Գևորգ Պապոյան

Գեւորգ Հարությունի Պապոյանը (փետրվարի 11, 1987ՈւջանԱրագածոտնի մարզ) ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր է, «Իմ քայլը» խմբակցության եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

2008թ. ավարտել է Հայաաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: 2011թ.՝ ՀՊՏՀ մարկետինգի ամբիոնի ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: Հեղինակ է մեկ ուսումնական ձեռնարկի եւ գիտական տասնյակ հոդվածների:

2008-2009թթ. աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում: 2009-2013թթ. եղել է «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ մարկետինգային հետազոտությունների մասնագետ: 2011 թվականից դասավանդում է ՀՊՏՀ մարկետինգի ամբիոնում: 2015-2018թթ.՝ «ԲԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ մարկետինգի բաժնի ղեկավար: 2018-2019թթ.՝ «ԲԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ փոխտնօրեն:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Գևորգ Պապոյանն ընդունել է Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը

Գևորգ Պապոյանն ընդունել է Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 16-ին ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։   Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանն արդյունավետ համագործակցության համար։   «Կայուն պարենային համակարգերի ստեղծման ու դիմացկունությանն ուղղված համատեղ աշխատանքները կարևոր նշանակություն ունեն մեր երկրի տնտեսության համար, միաժամանակ կարևորում եմ թվային գյուղատնտեսության ընդլայնման անհրաժեշտությունը», – նշել է Գևորգ Պապոյանը։   Քննարկվել են Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակին, կլիմայի փոփոխությունների հետևանքով անտառների դիմակայունության խթանմանը, հարմարվողականության ընդլայնմանը, հողերի կայուն կառավարման խթանմանը և գյուղական շրջանների կանաչ զարգացմանը վերաբերող հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ։  
18:15 - 16 ապրիլի, 2024
Քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները. Գևորգ Պապոյանը ընդունել է Վասիլիս Մարագոսին

Քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները. Գևորգ Պապոյանը ընդունել է Վասիլիս Մարագոսին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը, ԵՄ-ի կողմից տրամադրվող ոլորտային ֆինանսական և տեխնիկական աջակցությանը, Արևելյան գործընկերության շրջանակներում երկկողմ և բազմակողմ համագործակցությանը, համատեղ իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) ներքո ամրագրված դրույթների իրականացմանը, «Հայկական կոնյակի» նոր անվանման վերաբրենդավորման և շուկայահանման գործընթացներին, ձեռներեցության ոլորտի աջակցության ծրագրերին, ԵՄ տեխնիկական աջակցության գործիքների (TAIEX, Twinning) կիրառմանը և այլ հարցերի։ Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ տնտեսության առաջնահերթ ուղղությունների, արտահանման խթանման ու դիվերսիֆիկացման, ներդրումների ներգրավման, կապիտալ շուկայի զարգացման, որակի ենթակառուցվածքների բարելավման, գյուղատնտեսության զարգացման և վերջինիս մասով ԵՄ-ի կողմից տրամադրվող աջակցության ծրագրերի ուղղությամբ։ Կարևորվել է ներկայումս ստեղծված նոր իրողությունների շրջանակներում ԵՄ-ի հետ փոխհարաբերությունների խորացման ՀՀ հանձնառությունը և պատրաստակամությունն առավել ակտիվ մասնակցություն ունենալու ԵՄ-ի կողմից իրականացվող և նախատեսվելիք տարածաշրջանային ծրագրերում։ Նախարարը հյուրերին ներկայացրել է նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:
11:32 - 15 ապրիլի, 2024
Էկոնոմիկայի նախարարը Իրանի դեսպանի հետ քննարկել է Հայաստանում իրանական ապրանքների առևտրի կենտրոնի բացման հարցը

Էկոնոմիկայի նախարարը Իրանի դեսպանի հետ քննարկել է Հայաստանում իրանական ապրանքների առևտրի կենտրոնի բացման հարցը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 9-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Ինչպես տեղեկանում ենք Էկոնոմիկայի նախարարությունից, քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական գործակցության ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ ապրանքների արտահանման և ներմուծման հետ կապված մի շարք հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման, տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ արտադրությունների կազմակերպման վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում իրանական ապրանքների առևտրի կենտրոնի բացմանը։ Գևորգ Պապոյանը պատրաստակամություն է հայտնել նախարարության իրավասությունների շրջանակներում աջակցել համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։    
12:50 - 10 ապրիլի, 2024
Կառավարությունը հաստատեց 2024 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը
 |armenpress.am|

Կառավարությունը հաստատեց 2024 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հաստատեց 2024 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը։ Կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նրա խոսքով՝ «Պետական ստանդարտացման 2024 թվականի ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ստանդարտների մշակման ծառայություններ» պետական ծրագրի շրջանակներում իրականացվող ստանդարտացման 2024 թվականի աշխատանքների դրույթով և ապահովում է ստանդարտացման բնագավառի զարգացումը: Նախարարը նշեց, որ ծրագրի շրջանակներում կատարվելիք աշխատանքների համար բյուջեով նախատեսվել է 14,1 միլիարդ։ «2024 թվականի ընթացքում նախատեսվում է մշակել 39 ազգային ստանդարտ։ Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը՝ նախատեսված է ծրագրի իրականացման վերաբերյալ եռամսյակային կտրվածքով հաշվետվողականություն՝ ապահովելով ստանդարտացման ազգային մարմնի կողմից ծրագրային բաղադրիչների կատարման նկատմամբ Էկոնոմիկային նախարարության մշտադիտարկումը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մշակել կամ վերանայել միջազգային և եվրոպական ստանդարտների ներդաշնակ այնպիսի ազգային ստանդարտներ, որոնք կնպաստեն տնտեսության կարևորագույն ոլորտներում ազգային ստանդարտների մշակմանը, մասնավորապես՝ տեխնոլոգիական բազայի արդիականացմանը և նորարարական ենթակառուցվածքի զարգացմանը՝ որպես թիրախ սահմանելով առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացումը, արտահանման ծավալների խթանումը, ինչպես նաև էներգախնայողության և էներգարդյունավետության, պարենային և ոչ պարենային արտադրանքի, տարածական տվյալների, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, բնապահպանության, ռազմաարդյունաբերության ոլորտներում աշխատանքի բարելավումը և արդյունավետության բարձրացումը՝ ապահովելով վերոգրյալ ոլորտներում նոր շուկաների ինտեգրվածությունը։ Միաժամանակ, ծրագրի ընդունման արդյունքում կիրականացվեն միջազգային, եվրոպական, միջպետական և ԵԱՏՄ ստանդարտացման աշխատանքներ, ինչպես ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ։
12:10 - 04 ապրիլի, 2024
Հայաստանի առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ աճել է առավել քան 21%-ով․ Էկոնոմիկայի նախարարը՝ Չինաստանի դեսպանին

Հայաստանի առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ աճել է առավել քան 21%-ով․ Էկոնոմիկայի նախարարը՝ Չինաստանի դեսպանին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 29-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոնգ Ֆանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ Հայաստանի առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ, 2023 թվականին ըստ ծագման երկրի հատկանիշի կազմել է 2127․1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է առավել քան 21%-ով։ Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ առկա են նախադրյալներ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու և այդ ցուցանիշներն ավելացնելու համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Գևորգ Պապոյանն առաջարկել է չինական ընկերություններին դիտարկել Հայաստանում իրականացվող տարբեր տնտեսական նախագծերում ներգրավվելու հնարավորությունը։ Նախարարը դեսպանին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները։
13:45 - 29 մարտի, 2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 11-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման սկզբում Գևորգ Պապոյանն ընդգծել է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացման կարևորությունը։ Այնուհետև կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել առաջիկայում Ղազախստանի նախագահի՝ Հայաստան նախատեսվող այցին։ Քննարկվել են նաև մի շարք հարցեր հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի, ինչպես նաև հայ-ղազախական գործարար համաժողովի անցկացման վերաբերյալ։ Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի առևտրաշրջանառությունը Ղազախստանի հետ, ըստ ծագման երկրի հատկանիշի, 2023 թվականին կազմել է 100․4 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2․4 անգամ։ Արտահանումը Հայաստանից Ղազախստան 2023 թվականին կազմել է 71․3 մլն․ ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3․8 անգամ։
19:00 - 11 մարտի, 2024
Էկոնոմիկայի նախարարության հետ կապված, և ոչ միայն, իրադրություններ ունենք, և պետք է շատ ուշադիր լինենք. Փաշինյանը ներկայացրել է նորանշանակ նախարարին

Էկոնոմիկայի նախարարության հետ կապված, և ոչ միայն, իրադրություններ ունենք, և պետք է շատ ուշադիր լինենք. Փաշինյանը ներկայացրել է նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանին: Վարչապետը շնորհավորել և հաջողություն է մաղթել Գևորգ Պապոյանին նոր կարգավիճակում գործունեության ընթացքում՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունում առկա տնտեսական ակտիվությունը և ձևավորված պոտենցիալի հետագա զարգացումը ռազմավարական նշանակություն ունեն Կառավարության համար: «Ես հրապարակային հայտարարել եմ իմ տեսակետը և շարունակում եմ մնալ այդ կարծիքին, որ Հայաստանի Հանրապետության պետական շահը Հայաստանի Հանրապետության զարգացումն է, իսկ զարգացում ասելով՝ նկատի է առնվում տնտեսական զարգացումը: Հասկանալի է, որ զարգացում ասելով նկատի ենք ունենում բոլոր ոլորտները՝ կրթություն, գիտություն և այդպես շարունակ, բայց դա, ի վերջո, արտահայտվում է, այն կարելի է շոշափել, տեսնել, հաշվել տնտեսական զարգացման տեսքով: Տնտեսական հետագա աճը, ՀՆԱ-ի աճը, բարձր աճ ապահովելը շատ կարևոր է, բայց մյուս կողմից էլ մարտահրավեր է: Վերջին տարիներին ասում ենք, որ 30 տոկոսով մեր տնտեսությունն աճել է, պետք է հասկանանք, որ ինչքան աճում է՝ դրա վրա նոր աճ ձևավորելն այդքան էլ բարդանում է: Եվ իհարկե, Էկոնոմիկայի դերն այստեղ շատ կարևոր է: Կարծում եմ, նաև լավ հնարավորություն է պարոն Պապոյանի համար, ով գործընթացներում ներգրավված է եղել խորհրդարանական ֆորմատով և խորհրդարանական հարթակից, ընդ որում՝ ղեկավարելով Ֆինանսավարկային և բյուջետային հարցերով հանձնաժողովը, տեղյակ լինելով հարցի այդ կողմին՝ լավ հնարավորություն է իրադրության վրա կոնկրետ ազդեցություն ունենալ այս մյուս կողմից»,- նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից Վահան Քերոբյանի պաշտոնանկությանը: «Պետք է ուղիղ ասեմ՝ շատ եմ ցավում, որ այս կադրային փոփոխությունը տեղի է ունենում բոլորիս հայտնի հանգամանքների բերումով: Ես կարող եմ գնահատանքի խոսքեր ասել Էկոնոմիկայի նախարարի կարգավիճակում Վահան Քերոբյանի աշխատանքի վերաբերյալ, բայց այս պահին չեմ ուզում որևէ մեկնաբանություն անել այն իմաստով, որ գիտեք՝ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պարոն Քերոբյանի պաշտոնանկությունը, բայց նաև պետք է ուշադիր լինենք, որ որևէ անմեղության կանխավարկած չխախտենք և որևէ ազդեցություն չունենանք նաև քննության արդյունքների վրա: Համոզված եմ, որ հարցի քննությունը կլինի լիարժեք օբյեկտիվ և մենք կունենանք հարցերի պատասխաններ: Ցավոք, Էկոնոմիկայի նախարարության հետ կապված, և ոչ միայն, մենք իրադրություններ ունենք և պետք է, հարգելի գործընկերներ, շատ ուշադիր լինենք»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ Կառավարության քաղաքական դիրքորոշումը հետևյալն է. «Բոլորս մեր առօրյա աշխատանքում ինչ-որ բաներ անում ենք ոչ կատարյալ, ինձնից սկսած՝ մնացածներով շարունակած: Գիծը, որը պետք է ուղենիշ լինի մեր անթերիությունը գնահատելու համար, հետևյալն է՝ արդյոք մենք պետական բյուջեի միջոցների նկատմամբ ոտնձգություն անում ենք, թե՝ ոչ: Սա կարևոր չափանիշ է: Մենք բոլորս հասկանում ենք, որ կան բազմաթիվ օբյեկտիվ խնդիրներ՝ սկսած պետական կառավարման համակարգում աշխատավարձերի վարձրատրման համակարգից, որին այդպես էլ չենք կարողանում համակարգային լուծում տալ և գնում ենք հատվածական լուծումների: Բայց դա կապ չունի թեմայի հետ, որովհետև օրենքի գերակայությունը մեզ համար բացարձակ առաջնահերթություն է: Նորից եմ ասում, չենք կարող հույս ունենալ, որ բոլորս մեր գործողությունների մեջ անթերի ենք, բայց նաև պետությանը և ժողովրդին պատկանող միջոցների ծախսման օրինականության հետ կապված պետք է լինենք առանձնահատուկ նախանձախնդիր»: Վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է Գևորգ Պապոյանին և հաջողություն մաղթել նրան ու նախարարությանը: «Էկոնոմիկայի նախարարությունը մեր նոր տեսլականի շրջանակներում ձևավորված նախարարություն է և այս ընթացքում ես չեմ առերեսվել իրավիճակի, որ ինքս իմ մեջ մտածեմ, որ այնուամենայնիվ, ճիշտ չէր նախարարությունների խոշորացման գնալը: Ընդհակառակը, մենք պետք է գնանք այն ճանապարհով, որ մի շարք գործառույթներ, բյուրոկրատական շատ ծանր պրոցեսներ թեթևացնենք, որ նախարարությունների գործն էլ քչանա, մարդկանց առնչությունները նախարարությունների հետ նույնպես քչանա, բայց քչանալ՝ չի նշանակում զրոյացվել, որովհետև ակնհայտ է՝ կան տեղեր և դեպքեր, որտեղ պետական կառավարումն իր անմիջական մասնակցությունը պետք է ապահովի»,- նշել է վարչապետը:Գևորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և քաղաքական թիմին՝ բարձր և շատ պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար: Նորանշանակ նախարարը հավաստիացրել է, որ նախարարություն է եկել՝ իրագործելու բոլոր այն ծրագրերը, գաղափարները և այն հանձնառությունները, որոնք ստացել են ժողովրդից: «Իսկ մեր ժողովուրդը մեզ գործուղել է այստեղ, որպեսզի մեր պետությունը դարձնենք ավելի հզոր, ավելի ամուր, ավելի կենսունակ, և այդ առումով, իհարկե, կարծում եմ, որ Էկոնոմիկայի նախարարության դերակատարումն առանցքային է, որովհետև այո, մի շարք խնդիրների լուծում հենց տնտեսության զարգացման մեջ է գտնվում: Եվ այդ առումով կցանկանայի, որ բոլորս, ով այս նախարարությունում աշխատում է՝ առավել ևս, վերաբերվենք մեր աշխատանքին՝ որպես ծառայություն մեր ժողովրդին և պետությանը, և որպես առաքելություն, որի շրջանակներում պետք է մեզնից հետո փոխանցենք շատ ավելի ամուր և շատ ավելի դիմակայուն պետություն: Եվ այս առումով, կարծում եմ, որ մենք արդեն իսկ մեր աշխատանքների վերաբերյալ որոշակի ուղենիշներ ունենք, որոնք տնտեսության մեջ որակական փոփոխություններն են, դա մեր տնտեսության դիվերսիֆիկացիան է և այլն: Դիվերսիֆիկացիայի մասին մեր պատկերացումները շատ հստակ են: Վերջնարդյունքը պետք է այնպիսին լինի, որ ինչպես մենք պետք է աշխարհի բոլոր անկյուններից կախված լինենք, այնպես էլ վերջնարդյունքում ինչ-որ մի պահի աշխարհի բոլոր անկյուններն էլ մեր չափով մեզնից կախված լինեն: Սա շատ կարևոր, միգուցե՝ ամբիցիոզ գաղափար է, բայց երևի աշխարհի երկրների ընտանիքում մեր ուրույն տեղն ու անելիքն ունենալու համար այլընտրանք գոյություն չունի: Այս առումով, կարծում եմ, որ մեր կառավարությունը մի շատ կարևոր քաղաքական հանձնառություն է որդեգրել՝ դա առաջնորդության գաղափարն է: Կարծում եմ, որ տնտեսական քաղաքականության մեջ նույնպես պետք է առաջնորդություն վերցնենք մեզ վրա: Ի՞նչ է դա նշանակում, դա նշանակում է, որ մենք ոչ թե պետք է արձագանքենք արդեն իսկ եղած երևույթներին և փորձենք դրանց հարմարվել կամ լուծումներ գտնել, այլ լինենք նախաձեռնող և ինքներս կանխատեսենք դրանք, ընդառաջ գնանք դրանց: Այդ դեպքում, թերևս հնարավոր բարդությունները չեն լինի կամ չեն լինի այն աստիճանի, որոնք կարող էին իներտության դեպքում դրսևորվել»,- ասել է Գևորգ Պապոյանը և գործընկերներին կոչ արել՝ մշտապես լինել պրոակտիվ, նոր գաղափարներ առաջարկել:
12:10 - 07 մարտի, 2024
Գևորգ Պապոյանը հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին
 |armenpress.am|

Գևորգ Պապոյանը հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին և անդրադարձել է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում իր նախատեսվող նշանակմանը։ Լրագրողների հետ ճեպազրույցում Պապոյանն ասաց, որ Էկոնոմիկայի նախարարությունն ամենամեծ կառույցներից մեկն է և շատ դժվար է լինելու։ «Մենք գործ ունենք տնտեսության հետ, մենք գործ ունենք տարբեր ոլորտների հետ, որտեղ բազմաթիվ խնդիրներ կան, նաև աշխարհաքաղաքական զարգացումների տեսանկյունից»,-ասաց Պապոյանը։ Նա նշեց, որ փետրվարի 26-ին պատգամավորական իր մանդատը վայր է դրել։ «Ինչպես գիտեք՝ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի ԱԺ պատգամավորին տալիս է 7-օրյա ժամկետ, ես այսօր մանդատս վայր եմ դրել։ Ենթադրում եմ, որ Ազգային ժողովի նախագահն այսօր համապատասխան հայտարարություն կանի։ Երբ մանդատս պաշտոնապես վայր դրած կլինեմ, բնականաբար, այդ պահից հետո հնարավոր կլինի նշանակումը կատարել»,-եզրափակեց Պապոյանը։ Փետրվարի 24-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը քննարկել և հավանության է արժանացրել Գևորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։ Գևորգ Պապոյանը Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է։ Փետրվարի 14-ին Վահան Քերոբյանը հայտնեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման մասին: Փետրվարի 15-ին հայտնի դարձավ, որ Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով՝ «Սիներջի» ընկերության հետ կապված գործով։ Փետրվարի 16-ին դատարանը որոշեց Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը:
15:48 - 26 փետրվարի, 2024
Էլի եմ կարծում, որ ԱԺ-ում անելիք ունեմ, բայց քաղաքական թիմն այսպես որոշեց․ ըստ Պապոյանի՝ նախարարի աշխատանքը գրավիչ չէ
 |news.am|

Էլի եմ կարծում, որ ԱԺ-ում անելիք ունեմ, բայց քաղաքական թիմն այսպես որոշեց․ ըստ Պապոյանի՝ նախարարի աշխատանքը գրավիչ չէ |news.am|

news.am: Այո, ես կրկնում եմ, որ ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնը պակաս կարեւոր չէ, շատ պատասխանատու պաշտոն է, շրունակում եմ պնդել, որ ԱԺ-ում ունեմ անելիք, բայց քաղաքական թիմը որոշել է, որ իմ պետական ծառայությունը, հանրային ծառայությունը պետք է կատարեմ որպես էկոնոմիկայի նախարար ու ես այդ որոշումը ընդունել եմ պատասխանատվությամբ եւ ի գիտություն: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: «Քննարկվել են մի քանի տարբերակներ, և քննարկման արդյունքում այդպիսի որոշում է կայացվել»,- ասաց նա՝ անդրադառնալով լրագրողների հարցին, թե իր թեկնածության վրա ստիպվա՞ծ են կանգ առել, որովհետև Բաբկեն Թունյանը հրաժարվել է, այլ թեկնածու էլ իշխանությունը չունի։ Արդյոք կադրային սո՞վ է պետական կառավարման համակարգում, որ ՀՀ ԱԺ ֆինանասավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին ստիպված տանում են էկոնոմիկայի նախարար. լրագրողի դիտարկմանը Պապոյանն արձագանքեց. «Եկեք անկեղծ լինենք, պետական կառավարման համակարգն իրականում գրավիչ չէ: Այն աշխատավարձը, որ ստանում է նախարարը, միջին կազմակերպության ղեկավարը կամ փոքր կազմակերպության միջինից մի փոքր բարձր մակարդակի մենեջերը նույնպես ստանում է այդպիսի աշխատավարձ: Ես նկատի չունեմ միայն նախարարին կամ վարչապետին, փորձագետից սկսած բոլորի համար պետական կառավարման համակարգը գրավիչ չէ: Եկեք գնանք 1000 խոշոր հարկատուների մեջ 400-րդ տեղում գտնվող կազմակերպության գործադիր տնօրենին հարցնենք, տեսնենք ինքը կգա կաշխատի՞ նախարար կամ փոխնախարար, թե՞ ոչ: Ընդ որում, հարցը միայն աշխատավարձը չէ, ամեն մարդ չէ, որ պատրաստ է, որ իրեն քննադատեն, քննարկեն, ոչ հաճելի հարցեր տան: Ես բազմաթիվ մարդկանց եմ ճանաչում, որ կարող են լինել լավ նախարար, լավ փոխնախարար, շատ լավ վարչության պետ, բայց իրենք չեն գա: Պատասխնատվությունը մեծ է»,-ասաց նա:
15:46 - 26 փետրվարի, 2024
Գևորգ Պապոյանը կնշանակվի էկոնոմիկայի նախարար․ ՔՊ-ն հավանություն է տվել նրա թեկնածությանը

Գևորգ Պապոյանը կնշանակվի էկոնոմիկայի նախարար․ ՔՊ-ն հավանություն է տվել նրա թեկնածությանը

Փետրվարի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են կուսակցությունից։ Վարչությունը քննարկել և հավանության է արժանացրել Գևորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։ Քննարկվել են մի շարք կուսակցական հարցեր։ Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանը նախարարի պաշտոնից հրաժարական էր տվել փետրվարի 14-ին։ Հրաժարականի լուրից հետո հայտնի դարձավ, որ Քերոբյանն անցնում է Էկոնոմիկայի նախարարության հետ առնչվող քրգործով, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի՝ «պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը», 2-րդ մասի 4-րդ կետով՝ «մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ»: Նրա նկատմամաբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը 2 ամսով։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Քերոբյանը դատարանի դահլիճում ասել էր, որ իրեն առաջարկել են հրաժարականի դիմում գրել, և այն առաջարկել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
15:57 - 24 փետրվարի, 2024
Հայաստանում Սահմանադրություն կփոխվի, եթե ժողովուրդն այդպես որոշի. Գևորգ Պապոյան
 |armenpress.am|

Հայաստանում Սահմանադրություն կփոխվի, եթե ժողովուրդն այդպես որոշի. Գևորգ Պապոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Սահմանադրությունը կփոխվի, եթե ժողովրդի մեծամասնությունն այդպես որոշի, Սահմանադրության փոփոխության մտադրությունը միայն Հայաստանի ներքին գործն է, կապված է ներքին հարցերի կազմակերպման, կարգավորման հետ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Անդրադառնալով Հայաստանի Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ Ադրբեջանի պահանջների վերաբերյալ հարցին՝ Պապոյանն ասաց. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը կփոխենք, թե ոչ, մեր ներքին գործն է: Սահմանադրությունը փոխելու շատ հստակ սուբյեկտներ կան, որոնք ինչ-որ դեպքերում կարող են այդ փոփոխություններն անել: Դա Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություն անելու կամ Սահմանադրությունը փոխելու իրավունք ունեցող սուբյեկտների և սահմանադրի՝ ժողովրդի որոշելիքն է: Եվ դա բացարձակապես կապված է Հայաստանի ներքին հարցերի կազմակերպման, կարգավորման հետ: Դա որևէ կերպ չի կարող կապ ունենալ որևէ երկրի պահանջների հետ, դա անթույլատրելի է, այդպես չի լինելու, վստահաբար ասում եմ»: Պատգամավորն ընդգծեց՝ եթե ՀՀ-ում կհավաքվի ընտրական իրավունք ունեցող մարդկանց նվազագույնը 25 տոկոսից ավելի զանգված, և նրանց քվեարկությունը 50 և ավելի տոկոսով կլինի կողմ, ապա Հայաստանում կփոխվի Սահմանադրություն: Եթե չի հավաքվի, ապա Սահմանադրություն չի փոխվի: «Սա նշանակում է, որ Հայաստանում Սահմանադրությունը փոխելու է ժողովուրդը: Եթե կլինի այնպիսի բան, որի հետ ժողովուրդը խնդիր ունի, կողմ չի քվեարկի»,-ասաց Պապոյանը: Պատգամավորը շատ էական հանգամանք համարեց այն, որ ՀՀ-ում 2018 թվականից հետո ընտրություններ չեն կեղծվել և չեն կեղծվելու: «Եթե այդ գործընթացը տեղի ունենա, պետք է հաշտ լինենք դրա հետ, եթե չընդունվի, կրկին պետք է հաշտ լինենք: Անթույլատրելի է, որ 1 քվե կեղծվի, չպետք է կեղծվի 1 քվե, ես ինքս պայքարելու եմ, որ որևէ քվե չկեղծվի»,- ասաց Պապոյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարին հայտարարել էր, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության: Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում:  Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի լինի, եթե Հայաստանը չփոխի իր Սահմանադրությունը։ Դրան ի պատասխան՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր, որ Սահմանադրությունը փոխելը Հայաստանի ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել Հայաստանի ներքին գործերին։
16:18 - 19 փետրվարի, 2024
«Չեմ կարող ասել, որոշողը ես չեմ». Գեւորգ Պապոյանը՝ իր՝ էնոկոնոմիկայի նախարար նշանակվելու մասին |news.am|

«Չեմ կարող ասել, որոշողը ես չեմ». Գեւորգ Պապոյանը՝ իր՝ էնոկոնոմիկայի նախարար նշանակվելու մասին |news.am|

news.am: Չեմ կարող ասել, որոշողը ես չեմ: Այսպես արձագանքեց ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Գեւորգ Պապոյանը՝ իր՝ էկոնոմիկայի նախարար նշանակվելու մասին խոսակցությունների վերաբերյալ: «Այս պահին նման որոշում, գոնե ես գիտեմ, որ չկա. կուսակցությունում չենք էլ քննարկել, բայց կքննարկենք»,-ասաց Պապոյանը: Նա նշեց, որ ինքը նախարար նշանակվելու առաջարկ չի ստացել. «Ես ԱԺ-ում եմ, աշխատում եմ, հանձնաժողովի նիստի ենք: ԱԺ հանձնաժողովի նախագահի աշխատանքը, վստահաբար, պակաս պատասխանատու չէ, քան նախարարի աշխատանքը: Եվ նույնիսկ ինձ ինչ-որ տեղ զարմացնում են այդ հարցադրումները: Իմկարծիքով դրանք նույն կարգի պատասխանատու եւ կարեւոր աշխատանքներ են»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը: Նշենք, որ փետրվարի 14-ին Վահան Քերոբյանը էկոնոմիկայի նախարարի պաշտոնից հրաժարական է տվել, որի հետո նրան մեղադրանք է առաջադրվել «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով։ Նրա նկատմամբ կիրառվել է երկամսյա«տնային կալանք»; Քերոբյանը մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։ Վահան Քերոբյանը հարցաքննվել է «Սիներջի»-ի գործի շրջանակներում, ինչից հետո նրան մեղադրանք է առաջադրվել, հարուցվել հանրային քրեական հետապնդում Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների մասով։ Հիշեցնենք նաև, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների շուրջ կոռուպցիոն սկանդալը սկսվեց հունվարի 31-ին։ Նախ Անի Իսպիրանն ազատվեց էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից։ Նույն օրը ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ կատարեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և ձերբակալեցին 7 անձանց։ Ըստ ՔԿ–ի` պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, և մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ և նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։ Մեկ այլ դրվագով` ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներից մեկի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ և իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, նրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, չնայած իմացել է, որ նրանց փաստաթղթերը ծրագրով սահմանված պահանջներին չեն համապատասխանում։ Արդյունքում էկոնոմիկայի նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների բանկային փոխանցման միջոցով անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 238.418.100 դրամ գումար, որը շահառուները խարդախությամբ հափշտակել են։ Իր վերջին ճեպազրույցներից մեկում Վահան Քերոբյանը բացառել էր, որ կոռուպցիոն սկանդալը կարող է առնչություն ունենալ իր հետ։ Արդեն նախկին նախարարն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
13:31 - 19 փետրվարի, 2024
Վերադարձվել է առաջին անթույլատրելի նվերը. նվերների ինստիտուտին առնչվող օրենսդրական փոփոխություններն արդեն գործում են

Վերադարձվել է առաջին անթույլատրելի նվերը. նվերների ինստիտուտին առնչվող օրենսդրական փոփոխություններն արդեն գործում են

2024 թվականի հունվարից արդեն գործում են «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված՝ հանրային ծառայողների ստացած նվերների ինստիտուտի կատարելագործմանն ուղղված փոփոխությունները: Նշված փոփոխությունների համաձայն՝ հանրային ծառայողին և հանրային պաշտոն զբաղեցնող անձին արգելվում է պաշտոնեական պարտականությունների հետ կապված որևէ նվեր ընդունել: Որպես ոլորտային քաղաքականություն մշակող մարմին` Արդարադատության նախարարությունն ստացել է արձանագրություն, ըստ որի` Ազգային Ժողովի ֆինանասավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժոովի նախագահ Գևորգ Պապոյանն օրերս X ընկերության կողմից ստացել է «Door» հայկական կոնյակ, որի թույլատրելիության հետ կապված պատգամավորի մոտ կասկած է առաջացել: Պապոյանն այդ նվերի թույլատրելիության հետ կապված դիմել է ԱԺ աշխատակազմի բարեվարքության հարցերով կազմակերպիչ Սոնա Տեպոյանին՝ խնդրելով այս հարցի շուրջ տրամադրել խորհրդատվություն: Ներկայացված խորհրդատվական կարծիքի համաձայն՝ նվերը համարվել է ոչ թույլատրելի: Խորհրդատվական կարծիք ստանալով՝ Գևորգ Պապոյանը նվերը բարեվարքության հարցերով կազմակերպչի միջոցով վերադարձրել է նվիրատուին: Հիշեցնենք, որ թույլատրելի են միայն օրենքով սահմանված չորս խումբ նվերները (արարողակարգային, պաշտոնական այցերի ժամանակ տրվող նվերներ, կրթաթոշակ և այլն): Ըստ օրենքի գործող կարգավորումների՝ եթե պաշտոնատար անձն ստացել է նվեր, որը ողջամտորեն կարող է ընկալվել որպես պաշտոնեական պարտականությունների հետ կապված, ապա պարտավոր է նվերի թույլատրելիության վերաբերյալ խորհրդատվական կարծիքի դիմել և խորհրդատվական կարծիքի համաձայն նվերը թույլատրելի չլինելու դեպքում այն վերադարձնել նվիրատուին կամ համարժեք հատուցում վճարել: Օրենքի նշված կարգավորումներն ուժի մեջ մտնելուց հետո արդեն գրանցվել է դեպք, երբ պաշտոնատար անձը, ստանալով ոչ թույլատրելի նվեր, բարեվարքության հարցերով կազմակերպչի խորհրդատվական կարծիքի հիման վրա այն վերադարձրել է նվիրատուին:
15:55 - 30 հունվարի, 2024