեմ տեսնում այն ծրագրերը, որոնք պետք է լինեին խոշորացման արդյունքում։ Կա կառավարության ծրագրային քարտեզը, թե ինչեր պետք է իրականացվեին, և այդ ծրագրերից գրեթե ոչ մի բան չի իրականացվել։ Իրականացվածները միջազգային կառույցներն են արել, և, կրկնում եմ, կապ չունեն խոշորացման արդյունքում բյուջեի էֆեկտիվ կառավարման և խնայողությունների հետ։ - Ի՞նչն է պատճառը, որ չի իրականացվել այն, ինչ սպասվում էր խոշորացումից։  - Պարզ պատճառով, որ հնարավոր չէ այդ մոդելով բյուջեն էֆեկտիվ կառավարել։ Եվ նաև միգուցե խնայողություններ չեն առաջանում, կամ առաջացած խնայողությունները համաչափ չեն բաշխվում։  Մենք խոսում ենք տարածքային համաչափ զարգացան մասին։ Հիմա անընդհատ խոսում են, որ ամեն ինչ կենտրոնանում է մեծ համայնքներում։ Ի՞նչ է տեղի ունենում Երևանում․ հիմնականում տնտեսական բոլոր գործարքները և փողը շրջանառվում են Երևանում, և դրա պատճառով հիմնական ներդրումները տրամադրվում են Երևանին։ Երևանը սկսում է էլի աճել, մարդիկ վատ ապրելակերպով փոքր համայնքերից ձգտում են դեպի Երևան, և ամեն ինչ կենտրոնանում է մի տեղ։ Խոշորացման արդյունքում նույնպես խոշորացված համայնքում շատ դեպքերում կենտրոնացում է տեղի ունենում, և համաչափ զարգացման խնդիրը ինչ-որ առումով չի լուծվում։ Շատ համայնքներ կան, որտեղ մարդիկ կարծում են, որ իրենց մոտ բան չի փոխվել։ - Այսինքն՝ Դուք վտանգ եք տեսնում, որ ամեն ինչ կարող է կենտրոնանալ խոշորացված համայնքի համայնքային կենտրոնո՞ւմ։ - Այո՛։ Սա մի մոդել է, որ գրեթե ամենուր է։ Նույնը ես կարող եմ ասել Վանաձորի օրինակով․ Վանաձորի կենտրոնում որոշ սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում, բայց ծայրամասերում խայտառակ վիճակ է։ Անգամ եթե մի համայնքի օրիանակով ենք վերցնում, տարածքային համաչափ զարգացում տեղի չի ունենում։ Ամեն ինչ կենտրոնացված է կենտրոնական հատվածներում, խոշորացված համայնքների դեպքում՝ կենտրոնական համայնքում, եթե երկրի մասշտաբով ենք ասում՝ Երևանում։ - Ձեզ կարող են հակադարձել, որ խոշորացված համայնքի ՏԻՄ-ը բոլոր բնակավայրերինն է և խնդիրները լուծում է՝ ըստ առաջնահերթությունների, այսինքն՝ եթե հեռավոր փոքր բնակավայրը խնդիր ունի, այդ խնդիրը չի անտեսվում։ - Մենք ունենք ավագանու դերի բարձրացման, ՏԻՄ-երի ինստիտուտի կայացման համար մեծ աշխատանք անելու խնդիր։ Այստեղ մեծ բաց կա, որովհետև ավագանին դեռ այդպես էլ չի գիտակցում իր դերը․ իրենից է կախված ամբողջ բյուջեի կառավարումը։  Հատկապես փոքր համայնքներում ավագանու անդամներն ինչ-որ բարեկամական մակարդակով ընտրված մարդիկ են, որոնք ուղղակիորեն համագործակցում են համայնքապետի հետ, և հիմնականում չկա փոխզսպումների և հակակշիռների մեխանիզմ, որը պետք է ավագանին իրականացնի և ռեալ որոշումներ կայացնի։ Համայնքապետն ինչպես որոշում է, այդպես էլ իրականացվում է, և այստեղ, ես բազմիցս եմ նշել, իրենց բացասական էֆեկտն են ունենում նաև մարզպետարանները։ Վերջիններս սկսում են համակարգել ավագանուն, համայնքապետերին, ինչը խոչընդոտում է ՏԻՄ-երի ինստիտուտի կայացումը։  - Հիմա համամասնական ընտրակարգ է ներդրվել բազմաբնակավայր համայնքներում։ Կուսակցական ցուցակները Ձեր նշած բարեկամական կապերով ընտրվելու խնդիրը չե՞ն լուծի։  - Այդ խնդիրը կլուծվի, բայց դա 4000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում է․ մենք շատ փոքր համայնքներ ունենք, որոնք մինչև 4000 բնակիչ ունեն։ - Մարզպետարանների մասով․ ՏԿԵՆ-ից վստահեցնում են, որ շուտով մարզպետարանների որոշ լիազորություններ վերցվելու և ՏԻՄ-երին են փոխանցվելու։ Երբ մարզպետարաններն ավելի փոքր լինեն, ու նրանց լիազորությունները փոքրանան, ադրյո՞ք մարզպետարանների մասով նշված խնդիրն էլ չի լուծվի։ - Ես միայն ուրախ կլինեմ, քանի որ արդեն մի քանի տարի է՝ մենք դա բարձրաձայնում ենք։ Մեր մոտեցումն այն է, որ մարզպետարանները պետք է շատ փոքր կառույցներ լինեն, զուտ կառավարության ներկայացուցիչները՝ տվյալ մարզում և որոշակի ստատիստիկ տվյալների համակարգման գործառույթ իրականացնեն։ Լոռու մարզում 180-ի կարգի աշխատակիցներով մարզպետարանի գոյությունը հիմնավորված չէ, և այդպիսի ուռճացված մարզպետարաններ մենք ունենք բոլոր մարզերում։ Պետք է կրճատենք, և միջոցները, որոնք մարզպետարանների վրա են ծախսվում, ուղղվեն ՏԻՄ-երի զարգացմանը։ Մեծ աշխատանք է պետք կատարել, որ ՏԻՄ-երը կայանան և ի վերջո հասկանան, որ իրենք են որոշողը, ոչ թե մարզպետը։  Աննա Սահակյան
21:33 - 18 սեպտեմբերի, 2020
Դպրոցների կառավարման կարգը շուտով կփոխվի |armenpress.am|

Դպրոցների կառավարման կարգը շուտով կփոխվի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում դպրոցների կառավարման կարգը շուտով փոփոխության կենթարկվի: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց նախարար Արայիկ Հարությունյանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին ի պատասխան: Խորհրդարանում Հարությունյանը ներկայացրել է ԼՀԿ-ի՝ իր հրաժարականի պահանջով հարցապնդման պատասխանը: «Դպրոցների կառավարման մոդելի փոփոխությունը կառավարությունում է, քննարկվում է: Շուտով կառավարման կարգը փոփոխության կենթարկվի: Բացի այդ, ռազմավարությամբ էլ սահմանած է, որ մենք ունենալու ենք խոշորացված դպրոցային ցանցեր, որտեղ կլինի մեկ միասնական մեծ խորհուրդ: Եվ կարծում եմ՝ մենք կձերբազատվենք խնդրից, որ ստիպված են լինում հազարավոր ներկայացուցիչներ գործուղվել խորհուրդներ»,-ասաց նախարարը: Նա նշեց՝ խորհուրդները նախկինում եղել են քաղաքական ուժի կամ ուժերի վերահսկողության տակ, հետևաբար նրանց նշանակած անդամներն էլ վերահսկվել, կառավարվել են: Եվ հիմա այդ համակարգը կփովի, կգնա խոշորացման, կլինեն վերապատրաստումներ:
16:45 - 16 սեպտեմբերի, 2020
Մի օպերատորից մյուս օպերատորին կատարված զանգը, դրա սկիզբն ու ավարտը տեղորոշելը շատ կարևոր է, որպեսզի հասկանանք պոտենցիալ վարակակիրների քանակը․ Ռուստամ Բադասյան

Մի օպերատորից մյուս օպերատորին կատարված զանգը, դրա սկիզբն ու ավարտը տեղորոշելը շատ կարևոր է, որպեսզի հասկանանք պոտենցիալ վարակակիրների քանակը․ Ռուստամ Բադասյան

Այսօր ԱԺ-ում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված նախագիծ, որով առաջարկվում է մինչև արտակարգ դրության ավարտը պետական մարմիններին եւ պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց տրամադրել կապի օպերատորների հաճախորդ հանդիսացող անձանց տեղորոշումը, ինչպես նաև այդ հաճախորդների ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում. այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը: Խոսակցությունների բովանդակությունները հասանելի չեն լինելու։ Հիմնական զեկուցող, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը․ - Պարո՛ն նախարար, ես մի քանի հարց ունեմ։ Առաջինը՝ Դուք նշում եք, որ զանգերը պետք է ֆիքսվեն։ Այսինքն՝ Ա բաժանորդը զանգահարում է Բ բաժանորդին և սա ամրագրվում է։ Ուզում եմ հասկանալ սրա նպատակը, եթե մարդիկ իրենց տներում նստած միմյանցից հետ խոսում են։ Ի՞նչ նպատակ է հետապնդում ֆիքսելը, եթե տեղաշարժ չկա։ Պարզապես 2 հոգի իրենց համար զրուցում։ Երկրորդը՝ ինչպե՞ս եք պատրաստվում բաժանորդների տեղշարժը ֆիքսել։ Գոյություն ունի 2 տարբերակ․ մեկը GPS-ի միջոցով է։ Մենք գիտենք, որ մեր բնակիչների որոշ մաս օգտվում է սովորական հեռախոսներից, որը չունի GPS համակարգ կամ սմարթֆոնները, որոնց GPS համակարգն անջատված է։ Երկրորդը տրիանգուլացիայի մեթոդով է, երբ անտենայի միջոցով 3 անտենայի հատման կետը ֆիքսվում է և հատման կետով մոտավորապես ֆիքսվում է, թե որտեղ է գտնվում հաճախորդը։ Սակայն յուրաքանչյուր անտենայից 550 մ է լինում հեռավորությունը և կենտրոնը հատման լինում է 150 մ շառավղով հատված։ Այսինքն՝ սա շատ լայն հատված է և հնարավոր չէ կոնկրետ ֆիքսել, թե ով է այդ հատվածում բաժանորդը։ Ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ մեթոդով եք դուք կոնկրետ ֆիքսելու մարդկանց տեղաշարժը, որպեսզի այն նպատակին ծառայի օրենքը, որի համար բերել եք։ - Ժամը, զանգերի կատարման սկիզբը և այլն ֆիքսվում են նրա համար, որ, գիտեք՝ 14 օրվա ժամկետն է ռիսկային հատվածը, երբ վարակակրի հետ շփումը կարող է որոշակի հետևանքներ առաջացնել։ Այսինքն՝ այս ինֆորմացիան անհրաժեշտ է լոկացիայի հետ մեկտեղ հասկանալու համար, թե տվյալ վարակված անձը ում հետ է կոնտակտ ունեցել։ Իսկ ինչո՞ւ է պետք բոլորի ինֆորմացիան, ոչ թե կոնկրետ ինֆորմացիան։ Նախ, որ ասում եք՝ տանը նստած խոսում են, դուրս չեն գալիս։ Տանը նստած խոսելու դեպքում նաև որևէ խնդիր չկա այդ դատան վերլուծելու, բայց դատան անհրաժեշտ է, որովհետև տարբեր օպերատորների տեղեկատվությունն է հավաքվում մի տեղ։ Մի օպերատորից մյուս օպերատորին կատարված զանգը, դրա սկիզբն ու ավարտը տեղորոշելը շատ կարևոր է, որպեսզի հասկանանք պոտենցիալ վարակակիրների քանակը։ - Անպայման անդրադարձեք GPS-ի մարդկանց մոտ չունենալը, դրա անջատված լինելուն, ինչպես նաև տրիանգուլացիայի միջոցով լայն հատվածին։ Ինչպես նաև ուզում եմ հստակ նշեք՝ այդ բազան ո՞վ է կառավարելու, ո՞ւմ մոտ է լինելու և ի՞նչ անվտանգության մեխանիզմներ կան այդ ամբողջ բնակիչների բազան կառավարող կառույցի համար։ - Ինչ վերաբերում է GPS-ին ու տեղորոշմանը։ Նախ, եթե անձը վարակված է և կոնտակտավորների շրջանակը պարզ է, կարող է զանգ կատարվել և կոնտակտավորների շրջանակը պարզ է, կարող է զանգ կատարվել և զանգից հետո պահանջել, որ հավելվածների օգտագործում ենթադրի։ Երբ հավելվածն է արդեն օգտագործվում, տեղորոշելը շատ ավելի հեշտ է դառնում, քան Ձեր ասած GPS համակարգով։ Ովքեր, որ սմարթֆոն չունեն, տարբեր միջոցառումներ են քննարկվում։ Կամ սմարթֆոնը պետք է տրամադրվի տվյալ անձին, որոշ դեպքերում, ով որ չունի, նշանակում է մեկուսացման, ինքնամեկուսացման այլ միջոցառումներ է ենթադրում, օրինակ՝ ոստիկանների կողմից որոշակի կանխարգելիչ միջոցառումների իրականացում և այլն։
12:04 - 30 մարտի, 2020
ԱԺ-ն ընդունեց ՀՈԱԿ ղեկավարի պաշտոնակատարների պաշտոնավարման ժամկետը սահմանափակող օրինագիծը |armenpress.am|

ԱԺ-ն ընդունեց ՀՈԱԿ ղեկավարի պաշտոնակատարների պաշտոնավարման ժամկետը սահմանափակող օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է, որ համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը նշանակվի ոչ ավել, քան  6 ամիս ժամկետով: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրել էր պատգամավոր Արմեն Եղիազարյանը: Գործող կարգավորմամբ՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում ժամանակավոր պաշտոնակատարները կարող են աշխատել անժամկետ: Նախագծով սահմանվում է, որ մինչև համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի կայացումը համայնքի ղեկավարը կարող է նշանակել համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի ԺՊ ոչ ավել, քան  6 ամիս ժամկետով: Իսկ եթե մրցույթը հայտարարվում է  չկայացած, ապա ԺՊ-ի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել ընդամենը 1 անգամ` 3 ամիս ժամկետով: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ ստանալով պատգամավորների   109 կողմ և 1 ձեռնպահ ձայներ: 
10:45 - 12 փետրվարի, 2020