ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Հայաստանը վերածում են հավաքական Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ ՌԴ ԱԳՆ
 |arm.sputniknews.ru|

Հայաստանը վերածում են հավաքական Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ ՌԴ ԱԳՆ |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Հայաստանն ամբողջ աշխարհի աչքի առաջ վերածում են հավաքական Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի, որոնք լիովին հակասում են հայ ժողովրդի արմատական շահերին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվող Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լյայեն եռակողմ հանդիպումը։ Նրա խոսքով՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման նման միջոցառումները Ռուսաստանում մտահոգիչ են, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները ՌԴ գործընկերներին ուղիղ ասում են, որ իրենց հիմնական ուղղվածությունը բացառապես Ռուսաստանի դեմ է։ Ըստ Զախարովայի՝ Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևականորեն տարակուսում են, թե ինչու է այս հանդիպումը շատերի մոտ անհանգստություն առաջացնում և պնդում են, թե այն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ։ «Նման հանդիպումներն անհանգստություն են առաջացնում տարածաշրջանի երկրների մեծ մասի մոտ, քանի որ ուղղված են ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերմանը, այլև Արևմուտքի՝ իր խիստ ապակառուցողական մոտեցումներով դեպի Հարավային Կովկաս հետագա ներթափանցմանը, այնտեղ նոր բաժանարար գծերի ստեղծմանը, տարածաշրջանի երկրներին հակառուսական օրակարգին հետևելուն հարկադրելուն, Մոսկվայի հետ նրանց դարավոր կապերի խզմանը, տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության գործող մեխանիզմների խարխլմանը»,- ասել է Զախարովան։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի մոտ նաև հարց է առաջանում՝ ինչու է պաշտոնական Երևանը ձևացնում, թե չի հասկանում` ինչի մասին է խոսքը։ Նշենք, որ մարտի 27-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը մեկնաբանել էր Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված բարձր մակարդակի եռակողմ հանդիպումը։ Նա նշել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել: Նախատեսվող հանդիպմանն ու Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությանն էր անդրադարձել նաև ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը: Վաշինգտոնը համաձայն չէ Ադրբեջանի հայտարարությունների հետ, թե ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպումը կարող է հանգեցնել էսկալացիայի:Ադրբեջանի ԱԳՆ-ն առաջիկա հանդիպման վերաբերյալ հայտարարել էր, որ ԵՄ-ի, Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ խորհրդաժողովը ակնհայտորեն միակողմանի է և կողմնակալ, հիմնված է երկակի ստանդարտների վրա, նոր բաժանարար գծեր է ստեղծում տարածաշրջանում: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հավելել են, որ նման հանդիպումները կարող են ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։
12:46 - 28 մարտի, 2024
Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ պատասխանը Ադրբեջանի հայտարարություններին
 |armenpress.am|

Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ պատասխանը Ադրբեջանի հայտարարություններին |armenpress.am|

armenpress.am: Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել:   «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան` այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։  - Ադրբեջանական կողմն, անդրադառնալով Հայաստան-ԵՄ-ԱՄՆ սպասվող հանդիպմանը, նշում է, որ այն ներառական չէ, ինչպես նաև կարող է դրդել Հայաստանին ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։ - Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել:   Ինչ վերաբերում է տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու, բանակցային գործընթացում հայկական կողմի կառուցողական չլինելու մասին Ադրբեջանի մեղադրանքներին, թույլ տվեք ևս մեկ անգամ վերահաստատել, որ Հայաստանը պատրաստ է  Ադրբեջանի հետ արդեն իսկ համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը, սահմանների սահմանազատման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման: Խոսքը, հիշեցնենք, հետևյալ երեք սկզբունքների մասին է. ա) Հայաստանը և Ադրբեջանը միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությանը փոխադարձաբար ճանաչում են 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Այս սկզբունքը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվել է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, ապա վերահաստատվել է 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: բ) Երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացում են Ալմա-Աթայի հռչակագրի հենքի վրա: Այս սկզբունքը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվել է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, ապա վերահաստատվել է 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Սա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման պիտի ստեղծվի, այլ պետք է գետնի վրա վերարտադրվեն այն սահմանները, որոնք ԽՍՀՄ շրջանակներում դե յուրե գոյություն են ունեցել 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունելու պահին: Սահմանագծի վերարտադրությունից հետո դե յուրե յուրաքանչյուր երկրին պատկանող տարածքները պետք է լինեն այդ երկրի վերահսկողության ներքո:  գ) Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում՝ դրանց անցման երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ՝ հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա: Այս սկզբունքը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվել է 2023թ. հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Խնդրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունն իր պատրաստակամությունն արտահայտել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը լայն ընդունելություն է գտել միջազգային հանրության կողմից: Ցավոք, ադրբեջանական կողմը տարբեր արհեստածին պատրվակներով ձգձգում և խաթարում է խաղաղության գործընթացը, այդ թվում շարունակաբար մերժելով ԵՄ և ԱՄՆ կողմից արվող միջնորդական առաջարկները։ Ներառականության վերաբերյալ դժգոհելու փոխարեն Ադրբեջանը կարող է ի վերջո ընդունել ԱԳ նախարարների մակարդակով Վաշինգտոնում, իսկ երկրների ղեկավարների մակարդակով Բրյուսելում հանդիպելու առաջարկները։ Տեղին է թերևս նաև հիշատակել Ադրբեջանի կողմից շարունակվող գործողությունները, տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու, ներառականության սկզբունքն ամեն կերպ խաթարելու ջանքերը, ինչի վառ օրինակ է Սևծովյան ստորջրյա էլեկտրական մալուխ ծրագրին Հայաստանի մասնակցության խոչընդոտումը։  - Ի՞նչ ակնկալիքներ ունի հայկական կողմն ապրիլի 5-ին սպասվող Հայաստան-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպումից։ - Հանդիպումն արժեքավոր հնարավորություն է քննարկելու Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգերին, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր։ Ակնկալում ենք բովանդակային քննարկումներ ունենալ մեր միջև առկա քաղաքական երկխոսության, տնտեսական, էներգետիկ ոլորտներում ՀՀ կարողությունների զարգացման, Հայաստանի առջև ծառացած հումանիտար խնդիրների հասցեագրման շուրջ։ Բարձր մակարդակի հանդիպումը միտված է առկա հարաբերությունների զարգացմանը և խորացմանը և կապված չէ երրորդ երկրների հետ։ Որևէ մեկի դեմ դրա ուղղված լինելու մասին պնդումները անտեղին, անհիմն և արհեստածին են։ 
22:01 - 27 մարտի, 2024
Բաքուն Վաշինգտոնին և Բրյուսելին մեղադրել է «հայամետ» դիրքորոշման համար
 |civilnet.am|

Բաքուն Վաշինգտոնին և Բրյուսելին մեղադրել է «հայամետ» դիրքորոշման համար |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է՝ «եթե Հայաստանը որևէ ապակայունացնող քայլի դիմի, Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները կկիսեն պատասխանատվությունը»։ Բաքվի կողմից նման հայտարարության առիթ է հանդիսացել 2024-ի ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվող եռակողմ հանդիպումը, որը տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի մասնակցությամբ։ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը պնդել է, որ Վաշինգտոնի և Բրյուսելի «հայամետ» կեցվածքը կարող է Հայաստանի մոտ թյուր պատկերացումներ ստեղծել, թե Եվրամիությունն ու Միացյալ Նահանգների կարող են նրան օգնել Ադրբեջանի դեմ պայքարում։ «Այն ժամանակամիջոցնում, երբ միջազգային իրավունքի և սկզբունքների հիման վրա աննախադեպ հնարավորություն է ստեղծվել խաղաղության, կայունության և անվտանգության համար, ևս մենակ անգամ կոչ ենք անում բոլոր երկրներին զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող ենք խաղաղության ջանքերին հակասել և տարածաշրջանում նոր էսկալացիայի ու լարվածության պաատճառ հանդիսանալ»,- ասված է այդ երկրի արտգործնախարարության մարտի 27-ին տարածած հայտարարությունում։
11:12 - 27 մարտի, 2024
Եվրամիություն-Հայաստան հարաբերություններն անշեղորեն և դինամիկ զարգանում են. ՀՀ նախագահը՝ ԵՄ պատվիրակության ղեկավարին

Եվրամիություն-Հայաստան հարաբերություններն անշեղորեն և դինամիկ զարգանում են. ՀՀ նախագահը՝ ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին: Ողջունելով հյուրին՝ նախագահը շեշտել է, որ Եվրամիություն-Հայաստան հարաբերություններն անշեղորեն և դինամիկ զարգանում են: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վասիլիս Մարագոսը նշել է, որ իր բոլոր ջանքերը ներդնում է ԵՄ-Հայաստան գործընկերության ամրապնդման և ընդլայնման գործին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրամիության հետ համատեղ իրականացվող տարբեր ոլորտային ծրագրերի և նախաձեռնությունների ընթացքի վերաբերյալ օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել էներգետիկայի, կրթության, տնտեսության և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի կյանքի կոչման հեռանկարներին։ ԵՄ պատվիրակության ղեկավարը Հանրապետության նախագահին մանրամասներ է ներկայացրել առաջիկայում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների ծրագրի վերաբերյալ: Երկուստեք կարևորվել են վերջին տարիներին նաև Եվրամիության աջակցությամբ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ արվող բարեփոխումները: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար և սոցիալական խնդիրների համալիր լուծման հնարավորություններին և ուղղություններին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության դերակատարության վերաբերյալ, որն իր կարևոր դրական ազդեցությունն ունի սահմանային լարվածության նվազման գործում:
18:13 - 26 մարտի, 2024
«Նշված գյուղերը տարածքային վեճի առարկա չեն»․ Բաքուն քննադատել է Կլաարի հայտարարությունը
 |azatutyun.am|

«Նշված գյուղերը տարածքային վեճի առարկա չեն»․ Բաքուն քննադատել է Կլաարի հայտարարությունը |azatutyun.am|

azatutyun.am: Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը «չարիք է տեսնում միայն ադրբեջանական գյուղերի վերադարձի մասին օրինական դիսկուրսի մեջ»՝ ամբողջովին անտեսելով «հայկական մամուլում ապօրինի օկուպացիայի շարունակման պայքարի կոչերը», հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Տոյվո Կլաարի երեկվա հայտարարությանը։ ԵՄ ներկայացուցիչն անընդունելի էր համարել ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքները։ Կլաարը չի նշել, թե կոնկրետ ինչ սպառնալիքների մասին է խոսքը, միայն պնդել է, որ «սահմանների սահմանազատման վերաբերյալ իրական բանակցություններ են անհրաժեշտ, և բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և համաձայնեցված գործընթացի շրջանակներում»։ Հաջիզադեն այսօր ընդգծել է, թե «նշված գյուղերը տարածքային վեճի առարկա չեն»։
10:36 - 26 մարտի, 2024
Հայաստանը սատարել և սատարում է ԵՄ-ին անդամագրվելու Վրաստանի ձգտումներին․ վարչապետ
 |armenpress.am|

Հայաստանը սատարել և սատարում է ԵՄ-ին անդամագրվելու Վրաստանի ձգտումներին․ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ոգևորությամբ են արձագանքել Վրաստանի՝ Եվրամիության անդամության պաշտոնական թեկնածու դառնալու լուրին՝ տեղի ունեցածը համարելով կարևոր իրադարձություն։ Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո հայտարարության ժամանակ։ Նախորդ տարեվերջին Վրաստանը ձեռք է բերել ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ։ «Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում ոգևորությամբ են արձագանքել այդ լուրին՝ տեղի ունեցածը համարելով կարևոր իրադարձություն, որն անմիջական ազդեցություն է ունենալու ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ նաև Հայաստան–Վրաստան երկկողմ հարաբերությունների վրա։ Հայաստանի Հանրապետությունը սատարել և սատարում է Եվրամիությանն անդամագրվելու Վրաստանի ձգտումներին»,–ասաց Փաշինյանը։
15:41 - 25 մարտի, 2024
Ֆոն դեր Լայենը և Բորելը դատապարտել են Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությունը
 |1lurer.am|

Ֆոն դեր Լայենը և Բորելը դատապարտել են Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությունը |1lurer.am|

1lurer.am: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցավակցություն են հայտնել և դատապարտել են Մոսկվայի մարզում գտնվող «Կրոկուս սիթի հոլ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունը։ «Ահաբեկչությունը կրկին թիրախավորել է անպաշտպան մարդկանց։ Միջազգային հանրությունը պետք է ամուր համախմբվածություն պահպանի ահաբեկչության նման արհավիրքի դեմ պայքարում»,- գրել է Բորելը։ Հիշեցնենք, որ մարտի 23-ին ահաբեկչություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում: Կան զոհեր եւ վիրավորներ։ Շենքում հնչած կրակոցներից հետո նռնակ կամ հրկիզող նռնակներ են նետվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել եւ մարդիկ մնացել են շենքում արգելափակված։ Ժամեր շարունակ փրկարարները աշխատել են հրդեհը մարելու եւ մարդկանց տարհանելու ուղղությամբ։ 
17:55 - 23 մարտի, 2024
Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը

Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը

Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ, ընդգծվել է 2023 թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար ածման կարևորությունը: Ըստ որոնց՝ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանական Հանրապետությունը 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում կիրականացվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, տարածաշրջանային ենթակառուցվածքների բացումը տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության, իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքներով: ՀՀ վարչապետը վերահաստատել է ՀՀ կառավարության հավատարմությունը նշված պայմանավորվածություններին և ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
16:59 - 21 մարտի, 2024
Մենք ծափահարում ենք ԵՄ-ին և անհամբերությամբ սպասում թարմացված գործընկերության առաջնահերթություններին. Ալեն Սիմոնյան

Մենք ծափահարում ենք ԵՄ-ին և անհամբերությամբ սպասում թարմացված գործընկերության առաջնահերթություններին. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում: Ելույթում ասվում է. «Կցանկանայի խոսքս սկսել՝ շնորհակալություն հայտնելով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նախորդ նստաշրջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով առաջացած մարդասիրական հարցերի վերաբերյալ ընդունված բանաձեւի համար, որը, ի թիվս այլ հարցերի, անդրադառնում էր նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակմանը, անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանն ու տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանության նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելուն: Անցյալ տարի սեպտեմբերին, երեք օրվա ընթացքում, մենք ականատես եղանք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ամբողջական էթնիկ զտմանը, երբ նրանք ստիպողաբար լքեցին իրենց պատմական հայրենիքը: Միայն թե աշխարհը հետեւողական լիներ Հայաստանի զգուշացումներին առ այն, որ Ադրբեջանի ռազմատենչ, հակահայկական հռետորաբանությունը, Լաչինի միջանցքի շրջափակումն այս ողբերգության նախերգանքն էին, այն հնարավոր կլիներ կանխել: Այսպիսի աշխարահաքաղաքական զարգացումները եւս մեկ անգամ ի ցույց են դնում այն մարտահրավերները, որոնց բախվում է ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում: Համախմբվածությունը՝ ի պաշտպանություն համընդհանուր արժեքների, օրվա հրամայական է. մարդու իրավունքները պետք է հարգվեն, առավելապաշտությունը պետք է մերժվի, ջանքերը պետք է ուղղվեն համաշխարհային խաղաղությանն ու կայունությանը: Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանումից հետո մեր կառավարությունը կենտրոնացրել է իր ջանքերը՝ հոգալու ավելի քան 100.000 փախստականների մարդասիրական կարիքները: Այս առումով, ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Եվրամիությանը եւ ԵՄ անդամ պետություններին բռնի տեղահանվածների առաջնային կարիքները հասցեագրելու համար տրամադրված մարդասիրական օժանդակության համար: Անկասկած, շարունակական աջակցություն է անհրաժեշտ՝  օգնելու այս մարդկանց վերակառուցելու իրենց կյանքը, եւ մենք լիահույս ենք, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել՝ կյանքի կոչելու սոցիալական այն ծրագրերը, որ մշակվել են Հայաստանի կառավարության կողմից՝ բռնի տեղահանվածներին կացարանով եւ աշխատանքով ապահովելու նպատակով: Չնայած անվտանգության մարտահրավերներին, որոնց Հայաստանը առերեսվել է վերջին ամիսներին՝ մենք հաստատակամ ենք մեր վճռականության մեջ՝ կառուցելու մի հասարակություն, որը լիովին կարտացոլի մեր արժեքները. արժեքներ, որոնք մենք կիսում ենք ԵՄ-ի հետ: Մենք ծափահարում ենք ԵՄ-ին մեր համագործակցությունը խորացնելու հանձնառության համար եւ անհամբերությամբ սպասում թարմացված գործընկերության առաջնահերթություններին, որոնք կարտացոլեն մեր համատեղ մոտեցումները: Ցանկանում եմ հղում կատարել Հայաստանի Հանրապետության  վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատմական հայտարարությանը, ով 2023 թվականի հոկտեմբերին հստակ բարձրաձայնել է Հայաստանի մտադրությունն էլ ավելի մոտենալու ԵՄ-ին: Այս համատեքստում, մենք դիտարկում ենք Արեւելյան գործընկերությունը, որ խթանել է ավելի սերտ համագործակցություն լայն օրակարգով՝ որպես ամուր հիմք Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար: Արեւելյան գործընկերությունը հսկայական ներդրում է ունեցել իմ երկրում ժողովրդավարության զարգացման գործում, որը միանշանակորեն ընտրել է ժողովրդավարացման եւ բարեփոխումների ուղին: Հայաստանը հաստատակամ է շարունակելու այս ճանապարհը Եվրամիության աջակցությամբ: Հայաստանը մնում է հանձնառու տարածաշրջանում կայուն եւ արժանապատիվ խաղաղություն ստեղծելուն: Թույլ տվեք օգտվել այս պահից եւ շնորհակալություն հայտնել ԵՄ խորհրդին՝ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում տեղակայելու եւ հետագայում ընդլայնելու համար: ԵՄ-ի առաքելության տեղակայմամբ Հայաստանում բարելավվել է անվտանգային իրավիճակը երկրի սահմանամերձ շրջաններում: Մենք անհամբերությամբ ենք սպասում մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելուն՝ որպես Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մաս: Սա կլինի Հայաստան-ԵՄ համագործակցության հերթական շրջադարձային քայլը, որը, մարդկանց միջեւ շփումները խթանելուն զուգահեռ, շատ կարեւոր քաղաքական ուղերձ կհղի Հայաստանի ժողովրդին: Հարգելի՛ գործընկերներ, տարածաշրջանային անվտանգությունն ու Հայաստանի պաշտպանողական կարողությունները զարգացնելն ու  դիվերսիֆիկացնելը մնում են առաջնահերթություն մեզ համար: Այս առումով մենք կարեւորում ենք խաղաղության եվրոպական գործիքի միջոցով Հայաստանին աջակցության տրամադրումը, միաժամանակ մենք աջակցություն ենք փնտրում ԵՄ անդամ բոլոր պետություններից: Խոսքիս ավարտին ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Եվրախորհրդարանին՝ Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ ավելի սերտ հարաբերությունների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ  ընդունած վերջին բանաձեւի համար: Սա եւս մեկ վառ ապացույց է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ առկա բարձր մակարդակի ներգրավվածության, որի հիմքում ընկած է համատեղ լայնամասշտաբ տեսլական, որն իր հերթին արտացոլում է նաեւ հայ ժողովրդի կամքն ու ձգտումները: Շնորհակալություն»:
13:55 - 21 մարտի, 2024
Մեզ որևէ մեկը չի առաջարկել ԵՄ անդամության թեկնածություն, եկեք չմոլորեցնենք հասարակությանը․ Աննա Մկրտչյան
 |civilnet.am|

Մեզ որևէ մեկը չի առաջարկել ԵՄ անդամության թեկնածություն, եկեք չմոլորեցնենք հասարակությանը․ Աննա Մկրտչյան |civilnet.am|

<dicivilnet.am: v class="entry-content"> Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը կարծում է, որ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, մոլորեցնում է հասարակությանը։ Այդ մասին նա ասել է մարտի 21-ի ճեպազրույցին՝ անդրադառնալով Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների ներկա կարգավիճակին ու խորացման հեռանկարներին։ «Նիկոլ Փաշինյանի օրակարգային շեղումների հերթական մեկնաբանությունը պետք է երևակայական դաշտից դուրս բերենք․ մեզ որևէ մեկը չի առաջարկել ԵՄ անդամության թեկնածություն․ եկեք չմոլորեցնենք հասարակությանը, նման առաջարկ մեզ չի արվել։ Այդպիսի առաջարկի ժամկետների մասին անգամ չի խոսվում»,- նշեց նա՝ հավելելով, որ իշխանական շրջանակներում հասարակությանը փորձում են խաբել՝ «պայծառ ապագայի սպասումով»։ Խոսելով՝ Հայաստանի սահմանին Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեության մասին, նա նշեց, որ նախքան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը Հայաստանը կարողացել է պաշտպանել իր սահմանները։ Եվրախորհրդարանը մարտի 12-ին ընդունած բանաձևով առաջարկել է ԵՄ գործադիր մարմիններին՝ Եվրոպական հանձնաժողովին և Խորհրդին, դիտարկել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը։ «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք լինել ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»,- ասված է բանաձևում։ Եվրախորհրդարանը Եվրոպական հանձնաժողովին և Խորհրդին կոչ է անում ակտիվ աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման հարցում՝ ոչ միայն տնտեսական գործընկերության, այլև մարդկանց միջև շփումների, անվտանգության, քաղաքական երկխոսության ոլորտներում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Եվրախորհրդարանի բանաձևը և ասել, որ ԵՄ-ի անդամության թեկնածությունը «պետք է հանրային քննարկման առարկա դառնա»։ 2023-ի հոկտեմբերին Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այքնան, որքան Եվրամիությունը հնարավոր կհամարի: Նախորդ շաբաթ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ասել էր, որ Հայաստանը քննարկում է Եվրամիության անդամակցության հարցը։
11:48 - 21 մարտի, 2024
ԵՄ առաքելությունը Հայաստանում լրտեսում է Ռուսաստանին, Իրանին եւ Ադրբեջանին. Զախարովա
 |news.am|

ԵՄ առաքելությունը Հայաստանում լրտեսում է Ռուսաստանին, Իրանին եւ Ադրբեջանին. Զախարովա |news.am|

news.am: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացի դրական դինամիկան նկատվել է այն ժամանակ, երբ ակտիվ կերպով կատարվել են բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունները, երբ իրականացվել են կանոնավոր շփումներ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձեւաչափով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ դա չի նշանակում, որ չկան այլ տեսական հնարավորություններ։ Սակայն հենց այդ ժամանակ է եղել դինամիկա՝ կապված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման եւ այն ձեւաչափերի հետ, որոնք թելադրվել են դրանցով։ Զախարովան նշել է, որ ավելի ուշ  տարածաշրջանի գործերին սկսեց միջամտել Արեւմուտքը, որը պարզապես ցանկանում էր իրենով անել օրակարգը։ «Նրանց հանգիստ չէր տալիս այն, որ իրավիճակը մտնում է խաղաղ հուն, որ կա միջազգային-իրավական չափում, որ երկրները պայմանավորվում են առանց որեւէ ագրեսիայի, չարացածության, չնայած շատ ծանր անցյալին, բայց խաղաղ ապագայի հստակ պլան ունենալով, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Դա նշանակում էր օրակարգի զավթում։ Հենց Արեւմուտքը Հայաստանին պարտադրեց Ղարաբաղի իր ձեւը՝ մոռանալով տեղի հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության պահպանման անհրաժեշտության մասին։ Դա հանգեցրեց տարածաշրջանում լրացուցիչ խնդրի ստեղծման»,- ասել է Զախարովան։ Նա նշել է, որ արեւմտյան վարչակարգերն են հարկադրում Երեւանին միակողմ որոշումներ կայացնել վիճելի տարածքային հարցերում երկու երկրների սահմանին, ինչպես նաեւ Հայաստանին դրդում են, որպեսզի փլուզեն դրական միտումները Բաքվի հետ շփումներում  եւ Մոսկվայի հետ հարաբերություններում։ «Մենք Երեւանի հետ ունեցել ենք հարաբերություններ, ունենք այդ հարաբերությունները, եւ ես անկեղծորեն համոզված եմ, որ այսուհետ էլ զարգանալու են դաշնակցային ուղիով»,- ասել է նա։ Զախարովան հայտնել է, որ ԵՄ առաքելությունը Հայաստանի տարածքում լրտեսում է Ռուսաստանին, Իրանին, Ադրբեջանին, ինչը փաստագրական հիմք ունի։ Նա չի բացառել, որ դա կարող է հանգեցնել անշրջելի հետեւանքների տարածաշրջանում։
17:24 - 20 մարտի, 2024
ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմումը, ՌԴ հետ հարաբերությունների խզման համատեքստում կարող է առաջացնել լրջագույն ռիսկեր. ՀԱԿ

ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմումը, ՌԴ հետ հարաբերությունների խզման համատեքստում կարող է առաջացնել լրջագույն ռիսկեր. ՀԱԿ

Մարտի 12-ին Եվրոպական Միության խորհրդարանը ընդունել է Եվրոպական Հանձնաժողովի համար պարտադիր ուժ չունեցող բանաձեւ, հայտարարելով, որ «եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ֊Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»։ Արձագանքելով ընդունված բանաձեւին, վարչապետ Փաշինյանը հայտարարել է. «Հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, հանրության տարբեր շերտեր, քաղաքացիներ վերաբերմունք կարտահայտեն Եվրոպական խորհրդարանից հնչող այս ուղերձի վերաբերյալ…» Հաշվի առնելով, որ Փաշինյանը դիմում է Հայաստանի քաղաքական ուժերին՝ հարցի մասին դիրքորոշում հայտնելու ակնկալիքով, Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է. Վերջին շրջանում Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ վտանգավոր աստիճանի ահագնացող հակամարտությունը սպառնում է համաշխարհային եւ տարածաշրջանային անվտանգությանը, խարխլում է առանց այդ էլ հակամարտությունների կարգավորման համար անբավարար ուժ ունեցող միջազգային իրավունքը եւ նրա համաշխարհային ինստիտուտների արդյունավետությունը, ինչը՝ գումարած Հայաստանի իշխանությունների անխոհեմ քաղաքականությանը, առաջացրել է աննախադեպ սպառնալիքներ մեր երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության համար։ Նման իրավիճակում եւ նման ժամանակաշրջանում Եվրոպական Միության անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար դիմումը, եթե այն տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վատթարացմանն եւ խզման համատեքստում, կարող է խախտել Հայաստանի կողմից պատմականորեն վարվող բալանսի քաղաքականությունը եւ առաջացնել տարածաշրջանային խաղացողների դիմադրության հետ կապված լրջագույն ռիսկեր, որոնք հավասարապես վերաբերում են և՛ մեր անվտանգության, և տնտեսական ապահովության կենսական շահերին։ Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի փորձը պետք է որ ցույց տված լիներ, թե մարդկային կյանքի, տարածքների եւ տնտեսական ինչպիսի հսկակայական կորուստների հետ է կապված եղել ոչ պատշաճ միջավայրում եւ ոչ պատշաճ ժամանակաշրջանում կատարված քայլերը։ Այդ ռիսկերը բազմապատկվում են գլոբալ հակամարտության այսօրվա աննախադեպ իրավիճակում։ Հայաստանի իշխանությունները պարտավոր են ներկայացնել հանրությանը Եվրոպական Միության անդամության թեկնածուի կարգավիճակի համար պաշտոնապես դիմելու արդյունքում առաջացող սպառնալիքների, մարտահրավերների եւ ռիսկերի մանրամասն հաշվարկ, ինչպես նաեւ դրանց հաղթահարման համար անհրաժեշտ երաշխիքների եւ այլընտրանքների գոյության եւ հնարավորությունների մանրակրկիտ հիմնավորում, անվտանգության եւ տնտեսության բնագավառում բոլոր մարտահրավերների հաղթահարման համար անհրաժեշտ միջոցառումների իրատեսական ծրագիր։ Այս գործը կարող է անել միայն իշխանությունը, որովհետեւ միայն նա է տիրապետում այդ հաշվարկների եւ ծրագրի մշակման համար անհրաժեշտ տեղեկությունների, ներառյալ դիվանագիտական բանակցությունները, ռազմական եւ տնտեսական ռեսուրսները եւ դրանց պոտենցիալ կորուստների հետ կապված փոխհատուցման երաշխիքները։   Այն հանգամանքը, որ իշխանությունները նման հաշվարկներով եւ ծրագրով հանդես չեն գալիս, եւ փոխարենը՝ դիրքորոշում ներկայացնելու առաջարկով դիմում են երկրի քաղաքական ուժերին, եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ նրանք հրաժարվում են առաջնորդելու սահմանադրական գործառույթից, խուսափում են ճակատագրական որոշումներ կատարելու պատասխանատվությունից եւ ամբողջ հույսը դրել են հանրության հուզումնալից պոռթկումները մանիպուլացնելու հոգեհարազատ մեթոդի վրա։ Այդ գործելաոճը հերթական անգամ ապացուցում է, որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը բացարձակ կոմպետենտ չի պետական կառավարման եւ ռազմավարական պլանավորման գործում, առաջնորդվում է բացառապես մակերեսային ամբոխահաճո կրքերով, շահադիտական նպատակներով եւ արկածախնդրությամբ։ Աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային փոթորկալից հակամարտությունների միջավայրում, որոնց վերջնական հանգուցալուծման արդյունքները հնարավոր չէ ճշգրտորեն կանխատեսել, Հայաստանի կենսական շահերից է բխում հավասարակշռված քաղաքականության վարելը, ինչը թույլ կտա մի կողմից՝ հեռու պահել մեր երկիրը գերտերությունների միջեւ կռվադաշտի վերածվելու աղետալի վտանգից, մյուս կողմից՝ բարելավել հարաբերությունները բոլոր ուղղություններով եւ դառնալ խաղաղ եւ կայուն համագործակցության ու ներդրումների հանգույց։
17:33 - 19 մարտի, 2024
«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը
 |armenpress.am|

«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո Եվրամիությունը պետք է անցնի «պատերազմի տնտեսության» և ամեն ինչ անի Կիևի հաղթանակն ապահովելու համար։ Բրյուսելում եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովի նախօրեին՝ մարտի 18-ին, Միշելը Euractiv կայքում հրապարակել է հոդված՝ «Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի» խորագրով։ Շառլ Միշելը հոդվածը սկսում է՝ Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի մասին պատմելով։ «Հեռախոսով լսելով Վլադիմիր Զելենսկիի մռայլ ձայնը․ «Ռումբերն ընկնում են մեզ վրա, սա լայնածավալ ներխուժում է», ես հասկացա, որ այդ պահին ամբողջ անվտանգության համակարգը, որ գոյություն ուներ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ընդմիշտ փոխվել է։ ԵՄ-ն նույնպես դրա հետ միասին պետք է արագ փոխվի», - գրում է Միշելը: Եվրոպական խորհրդի ղեկավարը հավելում է, որ պատերազմի մեկնարկից երկու տարի անց «պարզ է դարձել, որ Ռուսաստանը կանգ չի առնելու Ուկրաինայում, ինչպես 10 տարի առաջ կանգ չի առել Ղրիմում»։ «Ռուսաստանը շարունակում է ապակայունացնող մարտավարությունը Մոլդովայում, Վրաստանում, Հարավային Կովկասում, Արևմտյան Բալկաններում և նույնիսկ աֆրիկյան մարցամաքում», - գրում է նա։ Միշելը նաև գրում է, որ համարժեք արձագանք չտալու դեպքում Եվրոպան կարող է լինել հաջորդը։ «Եթե ​​մենք ԵՄ-ի պատասխանը ճիշտ չկազմակերպենք և Ուկրաինային բավարար օգնություն չտրամադրենք Ռուսաստանին կանգնեցնելու համար, ապա մենք հաջորդը կլինենք», - հավելում է Եվրոպական խորհրդի ղեկավարը։ Այս առումով Միշելը Եվրոպային առաջարկում է վերանայել իր մոտեցումը տնտեսության նկատմամբ և առաջնահերթություն տալ պաշտպանական խնդիրներին՝ անցնելով «պատերազմի տնտեսության» ռեժիմի։ «Ժամանակն է պատասխանատվություն ստանձնել մեր անվտանգության համար: Մենք այլևս չենք կարող հույս դնել ուրիշների վրա կամ կախված լինել ԱՄՆ-ում կամ որևէ այլ վայրում ընտրությունների արդյունքներից», - նշում է Շառլ Միշելը՝ հավանաբար, արձագանքելով ԱՄՆ նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններին, որը նշել էր, որ ընտրվելու դեպքում չի պաշտպանի ՆԱՏՕ-ի այն դաշնակիցներին, որոնք պաշտպանությանը չեն ուղղում անհրաժեշտ գումարը։
10:51 - 19 մարտի, 2024
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
 |armenpress.am|

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո |armenpress.am|

armenpress.am: ԵՄ անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։   Նիստի ավարտին ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին փոխանցել է, որ արտգործնախարարները նիստին վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին՝ հիշեցնելով նոյեմբերին կայացած նիստի արդյունքներով հայտարարված բոլոր տարրերը, ինչպես նաեւ աջակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր օրակարգի աշխատանքներին, հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագա կարգավորմանը։ ԵՄ արտգործնախարարները քննարկել են նաեւ Ուկրաինայում եւ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։  
10:46 - 19 մարտի, 2024