Դավիթ Հարությունյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ նախկին անդամ, փաստաբան։ Ծնվել է 1963թ. մարտի 5-ին։ Աշխատել է․ 1981 թ. Երևանի էլեկտրաապարատների գործարանի ինժեներ։ 1983-1987 թթ. ՀԽՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնի կրտսեր գիտաշխատող։ 1987-1989 թթ.  Երևանի թիվ 183 դպրոցի փոխտնօրեն։ 1989-1995 թթ.  Երևանի թիվ 198 հեղինակային դպրոցի տնօրեն։ 1995-1998 թթ. ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 1997 թ. - Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական։ 1997-1998 թթ.  ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ։ 1998-2007 թթ. - ՀՀ արդարադատության նախարար։

2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ 2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1]: 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ։

2014 թ. ապրիլի 18-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար։ ՀՀ Նախագահի 2016 թ. սեպտեմբերի 20-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար 2017թ. մայիսի 25-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար 2018թ. հեղափոխությունից հետո հրաժարական է տվել։ Մեկ այն ՀՀԿ-ական նախկին պաշտոնյայի՝ Արփինե Հովհաննիսյանի հետ հիմնադրել է «Դավիթ և ընկերներ» փաստաբանական գրասենյակը, այժմ զբաղվում է փաստաբանական գործունեությամբ։ 2019թ. դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին։

Դավիթ Հարությունյանը պնդում է՝ Փաշինյանը հրաժարականից հետո չէր կարող պաշտոնավարել ԺՊ-ի կարգավիճակով |armenpress.am|

Դավիթ Հարությունյանը պնդում է՝ Փաշինյանը հրաժարականից հետո չէր կարող պաշտոնավարել ԺՊ-ի կարգավիճակով |armenpress.am|

armenpress.am:  «Պատիվ ունեմ» դաշինքը շարունակում է պնդել՝  Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակով չէր կարող շարունակել պաշտոնավարումը՝ վարչապետի պաշտոնից հրաժարականից հետո: Հարությունյանը նման տեսակետ հայտնեց Սահմանադրական դատարանում՝ ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով նիստին: «Այն, որ վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելն էապես տարբերվում է ողջ կառավարության հրաժարական ներկայացնելուց, իմ կարծիքով, ակներև է: Բազմաթիվ են օրինակներն այլ երկրներում՝ հենց նույն մոդելի: Կարող է լինել 1-2 երկիր, երբ հակառակ մոդելն է, երբ վարչապետը հրաժարական է տալիս, սակայն շարունակում է իր պարտականությունները կատարել: Երկրների գերակշիռ մասը գնում է այլ ճանապարհով»,-ասաց Հարությունյանը: Նա շեշտեց՝ երբ վարչապետը հրաժարական է տալիս, ապա լքում է այդ պաշտոնը՝ հավելելով, որ փոխվարչապետերի ինստիտուտը, շատ հաճախ, Սահմանադրությամբ ամրագրված է հենց այդ պատճառով: Նա նկարագրեց իրավիճակները, երբ վարչապետը հրաժարական է տալիս: «Երբ իր գործունեության ընթացքում երկիրը կրում է վիթխարի կորուստ կամ տեղի է  ունենում մի այնպիսի երևույթ երկրում, որը խոսում է այն մասին, որ այդ անձն այլևս չի կարող ղեկավարել գործադիր իշխանությունը, ինքը հրաժարական է  տալիս: Այսինքն՝ հրաժարական տալու ինստիտուտը բառացի նույնն է նշանակում ՝ ես հրաժարվեցի այս պաշտոնից»,-ասաց Հարությունյանն ու հավելեց, որ ԺՊ-ի կարգավիճակով պաշտոնավորումը շարունակելն այդ դեպքում Սահմանադրությամբ պաշտպանվող արժեք չէ:
11:58 - 13 հուլիսի, 2021
«Ժամը դեռ չի լրացել, առաջարկում եմ սպասել ժամը լրանալուն». Դավիթ Հարությունյանը՝ Սերժ Սարգսյանի տված ժամկետի մասին |news.am|

«Ժամը դեռ չի լրացել, առաջարկում եմ սպասել ժամը լրանալուն». Դավիթ Հարությունյանը՝ Սերժ Սարգսյանի տված ժամկետի մասին |news.am|

news.am: Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին տվել է ժամանակ առաջին հերթին այն պատճառով, որ այս քարոզարշավը իշխանական ուժի կողմից ուղեկցվում է ակնհայտ ստահոդ տեղեկություններ հրապարակելով. Սերժ Սարգսյանի ասածը հետեւյալն էր, որ մենք ասեկոսեներ չենք տարածելու, խոսելու ենք փաստերով: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, ասուլիսի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը: «Ժամը դեռ չի լրացել, առաջարկում եմ սպասել ժամը լրանալուն»,-ասաց նա: Դավիթ Հարությունյանը նկատեց, որ այն քարոզչությունը, որը վարում է իշխանությունը, դժվար է անվանել քաղաքակիրթ. «Այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ գործ ունենք մի անձի հետ, որը քաղաքական դեմք չէ: Այդպես էլ 3 տարում չդարձավ քաղաքական դեմք: Մենք գործ ունենք սոցիոպատիկ երեւույթների հետ, առավել եւս նման տիպի մարդիկ այդպես են արձագանքում իրենց գահավիժող վարկանիշին: Կարծում եմ՝ որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում փաստը, որ վարկանիշը գահավիժում է: Ավելին, մեկ հանդիպման ժամանակ նա ասում է նախադասություններ, մտքեր, որոնք առաջացնում են տասնյակ նոր հարցեր եւ ստիպված յուրաքանչյուր հաջորդ անգամ նա փորձում է դա կոմպենսացնել բռնության կոչեր հնչեցնելով: Ինչքան էլ հետո փորձեն ասել, որ քաղաքական վենդետա, կադրային ջարդ բառերը քաղաքական տերմինաբանություն են, կարծում եմ՝ որեւէ մեկի մոտ նման մտքեր չեն առաջանում, որ խոսքը քաղաքակիրթ տերմինաբանության մասին է: Ակնհայտ է, որ փորձում է հրահրել լարվածության այնպիսի աստիճան, որը կհանգեցնի միգուցե եթե այսպես շարունակվի, նաեւ ներքին բախումների: Սա անթույլատրելի է»,-հայտարարեց Դավիթ Հարությունյանը: Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 8-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր հետեւյալը. «Հիմա ձեր ներկայությամբ ասում եմ՝ ես դրան՝ այդ անբարոյականին 24 ժամ ժամանակ եմ տալիս․ կա՛մ պետք է մի փաստ ներկայացնի, կա՛մ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին,  իր ընտանիքի մասին, եթե արդեն այդտեղ է հասել, որ հասարակությունը թքելու է իր վրա»:
12:53 - 09 հունիսի, 2021