Գիտությունների ազգային ակադեմիա

Բարձրագույն պետական ինքնակառավարվող ոչ առեւտրային հաստատություն է, որի նախագահությունը գտնվում է Երեւանում։ Ակադեմիան նաեւ մասնաճյուղեր ունի Գյումրիում, Սեւանում, Գորիսում, Վանաձորում եւ Կապանում։

Այն կազմակերպում եւ իրականացնում է հիմնարար  եւ կիրառական  գիտական հետազոտություններ,  եւ համակարգում է հանրապետությունում կատարվող հիմնարար հետազոտությունները։ ԳԱԱ-ն նաեւ ծառայում է որպես ՀՀ իշխանության բարձրագույն մարմինների պաշտոնական գիտական խորհրդական։

ՀՀ ԳԱԱ-ն 1943 թվականին հիմնադրված Հայաստանի գիտությունների ակադեմիայի իրավահաջորդն է դարձել 1993 թվականից։

2005 թ. ակադեմիան վերանվանվել է «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առեւտրային կազմակերպություն։

Ոչ ոք չի կարող մեզ արգելել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի ազգային ակադեմիան գոյություն չունենա․ ՀՀ նախագահ
 |armenpress.am|

Ոչ ոք չի կարող մեզ արգելել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի ազգային ակադեմիան գոյություն չունենա․ ՀՀ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Ոչ ոք չի կարող մեզ արգելել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի ազգային ակադեմիան գոյություն չունենա այն պարզ պատճառով, որ ՀՀ-ն՝ որպես պետություն, չի կարող զարգացում ունենալ առանց գիտության և կրթության։ Սա աքսիոմա է, որի իրականացումն այժմ կատարում է մեր երկրի գործող կառավարությունն ու իշխանությունը։ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր համաժողովում այդ տեսակետը հայտնեց ՀՀ նախագահ Վահագն  Խաչատուրյանը։ «Մենք մարդուն, ՀՀ քաղաքացուն դիտարկում ենք որպես գլխավոր ռեսուրս, քանի որ չունենք նյութական ռեսուրսներ, հետևաբար մարդը պետք է լինի զարգացած, կրթված և միտված իր երկրին ծառայելուն և նրա համար նոր արժեք ստեղծելուն։ Այս տրամաբանության մեջ են իրականացվում կառավարության ներկայիս ծրագրերը»,-ասաց Խաչատուրյանը։ ՀՀ նախագահն իր խոսքը հիմնավորելու համար վկայակոչեց վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն՝ 2020 թվականին պետության կողմից գիտության ոլորտի ծախսերի ծավալը կազմել է 13 միլիարդ դրամ, 2024 թվականին՝ նախատեսվում է ծավալը հասցնել 36 միլիարդի։ Եթե գիտության ոլորտի ծախսերը 2020 թվականին կազմել են բյուջեի ընդհանուր ծախսերի 0,7 տոկոսը, ապա 2024 թվականի ցուցանիշը 1,12 տոկոս է։ 2023 թվականի համեմատ՝ ծախսերն ավելացել են 43 տոկոսով, իսկ 2020 թվականի համեմատ՝ 2,7 անգամ։ Կրթության ոլորտի ծախսերի ընդհանուր ծավալը 2020 թվականին կազմել է 144 միլիարդ դրամ, 2024 թվականին կկազմի 288 միլիարդ դրամ։ Բյուջեի ընդհանուր ծախսերի մեջ կրթության ոլորտի ծախսերը 2020 թվականին կազմել են 7,6 տոկոս, ընթացիկ տարվա համար ցուցանիշը 9 տոկոս է։   «ՀՀ գործող կառավարությունը, իշխանության ներկայացուցիչներն իրենց հիմնական նպատակը, գերխնդիրը համարում են գիտության և կրթության զարգացմանն առավելագույն կերպով նպաստելը։ Այն, ինչ տեղի է ունենում զուտ ակադեմիայի կարգավիճակի հետ կապված քննարկումներում, ապա դրանք պետք է շատ արագ ավարտվեն, քանի որ անորոշությունն իր հերթին բերում է լրացուցիչ խնդիրներ ու խոսակցություններ, այլ կարծիքներ, որոնք նպաստավոր չեն թե՛ պետության, թե՛ ակադեմիայի համար։ ԳԱԱ-ում մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները հուշում են, որ իսկապես տվյալ հաստատությունը փոխվելու մեծ ձգտում ունի, որի հիմնական նպատակը ավելի կիրառական մասնակցություն ունենալն է այսօրվա տնտեսության մեջ տեղի ունեցող փոփոխություններում»,- ասաց ՀՀ նախագահը։ Խաչատուրյանի դիտարկմամբ՝ պետության կողմից ֆինանսավորումը մեծանում է հատկապես գիտահետազոտական աշխատանքներին օժանդակելու առումով։ Օրինակ՝ ռազմարդյունաբերական համալիրի համար գիտահետազոտական, փորձարարական, կոնստրուկտորական աշխատանքներին հատկացված գումարը կազմում է շուրջ 6 միլիարդ դրամ։ «Վերջին 3-4 տարվա ընթացքում նման բան չի եղել, ինչը լրացուցիչ հնարավորություն է, որպեսզի մեծ դաշտ բացվի գիտելիքի համար։ Բայց, ցավոք, մեր բիզնեսի մասնակցությունն այդ աշխատանքներում շատ ցածր է։ Երբ ուսումնասիրում ենք արտասահմանյան փորձը, տեսնում ենք, որ զարգացած երկրներում գիտահետազոտական աշխատանքների մեջ հիմնական ներդրում անողը հենց բիզնեսն է։ Պետության մասնակցությունը շատ ավելի քիչ է։ Բիզնեսի ակտիվ մասնակցությունը պայմանավորված է խրախուսական տարբեր, հիմնականում տնտեսական մեխանիզմներով։ Ժամանակն է, որպեսզի անդրադառնանք հենց այս հարցին։ Մենք վստահաբար կարող ենք նույնն անել, պարզապես պետք է բիզնեսին ներգրավելու համարձակություն ունենանք։ Ընդ որում, նրան պետք է շահագրգռել, որովհետև բիզնեսը, եթե շահ չունենա, ոչինչ չի անելու, ինչն, ըստ էության տրամաբանական է և ընդունելի»,- ասաց Խաչատուրյանը։ ՀՀ նախագահի խոսքով՝ եթե բիզնեսի ներկայությունը չլինի կրթության ոլորտում, ապա այդ բնագավառը չի ունենա զարգացման այն տեմպերը և չի արձանագրի այն արդյունքները, ինչ ցանկանում է պետությունը։ «Այն, ինչ կատարվում է գիտական հայտնագործությունների առումով, գոհացուցիչ չի կարող է լինել։ Մենք պետք է կարողանանք դուրս գալ միջազգային շուկաներ, կարողանանք իսկապես մեր գիտելիքն ու գիտական արտադրանքը ներկայանալի դարձնել միջազգային շուկայում։ Անհրաժեշտ է հասկանալ, թե որտեղից պետք է սկսել այդ գործընթացը։ Կարծում եմ՝ հենց կրթական համակարգից, հետևաբար ավագ դպրոցների ու ինստիտուտների ամբողջ շղթան պետք է վերանայել ու գտնել շահագրգռող նոր մեխանիզմներ, որպեսզի ավելի մեծ թվով մարդիկ ձգտեն զբաղվել գիտությամբ։ Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի միջավայր, որի պայմաններում ամբողջ համակարգը միտված կլինի նախևառաջ բնական գիտելիքներ տալուն և այդ ուղղությամբ բարձրորակ մասնագետներ պատրաստելուն։ Համոզված եմ, որ մեզ կհաջողվի լուծել այդ խնդիրները, պարզապես հիմա տուժում ենք ժամանակի մեջ և, ցավոք, հետ ենք մնում համաշխարհային գիտական փոփոխություններից»,- նշեց ՀՀ նախագահը։ Անդրադառնալով ակադեմիական քաղաք կառուցելու նախաձեռնությանը՝ Խաչատուրյանն ընդգծեց, որ այդ ուղղությամբ ճիշտ քայլերի ընտրությունը հնարավոր է հենց նման քննարկումների շնորհիվ։ «Ոչ ոք չի ուզում որևէ բան քանդել, առավել ևս իշխանությունը։ Մենք ավելի շատ ունենք ինչ-որ բան ստեղծելու ցանկություն, ինչն անելու ենք համատեղ ջանքերով։ Եթե իսկապես կան կառուցողական առաջարկներ՝ ակադեմիական քաղաք հիմնելու համար, ապա պետք է միասին անցնենք այդ ճանապարհը։ Ավելորդ աղմուկն ու չհիմնավորված կարծիքների հնչեցումն օգուտ չի տա այս գործընթացին։ Եթե յուրաքանչյուր բուհ կարծում է, որ կարող է գոյատևել ինքնուրույն, ապա պետք է դա ապացուցի իր արդյունավետ գործունեությամբ։ Այդ դեպքում միավորվել-չմիավորվելու հարցը կունենա այլ բնույթի քննարկում։ Բոլոր դեպքերում մենք պետք է կարողանանք դուրս գալ կոմֆորտային վիճակից՝ ավելի առաջ գնալու համար, հետևաբար չարժե ստեղծել ապոկալիպտիկ տրամադրություններ»,- պարզաբանեց ՀՀ նախագահը։ Անդրադառնալով ակադեմիկոս Սուվարյանի դիտարկմանը, թե գիտության ոլորտում պետպատվերի քանակը նվազել է՝ Խաչատուրյանը հակադարձեց այն դիտարկմամբ, որ գիտությունն իր հերթին պետք է ներքևից լինի ավելի նախաձեռնողական, որպեսզի ակնկալի պետության կողմից ցուցաբերվելիք ավելի մեծ ծավալի աջակցություն։ Ավելին՝ այսօր վարչապետի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանն, օրինակ, մեր գիտնականները պետք է տան քաղաքական, պատմական, տնտեսական համարժեք հիմնավորումներ, որպեսզի այդ նախաձեռնությունն ավելի ընկալելի դառնա միջազգային ասպարեզում, որտեղ արդեն իսկ դարձել է ամենաքննարկվող ծրագրերից մեկը։ 
15:49 - 23 ապրիլի, 2024
ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսանվտանգության պրոբլեմային խորհրդի առաջարկությունները Երևանում ծառերի փոխարինման ծրագրի վերաբերյալ

ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսանվտանգության պրոբլեմային խորհրդի առաջարկությունները Երևանում ծառերի փոխարինման ծրագրի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենսաբազմազանության և կենսանվտանգության պրոբլեմային խորհրդի նիստում քննարկվել է «Երևան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր և գեղազարդ ծառերով» ծրագիրը։ Նիստը վարել է ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը։ Նիստին մասնակցել են ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտների և կենտրոնների տնօրեններ, գիտաշխատողներ, Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, զարգացման գծով տնօրենի տեղակալ Արթուր Խալաթյանը, գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը, քաղաքապետարանի այլ ներկայացուցիչներ, ոլորտային մասնագետներ Շրջակա միջավայրի նախարարությունից, ԲՈՒՀ-երից, փորձագետներ։ Ինչպես տեղեկանում ենք ԳԱԱ-ի տարածած հաղորդագրությունից, Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը, Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը ելույթներում նշել են, որ ծրագրի վերաբերյալ իրենց ղեկավարած գիտական կառույցներին չեն դիմել կարծիք ստանալու համար, հետևաբար, իրենք ծրագրի վերաբերյալ կարծիք չեն տրամադրել։ Նշվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունն այն մասին, որ ժամանակավորապես կդադարեցվի ծառերի փոխարինման ծրագիրը՝ ակնկալելով, որ քաղաքապետարանը գիտական շրջանակներից հիմնավոր փաստաթուղթ կստանա: Ռուբեն Հարությունյանն ընդգծել է այդ հայտարարությունը և հավելել, որ այն հաստատում է ծրագրում խնդիրների առկայությունը, որոնք չի կարելի անտեսել: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը մեջբերել է 2023 թվականի փետրվարի 23-ին քաղաքապետարանում տեղի ունեցած գիտաժողովը, որին մասնակցել են գիտնականներ ՀՀ ԳԱԱ ինստիտուտներից և կենտրոններից։ ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչները նշել են, որ գիտաժողովին մասնակցությունը գիտական հաստատության պաշտոնական կարծիքի տրամադրում չէ, և ծրագրում ներգրավված գիտնականները ներկայացրել են սեփական տեսակետերը՝ ակադեմիական ազատության իրենց իրավունքի շրջանակում։ Հանրությանը չի ներկայացվել որևէ գիտահեն հիմնավորում, որտեղ ամփոփված կլինեին առկա խնդիրները և դրանցից բխող հետագա քայլերը: Գնահատելով քննարկման արդյունավետությունը՝ նիստի մասնակիցները ներկայացրել են հետևյալ խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները․ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և նրա կազմում գործող գիտահետազոտական մասնագիտացված կառույցները, այդ թվում ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը, Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը և Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը չեն ստացել և քննարկել «Երևան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր և գեղազարդ ծառերով» ծրագիրը և, հետևաբար, չեն ներկայացրել մասնագիտական կարծիք ծրագրի վերաբերյալ։ ՀՈԱԿ-ին առաջարկվում է ներկայացնել ծրագիրը վերոնշյալ մասնագիտական կառույցներին բազմակողմանի և համապարփակ քննարկում կազմակերպելու համար, քանի որ մասնակից բոլոր գիտահետազոտական կառույցների գիտնականները մի շարք առաջարկություններ և մտահոգություններ հնչեցրին իրականացվող ծրագրի վերաբերյալ, որոնք կարող են ամփոփվել միայն ծրագրի ամբողջական քննարկման արդյունքներով։  Մասնակիցները ողջունելի համարեցին «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից գիտահեն որոշումներին ուղղված քայլերը, սակայն նման լայնամասշտաբ ծրագրերի քննարկումը կառույցի կողմից ստեղծված գիտական խորհրդում՝ փորձագիտական մակարդակում բավարար չէ: Նիստի ընթացքում գիտնականների կողմից ներկայացված բազմաթիվ մտահոգություններ, բացեր և հարցադրումներ պահանջում են հետազոտություններ և առկա տեղեկատվության վերլուծություն։ ՀՈԱԿ-ին առաջարկվում է պատվիրակել մասնագիտացված կառույցներին հետազոտություն, այդ թվում ծառագիտական, առաջարկվող տեսակների կլիմայի փոփոխությանը հարմարվողականության, կենսաբազմազանության պահպանության, սանիտարական ռիսկերի (վնասատուների տարածման) էկոլոգիական ռիսկերի (փոշի, աղմուկ և այլն), առողջապահական և այլ տեսանկյուններից, որը հնարավորություն կտա որոշում կայացնող մարմնին ավելի արդյունավետ իրականացնել կանաչապատման միջոցառումները և հանրության հետ հաղորդակցությունը։ Ներկայացնել ՀՀ ԳԱԱ մասնագիտացված կառույցներին այն գիտական, հետազոտական հենքերը, որոնց հիման վրա որոշում է կայացվել սկսել ծառերի փոխարինումը։ ՀՀ ԳԱԱ-ն պատրաստ է հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել համապատասխան կարծիք: Ծառերի փոխարինման ծրագիրն արդիական է, սակայն ունի կարճաժամկետ բնույթ, և անհրաժեշտ է դիտարկել կանաչապատման և այլ բնապահպանական միջոցառումների իրականացումն ավելի երկարաժամկետ նպատակների և խնդիրների լուծման տեսանկյունից, այդ թվում` ֆունկցիոնալ կանաչապատման, բնահեն լուծումների և լանդշաֆտային-ճարտարապետական առաջադեմ լուծումների կիրառմամբ։ Առաջարկվում է մշակել Երևան քաղաքի երկարաժամկետ բնապահպանական ռազմավարություն։ ՀՀ ԳԱԱ մասնագիտացված կառույցները պատրաստակամ են համագործակցել և իրենց ներդրումն ունենալ հանուն կանաչ և էկոլոգիապես առողջ Երևանի։     4․ Բարձրաձայնվել և քննարկվել են ծառերի կենսունակության վերաբերյալ տրվող գնահատականի հիմքերը։ Մասնավորապես, նշվեց ծառերի կենսունակության և տապալման ռիսկերի գնահատման համար անհրաժեշտ սարքավորումների կիրառման կարևորությունը։ Առաջարկվում է ձեռք բերել անհրաժեշտ սարքավորումներ, որոնց միջոցով հնարավոր կլինի գնահատել ծառի կենսունակությունը, յուրաքանչյուր հատվող ծառի պարագայում ներկայացնել կենսունակության հետազոտության արդյունքները, ինչն իր հերթին կբարձրացնի վստահությունը հանրության շրջանում։ ՀՀ ԳԱԱ համապատասխան մասնագետները պատրաստ են աջակցել «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների վերապատրաստման հարցում։
16:51 - 08 ապրիլի, 2024
«Եթե գիտական կողմը չկա, մնացածը էմոցիոնալ, սիրողական մակարդակի խոսակցություն է». Ավինյանը՝ ծառերի փոխարինման ծրագրի մասին |hetq.am|

«Եթե գիտական կողմը չկա, մնացածը էմոցիոնալ, սիրողական մակարդակի խոսակցություն է». Ավինյանը՝ ծառերի փոխարինման ծրագրի մասին |hetq.am|

hetq.am: Երևանի քաղաքապետարանի ապրիլի 8-ի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ նախորդ շաբաթ էկոակտիվիստների հետ հանդիպմանն ասել էր՝ ժամանակավորապես կդադարեցնեն ծառերի փոխարինման ծրագիրը՝ ակնկալելով, որ որոշակի գիտական շրջանակներից կստանան գրավոր հիմնավորումներ, որոնք նվազագույնը հարցականի տակ կդնեն նախորդ 20-ից ավելի գիտնականների ընդունած փաստաթուղթը։ Ավինյանը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին հարցրեց՝ արդյոք որևէ մեկը ներկայացրել է գրավոր հիմնավորում։ «Որևիցե նորություն չունենք, որևէ մեկը գիտական հանրության կամ գիտնականների կողմից որևիցե հակափաստարկ մինչ այս պահը չի ներկայացրել։ Ավելին, գիտությունների ազգային ակադեմիայում նախաձեռնվել է քննարկում, որին մասնակցել են տարբեր շահագրգիռ գերատեսչություններ։ Բացառությամբ մեկ անձի, բոլոր հիմնական հռետորները խոսում էին, որ թեղիները Երևան քաղաքից պետք է հանվեն, դա ակնհայտ է։ Կենսաբազմանության, Էկոնոսֆերայի ինստիտուտն էր ուզում ներգրավված լիներ, խոստացել եմ, որ գիտատեխնիկական խորհուրդ կհրավիրվեն նաև այդ գերատեսչություններից մեկական գիտնականներ։ Գիտությունների ազգային ակադեմիան ասում էր, որ որևիցե ինստիտուտ մինչ այս պահը չի հետազոտել, դե կներեք, շատ վատ է, որ մինչև էս պահը չի հետազոտել, որովհետև այս խնդիրը 2000-ականներից կախված է Երևանի գլխին և առաջացնում է պրոբլեմներ։ Եթե ինչ-որ մեկը ցանկություն կունենա ավելի ակնհայտ բանն ավելի մանրակրկիտ հետազոտելու, կարծում եմ, դա տվյալ գերատեսչության խնդիրը կլինի»,- հայտնեց Բեգոյանը։ Ըստ նրա՝ ԳԱԱ-ում քննարկման հիմնական մեխն այն էր, որ թեղիները սպառել են իրենց, թեղիները Երևանի կլիմային այդքան էլ հարմար ծառատեսակներ չեն եղել, թեղիները բերվել են Երևան հեշտ և արագ լուծում տալու համար, և որ դրանք պետք է փոխարինվեն հետագա տարիների ընթացքում։ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ նախորդ տարվա փետրվարի 23-ին գիտական աշխատաժողովի ժամանակ 25 գիտնականներ պնդել են՝ Երևան քաղաքի կանաչ տնկարկները լիարժեք չեն կատարում քաղաքային միջավայրին անհրաժեշտ էկոհամակարգային ծառայություններ, սանիտարական, էկոլոգիական և գեղագիտական։ «Եթե կա գիտական դեբատ, մեծ հաճույքով ևս մեկ շրջափուլ անցկացնենք, հասկանանք՝ միգուցե կա որոշակի ճշմարտություն, որ բաց ենք թողել։ Այնուամենայնիվ, որպեսզի խոսակցությունը չլինի սիրողական մակարդակի, եթե գիտական կողմը չկա, մնացածը էմոցիոնալ, սիրողական մակարդակի խոսակցություն է»,- ասաց Ավինյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում   
11:00 - 08 ապրիլի, 2024
ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողով է գումարել՝ ներկայացնելով բարձրագույն կրթության և գիտության ինտեգրման իր առաջարկները

ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողով է գումարել՝ ներկայացնելով բարձրագույն կրթության և գիտության ինտեգրման իր առաջարկները

Հյաստանի գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) ապրիլի 3-ին արտահերթ ընդհանուր ժողով է գումարել և  բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ որոշում ընդունել։ Որոշման մեջ ներկայացված են ինչպես գործընթացի վերաբերյալ Ակադեմիայի դիրքորոշումը, այնպես էլ բուհերի ու գիտական կազմակերպությունների միավորման, գիտության և բարձրագույն կրթության համագործակցության, ԳԱԱ կարգավիճակի մասին առաջարկներ։   Նախապատմությունը Բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունների հետ միավորման մասին խոսակցությունները սկսվեցին «Ակադեմիական քաղաք» ծրագրից։ Ծրագրի բովանդակությոնից և պաշտոնական հայտարարություններից պարզ է դառնում, որ Կառավարությունը որոշել է խոշորացնել պետական ֆինանսավորում ստացող բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները և միավորել դրանք 6 համալսարաններում կամ, այսպես կոչված, կլաստերներում՝ Դասական, Տեխնոլոգիական, Կրթական, Արվեստների, Բժշկական և Սպայական։  Նախատեսված է նաև, որ 2030-ի դրությամբ այս կլաստերներից չորսը տեղակայված են լինելու Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածքում կառուցվելիք ակադեմիական քաղաքում, իսկ երկուսը՝ Դասականը, որը ներառելու է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Բժշականը, որը ներառելու է Երևանի պետական բժշկական համալսարանը, մնալու են մայրաքաղաքում։  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) 2023-ի ամռանը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան բացառապես խոշորացված բուհերն ու դրանց հետ միավորված գիտական կազմակերպությունները։ Այս հայտարարությունից հետևում է, որ 2027-ի դրությամբ պետական ֆինանսավորում ստացող բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները միավորված են լինելու։ Նույն հայտարարությամբ Կառավարությունը բուհերին ու գիտական կազմակերպություններին հրավիրեց մինչև այս տարվա փետրվարի 15-ը միավորման գործընթացի վերաբերյալ հայեցակարգային առաջարկներ ներկայացնելու։ Հայտարարության մեջ նշված էր, որ խոշորացման ընդհանուր դրույթային բազան կմշակվի այդ առաջարկների հիման վրա:  Առաջարկներն արդեն ներկայացված են Կառավարությանը, և «Ակադեմիաքան քաղաք» հիմնադրամն աշխատանքային խմբեր է ձևավորել հայտարարված 6 ուղղությունների համար։ Այժմ աշխատանքային խմբերը քննարկում են, թե ձևավորվելիք կլաստերներից կամ համալսարաններից յուրաքանչյուրում որ բուհերն ու գիտական կազմակերպություններն են ներառվելու։   Ակադեմիայի դիրքորոշումը ԳԱԱ արտահերթ ընդհանուր ժողովում ընդունված որոշման մեջ նախ մի քանի կետերով ներկայացված է Ակադեմիայի դիրքորոշումը․ «Տեղային ու աշխարհաքաղաքական իրողությունների ներկա պայմաններում գիտության և բարձրագույն կրթության ավանդական մոդելի կտրուկ ու արմատական փոփոխությունը նպաստավոր չէ երկու ոլորտների (գիտության և բարձրագույն կրթության,- խմբ․) համար էլ, անթույլատրելի է բոլոր բուհերը և գիտական կազմակերպությունները մեկ վայրում կենտրոնացնելը ռազմավարական ու անվտանգային նկատառումներով, անհրաժեշտ է ապահովել գիտական գործունեության կազմակերպման ձևերի բազմազանություն․ բուհերը պետք է ունենան ժամանակակից գիտահետազոտական բաղադրիչ/միավորներ, սակայն պետք է լինեն նաև ինքնուրույն, առանձին գործող, հիմնականում գիտական և գիտատեխնոլոգիական գործունեություն իրականացնող կազմակերպություններ կամ դրանց համակարգեր, ՀՀ պետական բուհերի խոշորացման ու արդիականացման ընթացքում չպետք է խաթարվի Հայաստանի գիտության կայուն զարգացումն ու գիտատեխնոլոգիական առաջընթացը նպատակահարմար է, որ ԳԱԱ գիտական կազմակերպությունների տնօրենների խորհուրդը քննարկի ակադեմիայի դիրքորոշումները «ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի» վերաբերյալ և դրանք ներկայացնի համապատասխան աշխատանքային խմբերին»: ԳԱԱ-ն Կառավարությանն արդեն ներկայացրել է խոշորացման և միավորման գործընթացի վերաբերյալ իր առաջարկը, որի մանրամասները Ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը դեռ հունվարի սկզբին պատմել էր «Ինֆոքոմին»։ ԳԱԱ-ն առաջարկում է իրականացնել բուհերի ու գիտական կազմակերպությունների մասնակի միավորում և իր կազմում թողնել 8 հետազոտական կենտրոն։ Աշոտ Սաղյանը նաև հանդիպում էր ունեցել վարչապետի հետ ու քննարկել այս թեման։ Դատելով վերջերս մամուլում արտահոսած, ապա պաշտոնապես հաստատված փաստաթղթից, որում ներկայացված են կլաստերների ձևավորման աշխատանքային խմբերի կազմերը, Կառավարությունը չի ընդունել ԳԱԱ առաջարկն ու գնալու է ամբողջական միավորման ճանապարհով, քանի որ Ակադեմիայի գիտական և կրթական բոլոր կազմակերպությունները ներառված են աշխատանքային խմբերում։ Իսկ հենց Գիտությունների ազգային ակադեմիան ներառված չէ աշխատանքային խմբերում, այդ պատճառով է ընդհանուր ժողովի որոշման մեջ Ակադեմիայի գիտական կազմակերպությունների տնօրենների խորհրդին առաջարկվում ԳԱԱ դիրքորոշումները ներկայացնել համապատասխան աշխատանքային խմբերին:    Բարձրագույն կրթության և գիտության ինտեգրում ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողովում ընդունած որոշման մեջ առաջարկում  է նաև գիտության և կրթության ինտեգրման իր տարբերակը․  «Ակադեմիական քաղաքի կլաստերներում ինտեգրվում են այն բուհերը և գիտական կազմակերպությունները և/կամ դրանց կառուցվածքային միավորները, որոնց գործունեությունը գերազանցապես համընկնում է տվյալ կլաստերի գործառույթների հետ (փոխադարձ համաձայնությամբ), ռիսկային գործոնները բացառելու նպատակով կլաստերների ձևավորումն իրականացվում է փուլային տարբերակով (պիլոտային ծրագրերի իրականացում), ակադեմիական քաղաքի կլաստերների ձևավորմանը զուգահեռ ԳԱԱ համակարգում մասնագիտական գործունեության ոլորտներով մոտ գիտական կազմակերպությունների հենքի վրա ձևավորվում են գերազանցության գիտական կենտրոններ/ցանցեր, ինստիտուտներ ու միջազգային կազմակերպություններ (գլոբալ հետազոտական ուղղություններով մեկական կենտրոն), որոնք կարող են համագործակցել հանրապետության բոլոր բուհերի հետ, Հանրապետության գիտական, տեխնոլոգիական և/կամ պաշտպանական խնդիրների լուծման համար ձևավորվում են հատուկ նշանակության գիտական/գիտատեխնոլոգիական կազմակերպություններ, որոնք գործում են վերոնշյալ երկու կառույցներից դուրս»։ Նշենք, որ խոշորացման և միավորան գորընթացում ներառված են ոչ միայն ԳԱԱ ինստիտուտները, այլ ԳԱԱ համակարգից դուրս գործող բոլոր այն կառույցները, որոնք գիտական գործունեության համար ֆինանսավորում են ստանում՝ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան, Էկոնոմիկայի նախարարության Երկրագործության գիտական կենտրոնը և Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնը, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը և այլն։ Իր վերջին ասուլիսի ընթացքում ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, մեր հարցին ի պատասխան, նշեց՝ քննարկումների արդյունքում գուցե որոշվի, որ նախարարությունների ենթակայության ներքո գործող կառույցները շարունակելու են գործել որպես գերատեսչական կազմակերպություններ։    Բուհերի և գիտական կազմակերպությունների համագործակցութուն ԳԱԱ-ն ընդհանուր ժողովի որոշմամբ նաև նշել է բարձրագույն կրթության և գիտության համագործակցության հնարավոր տարբերակներ․  «Հիմնարար հետազոտությունների համատեղ ծրագրերի իրականացում՝ գիտական կենտրոնների/ինստիտուտների հետազոտական ծրագրերում բուհերի գիտական ներուժի և պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավմամբ և հակառակը, համատեղ գիտական/տեխնոլոգիական լաբորատորիաների/կենտրոնների ստեղծում բուհերում` հիմնականում գործնական նշանակություն ունեցող, որոշակի խնդիրների լուծմանը միտված հետազոտություններ իրականացնելու նպատակով՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ԳԱԱ-ի և համատեղ միավորի տեղակայման բուհի միջև պայմանագրերի հիման վրա, բուհերի բազային ամբիոնների ձևավորում գիտական կենտրոններում/ինստիտուտներում` առաջատար գիտնականների ղեկավարությամբ կոնկրետ գիտական և/կամ գիտատեխնիկական խնդիրների լուծման գործընթացներում ուսանողներին ներգրավելու նպատակով, գիտակրթական կլաստերների ձևավորում ըստ բնագավառների ու մասնագիտությունների` բուհ(եր)ի, գիտական կենտրոնների/ինստիտուտների, արտադրական ու տնտեսվարող սուբյեկտների, ըստ անհրաժեշտության նաև պետական կառավարման մարմինների ներգրավմամբ` ուսանողների հմտությունների զարգացմանն ու մասնագիտական ուղու ձևավորմանն աջակցելու նպատակով»։ Ակադեմիան նաև առաջարկում է դառնալ գիտահետազոտական կազմակերպությունների համակարգ, որը կհամագործակցի տարբեր կողմերի հետ․ «Հաշվի առնելով Հայաստանի գիտական կազմակերպությունների և բուհերի ինստիտուցիոնալ կարողությունների արդի մակարդակը` գտնում ենք, որ ներկա իրավիճակում անհրաժեշտ է զարգացնել ԳԱԱ-ն՝ որպես գիտահետազոտական կազմակերպությունների համակարգ, որը մի կողմից համագործակցում է բուհերի հետ՝ ապահովելով գիտական արդյունքի ձեռբերման և կրթության համար ակտիվ գիտական միջավայր, մյուս կողմից՝ պետական գերատեսչությունների ու տնտեսության մասնավոր հատվածի հետ՝ պետական գիտատեխնոլոգիական, այդ թվում՝ պաշտպանական, պատվերների ձևավորմանն ու դրանց կատարմանը մասնակցելու և տնտեսական շրջանառության մեջ գիտական արդյունքների ներդրմանը խթանելու նպատակով»: Բուհերի խոշորացման և գիտական կազմակերպություների հետ միավորման վերաբերյալ Կառվարության դիրքորոշումը կարող եք կարդալ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի հետ մեր հարցազրույցում։    Աննա Սահակյան
16:07 - 05 ապրիլի, 2024
ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովն ընդունել է որոշում գիտության և կրթության ինտեգրման հարցի վերաբերյալ

ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովն ընդունել է որոշում գիտության և կրթության ինտեգրման հարցի վերաբերյալ

Սույն թվականի ապրիլի 3-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ արտահերթ ընդհանուր ժողովը։ Օրակարգում ՀՀ պետական ԲՈՒՀ-երի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման հարցի քննարկումն էր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։  «Ընդհանուր ժողովը բացեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ Նա նշեց, որ ընդլայնված ժողովը հրավիրվել է ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրենների առաջարկությամբ։ ՀՀ ԳԱԱ նախագահը ներկայացրեց, որ մինչև 2022թ․ կեսերը ՀՀ կառավարությունում զարգացվում էր Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում խոշորացված գերազանցության կենտրոնների ստեղծման ռազմավարությունը։ «Կար որոշում յուրաքանչյուր տարի առնվազն երկու խոշորացված գերազանցության կենտրոն ստեղծել ԳԱԱ կազմում»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը։ Նա նշեց, որ ՀՀ ԳԱԱ նախագահությունն ընդունել է երկու կենտրոնների ստեղծման որոշում և ուղարկել  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ Այդ ժամանակ քննարկվում էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որում ևս նշված էր ԳԱԱ կազմում խոշոր կենտրոնների ստեղծման մասին։ Սակայն այդ օրինագիծը ՀՀ կառավարությունում ընթացք չի ստացել։ «Հետագայում հասկացանք, որ դա կապված էր ակադեմիական քաղաքի գաղափարի հետ»,- ասաց Աշոտ Սաղյանը։ Նա նշեց, որ, այնուհետև, քննարկվում էր ԲՈՒՀ-երի և ԳԱԱ ինստիտուտների ինտեգրման հարցը։ «Այդ ժամանակ նախարարությունն ընդունեց ԳԱԱ ներկայացրած տարբերակը կրթության և գիտության ինտեգրման վերաբերյալ։ Գաղափարը փոխվեց աստիճանաբար, առաջ եկավ մասնակի միավորման, որից հետո միավորման գաղափարը, ստեղծվեց աշխատանքային խումբ, ես էլ էի ներգրավված», - ասաց Աշոտ Սաղյանը։ «Աշխատանքային խումբը մի քանի ամիս ակտիվ աշխատել է։ ՀՀ ԳԱԱ-ն ներկայացրել է իր տարբերակը։ Այնուհետև, Գիտության կոմիտեն ներկայացրեց ակադեմիայի առաջարկի լրիվ հակառակ տարբերակը։ Մեր վերջին հանդիպումը եղել է 2023թ․ հունվարի 3-ին, երբ ԲՈՒՀ-երի հետ կապված ընդունվեց որոշում։ Ինստիտուտների ինտեգրման հետ կապված հարցադրմանը եղավ արձագանք, որ կլինի լրացուցիչ քննարկում, կամ կառավարությունը կորոշի, թե որ առաջարկն է առաջ տանում։ Դրանից հետո մինչ օրս որևէ քննարկում չի եղել։ Սակայն վերջերս վարչապետի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է ակադեմիայում առկա խնդիրները և բարեփոխումների պլանը։ Վարչապետը նշել է, որ դեռևս վերջնական քննարկում չի եղել և վերջնական տարբերակ չկա», - ասաց Աշոտ Սաղյանը։  Նա հայտնեց, որ, այնուհետև, ԳԱԱ-ն համակարգի ինստիտուտների գիտական խորհուրդների որոշումներով ընդունված դիրքորոշումների հիման վրա  76 էջանոց փաստաթուղթ է ուղարկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ Դրանից մոտ երկու շաբաթ հետո շրջանառության մեջ է դրվել փաստաթուղթ, որում արդեն ԳԱԱ ինստիտուտները բաշխված են ըստ կլաստերների, և ստեղծված են աշխատանքային խմբեր։ Այդ աշխատանքային խմբերում ակադեմիան չի ներառվել։ «Այսինքն, կարելի է ենթադրել, որ մեր ինստիտուտների առաջարկները չեն քննարկվել կամ չեն ընդունվել։ Այդ ժամանակ մենք ստացանք ահազանգներ մեր տնօրեններից, առաջարկեցին հավաքվել, քննարկել և գալ ընդհանուր դիրքորոշման։ Դրա համար հրավիրվել է այս արտահերթ ժողովը»,- ասաց Աշոտ Սաղյանը։ ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ ՀՀ  ԳԱԱ-ում բարեփոխումներ անելու համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, կանոնադրական փոփոխություններ, անհրաժեշտ է անցկացնել ՀՀ ԳԱԱ անդամների ընտրություններ։ «Առնվազն 4 անգամ մենք դիմել ենք այդ հարցերով, սակայն ընթացք չի ստացել։  Տարբեր երկրներում, այդ թվում՝ և եվրոպական, ես վերջերս շատ եմ եղել, տարբեր պետությունների ակադեմիաների հետ պայմանագրեր ենք կնքել, հանդիպել և խոսել եմ պետական լիազոր մարմինների ներկայացուցիչների հետ։ Բոլորն էլ բարձր կարծիքի են հայկական գիտության, հայոց Գիտությունների ազգային ակադեմիայի մասին, հարգալից վերաբերմունք բոլոր պետություններում բացի մեկ պետությունից»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը։ Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի ավագ գիտաշխատող Գայանե Շաբոյանը,  ՀՀ ԳԱԱ  Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վիգեն Թոփուզյանը, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի և գիտատեխնոլոգիական կենտրոնի ավագ գիտաշխատող Արփինե Հարությունյանը, պատմաբան Ալեքսան Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ  Արթուր Իշխանյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովի որոշման նախագիծը։ ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովն ընդունեց որոշման նախագիծը, որը հնչած առաջարկների հիման վրա կլրամշակվի և կդրվի շրջանառության մեջ»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
14:21 - 05 ապրիլի, 2024
Ակադեմիական քաղաքի կառուցվածքը հայտնի կդառնա հավանաբար 2025-ին․ մամուլում շրջանառվող ցանկում աշխատանքային խմբերի կազմն է

Ակադեմիական քաղաքի կառուցվածքը հայտնի կդառնա հավանաբար 2025-ին․ մամուլում շրջանառվող ցանկում աշխատանքային խմբերի կազմն է

Մարտի 7-ին armlur.am կայքը հրապարակել էր մի ցանկ, որտեղ նշված էր, թե ակադեմիական քաղաքում և դրանից դուրս կառուցվելիք կլաստերներից յուրաքանչյուրում գիտական որ կազմակերպություններն ու բուհերն են միավորվելու։  Այսօր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարաությունը (ԿԳՄՍՆ) հայտարարություն տարածեց՝ նշելով, որ հրապարակված ցանկը «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի աշխատանքային նամակագրությունից արտահոսք է, իսկ  կլաստերների կառուցվածքը դեռևս մշակման փուլում է։    Նախապատմությունը Ամեն բան սկսվեց 2023-ի ամռանը, երբ Կառավարությունը հրապարակեց «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի նախագիծը։ Հայեցակարգից և պաշտոնական մակարդակում արված հետագա հայտարարություններից պարզ դարձավ, որ Կառավարությունը որոշել է խոշորացնել պետական ֆինանսավորում ստացող բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները և միավորել դրանք 6 կլաստերներում՝ Դասական, Տեխնոլոգիական, Կրթական, Արվեստների, Բժշկական և Սպայական։ Նախատեսված է նաև, որ 2030-ի դրությամբ այս կլաստերներից չորսը տեղակայված են լինելու Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածքում կառուցվելիք ակադեմիական քաղաքում, իսկ երկուսը՝ Դասականը, որը ներառելու է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Բժշականը, որը ներառելու է Երևանի պետական բժշկական համալսարանը, մնալու են մայրաքաղաքում։ 2023-ի հոկտեմբերին Կառավարությունն ընդունեց «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը։ ԿԳՄՍՆ-ն 2023-ի ամռանը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան բացառապես խոշորացված բուհերն ու դրանց հետ միավորված գիտական կազմակերպությունները։ Այս հայտարարությունից հետևում է, որ 2027-ի դրությամբ պետական ֆինանսավորում ստացող բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները միավորված են լինելու։ Նույն հայտարարությամբ Կառավարությունը բուհերին ու գիտական կազմակերպություններին հրավիրեց մինչև այս տարվա փետրվարի 15-ը միավորման գործընթացի վերաբերյալ հայեցակարգային առաջարկներ ներկայացնելու։ Հայտարարության մեջ նշված էր, որ խոշորացման ընդհանուր դրույթային բազան կմշակվի այդ առաջարկների հիման վրա: ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը նշեց, որ իրենք գիտական կազմակերպություններին, բուհերին, շահառու այլ կողմերին խնդրել էին նաև առաջարկել մեկական կամ երկուական թեկնածուների, որոնք ներառվելու էին կլաստերների կառուցվածքը որոշելու համար ստեղծվելիք աշխատանքային խմբերում։ ԿԳՄՍՆ-ի այսօրվա հայտարարությունից պարզ է դառնում, որ հայեցակարգային առաջարկների ամփոփումից հետո արդեն ձևավորվել են այդ աշխատանքային խմբերը, և հաստատվել են դրանց նախնական կազմերը։ Մարտի 7-ին «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը յուրաքանչյուր աշխատանքային խմբում ներառված կազմակերպությունների կազմն ուղարկել է այդ կազմակերպությունների ներկայացուցիչներին։  Կոմիտեն պնդում է, որ մամուլում տարածվել է հենց վերոնշյալ աշխատանքային խմբերում ներկայացված կազմակերպությունների ցանկը։ Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Սարգիս Հայոցյանը հիշեցրեց, որ մամուլում տարածված ցանկում կային նաև «Գիտուժ» նախաձեռնությունն  ու Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), որոնք չէին կարող ներառվել որևէ կլաստերում։ Կոմիտեի նախագահը, սակայն, չբացառեց, որ խոշորացման գործընթացը կհամընկնի այդ ցանկի հետ։   Ակադեմիական քաղաք․ ինչ նորություններ կան Ի պատասխան «Ինֆոքոմի» հարցի, թե, ի վերջո, երբ է հայտնի դառնալու կլաստերների կառուցվածքը, Սարգիս Հայոցյանը նշեց 2025 թվականը՝ որպես հավանական ժամկետ։ Թե որ կառույցներն են իրար միավորվելու, որոշելու են ձևավորված աշխատանքային խմբերը։ Կառավարությունն այս պահին հայեցակարգային առաջարկներ է ստացել 11 բուհից, Գիտությունների ազգային ակադեմիայից (ԳԱԱ), Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայից։ Բուհերից 6-ը գրավոր առաջարկ չի ներկայացրել, բայց կներգրավվի աշխատանքային խմբերում։  Մամուլում արտահոսած փաստաթղթում բացակայում էին Սպայական կլաստերի մասին տեղեկությունները։ Մեր հարցին ի պատասխան՝ Սարգիս Հայոցյանը նշեց՝ այդ կլաստերում ներառվող կազմակերպություները լինելու են գերատեսչական հիմնարկներ, այդ պատճառով էլ կլաստերի ձևավորումը հանրային գործընթաց չէ։ Մեր դիտարկմանը, թե աշխատանքային խմբերում ներառված են նաև այլ գերատեսչական կառույցներ, օրինակ՝  Էկոնոմիկայի նախարարության Երկրագործության գիտական կենտրոնը, Կոմիտեի նախագահը նշեց՝ իրենք միավորվելիք կազմակերպությունների ցանկում ներառել են բոլոր այն կառույցները, որոնք Կոմիտեից պետական ֆինանսավորում են ստանում։ Նրա խոսքով, սակայն, քննարկումների արդյունքում կարող է որոշվել, որ այդ կենտրոնները շարունակելու են գործել որպես գերատեսչական կազմակերպություններ։  Ասուլիսի ընթացքում Սարգիս Հայոցյանն, ի պատասխան լրագրողների հարցերի, հայտնեց, որ ձևավորվելիք ամեն կլաստեր ունենալու է նաև ավագ դպրոց և մասնագիտական կրթական հաստատություն՝ քոլեջ։ Կոմիտեի նախագահը չբացառեց նաև վարձերի թանկացման մասին լուրերը՝ նշելով, որ ուսման վարձերը համապատասխանեցվելու են մատուցված կրթության որակին, և կրթաթոշակային ավելի թիրախային ծրագրեր են լինելու։  Սարգիս Հայոցյանը կրկին հիշեցրեց, որ գիտական ոչ մի կազմակերպություն չի փակվելու․ խոսքը խոշորացման և բուհերի հետ միավորան մասին է։    Գիտությունների ազգային ակադեմիայի ճակատագիրը Աշխատանքային փաստաթղթի արտահոսքից պարզ է դառնում, որ ստեղծվելիք կլաստերների ուղղությամբ ձևավորված աշխատանքային խմբերում ներառված են ոչ միայն ԳԱԱ ինստիտուտները, այլ նաև նրա այլ կառույցներ, ինչպիսիք են Գիտակրթական միջազգային կենտրոնը, Փորձաքննությունների ազգային բյուրոն։ Սա նշանակում է, որ այս կառույցները ևս ներառվելու են կլաստերներում։ Մեր հարցին՝ արդյոք քննարկումներ կա՞ն, թե ինչ կարգավիճակ է ունենալու Ակադեմիան, եթե նրա գիտական և կրթական բոլոր կառույցները ներառվելու են ձևավորվելիք կլաստերներում, Կոմիտեի նախագահը պատասխանեց․ «Այն մասին, որ Ակադեմիայի կառուցվածքում կազմակերպություններ չպետք է լինեն, վաղուց է խոսվում։ Մեր տեսլականով Ակադեմիան պետք է զբաղվի մտավոր ներուժի համակարգմամբ»։ Հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք քննարկվո՞ւմ է Ակադեմիայի՝ մասնակի միավորման առաջարկը։ «Այդ տարբերակը քննարկվելու է, բայց ակնհայտ է, որ պետության քաղաքականությանը հակընդդեմ առաջարկ է»,- մեր հարցին ի պատասխան՝ նշեց Սարգիս Հայոցյանը։   Կոնսերվատորիայի շուրջ աղմուկը Ասուլիսի ընթացքում հարցերի մեծ մասը վերաբերում էր Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային։ Մամուլում շրջանառվող տեղեկություններից հետո Կոնսերվատորիայի ռեկտորը հայտարարություն էր տարածել՝ նշելով գործընթացին բուհի անհամաձայնության մասին։ Անդրադառնալով այս հարցին՝ Սարգիս Հայոցյանը նշեց, որ բոլորն ազատ են արտահայտելու իրենց կարծիքը՝ թե՛ դրական, թե՛ բացասական։  Ի պատասխան վերջին օրերին հնչող մտահոգություններին, թե Կոնսերվատորիան կապված է իր մշակութային միջավայրին, Կոմիտեի նախագահն ասաց, որ ակադեմիական քաղաքը միայն բուհական և գիտական միջավայր չի լինելու․ «Նախատեսված է, որ ինտելեկտուալ և մշակութային ժամանցի կենտրոն է լինելու։ Մեծ համերգասրահ է լինելու»։ Հայոցյանի պնդմամբ Երևանից ակադեմիական քաղաք հասնել հնարավոր է լինելու 30 րոպեում։ Նա նշեց, որ կառուցվելիք ակադեմիական քաղաքը Երևանին կապող գնացք է գործելու։  Հարցին՝ եթե Կոնսերվատորիան ամեն դեպքում չհամակերպվի միավորմանն ու տեղափոխությանը, ի՞նչ է սպասվում, Սարգիս Հայոցյանը նշեց՝ իրենք լավագույնը կանեն՝ ներկայացնելու ծրագրի դրական կողմերը, ապա հիշեցրեց, որ 2027-ից պետական ֆինանսավորում են ստանալու միայն խոշորացված գիտական կազմակերպությունները։   Գլխավոր լուսանկարում՝ Սարգիս Հայոցյանը (նկարը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի) Աննա Սահակյան
18:46 - 11 մարտի, 2024
Կենդանիների առևտուր. Հայաստան ներմուծվող կենդանիների անհայտ ճակատագրերը և պետության լուռ համաձայնությունը

Կենդանիների առևտուր. Հայաստան ներմուծվող կենդանիների անհայտ ճակատագրերը և պետության լուռ համաձայնությունը

2017-2022 թվականներին ամբողջ աշխարհից Հայաստան են ներմուծվել գրեթե 4000 վայրի կենդանիներ, որոնց մեծամասնության ճակատագիրն անհայտ է մնում վիճակագրության բացակայության և մաքսային տվյալների ոչ լիարժեքության պատճառով։  ՀՀ շրջակա միջավայրի նախարությունը (ՇՄՆ), Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ), իսկ որոշ դեպքերում՝ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ), Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) վայրի կենդանիների առևտրի թույլտվություններ և եզրակացություններ տրամադրող մարմիններ են, բայց չեն տիրապետում ներմուծված և արտահանված կենդանիների մասին ամբողջական տեղեկությունների։  Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսային ծառայությունը նույնպես չի տիրապետում կենդանիների ներմուծման և արտահանման վերաբերյալ լիարժեք տեղեկությունների, ինչպես իրենք են նշում, «օբյեկտիվ և սուբյեկտիվ» պատճառներից ելնելով, ինչպիսիք են, օրինակ, թերի լրացված մաքսային փաստաթղթերը։    Հարավաֆրիկյան Հանրապետությունից (ՀԱՀ) Հայաստանի միջոցով դեպի Ռուսաստանի մասնավոր ընկերություններ 2021 թ. ՀԱՀ-ից Հայաստան են ներմուծվել 45 ընձուղտներ։ Նրանցից մեկն անկել է տեղափոխման ընթացքում, ևս մեկը՝ արդեն Հայաստանում։ Մյուս ընձուղտների ճակատագիրն անհայտ է։  Հայաստան ներմուծվելուց ամիսներ անց ընձուղտներից 30-ին վաճառելու գործարքներ են կնքվել։ Նրանցից 12-ի համար տրվել են վերաարտահանման թույլտվություններ դեպի ՌԴ Տուլա քաղաքում գտնվող «Օվացիա» ՍՊԸ, որը զբաղվում է սննդամթերքի, այդ թվում՝ մսի և մսամթերքի մանրածախ առևտրով։ Եվս 12 ընձուղտներ պետք է ուղևորվեին «Յալթինսկիյ զօօպարկ «ՍԿԱԶԿԱ»» ՍՊԸ, իսկ մյուս 6 ընձուղտների արտահանման թույլտվությունը ստացել է ՖՏՂ ԱՁ Խաչատուրյան Էդուարդ Սերգեեվիչը, որի անունը մեկ անգամ չէ, որ շրջանառվել է մամուլում Հայաստանից ՌԴ վայրի կենդանիների  տեղափոխման կասկածելի գործարքների շրջանակում։ Այս բոլոր գործարքները, սակայն, տեղի չեն ունեցել, քանի որ դեռևս 2020 թ․ ՌԴ Ռոսսելխոզնադզոռը արգելել է ՀԱՀ ծագմամբ և դաբաղ հիվանդության նկատմամբ զգայուն կենդանիների մուտքը Ռուսաստան։  Ընձուղտներին Հայաստան է ներմուծել «Ֆաունա Զօօ» ՍՊԸ-ն, որի սեփականատերերը նախկինում կենդանիների առևտրի գործարքներ են իրականացրել «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ի միջոցով, որը 2017-ին սնանկացել է, իսկ հիմա արդեն լուծարվում է։ Սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանը «Ինֆոքոմին» հայտնել է, որ տարածքը, որտեղ գրանցված է այս ընկերությունը, գրավադրված է և շուտով վաճառվելու է: Վաճառքը հետաձգվում է հողի կարգավիճակի հետ կապված խնդրի պատճառով։ Հայաստանի նվազագույնը չորս պետական կառույցներ թույլ են տվել, որ ներմուծման այս գործարքը կայանա՝ տալով թույլտվություններ և դրական մասնագիտական եզրակացություններ։ Այդ պետական կառույցներն են, մասնավորապես, ՀՀ շրջակա միջավայրի նախարությունը (ՇՄՆ), Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ), Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ), ինչպես նաև՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ)։ Այս կառույցներից որևէ մեկը, սակայն, լիարժեք տեղեկություններ չի տրամադրում կենդանիների ներկայիս իրավիճակի վերաբերյալ։    Ի՞նչ կապ ունի ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն ընձուղտների ներմուծման հետ Բնության պահպանության միջազգային միության (IUCN/ԲՊՄՄ) դիտարկումները ցույց են տալիս, որ վերջին տասնամյակների ընթացքում ընձուղտների քանակն էականորեն նվազել է։ 1985-2015 թվականների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընձուղտների պոպուլյացիան 36-40%-ով կրճատվել է, ինչի պատճառը մարդու կողմից շահագործման ծավալների աճը (անթրոպոգեն գործոն) և արեալների կրճատումն է։  2016 թվականից ընձուղտներն ընդգրկվել են IUCN կարմիր ցուցակում և ստացել VU (խոցելի) կարգավիճակ։ IUCN-ը հաշվարկում է ընձուղտների մոտ 68 հազար 293 հասուն առանձնյակ։ 2019 թվականից ընձուղտներն ընդգրկվել են CITES («Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին») կոնվենցիայի 2-րդ հավելվածում, ինչն ավելի է ընդգծում այս կենդանիներին մշտական ուշադրության կենտրոնում պահելու և պաշտպանելու անհրաժեշտությունը։ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը Շրջակա միջավայրի նախարարությանը գրավոր եզրակացություն է ուղարկել, ըստ որի՝ ընձուղտները Հայաստանի բնական կենսամիջավայրում չեն կարող գոյատևել։ Միևնույն ժամանակ, նույն եզրակացությունում ասվում է, որ «Ֆաունա Զօօ» ՍՊԸ-ի տարածքները համապատասխանում են կենդանիների խնամքի բոլոր միջազգային նորմերին և ստանդարտներին, հետևապես՝ կենդանիները կարող են ժամանակավոր պահվել այդ ընկերության տարածքում։ Այդպիսով, գիտական կենտրոնն առանց որևէ գիտական հիմնավորման չի առարկել 45 ընձուղտների ներմուծումը։ Պաշտոնական փաստաթղթերում ընձուղտների ներմուծման նպատակ է նշվել կենդանիների առևտուրը և բուծումը։ Այսինքն, կենդանիների ներմուծման հիմնական նպատակը հետագա վերավաճառքն է։ ԳԱԱ գիտական կենտրոնի մասնագիտական եզրակացության մեջ հաշվի չեն առնվել ներմուծման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասը, կլիմայական պայմանների փոփոխության ազդեցությունը կենդանիների վրա, ինչպես նաև կենդանիներին անազատ պայմաններում պահելու ազդեցությունները։    Ընձուղտներ և այլ վայրի կենդանիներ, որոնց ոչ ոք չի տեսել և չի լսել 2021 թ․ Հայաստան ներկրված 43 ընձուղտների գտնվելու վայրը և պահման պայմանները պարզելու համար մենք մի քանի անգամ փորձել ենք կապ հաստատել «Ֆաունա Զօօ» ընկերության հետ, բայց ապարդյուն․ մեր հարցերին հրաժարվել են պատասխանել։  «Ֆաունա Զօօ» ընկերությունը գրանցված է Գ․ Մահարի 148 հասցեում (Էրեբունի վարչական շրջան)։ Հենց այս հասցեն է բոլոր փաստաթղթերում նշվում որպես կենդանիների ներմուծման վայր։ Ենթադրելով, որ ՀԱՀ-ից բերված ընձուղտներն այս հասցեում են, մենք դեռ 2022-ին ՍԱՏՄ գրավոր հարցում էինք ուղարկել՝ տարածքում պահվող կենդանիների վերաբերյալ։  ՍԱՏՄ-ից հրաժարվել են տրամադրել ընձուղտների քանակի մասին ճշգրիտ տվյալներ, բայց ընդհանրական պատասխանել են, որ տվյալ հասցեում պահվում են ընձուղտներ, զեբրեր, այծքաղներ, տնական այծեր, վագրեր, առյուծներ, կապիկներ, թութակներ և շնազգիներ։ Սա Գ․ Մահարի 148 հասցեում գտնվող ընձուղտների վերաբերյալ վերջին պաշտոնական տեղեկությունն է, որը մենք ունենք, քանի որ նույն թեմայի շուրջ մեր հետագա հարցերին ՍԱՏՄ-ն և ԲԸՏՄ-ն հրաժարվել են պատասխանել՝ հիմնվելով տնտեսվարող սուբյեկտի կողմից գրավոր համաձայնության բացակայության վրա։  Մեր այցելությունը «Ֆաունա Զօօ» ՍՊԸ գործող տարածք նույնպես որևէ նոր բան չտվեց։ Գ․ Մահարի փողոցը բնակելի է, սովորական երևանյան փողոց, սակայն անգամ հարևանությամբ բնակվող մարդիկ չգիտեն իրենց կողքին ապրող վայրի կենդանիների մասին։ Նրանք չեն տեսել, չեն լսել և չեն զգացել նման քանակի կենդանիների ներկայություն իրենց թաղամասում։ Սա այն դեպքում, երբ ՊԵԿ, ՇՄՆ և ՍԱՏՄ տվյալների համաձայն՝ այս տարածքում հավանաբար պահվում են 43 ընձուղտ, 20 զեբր, 49 այծքաղ, 20 կոկորդիլոս, 20 կարակալ, 20 սերվալ, 20 գենետա կատու, առյուծներ և վագրեր։    Ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները ՊԵԿ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ 2017-2022 թվականներին  տարբեր երկրներից Հայաստան են ներմուծվել 3941 վայրի և էկզոտիկ կենդանիներ, որոնք ունեն պահպանման տարբեր կարգավիճակներ։ Ամբողջական հաշվառման բացակայության պատճառով այս կենդանիների մեծ մասի ճակատագիրը, կարգավիճակը, գտնվելու վայրը և պահման պայմաններն անհայտ են։  Հայաստան ներմուծված և Հայաստանից արտահանվող վայրի կենդանիների քանակն ու մաքսային արժեքը, 2017-2023 Ներմուծված կենդանիներից արտահանվել են միայն 703-ը, որոնք հիմնականում եղել են փոքր թռչուններ։ Այսինքն, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանի տարածքում պետք է գտնվի 3238 ներմուծված կենդանի, բայց ոչ մի պետական կառույց, այդ թվում՝ Շրջակա միջավայրի նախարարությունը, որը տրամադրում է կենդանիների ներմուծման թույլտվությունները, չի տրամադրում կենդանիների գտնվելու վայրի և կարգավիճակի մասին ամբողջական տեղեկություններ։  Ներմուծված կենդանիների մի մասին՝ որպես զվարճանքի միջոցների, կարելի է հանդիպել տարբեր մասնավոր տարածքներում, օրինակ՝ ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի տանը, կամ «Հրաշք այգի» ռեստորանում, որի սեփականատերը, ըստ պետական ռեգիստրի տվյալների, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդի որդին է։ Իսկ կապիկներն, օրինակ, Հայաստանում շատերի համար հեշտ ձեռքբերում են դարձել։ Ավելին՝ կենդանիների վաճառքի գործում իրենց ներդրումն ունեն նաև ինֆլյուենսերները։    «Կոնվենցիան ուղղված է կենդանական աշխարհի պահպանությանը, ոչ թե նրանց առևտուրը խթանելուն» Հայաստան ներմուծման հիմնական գործընկեր երկրները Հարավաֆրիկյան Հանրապետությունն (18 կենդանատեսակ) ու Բենինն (16 կենդանատեսակ) են։ Աֆրիկյան այս երկրները հայտնի են հարուստ կենդանական աշխարհով, միևնույն ժամանակ՝ որսագողերով ու կենդանիների թրաֆիքինգով զբաղվողներով։ «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիան (CITES), ըստ վտանգվածության աստիճանի,  կենդանատեսակները բաժանում է 3 հավելվածի՝  I, II և III։ I հավելվածում անհետացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակներն են, և այս նմուշների տեղափոխումը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում։ ՍԻԹԵՍ արտոնագիրը տրամադրվում է և՛ արտահանող, և՛ ներմուծող երկրի կողմից։  II հավելվածում ընդգրկված տեսակները վտանգված են և պետք է գտնվեն մշտական վերահսկողության ներքո։ ՍԻԹԵՍ արտոնագիրը տրամադրվում է միայն արտահանող երկրի կողմից։  III հավելվածում ներառված կենդանատեսակներն ավելի քիչ վտանգված են, սակայն նրանց տեղափոխումը ևս վերահսկվում և հաշվարկվում է, իսկ արտոնագիր չի պահանջվում։  2017-2022 թթ․ Հայաստան է ներմուծվել անհետացման վտանգի տակ գտնվող 9 (I հավելված) և վտանգված 32 (II հավելված) կենդանատեսակ։ Մնացած կենդանատեսակները ներառված են III հավելվածում կամ դեռևս չեն ընդգրկվել Կոնվենցիայի ցանկում։  Հաճախ Կոնվենցիայի նպատակը սխալ է ընկալվում և մեկնաբանվում հատկապես Հայաստանում և աֆրիկյան այն երկրներում, որտեղից հաճախ են կենդանիներ ներմուծում։ Կենսաբանական գիտությունների թեկնածու, միջազգային փորձագետ, ՄԱԿ միջազգային կոնվենցիաների նիստերի մասնակից Մարիա Վորոնցովան պարզաբանում է․ «Այս կոնվենցիան ստեղծվել է, երբ պարզվել է, որ կենդանիներին կտրում են բնությունից և պտտում ամբողջ աշխարհով, իսկ ՍԻԹԵՍ-ը այն փաստաթուղթն է, որը այս ամենը կարգավորում է և փորձում է ինչ-որ կերպ կանգնեցնել ընթացքը։ ՍԻԹԵՍ-ը հենց միջսահմանային տեղափոխման մասին է։ Շատերը կարծում են, թե սա առևտրային կոնվենցիա է, բայց այդպես չէ։ Այն կարգավորում է սահմանների միջև տեղափոխումը և ուղղված է կենդանական աշխարհի պահպանությանը, ոչ թե առևտուրը խթանելուն։ ՍԻԹԵՍ երկրները պետք է ունենան իրենց ներքին օրենսդրությունը, որը համապատասխանում է Կոնվենցիային կամ դրանից խիստ է։ Օրինակ՝ Ավստրալիան, որտեղ թութակների շատ տեսակներ կան, ամբողջությամբ արգելել է դրանց արտահանումը և արել է դա ՍԻԹԵՍ-ի ամրապնդման համար։ Կոնվենցիան այդպիսի բան չի պահանջում, բայց Ավստրալիան հպարտանում է իր կենդանական աշխարհով և կարծում է, որ պետք չէ թութակներին հանել երկրից, քանի որ արդյունքում, որպես կանոն, ոչ մի լավ բան տեղի չի ունենում․ նրանք մահանում են»։  Մեկ այլ փորձագետի՝ EAZA (European Association of Zoos and Aquaria) կենդանաբույժ-խորհրդատու Իման Մեմարիանի կարծիքով կենդանիների առևտրում մեծ է նաև կոռուպցիոն ռիսկը․ «Ցավոք սրտի, Կոնվենցիան չի ստուգում պահման պայմանները և այն, թե արդյո՞ք երկիրն առհասարակ ունի հնարավորություն կենդանուն պահելու, թե՞ ոչ։ Այստեղ շատ կոռուպցիոն դրսևորումներ կան՝ մինչև անգամ արտոնագրի տրամադրումը»։   Կենդանիները վերավաճառում են մի քանի անգամ ավելի էժան, քան գնել են  Այն դեպքերում, երբ կենդանիների հետքը հնարավոր է լինում գտնել մաքսային տվյալների օգնությամբ, ի հայտ են գալիս կասկածելի բիզնես գործարքներ։ Օրինակ՝ 2020 թ․ Բենինից ներմուծվել են 4 աֆրիկյան մարաբուներ, որոնց ընդհանուր մաքսային արժեքը 647 400 դրամ է, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրն արժեցել է 168 600 դրամ։ 2021 թ․ ներմուծվել են ևս 10 մարաբուներ՝ 1 082 000 դրամ մաքսային արժեքով, յուրաքանչյուր թռչնի արժեքը՝ 108 260 դրամ։  Այս թռչուններից 7-ը արտահանվել է Ուկրաինա անհամեմատ ավելի ցածր մաքսային արժեքով՝ յուրաքանչյուրը՝ 35 800 դրամ, ընդհանուր արժեքը կազմել է 250 840 դրամ։ Այսինքն, վաճառքի գինը բազմակի  անգամ ավելի ցածր է, քան ներմուծման արժեքը։  Գնի այսպիսի ճեղքվածքը վկայում է ոչ այնքան շահավետ բիզնեսի, որքան՝ բարեգործության կամ վնասի կրման։ Այս գործարքը, հավանաբար, իրականացվել է «Երզնկյան Զօօ Ցենտր» ՍՊԸ կողմից, քանի որ, ըստ արտահանման թույլտվությունների, հենց այս ընկերությունն է 2021 թ․ 7 աֆրիկյան մարաբուի վերաարտահանման թույլտվություն ստացել ՇՄՆ կողմից։  Այս հանգամանքը պետք է որ ազդանշան հանդիսանար ՊԵԿ-ի համար ավելի մանրամասն և արդյունավետ ուսումնասիրելու միևնույն օբյեկտի ներմուծման ու արտահանման տվյալները, քանի որ նման գնային տարբերությամբ ներմուծումն ու արտահանումը կարող են հարկերից խուսափելու ռիսկ պարունակել։   Ի վերջո, ո՞վ է պատասխանատուն Վայրի կենդանիների առևտրի և դրանում Հայաստանի մասնակցության թեման կարելի է ուսումնասիրել երկար, քանի որ քիչ չեն անհետացած 43 ընձուղտների նման պատմությունները։ Վերջում, սակայն, ամենակարևոր հարցը մնում է անպատասխան․ որտե՞ղ են և ի՞նչ վիճակում են այժմ այդ կենդանիները։  Կարծես թե տեղական և միջազգային իրավական կարգավորումներն այս հարցի պատասխանը պատվիրակել են պետական մարմիններին, սակայն փաստերն այդ մասին չեն խոսում։  ՍԻԹԵՍ կոնվենցիան ամբողջ աշխարհում վայրի կենդանիների տեղափոխման ընդհանուր կանոններ և ստանդարտներ է մշակում, ինչի արդյունքում էլ ստեղծվել է երկրների ներսում թույլտվությունների տրամադրման համակարգը։ Այդ համակարգի գործունեության համար պատասխանատու են համապատասխան պետական կառույցները։ Հայաստանում համակարգող մարմինը Շրջակա միջավայրի նախարարությունն է, իսկ գիտական ուղղությամբ պատասխանատու մարմինը՝ Գիտությունների ազգային ակադեմիան։  Ակնհայտ է, որ նախարարությունը պահպանության կարիք ունեցող վայրի կենդանիների ներմուծման ու արտահանման բազմաթիվ թույլտվություններ է տալիս, ինչը կարող է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող գործոն հանդիսանալ։  Հայաստանում շատ անգամներ են արձանագրվել կենդանիներին որպես զվարճանքի միջոց շահագործելու կամ մասնավոր առևտրի դեպքեր, ինչը վկայում է ՇՄՆ և մյուս պատկան մարմինների անտարբերության մասին։ Օրինակ՝ Սննդամթերքի անվտանգության ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինները, որոնք հրաժարվում են տրամադրել տեղեկություններ «Ֆաունա Զօօ» ՍՊԸ տարածքում պահվող կենդանիների քանակի և վիճակի մասին։ Գիտությունների ազգային ակադեմիան, որն առանց որևէ գիտական հիմքի տրամադրել է դրական մասնագիտական եզրակացություն մեծ քանակությամբ վայրի կենդանիների ներմուծման համար, ինչպես նաև՝ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը, որը թույլ է տալիս կենդանիների տեղափոխումը սահմանից սահման առանց պատշաճ վերահսկողության։  Ըստ էության, ՍԻԹԵՍ կոնվենցիան վայրի կենդանիների միջսահմանային տեղափոխման մասին է միայն և ենթադրում է, որ թույլտվությունները պետք է տրամադրվեն միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, այլ ոչ թե առևտրի և բիզնես նպատակներով։ Հատկանշական է, որ Հայաստանի պետական մարմինները չեն առաջնորդվում Կոնվենցիայի այս գլոբալ գաղափարով, այլ, հակառակը, թույլատրում և անգամ նպաստում են վայրի կենդանիների բազմաթիվ տեղափոխությունների՝ օգտագործելով ՍԻԹԵՍ թույլտվություն տալու իրենց հնարավորությունը։  Ստացվում է, որ կոնվենցիան յուրաքանչյուր երկրի հնարավորություն է տալիս ինքնուրույն սահմանել «խաղի կանոնները» և հետևել դրանց։  Անհերքելի է, որ երկրի ներսում արդեն իսկ կան մեծ քանակությամբ անազատության մեջ և վատ պայմաններում ապրող կենդանիներ, միևնույն ժամանակ, նրանց թիվը շարունակում է աճել թերի վերահկսվող այս առևտրի հետևանքով։ Հեղինակ՝  Մարիամ Տաշչյան Ինֆոգրաֆիկաները՝ Բիբինուր Բոլոտկանովայի Մենթոր՝ Կատյա Մամյան Նյութը ստեղծվել է LAMPA Accelerator-ի շրջանակներում՝ Ղրղզստանի տվյալների դպրոցի աջակցությամբ։
20:11 - 28 փետրվարի, 2024
ԳԱԱ-ն առաջարկում է իր կազմում թողնել 8 հետազոտական կենտրոն՝ իրականացնելով ինստիտուտների ու բուհերի մասնակի միավորում․ հարցազրույց Ակադեմիայի նախագահի հետ

ԳԱԱ-ն առաջարկում է իր կազմում թողնել 8 հետազոտական կենտրոն՝ իրականացնելով ինստիտուտների ու բուհերի մասնակի միավորում․ հարցազրույց Ակադեմիայի նախագահի հետ

Կառավարության «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հանրության շրջանում ակտիվ քննարկումներ առաջացրեց։ Ըստ նախագծի՝ Երևանի 17-րդ թաղամասին կից կառուցվելու է 700 հա մակերեսով առանձին քաղաք, որտեղ միավորվելու են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները և գիտական ինստիտուտները։ Նախատեսվում է նաև բնակելի թաղամասի կառուցապատում, որտեղ կապրեն այդ հաստատությունների աշխատակիցները։  Այսպիսով, Կառավարությունը նախատեսում է խոշորացնել Հայաստանի պետական բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտները՝ միավորելով դրանք հետևյալ կլաստերներում՝ Տեխնոլոգիական, Արվեստների, Կրթական, Սպայական, Դասական և Բժշկական։ Սրանցից չորսը տեղակայվելու են նոր կառուցվող Ակադեմիական քաղաքի տարածքում։ Դասական կլաստերը, որը ներառում է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Բժշական կլաստերը՝ ներառյալ Հերացու անվան բժշկական համալսարանը, այս պահին կմնան Երևանում։ Թե կոնկրետ ինչ բուհեր ու գիտահետազոտական ինստիտուտներ են միավորվելու և ձևավորելու կլաստերները, հայեցակարգում դեռևս չի նշվում։ Հայտնի է միայն, որ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան բացառապես խոշորացված բուհերն ու դրանց հետ միավորված գիտական կազմակերպությունները։ Կառավարությունը մինչև փետրվարի 15-ը բուհերից ու ինստիտուտներից հայեցակարգային առաջարկների է սպասում, «որոնց հիման վրա կմշակվի խոշորացման ընդհանուր դրույթային բազան»:  «Ինֆոքոմը» հարցազրույցների շարք է սկսել գիտական ինստիտուտների ու բուհերի ղեկավարների, պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Նպատակն է  հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունեն տարբեր կողմերն այս նախագծի վերաբերյալ, և ինչ առաջարկներ են պատրաստվում ներկայացնել Կառավարություն։ Զրուցել ենք Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ Աշոտ Սաղյանի հետ։   - Պարո՛ն Սաղյան, 2021-ի ամռանը, երբ Դուք ստանձնեցիք ԳԱԱ նախագահի պաշտոնը, շրջանառության մեջ էր դրված «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքի* նախագիծը, որից կարելի էր ենթադրել, որ գիտական ինստիտուտները հանվում են ԳԱԱ համակարգից։ Հենց այդ ժամանակվանից խոսակցություններ կային, որ գուցե ինստիտուտները միացվեն բուհերին։ Բայց քննարկումներ եղան, և արդեն 2022-ին օրենքի նախագծի լրամշակված տարբերակում ինստիտուտները վերադարձվում էին Ակադեմիայի համակարգ։ Այն ժամանակ Կառավարության հետ ի՞նչ քննարկումներ եղան, որ Կառավարությունը հետ կանգնեց իր նախնական որոշումից։  - Իրավացի եք, այն ժամանակ քննարկումները հիմնականում այդ կետի շուրջ էին։ Բացի դրանից՝ այլ կետեր էլ կային։ Ամեն դեպքում, խնդիր էր դրված ընդհանուր բարեփոխումներ իրականացնել ոչ միայն ԳԱԱ-ում, այլև ամբողջ համակարգում՝ գիտության ոլորտում, և, իհարկե, նաև Ակադեմիայում։ Եվ դա պետք է համապատասխանեցվեր ռազմավարական ծրագրի հետ, որը Կառավարությունն ընդունել էր։  Վերանայված օրենքում՝ Ակադեմիային վերաբերող բաժնում, հատուկ կետ կար, որտեղ նշված էր, որ Ակադեմիան իր կազմում միավորում է գիտական կազմակերպություններ։ Դա բազմիցս քննարկել ենք և՛ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունում, և՛ տարբեր հարթակներում։ Այդ հարցի շուրջ հիմնականում տարաձայնություններ չկային։ Դա այն ժամանակ էր, երբ Վահրամ Դումանյանն էր նախարարը (2022 թվականին,- խմբ․)։  ԳԱԱ նախագահության շենքը - Դուք նրա հետ քննարկումներ ունեցե՞լ եք։ - Իհարկե, նրա հետ էլ ենք քննարկումներ ունեցել, Գիտության կոմիտեի հետ էլ (այժմ՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե,- խմբ․)։ Ակադեմիայի համակարգում բարեփոխումների պլան էինք կազմել․ նախատեսվում էր գերազանցության կենտրոնների ստեղծում, և այդ ընթացքում մենք այցելել ենք բոլոր ինստիտուտներ գրեթե երեք ամիս տևողությամբ, ծանոթացել ենք ինստիտուտի խնդիրներին, նյութատեխնիկական բազաներին։ Եվ վերլուծելով կարողացել ենք ստեղծել գերազանցության կենտրոնների մոդել։ Մոտավորապես գերազանցության ինը կենտրոն պետք է ստեղծվեր։ Իհարկե, քննարկումները դժվար են եղել, որովհետև միավորման ընթացքում որոշ ինստիտուտների տնօրեններ կորցնելու էին իրենց պաշտոնը, որոշ ինստիտուտներ ազատելու էին տարածքներ (կան ինստիտուտներ, որոնք ունեն չօգտագործվող տարածքներ):  - Այդ գերազանցության կենտրոններից դուրս նաև մի քանի ինստիտուտներ պիտի լինեի՞ն։  - Նաև ինստիտուտներ։ Որոշ ինստիտուտներ մնում էին առանձին։ - Դրանք ամենաարդյունավետ ինստիտուտնե՞րն էին լինելու։  - Ես չէի ասի՝ ամենաարդյունավետ։ Ամենաարդյունավետների շուրջ համախմբելու էինք գերազանցության կենտրոնները։ Կային ինստիտուտներ, որոնք բովանդակային առումով մի փոքր դժվար էր համախմբելը, և դրանք մնում էին առանձին։ Մենք այդ մոդելը մշակել ու փոխանցել ենք և՛ Գիտության կոմիտեին, և՛ վարչապետի աշխատակազմի ղեկավարին։ Ես առաջարկել եմ ԳԱԱ նախագահության՝ նոր կենտրոնների, փոփոխությունների վերաբերյալ որոշումն էլ պաշտոնապես կայացնել և արդեն փոխանցել Կոմիտեին, որովհետև, ամեն դեպքում, մենք ընդամենը դիրքորոշում տվողն ենք, Կառավարության որոշման նախագիծը կազմում է լիազոր մարմինը, որովհետև գումարն էլ է նրանց մոտ, և մենք ընդամենը մշակել ենք մոդել։ Ասացին, որ երկու կենտրոնը բավական է, և Կառավարության այն ժամանակվա ծրագրով երկուսն էր նախատեսված։ Դա էլ դեռևս նորմալ ընթացք չի ստացել: Եվ հետո այդ ամեն ինչն, իհարկե, խառնվեց, որովհետև Ակադեմիական քաղաքի գաղափարն առաջ եկավ։ - 2021-ից Ակադեմիական քաղաքի գաղափարը կար, հայտարարություններ էին արվում, և զուգահեռ Ակադեմիան առաջ էր տանում գիտական ինստիտուտների օպտիմալացման օրակարգը, որը նաև ԳԱԱ նախագահ ընտրվելիս Ձեր ծրագրային գլխավոր կետերից էր։  Կառավարությունն այն ժամանակ համաձա՞յն էր, որ ԳԱԱ ներսում օպտիմալացում պետք է իրականացվի, թե՞ ի սկզբանե պարզ էր, որ գնալու է ինստիտուտների ու բուհերի միավորման ճանապարհով։ - Ո՛չ, ի սկզբանե չկար [միավորան գաղափարը]։ Մենք բոլորի հետ գնում էինք օպտիմալացման ճանապարհով։ - Այսինքն, ԿԳՄՍ նախարարությունը համաձա՞յն էր դրան։ - Իհարկե, մենք նրանց հետ էինք անում։ Այս մոդելները (նկատի ունի օպտիմալացման արդյունքում ստեղծվելիք կենտրոնների մոդելները,- խմբ․) համաձայնեցնում էինք Գիտության կոմիտեի նախագահի և ԿԳՄՍ նախարարի հետ։  Իսկ երբ արդեն Ակադեմիական քաղաքի գաղափարը եղավ, փոխվեց հետագա ռազմավարությունը։  Գաղափարը ես էլ ողջունեցի, որովհետև այդքան բուհ Հայաստանին պետք չէ, և բուհերում այսօր կան մեծ խնդիրներ։ Ինստիտուտներում էլ կան խնդիրներ, բայց բուհերում խնդիրներն ավելի շատ են։ Ես երկար ժամանակ բուհերի հավատարմագրման հանձնաժողովի անդամ եմ եղել, վերջին հինգ տարում այդ հանձնաժողովի նախագահն եմ. բոլոր բուհերն անցել են հանձնաժողովով, և ես ծանոթ եմ՝ որտեղ ինչ խնդիրներ կան։ Երբ վերջում աշխատանքային խմբում որոշվեց վեց կլաստերներ ստեղծել, ես էլ եմ կողմ քվեարկել։ - Աշխատանքային խումբը, որի մասին նշեցիք, ձևավորվեց 2022 թ․ սեպտեմբերին։ Եթե ճիշտ եմ հիշում, այնտեղ հիմնականում գերատեսչությունների ներկայացուցիչներ էին․ գիտության հետ կապ ունեիք Դուք և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ - Սարգիս Հայոցյանն էլ է գերատեսչության ներկայացուցիչ։ Գերատեսչություններից դուրս միայն ես էի։  Ամեն դեպքում, ուզում եմ մի բան էլ շեշտել․ գիտության և կրթության ինտեգրման գաղափարը առաջինը ես եմ առաջարկել, երբ դեռ աշխատանքային խումբը չկար։ Երբ վարչապետն այդ հարցերը դրեց քննարկման, թե ինչպես անեն, որ մենք ունենանք մի քանի բուհեր, և դրանցից մի քանիսը լինեն թոփ բուհերի շարքում, ես այդ ժամանակ, ելնելով բուհերի հավատարմագրման հանձնաժողովում իմ աշխատանքային փորձից, առաջարկեցի, որ անհրաժեշտ է բուհական և ակադեմիական գիտության ինտեգրում, որպեսզի ակադեմիական գիտությունը իր հնարավորությունները ծառայեցնի բուհական գիտությանը։ - Իսկ միավորման գաղափարն ո՞ւմն էր։ - Երբ դա առաջարկել եմ, խոսքը եղել է ինտեգրման մասին․ միաձուլման մասին սկզբում որևէ խոսք չի եղել։ Հետո, ես հիշում եմ, մի անգամ վարչապետն իր խոսքում ասաց՝ մասնակի միաձուլում։ Ինչ վերաբերում է աշխատանքային խմբին, այնտեղ, երբ բուհերի մասն ավարտեցինք ու  հասանք ինստիտուտներին, ես ներկայացրի Ակադեմիայի տարբերակը, որի մասին կխոսեմ, և պարոն Հայոցյանը ներկայացրեց Կառավարության տարբերակը։ - Միավորմա՞ն տարբերակը։ - Այո՛։ Երկու տարբերակն էլ լսել են։ Ես հիշում եմ, որ իմ ելույթից հետո որևէ առարկություն չի եղել որևէ կողմից։ Երբ որ բուհերի հարցը մենք քննարկել ենք, եկել ենք մեկ ընդհանուր գաղափարի, իսկ ինստիտուտների միավորման մասով աշխատանքային խմբի նախագահն ասաց, որ ինքը կներկայացնի վարչապետին, և վարչապետը կորոշի։ - Ինչպե՞ս էր Կառավարությունը եկել այն եզարահանգմանը, որ քննարկվող խնդիրների լուծումը միավորումն է․ ո՛չ ինտեգրումը, ո՛չ համագործակցության խթանումը, այլ հենց միավորումը։ Դուք մասնակցե՞լ եք որևէ քննարկման։ - Այդ հարցը կարող եք տալ Կառավարությանը։ Նման քննարկման ես չեմ մասնակցել։ Մինչև հիմա ես սպասում եմ, որ, վերջիվերջո, պիտի արձագանք լինի աշխատանքային խմբի կամ Կառավարության կողմից։ Ես ներկայացրել եմ Ակադեմիայի դիրքորոշումը։ Որտե՞ղ է դա, քննարկվե՞լ է։ Դա չի երևում։  Ամեն դեպքում, եթե մենք հասանք դրան, ես և մեր գիտական հանրության գերակշռող մասը՝ 80 և ավելի տոկոսը, այդ թվում և բուհերի մասնագետները, գտնում ենք, որ ինստիտուտների՝ լիարժեք, 100 տոկոսով միավորումը բուհերին ճիշտ չէ։ Դա մեխանիկական միավորում է։ Եթե խոսվում է միավորման մասին, թող լինի բովանդակային։  Այն տարբերակը, որը սկզբում ես առաջարկել էի, հետևյալն է։ Դիցուք, ստեղծվել է Տեխնոլոգիական կլաստեր, որը հիմնված է Պոլիտեխնիկական և Ագրարային համալսարանների վրա։ Բոլոր բուհերն ունեն ինստիտուտներ իրենց կազմում, ունեն գիտական հաստիքներ, և քիչ չեն դրանք։ Ես առաջարկել եմ, որ, օրինակ, այն ակադեմիական ինստիտուտները, որոնք մոտ են, ունեն տեխնոլոգիական թեքումով ստորաբաժանումներ, այդ ստորաբաժանումներն իրենց հաստիքներով, նյութատեխնիկական բազայով կարող են տեղափոխվել Տեխնոլոգիական կլաստեր։ Դրանից հետո մի փոքր այլ տարբերակ էլ առաջարկեցի․ ասացի՝ այն ինստիտուտները, որոնք ամբողջությամբ կամ գոնե առավելապես՝ 50 և ավելի տոկոսով, իրենց մասնագիտական գործունեությամբ համապատասխանում են տվյալ կլաստերին, կարող են միավորվել, բայց փոխադարձ համաձայնությամբ։ Իսկ այն ինստիտուտները, որոնք չեն համապատասխանում, պետք է մնան առանձին։  Մենք աշխարհի փորձը վերուծել ենք։ Իմ տվյալներով, բացի մեկ-երկու պետությունից,  հիմնականում գիտությունը կենտրոնացված չէ մեկ տեղում։ Բազմաթիվ մեծ, հզոր և միջին հզորության պետություններում, որտեղ ունեն համալսարանական համակարգ, կա գիտություն, կան ինստիտուտներ, որոնք միացած են համալսարաններին, համալսարաններ կան, որոնք չունեն ինստիտուտներ, ունեն իրենց գիտական բազաները, բայց այն դեպքերում, երբ ինտիտուտները միավորված են համալսարաններին, կան նաև առանձին ինստիտուտներ կա՛մ Ակադեմիայի կազմում, կա՛մ մեծ գիտահետազոտական կենտրոնների կամ ցանցի տեսքով։  Ոչ մի երկրում գիտությունը չեն ծառայեցնում միայն կրթությանը։ Գիտությունը ծառայեցնում են կրթությանն այնքան, ինչքան որ պետք է, բայց թողնում են նաև, որ գիտությունն առաձին զարգանա։ Գիտությունը միայն կրթության համար չէ, գիտությունը պետք է մեր տնտեսությանը, մեր ռազմարդյունաբերական համակարգին։ Մենք Ադրբեջան կամ Ռուսաստան չենք, որտեղ կա հարուստ ընդերք, կան էներգիայի աղբյուրներ։ Բայց հենց նույն Ռուսաստանում և Ադրբեջանում այսօր ակադեմիաներին բավականին մեծ տեղ են տալիս։ Ուզում եմ ասել՝ մենք այն երկրներից ենք, որոնք չունեն բնական հարստություն, օրինակ՝ Ճապոնիան, Իսրայելը։ Իմ վերլուծությամբ մեզ ամենամոտը Ճապոնիան է։ Տեսե՛ք՝ Ճապոնիան, չունենալով բնական ռեսուրսներ, ինչ երկիր է դարձել գիտատեխնիկական առաջընթացի շնորհիվ, գիտության համակարգի ճիշտ կառավարման շնորհիվ, գիտական արտադրանքի ներդրման շնորհիվ։  Գիտությունը պետք է լինի առանձին, զարգանա և արդյունքները ներդնի տարբեր արտադրություններում, տարբեր գերատեսչություններում։ Մենք այսօր ունենք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, Էկոնոմիկայի  նախարարություն, Առողջապահության նախարարություն, որոնց գիտություն է պետք։ Ո՞վ է անելու այդ գիտությունը։ Բոլոր ինստիտուտները տարանք, տվեցինք բուհերին, հետո՞։ Աշոտ Սաղյանը - Երբ 2021-ին էլ խոսակցություններ կային ինստիտուտների և բուհերի հնարավոր միավորան մասին, լրագրողների հարցերին ի պատասխան՝ Դուք նշում էիք, որ և՛ ինստիտուտները, և՛ բուհերը միավորմանը պատրաստ չեն, և չպիտի լինի մեխանիկական միավորում։ - Միանշանակ, բուհերը պատրաստ չեն։ Երբ նախորդ օրենքը գնաց Սահմանադրական դատարան, նախարարն Արայիկ Հարությունյանն էր (նկատի ունի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը,- խմբ․)։ Այստեղ մենք հանդիպել ենք։ Այն ժամանակ այդ տարբերակը հանվեց նախագծից, պարոն Հարությունյանն ինքը կողմնակից չէր ինստիտուտների և բուհերի միավորմանը։ Այն ժամանակ [օրենքի նախագծով] ինստիտուտները փոխանցում էին ԿԳՄՍ նախարարությանը։ Այդ մոդելն էր, որ չստացվեց։  Հետո, երբ որ ես արդեն Ակադեմիայի նախագահ էի, և սկսել էինք քննարկումները,  նույն ԿԳՄՍ նախարարությունը համաձայն չէր, որ ինստիտուտներն իր կազմում լինեն, ասում էին՝ մենք նույնը պիտի անենք, ինչ Ակադեմիան է անում, ի՞նչ տարբերություն։ Եվ դրա համար ընդունվեց այդ սկզբունքը, որ ինստիտուտները մնում են Ակադեմիայում։ Իսկ Ակադեմիական քաղաքի շրջանակում սկզբում ասվում էր ինտեգրում, ինտեգրումը դարձավ մասնավոր միավորում, իսկ հիմա լրիվ միավորման թեզ է առաջ քաշվում։ Այս ամենը երբ վերլուծում ենք, ես գալիս եմ այն գաղափարին, որ երևի թե ցանկացած որոշում կայացնելու հիմքում դրվում է մի կետ․ Ակադեմիայի կազմում ունենա՞լ ինստիտուտներ,  թե՞ ոչ։ Արդյոք պե՞տք է մեր պետությանը ուժեղ, հզոր Ակադեմիա, թե՞ ոչ։  - Այս համատեքստում մտահոգությունը միշտ այն է եղել, որ մեխանիկական միավորում չլինի, և որ բուհերն ի վիճակի չեն ինստիտուտներին իրենց կազմում ընդգրկել։ Բայց հիմա Կառավարությունը չի խոսում մեխանիկական միավորման մասին․ ստեղծվելու են կլաստերներ, այդ կլաստերներից յուրաքանչյուրում լինելու են հանգուցային համալսարանը և գիտական կազմակերպությունները, որոնց միջև համագործակցությունը խթանվելու է։ Բացի այդ՝ Կառավարությունը ոչ թե որոշել է, թե կոնկրետ որ բուհերն ու ինստիտուտներն են իրար միանալու, այլ բուհերին ու ինստիտուտներին խնդրել է առաջարկներ ներկայացնել, որոնց հիման վրա որոշում կկայացվի։ - Առաջարկներ ներկայացվելու են, բայց ես համոզված չեմ, որ այդ առաջարկներով են առաջնորդվելու։  Եկեք մեկ այլ հարց քննարկենք․ որպեսզի բուհը և ինստիտուտը համագործակցեն, պետք է որևէ կլաստերի մե՞ջ լինեն, ի՞նչն է խանգարում համագործակցել հիմա։ Երբ ես [աշխատանքային խմբում] մեր տարբերակն առաջարկեցի, միակ առարկությունն այն էր, որ այդտեղ ակադեմիական միջավայր չի ստեղծվում կամ թույլ է։ Ակադեմիական միջավայր չի նշանակում, որ պետք է իրար կողք լինեն, իրար հետ շփվեն։ Ակադեմիական միջավայրն այն է, երբ մարդիկ սկսում են իրար հետ աշխատել։ Այսօրվա հնարավորությունները թույլ են տալիս, որ մարդը Միացյալ Նահանգներից համագործակցի Ճապոնիայի հետ։  Ո՞ր բուհն է ուզել ուսանող ուղարկել գիտահետազոտական ինստիտուտ, որ այդ ինստիտուտի տնօրենն արգելի։ Ընդհակառակը, մեր տնօրեններն ուրախ են, երբ ուսանող է գալիս ինստիտուտ։ Ուրիշ բան է, որ համագործակցության ցանկություն չի եղել։ Եվ այդ միջավայը ստեղծելու համար պարտադիր չէ, որ այստեղից հանեն, տանեն կլաստեր։ - Փորձը ցույց է տալիս, որ երբ համագործակցությունը ոչ թե կարգավորված է, այլ թողնված է բուհերի և ինստիտուտների կամքին, այնքան էլ արդյունավետ չէ։ Հիմա և՛ բուհերի կրթական ծրագրերում խնդիրներ կան, և՛ ժամանակին համալրում չիրականացնելու պատճառով միջին տարիքի գիտնականների պակաս կա։ - Այդ վակուումը, որ ստեղծված է, կապ չունի նրա հետ, թե համակարգն ինչպիսին է եղել։ Վակուումն [Արցախյան առաջին] պատերազմից հետո է ստեղծվել, և կապ չունի՝ ինստիտուտները կլաստերի մե՞ջ են, թե՞ ոչ։ Այդ վակուումը շուտով լուծվելու է։ - Ինչպե՞ս է լուծվելու։ Հիմա շատ քիչ են միջին տարիքի գիտնականները, որոնք պիտի ղեկավարեն երիտասարդ կադրերին։ - Աստիճանաբար կգան ավելի երիտասարդները և կղեկավարեն։ Դա ժամանակի հետ լուծվող խնդիր է, կապված չէ համակարգի հետ։ Եվ մենք այդ խնդրի լուծման տարբերակ էլ ենք առաջարկել։ Իմ ներկայացրած տարբերակի հիմնական կետերից մեկն էր այն, թե ինչպես ինտեգրել։  Դրա համար կա միջազգային համագործակցության ծրագրերի, դրամաշնորհների մեխանիզմ։ Այդպիսի օրինակ է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) համակարգը։ Ես ութ ծրագրի շահառու եմ, ութերորդը դեռ շարունակվում է։ Այդ ծրագրում ներառված է երեք կազմակերպություն՝ երկուսը՝ Հայաստանից, մեկը՝ Վրաստանից։ Ընդհանուր խնդիր է դրված, ընդհանուր ֆինանսավորում կա, երեք կազմակերպություններից ամեն մեկն ունի իր ենթահանձնարարությունը, դրա դիմաց ֆինանսավորվում է, վերջում տալիս են ընդհանուր հաշվետվություն և համատեղ տպագրություններ։ Երբ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է մրցույթ, եթե հայտը գալիս է ԳԱԱ որևէ ինստիտուտից, թող պայման դրվի, որ այն լինի բուհի հետ համատեղ, եթե բուհն է դիմում, լինի ինստիտուտի հետ համատեղ։ Այդպես իրականացվում է համատեղ աշխատանք, որի արդյունքում  համատեղ տպագրություններ են արվում։ Սկզբնական շրջանում գիտության հետ ինտեգրման հիմնական նպատակը դիտարկվում էր բուհի տպագրությունները խթանելը, ինչը կարևոր գործոն է թոփ բուհ դառնալու համար։ - Ո՞վ է ասել դա, աշխատանքային խմբո՞ւմ է նման ձևակերպում հնչել։ - Ե՛վ աշխատանքային խմբում, և՛ դրանից դուրս։  Մեր առաջարկած համակարգով Ակադեմիայի ինստիտուտները համաձայն են համատեղ հոդվածներ տպագրել։ Եվ այս համատեղ դրամաշնորհային ծրագրերը եթե լինեն, ծրագրերի հետ կապված ինտեգրում տեղի կունենա։ Ինչ վերաբերում է նրան, որ ակադեմիական ինստիտուտների մասնագետները բուհերում դասավանդեն, դա ընդամենը ցանկության հարց է, դրա համար միավորելու կարիք չկա։ Դրա համար պետք է բուհը ցանկություն ունենա,  ինչ-որ տեղ դա պետք է պարտադրված լինի։  Ես երկու կառույց եմ ղեկավարել մինչև Ակադեմիայի նախագահ դառնալը՝ ԳԱԱ Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնը և ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտը։ Ֆարմացիայի ինստիտուտի ուսումնական ծանրաբեռնվածության (կրեդիտների) 20%-ը տրվում էր հետազոտական ինտիտուտներին, այնտեղի մասագետները գալիս, դասավանդում էին։ Բայց ուրիշները դա չէին անում։  Պետք է բուհին պարտադրել, որ իր ծանրաբեռնվածության (կրեդիտների) մի մասը տրամադրի գիտական ինստիտուտներին, որոնց մասնագետները կդասավանդեն, ուսանողներին պրակտիկ աշխատանքներ կսովորեցնեն։ Դրա համար պետք չէ համակարգը քանդել, իրար հետ միավորել։ Եթե բոլոր ինստիտուտները ներառվեն կլաստերներում, մենք դրանից դուրս ինստիտուտներ չե՞նք ունենալու, բոլոր կլաստերներում ինստիտուտները համագործակցելու են բուհերի՞ հետ։ Իսկ Էկոնոմիկայի նախարարության հետ ո՞վ համագործակցի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Ռազմարդյունաբերության կոմիտեի հետ ո՞վ համագործակցի։ ԳԱԱ նախագահությունում - Եթե Կառավարությունը պատվեր պիտի իջեցներ որևէ ինստիտուտի, հիմա կիջեցնի, օրինակ, Տեխնոլոգիական կլաստերին։ - Գիտեք, կարելի է ամեն ինչ էլ ասել, բայց ի՞նչն է խանգարում, եթե այդ ինստիտուտն ազատ լինի։ Գիտությունը սիրում է ազատ գործունեություն։  Ինչո՞ւ մինչև հիմա այդ պատվերները չեն իջեցվում․ թող պատվերներ իջեցվեն։ Ես երկուսուկես տարի այստեղ եմ, որևէ պատվեր որևէ նախարարությունից չի իջեցվել։ Պատերազմ եղավ, տեսանք՝ ինչ վիճակում հայտնվեցինք տեխնոլոգիաների բացակայության պատճառով։  Ինչո՞ւ։ Միգուցե իրար չենք հասկանում։  Բայց, ամեն դեպքում, մեր կարծիքը հետևյալն է, որ բոլոր ինստիտուտները տանել, միավորել բուհերին, ճիշտ չէ։  Բուհի գնահատումը 10 չափանիշ ունի, և այդ 10 չափանիշներից ընդամենը մեկն է հետազոտությունը, որն էլ համարվում է ոչ կարևոր։ Կարևոր չափանիշներ են բուհի կառավարումը, որակի ապահովումը և այլն։ Միայն հետազոտական բաղադրիչը բավարար չէ, որ բուհը դառնա թոփ բուհ։ Ինստիտուտները միավորելով՝ թոփ բուհ չի դառնա։ Դրանով մենք ուղղակի զրկում ենք գիտությանը ազատ գործելուց։  - Ակադեմիայի ներկայացրած առաջարկի մի քանի տարբերակների եմ հանդիպել։ Ձեր վերջնական առաջարկը ո՞րն է։ - Ես եղել եմ վարչապետի մոտ։ - Վերջե՞րս։ Մի քանի օր առաջ։ Ներկայացրել եմ մեր վերջնական տարբերակը, որի հիմքն այն է, որ գիտությունը չկենտրոնանա միայն մի տեղում, լինի և՛ բուհական գիտություն, և դրանից առանձին գիտություն, ինչպես ամբողջ աշխարհում է դա ընդունված։ Երևի թե միայն Վրաստանում է, որ բոլոր ինստիտուտները մի հրամանով տվեցին բուհերին, հետո ուզում էին հետ բերել, բայց արդեն չկարողացան, որովհետև ինստիտուտ չէր մնացել։  Մենք առաջարկել ենք տարբերակ, որտեղ Ակադեմիան իր կազմում ունենում է 8 հետազոտական կենտրոն՝ Ֆիզիկա և աստղագիտություն, Մաթեմատիկա և արհեստական բանականություն, Քիմիա և երկրագիտություն, Կենսաբժշկագիտություն, Կենսաբանություն և բնապահպանություն, Սոցիալական գիտություններ, Հայագիտություն և հումանիտար գիտություններ, Միջազգային գիտահետազոտական և գիտակրթական կազմակերպություններ։ - Այս կենտրոնները ստեղծվելու են ինստիտուտների՞ հիմքի վրա։ - Որոշ ինստիտուտների միավորման արդյունքում։  Ես վարչապետին նաև ասել եմ, և նա էլ հետաքրքրվեց դրանով, որ մենք քիմիայի ուղղությամբ երեք ինստիտուտ ունենք, ի՞նչ իմաստ ունի երեքն էլ տանել Տեխնոլոգիական համալսարան։ Մեկ ինստիտուտը բավարար չէ՞ Տեխնոլոգիական համալսարանին։  - Այսինքն, այնքանով, որքանով հնարավոր է, ինստիտուտները կարո՞ղ են միավորվել բուհերին։ - Ինչ չափով որ բովանդակային առումով հնարավոր է, երկկողմանի համաձայնության դեպքում։ Իստիտուտների հետ էլ ենք մենք քննարկում։ Կան ինստիտուտներ, որոնք գտնում են, որ այո՛, կարելի է, բայց գերակշռող մասն էլ գտնում է, որ ո՛չ, դա ճիշտ չէ։ - Կլինե՞ն ինստիտուտներ, որ կուզենան միավորվել։ - Երևի կլինեն, չեմ կարող ասել։ Եթե գալիս, ինձ ասում են՝ մենք չենք ուզում, գուցե գնում են այլ տեղերում այլ բան են ասում։ Դա էլ է մի փոքր դժվար խնդիր, որովհետև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից կախվածությունն այսօր բավականին շատ է․ վերջապես ֆինանսավորողն ու սարքավորումներ տվողը Կոմիտեն է, այդ կախվածությունը կա ինստիտուտներում։  Այս հարցի ճիշտ լուծումը հետևյալն է․ գիտությունը լինի և՛ այնտեղ, և՛ այնտեղ։ Դա ամբողջ աշխարհում ընդունված բան է։ Եթե չեն ուզում՝ Ակադեմիա լինի, գոնե թող ստեղծեն ինստիտուտների մեծ համակարգ՝ հետազոտական կենտրոն, ինչպես Չինաստանում, Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Ռուսաստանում է։ Բայց մեր պարագայում ճիշտն առկա համակարգի պահպանումն է ու դրա հենքի վրա բարեփոխումների իրականացումը, գիտության և կրթության ինտեգրումը։  - Վարչապետն Ակադեմիայի առաջարկին ինչպե՞ս արձագանքեց։ - Վարչապետը լսեց։ Իհարկե, հարցեր ուներ, հարցերն ավելի շատ Ակադեմիայի կառավարման համակարգի մասին էին։ Նա ասաց, որ այդ հարցի վերաբերյալ դեռ քննարկում չի եղել։ Հույս ունեմ, որ քննարկման ժամանակ հաշվի կառնեն մեր դիրքորոշումը։ - Դուք խոսեցիք պետության խնդիրների մասին՝ պաշտպանական համակարգից մինչև տնտեսություն։ Գիտության կիրառական արդյունքների առևտրայնացումը և պետության խնդիրների լուծմանը ծառայեցնելը նաև Ձեր ծրագրային կետերից մեկն էր, երբ ընտրվում էիք Ակադեմիայի նախագահ։ Ձեր ընտրությունից երկուսուկես տարի է անցել․ այս ուղղությամբ Ակադեմիան ի՞նչ քայլեր է իրականացրել։ - Իրոք, դա ինձ համար եղել է ամենակարևոր ռազմավարական խնդիրը։ Ես մինչև այդ եղել եմ Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնի տնօրենը, և այդ կենտրոնի լաբորատորիաներում ինչ տեխնոլոգիաներ կային մշակված, որոնք մոտ էին ապրանքայնացմանը, մենք կենտրոնի արտադրական կայանում ներդրել ենք, արտադրանքը վաճառել ենք և՛ Եվրոպայում, Ռուսաստանում, Չինաստանում, և՛ Հայաստանի շուկայում։  Բերեմ Գերմանիայի օրինակը․ Գերմանիան Եվրոպայի ամենահարուստ երկիրն է, Եվրամիության տնտեսության լոկոմոտիվն է։ Գերմանիայի ամենաառաջատար ինստիտուտներում ես ունեմ գործընկեր, որի հետ 2001-ին ստացել եմ Դեկարտի մրցանակ։ Երբ մի քանի տարի հետո ես գնացի նրա մոտ, նա, լինելով Մաքս Պլանկի ինստիտուտի միակ Դեկարտի մրցանակակիրը, խառնված էր։ Հարցրի, թե ինչ է եղել, նա ասաց, որ իր պայմանագիրն ինստիտուտի հետ ավարտվում է, եթե մինչև նոր տարի ներդրումային պայմանագիր չբերի, այսինքն՝ իր աշխատանքն արտադրության մեջ չլինի, իր կարգավիճակը կարող են փոխել։ Եվ հենց այդ օրերին, երբ ես այնտեղ էի, նա «Դեգուսա» ընկերության հետ կնքեց պայմանագիր։  Գերմանիայի նման հարուստ երկիրն է պահանջում, որ ինչքան էլ դու լավ գիտնական ես, լավ տպագրություններ ունես, բայց քո գործը պիտի ծառայի արդյունաբերությանը, տնտեսությանը։ - Ո՞րն է խնդիրը, որ Հայաստանում գիտության առևտրայնացումն ամենաչզարգացած ուղղություններից է։ - Հիմնական պատճառն այն է, որ այդ ուղղությամբ պետական մոտեցում չի եղել։ Ես հիշում եմ միայն, որ երբ Կարեն Կարապետյանը դարձավ վարչապետ, ասաց՝ զարգացնում ենք միայն կիրառական գիտությունը։ Բոլորն ըմբոստացան, թե ինչպես կարելի է զարգացնել կիրառականն առանց հիմնարարի։  Այդ ժամանակ, երբ մենք Գիտության կոմիտե (այժմ՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե,- խմբ․) հայտեր էինք ներկայացնում բազային ֆինանսավորան համար, ցանկացած հայտի 50-55%-ը հիմնարար մասն էր, 40-45%-ը՝ կիրառական մասը։ Հատուկ մտցվել էր այս խնդիրը։ Եվ ես այդ ժամանակ մեր ամբողջ ինստիտուտի կառուցվածքը փոխեցի և 24 լաբորատորիայի հենքի վրա ստեղծեցի 11 լաբորատորիա՝ հիմնականում կիրառական ուղղվածությամբ։ Եվ ասեմ, որ 2-3 տարվա ընթացքում 4-5 լաբորատորիաների մշակումների հենքի վրա կազմակերպվեցին փոքրածավալ  արտադրություններ, որոշ տեխնոլոգիաներ ներդրվեցին արտերկրյա ընկերություններում։  Այսօր ի՞նչ է կատարվում։ Այսօր Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, այսինքն՝ ԿԳՄՍ նախարարությունը, ինստիտուտների աշխատանքը և գիտական նվաճումները  գնահատում է միայն տպագրված հոդվածներով։  - Էլ ինչի՞ հիման վրա է պետք գնահատել։  - Ես ինքս գիտնական եմ, հիմա էլ ունեմ առաջատար թեմա և պետք է 5 տարում նվազագույնը 10 հոդված տպագրեմ հեղինակավոր ամսագրերում։ Հոդվածը շատ կարևոր է գիտությունը գնահատելու համար, բայց հոդվածով ավելի շատ պետք է գնահատել գիտնական անձին, ոչ թե գիտահետազոտական ինստիտուտը։ Կառավարությունը դեռևս Խորհրդային Միության ժամանակ այդ ինստիտուտները հիմնադրել է ոչ թե նրա համար, որ հոդվածներ տպագրեն, այլ նրա համար, որ ծառայեն մեր արդյունաբերությանը, մեր տնտեսությանը։ Քիմիայի ինստիտուտներ կային, ունեինք քիմական արդյունաբերություն և այլն։ Ճիշտ է, հիմա այդ գործարանները  չկան, բայց ապագայում կլինեն, իսկ որպեսզի լինի արդյունաբերություն, պետք է ինստիտուտներում կիրառական ուղղությունը զարգանա։ Հայաստանում գիտությունը պետք է գնահատվի ոչ միայն տպագրված հոդվածներով, այլ նաև կատարած ներդրումներով։  - Այսօր կարո՞ղ են ԳԱԱ ինստիտուտները մասնավոր հատվածից ներդրումներ ներգրավել։  - Եթե չեն կարող, նշանակում է՝ չպիտի՞ գնահատենք։ Դրա համար պետք է խրախուսել։ Ինչո՞ւ չեն կարող։ Հոդված էլ չէին տպում, հիմա արդեն սկսել են տպագրել բոլորը, որովհետև պահանջն ադպես է դրված։  Ես վարչապետի մոտ ասել եմ՝ ենթադրենք, այսօր հազար հոդված է տպագրվում արտասահմանյան ամսագրերում, վաղը դառնալու է 10 հազար, դրանից մեր տնտեսությունը լավանալո՞ւ է, մեր ռազմարդյունաբերական կոմպլեքսը լավանալո՞ւ է։ Ճիշտ է, մեր հեղինակությունը կբարձրանա, բայց դրանով չի կարելի բավարարվել։  Եթե 10 տարի առաջ ինձ ասեին՝ դուք ունենալու եք գիտության կրկնակի կամ եռակի ավելի ֆինանսավորում, ես չէի հավատա։ Այն ահռելի գումարները, որոնք այսօր Կառավարությունը տրամադրում է, պետք է ուղղվեն ոչ միայն հոդված տպելուն։ Դրա համար պետք են հատուկ ծրագրեր, պետք է խրախուսել գիտության կիրառական ուղղվածությունը։  Ճիշտ է, Էկոնոմիկայի նախարարությունում ստեղծված են ներդրումային ծրագրերի կառույցներ, բայց ես գտնում եմ, որ, ամեն դեպքում, կիրառական գիտությանը պետք է տեղ տրվի, դա շատ կարևոր է մեր երկրի համար։ Եվ գիտնականը պետք է այսօր փորձի հիմնարար արդյունքները տանել դեպի արտադրություն։ Դա դժվար է, ես գիտեմ, որովհետև գործարանների խնդիր կա։ Շատ ինստիտուտներում մենք մոնիտորինգ ենք արել, դա ամենաթույլ կողմն է․ գիտնականն ասում է՝ ես այսինչ մշակումն ունեմ, և ինքն էլ չգիտի՝ ինչպես դա ապրանքայնացնի, որովհետև մարքեթինգի դպրոցն էլ  շատ  թույլ է։ - Եթե, ինչպես Դուք եք նշում, պետական մոտեցում չկա, Ակադեմիան ունի՞ ծրագիր կամ ռազմավարություն, թե ինչպես կարելի է հենց ԳԱԱ ինստիտուտներում կիրառական ուղղությունն ավելի զարգացնել։  - Ակադեմիան ծրագիր ունի, մենք ստեղծել ենք կառույց [ապրանքայնացման համար], բայց Ակադեմիան ֆինանսավորող կողմ չէ, Ակադեմիան ներկայացնող կողմ է։ Անընդհատ մենք ասում ենք տարբեր հարթակներում, որ պետք է նաև կիրառական ուղղությունը զարգացնել, բայց մենք չենք ֆինանսավորողը։ Ակադեմիան դա կարող է անել իր արտաբյուջետային միջոցներով, բայց նա բյուջետային կառույց է, և արտաբյուջետային միջոցները  քիչ են։ Մենք արտաբյուջետային միջոցներ ձեռք բերելու ուղղությամբ աշխատում ենք, բայց, ամեն դեպքում, դա միայն Ակադեմիայի գործը չէ։ - Մենք խոսում ենք տնտեսության և կիրառական գիտության մասին, բայց պետության խնդիրների լուծման տեսանկյունից կարևոր են նաև հայագիտությունն ու հասարակագիտական ուղղությունները։ Ուզում եմ մի օրինակ բերել․ 2023-ի վերջին Ակադեմիայում ստեղծվեց «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը, որը պետք է արձագանքի Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին պաշտոնական մակարդակով արվող հայտարարություններին։ Տպավորություն է, որ հիմնադրամի ստեղծումը շատ ուշացած է, քանի որ Ադրբեջանը նոր չէ սկսել նմանատիպ քարոզչություն իրականացնել։ Եթե Հայաստանի կառավարությունը ժամանակին խնդիր չի դրել, որ մեզ գիտական այդպիսի կենտրոն է պետք, ինչո՞ւ Ակադեմիան ավելի վաղ հանդես չի եկել այս կամ նմանատիպ այլ կառույցներ ստեղծելու նախաձեռնությամբ։ - Ես համոզված չեմ, որ Ակադեմիան նախկինում նման նախաձեռնությամբ հանդես չի եկել․ հավանաբար հանդես է եկել։ Ամեն դեպքում, Պատմության, Արևելագիտության, Հնագիտության և ազգագրության ինստիտուտների գիտնականներն առանձին միշտ աշխատում էին, Արտգործնախարարության խողովակներով անընդհատ մեզնից նյութեր էին ուզում։  Իսկ հիմա այդ նախաձեռնությունը ծագեց այն բանից հետո, երբ տեղեկացանք, որ Ադրբեջանում պետական մակարդակով իրենց մի քանի ինստիտուտների՝ Արևելագիտության, Պատմության, Հնագիտության, հանձնարարված է, որ նրանք գիտականորեն հիմնավորեն «Արևմտյան Ադրբեջան» գաղափարը։ Մենք միանգամից արձագանքեցինք, և դա ընթացք ստացավ։  Եվ այդ կառույցը ոչ միայն Արդբեջանի, այլև ընդհանրապես մեր պետականության, պետության շահերի դեմ ցանկացած ոչ ադեկվատ հայտարարության պետք է արձագանքի։ ԳԱԱ Հասարակական գիտությունների բաժանմունքը և ինստիտուտները բավականին ակտիվ են։ Ուրիշ բան է՝ ինչու պետության կողմից նախկինում դա լիարժեք չի արվել։  Բայց որ ուշացած է, միանշանակ․ 25 տարի է՝ Ադրբեջանն, իր ամբողջ քարոզչական ապարատը ներդրած, աշխարհում սուտ տեղեկություններ է տարածում, իսկ մենք լսում ենք, ինչ-որ մի հոդվածի հակադարձում ենք։ Դա նույնպես պետք է արվեր առավել համակարգված։  - Ակադեմիական քաղաքի թեմայով ես նաև զրուցել եմ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի հետ։ Երբ խոսում էինք ԳԱԱ մասին, պարոն Հայոցյանը նշեց (նրան մեջբերում եմ ոչ ուղիղ), որ  Ակադեմիան շատ է կենտրոնացած իր ինստիտուտների վրա, Ակադեմիան չպետք է վարչարարությամբ զբաղվի, և նրա դերն ավելի շատ պիտի լինի մեր մտավոր ներուժի համախմբումը։ Համաձա՞յն եք այս ձևակերպմանը։ - Ակադեմիան իրականացնում է տնօրենների ընտրություն։ Նույն պարոն Հայոցյանը նախկինում բազմիցս նշել է Ակադեմիայի այդ գործառույթի կարևորությունը և արդյունավետությունը։ Մենք, օգտագործելով մեր համակարգի՝ տնօրեն նշանակելու մեխանիզմը, համակարգի ինստիտուտների ղեկավարումը բավականին երիտասարդացրել ենք․ ինչքան տնօրեն նշանակել ենք, նրանց մեծ մասը  երիտասարդ են, մնացած դեպքերում ուղղակի համապատասխան թեկնածուներ չեն եղել։ Իհարկե, կա թերություն համակարգում․ հիմնական, ամենամեծ թերություններից մեկն այն է, որ ակտիվ չէ կապն Ակադեմիայի բաժանմունքների և ինստիտուտների միջև։ Դրան ես այս երկու տարվա մեջ փորձում էի ինչ-որ կերպ լուծում տալ։ Այդ լուծումը տալու համար առաջին հերթին, և՛ պարոն Հայոցյանը լավ գիտի, և՛ նախարարությունում լավ գիտեն, պետք է բարեփոխում կատարել հենց Ակադեմիայի նախագահությունում։ Նախագահությունում բարեփոխում կատարելու համար պետք է Ակադեմիայի կանոնադրությունը փոխվի, իսկ կանոնադրությունը փոխելու համար պետք է օրենքը փոխվի։ Կա «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենք, որտեղ հստակ կետեր են գրված, որոնցից չես կարող շեղվել կանոնադրությունը կազմելիս։ Խոսքը վերաբերում է Ակադեմիայի բաժանմունքները խոշորացնելուն, ղեկավար կազմի համար տարիքային սահմանափակում դնելուն։ - Անցած տարի ԳԱԱ ղեկավար կազմի տարիքային շեմը կարծես իջեցվեց «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի փոփոխություններով։ - Չի՛ եղել։ Հենց խնդիրն այն է, որ նախագիծը մտավ Ազգային ժողով, այնտեղ Ակադեմիայի մասով էլ կետ կար, բայց վերջին պահին Ակադեմիայի մասն ուղղակի հանել են նախագծից։ Նախ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում, որը վերանայված տարբերակով գնաց մինչև Կառավարություն, հետո ընթացք չստացավ, այդ կետը կար (նկատի ունի ԳԱԱ ղեկավար կազմի  համար տարիքային շեմի հաստատման մասին կետը,- խմբ․), դրանից հետո մենք փորձեցինք «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի տարբերակով գնալ, Ազգային ժողովում քննարկումներն անցան, բայց  որոշման մեջ այդ կետը չհայտնվեց։  Հետո ես փորձեցի «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքում երեք կետանոց առանձին փոփոխություն կատարել, որը հնարավորություն կտա նոր կանոնադրություն կազմելու, և դրան նախարարությունը ընթացք չտվեց՝ մեկնաբանելով, որ շուտով՝ հավանաբար մարտ ամսին, նոր օրենքը կգործի, բայց ակնհայտ է, որ դա չի լինի։  Ամեն դեպքում, պետք է օրենսդրական փոփոխություն կատարվի, որպեսզի ես կարողանամ բարեփոխումներ իրականացնել և, ամենակարևորը, դրանով ակտիվացնեմ ինստիտուտների հետ կապը։ Գործող համակարգով այս տարի մենք արդեն սկսել ենք գործընթացը, և մինչև փետրվարի 10-ը ԳԱԱ բոլոր բաժանմունքների ակադեմիկոս քարտուղարները պետք է ինստիտուտների հետ քննարկեն և բարեփոխումների/միջոցառումների ծրագիր ներկայացնեն նախագահի հաստատմանը։  Ակադեմիայի բաժանմունքն այն օղակն է, որը նախագահությանը կապում է ինստիտուտների հետ․ ինստիտուտների բոլոր խնդիրները բաժանմունքը պետք է բերի նախագահություն։ Դա ակտիվ չի աշխատել, և դրա մասին խոսում են նաև մեր մի շարք տնօրեններ։ Բոլորն էլ գիտեն, որ ես եկել եմ ԳԱԱ առաջին հերթին այդ խնդիրը կարգավորելու ծրագրով։ Բայց դեռևս այդ հնարավորությունը չունեմ։  - Ինչո՞ւ չունեք։  - Ես չգիտեմ։ Ամենաշատը ես եմ ուզում բարեփոխումներ կատարել, բայց դա օրենքով պիտի թույլատրված լինի, իսկ դա դեռևս չկա։ Հարց է առաջանում՝ ինչ ենք մենք  ուզում. ունենալ լավ աշխատող, հետագայում հզո՞ր Ակադեմիա՝ Կառավարության թիկունքում կանգնած, թե՞ ունենալ նսեմ Ակադեմիա կամ էլ ընդհանրապես չունենալ։ Այս հարցի պատասխանը թողնում են մեր հասարակությանը։  - Ձեր պատկերացմամբ այս ամենն ինչպե՞ս կընթանա, ի վերջո, միավորման որևէ կոնսենսուսային տարբերակ կընտրվի՞։ - Ես չեմ կարող ասել, որովհետև մի շարք հարցեր կան՝ կապված և՛ ատեստավորման որոշ կետերի հետ, և՛ այն պահանջների հետ, որոնք առաջատար գիտաշխատողներին են վերաբերում (նկատի ունի գիտնականների ատեստավորման նոր կարգը,- խմբ․)։ Ինչքան գիտեմ, և՛ Ակադեմիան, և՛ ինստիտուտները, և՛ ԵՊՀ-ն՝ բոլորը, դեմ են արտահայտվել, բայց որոշումներ ընդունվել են։ Ես շատ եմ ուզում, որ լինի քննարկում։ - Հույս ունենանք, որ փետրվարի 15-ից հետո, երբ Կառավարությունը ստացած լինի ինստիտուտների ու բուհերի առաջարկները, քննարկումներ կլինեն։  - Քննարկումները պետք է այդպես չկատարվեն․ մենք ասացինք մեր տարբերակը, դուք կարծի՛ք հայտնեք, և մենք կորոշենք։ Տիկին նախարարը (նկատի ունի Ժաննա Անդրեասյանին,- խմբ․), երբ նոր էր նշանակվել, հրավիրեցինք ԳԱԱ, և կառուցողական հանդիպում տեղի ունեցավ գիտնականների հետ։ Վերջում նա խոստացավ, որ ցանկացած տարբերակ շրջանառության մեջ դնելուց առաջ ԳԱԱ–ում  քննարկում կլինի տնօրենների և առանձին գիտնականների հետ։ Այդ քննարկումը չի եղել։  Վարչապետը, երբ վերջին հանդիպմանը քննարկում էինք, ճիշտ բան ասաց՝ մեզ համար կարևորը գիտության կառավարման ճիշտ մոդելի ընտրությունն է։ Կան ինստիտուտներ, կա Ակադեմիա, կա Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, կան համալսարաններ, դրանց հենքի վրա պետք է մշակել կառավարման ճիշտ մոդել։ Ես ողջունեցի այդ առաջարկությունը և ասացի, որ, այո՛, պետք է   ընտրել գիտության կառավարման  ամենաճիշտ մոդելը Հայաստանի համար՝ հաշվի առնելով հայկական գիտության զարգացման առանձնահատկություններն ու հարուստ պատմությունը, որը կարող է լինել սիմբիոզ, հիմնված մի շարք պետությունների գիտության և կրթության զարգացման պոզիտիվ  հիմնարար սկզբունքների վրա։   Ամեն դեպքում, վերլուծությունը ցույց է տալիս հետևյալը․ գիտությունը չպիտի կենտրոնացած լինի միայն մի տեղում։ Մենք կողմ ենք Ակադեմիական քաղաքի գաղափարին, դա մեգածրագիր է, բայց մենք դեմ ենք, որ մի բան առաջ տանելու համար եղած համակարգը պետք է քանդել և սկսել զրոյից։ Պետք է վերցնել գործող համակարգի դրական բաղադրիչները և դրանց հենքի վրա մշակել/կառուցել նոր, ժամանակի պահանջներին համահունչ, կատարելագործված  կառավարման համակարգ։    *«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որի մասին մի քանի անգամ հիշատակվում է հարցազրույցում, դեռևս չի ընդունվել։ Աննա ՍահակյանԼուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի
23:03 - 24 հունվարի, 2024
ԳԱԱ-ում անցկացվել է «Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023թթ․ Արցախի փախստականությունը» աշխատաժողովը

ԳԱԱ-ում անցկացվել է «Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023թթ․ Արցախի փախստականությունը» աշխատաժողովը

Սույն թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց «Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023թթ․ Արցախի փախստականությունը» գիտագործնական աշխատաժողովը։ Աշխատաժողովի նպատակն է ներկայացնել փախստականության թեման գիտական հարթակում և քննարկել խնդիրները մի կողմից իրավաբանների, մյուս կողմից՝ քաղաքական որոշումներ կայացնողների հետ։ Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։ «Աշխատաժողովը շատ կարևոր թեմայի է նվիրված։ Այն ունի ոչ միայն գիտական, այլև գործնական նշանակություն՝ հատկապես մեր օրերում։ Ադրբեջանահայության փախստականությունը հետևանք էր Ղարաբաղյան շարժման երկրորդ փուլի։ Առաջին փուլը սկսվել է 1918թ․, երբ ստեղծվեց Ադրբեջան պետությունը և սկսեց պայքար, որպեսզի Ղարաբաղը ներառի իր տարածքի մեջ։ Արցախահայությունը պայքարում էր, որ լինի կա՛մ անկախ պետություն, կա՛մ Հայաստանի կազմում։ Արդյունքում, պայքարն ավարտվեց նրանով, որ 1923թ․ ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն Ադրբեջանի կազմում այն դեպքում, երբ Ղարաբաղի բնակչության 94 տոկոսը հայեր էին։ Ադրբեջանը վարում էր այնպիսի քաղաքականություն, որ Ղարաբաղում հայերը չամրապնդվեն և արտագաղթեն։ Չէր զարգացնում արդյունաբերությունը։ Մարզն ուներ ամբողջ 70 տարիների ընթացքում ագրարային տնտեսության կարգավիճակ։ Մի քանի թիվ դա ապացուցելու համար։ Կապիտալ ներդրումների ցուցանիշը բնակչության մեկ շնչի հաշվով Ղարաբաղում կազմում էր Ադրբեջանի ցուցանիշի 37,6 տոկոսը։ Տարածքի արդյունաբերական բեռնվածությունն երկու անգամ ցածր էր Ադրբեջանի միջին ցուցանիշից։ Իսկ 1960-1987թթ․ տարածքի միավորի հաշվով մարզում երեք անգամ պակաս հիմնական ֆոնդեր են ստեղծվել, քան Ադրբեջանում։ Այդպիսի քաղաքականության հետևանքով եթե 1926թ․ հայերի տեսակարար կշիռը ԼՂԻՄ-ում 94,4 տոկոս էր, ապա 1979թ․ այն կազմել է 75,9 տոկոս։ Ընդ որում, եթե դիտարկում ենք Շուշի քաղաքը կոնկրետ մինչև խորհրդային կարգերի հաստատումը, 1914թ․ դրությամբ Շուշիում հայերի տեսակարար կշիռն ամբողջ բնակչության թվում 53,3 տոկոս էր, իսկ թաթարներինը՝ 44,8 տոկոս ։ Այսինքն, Շուշին հայկական քաղաք էր։ Որպեսզի փոխեն բնակչության կառուցվածքը, Շուշիում 1920թ․ մարտի 23-ին կազմակերպվեց ցեղասպանությանը համազոր ոճիր, որի հետևանքով 10,000 հայ սպանվեց։ Արդյունքում Շուշին դարձավ հիմնականում ադրբեջանաբնակ մինչև 1992թ․։ Ընդհանրապես, մինչև Ղարաբաղյան շարժման երկրորդ փուլի սկսվելը՝ 1988թ․, Ադրբեջանում ապրում էր մոտ 500,000 հայ։ Ղարաբաղյան շարժումը սկսվելուց հետո նրանք պատասխանեցին ագրեսիայով, ջարդերով Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Շահումյանի շրջանում, Գետաշենի ենթաշրջանում։ Հայերին արտաքսեցին։ Մնաց հայ բնակչություն միայն Լեռնային Ղարաբաղում, որտեղ ստեղծվել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Այդտեղ ապրող բնակչության թիվն ընդամենը 120,000 էր։ Նրանց էլ վերջնականապես էթնիկ զտման ենթարկեցին այնտեղից արդեն մեր օրերում՝ 2020 և 2023թթ․ ընթացքում»,- ասաց Յուրի Սուվարյանը։ Նա աշխատաժողովի մասնակիցներին կոչ արեց բացահայտել և ներկայացնել ոչ միայն փախստականության խնդիրը, պատճառները, հետևանքները, իրավունքի պաշտպանության հարցերը, այլև առաջարկներ ներկայացնել Արցախի ճակատագիրը որոշելու ուղղությամբ։ «Սա շատ կարևոր է, որովհետև Արցախը պարզապես չի կարելի թողնել առանց հայերի, ովքեր թողել են իրենց պապենական հողերը, ունեցվածքը, գերեզմանները, մշակութային դարավոր հուշարձանները»,- ասաց նա։ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանն իր ելույթում նշեց․ «Փախստականության երևույթը սկսվում է առաջին կայսրությունների հետ և մինչ օրս շարունակվում է մնալ մեծ կայսրությունների քաղաքականության տիրույթում։ Այս երևույթի հետազոտությունը ներկայում պետք է հիմքեր ստեղծի հայկական պետականության ուժեղացման և գաղթականության սինդրոմը հաղթահարելու համար»։ Աշխատաժողովի նիստերի ընթացքում ներկայացվեց 16 զեկուցում՝ «1988-1992թթ․ փախստականության պատճառները և ընթացքը», «1988-1992թթ․ փախստականների ինտեգրացիան Հայաստանում և հետևանքները» և «Արցախի փախստականությունը» թեմաներով։ Աշխատաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և «Հազարաշեն» ՀԿ-ն։
13:50 - 22 դեկտեմբերի, 2023
Հայաստանի ապագայի ռազմավարական պլանավորումն ու ապահովումը տեսնում ենք կրթության և գիտության մեջ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի ապագայի ռազմավարական պլանավորումն ու ապահովումը տեսնում ենք կրթության և գիտության մեջ․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է ԳԱԱ հիմնադրման 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ հոբլյանական նիստին մասնակցել են նաև Ազգային ժողովի, կառավարության անդամներ, Ազգային Ժողովի պատգամավորներ, պատվիրակություններ՝ Մոլդովայի, Հունաստանի, Ավստրիայի, Չեխիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Իրանի գիտությունների ակադեմիաներից, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտից (Դուբնա, ՌԴ)։ Զեկույցով նախ հանդես է եկել Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը: Իր ելույթում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի 80- ամյակի առիթով: Մենք այս դահլիճում բազմիցս առիթներ ունեցել ենք խոսելու Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի փառահեղ ժառանգության մասին, և ուզում եմ ընդգծել, որ մենք դա դիտարկում ենք ոչ թե որպես արձանագրում, այլ ապագայի մեջ ռազմավարական ներդրում անելու անհրաժեշտ կարևոր և ռազմավարական ակտիվ:Ես ներողություն եմ խնդրում մի փոքր անձնական դրվագ այս քննարկում ներմուծելու համար, բայց շատ եմ սիրում ազատ ժամանակը տրամադրել գիտության ոլորտի նորությունների, նվաճումների մասին տեղեկություններ ստանալուն, ֆիլմեր դիտելուն՝ բնականաբար հեղինակավոր գիտական ալիքներում, հարթակներում: Եվ ամեն անգամ հաճելի զարմանքով և հպարտությամբ եմ արձանագրում, որ հենց այսօր՝ Հայաստանում գործող բազմաթիվ գիտնականներ գիտական նորագույն նվաճումների գործում ունեն շատ կոնկրետ ներդրում միջազգային գիտական թիմերի կազմերում: Եվ ինքս ինձ համար արձանագրել եմ, բայց այժմ առաջին անգամ եմ բարձրաձայն այս թեմային անդրադառնում. սա, իմ կարծիքով, բավարար չափով չենք լուսաբանում: Երբեմն, ես իմանում եմ նորություններ, որոնք եթե այդ միջազգային յութուբյան ալիքները չդիտեի, վստահ չեմ, որ այդ նվաճումների և դրանցում ՀՀ-ում աշխատող գիտնականների ներդրման մասին կիմանայի: Կարծում եմ, որ սա շատ կարևոր հարց է: Իհարկե, նաև ուզում եմ ընդգծել և խոստովանել, որ մենք այս հարցում, երբեմն, ծայրահեղությունից ծայրահեղություն ենք հասնում: Եվ լուսաբանումների մեջ չպետք է չափազանցությունների մեջ ընկնենք՝ ոչ պոզիտիվ, ոչ նեգատիվ առումով: Երբ պոզիտիվ առումով չափազանցությունների մեջ ենք ընկնում, մի շարք գիտնականներ իրենց թերագնահատված են զգում՝ մտածելով, որ մեր կենտրոնացումն այնտեղ չէ, որտեղ պետք է լինի, իսկ ահա, երբ բավարար ուշադրություն չենք դարձնում՝ պարզվում է, որ կան բազմաթիվ գիտնականներ, որոնց մեր հանրությունը պետք է ճանաչի՝ իմանալով, թե ինչ ժամանակակից և շրջադարձային նվաճումների հետ գործ ունեն մեր գիտնակաները: Բայց այս տեղեկատվությունն ինձ համար ունի և ունեցել է պրակտիկ նշանակություն՝ արձանագրելու համար, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների, որոնց մասին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը խոսեց, մեր երկրի գիտական պոտենցիալն ամենևին սպառված չէ: Ընդհակառակը՝ շատ մեծ կուտակված գիտական պոտենցիալ կա, և իսկական ժամանակն է, ինչքան էլ ուշացած, որ Հայաստանի կառավարությունը լուրջ ներդրումներ անի գիտության ոլորտում: Նաև այս գործոնն է դերակատարում ունեցել, որ մենք 2019 թ.-ից շարունակաբար ավելացնում ենք գիտության ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետությունում: 2023 թ.-ին, օրինակ՝ 2018 թ. համեմատ գիտության ոլորտի ֆինանսավորումն ավելացել է 151 տոկոսով, շուրջ 2,5 անգամ: 2024 թ.-ին արդեն գիտության ֆինանսավորումն ընդունված բյուջեով կավելանա 181 տոկոսով: Այս համատեքստում շատ կարևոր եմ համարում ընդգծել այն ծրագիրը, որը վերաբերում է գիտության ոլորտի աշխատողների աշխատավարձի բարձրացմանը, որը մեկնարկել է 2022 թ.-ի հունվարի 1-ից և շարունակվելու է մինչև 2026 թ.: Կարծում եմ՝ այս տոնական առիթով արժե, որ տող առ տող այդ տեղեկատվությամբ կիսվեմ, որովհետև, օրինակ՝ 2023 թ.-ին լաբորանտ, ճարտարագետի աշխատավարձը 2018 թ.-ի համեմատ արդեն իսկ ավելացել է 63 տոկոսով, աշխատավարձի աճը կշարունակվի և արդեն 2024 թ. կավելանա 78 տոկոսով: Ավագ լաբորանտի և ավագ ճարտարագետի աշխատավարձը 2023 թ.-ին 2018թ.-ի համեմատ ավելացել է 71 տոկոսով, 2024 թ.-ին աճը կկազմի 105 տոկոս: Կրտսեր գիտաշխատողի աշխատավարձը 2023 թ.-ին բարձրացել է՝ 2018 թ.-ի համեմատ 75 տոկոսով, 2024 թ.-ին արդեն աճը կլինի 110 տոկոս: Գիտաշխատողի աշխատավարձը 2023 թ.-ին ավելացել է 121 տոկոսով, 2024 թվականին աճը կկազմի 154 տոկոս: Ավագ գիտաշխատողի աշխատավարձը 2023 թ.-ին 2018 թ.-ի համեմատ ավելացել է 152 տոկոսով, իսկ 2024-ին կավելանա 203 տոկոսով: Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2023 թ.-ին 2018 թ.-ի համեմատ աճել է 206 տոկոսով, 2024 թվականին աճը կկազմի 267 տոկոս։ Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը 2023 թ.-ին 2018-ի համեմատ աճել է 2026 տոկոսով, մյուս տարի` 2024 թ.-ին արդեն ընդունված բյուջեով աճը կկազմի 262 տոկոս։ Գիտական խմբի ղեկավարի աշխատավարձը 2023 թ.-ին 2018-ի համեմատ ավելացել է 117 տոկոսով, 2024 թ.-ին աճը կկազմի 171 տոկոս։ Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը 2023 թ.-ին 2018-ի համեմատ աճել է 183 տոկոսով, 2024 թ.-ին աճը կկազմի 218 տոկոս։ Այսինքն` հունվարի 1-ից, և այս գործընթացը կշարունակվի մինչև 2026 թվականը։ 2026 թ.-ից հետո արդյունքները կամփոփվեն, և կառավարությունը հետագա որոշումներ կկայացնի։ Այս առումով, կարծում եմ` չափազանց կարևոր է ևս մեկ նորամուծություն, որ մենք իրականացրել ենք։ 2022 թ.-ից գիտնականները և գիտական թիմերը մրցութային կարգով ստանում են դրամաշնորհներ։ Նրանք ֆինանսավորման համար ներկայացնում են թեմաներ, մրցութային հանձնաժողովն ընդունում է, քննարկում և գրանտները տրվում են։ Ուզում եմ ընդգծել, որ 2023 թ.-ին այս մրցութային, գրանտային ծրագրերով շնորհվել է 8.4 մլրդ դրամի դրամաշնորհ: 2024 թ.-ին պետական բյուջեով դրամաշնորհի ծավալը կլինի 9.3 մլրդ դրամ: Ուզում եմ ընդգծել, որ 2024 թ.-ի արդյունքներով այս դրամաշնորհային ծրագիրը կառնչվի շուրջ 1000 գիտնականի: Կան դեպքեր, երբ դրամաշնորհը ստանում է գիտական թիմը, կան դեպքեր, երբ անհատ գիտնականներն են ստանում: Ահա այս թվաբանությամբ և համախմբմամբ շուրջ 1000 գիտնական կօգտվի կամ առնչություն կունենա այս գրանտային ծրագրերին: Որպես այս գործողությունների և որոշումների արդյունք, մենք տեսնում ենք, որ մի պրոբլեմ, այնուամենայնիվ, տեղից սկսել է շարժվել, որի մասին նաև ակադեմիայի նախագահը խոսեց։ Մեր հաշվարկներով՝ այս ծրագրերի գործարկման արդյունքում Հայաստանում գիտական գործունեությամբ զբաղվող մարդկանց թիվը 2022-23 թվականներին ավելացնել է շուրջ 296 գիտնականներով։ Ընդ որում, նրանց մեծ մասը 55 տարեկանից ավելի ցածր տարիք ունեցող գիտնականներ են»։ Վարչապետն անդրադառնալով հաջորդ կարևորագույն ծրագրին՝ հիշատակել է 2018-ից իրականացվող գիտական կազմակերպություններին ժամանակակից սարքերով մատակարարելու ծրագիրը։ 2018-ից 2022-ն ընկած ժամանակահատվածում 26 գիտական կազմակերպություններ շուրջ 5 մլրդ դրամի գիտական սարքեր են ձեռք բերել կառավարության դրամաշնորհներով։ Խոսքը գնում է 70 անուն գիտական սարքերի մասին։ «Ուզում եմ, օրինակ, համեմատության համար ասել, որ 2013-17 թթ.-ին այս նպատակի համար տրամադրվել է ընդամենը 961 մլն դրամ։ Այսինքն` ավելի քան 5 անգամ այս ներդրման տողն աճել է, բայց սա ամենը չէ։ Ինչպես ասացի` նախորդ շրջանում մենք դրամաշնորհներով ենք իրականացրել, բայց 2023-ից սկսած արդեն պետական բյուջեում գիտական սարքերի ձեռքբերումը դարձել է բյուջետային տող, և 2023-ի բյուջեով այդ նպատակի համար նախատեսվել է 5.1 մլրդ դրամ։ 2024 թ.-ի համար ընդհանրապես գիտության ոլորտում 8.6 մլրդ դրամի կապիտալ ծախսեր են սահմանվել։ Ներկայումս արդեն շատ մրցույթներ ամփոփված են, և ունենք ֆինանսավորման երաշխավորված 95 սարքավորման հայտեր, ընդհանուր 7.1 մլրդ դրամ արժեքով, ինչն ավելի է, քան մինչև այժմ նույնիսկ գիտության ոլորտում ձեռք բերված սարքավորումները միասին վերցրած։ Այսինքն` մենք գիտության ոլորտում և մարդկային ռեսուրսի զարգացման, և կապիտալ ծախսեր ենք անում, և ահա այս ընթացիկ ծրագրերով շուրջ 3 տասնյակ գիտական կազմակերպություններ կստանան այդ սարքավորումները»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հավելել է, որ կառավարությունն այս ամենի համար ամենևին էլ շնորհակալության խոսքեր չի ակնկալում, որովհետև այս ներդրումները կատարվում են ոչ այնքան գիտնականների, որքան Հայաստանի Հանրապետության և նրա ապագայի համար, որովհետև կառավարությունը Հայաստանի Հանրապետության զարգացումը պատկերացնում է գիտության ոլորտի լրջագույն զարգացումներով և բարեփոխումներով: «Եվ ինչպես նախկինում չենք պատկերացրել, ապագայում էլ չենք պատկերացնում Հայաստանի Հանրապետությունը առանց զարգացած գիտակրթական ոլորտի, հենց կրթության, գիտության մեջ ենք տեսնում Հայաստանի Հանրապետության ապագայի ռազմավարական պլանավորումն ու ապահովումը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին՝ իր ելույթում «Ակադեմիական քաղաք» ծրագիրը հիշատակելու համար: «Որովհետև դա մի հսկայածավալ, ինչպես պարոն Սաղյանը նշեց, մեգանախագիծ է, որը պետք է հեղափոխական նշանակություն ունենա Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության ոլորտում: Բայց ես չեմ ուզում, որ մենք բարձրագույն կրթությունն ու գիտությունը կտրված դիտարկենք նախնական դպրոցական կրթությունից և հանրակրթությունից, որովհետև այդտեղ կտրվածությունը հետևանքներ կբերի: Մենք այս շարքում ենք դիտում նաև բարեփոխումները, որ իրականացնում ենք նախնական դպրոցական, նախադպրոցական կրթության, հանրակրթության, մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում: «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագիրն սկսել է աշխատել: Մենք մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում լրջագույն բարեփոխումներ ենք իրականացնում, ընդ որում՝ բոլոր այս օղակներում բարեփոխումները զուգորդվում են և՛ ֆիզիկական ենթակառուցվածքների զարգացմամբ, և՛ մարդկային ռեսուրսի ու կադրերի վրա իրականացվող ներդրումներով՝ աշխատավարձերի բարձրացման տեսքով: Շատ ճիշտ մոտեցում է, որ և՛ գիտության, և՛ հանրակրթության, և՛ բազմաթիվ այլ ոլորտներում մենք աշխատավարձերի բարձրացումը կապում ենք կամավոր ատեստավորման գործընթացի հետ, որովհետև կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ժողովուրդն իմանան՝ պետական բյուջեի միջոցները ծախսվում են և հասցեագրվում այն մարդկանց, ովքեր ունեն պատշաճ որակավորում, ունեն գիտական, կրթական, մասնագիտական ամբիցիաներ, և այդ ֆինանսավորումն իսկապես ռազմավարական ներդրում է Հայաստանի Հանրապետության ապագայի մեջ: Այս ամենն ամփոփելով՝ չեմ կարող չնշել, Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակի առիթով կրկին շնորհակալություն չհայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր օրինապահ հարկ վճարողներին, բոլոր տնտեսվարողներին, որովհետև շատ ուրախ եմ, որ ակադեմիայի 80-ամյակի առիթով այսքան բան ունենք ներկայացնելու գիտական հանրությանը, բայց նաև պիտի ընդգծեմ, որ դա հնարավոր չէր լինի առանց աշխատող, ինչպես տնտեսագետները սիրում են ասել, ավելացված արժեք ստեղծող և հարկեր վճարող մարդկանց: Եվ կարծում եմ, որ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակը նաև այդ մարդկանց տոնն է: Պարոն Սաղյանը նշեց, ի վերջո ո՞րն էր 1943 թվականին Հայաստանում գիտությունների ազգային ակադեմիա ստեղծելու որոշման գործնական հետևանքն ու արդյունքը: Այդ արդյունքը միանշանակ և աներկբա Հայաստանի Հանրապետության ինդուստրիալիզացիան էր: Եվ հույս ունեմ, և մեր ռազմավարական նպատակադրումը դա է, որ գիտության ոլորտում իրականացվող այս ներդրումները նմանապես նոր ժամանակներում կբերեն Հայաստանի, եթե կարելի է ասել, երկրորդ ինդուստրիալիզացիային: Սա հնարավոր չէ առանց կառավարության, գիտական հանրության, հանրակրթության ոլորտի և իհարկե, իրական տնտեսության, գործարարների, աշխատող, արդյունք ստեղծող, հարկ վճարող մարդկանց համագործակցության: Կրկին շնորհավորում եմ բոլորիս Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակի առիթով և հաջողություն մաղթում բոլորիս լավագույն ավանդույթները պահպանելու, ուժեղացնելու և նոր ժամանակներին համահունչ նոր ավանդույթներ, նոր մեխանիզմներ, նոր որակ և նոր նվաճումներ ունենալու հեռանկարն իրականացնելու ճանապարհին»: Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակի կապակցությամբ, կրթության և գիտության զարգացման գործում ներդրած ավանդի համար Նիկոլ Փաշինյանը Վարչապետի հուշամեդալով է պարգևատրել ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի ասիմետրիկ կատալիզի լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների թեկնածու Աննա Մկրտչյանին, ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Հրաչյա Ասցատրյանին: Հաջորդիվ տեղի է ունեցել ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան 2020թ. միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությունը: Վարչապետը մրցանակը հանձնել է պրոֆեսորներ՝ Ալեքսանդր Սալային, Իզաբել Բարաֆին և Ադամ Բարոուզին: *** Պրոֆեսոր Ալեքսանդր Սալայը (Ջոնս Հոփքինսի համալսարան, Բալթիմոր, ԱՄՆ), առաջադրվել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Ադամ Ռիսի կողմից «Տիեզերքում մութ նյութի՝ որպես չեզոք, թույլ փոխազդող մասնիկ լինելը ցուցադրող իր առաջնային աշխատանքի և տվյալների վրա հիմնված վիճակագրական տիեզերաբանության մեջ իր ներդրումների համար»։ Պրոֆեսոր Իզաբել Բարաֆը (Էքսետերի համալսարան, ՄԹ և Լիոնի CRAL/ENS, CNRS, Ֆրանսիա), առաջադրվել է Էքսետերի համալսարանի (ՄԹ) կողմից «Ցածր զանգվածով աստղերի, գորշ թզուկների և արտարեգակնային մոլորակների բնագավառում իր հիմնարար ներդրումների և աստղասեյսմաբանության և կոմպակտ կրկնակիների ոլորտում նորարարական գաղափարների համար»։ Պրոֆեսոր Ադամ Բարոուզը (Աստղաֆիզիկական գիտությունների բաժին, Փրինսթոնի համալսարան, ԱՄՆ), առաջադրվել է Փրինսթոնի համալսարանի (ԱՄՆ) կողմից «Գորշ թզուկների և արտարեգակնային մոլորակների տեսություններում իր բեղմնավոր և առաջնային ներդրումների և գորշ թզուկների և արտարեգակնային մոլորակների հետազոտությունների առաջնագծում գիտնականների սերունդ աճեցնելու գործում նրա առաջատար դերի համար»։ Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակն աստղագիտության և աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների կարևոր մրցանակներից մեկն է: Այն շնորհվում է որևէ երկրի և ազգության ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ոլորտում նշանակալից ներդրում ունեցող ականավոր գիտնականներին: Մրցանակը շնորհվում է 2010 թվականից ի վեր յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ:
15:33 - 20 դեկտեմբերի, 2023
Գիտության առջև դրված խնդիրները և գիտության դերը պետության կարիքների լուծման գործում․ կայացավ «Գիտուժ»-ի առաջին համաժողովը

Գիտության առջև դրված խնդիրները և գիտության դերը պետության կարիքների լուծման գործում․ կայացավ «Գիտուժ»-ի առաջին համաժողովը

Գիտության ներկան ու ապագան, գիտություն-կրթություն և գիտություն-տնտեսություն կապ, հումանիտար և հասարակագիտական մտքի կարևորություն,  գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական (ԳՀՓԿ) աշխատանքներ ու ռազմարդյունաբերություն․․․ Այս և այլ թեմաների շուրջ նոյեմբերի 29-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) միավորվել էին Հայաստանի գիտական և տեխնոլոգիական համայնքների, բուհերի, Կառավարության ներկայացուցիչներն ու գիտությամբ հետաքրքրված մարդիկ։ «Գիտուժ» նախաձեռնությունը կազմակերպել էր «Հայաստանի գիտատեխնոլոգիական և նորարարական ազգային համակարգ. խնդիրներից դեպի վերածնունդ» խորագրով  համաժողովը։ Համաժողովը բացեց ՀԱՀ ռեկտոր Բրյուս Պողոսյանը, որը, ողջունելով ներկաներին, ասաց, որ հետևել է «Գիտուժ» նախաձեռնության աճին ինչպես սփյուռքում գտնվելու տարիներին, այնպես էլ Հայաստան այցելությունների ժամանակ։ Բրյուս Պողոսյանը Բրյուս Պողոսյանը խոսեց այն մասին, թե գիտական որքան ուժեղ էկոհամակարգ է ունեցել Հայաստանը Խորհրդային շրջանում, և ինչպես է այդ էկհոմակարգը քանդվել Խորհրդային Միության փլուզումից հետո։ Ամերիկյան համալսարանի ռեկտորը հիշեցրեց նաև այն փաստը, որ Հայաստանում տարիների ընթացքում գիտնականների թիվը նվազել է։ «Կարծում եմ՝ «Գիտուժը» հասկացել է, որ Հայաստանն այլևս ժամանակ չունի։ Հայաստանը կարիք ունի արագ սկսելու ապահով, գիտելիքի վրա հիմնված, արժեք ստեղծող պետություն դառնալու ուղին»,- ասաց նա։   Գիտության առաջնահերություններ, պետական պատվեր, գիտելիքահեն տնտեսություն «Հայաստանի գիտատեխնոլոգիական և նորարարական համակարգի զարգացման հեռանկարները, այդ ճանապարհին խոչընդոտները և դրանց լուծումները». պանելային առաջին քննարկման ժամանակ այս հարցերի պատասխաններն էին փորձում ստանալ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն ու «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Փախչանյանը։ Հակոբ Արշակյանը պանելային քննարկումը սկսեց նորությամբ․ 2024-ին Հայաստանում արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն է բացվելու։ Ինչպես և նշել էր ԱԺ փոխնախագահը, Կառավարության երեկվա նիստի ընթացքում հավանության արժանացավ «2024 թ․ պետական բյուջեի մասին» օրենքի լրամշակված նախագիծը։ Պետբյուջեով նախատեսվող միջոցառումներից մեկն արհեստական բանականության գիտահետազոտական կենտրոնի արդիականացումն է։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ գիտության առաջնարհերթությունները, թիրախները սահմանված են Կառավարության ծրագրով։ Ինչ վերաբերում է գիտության ռազմավարություն ունենալուն, նախարարը նշեց, որ այս պահին ռազմավարությունը մշակման փուլում է, և ունի  վերանայման կարիք, քանի որ «Կառավարությունն էական ներդումներ է արել, և կարիք կա հասկանալու այդ ներդրումների արդյունավետությունը»։ ԿԳՄՍ նախարարը խոսեց անցած տարի երիտասարդ գիտնականների թվի աճի, գիտնականների աշխատավարձերի բարձրացման և գիտական նոր սարքերի ձեռբերման մասին՝ նշելով, որ «վիճակագրությունը ցույց է տալիս արդյունքներ»։ Ժաննա Անդրեասյանը և Հակոբ Արշակյանը «Բայց այս բոլոր խնդիրների մեջ մենք տեսնում ենք, որ մեզ իրականում անհրաժետ է ունենալ այն ցուցանիշները, որոնք մեզ թույլ են տալու ասել, որ այդ ներդրումներն արդյունավետ են»,- ասաց նա։ Այս համատեքստում ժաննա Անդրեասյանը կարևորեց հասկանալ տարբեր օղակների սպասելիքները գիտությունից։ Նա նշեց՝ գիտությունն ու արվեստը նման են այն առումով, որ գիտնականներն ուզում են ազատություն ու ժամանակ գործելու համար։ Մյուս կողմից էլ, նախարարի խոսքով, տնտեսությունն ուզում է կոնկրետ արդյունքներ։  Ի՞նչ խնդիրներ է տեսնում պետական քաղաքականության մեջ և ի՞նչ է ուզում «Գիտուժը»․ այս հարցին անդրադարձավ Արամ Փախչանյանը՝ նշելով, որ իրենց արձանագրած հիմնական բացը համակարգային մոտեցումն է։ Համաձայնելով Ժաննա Անդրեասյանի այն դիտարկմանը, որ գիտության մեջ կարևոր է ազատությունը, Արամ Փախչանյանը կարևորեց նաև պետության կողմից առաջնահերությունների սահմանումը։ «Պետությունն է, որ պետք է ձևավորի պատվերը։ Ես չեմ ասում պատվեր՝ որպես կոնկրետ հրահանգներ կոնկրետ գիտնականների, այլ պատվեր լայն իմաստով, թե ինչ է պետությունը՝ որպես հասարակության ներկայացուցիչ, որպես գիտության համար պատասխանատու, որպես բիզնեսի և տնտեսության առաջխաղացումն ապահովող մարմին, ակնկալում գիտությունից։ Այստեղ մենք մինչ այսօր ունենք խնդիր, որ պետության կողմից չկա այն մարմինը կամ մարմինների համախումբը, որը կարողանա խոսել գիտական համայնքի հետ գիտական համայնքի համար հասկանալի լեզվով և գործիքներով»,- ասաց նա։ Հակոբ Արշակյանը նշեց՝ Հայաստանը երբեք գիտության համար խնդիրներ չի սահմանել, և անգամ Խորհրդային տարիներին խնդիրներ սահմանողը եղել է ոչ թե Հայաստանը, այլ հենց Խորհրդային Միությունը։ Նա հայտնեց, որ այս ուղղությամբ քայլերը հեշտ չեն, բայց դրանք արվում են․ շուտով վարչապետի ղեկավարությամբ ձևավորվելու է գիտական խորհուրդ, որտեղ ներգրավվելու են նաև Գիտությունների ազգային ակադեմիայից (ԳԱԱ) ներկայացուցիչներ, և որտեղ ապագայում կարող են գիտության համար խնդիրներ ձևակերպվել։ Ռոբերտ Խաչատրյանը, Ժաննա Անդրեասյանը, Հակոբ Արշակյանը և Արամ Փախչանյանը Ժաննա Անդրեասյանն էլ շեշտեց, որ միայն Կառավարությունը չի կարող որոշել գիտության զարգացման առաջնահերթությունները։ Նրա խոսքով կան ոլորտներ, օրինակ՝ ռազմարդյունաբերությունը, որտեղ Կառավարության խոսքը որոշիչ է, և, այսպես կոչված, պատվերի մեխանիզմն աշխատում է։  «Բայց կան ոլորտներ, որտեղ պետության կողմից նման պատվերի ձևակերպումը կարող է շեղել իրերի դրությունը»,- ասաց նախարարը։ Արամ Փախչանյանն էլ նշեց, որ Կառավարությունը պիտի ստեղծի այն համակարգը, որտեղ ամեն գիտնական կհասկանա, թե իր ոլորտում ինչ պիտի անի, ինչ պիտի իր ուսանողներին սովորեցնի, որպեսզի նպաստի պետության խնդիրների լուծմանը։ Ժաննա Անդրեասյանն իր խոսքի սկզբում կարևորեց խնդիրների լուծումների քննարկումը ներառական ու մասնակցային միջավայրում, որտեղ հնարավորություն է տրվում հնչեցնելու ցանկացած կարծիք։ Հակոբ Արշակյանն էլ քննարկման վերջում շեշտեց այն փաստը, որ համաժողովին ներկա են քաղծառայողներ։ Չնայած դրան՝ Կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչները պանելային առաջին քննարկման ավարտից հետո լքեցին համաժողովը։ Հետագա քննարկումների ընթացքում համաժողովի մի քանի մասնակիցներ ափսոսանք հայտնեցին, որ նրանք չմնացին ու չլսեցին գիտական, կրթական ու տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների մտահոգություններն ու բարձրացրած հարցերը։   Ինչ է հասցրել անել «Գիտուժն» ու ինչ նպատակներ ունի Պանելային հաջորդ քննարկման ընթացքում  «Գիտուժի» անդամներն ամփոփեցին նախաձեռնության անցած ճանապարհը, ձեռքբերումները և ներկայացրին հետագա անելիքները: Robomart ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանը խոսեց այն մասին, թե ինչու 2021-ին ստեղծվեց «Գիտուժը»։ Նրա խոսքով նախաձեռնության հիմքում կանգնած մարդիկ տեսան, որ Հայաստանում չկա այն գիտակցությունը, որ գիտությունն ու տեխնոլոգիաները կեսնական նշանակություն ունեն պետության կառուցման, անվտանգության և զարգացման գործում։  Նա նշեց, որ հիմնադրումից իր վեր՝ «Գիտուժը» գործել է երկու ուղղությամբ՝ գիտության հանրահռչակում և կառավարության հետ աշխատանք։ Տիգրան Շահվերդյանի խոսքով առաջին ուղղությամբ հաջողություններ ունեն, և էապես աճել է լրատվամիջոցներում գիտության թեմայով հրապարակումների թիվը։ Երկրորդ ուղղության մասին խոսելիս էլ նա նշեց գիտության ֆինանսավորման ավելացման մասին․ «Դրա սկիզբը դրվեց հենց մեր համայնքի ակտիվության պատճառով։ Մենք և՛ հանրային գործողություններ արեցինք, և՛ աշխատանք տարանք պաշտոնյաների հետ»։ Firo և Skycryptor ընկերությունների համահիմնադիր Արամ Ջիվանյանն էլ, խոսելով ապագա անելիքներից, նշեց՝ իրենց առաջնահերթությունները շարունակելու են մնալ երկուսը՝ գիտության հանրահռչակում և համակարգի կայացում։ «Գիտուժի» անդամները «Մենք բավական էներգիա ու ժամանակ ենք շարունակելու ներդնել՝ հասկանալու, թե ինչպիսին պիտի լինի մեր նորարարական համակարգը․ և՛ աշխատելու ենք պատկան մարմինների հետ, և՛ հետազոտություններ ենք կատարելու, որպեսզի փոփոխություն առ փոփոխություն հասնենք մեր կարևոր, վերջնական նպատակին՝ ունենալ համակարգ, որի մուտքում կան ձևակերպված խնդիրներ, և դուրս են գալիս լուծումներ, որոնք անդրառանում են բոլորիս»։ Krisp-ի և 10Web-ի համահիմնադիր Արտավազ Մինասյանն էլ նշեց՝ Կառավարությունը գիտության մեջ դեռ «մանկական քայլեր» է անում․ «Եթե ուզում ենք մրցունակ լինել գիտության ոլորտում, առաջինը պետք է գիտակցենք, որ գիտությունը կարևոր է Հայաստանի համար։ Այդ գիտակցությունը, ցավոք, չկա ո՛չ իշխանության անդամների, ո՛չ հասարակության, ո՛չ բիզնեսի կողմից։ Երկրորդը՝ պետք է էկոհամակարգ ձևավորվի, ու այդտեղ պետք է ներգրավված լինեն և՛ գիտնականները, և՛ մասնավոր հատվածը, և՛ պետական հատվածը։ Այդ համակարգի ձևավորումից հետո պետք է ռազմավարությունը լինի, թե որ ոլորտների վրա ենք շեշտադրումն անում։ Երրորդը՝ ռեսուրսների բաշխումը․ մեր թիրախը պետք է լինի գիտահետազոտական ոլորտին համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) առնվազն 5%-ը տրամադրել, որպեսզի մեր բոլոր գոյաբանական հարցերի պատասխանը ստանանք՝ սկսած պաշտպանության ոլորտից, վերջացրած տնտեսության զարգացմամբ»։   Մասնավոր-կառավարություն երկխոսություն, խնդիրների հստակ սահմանում «Ինչպե՞ս գիտությունը դարձնել առաջնային գործիք Հայաստանի անվտանգության ապահովման և մրցունակության բարձրացման համար»։ Պանելային հաջորդ քննարկումը հենց այս թեմայով էր։ ՀԱՀ Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանի խոսքով շատերին կարող է տրամաբանական թվալ, որ պետք է ՀՆԱ-ի X տոկոսը ծախսել գիտության վրա, բայց պետական ապարատի տեսանկյունից դա տրամաբանական մոտեցում չէ, եթե չի հստակեցվում, թե որ ուղղություններով և ինչ նպատակներով են հատկացվող միջոցները ծախսվելու։ Նա նշեց, որ այս պահին Հայաստանի Կառավարությունը բավականին շատ ֆինանսական աջակցություն է տրամադրում ընկերություններին, բայց չկա հստակ մոտեցում, որ աջակցությունը տրամադրվի հենց գիտաարտադրական տեխնոլոգիաների զարգացման տեսանկյունից։ «Եթե գիտական, տեխնիկական առաջադեմ հանրությունը կարողանա ձևակերպել պահանջներ (որովհետև դա կհստակեցնի, թե որտեղ  ամենամեծ հետադարձ արդյունքը կլինի), ապա հավանականությունն ավելի մեծ է, որ այդ ուղղությամբ կլինեն ավելի մեծ ներդրումներ»,- ասա նա՝ այս համատեքստում կարևորելով մասնավոր հատվածի ու պետության միջև երկխոսությունը։ Գիտությունների Ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանը համաձայնեց Վաչե Գաբրիելյանի այն մտքին, որ երկխոսության խնդիր կա։ «Անձամբ ես մի քանի անգամ առաջ եմ քաշել Կառավարության հետ երկխոսելու լայն ծրագրեր՝ ներառելով լայն զանգվածներ։ Բոլոր դեպքերում այդ փորձերը հաջողված չեն հենց հակադարձ կապի բացակայության պատճառով»,- ասաց ակադեմիկոս քարտուղարը։ Կոնստանտին Ենկոյանը, Վաչե Գարբիելյանը և Արթուր Իշխանյանը Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի կարծիքով Հայաստանում չկան ռեսուրսներ ոչ այնքան նշանակալի հետազոտություններ ֆինանսավորելու համար, այդ պատճառով անհրաժեշտ է հասկանալ, թե ովքեր են «զբաղվում իրական գիտությամբ», զտել ու կենտրոնանալ մի քանի ուղղությունների վրա։ Արթուր Իշխանյանը հակադարձեց նրան՝ նշելով, որ հիմա հնարավոր չէ իմանալ, թե ինչը կարող է կարևոր լինել, օրինակ, 5 տարի անց։ «2019-ին է փակվել Վիրուսոլոգիայի ինստիտուտը։ Վերջնականապես ենք փակել, ավերվել էր մինչ այդ, բայց գոնե ինչ-որ բաներ կային։ 2020-ին սկսվեց համավարակը․․․ Մեզ անհրաժեշտ է պահպանել նվազագույն էկոհամակարգ հնարավորինս ամեն ինչի համար»։ Արթուր Իշխանյանն իր խոսքում անդրադարձավ նաև գիտության կազմակերպման երկու մոդելներին՝ համալսարանական և ակադեմիական՝ շեշտելով, որ որևէ տեղ չկա այդ երկուսից միայն մեկը։ «Առանձին վերցված խնդիրների համար միշտ անհրաժեշտ է ունենալ ճկուն, անկախ հասարակական հետազոտական հաստատություններ՝ ինստիտուտներ, որոնց երբեք պետք չէ դարձնել միայն կրթությանը սպասարկող»,- ասաց նա։ Արթուր Իշխանյանի այս ձևակերպումն, ամենայն հավանականությամբ, վերաբերում է «Ակադեմիական քաղաք» հայեցակարգին, որով բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտները միանալու են իրար։   Գիտության կառավարման մոդելներ, բուհերի և ինստիտուտների ներսում առաջնահերթությունների սահմանում «Գիտությունը համալսարաններում և ինստիտուտներում. առկա ներուժ և ապագայի պահանջներ»․ պանելային հաջորդ քննարկմանը մասնակցում էին բուհերի ռեկտորներն ու գիտական ինստիտուտների տնօրենները։ Առաջինը քննարկվում էր այն հարցը, թե ինչպես են բուհերն ու ինստիտուտներն իրենց ներսում առաջնահերթություններ սահմանում։  Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը նշեց՝ իրենք ուսումնասիրում են ազգային անվտանգությանը վերաբերող խնդիրներ, և դժվար է ընտրել այնպիսի թեմաներ, որոնք նաև միջազգային կարևորություն ունեն և կարող են տպագրվել միջազգային ամսագրերում։ «Այսօրվա գիտաչափության պահանջները գիտնականների մեջ կոտրում են ռոմանտիզմը, նաև, հայրենասիրությունից ելնելով, հետազոտություններ իրականացնելը, որովհետև մենք ընկնում ենք գիտաչափության հետևից և անում ենք բացառապես այն հետազոտությունը, որով կարող ենք տպագրվել։ Ես համարում եմ, որ մեզ նման ոչ հարուստ պետության համար դա շատ մեծ ճոխություն է. մենք ունենք այնպիսի խնդիրներ, որոնք ուղղակի իրավունք չունենք հրատարակելու, բայց եթե չհրատարակենք, ապա մենք գիտնական չենք համարվելու Հայաստանի Հանրապետությունում։ Դրա համար մենք մի կերպ բալանսի ենք բերում»,- նշեց նա։  Լիլիթ Սահակյանը և Բրյուս Պողոսյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր Վարդան Ուռուտյանը նշեց՝ մի քանի տարի առաջ հասկացան, որ իրենց հետազոտական ուղղությունները, մագիստրոսական թեզերի ու թեկնածուական ատենախոսությունների թեմաները բավականին հնացած են, և սկսեցին պետական գերատեսչություններից հավաքել նրանց հուզող խնդիրները։ «Որոշ գերատեսչություններից ստացանք կոնկրետ իրենց հուզող հարցերը։ Իհարկե, այստեղ բախվեցինք խնդիրների․ ոչ բոլոր գերատեսչությունները կարողացան ձևակերպել իրենց խնդիրները և նույնիսկ խնդրեցին, որ մենք մասնագետներ ուղարկենք, որ այդ խնդիրների վերհանումը միասին կարողանանք կատարել»,- նշեց նա։ ՀԱԱՀ ռեկտորն ասաց, որ իրենք խնդիրներ հավաքագրեցին նաև մարզպետարաններից, արդյունաբերական խորհուրդներ ձևավորեցին՝ ներառելով մասնավոր հատվածից ներկայացուցիչների, որ նրանց հուզող հարցերը ևս հասկանան, ապա զտեցին հավաքագրած թեմաներն ու արդիականացրին հետազոտական ուղղությունները։   Անդրադառնալով նախորդ քննարկումների ժամանակ կառավարության սահմանած առաջնահերթյունների ու պետության կարիքների սպասարկման մասին բարձրացված հարցերին՝ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) տնօրեն Գևորգ Քառյանը նշեց․ «Մեզ համար դժվար է, զբաղվեով հիմնարար հետազոտություններով, ուղղակիորեն ազդել կամ ուղղակիորեն այդ գործընթացի մեջ ներգրավվել։ Հիմնարար գիտությունն այն պարարտ հողն է, որի վրա աճում է կիրառական գիտությունների ծառը, և որի պտուղները մենք քաղում ենք տեխնոլոգիաների տեսքով։ Եթե մենք հիմնարար գիտությամբ զբաղվող գիտնականին առաջադրենք այնպիսի խնդիր, որը կիրառական նշանակություն ունի, մենք նրան անելանելի վիճակի մեջ կդնենք, բայց մյուս կողմից՝ առանց հիմնարար հետազոտության ուղղակի իմաստ չունի խոսել կիրառական հետազոտության մասին»։ Գևորգ Քառյանը Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը նշեց՝ կան հարցեր, որոնց պատասխանները հետազոտությամբ ստանալու համար պետք է լինի պետությունից իջեցված պատվեր, բայց նա կարևորեց նաև, որ այդ պատվերները սահմանվեն հենց ինստիտուտների կողմից, և ինստիտուտների ներսում հետազոտություններ կատարվեն, թե իրենց բնագավառները զարգացնելու համար ինչ է պետք։ Նա կարևորեց բրենդային ուղղություների զարգացումը, որոնք Հայաստանի գիտությունը կդարձնեն համաշխարհային գիտության մաս․ «Մեզ պետք չէ ընդհանուր հնագիտություն, կամ մեզ պետք չէ ընդհանուր ազգագրություն․ մեք պետք է այնպիսի հնագիտություն, որում Հայաստանը կարող է առաջնային դիրք գրավել համաշխարհային գիտության տեսանկյունից։ Շատ դեպքերում մենք շփոթում ենք արտասահմանյան ամսագրերում հրատարակվելը գիտական տեսակետի տարածման հետ․ գիտական տեսակետը պետք է ստեղծվի քո երկրում, ազգային հիմքի վրա և տարածվի աշխարհով մեկ որպես քո ստեղծագործություն, բրենդ»։ Խոսելով գիտության համակարգի կառավարման մասին՝ Լիլիթ Սահակյանը զավեշտալի համարեց վերջին շրջանում հնչող հարցադրումը՝ Գիտությունների ազգային ակադեմիա Հայաստանին պե՞տք է, թե՞ ոչ․ «Երեկ կարդում էի [Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ] պարոն Հայոցյանի հարցազրույցը։ Ասել, որ Ակադեմիան հոդվածների առումով երկրորդ տեղն է զբաղեցնում, խոսել նրա մասին, որ բուհերը կառավարման համակարգը փոխում են, որովհետև հասկացել են, որ արդյունավետ չէ, բայց հարցականի մեջ դնել ԳԱԱ գոյությո՞ւնը։ Ես, ճիշտն ասած, տրամաբանությունը չեմ հասկանում»։ Արսեն Բոբոխյանն էլ նշեց՝ ինքը կուզենար, որ Հայաստանում միաժամանակ գոյություն ունենային ուժեղ համալսարաններ և ուժեղ, բարեփոխված Ակադեմիա, և համալսարանները լինեին ոչ թե Երևանում կենտրոնացած, այլ ապակենտրոնացած։   Հասարակագիտության և հումանիտար գիտությունների ուսումնասիրության առարկան, գիտաչափությունը, միջազգային գիտությանն ինտեգրումը «Հումանիտար և հասարակագիտական գիտությունները Հայաստանում. մենք կարողանու՞մ ենք մտածել» քննարկման մասնակիցները խոսում էին հարցերից, որոնք գիտության մասին զրույցների ժամանակ երբեմն լուսանցքում են մնում։ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու Նաիրա Մկրտչյանի խոսքով հումանիտար և սոցիալական գիտությունների առումով Հայաստանն անհատ կադրերի խնդիր չունի, և խնդիրն ավելի շատ ինստիտուցիոնալ հարթությունում է․ «Ես կարող եմ թվել առնվազն 20-30 մարդու, որոնց գործերն արժե կարդալ, որոնք չեն զիջում միջազգային հարթակում համանման թեմաներով զբաղվող որևէ գիտնականի։ Եվ այդ առանձին անհատները միջազգային մակարդակի հասնում են իրենց անհատական ջանքի շոնրհիվ»։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Գայանե Շագոյանն էլ անդրադարձավ գիտաչափությանը, որը նրա խոսքով գալիս է ճշգրիտ գիտություններից․ «Այսօր, լինելով սոցիալ-հումանիտար ոլորտի ներկայացուցիչ, ես պիտի ավելի շատ մտահոգված լինեմ, թե անգլալեզու որ պարբերականում է լույս տեսնելու իմ աշխատանքը, որովհետև այդ դեպքում ես հնարավորություն կունենամ պարկեշտ աշխատավարձ ստանալու։ Եվ հայալեզու արտադրանքը ոչ միայն ստորադասված է, այլև ընդհանրապես հաշվի առնված չէ։ Ես կարող եմ գրել հայերեն մենագրություն, և դա ինձ կբերի 0 միավոր, և ես կարող եմ գրել անգլալեզու ամսագրում երկու էջանոց հոդված, և այստեղ էջը կամ նույնիսկ բովանդակությունը չէ խնդիրը, այլ, թե որտեղ է այն տպված՝ սպասարկելով այն հետաքրքրությունները, որոնք Հայաստանի հանդեպ ունի մեկ այլ պետություն։ Դա, մի կողմից, միջազգային գիտության մեջ ինտեգրվելու մասին է խոսում, բայց, մյուս կողմից, երբ դա իջեցվում է որպես գիտաչափության միակ մոտեցում, խոսում է մեր խնդիրները տեսնելու, բարձրաձայնելու և ուղղելու անտեսման մասին»։ Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի Հայագիտական ծրագրի տնօրեն, «Թուրփանջյան» հասարակական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ստեփան Աստուրյանն էլ առանձնացրեց մի խնդիր, որին բախվում են սփյուռքի հայ գիտնականները հայագիտական թեմաներով հետազոտություններ իրականացելիս․ «Եթե ծագումով հայ ես և հայերին վերաբերող թեմայով ես զբաղվում, օրինակ՝ Ցեղասպանության թեմայով, շատ արագ պիտակավորվում ես որպես էթնիկ գիտնական կամ ազգայնամոլ, եթե քո ասածները չեն համընկնում նրան, ինչ պիտի ասվի այդ միջավայրում, այսինքն՝ գերադաս կարծիքին»։ Թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը կարևորեց հասկանալ, թե որն է հասարակագիտության և հումանիտար գիտությունների ուսումնասիրության առարկան, և ինչու են դրանք կարևոր։ «Այդ երկու գիտակարգերի նպատակը մեկն է․ կոդավորել ու հասկանալ անցյալը, ներկան, փորձել հասկանալ ապագան ու դա անել պարպերաբար՝ վերակազմավորելով, քանդելով, կրկին վերակազմավորելով ու քանդելով։ Ի՞նչ տեղի ունեցավ հետխորհրդային շրջանում․ առնվազն դիսկուրսի մակարդակում քանդվեց անցյալը, ու չստեղծվեց նորը, ներկան»,- ասաց նա։ Վարհրամ Տեր-Մաթևոսյանի խոսքով այս գիտակարգերում գիտական լավագույն հետազոտություններում ավելի շատ հարցեր են առաջադրված, քան հարցերի պատասխաններ կան․ «Մինչդեռ մեր պարագայում շատ ավելի իմպերատիվ էին, օրինակ, Թուրքիայի և Արդբեջանի մասին հետազոտությունների մեծ մասը հատկապես հետխոհրդային շրջանում։ Այդ հանգստությունը, որը կար Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, գալիս էր նաև մեծամտության պարսավելի դրսևորումներից։ Պատճառն այն է, որ մենք չենք ուզում հասկանալ, որ մեզ համար հարկավոր էր տեղավորվել այն բացատրության մեջ, որն ամենահարմարն էր այդ պահին»։   ԳՀՓԿ աշխատանքներ, ռազմարդյունաբերություն «Պաշտպանական ԳՀՓԿ աշխատանքներ. Հայաստանը զարգացման ներուժ ունի՞» թեման ոչ այնքան քննարկում էր, որքան հարցուպատասխան Ռազմարդյունաբերության կոմիտեի (ՌԱԿ) նախագահ Արտյոմ Մեհրաբյանի հետ․ նրան հարցեր ունեին և՛ գիտական, և՛ մասնավոր հատվածի ներկայացուցիչները։ Հարցին, թե ինչու Հայաստանը չի ծախսում գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿ) համար նախատեսված ողջ բյուջեն, Արտյոմ Մեհրաբյանը պատասխանեց․ «Մենք այս տարի ունեցել ենք մոտ 48 հայտ, հաստատվել է ընդամենը 8 աշխատանք»։  Նա նշեց՝ գիտնականների հետ աշխատելու խնդիրներից մեկը ԳՀՓԿ աշխատանքների գաղտնիությունն է․ «Այս տարի առաջարկություն ենք արել և Կառավարության որոշման մեջ փոփոխություն ենք մտցրել, որպեսզի գիտական աշխատանքների վրայից գաղտնիության հարցը հանենք կամ դիտարկենք ամեն մի հայտը առանձնահատուկ, փորձենք, հասկանալով դրա կարևորությունը, գաղտնիացնել»։ Նա նշեց, որ այդպիսով գիտնականների համար ընթացակարգերն ավելի կհեշտանան։ ՌԱԿ նախագահը նաև ասաց, որ հանդիպում են ունենալու գիտական կազմակերպությունների ղեկավարների հետ և ներկայացնելու են նրանց այն ուղղությունները, որոնք ուզում են զարգացնել։ Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանը օրենսդրական ու բյուրոկրատական մի քանի խնդիր բարձրաձայնեց։ Նրա խոսքով Հայաստանում զենք-զինամթերքի հետ կապված գիտահետազոտական աշխատանքները հավասարեցված են զենքի արտադրությանը, և դրա համար անհրաժեշտ է լիցենզիա ունենալ, որը ծախսերի հետ է կապված։ Արտյոմ Մեհրաբյանը Արտյոմ Մեհրաբյանը համաձայնեց, որ օրենսդրական բացեր կան՝ նշելով, որ դրանց ուղղությամբ աշխատում են, սպասվող փոփոխություններով լիցենզիա պահանջելու են միայն սերիական արտադրության համար։ Սեյրան Մինասյանը խոսեց նաև այն խնդրից, որ ՌԱԿ կառավարման մեխանիզմն ու գործառույթները հիմնված են Խորհրդային Միության համապատասխան փաստաթղթերից թարգմանված ստանդարտների վրա։ Նրա խոսքով հենց սրանից էլ բխում է այն, որ ՌԱԿ-ին ներկայացված հայտերը և դրանց կատարման ընթացքը բովանդակային խորքային ստուգում չեն անցնում։ Նորմատիվ փաստաթղթերի մասով բարձրաձայնած խնդրին ևս ՌԱԿ նախագահը համաձայնեց՝ նշելով, որ հանդիպում են ունեցել Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի հետ, այդ հարցը բարձրարցել են։ LT-PYRKAL-ի գլխավոր տնօրեն Գագիկ Բունիաթյանն էլ նշեց՝ ավելի մեծ հարց է Պաշտպանության նախարարության՝ խնդիրներ ձևակերպելու կարողությունը․ «ԳՀՓԿ աշխատանքի իմաստն այն է, որ այն վերջանա սերիական արտադրությամբ, հակառակ դեպքում դա դառնում է ինքնախաբեություն և ֆինանսաների իզուր վատնում։ Ամենակարևոր խնդիրն է, թե ինչ է պետք մեր Զինված ուժերին սերիական արտադրության համար։ Առաջին հերթին, շատ հստակ այդ խնդիրը պետք է ձևակերպի ԶՈՒ-ն, որից հետո խնդիրը պետք է փոխանցվի ՌԱԿ-ին՝ գործընթացը կազմակերպելու»։  ՌԱԿ նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի խոսքով կրթական, գիտական, արդյունաբերական և պաշտպանական համակարգերի միջև կապերը խզված են․ «Պաշտպանական համակարգը պատվերով չի ծանրաբեռնում արդյունաբերության համամակարգը, արդյունաբերության համակարգը, հետևաբար, պատվերով չի ծանրաբեռնում գիտական համակարգը։ Ունենք ռազմավարական նպատակների և դրանց իրականացման միջոցների անորոշություն, որը բերում է այս բոլոր խնդիրներին»։ Արտյոմ Մեհրաբյանն ասաց՝ իրենք հասկացել են, որ ՌԱԿ-ին կից մի կառույցի անհրաժեշտության կարիք կա, որը  կազմված կլինի ռազմավարություն մշակողներից, գիտնականներից և ինժեներներից, որոնց շփումից կստեղծվեն գաղափարներ ու կփոխանցվեն ՌԱԿ-ին։ Նա նշեց՝ այդ ուղղությամբ աշխատանքներ տանում են՝ շատ փակագծեր չբացելով։ *** Քննարկումներից մեկի ընթացքում «Գիտուժի» անդամները նշեցին, որ սա իրենց առաջին համաժողովն է, և հույս ունեն, որ մի քանի տարի անց կկազմակերպեն վերջին համաժողովը, քանի որ իրենց բարձրաձայնած խնդիրները լուծված կլինեն և գիտության հանդեպ այնպիսի վերաբերմունք ձևավորված կլինի, որ «Գիտուժի» կարիքն այլևս չի լինի։   Աննա Սահակյան  
19:48 - 01 դեկտեմբերի, 2023
«Չեմ ուզում, որ որևէ մեկը վտանգված զգա իրեն այս գործընթացում». Սարգիս Հայոցյանը՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին

«Չեմ ուզում, որ որևէ մեկը վտանգված զգա իրեն այս գործընթացում». Սարգիս Հայոցյանը՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին

Կառավարության «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հանրության շրջանում ակտիվ քննարկումներ առաջացրեց։ Ըստ նախագծի՝ Երևանի 17-րդ թաղամասին կից կառուցվելու է 700 հա մակերեսով առանձին քաղաք, որտեղ միավորվելու են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները և գիտական ինստիտուտները։ Նախատեսվում է նաև բնակելի թաղամասի կառուցապատում, որտեղ կապրեն այդ հաստատությունների աշխատակիցները։  Այսպիսով, Կառավարությունը նախատեսում է խոշորացնել Հայաստանի պետական բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտները՝ միավորելով դրանք հետևյալ կլաստերներում՝ Տեխնոլոգիական, Արվեստների, Կրթական, Սպայական, Դասական և Բժշկական։ Սրանցից չորսը տեղակայվելու են նոր կառուցվող Ակադեմիական քաղաքի տարածքում։ Դասական կլաստերը, որը ներառում է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Բժշական կլաստերը՝ ներառյալ Հերացու անվան բժշկական համալսարանը, այս պահին կմնան Երևանում։ Թե կոնկրետ ինչ բուհեր ու գիտահետազոտական ինստիտուտներ են միավորվելու և ձևավորելու կլաստերները, հայեցակարգում դեռևս չի նշվում։ Հայտնի է միայն, որ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան բացառապես խոշորացված բուհերն ու դրանց հետ միավորված գիտական կազմակերպությունները։ Կառավարությունը մինչև փետրվարի 15-ը բուհերից ու ինստիտուտներից հայեցակարգային առաջարկների է սպասում, «որոնց հիման վրա կմշակվի խոշորացման ընդհանուր դրույթային բազան»:  «Ինֆոքոմը» հարցազրույցների շարք է սկսել գիտական ինստիտուտների ու բուհերի ղեկավարների, պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Նպատակն է  հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունեն տարբեր կողմերն այս նախագծի վերաբերյալ, և ինչ առաջարկներ են պատրաստվում ներկայացնել Կառավարություն։ Զրուցել ենք Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի հետ։   Պարո՛ն Հայոցյան, «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի հիմքում ընկած է Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը։ Չէի ասի, որ հիմքում է ընկած։ Հայեցակարգում հղում է արվում այս փաստաթղթին, Ակադեմիական քաղաքի կառուցման մասին էլ նշված է հենց այս ծրագրում։ Ծրագրում բարձրագույն կրթության մի շարք խնդիրներից է խոսվում, նաև սահմանված են նշաձողեր, նշված է, թե խնդիրները լուծելուց հետո ինչպիսի համալսարաններ պիտի լինեն Հայաստանում։ Սակայն «Ակադեմիական քաղաք» ծրագիրը հավասարապես վերաբերում է նաև գիտությանը։ Գիտության մասով հետազոտություններ կամ ուսումնասիրություններ արվե՞լ են, որոնք դրվել են հայեցակարգի հիմքում։ Գիտական մասով, հետազոտություն չասեմ, վիճակագրություններ կան։ Արդեն երրորդ տարին է, որ գիտության ոլորտում էապես պետական ներդրումներն աճում են, ծրագրերի թիվը կրկնապատկվել է, դրամաշնորհային ծրագրերի ծավալը, որակն են մեծացել, պահանջներն ու  հնարավորություններն են մեծացել, բայց, միևնույն ժամանակ, մենք ունենում ենք գիտական արդյունքի ոչ համարժեք աճ։ Երեք տարին բավարար ժամանակահատված է, որպեսզի տեսնենք աճը։ Այսինքն, մեր ֆինանսավորումը, դիցուք, երկուսուկես անգամ ավելացել է արդեն 2018 թվականի համեմատ, բայց մեր հրապարակումների քանակն ու որակն անգամ 50%-ով չեն ավելացել։ Այստեղ գիտական արտադրողականության հետ խնդիր կա։ Միայն ֆինանսավորում ավելացնելը բավարա՞ր է։ Իհարկե, ո՛չ։ Այդ դեպքում ո՞րն է խնդիրը։ Ֆինանսավորումը բացարձակ ցուցանիշն է։ Գումարը վերջնական ցուցանիշն է, թե ֆինանսավորումն ինչ ճանապարհներով է իրականացվում։ Մենք ունենք արտերկրի գիտնականների կողմից հեռավար ղեկավարվող լաբորատորիաների ծրագիր, ինչը նպաստում է արտերկրի փորձը, մեթոդաբանությունն ու գիտական հետաքրքրությունները ներմուծելու հայկական իրականություն։ Մենք ունենք ինտեգրման ծրագիր, որն արտասահմանից գիտնականներին հնարավորություն է տալիս վերադառնալու կամ տեղափոխվելու Հայաստան, հաստատվելու այստեղ։ Մենք ունենք գիտական սարքերի [ձեռքբերման] ծրագիր, որն այս տարի 4,2 միլիարդ դրամ է, անցած տարի մոտ 3 միլիարդ դրամ էր: Սա բավականաչափ մեծ ծավալի ներդրում է ենթակառուցվածքների մեջ։ Ցավոք սրտի, մի փոքր դանդաղ է ձեռքբերման գործընթացը գնում, բայց արդեն բավականաչափ համալրված ինստիտուտներ ունենք։ Մենք ունենք վերապատրաստման ծրագրեր, որոնք գիտնականներին հնարավորություն են տալիս գնալ, սովորել սարքերով աշխատել ժամանակակից մեթոդաբանությամբ։  Միայն գումարով չէ, մենք խնդրի վրա գումար չենք «նետում» ու ակնկալում, որ լուծվելու է։ Համապատասխան բոլոր քայլերն արվում են։ Բայց դրա արդյունքում, մենք, միևնույն է, ունենք անկում, որովհետև ունենք գիտական համայնքի տարիքային անհամաչափ բաշխում։ Յուրաքանչյուր երեք կամ չորս օրը մեկ մենք համակարգից կորցնում ենք 50 տարեկանից բարձր մի գիտնական։ Վերջին երկու տարիներին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն տարբեր ծրագրեր է իրականացնում երիտասարդներին ներգրավելու համար, անգամ բակալավրում սովորողները կարող են հետազոտություններում ներգրավվել։ Այդ դեպքում ինչո՞ւ է շարունակում երիտասարդ կադրերի պակաս զգացվել։  Իրականում, խոսքը երիտասարդ կադրերի պակասի մասին չէ, գիտական արտադրողականության պակասի մասին է։ 50 տարեկանից բարձր մարդիկ մեր ամենակրթված, ամենապատրաստ գիտական համայնքն են՝ որոշակի շատ դրական բացառություններով երիտասարդության մասում, բայց այդ մարդիկ են շարժիչ ուժն առայժմ։ Մենք այդտեղ կորուստներ ենք ունենում։  Երիտասարդներին, այո՛, ճիշտ եք նշում, բակալավրիատից, հանրապետական օլիմպիադայի որոշ մրցանակակիրների՝ անգամ առաջին կուրսից, մենք հնարավորություն ենք ստեղծում ներգրավվելու հետազոտություններում, բայց այդ մարդիկ երիտասարդ են, անփորձ են, դեռևս շատ լավ չեն հասկանում՝ գիտությունն ինչ է։ Նրանց պետք է որոշակի կարիերա անցնել։ Կրթությունը դրա համար է։ ՏՏ ոլորտ չէ, որ մտնես, մի քանի ամիս սովորես ու կարողանաս բավարար արտադրողականություն ունենալ։ Այս մարդկանց էլ ինչ-որ ժամանակ է պետք ռեալ գիտնական դառնալու համար։  Հավանաբար խնդիրը միջին տարիքի գիտնականների պակասն է, քանի որ ժամանակին գիտությունը չի համալրվել բավարար քանակի երիտասարդ կադրերով, որոնք այսօր պիտի 30-50 տարեկան լինեին։ Այո՛։ Հետխորհրդային և գիտության ցածր ֆինանսավորում ունեցող գրեթե բոլոր երկրների համար խնդիր է այդ տարիքային երկսապատ վիճակը։ Մենք գիտության մասով պիտի արձանագրենք այդ աղետալի վիճակը․ դու կորցնում ես քո ամենակարող հատվածը։ Եվ եթե համալրման որևէ գործուն մեխանիզմ չլինի, ի վերջո, կորցնելու ենք գիտությունը՝ որպես պրոֆեսիոնալ զբաղմունք։ Մենք կունենանք շատ բարձր վարձատրվող երիտասարդներ, որոնք գուցե դեռ այդքան էլ չեն հասկանում՝ գիտությունն ինչ է։  Դուք խոսեցիք գիտական արտադրողականության մասին։ Խնդիրը գիտական բոլո՞ր կազմակերպություններում է, փորձե՞լ եք հասկանալ՝ որ գիտական կազմակերպություններն են լավ արդյունք տալիս, որոնք՝ միջին, որոնք՝ վատ։ Ամեն ինչ արված է, տվյալները չենք հրապարակել, բայց ամեն տարի հաշվետվություն է ստացվում ինստիտուտներից, ամեն տարի տարի այդ հաշվետվությունները մշակվում են, թե ինչ քանակի և որակի տպագրություններ ունեն, ինչ տիպի գործունեություն են ծավալում, պետական բյուջեից դուրս ինչքան գումար են կարողացել ներգրավել։ Գիտական կազմակերպությունների քանի՞ տոկոսն է արդյունավետ աշխատում։  Մենք ունենք գիտական 4 կազմակերպություն, որ արդյունավետ է աշխատում, և ունենք ընդհանուր 35 գիտական կազմակերպություն։ Միայն Գիտությունների ազգային ակադեմիայի ներսո՞ւմ։ Ո՛չ, ընդհանուր Հայաստանում։ Այդ կազմակերպությունների անունները կարո՞ղ եք նշել։ Տեսեք, ամենաուժեղն ավանդաբար միշտ եղել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (ԱԱԳԼ), որը տեսական ֆիզիկայի շատ ուժեղ դպրոց ունի, համաշխարհային մեծ գիտափորձերի է մասնակցում։ Նրանք ապահովում են Հայաստանի հրապարակումների մոտ 25%-ը։ Հետո Գիտությունների ազգային ակադեմիան է, Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ), Բժշկական համալսարանը։ Բայց եթե արդեն բաղդատում ենք [ԳԱԱ] առանձին գիտական ինստիտուտները, ըստ Web of Science-ի տվյալների՝ Աշտարակի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն է (41 հոդված), Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը (27 հոդված), Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը, որտեղ բավականաչափ ներդրում ունենք, բայց նոր է սկսում թափ հավաքել (24 հոդված): Քանակի, բայց ոչ որակի առումով Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնն է (49 հոդված)։ Բարձրագույն կրթության և գիտության մեջ եղած խնդիրները լուծելու բոլոր տարբերակները սպառվե՞լ էին, որ որոշում կայացվեց բուհերն ու գիտական կազմակերպությունները միավորելու։  Բոլորը տարբերակերը չեն սպառվել, բոլոր տարբերակների ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Խնդիրը հետևյալն է․ ինստիտուտներն ուղղակի վերանում են, փոքրանում են, սեղմվում են, դառնում են խիստ անկենսունակ՝ որոշակի բացառություններով։ Մեզ մոտ իլյուզիա է ստեղծվում, երբ մենք, օրինակ, մի երկու ինստիտուտ ենք նայում, տեսնում ենք՝ այնտեղ երիտասարդ է անձնակազմը, օրինակ՝ Էկոկենտրոնը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը կամ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը։ Բայց այդ փոքրաթիվ բացառությունների պարագայում մենք ունենք դեռևս 32 ինստիտուտ, որտեղ չկա այդ միջավայրը։  Մենք ինչո՞ւ ենք ուզում, որ գիտական հետազոտությունը լծորդված լինի, միավորված լինի բուհի հետ։ Որ այդ կազմակերպությունը որևէ ձևով ներգրավված լինի կրթական գործընթացի մեջ, պարտավոր լինի ուսանողներ ընդունել իր լաբորատորիաներում, որպեսզի, նախ, ուսանողը տեսնի՝ ինչ է պրոֆեսիոնալ գիտությունը, մյուս կողմից էլ այս մարդիկ ընտրության հնարավորություն ունենան, այսինքն՝ երբ որ երիտասարդը գալիս է լաբորատորիա, կարողանան ընտրություն անել նրանց միջից։  Վերջին հաշվով, ինստիտուտների միավորումը համալսարաններին սխալ է մեկնաբանվում․ որևէ անգամ խոսակցություն չի եղել այսօրվա կառավարման համակարգի պարագայում համալսարաններին ինստիտուտների միավորման մասին։ Ոչ ոք չի խոսում այն մասին, որ ինստիտուտը դառնում է ինչ-որ մի իրավազուրկ կառույց, որը գործում է ինչ-որ ֆակուլտետի, ամբիոնի ներքո։ Խոսքը կառավարման նոր համակարգ մշակելու մասին է, ինչի վերաբերյալ մենք խնդրել ենք նաև ԵՊՀ գործընկերներին Իրավաբանական ֆակուլտետի հետ առաջարկություն մշակել, որպեսզի ինստիտուտը լինի հավասար գործընկեր միավորված բուհ կոչված համակարգի մեջ։ Այս տարիների ընթացքում բուհերի և ինստիտուտների մերձեցումը, կապը ինչո՞ւ հնարավոր չի եղել համագործակցության միջոցով ապահովել։ Որովհետև կապը փորձել ենք ապահովել գործող հարաբերությունների շրջանակում։  Գործող հարաբերությունների շրջանակում այդ կապն ապահովվում է այն պարագայում, եթե ունենք համապատասխան վերաբերմունք դերակատարների կողմից, այսինքն՝ լաբորատորիայի վարիչի համար նորմալ է համագործակցել բուհի հետ, հետևաբար համագործակցություն լինում է, նորմալ չէ՝ չի լինում։ Մենք մտնում ենք մի դաշտ, որտեղ կարգավորված չէ։ Այն, ինչ որ մենք ենք առաջարկում քննարկել մինչև փետրվարի 15-ը (Կառավարությունը մինչև փետրվարի 15-ը բուհերից և գիտական կազմակերպություններից միավորման գործընթացի վերաբերյալ հայեցակարգային առաջարկներ է սպասում,- խմբ․), հետևյալն է․ ինչպե՞ս անել, որ ուսանողն իր կրեդիտների որոշակի քանակ պարտավոր լինի հավաքել գիտական լաբորատորիայում։ Այսինքն՝ երբեք չի խոսվել այն մասին, որ որևէ գիտնականի պարտադրենք մտնել լսարան։ Գուցե այդ գիտնականը լսարանում լավ չի դասախոսում։ Այսինքն՝ ուսանողի կրեդիտները միայն դասախոսական մոդուլներից չհավաքվեն, այլ ուսանողի հետազոտական աշխատանքի մասն ապահովի ինստիտուտը։ Դա շատ տարածված մոդել է արևմտյան աշխարհում։ Շատ տարբեր համալսարաններում կան հետազոտական կենտրոններ, որոնք որևէ ձև ներգրավված չեն ուսումնական գործընթացում, միայն որոշակի կրեդիտների պարտավորություն ունեն․ այդ կրեդիտը կարող են ապահովել՝ լսարանում դասավանդելով կամ ուսանողների հետազոտական կամ ավարտական աշխատանքներն իրենց լաբորատորիայում անցկացնելով։ Ունեն որոշակի պարտավորություն կրթական պրոցեսին ծառայելու, բայց ծառայության ձևի մեջ ազատ են։  Այդ մոդելներն այնքան բազմազան են, որ փոխանակ մենք նստենք, մտածենք, թե ինչպես անենք, պարզապես փորձում ենք այդ ամենին ընդդիմանալ, ինչը մի քիչ տրամաբանական չէ, որովհետև թվերն այլ բան են ցույց տալիս։ Պարո՛ն Հայոցյան, հիմա շատ հստակ է, թե որոնք են կառավարության սահմանած նշաձողերը բարձրագույն կրթության համար՝ ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան կրթական ծրագրեր, բուհերում ուժեղացնել հետազոտական բաղադրիչը և այլն։ Բայց Հայաստանը դեռ չունի գիտության ռազմավարություն․ այն մշակման փուլում է։ Ինչո՞ւ մինչև այս փոփոխությունների մասին հայտարարելը չհրապարակվեց գիտության ռազմավարությունը։  Գիտության ռազմավարության մինչև հիմա չմշակված լինելու պատճառները մի քանիսն են։ Գիտության մեջ, նկատել եք երևի, ներդրումների ծավալը 2020 թվականից սկսել է էապես ավելանալ։ Դա ինչի՞ հետևանք է․ Կառավարության ծրագրում հստակ նշված են գիտության մեջ կատարելիքները, նշված են թիրախներ։ Մենք կարող ենք տեսականորեն Կառավարության ծրագիրը համարել գիտության մինի-ռազմավարություն։ Գիտության ռազմավարություն ունենալու համար մեզ պետք է, որ գնահատենք՝ ինչ ունենք հիմա, քանի որ այժմյան գնահատական տալը բարդացել է ինչի՞ պատճառով, որ այդքան ներդրումների ծավալի աճը բերում է որոշակի որակական փոփոխությունների։ Պետք է ինչ-որ մի կետում կարողանանք գնահատել, որ հասկանանք՝ ուր ենք առաջ տանում այս ամեն ինչը։ Արդյո՞ք գիտության ռազմավարության մեջ սահմանվելու է, թե ինչու է Հայաստանին պետք գիտությունը․ գիտությունը բոլոր ուղղություններով շարունակելու է զարգանալ ու նոր գիտելիք ավելացնե՞լ, թե՞ լինելու են գերակա ուղղություներ, որոնք Հաայստանի համար կոնկրետ խնդիրներ են լուծելու։ Թեզը, որ շրջանառվում է, թե բոլոր ուղղություններով մենք գիտություն ենք ֆինանսավորում աշխարհին գիտելիք տալու համար կեղծագույն թեզ է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը չի կարող ֆիզիկապես բոլոր ուղղություններով գիտությամբ զբաղվել։ Հայաստանն անում է խիստ սահմանափակ ուղղություններով հետազոտություններ։ Ինչ որ մենք ունենք, այն է, որտեղ Հայաստանն ուժեղ է․ դե ֆակտո դրանք մեր ռազմավարական ուղղություններն են։ Այդ ուղղությունները Հայաստանի համար մի օր անվտանգային և այլ կարևոր խնդիրներ լուծելո՞ւ են։ Գիտությունն, առհասարակ, գործունեության հեռանկարային ոլորտ է․ գիտության թիրախը պետք է լինի ապագան, գիտության թիրախն այսօրը չէ։ Այսօրվա համար արհեստագործական կազմակերպություններ կան, արտադրություններ կան։ Այսօր գիտությունը նայում է տասը և ավելի տարի կտրվածքով։ Գիտական գործունեությունը մարդկությանն անհայտ գիտելիքի հայտնի դարձնելն ու ձևակերպելն է գիտական մեթոդի միջոցով։ Եթե մի բան դեռ անհայտ է մարդկությանը, երբ հայտնի է դառնում, ինչ-որ ժամանակ է պետք, մինչև կիրառես։  Երբ խոսում ենք անվտանգային խնդիրների մասին, խոսում ենք մշակումների մասին։ Գիտական հետազոտությունները բաժանվում են հիմնարար, կիրառական հետազոտությունների և փորձարարական մշակումների։ Հիմնարարը բնության հիմնարար օրենքների ուսումնասիրությանն ուղղված հետազոտություններն են, կիրառականը, որոշակի խնդիր ֆոկուսում ունենալով, հետազոտական աշխատանք իրականացնելն է, փորձարարաան մշակումն էլ արդեն պատրաստի նախատիպ ունենալն ու պատրաստվածության որոշակի փուլերի հասցնելն է։ Գիտությունը ծառայում է տնտեսությանը մարդկային կապիտալի միջոցով և հակառակ ճանապարհով, երբ տնտեսական գործունեության ոլորտից՝ պետությունից կամ մասնավոր հատվածից, կա պատվեր գիտությանը։ Իսկ դա ինչպե՞ս է տեղի ունենում։ Երբ տնտեսությունն իր գործունեությունը ծավալելիս հասնում է մի խնդրի, այդ խնդրի լուծման համար վարձում է գիտնականների կամ փորձագետների։ Պետք է հասկանալ՝ դա գիտակա՞ն խնդիր է, թե՞ ոչ, մարդկությանն անհա՞յտ խնդիր է, որը պետք է լուծել գիտական մեթոդով, թե՞ մարդկությանը հայտնի խնդիր է, ուղղակի տնտեսվարողը չգիտի։ Դրա համար գոյություն ունեն տեխնոլոգիաների փոխանցման կենտրոններ, որոնք նայում են՝ շուկայում ինչ է կատարվում։ Այսինքն՝ այդտեղ թարգմանիչ կառույց էլ է պետք, որովհետև երբ տնտեսվարողը գալիս է, ինչ-որ հարց տալիս, գիտնականը կարողություն ունի այդ խնդիրը լուծելու, եթե այն բերվի գիտական խնդրի տեսքի։ Հայեցակարգը կարդալիս տպավորություն է, որ Տեխնոլոգիաների կլաստերում լինելու է տեխնոլոգիայի փոխանցման գրասենյակ։ Իհարկե՛։ Էկոնոմիկայի նախարարությունն ունի Նորամուծությունների և ձեռներեցության ազգային կենտրոն (ՆՁԱԿ), որն իրականացնում է այդ գործառույթը։ Գործառույթն Էկոնոմիկայի նախարարությունից փոխանցվելու է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությա՞նը (ԿԳՄՍՆ)։ Մենք ունենք ՆՁԱԿ, որը փորձում է մշակել այդ համակարգը։ Տեխոնոգիաների փոխանցման կենտրոնը գերատեսչական չի լինելու, պատկանելու է տվյալ համալսարանին։ Համալսարանն իր արտադրանքը փորձելու է հասցնել շուկա։ Վալիդ է նման կենտրոն ունենալ այդ մասշտաբի համալսարանի համար, որովհետև այնտեղ կենտրոնացած են լինելու տեխնոլոգիական ողջ ներուժն ու ենթակառուցվածքները։ Եվ, իհարկե, շահույթի մի մասը վերադառնալու է համալսարանին։  Վերադառնալով գիտության ռազմավարությանը․ ո՞րն է լինելու Հայաստանի գիտության տեսլականը։ Գիտության տեսլականն, ամեն դեպքում, ինչքան էլ մեզ քննադատում են միջազգային հրապարակումների վրա կենտրոնանալու համար, լինելու է միջազգային գիտական համայնքում ներկայության որակական և քանակական ցուցանիշների բարձրացումը։  Խնդիր չի՞ դրվելու ունենալ միջազգային հեղինակություն ունեցող հայկական գիտական ամսագրեր։ Որքան հասկացել եմ տարբեր զրույցներից, հատկապես հայագիտական թեմաների համար դա ևս կարևոր է։ Միանշանակ։ Հայագիտության ուղղությամբ որոշ ամսագրեր ընտրվելու են, և դրանք պետական աջակցությամբ փորձելու ենք աճեցնել մինչև միջազգային հարթակներում ներկայացվածություն, որովհետև հայագիտական հետազոտությունների թեման ավելի շատ մեզ է հետաքրքիր։ Բայց գիտության մնացած ուղղությունների մասով, այդ թվում՝ միջազգային հետաքրքրություն ներկայացնող հայագիտական թեմաների, միջազգային ներկայացվածությունը կարևոր է, որովհետև դա նաև գիտնականի վալիդացիայի մեխանիզմ է։ Գիտնականն ունի՞ միջազգային հոդված, նշանակում է՝ նա ի վիճակի է անել աշխատանք, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին, լսել քննադատություն իր աշխատանքի մասին, հաղթահարել այդ քննադատությունն ու, ի վերջո, տպագրել։ Հետո էլ այդ տպագրություններին արված հղումները ցույց են տալիս, թե ինչքանով է այդ մարդու աշխատանքը հետաքրքիր ու պետքական միջազգային հանրությանը։  Հիմնականում այս չափանիշներն, իհարկե, STEM (բնական գիտություններ, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա,- խմբ) ոլորտն են նկարագրում, բայց հայագիտության ոլորտում էլ եթե ինչ-որ հետազոտություն ես անում, իմ սուբյեկտիվ կարծիքով այդ մասին պետք է հայտարարել հնարավորինս մեծ, լայն շրջանակների, որպեսզի հետո չբողոքենք, որ այլ հետազոտողներ իրենցով են անում մեր մշակութային ժառանգությունը կամ կեղծ հոդված են տպում։ Գանք ամենակարևոր հարցին․ Հայաստանի գիտական կազմակերպությունները հիմնականում պետական ոչ առևտրային կազմակերպություններ են (ՊՈԱԿ), բուհերը՝ հիմնադրամներ։ Հստակ չէ՝ կլաստերներն իրավակազմակերպական ինչ ձև են ունենալու, և բուհերն ու գիտական կազմակերպություններն այդ կլաստերների ներսում ինչ կարգավիճակ են ունենալու` հավասարազո՞ր, թե՞ մեկը մյուսից կախյալ։ Այդ հարցը դրված է մասնակցային բաց քննարկման։ ԿԳՄՍ նախարարի հանձնարարությամբ գիտական կազմակերպություններին ու բուհերին հրավիրել ենք առաջարկություններով հանես գալ։  Այո՛, գիտական կազմակերպությունների մեծ մասը ՊՈԱԿ-ներ են, ԱԱԳԼ-ն հիմնադրամ է, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը հիմնադրամ է։ ՊՈԱԿ-ների մեծ մասը գտնվում է ԳԱԱ ենթակայության տակ, և նրանք որոշակի լծակներով կախված են Ակադեմիայից․ Ակադեմիայի նախագահությունն է տնօրեն նշանակում, ֆինանսներ տրամադրում, նրանք հաշվետու են Ակադեմիային։ Ֆիքսենք այս կետը, որ այդ կազմակերպությունները որոշակի կախվածություն ունեն որևէ կառույցից։ ԱԱԳԼ-ն ու «ՔԵՆԴԼ»-ն էլ կախված են իրենց հոգաբարձուների խորհրդից։  Ինչքան որ մենք քննարկումներ ենք ունեցել ինստիտուտների հետ, նրանց հիմնական խնդիրը հետևյալն է․ կլաստերների ներսում ունենալ որոշակի ակադեմիական և ֆինանսական անկախություն, դիմել որոշակի ծրագրերի։ Նրանք կառավարող մարմին ունենալո՞ւ են։ Ես չեմ ուզում լուծում ասել։ Ես ասում եմ, թե ինչ ենք մենք հավաքագրել մինչ հիմա։ Դա բավականաչափ լեգիտիմ պահանջ է, որովհետև այդպես են նրանք կազմակերպել իրենց աշխատանքը, և ենթադրվում է, որ նորմալ է, որ նրանք այդպիսի պահանջներ են ներկայացնում։  Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և, առհասարակ, Կառավարությունը համաձա՞յն են գիտական կազմակերպությունների ներկայացրած պահանջներին։ Կամաց-կամաց փորձում եմ հասնել այդ հարցին։ Բուհերն էլ ասում են հետևյալը․ չի կարող գոյություն ունենալ մի կառույց, որն ամբողջությամբ անկախ է բուհից, եթե այն բուհի կազմի մեջ է։ Հիմա պետք է հասկանալ հետևյալը․ գիտական կազմակերպություններն արդեն իսկ սովոր են որոշակի կախվածության Ակադեմիայից կամ հոգաբարձուների խորհրդից։ Եթե գիտական կազմակերպությունը բուհի հետ աֆիլացվում է (փոխկապակցվում,- խմբ․), աֆիլացվի այնպես, որ վայելի իր նույն ազատությունները, բայց, միևնույն ժամանակ, հաշվետվությունների, հակակշիռների, պատասխանատվությունների մեխանիզմ լինի, այսինքն՝ տվյալ կազմակերպությունն ամբողջովին անկախ չլինի բուհից։ Այս պարագայում կան կառավարման տարբեր մոդելներ։ Այստեղ մի խնդիր կա․ բուհերի կառավարումից ոչ բոլորն են գոհ։ Ես դա էլ եմ ուզում շոշափել։ Դրա համար իմ խոսքի մեջ սկզբում նշել էի՝ մեր խնդիրները գալիս են նրանից, որ համարում ենք, թե գիտական ինստիտուտները բուհերի այսօրվա կառավարման մոդելով են միանալու բուհերին։ ԵՊՀ-ի գործընկերներին խնդրել ենք առաջ քաշել բուհի կառավարման մոդել։ Բայց մենք էլ, իհարկե, որպես պետական կառավարման մարմին, առաջարկով հանդես կգանք։  Այդ կառավարման մոդելն ինչի՞ մասին է լինելու, որ տվյալ միավորները՝ կլինեն բուհերը թե գիտական կազմակերպությունները, ունենան կառավարման մի մարմին, հովանոց։ Եթե հիմա այն Ակադեմիան է, այնտեղ կլինի որևէ մի կառուցակարգ՝ հոգաբարձուների խորհուրդ կամ համատեղ կառավարման խորհուրդ, բուհն ու գիտական կազմակերպությունը կունենան իրար վրա վետոյի որոշակի իրավունքներ, որպեսզի միակողմանի որոշումներ չլինեն, և նաև պարտականությունների կիսում լինի։  Սա այն դաշտն է, որ քննարկման համար բաց է։ Միևնույն ժամանակ, որոշակի ազատություն էլ կա թողած, որ եթե այս քննարկումների արդյունքում կարիք առաջանա իրավակազմակերպական որևէ նոր ձևի, առաջարկեն և դա հիմնավոր լինի, մենք էլ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և այլ օրենքներում ամրագրենք այդ իրավակազմակերպական ձևը։ Ակադեմիական քաղաքն էլ առանձին իրավակարգավորումներ է ունենալու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում։ Դաշտը բաց է ստեղծագործ և առաջադիմական գաղափարների համար։ Բոլորս էլ կարող ենք նստել ու ասել՝ այն, ինչ որ լավ է, այդպես պահենք, որովհետև այդպես հարմար է։ Բայց երբ որ Հայաստանի մակարդակով ենք նայում, որոշակի տարիների կտրվածքով ենք նայում, մեզ փոփոխություններ պետք են, որովհետև թվերը ցույց են տալիս, որ մենք ինչ էլ անում ենք, անխուսափելի խնդիրներ ունենալու ենք։ Կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագրում նշվում է, որ «կա քաղաքական կամք ապահովելու կուսակցական ազդեցություններից ազատ, անկախ կրթական միջավայր»։ Մեր բուհերի մասին այս պնդումն անել չենք կարող․ թվեմ մի քանի բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահների անունները՝ Սուրեն Պապիկյան, Ժաննա Անդրեասյան, Վահագն Խաչատուրյան։ Կարող եք ավելացնել Տիգրան Խաչատրյանին (փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նոյեմբերի սկզբին դարձել է Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը,- խմբ․)։ Ինչպե՞ս եք ապահովելու, որ ձևավորվելիք կլաստերները կուսակցական ազդեցությունից զերծ լինեն։ Շատ հիմնավոր հարց եք տալիս։ Նախ, այն, ինչ որ հիմա ունենք, պետական հիմնարկներ են։ Մյուս կողմից՝ պետք է գոյություն ունենան օրենսդրական որոշակի պարտավորություններ, որ բուհը պետք է լինի ապաքաղաքական։ Դա շատ երկրներում ամրագրված է օրենքներում, որովհետև խնդիրները ստեղծվում են, երբ բուհերը սկսում են քաղաքականացվել, իսկ բուհերը քաղաքականացվում են, երբ օրենսդրական սահմանափակումներ չկան։ Այսօր ինչքան էլ հոգաբարձուների խորհուրդներում պաշտոնյաներ կան․․․ Նաև կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ասենք կուսակցական մարդիկ, որովհետև նրանք որպես կուսակցության ներկայացուցիչ չեն գործուղված  այնտեղ, մարդիկ են, որոնք նաև կուսակցական են։ Բայց ամեն դեպքում ես չեմ կարծում, որ մենք այսօր ունենք դաշտում կուսակցականացման, կուսակցության ներխուժման գործընթաց։ Ընդհակառակը, մենք փորձում ենք կուսակցական մնացուկները վերջնականապես հանել բուհերից։ Բայց վտանգ կարող է, չէ՞, լինել։ Անձերով չպայմանավորենք, այլ համակարգային նայենք խնդրին։ Համակարգային առումով, այո՛, վտանգ կարող է լինել։ Դրա համար մենք հիմա զուգահեռ նայում ենք՝ օրենսդրական ինչ լծակներ ու գործիքներ են աշխատում աշխարհում, որոնք կանխարգելում են բուհի՝ քաղաքական գործընթացներին մասնակցելը, որովհետև երբ բուհը սկսում է քաղաքական գործընթացներին մասնակցել, խախտում է իր առաքելությունը, որն է կրթությունը, գիտությունը, ապագան, խախտում է իր անկողմնակալության ու հավասարության առաքելությունը։ Ես չգիտեմ որևէ զարգացած երկիր, որտեղ բուհերը, բացի մարդկային նշանակության խնդիրներից, որևէ կուսակցություն պաշտպանեն ընտրությունների ժամանակ, քաղաքական հայտարարություններ անեն։ Օրենսդրորեն այդ ամենը կարգավորվելո՞ւ է։ Իհարկե՛։ Աշխարհում կարգավորված է, մենք ուղղակի պետք է հասկանանք՝ ինչպես է կարգավորվում, և այո՛, պետությունը պատրաստ է դրան գնալ։ Բայց այս պարագայում էլ պետք է հասկանանք հոգաբարձուների խորհրդի ձևավորման կարգը, որովհետև ենթադրվում է, որ հոգաբարձուների խորհուրդում պետք է լինեն մարդիկ, որոնք իրոք հոգատարություն ունեն համալսարանի հանդեպ ու որոշակի ներդրում ունեն այդ ամեն ինչի մեջ։ Ուզում եմ՝ հստակ դա հասկանանք, որ կառավարման մոդելի փոփոխություն և առաջարկ ասելով՝ մենք հասկանում ենք կառավարման մոդելի ամբողջական փոփոխություն։ Այն պիտի լինի ապակուսակցական, ապաքաղաքական, ծառայի միայն կրթությանը, գիտությանն ու առաջընթացին։  Այսպիսի մի երկընտրանք կա․ կրթական կամ գիտական հաստատությունը պիտի ղեկավարի մարդ, որն այդ ոլորտների՞ց է, թե՞ մարդ, որը կառավարիչ է։ Նախատեսո՞ւմ եք, որ կլաստերները ղեկավարող մարդիկ կվերապատրաստվեն, կառավարչական հմտություններ ձեռք կբերեն։  Միանշանակ։ Մեր վերջին այցելության ժամանակ հուշագիր ստորագրեցինք Լոնդոնի Արվեստների համալսարանի հետ, և հուշագրի կետերից մեկով հենց կառավարման մոդելի փոխառություն պիտի անենք։ Մենք հասկանում ենք, որ բավականաչափ պատրաստված կառավարիչներ այսօր շատ քիչ ունենք, իսկ այդ ծավալի հիմնարկ ղեկավարելու համար կառավարիչներ, բացառում եմ, որ ունենք։ Այդ մարդիկ պիտի կրթվեն։  Հետաքրքիր երկընտրանք է՝ ղեկավարը պիտի լինի [տվյալ ոլորտի] մասնագե՞տ, թե՞ պրոֆեսիոնալ կառավարիչ, բայց այդ դիլեման, ինձ թվում է, միանշանակ է․ պետք է լինի առնվազն այդ ոլորտում մասնագիտական կրթություն և փորձ ունեցող մարդ, որի համար մենք նաև պետք է ապահովենք կառավարչական հմտությունների ձեռքբերում։ Հակառակ պարագայում, կառավարումից կարող ես շատ լավ հասկանալ, բայց ոլորտից չլինես, չկարողանաս հասկանալ քո գործընկերներին, թե ինչ բնույթի մարդիկ են ու ինչ բնույթի աշխատանք են անում։ Իմ կարծիքով միջին վերածածկումներ ունեցող մարդ է լինելու, որն իր հիմնական կրթությամբ այդ ոլորտի մարդ է, բայց կառավարման դասընթացներ է անցել։  Դա ապահովվելու է, միանշանակ ապահովվելու է գրեթե բոլոր օղակների մասնակիցների համար՝ լաբորատորիայի վարիչից սկսած։ Մենք հիմա մտածում ենք նաև Հայաստանում կրթական ծրագիր ներդնել գիտության ոլորտի կառավարիչների համար։ Երբ որ ինչ-որ մարդ, դիցուք, ավագ գիտաշխատողից դառնում է լաբորատորիայի վարիչ կամ խմբի ղեկավար, արդեն ծրագրերի կառավարման, ֆինանսական հարցեր են առաջ գալիս։ Եթե դու ավագ գիտաշխատող ես, ինչ ուզում ես, քո ղեկավարն ապահովում է, դու քո գործն ես անում, բայց այս պարագայում արդեն որոշակի ֆինանսական պարտավորություններ կան, թիմը ղեկավարելու հմտություններ կան։ Ուզում ենք այնպես անել, որ գոնե որոշակի մոդուլ անցնեն այդ մարդիկ։ Արդեն հստա՞կ է՝ քանի բուհի և գիտական կազմակերպության է վերաբերում «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, և պատկերացնում ունե՞ք, թե որ կառույցներն են իրար միանալու։ Հայեցակարգում կլաստերների աշխատակազմերի մոտավոր թվեր են ներկայացված, և ենթադրվում է, որ այդ հաշվարկներն անելիս հիմք ունեցել եք։ Որպեսզի աշխատանքը սկսվի, կան, իհարկե, որոշակի պատկերացումներ։ 6 կլաստերներից 4-ն Ակադեմիական քաղաքում է նախատեսված ունենալ առաջին փուլով, հետո մնացածը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն, և, ի վերջո, ակադեմիական քաղաքից դուրս բուհ չի լինելու։ Դրանք արդեն ավելի հեռակա պլաններն են։ Այս պահին լինելու են 4 համալսարանական կլաստերներ իրենց ինստիտուտների հետ։  Որոշակի գաղափար կա, բայց դրա մասին մենք չենք ուզում հայտարարել․ միևնույն է, թվերը մի քիչ ավելի, մի քիչ պակաս, բայց այդ միջակայքում են լինելու։ Քննարկումները բաց են․ դա մեր նախնական, շատ սկզբնական պատկերացումն է։ Համայնքի հետ կքննարկենք, մենք մեր պատկերացումը կասենք, իրենք՝ իրենց, եթե, իհարկե, կգան առաջարկներով։  Գիտական կազմակերպությունների ու բուհերի առաջարկները վերջնական որոշում կայացնելիս հաշվի առնելո՞ւ եք, դրանց հիման վրա ինչ-որ փոփոխություններ լինելո՞ւ են։ Իհարկե։ Առաջարկների իմաստը հետևյալն է․ ոչ ոք չի պնդում, որ այն, ինչ մենք մտածել ենք, վերջնական ճշմարտություն է կամ լավագույն լուծումն է։ Երբ կգան գաղափարներ, կսկսենք քննարկել՝ ինչ է լուծում այս առաջարկը, ինչ խնդիրներ ունի, մեր առաջարկը կդնենք դիմացը, կհասկանանք՝ որոնք են ընդհանուր կետերը, որոնք են նրանց առաջարկած առանձնահատուկ լուծումները։  Հավանաբար եկող շաբաթ կհրավիրենք կազմակերպություններին ներկայացնելու մասնակիցներ՝ ամեն մի կլաստերի վերաբերյալ մասնագիտական խումբ ձևավորելու համար «Ակադեմիական քաղաք» հիմնադրամում։ Նաև մենք մեր կողմից մասնագիտական խմբեր կձևավորենք, որ մեր տարբերակն էլ առաջարկենք։  Այս փոփոխություններով Հայաստանն ընտրո՞ւմ է արդյոք գիտության ամերիկյան՝ համալսարանական մոդելը, և արդյո՞ք կլաստերներից դուրս անկախ կամ որևէ գերատեսչության ներքո գործող գիտական կազմակերպություններ այլևս չեն լինելու։ Այո՛, սա մոդելի փոփոխություն է, այն Խորհրդային ակադեմիական կառավարման մոդելը չէ, որտեղ բուհերն ու ինստիտուտներն իրարից անկախ են գործում։ Պատճառներն արդեն նշեցի, բայց մի քանի կարևոր բաներ կան, որոնց մասին չեմ խոսել։ Օրինակ՝ մասնագիտական, միջառարկայական մոբիլությունը, այդ թվում և ֆիզիկական իմաստով։ Այսինքն՝ մի միջավայր, որտեղ ֆիզիկոսը քիմիկոսին է հանդիպում ամեն օր՝ կլինի դա կաֆետերիայում, կլինի այգում, կլինի հանգստի ժամին զբոսնելիս, թե թեկուզ համապատասխան բնակավայրում իրար հարևանությամբ ապրելիս։  Էլ չասեմ ավելի ծայրահեղ բաներ՝ արվեստագետն ու ֆիզիկոսը, արվեստագետն ու քիմիկոսը, որովհետև իրականում մենք ինչքան էլ պնդում ենք, որ Երևանում տասը րոպեի քայլելու ճանապարհ է բուհերի միջև, որևէ մեկն այդ տասը րոպեն չի քայլում մի բուհից մյուսը։ Այո՛, ֆիզիկապես նրանք տասը րոպեի հեռավորության վրա են, բայց երբեք քիմիայի ֆակուլտետի ուսանողը չի գնա Գեղարվեստի ակադեմիա, տեսնի՝ այնտեղ ինչ է կատարվում։  Ճարտարապետների մոտ, որոնք պայմանագրով գծում են [Ակադեմիական քաղաքի] գլխավոր հատակագիծը, հենց այս խնդիրն էլ է բարձրացնում մեր ուրբանիստ մասնագետը, որ ֆիզիկական միջավայրն այնպես նախատեսված լինի, որ մարդիկ ավտոմատ իրար հետ շփվեն։  Իրար հետ չշփվելու խնդիրը ֆիզիկակա՞ն միջավայրն է։  Միանշանակ։ Մենք թերագնահատում ենք ֆիզիկական միջավայրը, բայց ֆիզիկական միջավայրն անդրադառնում է մարդու հոգևոր և մտավոր գործունեության վրա։ Մի բան է՝ գեղեցիկ միջավայրում, հանգստի համար նախատեսված գոտում հանդիպես քո գործընկերոջն ու զրուցես, մեկ այլ բան է օրվա հոգսերով վազելիս բախվես քո գործընկերոջ հետ։ Միջավայրը շատ կարևոր է․ իզուր չէ, որ գեղեցիկ միջավայրեր են ստեղծում համալսարանների համար, իզուր չէ, որ համալսարաններն, այդ թվում՝ Եվրոպայում, տեղափոխվում են ավելի ծայրամասեր։ Այդ միջավայրերը մագնիսի նման ձգում են մասնավոր ընկերություններին, նաև ստեղծվում է միջավայր, որտեղից մասնավոր ընկերություններ են ծնվում։ Արդյո՞ք կարող ենք ասել, որ Հայաստանն անցնում է համալսարանական գիտության մոդելին։ Ակադեմիական քաղաքի մասով՝ այո։ Այն մասով, ինչ Դուք ասացիք, որ տարբեր գերատեսչություններ ունենան իրենց գիտահետազոտական հիմնարկները, ոչ մի արգելք չկա։ Միգուցե պետք է, որ Շրջակա միջավայրի նախարարությունն ունենա think tank (վերլուծական-խորհրդատվական կենտրոն,- խմբ․), որտեղ հետազոտվում են կոնկրետ իր խնդիրները։  Խոսքը գործող գիտական կազմակերպությունների մասին է․ բոլորը տեղափոխվելու են Ակադեմիական քաղա՞ք։ Այն կազմակերպությունները, որոնք ԿԳՄՍՆ ենթակայության տակ են, այս կամ այն կերպ պետք է մասնակցեն «Ակադեմիական քաղաք» ծրագրին։  Ակադեմիական քաղաքից դուրս գիտական կառույցներ չե՞ն լինելու։  Դրանից դուրս մենք ունենք, օրինակ, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, որն ակնհայտ է, որ Ակադեմիական քաղաքի հետ որևէ կապ չունի, ունենք Սրտաբանության ինստիտուտում համապատասխան հետազոտական միավոր։ Այսինքն, ԳԱԱ ինստիտուտները, ԱԱԳԼ-ն, «ՔԵՆԴԼ»-ն Ակադեմիական քաղաքի մե՞ջ են լինելու։ Այո։ Մադենադարանի վրա ծրագիրը տարածվո՞ւմ է։ Ո՛չ։ Իսկ ի՞նչ է լինելու Բուսաբանության ինստիտուտի հետ, որը սերտ կապված է Երևանի բուսաբանական այգուն։  Որոնք կապված են, ֆիզիկապես պայմանավորված են իրենց միջավայրով՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Մատենադարանը, Բուսաբանության ինստիտուտը, մնալու են։ Ֆիզիկապես մնալու են, իսկ իրավական կարգավիճակո՞վ։ Դա արդեն քննարկումների հարց է։ Լավ կլինի, որ իրավական առումով ինչ-որ ձև փոխկապակցվեն որևէ բուհի հետ։ Բայց կախված է իրավիճակից։ Չեմ պատկերացնում, որ Մատենադարանը կախված լինի որևէ բուհից, այն առանձին ազգային, նույնիսկ վերազգային արժեք է։ Բուսաբանության ինստիտուտը տեսականորեն հնարավորություն ունի, շատ Բուսաբանության ինստիտուտներ բուհերին կից են տարբեր երկրներում։  2019-ին Հայաստանի կառավարությունը ԵՄ փորձագետներին խնդրել էր Հայաստանում գիտություն-բարձրագույն կրթություն կապն ապահովելու համար հետազոտություն իրականացնել ու մասնագիտական կարծիք հայտնել։ Փորձագետներն իրենց զեկույցում նաև միջազգային փորձ էին ներկայացրել ու խորհուրդ տվել փոփոխություններ անելիս չշտապել։ Նրանք ներկայացրել էին Էստոնիայի օրինակը, որտեղ Ակադեմիայի ինստիտուտները բուհերին միավորելու գործընթացը տևել էր ավելի քան տասը տարի։ Հայաստանում դա արվում է երեք տարում․ 2027-ից ֆինանսավորում են ստանալու միայն խոշորացած բուհերն ու գիտական կազմակերպությունները։ Երեք տարին քիչ չէ՞ այս գործընթացի համար, ռիսկեր չկա՞ն։ Ռիսկեր կան, իհարկե։ Նախ, գնահատենք ռիսկերը․ մենք տասը տարի ժամանակ չունենք գործընթացն իրականացնելու համար։ Էստոնիայում դա տևել է տասը տարի, որովհետև Էստոնիան այդ գործը սկսել է անել անմիջապես Խորհրդային Միությունից անկախանալուց հետո։ Նրանք սկսել են 90-ականներից ու ժամանակ ունեցել են, քանի որ նրանց Խորհրդային գիտական ժառանգությունը, այսինքն՝ գիտնականները դեռևս երիտասարդ էին, դեռևս տարիքային խեղվածքը չէր առաջացել համայնքի մեջ, դեռևս ուժ ունեին այդ ամենն անելու։   Մեզ մոտ փորձ եղել է դա անել, այնպես չէ, որ մեզ մոտ այդ փոփոխությունը նոր ենք հորինել։ 1990-ական թվականներից խոսակցություն կա ակադեմիական համակարգից անցում անելու համալսարանական համակարգի, բայց այդ խոսակցությունները միշտ մարում են որոշակի հանգամանքների բերումով։ Այն ժամանակ այդ հանգմանանքներից էր Արցախյան առաջին պատերազմը, այս պարագայում խոսակցությունները սկսվել են 2018 թ․, հետո հանգամանք է դարձել Արցախյան երկրորդ պատերազմը։  Փաստորեն, 90-ականների՞ն էլ նման խոսակցություններ եղել են։ Միանշանակ։ Հրանտ Բագրատյանի օրոք (Հայաստանի նախկին վարչապետ,- խմբ․) մեծ բարեփոխումներ էին նախատեսված, և բավականաչափ լուրջ աշխատանք տարվել էր, Աշտարակում՝ Գիտավանում, կա տախտակ, որի վրա գրված է․ «Այստեղ կառուցվելու է գիտության ավանը»։ Այդ ամբիցիաները միշտ էլ եղել են, որովհետև սա, ըստ էության, ճիշտ մոդել է, ապահովում է գիտելիքի ստեղծման մեջ երիտասարդների ներգրավումը, ինչը կարևոր է, որովհետև անհրաժեշտ է, որ ստեղծագործ ոլորտներում սովորող ուսանողը տեսնի՝ դա ինչպես է արվում։ Հայաստանում ուսանողները, երբ ընդունվում են բնագիտական ֆակուլտետ, չգիտեն՝ գիտությունն ինչ է, դասագրքային պատկերացումներով գալիս են քիմիայի ֆակուլտետ, պարզվում է՝ քիմիան այն չէ, ինչ իրենք դասագրքերում սովորել են։ Ուսանողների մեծ մասին թվում է, թե իրենք շտեմարանի մի քիչ ավելի բարդ խնդիրներ են լուծելու քիմիայի ֆակուլտետում, ոչ թե, օրինակ, փորձեր են անելու։ Եթե մենք տասը տարի սպասենք, կարող եք հաշվել՝ քանի մարդ ենք կորցնելու․ չորս օրը մեկ կորցնում ենք մի գիտնական, 365 օրը բազմապատկեք տասը տարով ու բաժանեք չորսի (ավելի քան 900 գիտնական,- խմբ․)։ Մենք ժամանակ չունենք, պետք է շտապենք։ Մյուս կողմից, մենք ունենք Էստոնիայի փորձը, Վրաստանի բացասական փորձը։ Մոլդովայի բացասական փորձը։ Այո՛, Մոլդովայի բազմաթիվ փորձերը։ Մոլդովան, ի տարբերություն մեզ, մի քանի անգամ հասել է ինչ-որ որոշումների: Լատվիա, Լիտվա․․․ Մեր կարգավիճակի բոլոր երկրների փորձն արդեն իսկ առկա է։ Եթե մենք բավականաչափ խելացի գտնվենք ու հասկանանք՝ ինչ է մեզ սպասվում չանելու դեպքում․․․ Բոլորով հասկանանք, որ արժե անել ու խոսել անելու ձևերի մասին, ոչ թե խոսել անել թե չանելու մասին։ Մենք շատ փորձեր ունենք ուսումնասիրելու և փոխառելու։ Արդեն ուսումնասիրե՞լ եք խորությամբ այդ երկրների օրինակները, որ նրանց սխալներից էլ դասեր քաղեք։ Ո՛չ, որովհետև մենք հիմա դեռ որոշման փուլում ենք՝ անե՞լ, թե՞ չանել։ Մենք դեռ փորձում ենք համայնքին համոզել։ Որոշումը կայացված է արդեն, ինչ էլ համայնքն ասի։ Քաղաքական որոշումը մի բան է, մեկ այլ բան է ներքին որոշում, վճռականություն համայնքի կողմից։ Այսինքն, համայնքը պետք է ընդունի որոշումը։ Ես որոշում ասելիս դա նկատի ունեմ։ Մնացածը տեխնիկական հարց է․ Եվրամիության ողջ գործիքակազմը կա օգնելու, կապեր կան համապատասխան օգնություն ստանալու։ Իրականում բարդ բան չէ։ Իսկ դրամաշնորհային կամ ներդրումային միջոցներ ներգրավվելո՞ւ են Ակադեմիական քաղաքի կառուցման համար։ «Ակադեմիական քաղաքը» 100%-ով պետական ֆինանսավորման ծրագիր է։ Հնարավոր լինելո՞ւ է պետբյուջեի միջոցով այդ ամենն իրագործել։ Իհարկե։ Բայց նաև Համաշխարհային բանկի հետ քննարկումներ ունենք հիմա, զարգացման այլ բանկերի և հիմնադրամների հետ։ Քավ լիցի, ինչքան շատ կարողանանք գործընկերներից գումար ներգրավել, այնքան ավելի լավ։ Գումարը չի կարևոր իրականում, այլ փորձառությունը։ Պարո՛ն Հայոցյան, ԳԱԱ-ն փակվելո՞ւ է, թե՞ որպես սիմվոլիկ կառույց ակադեմիական քաղաքից ներս կամ դրանից դուրս շարունակելու է գործունեությունը։  ԳԱԱ-ն փակվելու գաղափար գոյություն չունի։ Փակվելը շատ «ուժեղ» բառ է։ ԳԱԱ կազմում գործող բոլոր ինստիտուտները տեղափոխվում են Ակադեմիական քաղաք։ Մեր ընկալումների ամբողջ խնդիրն ու թշվառությունն այն է, որ մենք դիտարկում ենք Ակադեմիան՝ որպես վարչարար կառույց։ Գիտությունների ազգային ակադեմիան որպես Հայաստանի խելացի մարդկանց կազմակերպություն է պետք դիտարկել։ Վարչարարությունը նրանց առաջնահերթությունը չէ։  Ո՞րն է լինելու ԳԱԱ գործառույթն ապագայում։ Չեմ ուզում ասել այն, ինչ ես եմ մտածում, որովհետև այս հարցն էլ բաց է քննարկման համար։ ԳԱԱ-ն կարող է դառնալ, և լավ կլինի, որ դառնա Հայաստանի Հանրապետության մտավոր ներուժը մեկտեղող կառույց։  Տարբերակներ շատ կան՝ իրավակազմակերպական ձևից մինչև գործառույթներ, բայց ամեն դեպքում արժե, որ ԳԱԱ-ն անի այն, ինչ որ չի արվում Հայաստանում։ Եթե վարչարարություն հիմա Հայաստանում արվում է, պետք չէ, որ ԳԱԱ-ն էլ իր հերթին վարչարարություն անի։ Հայաստանում հիմա չի արվում մտավոր ներուժի կառավարում՝ համատեղում, քննարկումներ և այլն։ Դա պետք է պրոֆեսիոնալ ձևով անի Ակադեմիան։ Ինստիտուտների ֆինանսավորումն էլ է իրականացվում, կառավարիչների ընտրությունն էլ է լավ-վատ իրականացվում։ Այդ բոլորը տեխնիկական հարցեր են։  Մեր կարծիքով պետք չէ, որ ԳԱԱ-ն զբաղվի տեխնիկական հարցերով։ Բայց մյուս կողմից, այո, մենք ունենք մտավոր որոշակի ներուժ, ունենք գիտելիք կրող մարդիկ, որոնց համախմբող կառույց, որը պետք է ԳԱԱ-ն լիներ, չկա հիմա։ Ակադեմիան այսօր կենտրոնացել է ինքն իր 35 ինստիտուտների մեջ։ Տեսականորեն այն, այո՛, ունի սփյուռքի ներկայացուցիչներ, համալսարանից անդամներ, բայց դե ֆակտո միայն զբաղվում է իր ինստիտուտների հարցերով, համահայկական չէ։ Բայց դա իմ սուբյեկտիվ ընկալումն է։ Մենք դեռ կխոսենք Ակադեմիայի մեր գործընկերների հետ, հասկանանք՝ այս համատեքստում որն է ամենաճիշտ տարբերակը։ Այս շրջանում ինստիտուտներից մտահոգություններ կան անորոշությունների մասով։ 2027-ին միավորված են լինելու բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները, բայց Ակադեմիական քաղաքը լիարժեք շահագործման է հանձնվեու 2030-ին։ Ինստիտուտներն այս ընթացքում դիմե՞ն միջազգային երկարաժամկետ դրամաշնորհային ծրագրերի, ենթակառուցվածքները զարգացնե՞ն, եթե մի քանի տարուց այլ կառույցների կազմում են գործելու, իսկ ավելի ուշ՝ տեղափոխվելու։ Անկեղծ ասած՝ ինձ համար նորություն է, որ այդպիսի անորոշություններ կան։ Տեղափոխման հարց միավորման պարագայում չի բարձրացվում առնվազն մեծ STEM ուղղության (բնական գիտություններ, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա,- խմբ), փորձարարական ինստիտուտների պարագայում (նկատի ունի՝ մինչև Ակադեմիական քաղաքի շահագործումը,- խմբ․): Ինստիտուտը միավորվելու է բուհի հետ՝ լինելով իր ֆիզիկական տեղում, որովհետև բուհում տեղ չկա այդ ինստիտուտը տեղափոխելու։ Քանի որ Ակադեմիական քաղաքը շահագործման հանձնվում է 2030-ին, ենթակառուցվածքների ներդրումը, եթե նկատի ունեք միջավայրի բարեկարգումը, արգելված չէ։ Ինստիտուտները ֆինանսական միջոցներ ստանում են դրամաշնորհային ծրագրերի մեջ փոքր քանակով, որ առնվազն  ինտեգրման և հեռավար լաբերի պարագայում սենյակները կարգի բերեն ավելի հարմարավետ միջավայրում աշխատելու համար։  Ակադեմիական քաղաքում էլ նրանց ավելի լավ պայմաններ են առաջարկվելու։ Նրանք գնալու են պատրաստի միջավայր։ Այն սարքերը, որոնք բավականաչափ լավն են ու չեն կորցրել իրենց ֆունկցիոնալությունը, տեղափոխվելու են, այդ միջավայրում նոր սարքեր են ձեռք բերվելու։ Այդտեղ ես խնդիր չեմ տեսնում։  Ինչ վերաբերում է երկարաժամկետ դրամաշնորհներին, Հայաստանի Հանրապետությունում և ցանկացած այլ երկրում գոյություն ունի իրավահաջորդության գաղափար։ Երբ ինչ-որ գործընթաց է տեղի ունենում, չի կորչում տվյալ կազմակերպությունն իրավակազմակերպական դաշտից։ Եթե միավորում է տեղի ունենում, իրավահաջորությունը փոխանցվում է միավորված կազմակերպությանը։  Այսօր, օրինակ, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն պատասխանատու է Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) գործերի համար, Գիտության կոմիտեի գործերի համար (նախկինում գործում էին երեք առանձին կառույցներ՝ Գիտության կոմիտե, Բարձրագույն կրթության վարչություն և ԲՈԿ, այժմ երեքը միավորված են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի մեջ,- խմբ․): Դասական կլաստերում հիմնարար հետազոտություններ են իրականացվելու, Տեխնոլոգիական կլաստերում՝  կիրառական։ Ի՞նչ է լինելու գիտական այն կազմակերպությունների հետ, որտեղ կան և՛ հիմնարար, և՛ կիրառական հետազոտություններ։ Արդյո՞ք այդ կազմակերպությունները կիսվելու են կամ դադարելու են որպես առանձին միավոր գոյություն ունենալ։ Շատ լավ հարց է։ Եթե բառամթերքին նայեք, թե ինչպես է ձևակերպված, գրված է․ «հիմնականում»։  Այսինքն՝ Դասական կլաստեր է, որտեղ հիմնականում հիմնարար գիտությունների ուղղությամբ կրթություն և հետազոտություններ են իրականացվում։ Չկա հստակ սահմանազատում հիմնարարի և կիրառականի։ Շատ քիչ հիմնարար հետազոտություններ կան, որ լրիվ իրականությունից կտրված են, օրինակ՝ լարերի տեսություն, բայց անգամ դրանք ապագայում, եթե հարցնես՝ վերջնական ինչի համար է, կարող են իջեցվել կիրառական ինչ-որ խնդրի։ Բացի այդ՝ հետազոտության արյունքում միշտ էլ կարող է հիմնարարից կիրառական խնդիրների լուծման հնարավորություն բացվել, որևէ բուհի չես կարող արգելել դա անել։  Տեխնոլոգիական համալսարանն ավելի կենտրոնացած է նախատիպավորման, մշակումների վրա, բայց այստեղ էլ հիմնարար հետազոտություններ կարող են լինել։ Գուցե դու կիրառական հետազոտություն ես իրականացնում, որի արդյունքում հիմնարար խնդիր է բացվում, բնականաբար, չես ուղարկելու Դասական համալսարան, ասելու՝ սրանով զբաղվեք։ Ինստիտուտների մասով տարբեր են մոտեցումները լինելու։ Մենք ունենք ինստիտուտներ, որտեղ թեմաները բավականաչափ ցրված են, այս պարագայում գուցե կարիք լինի որոշակի թեմատիկ վերախմբավորումների։ Ինստիտուտի՞ ներսում։ Կլաստերի ներսում։ Որոշ պարագաներում էլ, եթե թեմաների տրամաբանական կոնսոլիդացիա կա, կարող է մնալ այդպես։ Ամեն դեպքում, ինստիտուտներն էլ են միավորվելու, այնպես չէ, որ 35 ինստիտուտ ենք ունենալու։  Երբ Ձեզ հարցրի գիտական կազմակերպությունների արդյունավետության մասին, 35 գիտական կազմակերպությունից 4-ն առանձնացրիք։ Ենթադրվո՞ւմ է, որ վատ արդյունք ցույց տված որևէ գիտական կազմակերպություն փակվելու է։ Փակել բառից ես կխուսափեի․ բացասական հնչեղություն ունի։ Գոյություն ունի ատեստավորման նոր կարգ, որը կոմունիկացվել է, հիմա մեզ մոտ է, շուտով կուղարկենք Կառավարություն։ Այդ կարգի համաձայն՝ գիտնականները գիտական կարիերայի ամեն մի տարակարգում ունեն որոշակի պարտավորություններ՝ թվային և նկարագրական։ Այդ պայմանները չանելու պարագայում որոշակի հետևանքներ են լինելու ինստիտուտի համար։ Միևնույն ժամանակ, ինստիտուտների համար կատարողականի որոշակի ցուցանիշներ են լինելու սահմանված, և ինստիտուտն այդ կատարողականը չբավարարելու պարագայում հայտնվելու է տարբեր կատեգորիաներում։ 2018-ից մեկնարկած փոփոխություն է, որն ինչ-ինչ պատճառներով անընդհատ հետաձգվում է։  Ատեստավորումը մինչև բուհերի և ինստիտուտների միավորո՞ւմն է իրականացվելու։ 2021 թվականին է արվել առաջին ատեստավորումը, 5 տարվա պարբերությամբ իրականացվող գործընթաց է։ Հաջորդը 2026 թ․ վերջին է իրականացվելու։ Այն գծորեն անկախ է «Ակադեմիական քաղաքից», գործընթաց է, որը որակի բարձրացմանն է ուղղված։  Ակադեմիական քաղաքն էլ լավ, ստեղծարար միջավայր է լինելու, և այնտեղ ընտրության որոշակի մեխանիզմ է լինելու, այնպես չէ, որ բոլորը տեղ ունեն ակադեմիական քաղաքում։ Պրոֆեսորադասախոսական կազմին տրվելո՞ւ է բավարար ժամանակ, որ հետազոտությամբ զբաղվեն, և արդյո՞ք բոլորն են ի վիճակի լինելու նման գործունեություն ծավալել։ Եվ գիտնականները, որոնք չեն ցանկանա դասավանդել, ունենալո՞ւ են բացառապես հետազոտությամբ զբաղվելու հնարավորություն։  Դասախոսի ծանրաբեռնվածությունը լինելու է դինամիկ։ Տվյալ անձը կարող է ընտրել, որ, դիցուք, այս տարի 100% ծանրաբեռնվածությունն ուզում է ապահովել դասախոսական գործունեությամբ, հաջորդ տարի՝ 80/20 համամասնությամբ դասախոսում է և հետազոտում  Քիչ-քիչ կավելանա՞ հետազոտական բաղադրիչը։ Ո՛չ, կամընտրական կլինի։ Փորձը ցույց է տալիս, որ միայն դասախությամբ զբաղվելն այնքան էլ արդյունավետ չէ կրթության համար։  Կախված է նրանից, թե ինչ դասախոս ես։ Եթե առաջին կուրսում մաթեմատիկական անալիզի դասախոս ես, կարիք չկա, որ քո հետազոտություններից խոսես, պետք է մաթեմատիկական անալիզ սովորեցնես։ Այսինքն, տեսականորեն այդ հնարավորությունը կա։ Բայց մեխանիզմ պետք է լինի, որ բոլոր դասախոսները չընտրեն հետազոտական աշխատանք, և դասախոսող չլինի։  Ինչ վերաբերում է գիտնականներին, նորից եմ ասում, եթե տվյալ հետազոտողը որոշել է, որ ինքն ամբողջովին հետազոտությամբ է զբաղվում, որևէ բան չի փոխվում նրա կյանքում՝ բացի այն, որ նրա լաբորատորիայում հայտնվելու են ուսանողներ ինչ-որ պարբերականությամբ։ Ուսանողը գալու է այդ լաբորատորիայում կրեդիտ հավաքելու։ Բայց տվյալ անձը իր լաբորատորիայում զբաղվելու է իր հետազոտություններով՝ հիմնարար, կիրառական կամ փորձարարական մշակումներ։ Մենք չենք կտրում կապն այդ թվում ինդուստրիայի հետ։ Եթե որևէ գիտնական անում է առևտրայնացվող  մշակումներ, շարունակելու է անել դա, պարզապես ունենալու է հավելյալ պարտավորություն դրա մեջ որևէ ձևով ուսանողին ներգրավելու։  Ինստիտուտների և բուհերի գիտական ու պրոֆեսորադասախոսական ո՞ղջ անձնակազմն է գնալու Ակադեմիական քաղաք, թե՞ օպտիմալացումներ լինելու են։ Ինչպե՞ս եք ապահովելու, որ այնտեղ որակյալ մասնագետներ գնան։  Ես չեմ ուզում՝ սեգրեգացիայի նման ինչ-որ բան ստեղծվի։ Մենք իրականացնելու ենք ծրագրեր բոլորի մասնագիտական զարգացման ու առաջընթացի համար։ Քավ լիցի, մենք չենք մտածում, որ Հայաստանում այդքան շատ գիտնականներ ու դասախոսներ կան․ դա շատ թանկ ռեսուրս է։ Ավելի լավ է՝ մենք հավելյալ ծախս անենք, այդ մարդկանց կրթելու, առաջխաղացման մեջ ներդրում անենք, և եթե վերջում կպարզվի, որ այդ մարդն առաջխաղացում չունեցավ, ինչպես ասում են, իրարից չենք նեղանում այդ պարագայում։  Մենք բավականաչափ ժամանակ ունենք մինչև ֆիզիկական ենթակառուցվածքները կառուցելը նաև մեր մարդկային ռեսուրսը համապատասխանեցնելու դրան։ Ես չեմ ուզում, որ որևէ մեկը վտանգված զգա իրեն այս գործընթացում։  Հայեցակարգում բավականին հավակնոտ թիրախներ են նշված՝ առնվազն 4 համալսարան միջազգային վարկանիշային ցուցակների հինգհարյուրյակում պետք է ներառված լինի, միջազգային ուսանողներ պետք է ներգրավվեն։ Ինչպե՞ս եք այս թիրախներին հասնելու 2030-ին, եթե հենց այդ տարի է Ակադեմիական քաղաքը լիարժեք շահագործման հանձնվելու։ Պետք է ամեն ինչ անենք, որ այդպես լինի։ 2030-ին Ակադեմիական քաղաքը նախատեսված է 4 կլաստերների համար, մնացած կլաստերները մնում են այնտեղ, որտեղ կան։ ԵՊՀ-ի հիմքի վրա ձևավորվող Դասական համալսարանին կամ Բժշկական համալսարանին ոչ մի բան չի խանգարում այսօրվանից սկսել աշխատել հնիգհարյուրյակում տեղ գտնելու համար։ Որևէ բան չի խանգարում նաև Ամերիկյան համալսարանին, որովհետև այդ նպատակը սահմանափակված չէ պետական բուհերով։ Պետությունը փորձելու է նաև հասկանալ՝ ինչպես աջակցի այն բուհերին, որոնք այս փուլում չեն տեղափոխվում, որ այդ բուհերն առաջ գնան։  Քանի որ հայեցակարգում է նշվում այդ նշաձողերի մասին, ենթադրվում է, որ պետք է վերաբերի հենց Ակադեմիկան քաղաքի համալսարաններին։  Հայեցակարգում նշված է, որ այդ երկու թիրախների իրականացման համար արվում է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը։ Հինգհարյուրյակում հայտնվել նշանակում է շատ տարբեր պարամետրերի համապատասխանել՝ ունենալ հրապարակումների բավականաչափ բարձր որակ ու քանակ, տարբեր մակարդակի հեղինակության դասախոսներ, ունենալ լաբորատոր պայմաններ, միջազգային ուսանողների և դասախոսների քանակ, վարկանիշավորման որոշ համակարգեր հաշվի են առնում, թե քո միջավայրն ինչքանով է կայուն ու ներառական։ Մտավախություն կա՞, որ  չի հաջողվի այդ նշաձողերին հասնել։  Ցանկացած ծրագրի դեպքում կա մտավախություն, որ չի հաջողվի իրականացնել։ Մտավախությունը նկատի ունենալով ենք աշխատում։  Իրականում, միշտ էլ կարելի է նստել ու փորձել քննադատել այն ինֆորմացիան, որ ունես, բայց այսքան ինֆորմացիան դրված է քննարկման համար։ Եթե մենք բաց ենք, ստեղծագործ ենք բավականաչափ, որպեսզի հարցին մոտենանք այդ հարցը լուծելու նպատակադրմամբ, շատ հանգիստ կարելի է լուծումներ գտնել կամ թեկուզ հիմնավոր ասել, որ այս հարցը լուծում չունի, հարցի լուծումն այն է, որ թողնենք ամեն ինչ այնպես, ինչպես կա։ Չեմ կարծում, որ ամեն ինչ թողնելով այնպես, ինչպես կա, առաջընթաց կարող ենք գրանցել։ Մենք խնդիր ունենք, այդ խնդիրները պետք է լուծել․ խնդիր ունենք սերնդափոխության, համաշխարհային քարտեզի վրա մեր տեղը գտնելու։ Բավական երկար ժամանակ լոկալացվել ենք, այդ թվում և գիտության առումով։ Տեղական նշանակության գիտություն է ձևավորվել, տեղական նշանակության գիտնականներ ունենք։ Հարցն այդ բացթողումները լրացնելն է, որովհետև եթե դու խաղացող ես միջազգային համայնքում, դա նաև ունի իր անդրադարձը քո՝ որպես պետության հեղինակության վրա։ Ինչպես եթե մարդն է հավելյալ արժեք ստեղծում, հավելյալ կարևորություն ունի սոցիումում, այնպես էլ պետություններն են մոլորակի վրա։ Դու հավելյալ արժեք ստեղծող պետությո՞ւն ես, թե՞ խնդիրներ ստեղծող պետություն։   Աննա Սահակյան
20:13 - 28 նոյեմբերի, 2023
«Կրթությունը բարձրացնել գիտական կազմակերպությունների հաշվին»․ Էկոկենտրոնի տնօրենը՝ «Ակադեմիական քաղաքի» մասին

«Կրթությունը բարձրացնել գիտական կազմակերպությունների հաշվին»․ Էկոկենտրոնի տնօրենը՝ «Ակադեմիական քաղաքի» մասին

Կառավարության «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հանրության շրջանում ակտիվ քննարկումներ առաջացրեց։ Ըստ նախագծի՝ Երևանի 17-րդ թաղամասին կից կառուցվելու է 700 հա մակերեսով առանձին քաղաք, որտեղ միավորվելու են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները և գիտական ինստիտուտները։ Նախատեսվում է նաև բնակելի թաղամասի կառուցապատում, որտեղ կապրեն այդ հաստատությունների աշխատակիցները։  Այսպիսով, Կառավարությունը նախատեսում է խոշորացնել Հայաստանի պետական բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտները՝ միավորելով դրանք հետևյալ կլաստերներում՝ Տեխնոլոգիական, Արվեստների, Կրթական, Սպայական, Դասական և Բժշկական։ Սրանցից չորսը տեղակայվելու են նոր կառուցվող Ակադեմիական քաղաքի տարածքում։ Դասական կլաստերը, որը ներառում է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Բժշական կլաստերը՝ ներառյալ Հերացու անվան բժշկական համալսարանը, այս պահին կմնան Երևանում։ Թե կոնկրետ ինչ բուհեր ու գիտահետազոտական ինստիտուտներ են միանալու իրար և ձևավորելու կլաստերները, հայեցակարգում դեռևս չի նշվում։ Հայտնի է միայն, որ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան բացառապես խոշորացված բուհերն ու դրանց հետ միավորված գիտական կազմակերպությունները։ Կառավարությունը մինչև փետրվարի 15-ը բուհերից ու ինստիտուտներից հայեցակարգային առաջարկների է սպասում, «որոնց հիման վրա կմշակվի խոշորացման ընդհանուր դրույթային բազան»:  «Ինֆոքոմը» հարցազրույցների շարք է սկսել գիտական ինստիտուտների ու բուհերի ղեկավարների, պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Նպատակն է  հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունեն տարբեր կողմերն այս նախագծի վերաբերյալ, և ինչ առաջարկներ են պատրաստվում ներկայացնել Կառավարություն։ Մեր առաջին հարցազրույցը Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի (Էկոկենտրոն) տնօրեն, աշխարհագրական գիտությունների թեկծանու Լիլիթ Սահակյանի հետ է։   Կրթություն-գիտություն համագործացկության խնդիրներ Վերջին շրջանի իր հարցազրույցներում, խոսելով Ակադեմիական քաղաքի նպատակներից և բուհերի ու ինստիտուտների միավորումից, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահն առանձնացրել է երկու հիմնական խնդիր՝ գիտական ինստիտուտների՝ երիտասարդ կադրերով համալրում, որակյալ և գիտահեն բարձրագույն կրթության իրականացում։ Այս խնդիրների լուծման համատեքստում էլ դիտարկվում է բուհերի և հետազոտական ինստիտուտների միավորումը։ Էկոկենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանի կարծիքով կրթության և գիտության միջև տարանջատումն աշխարհագրական հիմք չունի։ Լիլիթ Սահակյանը «Երևանի պետական համալսարանը մեզնից 15 րոպե քայլքի հեռավորության վրա է։ Աշխարհագրորեն որ բերես, նույն հովանոցի տակ դնես, արհեստական է լինելու, չի բերելու ցանկալի արդյունքին»,- ասում է Սահակյանը՝ ավելացնելով, որ գիտական կազմակերպությունները միշտ ավելի բաց են եղել կրթություն-գիտություն համագործակցությանը, իսկ  «կրթական օջախները ավելի փակ են դրսից եկող գիտության առջև»։ Էկոկենտրոնի տնօրենն այս խնդրի հիմքում տեսնում է բուհերի կրթական ծրագրերի ընդհանրական լինելը։ Էկոկենտրոնի մասնագետներն, օրինակ, ավելի հակված են նեղ ոլորտային դասախոսություններ կարդալուն, և հենց դա է պատճառը, որ կենտրոնից շատ քիչ մասնագետեր են այս պահին բուհերում դասավանդում։  Լիլիթ Սահակյանը հիշում է, որ իրենց մասնագետները փորձել են բուհերում մի քանի առարկաներ դասավանդել, բայց տպավորություն են ստացել, որ առարկայական ցանկը կազմված է ֆակուլտետում եղած դասախոսների հնարավորություններով միայն։  Էկոկենտրոնում երիտասարդ կադրերով համալրման հարցը լուծում են հենց տեղում մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերի միջոցով։ Կենտրոնում գործում է ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի բազային ամբիոն, այստեղ մի քանի մագիստրոսական ծրագրեր են ուսուցանվում։  Էկոկենտրոնի տնօրենը նաև մի փաստ է կարևորում․ ոչ բոլոր հետազոտողներն են սիրում դասավանդել և նախընտրում են միայն հետազոտություններ իրականացնել։ «Ես հավատացնում եմ՝ այն գիտնականները, որոնք հիմա միայն գիտնական են, Ակադեմիական քաղաքում կրթական համակարգի մեջ չեն ներգրավվելու, իսկ նրանք, ովքեր հիմա ներգրավված են կրթության մեջ, այնտեղ էլի ներգրավվելու են»,- մեկնաբանում է Սահակյանը։  Ամփոփելով այս թեման՝ Լիլիթ Սահակյանը նշում է՝ գիտական ռեսուրսների մեծամասնությունը հենց ԳԱԱ ինստիտուտներում է, և այս նախագծով փորձ է արվում «կրթությունը բարձրացնել այս գիտական կազմակերպությունների հաշվին»։ «Գիտությունն այս ծրագրով ու հիմա ընդհանրապես դիտվում է որպես կրթությունը սպասարկող մի բան»,- ասում է Լիլիթ Սահակյանը։  Էկոկենտրոնի հետազոտողները և մագիստրոսները   Որ կլաստերում կարող է ներառվել Էկոկենտրոնը Էկոկենտրոնում իրականացնում են հիմնականում շրջակա միջավայրի բնապահպանության, գյուղատնտեսության, սննդի և պարենի անվտանգությանը վերաբերող հետազոտություններ, որոնք ազգային անվտագության բաղադրիչ ունեն։ Լիլիթ Սահակյանի խոսքով իրենց գործունեությոնը ինչ-որ առումով համապատասխանում է Սպայական կլաստերին։ Այս կլաստերն, ըստ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի, ունենալու է երկու բաղադրիչ՝ արտաքին անվտանգային և ներքին անվտանգային։ Մյուս կողմից էլ Էկոկենտրոնի տնօրենը նշում է, որ իրենց գործուներության լայն սպեկտորը և միջառարկայականությունը, ինչպես նաև հայեցակարգի բազմաթիվ անորոշությունները դժվարացնում են առաջարկված կլաստերներից որևէ մեկի ընտրությունը:  Լիլիթ Սահակյանի խոսքով «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի հրապարակումից հետո ԳԱԱ-ն դիմեց Էկոկենտրոնին՝ խնդրելով ներկայացնել առաջարկներ հայեցակարգի մասին։ Էկոկենտրոնն էլ ԳԱԱ ուղարկեց հայեցակարգի վերաբերյալ իր կարծիքը, որտեղ վեր են հանվել այն բոլոր խնդիրներն ու մտահոգությունները, որոնք Էկոկենտրոնը նկատել է հայեցակարգում։  Էկոկենտրոնի տնօրենի խոսքով՝ իրենք նշել են, որ սա հավակնոտ ու գրավիչ նախաձեռնություն է, սակայն «հայեցակարգը և դրա հիմնավորումները իրագործելիության առումով հույս չեն ներշնչում»։  Էկոկենտրոնի դիրքորոշումն այն է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հաջողությունը կախված է այն խնդիրների լուծումից, որոնք ներառվել են իրենց առաջարկներում։    Պարզ չէ, թե նախագիծը ֆինանսական ինչ միջոցներով է իրականացվելու Լիլիթ Սահակյանի խոսքով վերջին շրջանում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն գիտնականների համար աննախադեպ ծրագրային ֆինանսավորում է տրամադրում՝ սահմանելով բարձր չափանիշներ գիտնականներից ստացվող հայտերի  համար։  «Ինչու եմ սա ասում․ այս հայեցակարգի նման նախագիծ որ գրես, ուղարկես Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, կոմիտեն նույնիսկ քո ծրագրին չի նայի. ո՛չ ֆինանս կա գրված, ո՛չ կայունություն, ո՛չ ռիսկեր։ Ծրագրի կայունությունը ֆինանսներից է կախված․ ընդհանրապես չի երևում` ինչ ֆինանսներ են նախագծի տակ ներդրվելո և որտեղիցւ»- ասում է Էկոկենտրոնի տնօրենը։   Նախագծի իրականացման ժամանակացույց Լիլիթ Սահակյանի խոսքով հայեցակարգից պարզ չեն նաև կլաստերների ստեղծման ժամանակացույցը և ակնկալվող չափելի արդյունքները։  Նշենք, որ հայեցակարգում նշվում են միայն Ակադեմիական քաղաքի ձևավորման փուլերը՝ նախագծման, կառուցման և սպասարկման։ Նախագծման փուլը կտևի մինչև 2025-ի սեպտեմբերը․ այս ընթացքում կիրականացվեն նախապատրաստական աշխատանքները, օրինակ՝ կարիքների գնահատում, շահառուների հետ քննարկում, ճարտարապետաշինարարական նախագծի մշակում, ենթակառուցվածքների նախագծում։ Կառուցման փուլը կավարտվի 2029-ի դեկտեմբերին։ Այս փուլում կիրականացվի կլաստերների, դրանց բաղադրիչների և հանգուցային կառույցների փուլային հանձնումը: Այլ մանրամասներ չեն նշվում։ 2030-ի հունվարին էլ կսկսվի վերջին՝ սպասարկման փուլը։ Այլ մանրամասներ չեն նշվում։ Էկոկենտրոնի տնօրենի խոսքով ներկայումս բերված հայեցակարգը ունի շատ անորոշություններ, որոնք դժվարացնում են իրավիճակը:  «Պարզ չէ՝ ակադեմիական քաղաքում ընդգրկվելու պարագայում ինչ է սպասվում ինչպես ընթացիկ աշխատանքների, այնպես էլ զարգացման ռազմավարական ուղղությունների համար ներդրման մասով: Օրինակ, Էկոկենտրոնն ունի Հայաստանի տարբեր շրջաններից 30 տարվա ընթացքում հավաքած և խնամքով պահպանված հողերի նմուշների բացառիկ հավաքածու, որի պահպանման համար ծախսեր են անհրաժեշտ: Հստակ չէ՝ ինչ անել դրանց հետ»,- ասում է Լիլիթ Սահակյանը: Կենտրոնի հողային նմուշների արխիվի մի մասը   Գիտական կազմակերպությունների կարգավիճակն ու դերն ակադեմիական քաղաքում նույնպես հստակ չէ Շարունակելով ներկայացնել Էկոկենտրոնի առանձնացրած խնդիրները՝ Լիլիթ Սահակյանը նշում է՝ հայեցակարգում չի նշվում, թե ինչ կարգավիճակ են ունենալու գիտական ինստիտուտները։ Այս համատեքստում նա հիշում է իր սիրելի անեկդոտներից մեկը․ «Մեկը մահանում է, գնում է վերև, Գաբրիել հրեշտակին ասում է՝ ինձ և՛ դրախտը ցույց տուր, և՛ դժոխքը։ Գաբրիել հրեշտակը դրախտի դուռը բացում, տեսնում է` կանաչ, մարդիկ ժամանակ են անցկացնում, լավ է։ Ասում է՝ դժոխքն էլ տեսնեմ։ Դժոխքի դուռը բացում են, նույն վիճակն է, բայց մի քիչ ավելի ուրախ։ Ասում է՝ Գաբրիե՛լ հրեշտակ, ես դժոխք եմ ուզում։ Գաբրիել հրեշտակը նրան թողնում է դժոխքում, դուռը փակում է, ու մարդը սկսում է կրակների մեջ այրվել։ Դուռը ծեծում է, ասում՝ Գաբրիել հրեշտակ, էս ի՞նչ էր, պատասխանում է՝ այ սա՛ է տուրիստի ու էմիգրանտի տարբերությունը»։ Լիլիթ Սահակյանը նշում է, որ Էկոկենտրոնը՝ որպես ԳԱԱ համակարգի գիտակրթական կենտրոն, ունի ակադեմիական և լիարժեք անկախություն, բայց հիմա իրենց առաջարկում են ընտրել, թե որ կլաստերում են ուզում լինել, որ բուհի հետ միանալ։ «Մենք չգիտենք՝ օրինակ, ընտրեցինք այսինչ բուհը, ի՞նչ կարգավիճակում ենք լինելու, գնացինք մյուս բուհ, այնտե՞ղ ինչ կարգավիճակում ենք լինելու․․․ Մենք որոշյալ լավ-վատ վիճակից պիտի գնանք անորոշ ինչ-որ մի երազանքի հետևից՝ [հույսով] որ լավ է լինելու, ինչպես հիմա էմիգրանտներն են գնում որևէ երկիր, որտեղ լավ է լինելու»,- ասում է Էկոկենտրոնի տնօրենը։ Նրա խոսքով հստակ չեն նաև կազմակերպաիրավական ձևերը, այդ պատճառով դժվար է բովանդակային հարցեր քննարկել։ «Եթե մենք ու որևէ բուh իրար հետ միավորվում ենք, ՊՈԱԿ ենք մնում, սա լրիվ ուրիշ քննարկում է, հիմնադրամ ենք դառնում՝ ուրիշ, միավորվում ենք, գնում ենք ԵՊՀ-ի կազմ՝ լրիվ ուրիշ։ Արդյո՞ք բուհերը մեզ պատրաստ են ընդունել։ Այն կարգավիճակով, որով բուհերը կարող են մեզ ընդունել, մեզ ձեռնտու չէ, որովհետև դա գիտական, ակադեմիական անկախության վերջն է։ Իսկ թե մենք ինչ կարգավիճակում ենք Ակադեմիական քաղաքում հայտնվելու, ես չգիտեմ։ Ընտրության հնարավորությունն է, որը պարտադիր պետք է տալ ինտիտուտներին, որպեսզի ՀՀ ԳԱԱ համակարգում ստեղծված ու պահպանված գիտական դպրոցները չկորցնենք:»,- ավելացնում է Էկոկենտրոնի տնօրենը։ Կենտրոնի լաբորատորիաներից մեկում   Հնարավոր ռիսկեր Լիլիթ Սահակյանը վստահ է, որ Ակադեմիական քաղաքի ստեղծման շուրջ անորոշությունը նաև ռիսկեր է պարունակում։ «Այս անորոշության մեջ լավ կադրերին պահելը շատ դժվար է․ երկրում անորոշ վիճակ է, գիտությունն անորոշ է, որոշումներն անորոշ են․․․ Ունես լավ մասնագետներ, որոնց արտասահմանից ոչ թե կանչում են, այլ «խլում»։ Հայաստանում մասնագետները հատ-հատ ընտրված են։ Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն այդպիսի մասնագետի կորուստն ինչ կարող է դառնալ գիտական դպրոցի համար: Իսկ գիտական դպրոցների ստեղծման համար մեկ-երկու նախագիծ կամ մեկ-երկու տարին բավարար չեն:»,- մտահոգվում է Սահակյանը։ Ինչ է առաջարկում Էկոկենտրոնը Էկոկենտրոնը ԳԱԱ ուղարկած իր կարծիքում կառավությանը ներկայացրել է այս բոլոր մտահոգություններն ու առաջարկել միայն մի բան՝ հնարավորինս հստակեցնել անորոշությունները։ «Որպեսզի մենք մեր դերն իմանանք և իմանանք՝ պետությունը մեր առջև ինչ խնդիր է դրել․ արդյո՞ք այն ուղղությունները, որոնք Էկոկենտրոնում կան, բոլորը մնալու են, արդյո՞ք մեր առաջնահերթություններն էլի մենք ենք սահմանելու։ Այնքան անորոշություններ կան։ Հաջողելու կամ ձախողելու հավանականությունը 50/50 է»,- ասում է նա։  «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգում նշվում է, որ կազմակերպությունների՝ Ակադեմիական քաղաք տեղափոխվելուց հետո Երևանում ազատված անշարժ գույքն «ըստ նպատակահարմարության և հնարավորության՝ ծառայելու է ակադեմիական քաղաքում զարգացման և այլ բնույթի ծրագրերի իրականացման համար»: Էկոկենտրոնի տնօրենի խոսքով ինֆորմացիոն վակումի և անորոշության պայմաններում իրենք մի քանի ամիս բախվել էին խնդրի, երբ գերատեսչություններից մեկը ցանկանում էր ստանալ Էկոկենտրոնի շենքը։ Լիլիթ Սահակյանը նշում է՝ Էկոկենտրոնի անձնակազմը, սակայն, կարողացավ պայքարել ու պահպանել իր շենքը։  Պատասխանելով այն հարցին, որ գիտական ինսիտուտների տնօրենները Ակադեմիական քաղաքին և բուհերի ու ինստիտուտների միավորմանը կարող են դեմ լինել այն պատճառով, որ չեն ուզում իրենց պաշտոնները կորցնել՝ Էկոկենտրոնի տնօրենն ասում է․ «Իմ իմացած երիտասարդ տնօրենները որ օրը դիմեցին, հաջորդ օրը երեք անգամ ավելի բարձր աշխատավարձով, ավելի լավ աշխատանք են գտնելու։ Տնօրենների՝ պաշտոնից կառչելու պահն ամեն դեպքում իմ իմացած տնօրենների մոտ չկա, որովհետև մեծամասնությունը լավ գիտնականներ են, կայացած մարդիկ են և ունեն «ճոխ» կենսագրություն, ուստի նման շահարկումներն ուղղակի զավեշտալի են»։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍՆ) նախարարությունը հուլիսին հայտարարություն  տարածեց՝ հրավիրելով բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին հայեցակարգային առաջարկներ ներկայացնել միավորման գործընթացի վերաբերյալ։ Էկոկենտրոնը դեռևս առաջարկներ չի ներկայացրել, քանի որ հարցը ԳԱԱ-ում դեռ չի քննարկվել։  Ամփոփելով ակադեմիական քաղաքի շուրջ Էկոկենտրոնի մտահոգությունները՝ Լիլիթ Սահակյանը նշում է՝ Բարձրագույն գիտության և կրթության կոմիտեից նշել են, որ  կայցելեն գիտական բոլոր ինստիտուտներ, քննարկումներ կունենան այս թեմայով։ Այժմ Էկոկենտրոնում սպասում են քննարկումներին, որ իրենց հարցերի պատասխանները ստանան։    Գլխավոր լուսանկարը գեներացված է Արհեստական բանականության միջոցով Աննա Սահակյան
19:27 - 07 նոյեմբերի, 2023
Վիկտոր Կատվալյանը վերընտրվել է ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Վիկտոր Կատվալյանը վերընտրվել է ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Հոկտեմբերի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց Վիկտոր Լիպարիտի Կատվալյանը։ Այս մասին հաղորդում է Գիտությունների ազգային ակադեմիան։ Վիկտոր Կատվալյանը ծնվել է 1961 թվականին՝ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում։ 1984 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1984-1987 թվականներին սովորել է ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ասպիրանտուրայում, իսկ 1987 թվականին աշխատանքի է անցել ինստիտուտում։ 1991 թվականին նա պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Հնչյունների համակցական փոփոխությունները ժամանակակից հայերենում» թեմայով։ 1993 թվականից դասախոսում է Գավառի պետական համալսարանում: 1998-2004 թվականներին եղել է նույն համալսարանի Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան, 2004-2012 թվականներին՝ Բանասիրական ֆակուլտետի դեկան: 2011 թվից դասավանդում է նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 2012 թվականից ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենն է։ 2017 թվականին նա պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Բայազետի բարբառը և նրա լեզվական առնչությունները շրջակա բարբառների հետ» թեմայով: Վիկտոր Կատվալյանի գիտական հետաքրքրությունները վերաբերում են բարբառագիտությանը, հայոց լեզվի պատմությանը, ժամանակակից հայերենին, ընդհանուր լեզվաբանությանը, բառարանագրությանը, արևմտահայերենի և արդի լեզվաքաղաքականության խնդիրներին: Նա հեղինակ է 14 մենագրությունների և շուրջ 90 հոդվածների:  Վիկտոր Կատվալյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գործունեությունը։   «Վերջին տասնամյակում ինստիտուտում հետազոտական աշխատանքներն ընթացել են 4 ուղղություններով՝ արդի արևելահայերենի և արևմտահայերենի ուսումնասիրման և կանոնարկման խնդիրներ, հայոց լեզվի պատմական զարգացման հարցեր, հայ բարբառների ուսումնասիրություն, ընդհանուր ու համեմատական լեզվաբանություն և կիրառական լեզվաբանության հարցեր։ Զարգանում է նաև կիրառական լեզվաբանությունը։ Այս ուղղությամբ կատարվել են փորձառական հնչյունաբանական հետազոտություններ, դիտարկվել են համաբարբառների համակարգչային մշակման խնդիրներ, իրականացվել են մի շարք  ծրագրեր, որոնք միտված են   լեզվաբանական հետազոտությունների բնագավառում նորագույն տեխնոլոգիաների, համացանցի հնարավորությունների, համակարգչային տեխնիկայի կիրառությանը և հայերենի՝ որպես համացանցային լեզվի հաջող գործառությանը: Նաև ընթանում են հայ լեզվաբանական գրականության մատենագիտական ցանկերի կազմման աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում ժամանակակից համակարգչային լեզվաբանության նորագույն գաղափարների ու միջոցների ներդրման ուղղությամբ», - ասաց Վիկտոր Կատվալյանը։ Նա նշեց, որ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում՝ ծավալելու հետազոտություններ հոգելեզվաբանության, նյարդալեզվաբանության ուղղություններով: Վերջերս բացված փորձառական հնչյունաբանության լաբորատորիան նորագույն տեխնոլոգիաների օգտագործման հնարավորություններով լավ հեռանկարներ է բացում հայերենի բոլոր կարգի դրսևորումների փորձառական հետազոտությունների համար։ Կարևորվում է հայերենագիտության ոլորտում ինստիտուտի ձեռքբերումները միջազգայնացնելու նպատակով օտարալեզու հրապարակումների ավելացումը, հասարակության մեջ լեզվական ճիշտ պատկերացումների ձևավորումը, երիտասարդ գիտնականների պատրաստման  ուղղությամբ աշխատանքների ակտիվացումը: 
17:53 - 18 հոկտեմբերի, 2023
ԱԱԳԼ-ում կանցկացվեն աշխատաժողով և ամառային դպրոց՝ նվիրված մաթեմատիկական ֆիզիկայի արդի խնդիրներին

ԱԱԳԼ-ում կանցկացվեն աշխատաժողով և ամառային դպրոց՝ նվիրված մաթեմատիկական ֆիզիկայի արդի խնդիրներին

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ), Գիտությունների ազգային ակադեմիայի Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի և «Ֆոլքսվագեն» հիմնադրամի ջանքերով օգոստոսի 19-24-ը ԱԱԳԼ-ում կանցկացվեն աշխատաժողով և ամառային դպրոց՝ նվիրված մաթեմատիկական ֆիզիկայի արդի խնդիրներին: Այս մասին նշվում է ԱԱԳԼ տարածած հաղորդագրության մեջ։ «Ծրագրի շրջանակում օգոստոսի 19-21-ը անցկացվելիք աշխատաժողովին ելույթ կունենան ոլորտի առաջատար մասնագետներ՝ Գերմանիայից, Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից և այլ երկրներից: Աշխատաժողովը շարունակում է 2010 թ․ հիմնադրված «Սուպեր-համաչափությունը ինտեգրվող համակարգերում» խորագրով շարքը։ Օգոստոսի 22-24-ը կանցկացվի ամառային դպրոցը, որի ընթացքում դասախոսություններ կվարեն միջազգային ճանաչում ունեցող փորձագետներ և գիտնականներ: Հանդիպումների շարքը  գիտական յուրօրինակ միավորում է։ Այս անգամ կիզակետում կլինեն դաշտի քվանտային տեսության, լարերի տեսության և դրանց հետ կապակցված ինտեգրվող համակարգերի երկրաչափական ասպեկտները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Աշխատաժողովի և ամառային դպրոցի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։
20:58 - 17 օգոստոսի, 2023
Մեկնարկել են Հատիս լեռան գագաթին գտնվող ամրոցի պեղումների աշխատանքները

Մեկնարկել են Հատիս լեռան գագաթին գտնվող ամրոցի պեղումների աշխատանքները

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը սկսել է պեղումները ՀՀ Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի տարածքում։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ պեղումներն իրականացվում են 2023 թ․ մարտ ամսին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքված հուշագրի հիման վրա:  Ամրոցը (Շամիրամի բերդ, Հատիսի ամրոց) գտնվում է Հատիսի կոնաձև գագաթին։ Պատերի լայնությունը տատանվում է 2-4,5 մ, բարձրությունը՝ 1-3 մ միջև։ Կառուցված է բազալտի խոշոր և միջին չափերի անմշակ քարերով: Արևելյան պարսպապատի մեջ պահպանվել է 3 մ լայնությամբ մուտքը, որի երկու կողմերում երկու որմնահեծեր կան։ Արևմտյան պարսպաշարի երկարությամբ ձգվում են հնավայրի հիմնական կառույցները։ Պարսպաշարի առավել պահպանված հատվածը՝ մոտ 3 մ, ունի ավելի քան 10 շարք բարձրություն։ Հաշվի առնելով պեղման ենթակա տարածքի խիստ ընդարձակ մակերեսը՝ «Հատիսի ամրոցի» հետազոտվող տարածքը բաժանվել է 10x10 մ չափերով քառակուսիների: Արշավախմբի կազմում ընդգրկված են հայ և իտալացի 6 հնագետներ ամրոցի տարածքի պեղումներն իրականացնելու համար (ղեկավարներ` Արթուր Պետրոսյան և Ռոբերտո Դան):   Այս պահին ձեռք բերված տվյալները թույլ են տալիս հնավայրը թվագրել բրոնզ երկաթեդարյան, անտիկ և միջնադարյան ժամանակաշրջաններով։ Հայտնաբերված հնագիտական գտածոների մեջ կարելի է առանձնացնել տարբեր ժամանակաշրջանների խեցանոթների օրինակներ, բրոնզեդարյան նետասլաքների օրինակներ օբսիդիանից, երկաթից նիզակի ծայր, տարբեր քարերից, երկաթից և բրոնզից պերճանքի առարկաներ, գլանաձև կնիք (հավանաբար մ․թ․ա. 5-րդ դար) և Ալեքսանդր Մեծի պատկերով արծաթյա դրամը։ Պեղումները շարունակվում են. ավարտը նախատեսվում է օգոստոսի վերջին։
11:34 - 11 հուլիսի, 2023