Եվրոպայի խորհուրդ

Եվրոպայի խորհուրդը (այսուհետ՝ ԵԽ) եվրոպական ամենամեծ մարդու իրավունքների կազմակերպությունն է, որին անդամակցում են 47 պետություններ, որոնցից 28-ը ԵՄ անդամ պետություններ են: ԵԽ բոլոր անդամ պետությունները ստորագրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը կոչված է պաշտպանելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը:

ԵԽ պաշտոնական լեզուներն են անգլերենը եւ ֆրանսերենը:

Եվրոպական խորհրդի կենտրոնական նստավայրը գտնվում է Եվրոպայի պալատ Ստրասբուրգում, Ֆրանսիա։

Խորհուրդը ֆինանսավորում են անդամ երկրները։ Ներդրումները կատարվում են բնակչության թվին եւ երկրի տնտեսական զարգացման մակարդակին համապատասխան:

Արփինե Սարգսյանը Ստրասբուրգում ներկայացրել է ներքին գործերի բնագավառում իրականացվող բարեփոխումները

Արփինե Սարգսյանը Ստրասբուրգում ներկայացրել է ներքին գործերի բնագավառում իրականացվող բարեփոխումները

Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի (CoE) ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի հետ։ Փոխնախարար Սարգսյանը Կլաուս Նոյկիրխին է ներկայացրել ներքին գործերի բնագավառում իրականացվող լայնածավալ բարեփոխումները։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից: Կլաուս Նոյկիրխը բարձր է գնահատել ներքին գործերի նախարարության հետ առկա համագործակցությունն ու բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացումը։Կողմերը քննարկել են ՆԳՆ և ԵԽ գործընկերությամբ համատեղ իրականացվող ծրագրերի մանրամասները և դրանց հաջող ընթացքը։ Անդրադարձել են նաև առաջիկայում Երևանում պաշտոնապես մեկնարկող «Հայաստան տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՄԻԵԴ-ի վճիռների կատարմանը, դրա շրջանակներում «Ոստիկանական գվարդիայի մասին» նոր օրենքի մշակմանը, ուժի կիրառման համաչափության ստանդարտներով վերապատրաստումների իրականացմանը, վատ վերաբերմունքի հնարավոր դեպքերի պատշաճ փաստաթղթավորմանը, ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ ընթացող օրենսդրական և գործնական փոփոխություններին։Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ համագործակցությունն ու ընդլայնել գործընկերության ուղղությունները։
16:03 - 20 մարտի, 2024
ԵԽ պատգամավորները  ԵՄ-ին կոչ են արել պաշտպանել Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը |armeniasputnik.am|

ԵԽ պատգամավորները ԵՄ-ին կոչ են արել պաշտպանել Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Եվրոպական խորհրդարանի տարբեր կուսակցություններ ներկայացնող մի քանի տասնյակ պատգամավորներ դիմել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության համար։ Այդ մասին X-ի իր էջում գրառում է արել Եվրարախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը։ «Մենք անհանգստացած ենք, որ Լեռնային Ղարաբաղի հազարամյա հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը գտնվում է ոչնչացման, պղծման և յուրացման անմիջական սպառնալիքի ներքո՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի` 2021թ-ի դեկտեմբերի 7-ի իրավաբանորեն պարտադիր որոշման աղաղակող խախտմամբ: Այդ օբյեկտները մեր Եվրոպական ժառանգության կարևոր մասն են կազմում, և մեր պարտքն է ապահովել դրանց պահպանությունը»,- ասված է պատգամավորների պաշտոնական նամակում։ Հիշեցնենք, որ մարտի 15-ին «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնել էր, որ ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղի՝ արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, այդտեղից անհետացել է 1224թ․ արձանագիր խաչքարը։
13:20 - 16 մարտի, 2024
Արդարադատության նախարարն ու ԵԽ պատգամավորը քննարկել են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում լայնածավալ բարեփոխումները

Արդարադատության նախարարն ու ԵԽ պատգամավորը քննարկել են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում լայնածավալ բարեփոխումները

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի փոխնախագահ Բեռնար Գետտայի հետ։ Գրիգոր Մինասյանը նշել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարությունը գրանցել է հաջողություններ, որոնք հնարավոր չէին լինի առանց ԵՄ աջակցության ու փոխգործակցության, որն իրականացվում է տարբեր ձևաչափերով, ներառյալ ԵՄ բյուջետային աջակցության ծրագրերը։   Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարն ընդգծել է յուրաքանչյուր տարի անցկացվող ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների հարցերով երկխոսության նիստերի կարևորությունը՝ որպես ոլորտային բարեփոխումների շուրջ ծավալուն քննարկումների կարևոր հարթակ։ Գրիգոր Մինասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարական մոտեցումները, որոնք ամրագրվել են Կառավարության կողմից ընդունված ՄԻՊ ազգային ռազմավարությամբ և դրանից բխող 2023-2025 թթ. Գործողությունների ծրագրով:   Նախարարն ընդգծել է, որ ոլորտային քաղաքականությունն իրականացվում է զարգացման գործընկերների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ակտիվ համագործակցությամբ, ովքեր հանդիսանում են գործողությունների ծրագիրը համակարգող խորհրդի անդամներ ու իրականացնում են ծրագրի նկատմամբ հասարակական վերահսկողությունը։ Գրիգոր Մինասյանը կարևորել է նաև նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի ընդունումը, որոնցով ներդրվել են արդար դատաքննության իրավունքի եվրոպական լավագույն չափանիշները: Նախարարը հատուկ շեշտել է 2023 թվականի հունվարի 1-ից գործող այլընտրանքային խափանման նոր միջոցների՝ տնային կալանքի և վարչական հսկողության ներդնումը, որպես անձնական ազատության իրավունքի պաշտպանության կարևորագույն երաշխիք, և նշել է, որ նշված միջոցները կիրառվել են շուրջ երեսուն տոկոս դեպքերով։   Անդրադարձ է կատարվել նաև քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, որոնց շրջանակում իրականացվել են քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների և տեխնիկական զինման զգալի աշխատանքներ։ Քննարկվել է եվրոպական ստանդարտներով նախագծվող նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման ծրագիրը։   Նախարարը նշել է 2023 թվականի հոկտեմբերին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի կարևորությունը, որով հստակ դիրքորոշում էր արտահայտվում Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտման և Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող՝ միջազգային իրավունքի այլ խախտումների վերաբերյալ և շնորհակալություն հայտնել հանձնակատարին` նշված բանաձևի ընդունման հարցում անձնական ներդրման համար։   Բեռնար Գետտան բարձր է գնահատել Հայաստանի ջանքերն ուղղված մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական ու պրոբացիայի ոլորտների բարեփոխումների իրականացմանը և կարևորել դրանց շարունակականությունը՝ եվրոպական մոնիթորինգային մարմինների կողմից տրամադրված առաջարկությունների հասցեագրման տրամաբանությամբ։   Կողմերը նաև մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանգծման գործընթացի վերաբերյալ։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել ՀՀ-ԵՄ գործընկերությունը՝ ի նպաստ Հայաստանում ժողովրավարության և մարդու իրավունքների պաշտպանության շարունակակական կատարելագործման:
18:00 - 07 մարտի, 2024
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրենի հետ

Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրենի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարտի 6-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի հետ: Զրուցակիցները քննարկել են Պաշտպանի հաստատության և Եվրոպայի Խորհրդի կողմից համատեղ իրականացվող ծրագրերի մանրամասները։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ բարձր է գնահատում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր ղեկավարած հաստատության և Եվրոպայի Խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցությունը։ Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ծրագրին, այդ թվում՝ Օվիեդոյի կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացնելու հարցին, կանանց իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտությանը: Քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հետ կապված հարցեր, ընգծվել է այդ ոլորտում իրականացվող ծրագրի կարևորությունը: Պաշտպանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ, խտրականության, անհանդուրժողականության, ատելության խոսքի դեմ պայքարի, հավաքների ազատության իրավունքի և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները: Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցության ուղղությունները:
11:26 - 07 մարտի, 2024
ՄԻՊ Անահիտ Մանասյանը հանդիպել է ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ

ՄԻՊ Անահիտ Մանասյանը հանդիպել է ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարտի 5-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի գրասենյակից։ «Պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, անդրադարձ կատարել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։ Նշված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը տեղեկությունների իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։ Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել  կանանց իրավունքների պաշտպանությանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը, Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտությանը, կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ծրագրի իրականացման մանրամասներին, այդ թվում՝ Օվիեդոյի կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացնելու հարցին: Պաշտպանը ներկայացրել է խտրականության, անհանդուրժողականության, ատելության խոսքի դեմ պայքարի, հավաքների ազատության իրավունքի և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները: Հանդիպման ավարտին կողմերը բարձր են գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի աշխատակազմի և Եվրոպայի Խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցության մակարդակը և նախանշել փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությունները»,- նշվում է հաղորդագրությունում։
10:56 - 06 մարտի, 2024
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ընդունել է ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության փորձագետներին

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ընդունել է ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության փորձագետներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի փորձագետների պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Այն Հայաստանում է Եվրոպայի խորհրդի քարտուղարության նախաձեռնած «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է պատվիրակության անդամներին՝ կարևորելով միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության առումով: Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է սովորողների կրթական կարիքների քարտեզագրումը և նրանց լիարժեք ինտեգրումը կրթական գործընթացում: Ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության ձեռնարկած քայլերն այս ուղղությամբ՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ շուրջ 17 հազար դպրոցահասակ սովորողներ ընդգրկվել են ՀՀ հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական ուսհաստատություններում իրենց կրթությունը շարունակում են 900, իսկ բուհերում՝ 1800 ուսանողներ: Ըստ փոխնախարարի՝ այս ուղղությամբ աշխատանքը շարունակական է: Հանդիպման ընթացքում նշվել է նաև, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ձևավորվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների տարբեր խնդիրներով միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի նպատակն է զարգացման գործընկերների հետ համատեղել ջանքերը՝ առավել արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով: «Մենք այժմ բարեփոխումների ակտիվ փուլում ենք, և համակարգային փոփոխությունների այս շրջանում մեզ հաջողվեց ճկուն մոտեցումներով ապահովել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության իրավունքը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ փոխնախարարը նշել է նաև, որ ԼՂ-ից բռնի տեղահանված բազմաթիվ ուսուցիչներ իրենց մասնագիտական գործունեությունը շարունակում են ՀՀ դպրոցներում: Այժմ մշակվում են նոր մոտեցումներ՝ մշակույթի և սպորտի ոլորտի մասնագետներին աշխատանքով ապահովելու նպատակով: ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի փորձագետները ներկայացրել են իրենց գործունեությունը և աջակցության հնարավորությունները: Հանդիպմանն անդրադարձ է արվել երկկողմ հետարքրքություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:
11:38 - 23 հունվարի, 2024
Միյատովիչը կոչ է անում Երևանին և Բաքվին՝ բանակցությունների ընթացքում կենտրոնանալ մարդու իրավունքների պաշտպանության վրա |azatutyun.am|

Միյատովիչը կոչ է անում Երևանին և Բաքվին՝ բանակցությունների ընթացքում կենտրոնանալ մարդու իրավունքների պաշտպանության վրա |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է անում Երևանին և Բաքվին՝ խաղաղ բանակցությունների ընթացքում կենտրոնանալ մարդու իրավունքների պաշտպանության վրա։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ժամանակ Միյատովիչը նախ հիշեցրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 16-ից 23-ը եղել է Հայաստանում, Ադրբեջանում ու Ղարաբաղում, ապա շեշտել, որ մարդու իրավունքների խախտումներ են արձանագրվել նաև հայ-ադրբեջանական երկարատև հակամարտության ընթացքում։ Նա կոչ արել է կողմերին` հաստատել մարդու իրավունքների ուժեղ երաշխիքներ՝ հակամարտությունից տուժած բոլոր անձանց համար: «Ընդամենը մի քանի օր առաջ ես հրապարակեցի դիտարկումներ Հայաստան և Ադրբեջան այցից հետո, այդ թվում` Ադրբեջանի Ղարաբաղի մարզ։ Տասնամյակների ընթացքում առաջին անգամն էր, որ նման իրավապաշտպան առաքելությունը կարողացավ այցելել Ղարաբաղի տարածաշրջան: Ես ընդգծել եմ, որ ղարաբաղյան հակամարտությունից տուժած բոլոր անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը խաղաղ գործընթացի հաջողության բանալին է», - ասել է հանձնակատարը։
10:45 - 23 հունվարի, 2024
ԼՂ-ից տեղահանված հայերին պետք է անվտանգ և արժանապատիվ վերադարձի հնարավորություն տրվի․ Միյատովիչ
 |armenpress.am|

ԼՂ-ից տեղահանված հայերին պետք է անվտանգ և արժանապատիվ վերադարձի հնարավորություն տրվի․ Միյատովիչ |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները խաղաղ բանակցային գործընթացում պետք է ուշադրությունը կենտրոնացնեն մարդու իրավունքների պաշտպանության վրա և մարդու իրավունքների պաշտպանության խիստ երաշխիքներ սահմանեն հակամարտությունից տուժած բոլոր անձանց համար: Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ հրապարակելով իր դիտարկումները 2023 թվականի հոկտեմբերի 16-23-ը Հայաստան և Ադրբեջան, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի արդյունքների վերաբերյալ։ Զեկույցի մեջ նշվում է, որ վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ էր մարդու իրավունքների նման բնույթի առաքելություն կարողացել այցելել Լեռնային Ղարաբաղ։ Նշվում է, որ այցի պատճառը սեպտեմբերի վերջին ընդամենը մի քանի օրվա ընթացքում ավելի քան 100 հազար ղարաբաղահայերի զանգվածային տեղահանումն էր Հայաստան: «Տեղահանումը հաջորդել էր սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողություններին, տարածաշրջանի նկատմամբ Բաքվի հետագա լիակատար վերահսկողությանը և մարդկանց տեղաշարժի և առաջին անհրաժեշտության ապրանքների, ծառայությունների և էներգակիրների հասանելիության երկարատև ընդհատումներին, որոնց բախվել էին ղարաբաղահայերը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկայնքով ճանապարհի իննամսյա շրջափակման հետևանքով։ Հայաստանում հանձնակատարը զրուցել է ղարաբաղահայերի հետ, որոնք Ղարաբաղից հեռացել էին և գտնվում էին իշխանությունների տրամադրած ապաստարաններում։ Ստեփանակերտից բնակչության հեռանալուց հետո հանձնակատարը ականատես էր եղել դատարկ փողոցների, լքված տարածքների և քաղաքացիական անձանց ներկայության գրեթե լիակատար բացակայության։ Իր լսածի և տեսածի հիման վրա հանձնակատարը եզրակացրել է, որ 2023 թվականի սեպտեմբերի վերջին ԼՂ-ի հայերը լքել են իրենց տները՝ առանց որևէ կողմի որևէ հուսալի անվտանգության կամ պաշտպանության երաշխիքների, և որ նրանց համար տներից հեռանալը միակ հասանելի և խելամիտ տարբերակն էր»,- նշված է զեկույցում։ Ողջունելով ղարաբաղյան տարածաշրջանից ժամանած բոլոր կարիքավորներին առաջին հիմնական օգնություն ցուցաբերելու Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ հանձնակատարն ընդգծել է, որ Հայաստան փախած ղարաբաղահայերին և, մասնավորապես, խոցելի խմբերի համար պետք է երաշխավորված լինի անհապաղ, անհրաժեշտ աջակցության հասանելիությունը՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով։ «Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները պետք է շարունակեն հատուկ ուշադրություն դարձնել ֆինանսական աջակցության տրամադրմանը ՝ ապահովելու համար, որ տեղահանված անձանց և նրանց ընդունող բնակչության մարդասիրական կարիքները լիովին բավարարվեն»,-ավելացրել է հանձնակատարը։ Հանձնակատարն ընդգծել է, որ վերջերս Հայաստան տեղահանված ղարաբաղահայերին պետք է հնարավորություն տրվի վերադառնալ Ղարաբաղ անվտանգ և արժանապատվորեն, նույնիսկ եթե այս պահին դա հիպոթետիկ է թվում մեծամասնության համար, այդ թվում՝ ճկուն լուծումներ գտնելու միջոցով, մասնավորապես՝ նրանց քաղաքացիության և իրավական կարգավիճակի հետ կապված: «Հնարավոր վերադարձի ակնկալիքով պետք է անհապաղ ուղիներ գտնել, այդ թվում ՝ անվտանգության երաշխիքներ սահմանելով, որպեսզի ղարաբաղահայերը կարողանան ժամանակավորապես մուտք գործել իրենց տներ կամ սովորական բնակության վայրեր և այցելել գերեզմանատներ, որտեղ թաղված են նրանց մերձավորները։ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են ապահովել, որ Ղարաբաղի հայերի թողած գույքը պաշտպանված լինի թալանից, գողությունից կամ տիրանալուց: Այն սակավաթիվ էթնիկ հայերը, որոնք մնացել են Ղարաբաղի տարածաշրջանում, նույնպես պետք է օգտվեն մարդու իրավունքների պաշտպանության բոլոր միջոցներից, այդ թվում՝ նրանց ազատ տեղաշարժի ապահովման միջոցով»,- ասված է զեկույցում։ Հանձնակատարը հույս է հայտնել, որ բոլոր ներքին տեղահանված անձինք, որոնք կցանկանան, կկարողանան հնարավորինս շուտ վերադառնալ անվտանգության և արժանապատվության պայմաններում: Ընդհանուր առմամբ, հանձնակատարը շեշտել է, որ երկարատև հակամարտության հետևանքով տեղահանված բոլոր անձինք իրավունք ունեն կամավոր և՛ անվտանգության, և՛ արժանապատվության պայմաններում վերադառնալ իրենց տներ կամ բնակության վայրեր: «Միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների և մարդու իրավունքների լուրջ խախտումների վերաբերյալ բոլոր պնդումները, որոնք հաղորդվում են հակամարտության հետ կապված, պետք է արդյունավետ և օպերատիվ կերպով հետաքննվեն, մեղավորները ենթարկվեն պատասխանատվության, և, եթե նրանք մեղավոր ճանաչվեն արդար, անկախ և անկողմնակալ դատավարությունից հետո, պետք է պատժվեն։ Դա ներառում է Լաչինի միջանցքի շրջափակման, ղարաբաղահայերի զանգվածային տեղաշարժի և սեպտեմբերի 19-20-ի ռազմական գործողության հանգամանքների վերաբերյալ պնդումները»,-ասել է հանձնակատարը։ Զեկույցում նաև նշվում է, որ պետք է նաև համապարփակ մոտեցում ցուցաբերվի ղարաբաղյան հակամարտության համատեքստում տեղի ունեցած մարդու իրավունքների լուրջ խախտումների լուծմանը։ Հանձնակատարի խոսքում արծարծված մարդու իրավունքների այլ հարցեր ներառում են մարդկանց ականներից և պատերազմի պայթուցիկ մնացորդներից պաշտպանելու անհրաժեշտությունը, հակամարտության պատճառով ձերբակալված անձանց վիճակը, ներառյալ նրանց կալանքի տակ պահելու պայմանները և նրանց ընտանիքների հետ շփման մակարդակը, տարածաշրջանում անհայտ կորածների ճակատագիրը պարզելու և նրանց ընտանիքներին պատասխաններ տալու կարևորությունը։
15:58 - 12 հունվարի, 2024
Շառլ Միշելը ցանկանում է վաղաժամ թողնել Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը
 |factor.am|

Շառլ Միշելը ցանկանում է վաղաժամ թողնել Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը |factor.am|

factor.am: Շառլ Միշելը հայտարարել է հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, գրում է Euronews-ը։ Ընտրվելու դեպքում Միշելը կլքի Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը։ Դա նշանակում է, որ ԵՄ-ն կունենա ընդամենը վեց ամիս՝ Եվրոպայի խորհրդի նոր նախագահ ընտրելու համար։ Եթե ​​պետությունների ղեկավարները չկարողանան համաձայնության գալ Միշելի իրավահաջորդի հարցում, ապա նրան կփոխարինի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, քանի որ այս տարվա հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում խորհրդում նախագահելու է Հունգարիան։ Գործող կանոնների համաձայն՝ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը չի կարելի համատեղվել Եվրախորհրդարանի մանդատի հետ, հետևաբար, Միշելը ստիպված կլինի հրաժարական տալ։ Լրատվամիջոցը գրում է, որ Օրբանը Բրյուսելի համար ոչ ցանկալի թեկնածու է։ Հունգարիայի առաջնորդը հայտնի է միգրանտների դեմ կոշտ հռետորաբանությամբ, նրան մեղադրում են նաև միության քաղաքականությանը դիմադրություն ցույց տալու, համաեվրոպական արժեքները չհարգելու մեջ։ Օրբանը բազմիցս  հանդես է եկել հակառուսական պատժամիջոցների և միության կողմից Ուկրաինային աջակցության դեմ։  
14:27 - 08 հունվարի, 2024
ՄԻՊ-ը ԵԽ Ֆրանսիայի պատվիրակության նախագահի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր

ՄԻՊ-ը ԵԽ Ֆրանսիայի պատվիրակության նախագահի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության նախագահ Բերտրան Բուիքսին։ Հանդիպմանը մասնակցել է նաև խորհրդարանական պաշտոնյա, խորհրդական, միջազգային խորհրդարանական վեհաժողովների և բազմակողմ հարցերի բաժնի ղեկավար Մոհամեդ Սադունը։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղություններն ու առաջնահերթությունները։ Այս համատեքստում նա ընդգծել է ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը: Հանդիպման շրջանակներում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։ Պաշտպանն  անդրադարձ է կատարել առկա խնդիրներին ու կարիքներին, ինչպես նաև իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում արձանագրված մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ նախնական զեկույցում։ Անահիտ Մանասյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի առաջնահերթություններից է։ Ներկայումս շարունակվում են փաստահավաք աշխատանքները, որոնց վերջնական արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն ներպետական իրավասու մարմիններին և միջազգային դերակատարներին։ Պարոն Բերտրան Բուիքսն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։
18:00 - 11 դեկտեմբերի, 2023
Գլխավոր դատախազն ընդունել է ԵԽ գրասենյակի՝ Հայաստանում առաքելությունն ավարտող ղեկավարին

Գլխավոր դատախազն ընդունել է ԵԽ գրասենյակի՝ Հայաստանում առաքելությունն ավարտող ղեկավարին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ԵԽ գրասենյակի՝ Հայաստանում առաքելությունն ավարտող ղեկավար Մարտինա Շմիդտին: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից: «Աննա Վարդապետյանը ողջունել է ԵԽ գրասենյակի ղեկավարին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և շնորհակալություն հայտնել Դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված բարձրաստիճան խորհրդաժողովի կազմակերպմանն աջակցելու համար: Այդ համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է փոխգործակցության շարունակականությունը և ընդգծել, որ 2024 թվականին նախատեսվում է նման ձևաչափով երկրորդ խորհրդաժողովի անցկացումը: Մարտինա Շմիդտը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին համատեղ ծրագրերն արդյունավետ իրականացնելու համար և բարձր գնահատել Դատախազության արհեստավարժությունն ու նախաձեռնողականությունը: Ամփոփելով հանդիպումը՝ Աննա Վարդապետյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Հայաստանում առաքելությունն ավարտող Մարտինա Շմիդտին կատարած աշխատանքի համար և Շմիդտին մաղթել ամենայն բարիք ու հաջողություն՝ աշխատանքային հետագա գործունեության ոլորտներում»,- ասված է հաղորդագրության մեջ:
17:29 - 21 նոյեմբերի, 2023
Դատավորներից արդարություն պահանջելուն զուգահեռ՝ պետք է նրանց նկատմամբ լինել արդար. ԲԴԽ նախագահը Մարտինա Շմիդտին է ներկայացրել գնահատման նոր համակարգը

Դատավորներից արդարություն պահանջելուն զուգահեռ՝ պետք է նրանց նկատմամբ լինել արդար. ԲԴԽ նախագահը Մարտինա Շմիդտին է ներկայացրել գնահատման նոր համակարգը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին: Խորհրդի նախագահը ներկայացրել է հակակոռուպցիոն, դատաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում կատարած հսկայածավալ բարեփոխումները, ունեցած ձեռբերումները, մասնավորապես, անդրադարձել է դատավորների գնահատման նոր համակարգի ներդրմանը, որը կնպաստի արդարադատության որակի բարձրացմանը: Կարեն Անդրեասյանը նշել է, որ գնահատման նոր համակարգը բացառելու է դատավորների առաջխաղացման գործընթացում սուբյեկտիվ գործոնի առկայությունը: Խորհրդի նախագահը հայտնել է, որ դատավորից արդարություն պահանջելուն զուգահեռ՝ համակարգը պետք է դատավորի նկատմամբ արդար լինի, և նոր ներդրվող չափորոշիչներն օգնելու են դատավորին գնահատել ըստ իր կատարած աշխատանքի, իսկ դատավորներիի առաջխաղացումն էլ կլինի կանխատեսելի՝ հիմնված գրանցած արդյունքների վրա։ Կարեն Անդրեասյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործում, շնորհակալություն է հայտնել դատաիրավական, քրեական արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ ոլորտներում իրականացված բարեփոխումների գործընթացում ցուցաբերված աջակցության համար, ինչպես նաև կարևորել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ և դրանից բխող գործողությունների ծրագրի շրջանակում ԵԽ-ի աջակցությունը: Մարտինա Շմիդտն իր հերթին արժևորել է Բարձագույն դատական խորհրդի և Եվրոպայի Խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցությունը: Հանդիպման ավարտին Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հաջողություն է մաղթել Մարտինա Շմիտդին իր հետագա գործունեության մեջ:
16:07 - 20 նոյեմբերի, 2023
Եվրոպայի խորհուրդը Հայաստանի համար կպատրաստի ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության միջոցառումների փաթեթ
 |1lurer.am|

Եվրոպայի խորհուրդը Հայաստանի համար կպատրաստի ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության միջոցառումների փաթեթ |1lurer.am|

1lurer.am: Եվրոպայի խորհուրդը 2023 թվականի հոկտեմբերի 11-13-ը Միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկի այցից հետո նախապատրաստում է փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների համալիր փաթեթ։ Այդ մասին հայտնում է Խորհրդի մամուլի ծառայությունը:  Փաթեթը նպատակ ունի աջակցել Հայաստանին լուծելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 100000 հայերի, այդ թվում՝ մոտ 30000 երեխաների տեղավորման հետ կապված խնդիրները: Հայաստան այցի ընթացքում Միգրացիայի և փախստականների հարցերով ծառայությունը համագործակցել է համապատասխան պետական մարմինների, միջազգային գործընկերների և հասարակական կազմակերպությունների հետ: Հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկն այցելել է նաև Արտաշատի համայնքապետարանի երկու ապաստարան։ Նա նախանշել է աջակցության կոնկրետ ոլորտները, որոնք ներառված են Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար գործողությունների ծրագրում (2023-2026 թթ.) և Միգրացիայի ու ապաստարանի համատեքստում խոցելի անձանց պաշտպանության գործողությունների ծրագրում (2021-2025 թթ.): Դրանց թվում են՝ խոցելի վիճակում գտնվող փախստականների մարդու իրավունքների պաշտպանության ուժեղացումը՝ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի անմիջական աջակցությամբ, մասնավորապես՝ խոցելիության գնահատման, ծառայությունների հասանելիության և փախստականների իրավունքների վերաբերյալ իրազեկության բարձրացման հարցերում. առողջապահության և հոգեկան առողջության պահպանման մատչելիության դյուրացումը, ներառյալ՝ հոգեբանական աջակցությունը. խոցելի խմբերի հետ աշխատող մասնագետների կարողությունների հզորացումը. կրթության ներառականության ապահովումն ու մասնագիտական ուսումնական ծրագրերի վերանայումը: երեխաների իրավունքների պաշտպանությունը. տեղական ինքնակառավարման մարմինների կենսունակության բարձրացումը: «Միջոցառումների այս նպատակային փաթեթի միջոցով մենք կաջակցենք մեր անդամ պետությանը՝ Հայաստանին, և նրա ժողովրդին, քանի որ նրանք բախվում են այս աննախադեպ դժվարություններին ու մարտահրավերներին»,- ասել է  ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը:
20:59 - 30 հոկտեմբերի, 2023