Գևորգ Պետրոսյան

ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, 2006 թվականից՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։

Ծնվել է 1972թ. սեպտեմբերի 4-ին Երեւանում:

1995թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 1998թ.՝ ԵՊՀ ասպիրանտուրան:

1988-1990թթ. եղել է «Մյասնիկյանի կանաչապատում» պետական ձեռնարկության բանվոր: 1990թ.՝ Երեւանի պետական բժշկական համալսարանի ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի ասիստենտ: 1996 թվականից դասավանդում է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:

1996-2001թթ. աշխատել է Երեւանի «Գրիգոր Զոհրապ» հավատարմագրված պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան: 2002-2005թթ.՝ Վանաձորի «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ: 2003թ. ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ է:

2004-2005թթ. եղել է Երեւանի Նոր-Նորք համայնքի ղեկավարի խորհրդական, ապա աշխատակազմի ղեկավար: 2005-2009թթ.՝ «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրենի իրավական հարցերով խորհրդական: 2007-2008թթ.՝ ՀՀ Վերահսկիչ պալատի իրավական վերահսկողության վարչության պետ:

2009թ. եղել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար: 2010-2017թթ.՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ մարդկային ռեսուրսների վարչության պետ: 2010 թվականից հանրային ծառայողների վերապատրաստման դասընթացների շրջանակում դասախոսություններ է վարել աշխատանքային իրավունքի եւ հանրային ծառայությունը կարգավորող օրենսդրության հարցերի շուրջ: 2014 թվականից դասավանդում է ՀՀ արդարադատության ակադեմիայում:

1998 թվականից ՀՀ իրավաբանների միության անդամ է: 2001 թվականից ծավալում է փաստաբանական գործունեություն (քաղաքացիական, վարչական, աշխատանքային եւ ընտանեկան գործերով դատական ներկայացուցչության): 2008-2015թթ. եղել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ: 

2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 1 ընտրատարածք, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ծառուկյան» խմբակցության անդամ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Պարեկների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու համար Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել

Պարեկների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու համար Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկներից ստացված հաղորդման առթիվ 2023թ. մարտի 12-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով  նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական և վարութային գործողությունների, այդ թվում նաև առգրավված՝ պարեկներին ամրակցված տեսախցիկների տեսագրությունների ուսումնասիրության արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2023թ. մարտի 12-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, Գ. Պետրոսյանը, չենթարկվելով պաշտոնատար անձինք հանդիսացող՝ ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկների օրինական պահանջներին, այդ կերպ միջամտելով վերջիններիս ծառայողական գործունեությանը։ Մասնավորապես, ոստիկանության աշխատակիցներին փաստաթղթերի ստուգումից  հրաժարվելուն, սթափության վիճակի զննություն չանցնելուն հարկադրելու նպատակով, նա սպառնացել է պարեկի նկատմամբ գործադրել նրա առողջությանը վնաս պատճառելու նպատակ հետապնդող բռնություն, ապա անտեսելով ավտոմեքենայից դուրս գալու իրեն ուղղված պահանջները, վարել է մեքենան և հեռացել նշված վայրից։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա վարույթն իրականացնող քննիչի կողմից հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել` Գ. Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Միջնորդությունը բավարարվել է և այսօր՝ մարտի 14-ին, վերջինիս ներկայացվել է մեղադրանք։ Գ. Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։  Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:04 - 14 մարտի, 2023
Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գեւորգ Պետրոսյանի մասնակցությամբ միջադեպից

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գեւորգ Պետրոսյանի մասնակցությամբ միջադեպից

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գեւորգ Պետրոսյանի մասնակցությամբ միջադեպից՝ կից մանրամասներ հայտնելով դեպքից․ «Մարտի 11-ին՝ ժամը 21:00-ի, սահմաններում, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները Աբովյան-Երևան ավտոճանապարհին նկատել են «Մերսեդես» մեքենա, որի վարորդը մեքենան վարել է անկանոն: Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում «Մերսեդեսի» վարորդը չի ենթարկվել պարեկների բարձրախոսով հնչեցրած «կանգ առ» օրինական պահանջին և շարունակել է մեքենան անկանոն վարել:Պարեկները հետապնդել են նրան, ինչի ընթացքում ևս մի քանի անգամ հնչեցրել են «կանգ առ» օրինական պահանջ: Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում մեքենան հարկադրաբար կանգնեցվել է: Վարորդը հնչեցրել է սպառնալիքներ և դիմել փախուստի: Շարունակելով հետապնդումը՝ պարեկները նույն փողոցում կրկին հարկադրաբար կանգնեցրել են մեքենան: Վարորդը հրաժարվել է ենթարկվել սթափության աստիճանի ստուգումից և սպառնացել է պարեկներին:Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ»: Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը՝ բռնության գործադրմամբ) նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ հիմնավոր կասկածի հիմքով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գևորգ Պետրոսյանը ազատ է արձակվել։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:00 - 13 մարտի, 2023
Նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ազատ է արձակվել

Նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ազատ է արձակվել

Նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ազատ է արձակվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա փաստաբան Րաֆֆի Ասլանյանը: «Գևորգ Պետրոսյանը քննիչի որոշմամբ ձերբակալումից ազատ արձակվեց, գոնե ինձ համար տեսանելի է, որ կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածը չի հաստատվում»,- գրել է նա։ Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը՝ բռնության գործադրմամբ) նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ հիմնավոր կասկածի հիմքով։ Ըստ ոստիկանության՝ Պետրոսյանը չէր ենթարկվել պարեկային ծառայության աշխատակիցների պահանջին:
09:12 - 13 մարտի, 2023
Գևորգ Պետրոսյանը չի ենթարկվել պարեկների պահանջին, հնչեցրել է սպառնալիքներ և դիմել փախուստի, մեքենան կանգնեցրել են հարկադրաբար․ ՆԳՆ պարզաբանումը

Գևորգ Պետրոսյանը չի ենթարկվել պարեկների պահանջին, հնչեցրել է սպառնալիքներ և դիմել փախուստի, մեքենան կանգնեցրել են հարկադրաբար․ ՆԳՆ պարզաբանումը

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին ձերբակալելու առնչությամբ։ «Մարտի 11-ին՝ ժամը 21:00-ի, սահմաններում, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները Աբովյան-Երևան ավտոճանապարհին նկատել են «Մերսեդես» մեքենա, որի վարորդը մեքենան վարել է անկանոն: Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում «Մերսեդեսի» վարորդը չի ենթարկվել պարեկների բարձրախոսով հնչեցրած «կանգ առ» օրինական պահանջին և շարունակել է մեքենան անկանոն վարել: Պարեկները հետապնդել են նրան, ինչի ընթացքում ևս մի քանի անգամ հնչեցրել են «կանգ առ» օրինական պահանջ: Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում մեքենան հարկադրաբար կանգնեցվել է: Վարորդը հնչեցրել է սպառնալիքներ և դիմել փախուստի: Շարունակելով հետապնդումը՝ պարեկները նույն փողոցում կրկին հարկադրաբար կանգնեցրել են մեքենան: Վարորդը հրաժարվել է ենթարկվել սթափության աստիճանի ստուգումից և սպառնացել է պարեկներին: Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
14:40 - 12 մարտի, 2023
Դատախազ Էդգար Պետրոսյանը, չենթարկվելով պարեկների հրահանգին, չի կանգնեցրել մեքենան․ նա բերման է ենթարկվել |armtimes.com|

Դատախազ Էդգար Պետրոսյանը, չենթարկվելով պարեկների հրահանգին, չի կանգնեցրել մեքենան․ նա բերման է ենթարկվել |armtimes.com|

armtimes.com: Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբայրը՝ դատախազ Էդգար Պետրոսյանը, բերման է ենթարկվել ոստիկանություն և ձերբակալվել: ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը հայտնեց, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Էդգար Պետրոսյանին պարեկները կանգնեցրել են Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի մոտ, սակայն վերջինս չենթարկվելով պարեկների հորդորին՝ մեքենան վարել է մինչև իր տուն: «Իր տունը գտնվում է Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասում: Այս թաղամասի տների մի հատվածը Կոտայքի տարածքի մեջ է մտնում, այդ պատճառով գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն: Գործը վարույթ է ընդունվել, ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազություն: Էդգար Պետրոսյանը ձերբակալված չէ»,- ասաց նա:  
12:53 - 08 հուլիսի, 2022
7-րդ գումարման ԱԺ խմբակցությունների օրենսդրական գործունեությունը

7-րդ գումարման ԱԺ խմբակցությունների օրենսդրական գործունեությունը

Նկարը՝ Iravaban.net-ի ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովը ձևավորվել էր 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում։ Այս խորհրդարանը գործունեություն ծավալեց 2 տարի 5 ամիս, և այս տարվա մայիսի 10-ին արձակվեց իրավունքի ուժով՝ Նիկոլ Փաշինյանին երկու անգամ վարչապետ չընտրելու մեթոդով, որպեսզի հունիսին տեղի ունենան խորհրդարանական արտահերթ նոր ընտրություններ։ 2 տարի 5 ամիս օրենսդիր մարմնում գործունեություն են ծավալել երեք խմբակցություններ՝ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան»։ Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում  Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ, մշակում, նաև փոփոխում է օրենքներ և այլն: Հետևաբար օրենսդիր մարմնում գործունեություն ծավալած երեք ուժերի աշխատանքի գնահատման մեթոդներից մեկն էլ նրանց ներկայացրած և ընդունած օրենսդրական նախագծերն են։ Օրենսդրական նախագծերի ուսումնասիրության համար հիմք է հանդիսացել Ազգային ժողովի պաշտոնական Parliament.am կայքը, որտեղ հրապարակվում են պատգամավորների ներկայացրած բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, որոնք դրվել են շրջանառության մեջ և դեռևս չեն քննարկվել, կամ ընդգրկվել են ԱԺ օրակարգում, բայց դեռ չեն ընդունվել, կամ էլ ընդունվել են ամբողջությամբ։ «Իմ քայլը» խմբակցություն Այսպես, 7-րդ գումարման խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունն ունի 81 պատգամավոր, որոնցից 15-ը այս գումարման Ազգային ժողովում չունեն ընդունված նախագծեր, իսկ նրանց մի մասը պարզապես չեն էլ ներկայացրել որևէ օրենսդրական նախագիծ։ Այս պատգամավորներից ոմանք միայն վերջերս են ստանձնել պատգամավորական մանդատը, սակայն կան նաև պատգամավորներ, որոնք արդեն 2 տարի 5 ամիս է՝ օրենսդիրում են։ Օրինակ՝ Մաթևոս Ասատրյանը խորհրդարանում 2 տարի 5 ամիս աշխատելու ընթացքում համահեղինակության կարգով նախաձեռնել է 2 օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ, սակայն դրանցից մեկը հեղինակը հետ է վերցրել, իսկ մյուսը հանվել է շրջանառությունից։ Այսինքն՝ պատգամավորը 7-րդ գումարման Ազգային ժողովում աշխատել է 2 օրենքի փոփոխության նախագծերի վրա, որոնք չեն ընդունվել։ Պատգամավոր Միքայել Զոլյանը 7-րդ գումարման Ազգային ժողովում չի ներկայացրել ոչ մի նախագիծ։ Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը չունի ո՛չ ընդունված, ո՛չ օրակագում ընդգրկված և ո՛չ էլ շրջանառության մեջ դրած նախագծեր։ Պատգամավոր Սեդրակ Թևոնյանը նույնպես 7-րդ գումարման Ազգային ժողովում որևէ նախագիծ չի ներկայացրել։ Վերջինիս որպես հանձնաժողովի անդամ ներգրավված է եղել «ՀՀ ցամաքային ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը և 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող և վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին» նախագծի կազմում։ Պատգամավոր Կնյազ Հասանովը Ազգային ժողովում քրդական համայնքը ներկայացնող պատգամավոր է։ Վերջինս այս 2,5 տարիների ընթացքում Ազգային ժողովին չի ներկայացրել և չի համահեղինակել որևէ օրենսդրական նախագիծ։ Պատգամավոր Սասուն Միքայելյանը 7-րդ գումարման Ազգային ժողովում չի ներկայացրել որևէ օրենսդրական նախագիծ։ Վերջինիս ներգրավված է եղել մետաղական հանքարդյունաբերության վերաբերյալ քննիչ հանձնաժողովի աշխատանքներում։ Պատգամավոր Արտաշես Թևոսյանը մանդատը ստանձնել է խորհրդարանի ձևավորման հենց սկզբից։ Վերջինս այս 2,5 տարիների ընթացքում ներկայացրել է միայն մեկ նախագիծ, սակայն հետագայում հետ է կանչել այն։ Պատգամավորը չունի ընդունված ոչ մի նախագիծ, սակայն մեկ նախագիծ ընդգրկված է օրակարգում, որն ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Սա վերջին 2,5 տարիների ընթացքում միակ նախագիծն է, որը դեռևս ամբողջությամբ ընդունված չէ։  Արման Եղոյանը չունի ընդունված օրենսդրական նախագիծ։ Վերջինս մի քանի օրենսդրական նախագծերի համահեղինակ է եղել, որոնք, սակայն, հեղինակը հետ է կանչել։ Նախագծերից մեկը, որի համահեղինակ է եղել Արման Եղոյանը, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին է․ նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ, որից հետո հեղինակը նախագիծը հետ է վերցրել։ Մեկ այլ նախագիծ էլ ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին է, որը նույնպես առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հետ է վերցվել։ Այս նախագիծը նորից ներկայացվել է ԱԺ․ ընդունվել առաջին ընթերցմամբ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծում Եղոյանը նույնպես ներառված է եղել․ այս դեպքում էլ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հեղինակը նախագիծը հետ է վերցրել։ Երկրորդ անգամ ներկայացվել է ԱԺ և ընդունվել առաջին ընթերցմամբ։ Կինեմատոգրաֆիայի մասին մշակված նախագիծը արժանացել է նույն ճակատագրին, ինչ նախորդ երեք նախագծերը։ Այս անգամ ևս ներկայացվել է ԱԺ և ընդունվել առաջին ընթերցմամբ։ Այսինքն՝ այս պահին Եղոյանը օրակարգում ընդգրկված 3 նախագծերի համահեղինակ է։ Նարեկ Ղահրամանյանը պատգամավորական մանդատը ստանձնել է 2020 թվականի սեպտեմբերի 23-ին, որից օրեր անց սկսվեց 44-օրյա պատերազմը։ Սա կարող է պատճառ լինել օրենսդրական բնականոն գործունեության խաթարման, բայց, այնուամենայնիվ, պատգամավորը դեռևս չունի ընդունված օրենսդրական նախագծեր։ Սակայն նա համահեղինակ է օրենսդրական 2 նախագծի, որոնք ընգրկված են օրակարգում, իսկ մեկ նախագիծ էլ դեռ օրակարգում չէ։ Նախագծերից մեկը վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին է, մյուսը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Պատգամավորը նույն օրենսգրքում մեկ այլ փոփոխություն էլ է նախաձեռնել, որը շրջանառության մեջ է։ Պատգամավորներ Գոռ Երանյանը և Կարապետ Մխչյանը պատգամավորական մանդատ են ստանձնել համապատասխանաբար 2020 թվականի հոկտեմբերի 1-ին և 13-ին, սակայն նրանցից մեկն ընդհանրապես չունի նեկայացրած նախաձեռնություն, մյուսն ունի ներկայացրած, սակայն դեռ չեն ընդունվել։ Մասնավորապես Գոռ Երանյանը ընդհանրապես չունի ներկայացրած նախագիծ։ Կարապետ Մխչյանը օրենսդրական երկու [1,2] նախագծերի մշակման աշխատանքներում մասնակցություն է ունեցել, որոնք, սակայն, հեղինակը հետ է վերցրել։ Երկու նախագծերն էլ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին են։ Պատգամավոր Հայկ Ցիրունյանը մանդատը ստանձնել է 2020 թվականի նոյեմբերի 27-ին։ Պատգամավորը համահեղինակ է երկու նախագծերի, որոնք այժմ ընդգրկված են օրակարգում։ Դրանցից մեկը «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին է, մյուսը՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին։ Պատգամավորը մինչ օրս չունի ընդունված օրենսդրական նախագիծ։ Պատգամավորներ Նարեկ Գրիգորյանը, Կարեն Գրիգորյանը և Հակոբ Ասլանյանը պատգամավորական մանդատը ստանձնել են համապատասխանաբար 2020 թվականի դեկտեմբերի 4-ին, 14-ին և 24-ին։ Մանդատը ստանձնելուց ի վեր Նարեկ Գրիգորյանը չի ներկայացրել և համահեղինակության կարգով ներգրավված չի եղել որևէ օրենսդրական նախագծում։ Կարեն Գրիգորյանը մասնակցություն ունի 2 օրենսդրական նախագծում, որոնք հեղինակը հետ է վերցրել։ Նախագծերից երկուսն էլ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին են։ Երկուսի դեպքում էլ նախատեսված են եղել գրեթե նույն փոփոխություններ, սակայն ինչ-ինչ պատճառներով երկու անգամ էլ հեղինակը նախագիծը հետ է վերցրել։ Հակոբ Ասլանյանը պատգամավորական մանդատը ստանձնելուց հետո մինչ օրս չի համահեղինակել և չունի որևէ ներկայացրած նախագիծ։  Պատգամավորներ Էմմա Պալյանը և Վահագն Ալեքսանյանը մանդատը ստանձնել են համապատասխանաբար 2021 թվականի մարտի 22-ին և ապրիլի 6-ին։ Վերջիններս նույնպես օրենսդրական նախագծեր չեն հեղինակել կամ համահեղինակել։ Կան պատգամավորներ, որոնք ընդունված միայն մեկ օրենսդրական նախագիծ ունեն, սակայն նրանցից շատերինը նույն օրենսդրական նախագիծն է, որը մշակվել է շուրջ 55 պատգամավորների համատեղ ջանքերով։ Այսպես՝ պատգամավորներ Սոս Ավետիսյանը, Արման Բոշյանը, Մերի Գալստյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Հովհաննես Իգիթյանը, Արեն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հայկ Սարգսյանը և Լիլիթ Ստեփանյանը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ օրենքի նախագծի համահեղինակ են։ Այս շարքի պատգամավորներից Սոս Ավետիսյանը, Արման Բոշյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Հովհաննես Իգիթյանը և Արեն Մկրտչյանը չունեն հեղինակած կամ համահեղինակած օրենսդրական նախագծեր։ Վերջիններս չունեն նույնիսկ ներկայացրած օրենսդրական նախագծեր, բացի այս մեկից, որի կազմում իրենք նույնպես ընդգրկված են եղել։ Սերգեյ Մովսիսյանը համահեղինակ է 2 օրենսդրական նախագծի, որոնք դրվել են շրջանառության, սակայն դեռ չեն ընդգրկվել օրակարգում։ Հայկ Սարգսյանը 7-րդ գումարման ԱԺ-ում ներկայացրել է 4 նախագիծ, սակայն բոլորի դեպքում էլ հեղինակը ընթացքից հետ է վերցրել։ Սարգսյանն այս պահին ունի 1 նախագիծ, որը դրվել է շրջանառության, սակայն դեռ ընգրկված չէ օրակարգում։ Մերի Գալստյանը ներկայացված է եղել 15 օրենսդրական նախագծերում․ բոլորի դեպքում հեղինակը ընթացքից հետ է վերցրել նախագիծը։ Այժմ պատգամավորը ներկայացված է 3 նախագծում, որոնք դրվել են շրջանառության, բայց դեռ ընդգրկված չեն օրակարգում։ Պատգամավոր Լիլիթ Ստեփանյան 1 նախագծի հեղինակ է, սակայն ընթացքում այն հետ է վերցրել։ Այժմ կան 6 նախագծեր, որոնք շրջանառության մեջ են, սակայն դեռ օրակարգում չեն ընդգրկվել։ Պատգամավորներ Ալեքսանդր Ավետիսյանը, Տաթևիկ Գասպարյանը և Արթուր Մանուկյանը համահեղինակ են ընդունված միայն մեկ օրենսդրական նախագծի՝ ««Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին»։ Սակայն, բացի այս երեք պատգամավորներից, նախագծի համահեղինակ են ևս 35 պատգամավորներ։ Այս պատգամավորներից Ալեքսանդր Ավետիսյանը և Տաթևիկ Գասպարյանը բացի այս նախագծում ներգրավված լինելուց, չեն ներկայացրել որևէ այլ օրենսդրական նախագիծ։ Արթուր Մանուկյանը ներգրավված է 2 օրենսդրական նախագրեծում, որոնք ընդգրկված են օրակարգում։ 1 օրենսդրական նախագծի համահեղինակ է նաև պատգամավոր Կարեն Համբարձումյանը։ Բացի այս մեկ ընդունված օրենսդրական նախագծից, պատգամավորը ներգրավված չի եղել որևէ այլ օրենսդրական նախագծում։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն Ընդդիմադիր ուժերի պարագան մի փոքր այլ է։ Վերջիններս հնարավոր է չունենան ընդունված օրենսդրական նախագծեր իշխանության ներկայացուցիչների՝ խորհրդարանում մեծ թվով ներկայացված լինելու պատճառով։ Այսինքն՝ լինում են դեպքեր, երբ ընդդիմության ներկայացրած օրենսդրական նախագծերը չեն ընդունվում իշխանության ներկայացուցիչների դեմ քվեարկելու պատճառով, ինչը սովորաբար չի լինում «Իմ քայլի» ներկայացրած նախագծերի պարագայում։ Այնուամենայնիվ ստորև ներկայացնում ենք այս խմբակցության պատգամավորների ներկայացրած, ընդունված և չընդունված նախագծերի մի մասի վերաբերյալ ամփոփ տվյալներ։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Նորա Առուստամյանը, Վարդևան Գրիգորյանը, Վարդան Ղուկասյանը, Կարինե Պողոսյանը և Սողոմոն Սողոմոնյանը 7-րդ գումարման Ազգային ժողովում ունեն ընդունված միայն մեկ օրենսդրական նախագիծ, սակայն այս նախագծի վրա համահեղինակության կարգով աշխատել են շուրջ 38 պատգամավորներ, որոնց թվում էին նաև հիշյալ անձինք։ Նախագիծը COVID 19-ի տարածումը կանխելու, կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին է։ Վերոնշյալ պատգամավորներից Գագիկ Ծառուկյանը և Սողոմոն Սողոմոնյանը բացի այս ընդունված նախագծիչ չեն ներկայացրել որևէ այլ նախագիծ։ Պատգամավոր Նորա Առուստամյանը ներկայացրել է 2 օրենսդրական նախագիծ, սակայն դրանք մերժվել են։ Վերջինս ունի նաև օրակարգում ընդգրկված 1 նախագիծ։ Վարդևան Գրիգորյանը համահեղինակել է 5 նախագիծ, որոնցից 1-ը մերժվել է, 4-ը  հետ է վերցվել։ պատգամավոր Կարինե Պողոսյան ներկայացված է 2 օրեսնդրական նախագծում, որոնք սակայն հետ են վերցվել։ Պատգամավորներ Արայիկ Աղաբաբյանը, Քաջիկ Գևորգյանը, Ջանիբեկ Հայրապետյանը, Հրանտ Մադաթյանը, Տիգրան Ստեփանյանը, Վարդան Վարդանյանը և Իվետա Տոնոյանն ունեն ընդունված 2 օրենսդրական նախագիծ, որից մեկը հիշյալ նախագիծն է։ Այս պատգամավորներից Արայիկ Աղաբաբյանը, Տիգրան Ստեփանյանը և Վարդան Վարդանյանը չունեն ներկայացրած օրենսդրական այլ նախագծեր։ Քաջիկ Գևորգյան համահեղինակ է մի նախագծի, որը դրվել է շրջանառության, սական ընդգրված չէ օրակարգում։ Ջանիբեկ Հայրապետյանը ներկայացրել է 5 օրենսդրական նախագիծ, որոնցից 3-ը հեղինակը հետ է վերցրել, 2-ը՝ մերժվել։ Հրանտ Մադաթյան ներկայացված է 10 օրենսդրական նախագծում, որոնցից 9-ը հետ է վերցվել, 1-ը՝ մերժվել։ Իվետա Տոնոյանը ներկայացրել է 4 օրենսդրական նախագիծ, որոնցից 3-ը հետ է վերցվել, 1-ը՝ մերժվել։ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն Ինչպես արդեն նշեցինք ընդդիմադիր պատգամավորների պարագայում մի փոքր այլ է։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մի քանի անգամ ասել է, որ իրենց խմբակցության ներկայացրած նախագծերը իշխանության ներկայացուցիչները չեն ընդունում՝ դեմ քվեարկելով, որից հետո, ամիսներ անց, որոշակի փոփոխության ենթարկելով իրենց անվան տակ ներկայացնում են նույն նախագծերը և ընդունում։ Հետևաբար ընդդիմադիր պատգամավորների մոտ հաճախակի են դեպքերը, երբ ներկայացվել են նախագծեր, որոնք չեն ընդունվել։ Այսպես, օրինակ, պատգամավորներ Հրանտ Այվազյանը, Սրբուհի Գրիգորյանը, Սարիկ Մինասյանը և Ստեփան Ստեփանյանը չունեն ընդունված օրենսդրական նախագծեր։ Սակայն վերջիններս ունեն ներկայացրած նախագծեր, որոնց մի մասը հենց հեղինակներն են հետ կանչել, մի մասն էլ մերժվել է։ Նշված պատգամավորներից Հրանտ Այվազյանը և Ստեփան Ստեփանյանը չունեն ներկայացված օրենսդրական այլ նախագծեր։ Սրբուհի Գրիգորյանը ներկայացրել է 4 նախագիծ, որոնցից 2-ը հետ է վերցվել, 2-ը՝ մերժվել։ Սարիկ Մինասյանը ներկայացրել է 1 նախագիծ, որը հետագայում հետ է վերցրել։ Սարգիս Ալեքսանյանը, Գուրգեն Բաղդասարյանը, Արմեն Եղիազարյանը, Աննա Կոստանյանը, Անի Սամսոնյանը, Կարեն Սիմոնյանը, Տարոն Սիմոնյանը և Ռուբիկ Ստեփանյանն ունեն միայն մեկ ընդունված օրենսդրական նախագիծ, որը այն նույն նախագիծն է, որի մասին արդեն խոսեցինք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների գործունեությունը ներկայացնելիս։ Այս պատգամավորներից Սարգիս Ալեքսանյանը, Արմեն Եղիազարյանը, Անի Սամսոնյանը, Կարեն Սիմոնյանը, Տարոն Սիմոնյանը, Գուրգեն Բաղդասարյանը և Ռուբիկ Ստեփանյանը չունեն ներկայացրած օրենսդրական այլ նախագծեր, բացի վերոնշյալից։ Պատգամավոր Աննա Կոստանյան ներկայացրել է 8 օրենսդրական նախագիծ, որոնցից 5-ը հեղինակը հետ է վերցրել, 3-ը՝ մերժվել է։ Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հիմնականում նախաձեռնությունները ներկայացնում է խմբակցության և ոչ անհատ պատգամավորների անունից։ Ընդհանուր առմամբ խմբակցությունը ներկայացրել է մի շարք օրենսդրական նախագծեր, որոնցից ընդունվել են 39-ը։  Խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ 7-րդ գումարման խորհրդարանում կան 3 խմբակցություններում չընդգրկված 9 պատգամավորներ։ Նրանցից Աննա Գրիգորյանը և Թագուհի Թովմասյանը համահեղինակել են միայն 1 օրենսդրական նախագիծ։ Այս նախագծի համահեղինակ է նաև մեկ այլ անկախ պատգամավոր՝ Վարդան Աթաբեկյանը։ Վերջինս համահեղինակել է նաև մեկ այլ օրենսդրական նախագիծ։ Աննա Գրիգորյանը բացի այս նախագծից համահեղինակության կարգով ընդգրկված է նաև երկու այլ նախագծերում, որոնք դրվել են շրջանառության, սական դեռ չեն մտել օրակարգ։ Թագուհի Թովմասյանը ներկայացրել է 4 այլ նախագիծ, որոնք դրվել են շրջանառության, սակայն ընդգրկված չեն օրակարգում։ Պատգամավոր Վարդան Աթաբեկյանը, բացի 2 ընդունված օրենսդրական նախագծերից, համահեղինակել է մեկ օրենսդրական նախագիծ, որը հետագայում հեղինակը հետ է վերցրել 2 ընդունված օրենսդրական նախագիծ ներկայացնողների շարքում են նաև անկախ պատգամավորներ Գոռ Գևորգյանը, Տիգրան Ուրիխանյանը և Գևորգ Պետրոսյանը։ Գոռ Գևորգյանը, բացի 2 ընդունված նախագծերից, ներկայացրել է նաև 1 այլ նախագիծ, որը դրվել է շրջանառության մեջ, սակայն դեռևս ընդգրկված չէ օրակարգում։ Տիգրան Ուրիխանյանը և Գևորգ Պետրոսյանը ներկայացրել են մի շարք օրենսդրական նախագծեր, որոնց մի մասը հեղինակներն են հետ վերցրել, մի մասն էլ մերժվել է խորհրդարանի կողմից։ Ընդհանուր պատկերը դիտարկելիս տեսնում ենք, որ իշխանության ներկայացուցիչների՝ խորհրդարանին ներկայացված օրենսդրական նախագծերը հիմնականում ընդունվել են առանց խնդիրների, իսկ ընդդիմության ներկայացրած նախագծերի պարագայում կան մերժված շատ նախագծեր։ Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներից ոմանք չեն ներկայացրել և չունեն գեթ մեկ ներկայացված օրենսդրական նախագիծ, ոմանք էլ ունեն ներկայացված նախագծեր, սակայն միայն մեկ կամ երկուսն են ընդունվել խորհրդարանի կողմից։ Քանի որ օրենսդիր մարմնի գործառույթներից մեկն էլ օրենքներ մշակել, լրացնել և հեղինակելն է, հետևաբար, սա ակնառու ապացույց է, որի միջոցով էլ կարող ենք պատկերացում կազմել օրենսդիր մարմնում գործունեություն ծավալած պատգամավորների աշխատանքի մասին՝ այս խորհրդարանի արձակման պահին և նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին։ Նարեկ Մարտիրոսյան
15:40 - 21 մայիսի, 2021
Գևորգ Պետրոսյանը դուրս կգա քաղաքականությունից

Գևորգ Պետրոսյանը դուրս կգա քաղաքականությունից

ՀՀ ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Գևորգ Պետրոսյանը յոթերորդ գումարման ԱԺ-ի լիազորությունների ավարտից հետո դադարեցնելու է քաղաքական գործունեությունը: Այս մասին Պետրոսյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Այլևս նպատակահարմար չեմ համարում քաղաքական ակտիվ գործունեությունս և իրազեկում եմ, որ Ազգային ժողովի լիազորությունների ավարտից հետո դադարեցնելու եմ քաղաքական գործունեությունս՝ իհարկե՝ պահպանելով կարծիք արտահայտելու սահմանադրական իրավունքս....»,-նշել է Պետրոսյանը: Նա հավելել է, որ մերժելով երկրի համար օրհասական պահին նեղ քաղաքական պահանջմունքներին հագուրդ տալու մոտեցումը՝ գերադասում է աշխատուժը տնօրինել գիտության ու իրավապաշտպան գործունեության ոլորտներում: Պետրոսյանը նշել է, որ հաշվի է առնում  երկրում քաղաքական առողջ մթնոլորտի բացակայության փաստը, ընդդիմության անվճռական ու անդեմ կեցվածքը:
17:47 - 19 մայիսի, 2021
ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Գևորգ Պետրոսյանի հեղինակած, Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը |tert.am|

ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Գևորգ Պետրոսյանի հեղինակած, Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը |tert.am|

tert.am: Ազգային ժողովն այսօր օրակարգ չընդգրկեց ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հեղինակած Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: «Այսօր բարձրաստիճան պաշտոնյաներ ամոթագրպանած ելնում և ժողովրդին սխալ տեղեկատվություն են մատուցում և Քրեական օրենսգրքում պատժատեսակ նախատեսելը նպատակ ունի կանխել նման ստախոսների գործունեությունը»,- ասաց Գևորգ Պետրոսյանը: Նա, թեև օրինակ բերեց, սակայն շեշտեց, որ նախագիծը չպետք է համարվի մեկ անձի համար կարվող նախագիծ: «Խոսքը Պաշտպանության նախարարության լիազորված անձ Արծրուն Հովհաննիսյանի մասին է, որը 43 օր խաբեց, ասեց՝ հաղթելու ենք ու հանկարծ վերջին օրով պարզվեց, որ պարտվում ենք, ի՞նչ հաղթանակ: Նման ապատեղեկատվություն տարածողները պետք է պատժվեն»,- ասաց նա: Պատգամավորն ասաց, որ նախագիծը ստացել է Կառավարության բացասական եզրակացությունը: Ինչ վերաբերում է այն հիմնավորմանը, թե հասկացությունն անորոշ է, Գևորգ Պետրոսյանն օրինակ բերեց, որ անառակաբարո գործողությունները ևս մեկնաբանված չեն Քրեական օրենսգրքում, չկա կյանք հասկացությունը, բայց կան կյանքի դեմ ուղղված հանցագործություններ:
11:08 - 04 մայիսի, 2021
Ռազմական դրությունը վերացնելուն «դեմ» քվեարկողը Գեւորգ Պետրոսյանն է. պատգամավորն ասել է «դեմ» լինելու պատճառը |armtimes.com|

Ռազմական դրությունը վերացնելուն «դեմ» քվեարկողը Գեւորգ Պետրոսյանն է. պատգամավորն ասել է «դեմ» լինելու պատճառը |armtimes.com|

armtimes.com: Այսօր ԱԺ-ում 118 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց ռազմական դրությունը վերացնելու մասին նախագիծը: 1 «դեմ»-ը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից վերջերս դուրս եկած Գեւորգ Պետրոսյանն է:  Լրագրողները, այսօր ԱԺ-ում նրան հիշեցնելով իր նախկին ելույթները, որոնցում քննադատում էր ռազմական դրության ռեժիմն այսքան երկար պահելը, հետաքրքրվեցին, թե ինչու է դեմ քվեարկել:   «Շատ պարզ պատճառով եմ դեմ քվեարկել, որովհետև այն ժամանակ, երբ ՀՀ-ում ռազմական դրություն սահմանվեց, դրա հիմքերը չկային, հիմա, երբ Հայաստանի գլխին պատերազմի վտանգ է կախված, վերացնում են ռազմական դրությունը, դրա համար էլ դեմ եմ քվեարկել: Տարբերվելու կամ անհարկի հակադրվելու որևէ խնդիր չկա»,- պատասխանեց Պետրոսյանը՝ հավելելով. «Չգիտեմ, թե որ ելույթում եմ ասել, ինչ ելույթ է եղել, հետաքրքիր կլինի, որ ինձ հիշեցնեք, բայց այն պահից, երբ սկսել է ՀՀ-ի սահմաններին վտանգ սպառնալ, ես ասել եմ, որ մեր իշխանության ուշադրությունը պետք է սևեռվի այդ ուղղության վրա»:
13:06 - 24 մարտի, 2021
Պատվին և արժանապատվությանը հասցված վնասի հատուցման վարույթները կարող են քննվել արագացված ընթացակարգով |hetq.am|

Պատվին և արժանապատվությանը հասցված վնասի հատուցման վարույթները կարող են քննվել արագացված ընթացակարգով |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկում է պատվի, արժանապատվության կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վարույթն ընդգրկել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Հատուկ հայցային վարույթներ» ենթաբաժնում: Այն հնարավորություն կտա նման գործերը քննել հնարավորինս սեղմ ժամկետում: Ըստ  նախագծի՝ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հայցերը առաջին ատյանի դատարանում քննվում և լուծվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո երկամսյա ժամկետում: Վերաքննիչ դատարանը եզրափակիչ դատական ակտի դեմ ներկայացված բողոքը քննում և որոշում է կայացնում բողոքը վարույթ ընդունելուց հետո երկամսյա ժամկետում: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում: Ըստ նախագծի հեղինակի՝ անձի պատվի և արժանապատվության պաշտպանությունը պետք է իրականացվի խելամիտ ժամկետներում՝ որպես այդ իրավունքների արդյունավետ պաշտպանության երաշխիք: Իսկ գործող կարգավորումը չի նպաստում նման պահանջների արագ քննությանն ու լուծմանը, ինչի հետևանքով գրեթե վերանում է հիշյալ պահանջներով դատական հայցեր ներկայացնելու և խախտված իրավունքը պաշտպանելու անձի մտադրությունը: «Երբեմն տարիներով ձգձգվող դատավարությունների արդյունքում, փաստորեն, հնչեցված զրպարտության կամ վիրավորանքի տեքստը շրջանառվում է զանգվածային լրատվության միջոցներով, և անձը ստիպված է լինում պարբերաբար լսել իր պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող հայտարարությունները, նյութերը, հրապարակումները և տևական ժամանակ մնալ դրանց հոգեբանական ազդեցության ներքո: Փաստորեն, գործող օրենքով նախատեսված ժամկետները չեն նպաստում խախտված արժանապատվության արդյունավետ պաշտպանությանը»,- նշվում է նախագծում: Ավելին՝ hetq.am-ում
15:44 - 08 մարտի, 2021
Ոչ մի տարաձայնություն չի եղել, Գագիկ Ծառուկյանի և ինձ համար հասկանալի չէր Գևորգ Պետրոսյանի դուրս գալը․ Արման Աբովյան |tert.am|

Ոչ մի տարաձայնություն չի եղել, Գագիկ Ծառուկյանի և ինձ համար հասկանալի չէր Գևորգ Պետրոսյանի դուրս գալը․ Արման Աբովյան |tert.am|

tert.am: Ոչ մի տարաձայնություն, ոչ մի ինչ-որ անհարթություն չի եղել, ամեն ինչ նորմալ էր, դա պարոն Պետրոսյանի սուվերեն որոշումն է։ Այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով Գևորգ Պետրոսյանի՝ խմբակցությունից դուրս գալուն։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում արված հայտարարությամբ հայտնել էր, որ դուրս է գալիս խմբակցությունից:   «Ինձ համար դժվար է մեկնաբանել, կարող եմ ավելացնել, որ պարոն Պետրոսյանը պարոն Ծառուկյանի մոտ միշտ ունեցել է շատ բարձր հարգանք, շատ լավ վերաբերմունք, այստեղ էլ ոչ մի խնդիր չկա»,–ասաց Արման Աբովյանը։ Հարցին՝ հասկանալի՞ էր նրա դուրս գալը Գագիկ Ծառուկյանի համար, Արման Աբովյանը պատասխանեց՝ ոչ։ «Ճիշտն ասած, ինձ համար էլ հասկանալի չէ»,–ասաց նա և նշեց, որ առայժմ չի շփվել Գևորգ Պետրոսյանի հետ։ Անդրադառնալով դիտարկմանը, որ գուցե Գևորգ Պետրոսյանը ցանկություն հայտնել է ավելի կտրուկ գործողությունների գնալու և անհամաձայնություն է եղել, խմբակցության քարտուղարն ասաց․ «Եթե ուշադրություն դարձնեք մեր խմբակցության ելույթներին, մենք մեր դիրքերից չենք նահանջել և մեր ելույթները, գործունեություները ոչ մի կերպ չի փոխվել, այստեղ մեկնաբանությունը, կարծում եմ, որ ավելի լավ կլինի իրենից ստանաք»։
12:25 - 17 փետրվարի, 2021
Գևորգ Պետրոսյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից

Գևորգ Պետրոսյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր  էջում  գրել է, որ դուրս է գալիս խմբակցությունից։  «Քաղաքական հայտարարություն Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի» 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 9-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով՝ սույնով հայտարարում եմ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին: Անկեղծ ասած՝ մեծ դժվարությամբ եմ կայացրել այս որոշումը: Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ առաջնային մանդատ կրող պաշտոնյայի թիվ մեկ առաքելությունը ցանկացած իրավիճակում երկրի ու ժողովրդի համար գերկարևոր խնդիրներին առավելագույնս արագ և համարժեք արձագանքելու պարտականությունն է, այլ ոչ թե անձնական զգուշավորության մասին հոգածությունը, ինձ համար անընդունելի է հստակ քայլեր կատարելու հարցերում հապաղումը, ինչը պայմանավորված է խմբակցությանն անդամակցության հանգամանքով: Երկրում արդեն տևական ժամանակ սկիզբ առած ակնհայտ անօրինական հետապնդումներին ու ապօրինություններին ճիշտ ժամանակին հստակ քաղաքական գնահատականներ տալու վճռականության պակասն ինձ համար անընդունելի մոտեցում է, իսկ երբ ես լրացրել եմ այդ պակասը և իրերն անվանել եմ իրենց անուններով, հարուցել եմ առանձին գործընկերների անբացատրելի անհանգստությունը: Վերը նշվածով պայմանավորված՝ այլևս նպատակահարմար չեմ գտնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմում իմ գործունեությունը: Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ պատգամավորը պարտավոր է քաղաքացու տված վստահությունը հասցնել ավարտին, ես կշարունակեմ Ազգային ժողովում իմ աշխատանքը՝ որպես անկախ պատգամավոր... Շնորհակալ եմ ԲՀԿ խմբակցության իմ սրտացավ գործընկերներին համատեղ աշխատանքի համար»:
14:47 - 16 փետրվարի, 2021