Արուսյակ Ջուլհակյան

Արուսյակ Ջուլհակյանը 8-րդ գումարման խորհրդարանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։ 

Ծնվել է 1983թ. հունվարի 21-ին Երեւանում:

2003թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի սոցիալ-քաղաքական առարկաների եւ ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետը: 2005թ.՝ ՀՊՃՀ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Հանրային կառավարման մագիստրոս: 2010թ.՝ Վարշավայի համալսարանի (Լեհաստան) իրավաբանական ֆակուլտետը՝ մարդու իրավունքներ մասնագիտացմամբ։

2005-2013թթ. եղել է ՀՊՃՀ, 2007-2009թթ.՝ Տնտեսագիտության եւ իրավագիտության (USEL) համալսարանի դասախոս: 2011-2014թթ. եղել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ծրագրի օգնական, ապա իրավական փորձագետ: 2014-2018թթ. աշխատել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հկ մի շարք ծրագրերում:

2015-2018թթ. եղել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության իրավաբանական թիմի անդամ: 2015-2018թթ.՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հկ մի շարք ծրագրերի իրավաբան։

Համագործակցել է Լեհաստանի «Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամ»-ի հետ (2010թ. մարտ-հունիս): Մասնակցել է Վրաստանի խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը (2016թ., «Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակ» (European Platform for Democratic Elections) դիտորդական կազմակերպությունների միջազգային կոալիցիա), «ԱՄՆ ընտրական գործընթացներ» ծրագրին (International Visitors Leadership Program) (2018թ. հոկտեմբեր-նոյեմբեր, ԱՄՆ):

23.09.2018-11.01.2019թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք): Երեւանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

2018թ.՝ «Իրավունքի զարգացման եւ պաշտպանության» հիմնադրամի համահիմնադիր:

Համահեղինակ է ընտրական իրավունքի ոլորտի երկու ձեռնարկի, հեղինակ՝ մի շարք հոդվածների:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ

ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ

Ազգային ժողովի խորհուրդը դեկտեմբերի 27-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: Այս մասին տեղեկացրին ԱԺ մամուլի ծառայությունից: Քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին հարցը: ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է պատգամավոր Թադևոս Ավետիսյանի թեկնածությունը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը` պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը թեկնածու չի առաջադրել: ԱԺ խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ  է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
14:26 - 27 դեկտեմբերի, 2023
Միջանցքի հարց երբեք չենք քննարկել, հույս ունենք, որ տարածաշրջանի երկրները ընդառաջ կգնան խաղաղության մեր առաջարկին. Արթուր Հովհաննիսյան |tert.am|

Միջանցքի հարց երբեք չենք քննարկել, հույս ունենք, որ տարածաշրջանի երկրները ընդառաջ կգնան խաղաղության մեր առաջարկին. Արթուր Հովհաննիսյան |tert.am|

tert.am: Խաղաղության խաչմերուկը որպես տեսական տերմին մեր միջազգային գործընկերների մոտ շատ ընդունելի է: Այս մասին այսօր ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։ «Վարչապետը երեկ ասում էր, որ արդեն գործնականում թղթի վրա ենք հանձնելու, թե խաղաղության խաչմերուկ ասելով ինչ ենք հասկանում: Իսկ միջազգային գործընկերների վերաբերմունքի ամենավառ  արտացոլումը Գրանադայի հայտարարություներն են»,- ասել է նա: Հարցին, թե արդյոք մենք կարող ենք համարել, որ միջանցքի հետ կապված հարցը փակված է, խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Երբեք չի եղել նման հարց միջազգային օրակարգում, երբեք, և Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել նման հարց և նման քննարկման մասնակից չի եղել: 1 վայրկյան անգմ նման թեմայով քննարկման մասնակից չենք եղել: Հայաստանի Հանրապետություը քննարկում է ապաշրջափակումը՝ իրավազորության, տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Մեզ համար կարևոր է, որ բոլոր տերմինները բոլորի համար նույն կերպ հասկացվի»,- ասել է նա: Նա նշեց, որ Խաղաղության խաչմերուկը ՀՀ-ի կողմից տարածաշրջանի երկրներին արված խաղության բանաձևի առաջարկն է և հույս ունի, որ հատկապես տարածաշրջանի երկրիները ամենայն պատասխանատվությամբ և լրջությամբ կուսումնասիրեն մեր առաջարկը և ընդառաջ կգնան տարածաշրջանում խաղաղության մեր առաջարկին:
13:25 - 26 հոկտեմբերի, 2023
Եվրոպայի խորհուրդը պետք է պատժամիջոցներ կիրառի բռնապետների նկատմամբ ժամանակին, քանի դեռ չափազանց ուշ չէ. Արուսյակ Ջուլհակյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում

Եվրոպայի խորհուրդը պետք է պատժամիջոցներ կիրառի բռնապետների նկատմամբ ժամանակին, քանի դեռ չափազանց ուշ չէ. Արուսյակ Ջուլհակյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում հոկտեմբերի 12-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը: Պատգամավորն իր ելույթում նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, Եվրոպայի խորհուրդը համարվում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության փարոսը: Խորհրդի առաքելությունն է պահպանել այս արժեքներն իր անդամ պետություններում՝ դրանով իսկ զգալիորեն նպաստելով հակամարտությունների կանխարգելմանը: Բայց արդյո՞ք մենք այսօր կարող ենք արձանագրել, որ Եվրոպայի խորհուրդը հաջողել է իր այս առաքելության հարցում: Տիրող խառնաշփոթը, խաղաղության բացակայությունը, Եվրոպայի խորհրդի տարածքում սանձազերծված պատերազմներն ինքնին ապացուցում են հակառակը: Կարծում եմ՝ Եվրոպայի խորհուրդը ճգնաժամ է ապրում, քանզի մենք մոռացել ենք մեր համախմբման նախնական նպատակը: Եվ ուրեմն ի՞նչ պետք է անի Եվրոպայի խորհուրդը հակամարտությունները կանխելու համար: Պատասխանը պարզ է: Եվրոպայի խորհուրդը պետք է խթանի, անհրաժեշտության դեպքում պարտադրի ժողովրդավարացման գործընթացներ իր անդամ երկրներում: Քանի որ հայտնի փաստ է, որ ժողովրդավարական պետությունները հակված չեն հակամարտություններ հրահրելուն: Եթե անդամ պետությունը հրաժարվի համապատասխանել ժողովրդավարական կանոններին, Եվրոպայի խորհուրդը պետք է պատժամիջոցներ կիրառի, քննարկի վերջինիս հետագա անդամակցության հարցը: Գործընկերնե՛ր, թույլ տվեք, այդուհանդերձ, վերաձեւակերպել հարցը: Ի՞նչ պետք է չանի Եվրոպայի խորհուրդը հակամարտությունները կանխելու համար: Առաջին՝ Եվրոպայի խորհուրդը չպետք է փոխզիջման գնա ավտորիտար ռեժիմների, բռնապետների հետ: Բռնապետները չեն հասկանում փոխզիջման լեզուն: Եվրոպայի խորհուրդը պետք է պատժամիջոցներ կիրառի բռնապետների նկատմամբ ժամանակին, քանի դեռ չափազանց ուշ չէ: Երկրորդ՝ Եվրոպայի խորհուրդը չպետք է լինի չեզոք եւ բալանսավորված: Այս վեհաժողովում ամենաշատը լսածս նախադասությունը հետեւյալն է. «Մենք պետք է լինենք չեզոք եւ բալանսավորված»: Ո՛չ, հարգելի՛ գործընկերներ, չպետք է: Սա քաղաքական կազմակերպություն է, եւ մենք պետք է հստակ քաղաքական դիրքորոշում հայտնենք անդամ պետությունների կողմից մեր կանոնների աղաղակող խախտումների յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ: Մենք երկար ժամանակ չեզոք եւ բալանսավորված ենք եղել մեր որոշ գործընկերների նկատմամբ, մինչեւ պարզվեց՝ չափազանց ուշ է: Մենք չեզոք եւ բալանսավորված ենք եղել Լեռնայի Ղարաբաղի հարցի առնչությամբ, մինչեւ պարզվեց՝ ուշ է: Եվ մենք չենք կարող չեզոք եւ բալանսավորված լինել Հայաստանին կամ այլ անդամ պետություններին առնչվող իրադարձությունների նկատմամբ, եւ մի օր ապագայում արձանագրենք, որ չափազանց ուշ է: Խոսելով Հայաստանի մասին` հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսվում էր հնգակողմ հանդիպում Եվրամիության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների մասնակցությամբ: Նախատեսվում էր, որ հինգ առաջնորդները հայտարարություն կստորագրեն, որով Հայաստանը եւ Ադրբեջանը կճանաչեին միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը, կպայմանավորվեին հայ-ադրբեջանական սահմանի` Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն սահմանազատում անելու, տարածաշրջանային կապուղիները երկրների ինքնիշխանության եւ իրավազորության, ինչպես նաեւ հավասարության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա բացելու մասին: Ադրբեջանի առաջնորդն ամենավերջին պահին հրաժարվեց մասնակցել այդ հանդիպմանը: Ավելին` երեկ նախագահ Ալիեւը Բիշքեքում մեղադրել է Հայաստանի վարչապետ Փաշինյանին արեւմտյան միջնորդությամբ ինչ-որ անհասկանալի հանդիպման մասնակցելու նպատակով 6 ժամ Գրանադա թռչելու համար: Ալիեւը հայտարարել է, որ եթե Հայաստանը հրաժարվի մասնակցել Ռուսաստանի միջնորդությամբ բանակցություններին, Ադրբեջանը երկար կմտածի արեւմուտքի միջնորդությամբ բանակցություններին մասնակցելուց առաջ: Կարծում եմ, որ այսօր մենք` որպես Եվրոպայի խորհուրդ, պետք է հարց տանք Ադրբեջանին` ինչո՞վ ձեռնտու չէ արեւմտյան հարթակը: Շնորհակալ  եմ»:
13:58 - 13 հոկտեմբերի, 2023
Մենք պետք է միասնական պայքարենք ծայրահեղականության, ատելության եւ անհանդուրժողականության դեմ. Արուսյակ Ջուլհակյան

Մենք պետք է միասնական պայքարենք ծայրահեղականության, ատելության եւ անհանդուրժողականության դեմ. Արուսյակ Ջուլհակյան

Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը: Պատգամավորը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, Այսօր մենք քննարկում ենք ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հիմքերին սպառնացող վտանգներից մեկը: Ծայրահեղ աջ գաղափարախոսությունը, որը հաճախ դրսեւորվում է ազգայնականությամբ, այլատյացությամբ, ավտորիտարիզմով, թափ է հավաքում աշխարհի տարբեր կողմերում: Սա ոչ միայն սպառնում է իրավահավասարության եւ արդարության սկզբունքներին, այլ նաեւ խաթարում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բուն էությունը, ինչի համար սերունդներ շարունակ պայքարել ենք, դրանք փայփայել: Վերջին տարիներին ծայրահեղ աջ գաղափարախոսության հետ կապված ատելության հանցագործությունների, խտրականության ու բռնության դեպքերի տագնապալի աճ է գրանցվել: Այս գործողություններն ուղղակիորեն սպառնում են այն անհատների իրավունքներին, որոնք թիրախավորվել են իրենց ազգային պատկանելության, կրոնական դավանանքի կամ համոզմունքների համար: Եվ այս տեսանկյունից շատ կարեւոր է, որ մենք՝ որպես կազմակերպություն, քննարկենք խնդիրը՝ փորձելով գտնել հնարավոր լուծումներ: Բայց, անկեղծ ասած, հարգելի՛ գործընկերներ, ես մի փոքր տարակուսած եմ՝ տեսնելով, որ այլատյացությունը եւ ավտորիտարիզմը քննադատող զեկույցի բանախոսը ներկայացնում է մի երկիր, որը հայտնի է իր այլատյացությամբ եւ ավտորիտարիզմով, մի երկիր, որը տառացիորեն վերջերս է էթնիկ զտման ենթարկել իրենց պապենական հայրենիքում ապրող ամբողջ հայ բնակչությանը: Էթնիկ զտում, որը վերջին ակորդն էր այդ մարդկանց մոտ տասն ամիս շրջափակելուց եւ սովի մատնելուց հետո: Զեկույցում բերված են տարբեր երկրների օրինակներ, սակայն բուն Ադրբեջանի մասին ոչինչ չի ասվում: Օրինակ՝ զեկույցում կարող էր լինել հղում ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի՝ Ադրբեջանի վերաբերյալ վերջին զեկույցին, որում, մասնավորապես, նշված է հետեւյալը, մեջբերում եմ. «Կոմիտեն խորապես մտահոգված է հայկական ազգային կամ էթնիկ ծագմամբ անձանց նկատմամբ ռասայական ատելության հրահրման եւ ռասիստական կարծրատիպերի քարոզչության կապակցությամբ, այդ թվում՝ համացանցում եւ սոցիալական ցանցերում, ինչպես նաեւ հանրային դեմքերի եւ պետական պաշտոնյաների կողմից իրականացվող, ինչպես նաեւ նման արարքների վերաբերյալ մանրամասն հետաքննության, դատապարտման եւ պատժման դեպքերի բացակայությամբ: Կոմիտեն նաեւ մտահոգված է նրանով, որ դպրոցական դասագրքերն Ադրբեջանում խթանում են նախապաշարմունքներ եւ ռասայական ատելություն հրահրում, հատկապես էթնիկ հայերի նկատմամբ, ինչպես նաեւ Ադրբեջանում պատմության ուսուցման ընթացքում էթնիկ փոքրամասնությունների մարգինալացմամբ»: Ինչեւէ: Գործընկերնե՛ր, վերադառնալով ծայրահեղ աջ գաղափարախոսության թեմային, ասեմ, որ որպես պատասխանատու քաղաքական գործիչներ եւ արդարության ջատագովներ՝ մենք պետք է միասնական պայքարենք ծայրահեղականության, ատելության եւ անհանդուրժողականության դեմ: Մենք պետք է պաշտպանենք ժողովրդավարական սկզբունքները, որոնք հնարավորություն են տվել մեզ առաջադիմել որպես հասարակություն, եւ մենք պետք է անխոնջ աշխատենք հավաստիանալու համար, որ մարդու իրավունքները պաշտպանված են բոլորի համար՝ անկախ նրանց ծագումից կամ համոզմունքներից: Միայն այդպես մենք կկարողանանք կառուցել ապագա, որը, իսկապես, ներառական, արդար եւ ժողովրդավարական կլինի բոլորի համար: Շնորհակալություն»:
13:49 - 12 հոկտեմբերի, 2023
«Երկու երկրները բանավոր պայմանավորվել են փոխադարձ ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, բայց գրավոր ձևակերպումը, որը կարող ենք ամրագրել խաղաղության պայմանագրով, դեռ ՀՀ-ին չի բավարարում»․ Արուսյակ Ջուլհակյան

 |aravot.am|

«Երկու երկրները բանավոր պայմանավորվել են փոխադարձ ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, բայց գրավոր ձևակերպումը, որը կարող ենք ամրագրել խաղաղության պայմանագրով, դեռ ՀՀ-ին չի բավարարում»․ Արուսյակ Ջուլհակյան |aravot.am|

aravot.am: «Բավականին բարդ գործընթացում ենք, և որևէ մեկը չի ասել, որ խաղաղության, հարաբերությունների կարգավորման փաստաթուղթը հեշտ է տրվելու»,- հիշեցմանը՝ խաղաղության բանակցությունների արդեն հինգերորդ շրջափուլն է, սակայն սահմանին կուտակումներ են, լարվածությունը շարունակվում է և հարցին՝ սա չի՞ նշանակում, որ խաղաղության բանակցությունները փակուղի են մտել, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ բազմաթիվ դրվագներում մեր և Ադրբեջանի մոտեցումները դեռևս հեռու են իրարից․ «Հինգերորդ շրջափուլն է, հիմա ստացել ենք Ադրբեջանի կողմից առաջարկները, դրանք կուսումնասիրվեն մեր կողմից, և կլինի հետագա գործընթաց։ Գործընթացը շարունակվում է․ ոչ մի գործընթաց փակուղում չի գտնվում, որքան էլ որ բարդ է իրավիճակը, որքան էլ կուտակումներ կան սահմաններին»։ Հարցին՝ փակագծեր կբացե՞ք՝ նախկինում ասվել է, որ ադրբեջանական կողմը ՀՀ առաջարկները ջնջած հետ է ուղարկում, նա շարունակո՞ւմ է այս մոտեցումը, ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը պատասխանեց․ «Ադրբեջանի վերջին առաջարկներին դեռ ծանոթ չենք։ Ամեն դեպքում ասեմ՝ ջնջած հետ ուղարկելը, վերաձևակերպվածն է՝ նույն բանն ավելի մեղմ ասած։ Համենայն դեպս, ինչպես նախկինում նշել ենք, կան կոնկրետ կետեր, որոնց շուրջ համաձայնության դեռ չենք կարողանում հասնել, բայց շարունակում ենք բանակցել։ Ասել ենք, որ ՀՀ-ի նպատակներից մեկը տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելն է»։ Արթուր Հովհաննիսյանն էլ «ջնջել» եզրույթի հետ կապված արձագանքեց․ «Առհասարակ խոսակցությունները և գործընթացը ջնջել, խմբագրել, վերախմբագրելը մոտեցումները մոտարկելու մասին են։ Ինչպես Ադրբեջանի առաջարկներին հայկական կողմից որոշակի առաջարկներ, խմբագրումներ են լինում, նորմալ գործընթաց է։ Գույները «ջնջել» բառով խտացնել պետք չէ»։
13:46 - 14 սեպտեմբերի, 2023
2007 թվականի Մադրիդյան սկզբունքներով ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս․ Նիկոլ Փաշինյան

2007 թվականի Մադրիդյան սկզբունքներով ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս․ Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը Նիկոլ Փաշինյանից մեկնաբանություն խնդրեց այն մասին, թե հայտարարությունները, որ ՀՀ-ն տարածքային պահանջեր չունի Ադրբեջանի հանդեպ եւ, ըստ էության, ճանաչում է նրա տարածքային ամբողջակությունը, որոշ շրջանակաների կողմից ներկայացվում են, որպես հրաժարում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքից։ Նիկոլ Փաշինյանը ի պատասխան նշեց, որ մինչեւ 2007 թվականի Մադրիդյան սկզբունքները հայկական կողմի դիրքորոշումը եղել է այն, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում եւ Խորհրդային Միության փլուզման համատեքստում իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը, որն ի դեպ, արձանագրված է նաեւ Ալմաթիի հռչակագրով, ինչպես այլ սուբյեկտներ եւ հետեւաբար չի եղել Ադրբեջանի կազմում, այլ անկախացել է Խորհրդային Միությունից։  «2007 թվականին իշխանության տրանսֆորմացիայի, փոխանցման շրջանում, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ նախագահ, ի հայտ եկան Մադրիդյան սկզբունքները, որտեղ ընդգծվում էին եւ՛ տարածքային ամբողջականության սկզբունքը, եւ՛ ինքնորոշման իրավունքի, եւ արձանագրվում էր, որ պետք է ճշգրտվի ԼՂ կարգավիճակը եւ դրա ճշգրտման մեխանիզմը պետք է համաձայնեցված լինի նաեւ Ադրբեջանի կողմից։  Եթե Մադրդյան սկզբունքներից առաջ հայկական կողմի դիրքորոշումն այն էր, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում երբեք չի եղել ու հիմա էլ չի, ապագա կարգավիճակի հարցում պայմանավորվելու կարիք կարող է եւ չլինել, որովհետեւ ԼՂ-ն արդեն ինքնորոշվել է, ապա Մադրիդյան սկզբունքներով անձանագրվում է, որ ԼՂ կարգավիճակի հարցում պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի Ադրբեջանի հետ։ Այստեղ հարց է ծագում՝ եթե մենք, դուք, իրենք ԼՂ-ն չենք համարում Ադրբեջանի մաս, ինչու պիտի ԼՂ կարգավիճակի հարցը համաձայնեցվի Ադրբեջանի հետ։ Այստեղ է, որ ինքնորոշումը նշանակում է լինել մի որեւէ տեղ, դրանից տեղափոխվել մի ուրիշ տեղ․ Մադրիդյան սկզբունքներով այդ տեղը ԽՍՀՄ-ն, հետո է Ադրբեջանը։ Տրամաբանությունը, որ իրենք դրել են, նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը է կամ պետք է լինի Ադրբեջանի մաս, որ ինքնորոշվի, հակառակ դեպքում ումից է ինքնորոշվում։ Սա է էդ քաղաքականության հիմնական բովանդակությունը եւ սա մեր մեծագույն բացթողումն ա, որ 2018-ից հանդես չենք եկել հենց էս ամեն ինչով, մեր ժողովրդին չենք բացատրել», - հայտարարեց ՀՀ վարչապետը։
17:09 - 12 ապրիլի, 2023
Իշխանությունը պատրաստ է ընդդիմադիր պատգամավորներին ծանոթացնել բանակցային գործընթացի դրվագներին. պատգամավոր
 |armenpress.am|

Իշխանությունը պատրաստ է ընդդիմադիր պատգամավորներին ծանոթացնել բանակցային գործընթացի դրվագներին. պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնում է, որ իշխանությունը պատրաստ է ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին ծանոթացնել Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի դրվագներին, ինչի մասին հայտարարել են, սակայն ընդդիմությունից դեռևս արձագանք չկա: Հովհաննիսյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում: «Թե ՀՀ վարչապետը, թե այլ պաշտոնատար անձինք անընդհատ  առաջարկել են, որ ընդդիմությունը գա ու ծանոթանա բանակցային գործընթացի նրբություններին և այլ դրվագների, որոնք կան այսօր Հայաստան-Ադրբեջան խոսակցության գործընթացում: Մենք, ըստ էության, չենք ստացել որևէ պատասխան, ընդդիմությունը հրաժարվել է տեղեկացված լինել բանակցային գործընթացից: Տեղեկատվություն կրելը ենթադրում է նաև պատասխանատվությունը: Եվ մինչև այս պահը աշխատանքային քննարկման ռեժիմով բոլոր դրվագներին ծանոթանալուց ընդդիմության հրաժարվելը ես գնահատում եմ որպես պատասխանատվությունից խուսափում»,-ասաց Հովհաննիսյանը: Ըստ իշխանական պատգամավորի՝ եթե այսօր էլ ընդդիմությունը հստակ ակնկալիք ունի ծանոթանալու բանակցային գործընթացի որոշ դրվագների, կարող են կապվել ԱԳ նախարարի հետ կամ այս հարցադրումները տալ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին: Հովհաննիսյանն ընդգծեց՝ նախորդ օրը հարցուպատասխանին ընդդիմությունից ոչ ոք չի մասնակցել: «Եթե ընդդիմությունը խոսում է, թե այս կամ այն հարցի մասին տեղյակ չեն, նրանք ունեն այդ հարցերին տեղեկանալու բոլոր հնարավորությունները: Մեր իշխանությունը որևէ խոչընդոտ չի ստեղծել ընդդիմության համար՝ ծանոթանալու բանակցային գործընթացին: Մենք առաջարկել ենք, ընդդիմությունը «փախել է» պատասխանատվությունից»,-նշեց պատգամավորը: ՔՊ-ից Արուսյակ Ջուլհակյանն էլ հիշեցրեց, որ ԱԺ-ում ընդդիմության ցանկությամբ և նախաձեռնությամբ ավելի վաղ հանդիպում է եղել Պաշտպանության նախարարի հետ: Եվ այսպիսով պատգամավորը որևէ խնդիր չի տեսնում, որ ընդդիմադիրները նմանատիպ նախաձեռնությամբ հանդես գան՝ հրավիրելով ԱԳ նախարարին: «Եվս մեկ անգամ կրկնում եմ վարչապետի կողմից բազմիցս հնչեցված առաջարկը, որ, եթե ցանկանում եք ունենալ փակ հանդիպում, որի ընթացքում կլսեք, թե ինչ է բանակցվում, ինչ փաստաթղթեր են փոխանակվում, ապա ինքը պատրաստ է»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ վարչապետին որևէ մեկը չի դիմել:
12:11 - 23 մարտի, 2023
ՔՊ պատգամավորները և Մայքլ Սեսիերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարները

ՔՊ պատգամավորները և Մայքլ Սեսիերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարները

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Սոնա Ղազարյանն այսօր հանդիպել են Եվրոպայում ԱՄՆ անվտանգության և համագործակցության հանձնաժողովի (ԱՄՆ Հելսինկյան կոմիտե) ավագ խորհրդական Մայքլ Սեսիերի հետ: Կարևորելով Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատումը` կողմերն ընդգծել են այդ ուղղությամբ համագործակցությունը շարունակելու իրենց պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացման հեռանկարները: ԱԺ պատգամավորները հյուրի ուշադրությունը հրավիրել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, անվտանգային խնդիրներին: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Կարևորվել են երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը և հայկական կողմի` այս ուղղությամբ ջանքերը շարունակելու պատրաստակամությունը:
17:51 - 03 փետրվարի, 2023
Քննարկումները տարբեր անձանց շուրջ են. պատգամավորը՝ ՄԻՊ թեկնածու առաջադրելու մասին
 |armenpress.am|

Քննարկումները տարբեր անձանց շուրջ են. պատգամավորը՝ ՄԻՊ թեկնածու առաջադրելու մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում թեկնածու առաջադրելու համար քննարկումներ է անցկացնում՝ տարբեր անձանց շուրջ: Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն՝ անդրադառնալով հարցին, թե ՔՊ-ն քննարկե՞լ է, թե ում թեկնածությունը պետք է առաջադրի: «Քննարկումներ եղել են: Եվ, որքանով ինձ հայտնի է՝ այս պահի դրությամբ դեռ չունենք որոշում»,-ասաց Ջուլհակյանը՝ վստահեցնելով, որ, եթե որոշում կայացվի, այդ մասին պատշաճ կերպով հաղորդագրություն կտարածեն: Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ իր անունը ևս շրջանառվում է որպես թեկնածու՝ Ջուլհակյանն ասաց՝ առաջին անգամ է լսում այդ մասին: Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հունվարի 23-ին, օրենսդրությամբ սահմանված կարգով, ՄԻՊ պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողով։ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականը կրկնել էր նաև հունվարի 24-ին:  Հունվարի 24-ին ԱԺ-ն ընդունել էր Գրիգորյանի հրաժարականը:
15:53 - 02 փետրվարի, 2023
Նպատակ ունենք ընդդիմությունից ընտրելու ԱԺ փոխնախագահի այնպիսի տեղակալի, որը կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի․ Ջուլհակյան

Նպատակ ունենք ընդդիմությունից ընտրելու ԱԺ փոխնախագահի այնպիսի տեղակալի, որը կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի․ Ջուլհակյան

ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանին՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետ կանչելու հարցն է։ Նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ նախագիծը։ Ըստ Ջուլհակյանի՝ Իշխան Սաղաթելյանը 2022 թ․-ի հունվարի 17-ից հունիսի 29-ներառյալ, այսինքն 2022 թ․-ի առաջին օրացուցային կիսամյակի նիստերի թվով 342 քվեարկություններից ունեցել թվով 198 բացակա։  «ԱԺ խորհուրդը ձևավորման պահից, այսինքն 2021 թ․-ի օգոստոս ամսից առ այսօր գումարել է թվով 25 նիստ, ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը նշված 25 նիստերից միայն 7-ին է ներկա եղել, բացակայել է ԱԺ խորհրդի 18 նիստերից»։ Նրա խոսքով՝ Իշխան Սաղաթելյանի հաճախակի բացակայությունների պատճառով անհնարին է դարձել վերջինիս Ազգային ժողովի նախագահի կողմից հանձնարարություններ տալը։ Պատգամավորն ընդգծեց՝ ինչպես ՀՀ Ազգային ժողովի նախագահը, այնպես էլ վերջինիս տեղակալները ներկայացնում են ողջ Ազգային ժողովը, բոլոր պատգամավորներին, կոչված են ապահովելու ԱԺ բնականոն գործունեությունը, համերաշխություն ապահովելու ինչպես Ազգային ժողովի, այնպես էլ հանրության շրջանում։ «Բոլորովին պատահական չէ, որ պատգամավորի երդման տեքստում հստակ կերպով նշված է պատգամավորի պարտականությունը քաղաքացիական համերաշխություն ապահովելու հարցում, սակայն ինչպես թերևս բոլորս հիշում ենք, թե՛ Իշխան Սաղաթելյանը և՛ թե նրա գործընկերները հրաժարվեցին 8-րդ գումարման Աժ առաջին նիստի օրը տալու պատգամավորի իրենց երդումը»։ Ըստ Ջուլհակյանի՝ Իշխան Սաղաթելյանը չի կատարել քաղաքացիական համերաշխությանն ուղղված իր երդումը, այլ քանիցս հրահրել է բախումներ, օգտագործել ատելության խոսք, վիրավորել է հանրության մի շարք ներկայացուցիչների, Ազգային ժողովի պատգամավորների։ Նա նաև նշեց, որ այս որոշմամբ նպատակ ունեն հետագայում ընտրելու ԱԺ փոխնախագահի՝ ընդդիմության կողմից առաջադրված այնպիսի տեղակալի, որը կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի՝ ապահովելով ԱԺ բնականոն գործունեությունը։
11:40 - 01 հուլիսի, 2022
ՀՀ ԱԺ փոխնախագահը և Լեհաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցեր

ՀՀ ԱԺ փոխնախագահը և Լեհաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցեր

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 28-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարչին Փշիդաչի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը եւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից; Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը, կարեւորել արդյունավետ փոխգործակցությունը: «Երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացման հարցում կողմերը կարեւորել են բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը: Քննարկվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում առկա իրավիճակը, չլուծված խնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարչին Փշիդաչը կարեւորել է երկկողմ կապերի խորացումը, տնտեսական ոլորտում համագործակցության զարգացումը: Լեհ դիվանագետի խոսքով` Լեհաստանի համար Հայաստանը գնահատելի գործընկեր է: Հյուրն արժեւորել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շարունակական գործընթացը:
18:13 - 28 հունիսի, 2022
Նույնիսկ ամենաբարդ հարցերը հեշտությամբ կլուծվեն, եթե կողմերի նպատակը խաղաղությունն է. Արուսյակ Ջուլհակյանը՝ ԵԽԽՎ-ում

Նույնիսկ ամենաբարդ հարցերը հեշտությամբ կլուծվեն, եթե կողմերի նպատակը խաղաղությունն է. Արուսյակ Ջուլհակյանը՝ ԵԽԽՎ-ում

«Իմ եզրակացությունը, որը հիմնված է տարբեր հակամարտությունների եւ հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերլուծության վրա, այն է, որ համաշխարհային անվտանգության եւ խաղաղության բանալին ժողովրդավարությունն է։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այս փուլում դեռ մարդու իրավունքների խնդիր է»։ Այս մասին ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում «Անվտանգության նոր մարտահրավերները Եվրոպայում. Եվրոպայի խորհրդի դերը» թեմայով քննարկման ընթացքում ասել է  ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Արուսյակ Ջուլհակյանը՝ շարունակելով. «Այս ամենի համատեքստում ակնհայտ է դառնում, որ նման հակամարտությունները պետք է լուծվեն հօգուտ ժողովրդավարության, քանի որ ժողովրդավարական հասարակությունները հակամարտություններ չեն առաջացնում։ Նրանք լուծում են կոնֆլիկտները։ Ժողովրդավարական հասարակությունում նույնիսկ ամենաբարդ հարցերը հեշտությամբ կարող են լուծվել, եթե երկու կողմերի նպատակը խաղաղությունն է, եթե երկու կողմերն իսկապես ձգտեն խաղաղության, ապա ամենահրատապ խնդիրները կգտնեն իրենց լուծումը։ Բայց երբ հակադրում ենք այս երկու համակարգերը՝ ժողովրդավարությունը եւ ինքնավարությունը, պարզ է դառնում, որ մի կողմից գործ ունենք խաղաղության իրական ցանկության, իսկ մյուս կողմից՝ խաղաղության ոգեշնչման իմիտացիայի հետ, ինչը ընդամենը փորձ է  գոհացնել միջազգային հանրությանը: Այդ իսկ պատճառով ժողովրդավարական հասարակությունների համար այդքան դժվար է հասնել խաղաղության։ Եվրոպայի խորհուրդը պետք է լինի  նորաստեղծ, զարգացող, երիտասարդ դեմոկրատական երկրների կողքին։ Եվրոպայի խորհուրդը պետք է ապացուցի այն հասարակություններին, որոնք բռնել են ժողովրդավարության ուղին, որ խաղաղության անհրաժեշտության պնդումը ճիշտ է։ Մենք չպետք է թույլ տանք, որ ավտորիտար ռեժիմները հասնեն իրենց նպատակին»,-ասել է Ջուլհակյանը։
10:14 - 22 հունիսի, 2022
Որոշ չափով դաշտը կարգավորվել է. պատգամավորը՝ ծանր վիրավորանքն ապաքրեականացնելու որոշման մասին

 |armenpress.am|

Որոշ չափով դաշտը կարգավորվել է. պատգամավորը՝ ծանր վիրավորանքն ապաքրեականացնելու որոշման մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական նոր օրենսգրքով ծանր վիրավորանքի համար այլևս քրեական պատասխանատվություն չի նախատեսվի, իշխանությունը նախորդ տարի օրենքում փոփոխությամբ քրեականացրել էր անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ կանխելու այդ երևույթը, հիմա նկատել են՝ ոչ ամբողջությամբ, սակայն դաշտը որոշ չափով կարգավորվել է: Այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը խորհրդարանական ճեպազրույցում: «Երբ անցյալ տարվա հուլիսին ընդունեցինք այդ օրենքը, մենք նշել ենք, որ հայհոյանքը, ծանր վիրավորանքը քրեականացնելու հիմնական նպատակը կանխարգելիչ ֆունկցիա կատարելն է: Մասնավորապես, հետպատերազմական շրջանում բավականին քաոսային իրավիճակ էր ստեղծվել հրապարակային հայհոյախոսության հետ կապված, և հայհոյախոսությունը նույնիսկ քաղաքական խոսույթի մաս էր դարձել: Եվ քաղաքական մեծամասնությունը որոշեց, որ այդ պահին պետք է գնալ կտրուկ գործողությունների»,- ասաց պատգամավորը: Ջուլհակյանը հիշեցրեց՝ ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ էլ հատուկ նշել են, որ դա ժամանակավոր միջոց է, որը պետք է կանխարգելիչ բնույթ ունենա, այսինքն՝ փորձի մի քանի ամսվա ընթացքում կանխել հրապարակային հայհոյախոսությունը: Այսպիսով, նպատակ են ունեցել, որ այդ ժամանակավոր միջոցը գործի և փորձի կարգավորել մինչև 2022-ի հուլիսի 1-ից Քրեական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելը, որում այդ հոդվածն այլևս չի լինելու: «Եվ մեր գնահատմամբ, իհարկե, ոչ ամբողջությամբ, բայց գոնե որոշ չափով դաշտը կարգավորվել է: Այսուհետև կփորձենք, ինչպես նախկինում, քաղաքացիաիրավական կարգավորումների միջոցով վիրավորանքի հետ առնչվել»,- ասաց պատգամավորը:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
13:47 - 16 հունիսի, 2022
Բանակցություններն ընթանում են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների և իրավունքների իրացման համար. Հովհաննիսյան

 |armenpress.am|

Բանակցություններն ընթանում են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների և իրավունքների իրացման համար. Հովհաննիսյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի իշխանությունը շարժվում է Արցախի ժողովրդի իրավունքների իրացման և անվտանգության երաշխավորման ճանապարհով, որի շուրջ տեղի են ունենում բանակցություններ, և կարգավիճակը պետք է բխեցնել այն երաշխիքներից, որոնք կլինեն անվտանգության ապահովման և իրավունքների պաշտպանության համար: Այս մասին վստահեցրին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ճեպազրույցում: Անդրադառնալով ԱԺ-ում Արցախի կարգավիճակին մասին ՀՀ վարչապետի նախորդ օրվա ելույթին՝ Արուսյակ Ջուլհակյանն ասաց. «Արցախի կարգավիճակի մասին վարչապետը երեկ ասել է հետևյալը, որ դա մեզ համար չպետք է լինի նպատակ, պետք է լինի միջոց՝ արցախահայության անվտանգությունն ու իրավունքներն ապահովելու համար: Եվ ես պնդում եմ՝ առաջին մարդը չէ ՀՀ-ում, որ նման խոսքով է հանդես եկել՝ խոսելով հենց այն մասին, որ Արցախյան հարցը ի սկզբանե և միշտ ՀՀ-ի կողմից դիտարկվել է ոչ թե ինքնորոշման իրավունքի հարց, այլ՝ իրավունքի հարց, անվտանգության հարց»: Ըստ նրա՝ ի սկզբանե Արցախի հարցը ծագել է որպես արցախահայության անվտանգության և իրավունքների պաշտպանության հարց, և այն շարունակում է այն լինել արցախահայության իրավունքների պաշտպանության և անվտանգության ապահովման հարց: Պատգամավոր վստահեցրեց՝ այս հարցում հետքայլի մասին խոսել չեն կարող: Արթուր Հովհաննիսյանը վարչապետի ելույթը շատ կարևորեց այն իմաստով, որ իշխանությունն այդ ելույթներով և նաև այլ գործիչների հրապարակային ելույթներով փորձում են փակել այն «ճեղքը», որը կա հանրության և բանակցային ողջ գործընթացի միջև: Հանրությունն, ըստ էության, տեղեկացված չի եղել բանակցային գործընթացներից: «Մենք շարժվում ենք Արցախի ժողովրդի իրավունքների իրացման և անվտանգության երաշխավորման ճանապարհով: Սրա շուրջ տեղի են ունենում բանակցություններ: և, ըստ էության, կարգավիճակը պետք է բխեցնել այն երաշխիքներից, որոնք կլինեն անվտանգության ապահովման և իրավունքների պաշտպանության համար»,-ասաց Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ ամեն ինչ դրված է սեղանին, թե բանակցային ողջ ընթացքում ինչ դետալներ, ինչ պայմանավորվածություններ են եղել, Արցախի կարգավիճակի ինչ ձևաչափեր, Արցախի ժողովրդի անվտանգության ինչ երաշխիքներ են քննարկվել: «Բանակցություններն ընթանում են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների և  իրավունքների իրացման համար, որից պետք է բխեցնենք կարգավիճակը: Ընթանում են բանակցություններ՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը և  իրենց հայրենիքում ապրելու իրավունքն ապահովելու համար»,-եզրափակեց պատգամավորը:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
12:37 - 16 հունիսի, 2022