ԵԽԽՎ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ձեւաչափն է, Նստավայրը Ստրասբուրգում է: Վեհաժողովը ձեւավորվել է 1949 թվականի մայիսի 5-ին Լոնդոնում ստորագրված Եվրոպայի խորհրդի կանոնադրությամբ:

ԵԽԽՎ-ն է սահմանում իր օրակարգը: Քննարկում է եւրոպական ու միջազգային իրադարձությունները եւ հրատապ թեմաներ ու խնդիրներ, որոնք մտահոգում են եվրոպական երկրներին: Հիմնական կարեւոր թեմաներն են՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, փոքրամասնությունների ու իրավական պետության պաշտպանությունը: ԵԽԽՎ-ի նիստերը գումարվում են տարին չորս անգամ՝ Ստրասբուրգում, Եվրոպայի պալատում, մեկշաբաթյա տեւողությամբ: Հայաստանը Եվրոպայի խորհրդին անցամակցում է 2001թ. հունվարի 25-ից։

ԵԽԽՎ զեկույցով Ադրբեջանին կոչ է արվել անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց․ Ռուբեն Ռուբինյան

ԵԽԽՎ զեկույցով Ադրբեջանին կոչ է արվել անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց․ Ռուբեն Ռուբինյան

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի համար երկու կարևոր զեկույց է քննարկվել։ «Առաջինը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցն էր։ Այն Հայաստանում անցկացված ընտրությունները գնահատում էր մրցակցային և լավ կազմակերպված։ Ըստ էության, սա Հայաստանի արդեն երկրորդ համապետական ընտրությունն էր, որ բարձր գնահատականի են արժանանում ԵԽԽՎ դիտորդների կողմից»։ Մյուս զեկույցը, Ռուբինյանի խոսքով, Ղարաբաղյան հակամարտության հումանիտար հետևանքների մասին զեկույցն է․ «Այդ զեկույցում, ըստ էության, տեղ են գտել բոլոր այն մտահոգությունները, որ ունեինք և այն կետերը, որ կցանկանայինք, որ լիեին այդ զեկույցում։ Մասնավորապես, զեկույցում ֆիքսվում է, որ պատերազմը հակամարտող կողմերի՝ ԵԽ անդամ լինելու ստանձնած պարտավորությունների խախտում է և ԵԽԽՎ-ն պետք է ուսումնասիրի այս հարցը։ Ֆիքսվում է Թուրքիայի աջակցությամբ կամ Թուրքիայի մասնակցությամբ սիրիացի վարձկանների  տեղափոխումը Ղարաբաղ և մասնակցությունը պատերազմին։ Ֆիքսվում է և հստակ կոչ է արվում ադրբեջանցիներին անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց՝ անկախ տարատեսակ հանգամանքներից և անկախ այն կարգավիճակից, որ տրված են այդ անձանց Ադրբեջանում»։ Ռուբինյանը հավելեց նաև, որ զեկույցում խոսվել է հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների մասին, դատապարտվել է Ադրբեջանում ծավալվող կեղծ ալբանական թեզի գոյությունը։ Անդրադարձ կա նաև Ադրբեջանում պաշտոնական և բարձր մակարդակում օգտագործվող ատելության խոսքին։
13:04 - 12 հոկտեմբերի, 2021
Քովիդի նկատմամբ ԵՄ անդամ պետությունների վերաբերմունքը շատ ավելի վճռական է, քան Հայաստանում և հարևան պետություններում․ Վլադիմիր Վարդանյան

Քովիդի նկատմամբ ԵՄ անդամ պետությունների վերաբերմունքը շատ ավելի վճռական է, քան Հայաստանում և հարևան պետություններում․ Վլադիմիր Վարդանյան

ԵԽԽՎ-ում չի քննարկվել որևէ փաստաթուղթ, որը կնախատեսեր պատվաստման պարտադիրության կամ պատվաստման հետ կապված առանձնահատուկ կարգավորումներ։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը։ «Քննարկումներ ծավալվել են պատվաստման վերաբերյալ, բայց ոչ այնքան պատվաստման ինստիտուտի հետ կապված։ Քննարկումները ծավալվել են առ այն, թե այդ պատվաստված անձանց անձնագրերով երկիր մուտք գործելը և դրա հիման վրա խտրականություն իրականացնելը ինչքանով է իրավաչափ։ Որևիցե փաստաթուղթ, որը, ըստ էության, կնախատեսեր պատվաստման պարտադիրություն կամ պատվաստվման հետ կապված որոշակի առանձնահատուկ կարգավորումներ, չկա, չի էլ եղել։ Պետք է ասեմ, որ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական միությանը գնում է բավականին կոշտ միջոցառումների։ Ֆրանսիայում պատվատումների ցուցանիշը հասել է 80-85%-ի, ռեժիմը բավականին կոշտ է այն առումով, որ չպատվաստված կամ բացասական թեստ չունեցող անձանց, ըստ էության, չի թույլատրվում ժամանացային վայրերում գտնվել։ Այն վերաբերմունքը, որը քովիդի նկատմամբ այսօր դրսևորում են ԵՄ անդամ պետությունները, շատ ավելի վճռական է, քան այն միջոցառումները, որոնք կիրառվում են ՀՀ-ում կամ մեր հարևան երկրներում»։ Վարդանյանի խոսքով՝ այդ միջոցառումները դրական արդյունքների են բերում․ «Տեսականորեն կարելի է համարել, որ Ֆրանսիայում այն սահմանափակումները, մասնավորապես պարետային ժամը, որոշակի գործունեության իրականացման հետ կապված սահմանափակումները վերացվել են։  Պատվաստված, բացասական թեստավորման ռեժիմում գտնվող անձը իրավունքների սահմանափակման հետ չի բախվում։ Պատվաստումը պարտադիր չէ, բայց անհրաժեշտ է․ կա՛մ պետք է պատվաստվես, կա՛մ պետք է պարբերաբար թեստավորվես։ Տվյալ պարագայում որևիցե խախտման կամ որևիցե սահմանափակման մասին երբեք Եվրոպայի խորհրդի շրջանակներում չի խոսվել»։
12:46 - 12 հոկտեմբերի, 2021
ԵԽԽՎ երեկվա բանաձևում ներառվել է ՀՀ սահմանների շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկը․ ՄԻՊ

ԵԽԽՎ երեկվա բանաձևում ներառվել է ՀՀ սահմանների շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկը․ ՄԻՊ

Հայաստանի ու Ադրբեջանի միջև ապառազմականացված գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայեցակարգն ակտիվորեն տարածվում է նաև միջազգային հանրությունում։ Այս առաջարկը ներկայացվել էր ԵԽԽՎ հատուկ զեկուցողին՝ փաստերի հիմնավորումով: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Մասնավորապես, երեկ Ստրասբուրգում ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը, որտեղ, այլ հարցերի թվում, երկու երկրներին կոչ է արվում սկսել բանակցություններ դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերաբերյալ և ուսումնասիրել ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը խաղաղապահ կամ ռազմական մշտադիտարկման ուժերի ներգրավմամբ։ Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարաբնույթ հանդիպումներն ու քննարկումները միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նպատակ են ունեցել ապացուցել, որ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքները կանխելու միակ արդյունավետ տարբերակն անվտանգության (ապառազմականացված) գոտի ստեղծելն է․ պատերազմից հետո ՀՀ գյուղերի հարևանության և համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների տեղակայումները, այդ թվում՝ դրոշներն ու ցուցանակները,  զուրկ են իրավական որևէ հիմքից, նրանք պետք է հեռացվեն և ստեղծվի անվտանգության (ապառազմականացված) գոտի: Ավելին, Ադրբեջանի հետ միայն դելիմիտացիան ու դեմարկացիան` առանց անվտանգության գոտի ստեղծելու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ։ Ավարտին են մոտենում անվտանգության գոտու հայեցակարգի աշխատանքները, որտեղ ծավալուն վերլուծությամբ, այդ թվում՝ քարտեզի միջոցով, ցույց ենք տվել դրա անհրաժեշտությունը մարդկանց իրավունքների պաշտպանության համար։
11:42 - 28 սեպտեմբերի, 2021
ԵԽԽՎ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձև

ԵԽԽՎ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձև

Քիչ առաջ Ստրասբուրգում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։   «Ի հեճուկս վերջին շրջանի Ադրբեջանի փորձերին՝ դուրս թողնել Լեռնային Ղարաբաղ անվանումը միջազգային փաստաթղթերից (Ադրբեջանի նախագհը երկու օր առաջ այդպիսի կոչ էր արել ՄԱԿ-ի ամբիոնից) մեզ հաջողվեց փոխել բանաձևի վերնագիրը և բանաձևի տեքստը՝ դրանում ընդգրկելով “Լեռնային Ղարաբաղի հակամարտություն” բառակապակցությունը, ինչը շատ կարևոր է։ Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները դեմ քվեարկեցին բանաձևին։   Բանաձևի՝ մեզ համար կարևոր արձանագրումները հետևյալն են․ - Վեհաժողովը նշում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը 2001 թվականի հունվարին Եվրոպայի խորհրդին անդամակցելով պարտավորվել են հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով: Հետևաբար 2020 թվականի վեցշաբաթյա պատերազմը հանդիսանում է այդ պարտավորությունների խախտում և պետք է պատշաճ արձագանք ստանա Եվրոպայի խորհրդի կողմից:   - Վեհաժողովն, այնուամենայնիվ, նշում է Նախարարների կոմիտեին 2021 թվականի մարտի 16 -ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փոխանցած մտահոգությունները` կապված Ադրբեջանի կողմից գերեվարված 188 հայերի հետ (որոնցից մի քանիսը հետ են վերադարձվել Հայաստան): Այս կապակցությամբ Վեհաժողովը. - գտնում է, որ Եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածի հստակ նպատակը բոլոր կալանավորված անձանց փոխանակումն է՝ անկախ կողմերից մեկի կամ մյուսի կողմից վերագրվող կարգավիճակի տարբերության;   - խորապես մտահոգված է շուրջ 30 հայերի ճակատագրով, որոնց ենթադրաբար տեսել, նկարահանել կամ լուսանկարել են գերության մեջ և նրանց ներկայիս գտնվելու վայրի մասին որևէ տեղեկատվության բացակայությամբ: Վեհաժողովն անհանգստացած է այն պնդումներից, որ այս անձինք ենթարկվել են հարկադիր անհետացման և, հնարավոր է, սպանվել;   - կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին արագացնել հետաքննությունն այս հարցի շուրջ և համապատասխան տեղեկատվություն տրամադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Հայաստանին;   - շարունակում է մտահոգվել Եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված շուրջ 45 հայերի կալանավորման պայմանների կապակցությամբ, ովքեր դեռ գերության մեջ են, որոնցից շատերը ենթարկվել կամ ենթարկվում են արագացված քրեական դատավարությունների, ինչը վեր է հանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդար դատավարության անհրաժեշտության խնդիրները;   - կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել մնացած բոլոր գերիներին և առանց հետաձգման վերադարձնել նրանց Հայաստան;   - խրախուսում է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեին (ECRI, ԽԿԿ) կատարել արտահերթ այց՝ չնայած այն բանի, որ ԿԽՄԿ-ն ն ունի կանոնավոր մուտքի իրավունք; - վկայակոչում է մտահոգիչ ապացույցներն այն մասին, որ Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ, օգտագործել է սիրիացի վարձկաններին;     Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից նրանց, ովքեր մնացել կամ վերադարձել են, Վեհաժողովը.   - խորապես ափսոսում է տարածաշրջանից միջազգային հանրության բացակայության կապակցությամբ՝ մուտքի խնդրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա անհամաձայնության պատճառով, այս առումով նկատի ունենալով իր 2240 (2018) բանաձևը «Անսահմանափակ մուտք դեպի անդամ պետություններ, ներառյալ՝ «գորշ գոտիները», Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ -ի մարդու իրավունքների մոնիտորինգային մարմինների կողմից» և հիշեցնում է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների իրավական պարտավորությունները՝ լիարժեք և բարեխղճորեն համագործակցել մարդու իրավունքների մոնիտորինգի միջազգային մեխանիզմների հետ, ներառյալ Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մեխանիզմները;   - հիշեցնում է, որ Եվրոպայի խորհրդի տարածքում գտնվող բոլոր անձինք, այդ թվում՝ հակամարտությունների գոտիներում բնակվող, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ունեն լիարժեք պաշտպանության հավասար իրավունք, այդ թվում՝ մոնիտորինգի համապատասխան մեխանիզմների միջոցով;   - կիսում է նրանց լքվածության զգացումը և ընդգծում նրանց մտահոգությունը սահմանային միջադեպերի, ադրբեջանական զորքերի մոտ գտնվելու և կրակոցների կանոնավոր հնչելու կապակցությամբ;   - նշում է այն դժվարությունները, որոնց նրանք բախվում են ապրուստի միջոցների, պատերազմի հետևանքով հասցված վնասի վերականգնման և վերացման, նոր բնակարանների տրամադրման, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության առումով;   - կոչ է անում ներգրավված բոլոր պետություններին ապահովել միջազգային անկախ մարդասիրական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան:     Վեհաժողովը լրջորեն մտահոգված է 2021 թվականի մայիսից սահմանի տարբեր կետերում միջադեպերի թվի ավելացմամբ։ Եղել են սպանվածներ և վիրավորներ, գերի են վերցվել հայ զինվորներ։   - դատապարտում է վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանում, մասնավորապես՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և դատապարտում է վեցշաբաթյա պատերազմի ժամանակ մշակութային ժառանգությանը միտումնավոր հասցված վնասը, Սուրբ Փրկիչ եկեղեցու, Շուշայում/ Շուշիում Ղազանչեցոց եկեղեցու կանխամտածված գնդակոծությունը, ինչպես նաև հակամարտության ընթացքում և դրանից հետո այլ եկեղեցիների ու գերեզմանների ավիրումը կամ վնասումը;   - նախկին ավերածությունների լույսի ներքո՝ շարունակում է մտահոգվել բազմաթիվ հայկական եկեղեցիների, վանքերի ապագայի շուրջ՝ այդ թվում Խութավանքի/Դադիվանքի վանքի, խաչքարերի և մշակութային ժառանգության այլ տեսակների մասին, որոնք վերադարձել են Ադրբեջանի վերահսկողության տակ;   - իր մտահոգությունն է հայտնում Ադրբեջանում զարգացող "Կովկաս-Ալբանական" ժառանգությունը քարոզող հորինվածքի վերաբերյալ՝ փոխարինելու համար այն, ինչ համարվում է "հայկական" մշակութային ժառանգություն;   - առաջարկում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուսումնասիրել զարգացող հորինվածքը, որը քարոզում է "Կովկասյան ալբանացիների" ժառանգությունը, համոզվելու համար, որ այն չի շահարկվում կողմերից մեկի կողմից; Ատելության խոսքը վաղեմի խնդիր է երկու երկրներում, ինչպես նշում է Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովն իր զեկույցներում, մասնավորապես Ադրբեջանի վերաբերյալ, որը քննադատության է ենթարկվել նաև Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի հարցերով Խորհրդատվական կոմիտեի կողմից;   -Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով արվում են հայտարարություններ, որոնք շարունակում են անընդունելի ձևով ներկայացնել հայերին։ Այսպես կոչված, «Ռազմավարի պուրակը» Բաքվում լուրջ անհանգստություն է հարուցում, և Վեհաժողովը համարում է, որ ծաղրանկարված և կարծրատիպային մանեկենների օգտագործումը սաստկացնում է անհանդուրժողականության մակարդակը և տեղ չպետք է ունենա հասարակությունում կամ թանգարանում;   - Վեհաժողովը շարունակում է մնալ անհանգստացած և ազդված տարածաշրջան միջազգային կազմակերպությունների Լեռնային Ղարաբաղ այցելելու շարունակական խափանմամբ և կոչ է անում երկու կողմերին նպաստել նրանց մուտք գործելուն;   - Ուստի, Վեհաժողովը Նախարարների կոմիտեին առաջարկում է հետևել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2021 թվականի մարտի 16–ի Նախարարների կոմիտեին արված ծանուցմանը՝ հայ գերիների վերաբերյալ և նպաստել այս ընթացիկ հարցի լուծմանը»,-ասված է պատգամավորի գրառման մեջ։
22:06 - 27 սեպտեմբերի, 2021
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունները կփորձեն լուծել հիմնախնդիրները. ԵԽԽՎ նախագահ |armenpress.am|

Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունները կփորձեն լուծել հիմնախնդիրները. ԵԽԽՎ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունները կփորձեն լուծել հիմնախնդիրները, որոնցում Վրաստանը առաջնային դեր կխաղա: Ինչպես փոխանցել է 1tv.ge-ն, այդ մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դամսը, ով պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում:«Առաջին օրինակը, որը բոլորիդ համար կարևոր է, Վրաստանի տարածաշրջանային դիրքորոշումն է Ադրբեջանի ու Հայաստանի հետ: Մենք բոլորս համաձայն ենք, որ մենք նախաձեռնություն կձեռնարկենք, երբ պատվիրակությունը համալրվի խորհրդարանական պատվիրակություններին՝ խորհրդարանական դիվանագիտության համատեքստում միավորելու համար: Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունները կփորձեն լուծել այն խնդիրները, որոնցում Վրաստանը առաջնային դեր կխաղա», - ասել է Ռիկ Դամսը:
21:45 - 27 հուլիսի, 2021
ԵԽԽՎ պատվիրակության անդամները Փոլ Գավանին խնդրել են Բաքվում տեսակցել հայ գերիներին |armenpress.am|

ԵԽԽՎ պատվիրակության անդամները Փոլ Գավանին խնդրել են Բաքվում տեսակցել հայ գերիներին |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամները խնդրել են ԵԽԽՎ հատուկ զեկուցող Փոլ Գավանին Բաքվում տեսակցել հայ գերիներին: Այս մասին ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը: «Քանի որ առաջիկայում նախատեսվում է Փոլ Գավանի այցը Բաքու, մենք մեր հանդիպումների ժամանակ խնդրել ենք անպայման գնալ, այցելել է մեր գերիներին։ Նա նաև Հայաստանում հանդիպում է ունեցել գերիների հարազատների հետ, և նրանք տեղեկատվության են սպասում»,- նշեց Հայրապետյանը։ Պատգամավորի խոսքով` այդ կապը փորձում են մաքսիմալ պահել` անկախ նրանից, որ հաջորդ գումարման Ազգային ժողովում չեն լինի: «Մեր խնդիրն է, որպեսզի Գավանն այցելի գերիներին և տեղեկացնի՝ ինչ է կատարվում, այդ ինչ շինծու դատավարություններ են, ինչպես են այնտեղ մեր գերիները և նաև այդ տեղեկությունը փոխանցենք հարազատներին»,- եզրափակեց Հայրապետյանը:
15:51 - 30 հունիսի, 2021
ԵԽԽՎ-ի քաղաքական հանձնաժողովում բարձրաձայնվել է ադրբեջանցիների՝ հայկական տարածքներ ներխուժելու մասին հարցը. Իգիթյան |armtimes.com|

ԵԽԽՎ-ի քաղաքական հանձնաժողովում բարձրաձայնվել է ադրբեջանցիների՝ հայկական տարածքներ ներխուժելու մասին հարցը. Իգիթյան |armtimes.com|

armtimes.com: ԵԽԽՎ ԱԺ պատվիրակությունն այսօր ամփոփիչ մամուլի ասուլիսով հանդես եկավ, որի ընթացքում պատվիրակության անդամները ներկայացրեցին հիմնական այն թեմաները որոնք քննարկվել են ԵԽԽՎ-ի այս նստաշրջանում: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը նշեց, որ իրենք ներկայացրել են այն հարցերը, որոնք շատ կարևոր են ՀՀ-ի համար: «Մասնավորապես առաջին հերթին խոսել ենք ռազմագերիների խնդրից և դրա լուծման ուղղիներից, վերջին արտահերթ ընտրություններից, ակտիվ քննարկումներ ենք ունեցել հանձնաժողովներում, ազատ մամուլի մասին զեկույցում խոսել ենք Ադրբեջանում ընթացող բազմաթիվ սահմանափակումների մասին, որի հետևանքով այդ երկրում գեներացվում է ատելություն Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ»: ՀՀ-ի պատվիրակության մյուս անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն իր խոսքում ընդգծեց՝ ԵԽԽՎ-ում ընդհանուր մթնոլորտն ուղղված է այն խնդիրներին, որոնք հուզում են Հայաստանին: «Բոլոր զեկուցողները և բոլոր անդամները, բացառությամբ մեկ-երկու երկրների ներկայացուցիչների, գտնում են, որ առանց գերիների վերադարձի անհնար է առաջ շարժվել»: Իգթյանը նշեց, որ ԵԽԽՎ-ի քաղաքական հանձնաժողովում բարձրաձայնել է ադրբեջանցիների՝ հայկական տարածքներ ներխուժելու մասին հարցը. «Շատ կարևոր է, որ թե մեր, թե մեր այլ երկների գործընկերների ելույթներում բոլոր այն հարցերը, որոնք հուզում են մեր հասարակությանը, բարձրացվում են»: «Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր Սոս Ավետիսյանը, որը նույնպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ է, նշեց, որ զեկույցներից մեկը կորոնավիրուսին էր նվիրված: «Զեկույցում նշել ենք, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված Ադրբեջանի կողմից խախտվել է հրադադարը, պատերազմի հետևանքով խախտվել է երեխաների կրթության իրավունքը, քանի որ տասնյակ դպրոցներ են վնասվել, որոշները մնացել են օկուպացված տարածքներում»,-ասաց Ավետիսյանը:
14:29 - 30 հունիսի, 2021
Միայն կոնկրետ պատժամիջոցը կարող է Ալիևին ստիպել գերիների հարցով որևէ գործընթաց սկսել, այլապես իրենք դատելու են տղաներին․ Նաիրա Զոհրաբյան |tert.am|

Միայն կոնկրետ պատժամիջոցը կարող է Ալիևին ստիպել գերիների հարցով որևէ գործընթաց սկսել, այլապես իրենք դատելու են տղաներին․ Նաիրա Զոհրաբյան |tert.am|

tert.am: Եթե Ադրբեջանը ցանկություն ունենա մեր տղաներին վերադարձնելու, ապա այս դատավճիռները չեն կարող լուրջ խանգարող հանգամանք լինել։ Այս մասին ասաց Աժ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Բաքվում 14 հայ ռազմագերիների դատական գործընթացին։ Նա հիշեցրեց, որ Հայաստանում ցմահ ազատազրկման ենթարկված հանցագործներ վերադարձվեցին Ադրբեջանին պատերազմից հետ։ Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանը ընդհուպ արագացված ընթակարգերով է քննում մեր ռազմագերիների հարցը և նրանց հանդեպ մեղադրանքներ է ներկայացրել՝ 14–20 տարի ազատազրկման պահանջով։   Նա հայտնեց, որ այս օրերին Ստրասբուրգում էր և մեր ռազմագերիների հարցով տարբեր հանդիպումներ է ունեցել, անգամ քննարկում է ունեցել Ադրբեջանի պատվիարկության ղեկավարի հետ, ով մի քանի անգամ շեշտել է, որ Հայաստանի հետ երկխոսություն կարող է լինել գերիների հարցով, երբ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախի 75 տոկոսը և որ պետք է ամբողջ ականապատ քարտեզները վերադարձվեն։ «Միայն կոնկրետ պատժամիջոցը կարող է Ալիևին ստիպել այս խնդրում որևէ գործընթաց սկսել, այլապես իրենք դատելու են տղաներին։ Ադրբեջանի համար մեր ռազմագերիները ամենամեծ քաղաքական վալյուտան են և քանի դեռ Ադրբեջանը Հայաստանից կորզելիք ինչ–ինչ ակնկալիքներ ունի, դա կլինեն անկլավները, Ադրբեջանի տարածքային ամողջականության ճանաչելը ստիպելը, բնականաբար Ադրբեջանը շահարկելու է, պահելու է մեր ռազմագերիների հարցը։ Այստեղ ամեն ինչ կախված է Ռուսաստանից, միջազգային այն կառույցներից, ովքեր կարող են կոնկրետ պատժամիջոց կիրառել, և եթե կիրառեն, ապա ես կարծում եմ, որ հնարավոր կլինի Ադրբեջանին բերել քիչ թե շատ երկխոսության դաշտ, եթե ոչ, ապա մենք ունենալու ենք ամեն օր իրար հետևող դատավորություններ»,–ասաց նա և նկատեց, որ միջագային արժեքները վերջին տարիներին հարմարացվել են քաղաքական շահերին։
10:45 - 27 հունիսի, 2021
Ի՞նչ ակնկալել Ադրբեջանից, որն այսօր էլ ոտնձգություններ է կատարում  ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ․ այդ ինչպե՞ս է ստացվում,  որ այս ամենից հետո այդ պետությունը մնում է անպատիժ․ Մ․ Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում

Ի՞նչ ակնկալել Ադրբեջանից, որն այսօր էլ ոտնձգություններ է կատարում ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ․ այդ ինչպե՞ս է ստացվում, որ այս ամենից հետո այդ պետությունը մնում է անպատիժ․ Մ․ Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում

ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումարնիստում: Ելույթում, մասնավորապես, ասված է․ «Սիրելի' գործընկերներ, Covid-19 համավարակը լուրջ մարտահրավեր է աշխարհի բոլոր երկրների համար։ Շուրջ երկու տարի շարունակվող այս աղետը խարխլել է համաշխարհային տնտեսության հիմքերը, լուրջ հարվածներ հասցրել ոչ միայն առողջապահական համակարգին և բիզնեսին, այլև՝ հասարակության խոցելի խմբերին, խորացրել անհավասարությունները։   Համավարակի ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, որոնց հետ պետությունները նախկինում չէին առերեսվել։ Եվ այժմ, երբ երկրների մեծամասնությունը հաղթահարել է խիստ սահմանափակումների փուլը,  պետք է մտածել ոչ միայն մեր  տնտեսությունները վերականգնելու, այլև՝ դրանք վերակառուցելու մասին, որպեսզի ապագա մարտահրավերներին կարողանանք ավելի արդյունավետ դիմակայել։ Համավարակի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար պետք է մշակել հստակ ռազմավարություն՝ խուսափելով անցյալի սխալներից։ Միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը պետք է նպաստեն մարդկանց սոցիալական իրավունքների իրացմանը, վերացնեն անհավասարությունները, պաշտպանեն խոցելի խմբերի շահերը և կանխեն հետագա հնարավոր ճգնաժամերի ժամանակ իրավիճակի սրացումները։ Քննարկվող նախագիծը կարևոր  հատկապես նրանով, որ կոչ է անում միավորել մեր ջանքերն ու հնարավորությունները, միասին հաղթահարել  կյանքի բնականոն ընթացքը խաթարած այս ճգնաժամը։ Ցավալի է սակայն արձանագրել այն փաստը, որ մեր կառույցին անդամակցող որոշ երկրներ  հակառակն են անում՝ իրավիճակն օգտագործելով իրենց ռազմատենչ նկրտումներն իրագործելու համար։ Ի՞նչ աջակցություն կարելի է ակնկալել Ադրբեջանի և Թուրքիայի պես երկրներից, որոնք   համավարակի օրերին սանձազերծեցին 44-օրյա արցախյան պատերազմը՝ ներգրավելով վարձկանների, խաղաղ հայ բնակչության դեմ օգտագործելով արգելված զինատեսակներ։ Ի՞նչ ակնկալել Ադրբեջանից, որն այսօր էլ ոտնձգություններ է կատարում  ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ։ Եվ հարց եմ տալիս՝ այդ ինչպե՞ս է ստացվում,  որ այս ամենից հետո այդ պետությունները մնում են անպատժելի։ Իսկ այժմ, նոյեմբերի 10-ից սկսած, անցել է ավելի քան 7 ամիս, իսկ Ադրբեջանն իր մոտ է պահում ավելի քան 200 հայ ռազմագերի: Հիմա ո՞ր դարն է: Եվ ժամանակակից աշխարհում ցուցաբերել այս որակի հանցագործություն, կարծում եմ՝ վեր է բոլոր, բոլոր ընդունված և չընդունված նորմերից: Երևի նրանք ուզում են, որ մեր սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորներին էլ մենք գերի վերցնենք և հետո փոխանակենք: Եթե դա եք ուզում, ասե՛ք: Հիմա, Եվրոպա, նրանք ներխուժել են Եվրոպայի խորհրդի անդամ պետության սուվերեն տարածք: Ի՞նչ կասեք: Կամ ի՞նչ կանեք: Մի՛ ուշացրեք ձեր առաջարկը: Գործեք տղամարդավարի, եթե կարող եք: Եվրոպա, որոշումները պետք է լինեն դիպուկ, օպերատիվ և հասցեական: Ձեր գործող ընթացակարգերն այլևս չեն սպասարկում էքստրեմալ իրադրությունները, որոնցից մեկն էլ հայ-ադրբեջանական սահմանին կատարվողն է: Արագ դա փոխեք»:
11:59 - 23 հունիսի, 2021
Ադրբեջանը fake news-ով մեծացրեց մի ամբողջ հայատյաց և մարդասպան սերունդ․ Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում

Ադրբեջանը fake news-ով մեծացրեց մի ամբողջ հայատյաց և մարդասպան սերունդ․ Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում

Այսօր ԵԽԽՎ-ում քննարկվել է մեդիա ազատության և քաղաքացու ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքի հարցը։ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է fake news-երով ատելության, թշնամանքի քարոզով հանրային կարծիքը մանիպուլացնելու մասին, որպես օրինակ բերելով ԵԽ անդամ Ադրբեջանը, որտեղ հայի հանդեպ ատելության և թշնամանքի տարածման առաջնագծում ադրբեջանական մեդիան էր։ Զոհրաբյանը  կոչ է արել շատ ավելի խիստ օրենսդրական կարգավորումներ սահմանել ԵԽ անդամ երկրներում fake news-երով ատելության և թշնամանքի տոտալ քարոզի համար՝ ատելությունն ու ազգամիջյան թշնամանքի հրահրումը համարելով Եվրոպայի լրջագույն մարտահրավերներից  մեկը։ Իր ելույթում Զոհրաբյանն ասել է․   «Հարգելի գործընկերներ, Այսօր մենք անչափ կարևոր զեկույց ենք քննարկում՝ լրատվամիջոցների ազատության և քաղաքացու՝ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքի մասին։ Այո, տեղեկատվական մեր աշխարհում լրատվամիջոցը շատ դեպքերում ավելին է, քան ամենահզոր զենքը։ Եվ ահա եվրոպական մեր ընտանիքում կա մի երկիր, որի լրատվական դաշտի ամենահպանցիկ մոնիթորինգ անգամ զարհուրելի է։ Երբ այդ երկրի՝ Ադրբեջանի ղեկավարը խոսում է արցախյան վերջին պատերազմում իրենց հաղթանակի պատճառների մասին ու նշում, որ իրենք հաղթել են, որովհետև կարողացել են կրթել հայի հանդեպ ատելությամբ և թշնամանքով մեծացած սերունդ, նա ճիշտ է և այդ գործում իրենց անուրանալի ավանդն են ունեցել ադրբեջանական մեդիաները, որոնք քարոզել և շարունակում են քարոզել հայատյացություն, բռնություն,  ատելություն  և կեղծիք։ Երբ ադրբեջանցի քաղաքական գործիչը հայտարարում է, որ հային պետք է սպանել Ղարաբաղում և ադրբեջանական ողջ մեդիա ռեսուրսը դա տարածում է, երբ 13-ամյա ադրբեջանուհին հայտարարում է, որ ինքը ուզում է դառնալ դիպուկահար, որ հային սպանի և դա դառնում է այդ երկրի մեդիայի թոփ թեման, մենք ունենում ենք այն զարհուրելի պատկերը, ինչը ունեցանք 44-օրյա արյունալի պատերազմի ժամանակ ու նաև հետո՝ վայրագություններ, սուտ, կեղծիք և լրատվական մանիուպլյացիաներ։     Այս օրերին Ադրբեջանում ընթանում է հայ զինվորների դատավարությունը, որոնց Ադրբեջանը ներկայացնում է  որպես ահաբեկիչներ և դիվերսանտներ ու ադրբեջանական ողջ մեդիան լցված է այդ անբարո դատական նիստերի կեղծիքն ու ապատեղեկատվություն տարածելով, ու հիմա մենք ի՞նչ ճշգրիտ տեղեկատվության և հասարակությանը fake news-ից պաշտպանելու  մասին ենք խոսում։ Այսօր, ազատ լրատվական հոսքերի մեր օրերում, եթե մենք չկարողանանք պաշտպանել մեր հասարակությունները fake news-երից, որոնք հատկապես տոտալիտար երկրներում հասարակությունները սնում են ռասիզմով, անհանդուրժողականությամբ և ստով, արդյունքում մենք ստանալու ենք Ադրբեջան, որտեղ մեդիա դաշտն ամեն օր ողողված է հայ ռազմագերիներին խոշտանգող և նվաստացնող տեսանյութերով և այդ ամենը ողջունող  հանրային կարծիքով»։
11:52 - 23 հունիսի, 2021
Մինչ աշխարհը պայքարում էր Covid-ի դեմ, Արցախում երեխաները թաքնվում էին ապաստարանում. պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում

Մինչ աշխարհը պայքարում էր Covid-ի դեմ, Արցախում երեխաները թաքնվում էին ապաստարանում. պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կրկին եվրոպացի գործընկերների ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ավերածությունների վրա՝ հիշեցնելով, որ մինչ միջազգային հանրությունը կոչ էր անում պայքարել համավարակի դեմ, Արցախում մարդիկ հարկադրված էին պայքարել ադրբեջանական ագրեսիայի դեմ: Պատգամավորը ելույթը սկսել է՝ հիշեցնելով. «Մինչ աշխարհը պայքարում էր համավարակի դեմ, Արցախում երեխաները թաքնվում էին ապաստարաններում»:    Հայրապետյանը մեջբերել է նրանցից մեկի՝ 8-ամյա Մերիի խոսքը. «Բախտներս բերեց, որ կիրակի էր, թե չէ որ գնայինք դպրոց, շատ վատ կլիներ..., քանի որ, եթե դպրոց գնացած լինեինք, դժվար թե կենդանի մնայինք...»: Նա շեշտել է, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, որն ակնհայտ աջակցություն էր ստացել Թուրքիայի կողմից, բազմաթիվ վիրավորներ բժշկական օգնության կարիք ունեին, ինչի հետևանքով Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերը հայտնվեցին աննախադեպ ճնշման տակ: «Սա հարկադրեց COVID–19-ի բուժման հարցով մասնագիտացված կենտրոններին վերափոխվել և հարմարվել նոր իրավիճակին: 150 000 բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղում, մինչև Ադրբեջանի հարձակումը, կորոնավիրուսով 300 հիվանդ էր բուժում ստանում, սակայն բազմաթիվ ավերածությունների և տեղահանության հետևանքով անհնար դարձավ հետագայում վիճակագրություն ունենալ համավարակի վերաբերյալ: Բացի այդ, բազմաթիվ մարդկանց առկայությունն ապաստարաններում համավարակի տարածումը դարձրեց անկառավարելի»,- ասել է Հայրապետյանը: Նա հիշեցրել է՝ Ժնևի կոնվենցիաներին կից Արձանագրություն 1-ի 77-րդ արձանագրության համաձայն՝ «Երեխաներն օգտվում են հատուկ հարգանքից, և ապահովվում է նրանց պաշտպանությունը ամեն կարգի անվայելուչ ոտնձգություններից...», սակայն դա ընդհանրապես կիրառություն չունեցավ Արցախում տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ժամանակ: Պատգամավորը շեշտել է, որ պատերազմի հետևանքով երեխաները տուժել են ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես, նրանցից շատերը կորցրել են իրենց ծնողներին, իրենց տունը, նորմալ կյանքը և հարկադրված էին նայել մահվան աչքերին: Հայրապետյանը ներկայացրել է մի կարճ վիճակագրություն: «Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում 71 դպրոց և 14 մանկապարտեզ ավերվել են: Համավարակով ուղեկցվող ագրեսիայի հետևանքով ավելի քան 8 000 աշակերտ զրկվել է կրթություն ստանալու իրավունքից: Այսպիսով, համավարակով ուղեկցվող ագրեսիան կործանել է Արցախում և Հայաստանում ապրող բազմաթիվ երեխաների կյանքեր՝ ստեղծելով բազմաթիվ առողջական և հոգեբանական խնդիրներ ամբողջ կյանքի համար: Շնորհակալ եմ կարևոր զեկույցի համար, ես անհրաժեշտ համարեցի, որ ևս մեկ անգամ բոլորս ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ մինչ միջազգային ամբողջ հանրությունը կոչ էր անում պայքարել համավարակի դեմ, Արցախում մարդիկ հարկադրված էին պայքարել ադրբեջանական ագրեսիայի դեմ»,-նշել է Հայրապետյանը:
11:32 - 23 հունիսի, 2021