Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի արեւելքում։

Սահմանակից է հյուսիսում՝ Տավուշի, արեւմուտքում՝ Կոտայքի եւ Արարատի, հարավում՝ Վայոց ձորի մարզերին, արեւելքում՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի, Դաշքեսանի եւ Թովուզի շրջաններին, հարավ-արեւելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին:

Մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, որի մարզկենտրոնն է հանդիսանում Գավառ քաղաքը: Մարզում է գտնվում Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերից մեկը՝ Սեւանա լիճը:

Գորիս-Սիսիան և Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածներին բուք է, Շիրակի մարզի Եղնաջուր-Զարիշատ ավտոճանապարհը դժվարանցանելի է

Գորիս-Սիսիան և Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածներին բուք է, Շիրակի մարզի Եղնաջուր-Զարիշատ ավտոճանապարհը դժվարանցանելի է

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, իսկ Սյունիքի մարզի Տաթև-Շինուհայր ավտոճանապարհը՝ կցորդիչով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի է Շիրակի մարզի Եղնաջուր-Զարիշատ ավտոճանապարհը։ Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան և Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածներին բուք է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
11:57 - 22 հունվարի, 2022
Խառնաշփոթ իրավիճակ է, որը պետք է իր վերջնական հանգուցալուծումը գտնի․ Դավիթ Շահնազարյանը՝ Վարդենիսի ՏԻՄ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի մասին

Խառնաշփոթ իրավիճակ է, որը պետք է իր վերջնական հանգուցալուծումը գտնի․ Դավիթ Շահնազարյանը՝ Վարդենիսի ՏԻՄ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի մասին

Անհասկանալի, խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել, որը պետք է իր վերջնական հանգուցալուծումը գտնի։ Վարդենիսի ՏԻՄ ընտրություններից հետով ստեղծված իրավիճակի վերաբերյալ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը։ Շահնազարյանը հիշեցրեց, որ դեկտեմբերի 5-ին Վարդենիս խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում երեք քաղաքական ուժ էր մասնակցում՝ «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը․ «Ընտրությունների արդյունքում ձևավորվեց մի իրավիճակ, որտեղ 10 մանդատ ստացավ «Ահարոն Խաչատրյան» դաշինքը, նախնական արդյունքներով 5 մանդատ ստացավ «Միասնական Վարդենիս» դաշինքը, և 12 մանդատ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Կասկածելի վերահաշվարկի արդյունքում «Միասնական Վարդենիս» դաշինքի մեկ մանդատը պակասեցվեց և «Միասնական Վարդենիս» դաշինքը ունեցավ 4 մանդատ։ Իհարկե, կասկածելի եմ ասում այն պատճառով, որ այստեղ մեկ մանդատը արժեցավ ընդամենը մեկ քվե, և այս մեկ քվեն որոշիչ եղավ, այդ իսկ պատճառով մեր մանդատների թիվը մեկով պակասեց»։ Նրա խոսքով՝ ընտրական հանձնաժողովներին դիմելուց հետո նաև վարչական դատարան են դիմել․ «Վարչական դատարանը վճիռ կայացրեց և անփոփոխ թողնվեց ընտրական հանձնաժողովի արդյունքները, ինչը, մեր կարծիքով, իրավաչափ  չէր, որովհետև հայերեն «բ» տառը, չգիտես ինչու, նմանեցվեց լատինական V տառին և վավեր համարվեց համապատասխան քվեաթերթիկները, այսինքն՝ ակնհայտ շեղումով քվեաթերթիկները, որոնք անվավեր պետք է ճանաչվեին, վավեր ճանաչվեցին, և որևէ փոփոխություն տեղի չունեցավ։ Մեր դաշինքի առաջատարին՝ Արամ Հարությունյանին, ինչպես հայտնի է, կանչեցին քննչական բաժանմունք, ձերբակալեցին, այնուհետև ենթարկեցին երկամսյա կալանքի, ինչը մեր տեսակետից խիստ քաղաքական որոշում էր, որովհետև եթե այն տեղավորովում է քրեական իրավունքի դաշտում, ապա մարդը քրեական դատավարության տեսակետից տարիներ շարունակ որևէ ուշադրության չարժանացավ, և այդ անհրաժեշտությունը առաջացավ այն դեպքում, երբ նա հրաժարվեց կոալիցիոն հուշագիր ստորագրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, և սրանից հետո անհրաժեշտություն առաջացավ, որպեսզի նրան ձերբակալեն»։ Նրա խոսքով՝ բոլոր որոշումները, որոնք կայացվել են, խիստ քաղաքական որոշումներ են և չեն տեղավորվում իրավական հարթության մեջ․ «Բոլորդ էլ ականատես եղաք Վարդենիս համայնքի ավագանու առաջին նիստին, որտեղ երկու խմբակցությունների ավագանիներին դուրս բերեցին ավագանիների նիստերի դահլիճից, աննախադեպ մի երևույթ, որը երբիցե ՀՀ պատմության մեջ տեղի չէր ունեցել, և այս ամենով հանդերձ դեռ որևէ բան ավարտված չէ, անհասկանալի մի խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել, որը պետք է իր վերջնական հանգուցալուծումը գտնի։ Մենք ակնկալում ենք իրավաչափ և իրավական լուծումներ, և ակնկալում ենք, որ այս հարցը ի վերջո իրավական հարթության մեջ իր ճիշտ և համապատասխան գնահատականը կստանա»։ Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին Վարդենիս խոշորացված համայնքում երեք քաղաքական ուժ է մասնակցել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Միասնական Վարդենիս» և «Ահարոն  Խաչատրյան» դաշինքները։ Ընտրությունների արդյունքում 2 ընդդիմադիր խմբակցությունները միասին  ունեցել են 15 մանդատ, ՔՊ-ն՝ 12 մանդատ։ Վերահաշվարկի արդյունքում «Միասնական Վարդենիսից» մեկ մանդատ տրվել է  ՔՊ-ին։ Արդյունքում ավագանու կազմում 14 մանդատ ունեցան երկու դաշինքները, 13 մանդատ՝ ՔՊ։ Անցած տարվա դեկտեմբերի 30-ին տեղի էր ունեցել Վարդենիսի ավագանու առաջին նիստը, որտեղ ընդդիմադիր խմբակցությունները համայնքապետ էին ընտրել Ահարոն Խաչատրյանին։ «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արամ Մելքոնյանը, սակայն, հայտարարել էր, որ դիմելու են վարչական դատարան՝ պահանջելով ավագանու այդ նիստը չեղյալ համարել։
17:26 - 11 հունվարի, 2022
Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամը հայտնում է՝ ՔՊ-ի կողմից եղել են ճնշումներ |tert.am|

Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամը հայտնում է՝ ՔՊ-ի կողմից եղել են ճնշումներ |tert.am|

tert.am: Ամեն մեկի վրա առանձին-առանձին եղել են ճնշումներ, համոզել են, խոստումներ տվել։ Իշխող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը» բոլորին խոստումներ է տվել։ Այս մասին Վարդենիսի համայնքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամ Սաթենիկ Մինասյանը՝ անդրադառնալով հարցին՝ ավագանու անդամների վրա ճնշումներ եղե՞լ են։ «Ավագանու տարբեր անդամների խոստումներ են տվել՝ ասելով, որ իրենց թեկնածուի օգտին քվեարկեն»,-նշեց Սաթենիկ Մինասյանը։ Նա ընդգծեց, որ ընդդիմությունը միասնական է լինելու։ «Նման ճնշումների համար ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ժողովրդավար երկրի քաղաքացի, ամաչում եմ»,- ասաց նա։ Նշենք, որ այսօր Վարդենիսում պետք է տեղի ունենար ավագանու անդրանիկ նիստը՝ ընտրելու համայնքապետ։ Այստեղ ՔՊ-ն ստացել է 6162 ձայն կամ 45.08% ձայն, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 4993 ձայն կամ 36.5%, «Միասնական Վարդենիս» դաշինքը՝ 2206 ձայն կամ 16.14%: Նիստը չկայացավ, համայնքապետ չընտրվեց, քանի որ, ինչպես հայտնում են ավագանու անդամները, բերման է ենթարկվել Աշոտ Հովհաննիսյանը՝ ՔՊ համայնքապետի թեկնածուն։ Այս պահին էլ համայնքապետարանի բակում հավաքված են քաղաքացիներ։  
13:44 - 30 դեկտեմբերի, 2021
Վարդենիս խոշորացված համայնքում ավագանու անդամների մանդատներն արդեն բաշխվել են

Վարդենիս խոշորացված համայնքում ավագանու անդամների մանդատներն արդեն բաշխվել են

Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովում արդեն բաշխվել են Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամների մանդատները։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովից, Վարդենիս համայնքի ավագանու 27 մանդատներից 13-ը բաժին է հասել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 10 մանդատ՝ «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքին, 4 մանդատ՝ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամի մանդատներ են շնորհվել Արամ Մելքոնյանին, Արտակ Մանուկյանին, Մելանյա Եփրեմյանին, Մուշեղ Շաբոյանին, Կարեն Սիմոնյանին, Նաիրա Մանուչարյանին, Հայկ Երանոսյանին, Ռաֆայել Խչեյանին, Ռոմելյա Սարգսյանին, Զավեն Շհոյանին, Համլետ Բազոյանին, Արմինե Աղաջանյանին  եւ Սեւակ Սիմոնյանին։ «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքից ավագանու անդամի մանդատներ են շնորհվել Ահարոն Խաչատրյանին, Կարեն Մկրտչյանին, Սաթենիկ Մինասյանին, Աշոտ Խաչատրյանին, Արման Մաթեւոսյանին, Նելլի Խաչատրյանին, Աշոտ Գրիգորյանին, Վարուժան Ավետիսյանին, Արուսյակ Ավետիսյանին, Սպարտակ Հովհաննիսյանին։ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքից ավագանու անդամի մանդատներ են շնորհվել Վարդան Մարգարյանին, Արաքսյա Հայրապետյանին, Դավիթ Շահնազարյանին եւ Ջեմմա Վարդանյանին։ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքի ցուցակի առաջին համարը զբաղեցնող Արամ Հարությունյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Գեղարքունիքի մարզի թիվ 21 ՏԸՀ։   Ըստ գործող կանոնակարգի՝ Վարդենիս խոշորացված համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը կայանալու է մանդատների բաշխմանը հաջորդող շաբաթվա երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 27-ին։
13:28 - 24 դեկտեմբերի, 2021
Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել Հովհաննես Հովեյանը

Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել Հովհաննես Հովեյանը

Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքի ավագանու անդրանիկ նիստում համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Հովհաննես Հովեյանը։ Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ավագանու նիստի օրակարգում  քննարկվել է համայնքի ղեկավար ընտրվելու, համայնքի ղեկավարի երդման արարողակարգը հաստատելու, ավագանու առաջին նստաշրջանի գումարման օրը սահմանելու մասին հարցերը։ Համաձայն ավագանու նիստի որոշման՝ համայնքի ղեկավարի երդման արարողակարգը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին, Մարտունու մշակույթի տան դահլիճում, իսկ ավագանու առաջին նստաշրջանի գումարման օր է սահմանվել 2021 թվականի դեկտեմբերի 27-ը։ «Շնորհակալ եմ՝ այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար եւ վստահեցնում եմ, որ մենք համախմբված ու համատեղ աշխատանքով կարդարացնենք մեր ընտրողների  սպասելիքները, լուծում կտանք համայնքի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը,ավելի շեն ու նորոգ կդարձնենք միավորված Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերը։ Բոլորիս լարված ու քրտնաջան աշխատանք է սպասվում»,-նշել է Մարտունու նորընտիր համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։
11:41 - 21 դեկտեմբերի, 2021
Սարգիս Մուրադյանն ընտրվել է Սեւան համայնքի ղեկավար |armenpress.am|

Սարգիս Մուրադյանն ընտրվել է Սեւան համայնքի ղեկավար |armenpress.am|

armenpress.am: Դեկտեմբերի 17-ին Սեւանի համայնքապետարանում տեղի ունեցավ Սեւան համայնքի համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու առաջին նիստը: Ինչպես տեղեկացրին Սեւանի համայնքապետարանից, ավագանու նիստը վարել է ավագանու նիստին ներկա եւ տարիքով ավագ անդամը` Կամո Ավագյանը: Նա հայտարարել է նիստի բացման մասին, ապա նիստին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը: Օրակարգային առաջին հարցը վերաբերել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սեւան խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությանը: Սեւան համայնքի ավագանին որոշել է Սեւան համայնքի ղեկավար ընտրել «Սարգիս Մուրադյան» դաշինքի ավագանու անդամների ցուցակը գլխավորող Սարգիս Խաժակի Մուրադյանին:   Սեւան համայնքի նորընտիր ղեկավար Սարգիս Մուրադյանը, ողջունելով ավագանու անդամներին, նշել է, որ նախորդ 5 տարիների աշխատանքի արդյունքում «Սարգիս Մուրադյան» դաշինքը ստացել է վստահության այսպիսի քվե, որը միաժամանակ մեծ պատասխանատվություն է: «Առաջիկայում մեզ սպասվում են լուրջ գործընթացներ արդեն Սեւանի տարածաշրջանի առումով, եւ տարածաշրջանի բնակավայրերի համաչափ զարգացումը դառնալու է մեր ամենօրյա աշխատանքի առանցքը: Համայնքի ավագանու դերակատարումը էլ ավելի է մեծանալու, եւ ես համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կկայացվեն համայնքապահպան ու համայնքաշեն որոշումներ, որի արդյունքում Սեւանը դառնալու է հանրապետության ներկայանալի եւ օրինակելի համայնքներից մեկը»,- ասել է Սարգիս Մուրադյանը: Օրակարգային հաջորդ հարցի` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի մասին ներկայացրել է համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը, նշելով, որ Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի երդման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին` ժամը 11:00-ին, Սեւանի համայնքապետարանում: Երդման արարողությունից հետո Սեւան համայնքի ղեկավարը կստանձնի իր պարտականությունները: Օրակարգային վերջին հարցը վերաբերել է Սեւան համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելուն ։ Համայնքի ավագանին որոշել է ավագանու հերթական նիստը գումարել 2021 թվականի դեկտեմբերի 24-ին, Սեւանի համայնքապետարանում:
17:20 - 17 դեկտեմբերի, 2021
Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ հարուցվել է երկու քրեական գործ

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ հարուցվել է երկու քրեական գործ

Գեղարքունիքի մարզի բնակչուհի Գ. Մ.-ի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում դեկտեմբերի 12-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։  Գ. Մ.-ն հաղորդում է տվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների նախորդ օրը «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար իրեն առաջարկել են 60.000 ՀՀ դրամ կաշառք, որը մերժել է: «Վերը նշված կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ նույն օրը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է ևս մեկ քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով և 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Կատարվում է նախաքննություն: Ընտրակաշառք տալու փաստով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ էլ հիմնավորվել է, որ Արա Իսրայելյանը, հանդիսանալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Իջևանի երիտասարդական կառույցի ղեկավարը և որպես պատգամավորի թեկնածու ընդգրկված լինելով հիշյալ կուսակցության ցուցակում, հունիսի 20-ին անցկացված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին վերոնշյալ կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար Արման Էլլարյանին տվել է 51.300 ՀՀ դրամ գումարին համարժեք 100 ԱՄՆ դոլար կաշառք»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ընտրողին կաշառք տալու համար Արա Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով, Արման Էլլարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով` ընտրակաշառք ստանալու համար:  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ Ա.Իսրայելյանի և Ա. Էլլարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:44 - 13 դեկտեմբերի, 2021
Վարդենիս համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է․ՔԿ

Վարդենիս համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է․ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կալանավորվել է Վարդենիս համայնքի նախկին ղեկավարը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով:«Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Վարդենիս համայնքի նախկին ղեկավարը, 2004 թ. մարտից մինչև 2017 թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության պետի պաշտոնը, իսկ 2017 թ. նոյեմբերից մինչև 2018 թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում լինելով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարը, կատարել է մի շարք չարաշահումներ:Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ պաշտոնյան, նպատակադրվելով ակնհայտ կեղծ տվյալների օգտագործմամբ, միասնական դիտավորությամբ, խաբեության եղանակով պետական բյուջեի միջոցներից խարդախությամբ գումարներ հափշտակել, կազմակերպել և խմբի կազմում իրագործել է պետության կողմից անապահով ընտանիքներին որպես նպաստ հատկացվող դրամական օգնության գումարներից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակություն, մշակել միասնական պլան՝ ներգրավելով նաև նույն գործակալության երկու աշխատակիցների:Նախնական տվյալներով՝ պետությանը պատճառված վնասը կազմում է ավելի քան 231մլն ՀՀ դրամ գումար: Բացի դրանից, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի նախկին ղեկավարը, նախապես տեղեկանալով Վարդենիս քաղաքի երկու բնակչի կողմից ընդհանուր օգտագործման համար նախատեսված զբոսայգու տարածքն ապօրինի զավթելու և հասարակական կառուցապատման համար չնախատեսված վայրում առանց շինարարական թույլտվության սրճարաններ կառուցելու մտադրության մասին, բանավոր համաձայնություն է տվել վերջիններիս գործողություններին, որևէ միջոց չի ձեռնարկել՝ ապօրինի հողօգտագործումը և ինքնակամ շինությունների կառուցումը օրենքով սահմանված կարգով կանխարգելելու, դրանց հետևանքները վերացնելու և քաղաքացիների նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ՝ այդ կերպ էական վնաս պատճառելով համայնքին:Նախաքննության ընթացքում Վարդենիս համայնքի նախկին ղեկավարը և Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության հիշյալ երկու աշխատակիցներն ընդունել են շուրջ 231 942 500 ՀՀ դրամ գումարի հափշտակության փաստը:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վարդենիս համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ), 325-րդ հոդվածի 2-րդ մասով, 178-րդ հոդ­վա­ծի 3-րդ մասի 1-ին կետով:Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, դրանց առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հանցանք կատարած անձանց ի հայտ բերելու և վերջիններիս քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:12 - 10 դեկտեմբերի, 2021
Ի՞նչ խողովակներով է Փաշինյանը ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանցիների թվի մասին տեղեկություններ ստանում. ՊՆ-ն հաշվառում չի իրականացնում

Ի՞նչ խողովակներով է Փաշինյանը ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանցիների թվի մասին տեղեկություններ ստանում. ՊՆ-ն հաշվառում չի իրականացնում

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, ՀՀ վարչապետի աշխատակազմը չեն ցանկանում մեկնաբանել՝ որ գերատեսչությունն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնել ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանցիները թիվը։ Այս տարվա մայիսին, երբ հակառակորդը ներխուժել էր ՀՀ ինքնիշխան տարածք, իրավասու մարմիններն ադրբեջանցիների թվի մասին հստակ տեղեկություններ չէին տալիս։ Միայն մի քանի թվեր են հնչել․ օրինակ՝ մայիսի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՀ սահմաններից ներս գտնվում են շուրջ 250 ադրբեջանցիներ, իսկ նույն ամսվա 20-ին նա այլ թիվ էր ասել՝ 500-600։ Մոտ մեկ ամիս անց՝ հունիսի 22-ին, ՀՀ ՊՆ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հայտարարել էր, որ ՀՀ տարածքում գտնվում են շուրջ 1000 ադրբեջանցիներ։ Պաշտոնական հստակ տեղեկատվության բացակայության ֆոնին Infocom-ը նախ հուլիսի 22-ից գրավոր հարցումներ էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տեղեկություն տրամադրել կոնկրետ օրվա դրությամբ (հուլիսի 22 - օգոստոսի 12) ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանցիների թվի, նրանց տեղակայման վայրի մասին:  Պաշտպանական գերատեսչությունը մերժել էր տեղեկություն տրամադրել՝ հիմք ընդունելով մի շարք իրավական ակտերի դրույթներ եւ պնդելով, որ հայցված տեղեկությունները գաղտնիք են պարունակում։ Նախարարության պատասխանի համաձայն՝ այդ տեղեկությունների բացահայտումն ուղղակիորեն կարող է հանգեցնել պետական գաղտնիք հանդիսացող՝ ԶՈՒ կիրառման եւ օպերատիվ ծրագրերի, ռազմավարական ծավալման, պաշտպանության եւ անվտանգության ապահովման նպատակով ենթակառուցվածքն օգտագործելու հետ կապված, ինչպես նաեւ հետախուզական բնույթի տեղեկությունների բացահայտման: Քանի որ ՊՆ-ն գաղտնիք պարունակելու հիմքով չէր տրամադրել հակառակորդի զորքի թվի մասին տեղեկություններ, մեկ այլ հարցմամբ խնդրեցինք հստակեցնել՝ Փաշինյանի եւ ԳՇ պետի՝ ավելի վաղ արված հայտարարությունները, որոնք պարունակում էին տվյալ պահի դրությամբ ադրբեջանցիների թվի մասին տեղեկություններ, արդյոք համարվո՞ւմ են գաղտնիք պարունակող, եւ այդ թվերի հրապարակումը համարվո՞ւմ է գաղտնիքի բացահայտում, թե՞ ոչ։  Նախարարությունից պատասխանել են, որ նշված հայտարարություններում գաղտնիքի տարր պարունակող արտահայտություններ չկան, իսկ հայտարարությունը գաղտնիքի բացահայտում չի համարվում, քանի որ չի վնասում ՀՀ եւ ՀՀ ԶՈՒ անվտանգությունը։ Առաջնորդվելով վերոբերյալ պատասխանով՝ ՊՆ-ին խնդրեցինք տեղեկություն տալ մայիսի 13-ի (հակառակորդի զորքի թվի մասին Փաշինյանի առաջին հայտարարության օրը) եւ հունիսի 22-ի (հակառակորդի զորքի թվի մասին ԳՇ պետի հայտարարության օրը), ապա նաեւ այդ օրերի միջեւ ընկած ամսաթվերի դրությամբ ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցիների թվի մասին, քանի որ, փաստացի, այդ ընթացքում արդեն բարձրագույն ղեկավարության ներկայացուցչի եւ պաշտպանական կառույցի ղեկավար կազմի ներկայացուցչի հայտարարություններում թվեր հնչել էին։  Այս դեպքում, պարզվեց, ՊՆ-ն չի համարում, որ մեր հայցած տեղեկությունների տրամադրումը կարող է հանգեցնել գաղտնիք պարունակող՝ վկայակոչված տեղեկությունների բացահայտման, բացի դրանից՝ ՊՆ-ն առհասարակ չի էլ հաշվում ու արձանագրում, թե մեր ինքնիշխան տարածքում որ օրվա դրությամբ հակառակորդի քանի զինծառայող կա․ «ՀՀ պաշտպանության նախարարությունը ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող հակառակորդի անձնակազմի անհատական եւ քանակական հաշվառում չի իրականացնում»,- այսպես էին պատասխանել մեր հարցմանը։  Այս պատասխանից մեզ հետաքրքրեց՝ եթե ՊՆ-ն «ադրբեջանցիների հաշվառում» չի իրականացնում, ապա ո՞վ կամ ո՞ր գերատեսչությունն է հիշատակված թվերը տրամադրել ՀՀ վարչապետին։ Գրավոր հարցմամբ դիմեցինք վարչապետի աշխատակազմին եւ պաշտպանության նախարարությանը։ Վարչապետի աշխատակազմից պատասխանեցին, որ Փաշինյանի հայտարարությանը հավելելու բան չկա։  Իսկ ահա ՊՆ-ն, հավատարիմ մնալով լրատվամիջոցների հետ աշխատանքում իր որդեգրած գործելաոճին, դարձյալ ըստ էության չի պատասխանել Infocom.am-ի գրավոր հարցմանը։ Ընդ որում՝ ընդամենը մեկ նախադասություն գրելու համար գերատեսչությունը նախ մեկ ամիս ժամանակ խնդրեց, ապա պատասխան ուղարկեց հարցումն ուղարկելուց 36 աշխատանքային օր հետո․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանին օպերատիվ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է տարբեր խողովակներից, այդ թվում նաեւ պաշտպանական գերատեսչությունից»,- այսպես են պատասխանել հարցին։ ՊՆ-ին եւս մեկ հարցում ուղարկեցինք՝ նշելով, որ մեր հարցին ըստ էության պատասխան չի տրվել, ուստի խնդրեցինք հստակեցնել՝ կոնկրետ օրվա կոնկրետ տվյալը Նախարարությո՞ւնն է տրամադրել գործադիրի ղեկավարին։ ՊՆ-ից այս անգամ հղում արեցին վերոնշյալ նույն պատասխանին։ Ստացվում է՝ վարչապետի աշխատակազմը եւ պաշտպանության նախարարությունը չեն ուզում հստակեցնել՝ վարչապետին ո՞ր գերատեսչությունն է ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանցիների թիվ տրամադրել։ Եւ եթե ՊՆ-ն հակառակորդի հաշվառում չի իրականացնում, ապա, տրամաբանորեն, չէր կարող այդ թիվն ինքը տրամադրած լինել։ Սակայն գերատեսչությունը չի էլ հերքել, որ կարող էր այդ թիվը հայտնած լինել։ Հայարփի Բաղդասարյան
17:07 - 10 դեկտեմբերի, 2021
Ընտրական հանցագործության 17 հաղորդում Գեղարքունիքի մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

Ընտրական հանցագործության 17 հաղորդում Գեղարքունիքի մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազության կողմից դիտարկման է ենթարկվել նաև 2021 թ. դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս և Սևան համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական շրջանում և քվեարկության ընթացքում առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցավոր խախտումների վերաբերյալ տվյալների ստացման և ընթացքավորման գործըթնացը: Ըստ այդմ՝ մարզի նշված չորս խոշորացված համայնքներում կայացած ընտրությունների ողջ ընթացքում, մինչև քվեարկության ժամկետի ավարտը ստացվել է նմանատիպ հանցագործության առերևույթ դեպքերի մասին ընդհանուր 17 հաղորդում, ահազանգ, որոնցից 3-ը՝ կապված նախընտրական քարոզարշավի հետ, իսկ 14-ը՝ քվեարկության: Դրանցից 2-ը ԶԼՄ հրապարակումներ են, 12-ը՝ ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ, 2-ը՝ սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից կատարված գրառումներ, իսկ 3-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ: Ստացված հաղորդումներից և ահազանգերից, մասնավորապես՝  2-ը վերաբերում է մինչև քվեարկության օրը ընկած ժամանակահատվածում Վարդենիս և Գավառ համանքներում առերևույթ ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը. 1-ը՝ Վարդենիս խոշորացված համայնքում ընտրողների ուղղորդման միջոցով առերևույթ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն. 7-ը՝ Սևան, Գավառ, Մարտունի խոշորացված համայնքների տարբեր ընտրատեղամասերում առերևույթ կրկնաքվեարկության փորձեր կատարելուն.   4-ը՝ Վարդենիս և Գավառ խոշորացված համայնքների ընտրություններում անձի կողմից իր կատարած քվեարկությունը լուսանկարելու միջոցով առերևույթ քվեարկության գաղտնիությունը խախտելուն. 1-ը՝ Մարտունի խոշորացված համայնքում նախընտրական պաստառի առերոևույթ վնասմանը: 2-ը՝ այլ բնույթի: Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր 17 հաղորդում-ահազանգից 2-ի առնչությամբ, հաշվի առնելով դրանց վերացական և ընդհանրական լինելու հանգամանքը, ՀՀ ոստիկանության մարզային բաժինների կողմից նախաձեռնվել են անհրաժեշտ ստուգողական գործողություններ, որոնք շարունակվում են: Իսկ մնացած 15 դեպքի վերաբերյալ հաղորդումները մարզի դատախազության հանձնարարությամբ ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով: Արդյունքում դրանցից 2-ով, որոնք վերաբերել են նախընտրական շրջանում ստացված առերևույթ ընտրական հանցագործության դեպքերին, որոշում է կայացվել հանցադեպի կամ հանցակազմի բացակայության  հիմքերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Մնացածով նյութերի նախապատրաստման գործընթացը շարունակվում է:
12:36 - 06 դեկտեմբերի, 2021
Նախնական տվյալներով՝ Լճափում «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը ստացել է ձայների 74%-ը |hetq.am|

Նախնական տվյալներով՝ Լճափում «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը ստացել է ձայների 74%-ը |hetq.am|

hetq.am: Գեղարքունիքի մարզի Լճափ համայնքում (ընտրություններից հետո այն կդառնա Գավառ խոշորացված համայնքի բնակավայր) դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալներով հաղթել է Գավառի գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորած «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը։ Ինչպես «Հետք»-ին փոխանցեց Լճափի համայնքապետ Արսեն Հովսեփյանը, ձայները բաշխվել են հետևյալ կերպ. «Գուրգեն Մարտիրոսյան դաշինք»՝ 351 ձայն,  «Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն»՝ 112 ձայն, «Մեր համայնքը» դաշինք՝ 10 ձայն։  Այդպիսով, նախնական տվյալներով՝ Լճափում «Գուրգեն Մարտիրոսյան դաշինքը» ստացել է ձայների 74%-ը։  Հիշեցնենք՝ Գավառ խոշորացված համայնքում ընտրություններիին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ անդամ Նարեկ Գրիգորյանը:   «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը գլխավորում է Գավառի գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը: Իսկ մյուս քաղաքական ուժի՝ «Մեր համայնքը» դաշինքի թեկնածուն ՀՅԴ-ական Լավրիկ Արևշատյանն է:
23:29 - 05 դեկտեմբերի, 2021
Ծովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել, քանի որ դեմ են խոշորացմանը  |hetq.am|

Ծովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել, քանի որ դեմ են խոշորացմանը |hetq.am|

hetq.am: Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերում այսօր բնակիչներից և ոչ մեկը չի մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին։ Այս մասին վկայում են ՏԻՄ ընտրությունների քվեարկության մասնակիցների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները։ Հասկանալու համար, թե ինչով է պայմանավորված ընտրողների այս միասնական որոշումը, կապվեցինք Ծովագյուղի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Գևորգյանի հետ։ Նա նշեց, որ ընտրություններին չմասնակցելու պատճառը համայնքների խոշորացումն է։ Վահրամ Գևորգյանը նշեց, որ այս ձևաչափով խոշորացում ծովագյուղցիները չեն ցանկանում և իրենց բողոքը արտահայտել են ընտրություններին չմասնակցելով։  Ծովագյուղի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ խոշորացումը կատարվում է նրա համար, որպեսզի համայնքը զարգանա, սակայն այս պահին, ըստ Գևորգյանի՝ Ծովագյուղը զարգանում է, իսկ մյուս համայնքները իրենց հավասար չեն զարգանում։ Վահրամ Գևորգյանը վստահ է, որ Սևանին միավորվելը խոչընդոտելու է Ծովագյուղի զարգացմանը։ Նույն պատճառով ընտրություններին չեն մասնակցել նաև Սեմյոնովկա համայնքի բնակիչները։ Համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մնացականյանը նշեց, որ գյուղացիները հիասթափված են և որոշել են ընտրություններին չմասնակցել, դա իրենց կամքն է։  Ծովագյուղ համայնքում ընտրելու իրավունք ունի 2927 քաղաքացի, իսկ Սեմյոնովկայում՝ 195։ 17։00-ի դրությամբ այդ երկու գյուղի բնակիչներից և ոչ մեկը քվեարկությանը չի մասնակցել։ Առավել մանրամասն՝ hetq.am-ում  
20:01 - 05 դեկտեմբերի, 2021