ԵՊԲՀ

Երևանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ) Հայաստանի բարձրագույն բժշկական հաստատություն է։ Հիմնադրվել է 1920 թվականին։ Կրում է միջնադարի բժիշկ Մխիթար Հերացու անունը։ Այսօր ավելի քան 7000 ապագա բժիշկներ կրթություն են ստանում բժշկական համալսարանում:

2014 թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Կառավարության որոշմամբ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի։ Համալսարանը գտնվում է Կորյուն 2 հասցեում, բաղկացած է չորս կառույցից՝ հիմնական, վարչական, լաբորատոր և անատոմիական:

Վիտամինները չեն կանխում կորոնավիրուսով վարակումը, իսկ դեղահաբերով վիտամիններ ընդունել կարելի է միայն բժշկի ցուցումով

Վիտամինները չեն կանխում կորոնավիրուսով վարակումը, իսկ դեղահաբերով վիտամիններ ընդունել կարելի է միայն բժշկի ցուցումով

Սոցցանցերում և սունկ կայքերում երբեմն կարելի է հանդիպել հրապարակումների, որտեղ նշվում է, թե մասնագետները խորհուրդ են տալիս ընդունել վիտամիններով հարուստ սնունդ կամ դեղահաբերով վիտամիններ՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար։ Չնայած որոշ վիտամինների ընդունումն ունի հակաբորբոքային, իմունիտետը խթանող ազդեցություն, չկան բավարար տվյալներ՝ պնդելու, որ վիտամինները կարող են կանխել կորոնավիրուսով վարակվելը կամ էական ազդեցություն ունենալ կորոնավիրուսային հիվանդության ընթացի վրա։ Իսկ առանց բժշկի թույլտվության դեղահաբերով վիտամիններ ընդունել չի կարելի, քանի որ որոշ վիտամինների բարձր չափաբաժիններ կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ։ Այժմ պատասխանենք մի քանի կարևոր հարցերի․ ինչե՞ր են վիտամինները, ի՞նչ գործառույթներ են կատարում օրգանիզմում, ինչպե՞ս ենք մենք ստանում օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամինները, ըստ գիտական հետազոտությունների՝ ինչպե՞ս են վիտամիններն ազդում կորոնավիրուսային հիվանդության վրա, ինչո՞ւ չի կարելի դեղահաբերով վիտամիններ ընդունել՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու։   Ինչե՞ր են վիտամինները Վիտամիններն օրգանական նյութեր են, որոնք առկա են բուսական և կենդանական սննդի մեջ։ Մենք որոշ վիտամիններ ստանում ենք սննդից, որոշ վիտամիններ էլ արտադրում է մեր օրագնիզմը։ Վիտամիններն անհրաժեշտ են մեր օրգանիզմին աճելու և զարգանալու համար․ յուրաքանչյուր վիտամին օրգանիզմում որոշակի գործառույթ ունի, և վիտամինների պակասը կարող է առողջական խնդիրներ առաջացնել։ Վիտամին C-ն, օրինակ, մեծ դեր ունի իմունային համակարգի գործունեության և կարգավորման հարցում, այս վիտամինի պակասն ասոցացվում է շնչառական վարակների և թոքաբորբի հանդեպ ընկալունակության բարձրացման հետ։ Վիտամին D-ն էլ օգնում է իմունային համակարգին տարբեր եղանակներով, այդ թվում՝ պաշտպանելով վիրուսներից և նվազեցնելով սուր շնչառական վարակների ռիսկը։ Բավականաչափ վիտամիններ ստանալու լավագույն միջոցը հավասարակշռված սննդակարգն է, որը ներառում է տարբեր սննդատեսակներ։ Երբեմն անհրաժեշտ է լինում վիտամինների պակասը լրացնել դեղահաբերի միջոցով, բայց նման դեպքերում պետք է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ  որոշ վիտամինների բարձր չափաբաժիններ կարող են խնդիրներ առաջացնել։   Վիտամինները և կորոնավիրուսը Գիտական տարբեր հետազոտություններ են իրականացվել և շարունակում են իրականացվել՝ հասկանալու համար, թե արդյո՞ք կորոնավիրուսի դեմ պայքարում վիտամինների որոշ տեսակներ կարող են արդյունավետ լինել։ Հետազոտությունների արդյունքները միանշանակ չեն։ Օրինակ, որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ COVID-ով հիվանդների կլինիկական վիճակը բարելավվել է վիտամին C-ի ընդունման դեպքում։ Կան նաև հետազոտություններ, ըստ որոնց՝ կորոնավիրուսային հիվանդություն ունեցողների մոտ այս վիտամինն ընդունելը դրական արդյունքներ չի ունեցել։ Նույնը վերաբերում է վիտամին D-ին։ Եթե մի հետազոտության դեպքում D վիտամինի պակաս ունեցող մարդկանց մոտ կորոնավիրուսով վարակվելու հավանականությունն ավելի մեծ է եղել, ապա կան հետազոտություններ, որոնց արդյունքներով D վիտամինը որևէ ազդեցություն չի ունեցել վարակումը կանխելու հարցում։ Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը նշում է, որ հետազոտությունների արդյունքում առավել դրական ազդեցություն դրսևորել է վիտամին D-ն, որն առաջին, երկրորդ մակարդակի ապացուցողական հիմք ունի՝ մեղմելու հիվանդության ընթացքը, նվազեցնելու թթվածնային կախվածությունը և ավելի բարվոք ելքի բերելու։ Սակայն, ըստ Մերի Տեր-Ստեփանյանի՝ դեռևս շարունակական ապացուցողական տվյալներ են անհրաժեշտ, որպեսզի այս վիտամինը մտցվի բուժական ընթացակարգի մեջ՝ որպես խթանող, բուժմանն օժանդակող միջոց։  «C վիտամինը սուր շնչառական վիրուսային վարակների ժամանակ որպես օգնող, օժանդակող միջոց, խորհուրդ տվում է կիրառել, բայց վիտամինն օժանդակ միջոց է և որևէ առանցքային նշանակություն չունի։ Ճչացող վերնագրեր դնել, որ դա համար մեկ թշնամին է, շատ սխալ է։ Եթե մենք այսօր ունենք կորոնավիրուսի իրական համար մեկ թշնամին՝ պատվաստումը, հիմնվել հանրամատչելի, ոչ գիտական տվյալների վրա, ասել՝ նուռ կերեք, կիվի կերեք և դրանով կկանխեք COVID-ը, գիտական որևէ հիմք չունի»,- նշում է նա։ Մերի Տեր-Ստեփանյանը խորհուրդ չի տալիս առանց բժշկի խորհրդի դեղահաբերով վիտամիններ ընդունել՝ կորոնավիրուսով վարակվելը կանխելու կամ կորոնավիրուսային հիվանդության ընթացքը թեթևացնելու նպատակով։ «Ցանկալի է վիտամիններն ընդունել հենց սննդի միջոցով, դեղահաբերի տեսքով սննդային հավելումներից, լրացուցիչ վիտամիններից և հանքային նյութերից հնարավորինս խուսափել առանց բժշկի խորհրդի, որովհետև դրանք կարող են ունենալ նաև հակառակ ազդեցությունը։ Վիտամին C-ն որոշ դեպքերում կարող է ալերգիկ պրոցեսներ խթանել, դրա ավելցուկ քանակները կարող են բերել փորլուծության, սրտխառնոցի, փսխման, որոշ տվյալների համաձայն՝ բջիջների ատիպիկ զարգացման և գերաճի: Այնպես որ, վիտամիններին չի կարելի անլուրջ վերաբերվել։ Եկեք հիմնվենք բժշկի խորհրդի վրա և վիտամինների հիմքը ստանանք սննդի միջոցով, ոչ թե դեղահաբերի»,- ասում է մասնագետը։ Մերի Տեր-Ստեփանյանը հավելում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարելու արդյունավետ միջոցը առաջին հերթին պատվաստումն է, իսկ հետո՝ հակահամաճարակային կանոնների պահպանումը՝ դիմակների կրում, սոցիալական հեռավորության պահպանում, ձեռքերի ախտահանում և այլն։ Ամփոփելով՝ նշենք․ վիտամինները մեր օրգանիզմի համար կարևոր նյութեր են, որոշ վիտամիններ ունեն հակաբորբոքային նշանակություն և պաշտպանում են սուր շնչառական վարակներից, օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամիններ ստանալու լավագույն միջոցը ճիշտ սննդակարգն է․ դեղահաբերով վիտամիններ կարելի է ստանալ միայն բժշկի ցուցումով, քանի որ մեծ չափաբաժինները կարող են խնդիրներ առաջացնել, կորոնավիրուսային հիվանդության վրա վիտամինների ունեցած ազդեցության վերաբերյալ կան հետազոտություններ, սակայն դրանց արդյունքները միանշանակ չեն․ չկան հստակ տվյալներ՝ պնդելու, որ վիտամինները դրական ազդեցություն ունեն կորոնավիրուսային հիվանդության ընթացքի վրա կամ կարող են կանխել վարակումը։ Գլխավոր լուսանկարը՝ Nature-իԱննա Սահակյան
17:52 - 19 նոյեմբերի, 2021
Բարձրագույն և հետբուհական ուսհաստատություններին առաջարկվել է անցնել առկա ուսուցման

Բարձրագույն և հետբուհական ուսհաստատություններին առաջարկվել է անցնել առկա ուսուցման

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունը:ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է նոյեմբերի 15-ից բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առկա ուսուցմամբ (ըստ անհրաժեշտության՝ համապատասխան դասընթացների համար ուսումնական պլանով նախատեսված դասախոսության ժամերը կարող են կազմակերպվել հեռավար/առցանց ձևով): Միաժամանակ ուսումնական գործընթացը և իրականացվող աշխատանքները կազմակերպելիս անհրաժեշտ է խստագույնս պահպանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները և անհրաժեշտ անվտանգության երաշխիքները։
13:31 - 12 նոյեմբերի, 2021
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում մեկնարկել է պրոթեզավորման ծրագրի առաջին փուլը

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում մեկնարկել է պրոթեզավորման ծրագրի առաջին փուլը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն։ Այս մասին հայտնեցին Երևանի Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանից: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ Արման Թաթոյանը շրջել է կենտրոնում՝ ծանոթանալով ընթացիկ աշխատանքներին և հետագա ծրագրերին։ Նա քննարկումներ է ունեցել կենտրոնի շահառու զինծառայողների հետ։ Արմեն Մուրադյանը նշել է, որ այստեղ, առողջական խնդիրներից բացի, լուծվում են նաև զինծառայողների կրթության և աշխատանքի հարցերը: Նա շեշտել է, որ Զինվորի տանն արդեն մեկնարկել է պրոթեզավորման ծրագրի առաջին փուլը. ձեռքի և ոտքի ամպուտացիաներ ունեցող բոլոր զինծառայողներին կտրամադրվեն լավագույն, գերժամանակակից պրոթեզները: Հայկուհի Մինասյանն ընդգծել է, որ մասնագետները գնահատում են ձեռքի ամպուտացիաներ ունեցող զինվորների ֆունկցիոնալ վիճակը, որպեսզի պրոթեզները լինեն յուրաքանչյուր զինվորի անհատական կարիքներին ու կարողություններին համապատասխան: Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել կատարված աշխատանքը՝ պատրաստակամություն հայտնելով իր իրավասության շրջանակում աջակցել հաշմանդամություն ունեցող զինծառայողների իրավունքների պաշտպանությանը։
17:42 - 12 փետրվարի, 2021
Առաջարկվում է անցում կատարել բարձրագույն կրթության որակավորումների եռաստիճան համակարգի․ ԱԺ-ն քննարկում է նախագիծը |hetq.am|

Առաջարկվում է անցում կատարել բարձրագույն կրթության որակավորումների եռաստիճան համակարգի․ ԱԺ-ն քննարկում է նախագիծը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի հերթական նիստում քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը: Այն ներկայացրեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանը, որի խոսքով նախագիծն արտացոլում է բարձրագույն կրթության և գիտության միջազգայնացմանն ուղղված ներկա միտումները: Ըստ նախարարի` օրինագծի հիմնական նպատակն է բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրավահավասարության ապահովումը, խտրականության բացառումը, թափանցիկության և հրապարակայնության, բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարության ապահովումը: Փոփոխություններով անցում է կատարվելու բարձրագույն կրթության որակավորումների եռաստիճան համակարգի` բակալավր, մագիստրոս, դոկտոր: Գործող համակարգը նախատեսում է երկաստիճան` բակալավր, մագիստրոս որակավորումների համակարգ, ասպիրանտական ծրագիրը համարվում է հետբուհական: Նախարարի խոսքով` ԵՄ անդամ երկրներում ասպիրանտական ծրագիրը ներդրված է որպես բարձրագույն կրթության երրորդ աստիճան: Փոփոխություններից է նաև այն, որ երկու և ավելի բուհեր կարող են համատեղ մշակել և իրականացնել կրթական ծրագրեր և շնորհել բարձրագույն կրթության որակավորում: «Անկախ բուհերի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից` բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների համար բուհի ընդունելության համար հայոց լեզվի առարկայի քննությունը պարտադիր է»,- ասաց նախարարը: Ինչ վերաբերում է բուհերի ֆինանսավորմանը, ապա նախարարի խոսքով` ոչ թե բուհերին ֆիքսված պետպատվեր է տրամադրվելու, այլ դրամաշնորհի շրջանակում այլ աջակցությունը տրվելու է բուհ ընդունված անձին, ընդունվելուց հետո ինքն է որոշելու, թե տվյալ մասնագիտությունը որ բուհում ստանա: «Ոչ թե տեղերն ենք վերցնում, այլ անձը պետք է գնա բուհ, սովորողն ինքը կորոշի՝ տվյալ մասնագիտությամբ որ բուհում կսովորի»,-ասաց նախարարը: Նրա խոսքով` գործընթացը կարգավորվելու է մրցույթով, յուրաքանչյուր բուհի ֆիլտրման միջոցով ընտրելու է իր համար լավագույն ուսանողներին: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն անդրադարձավ բուհերի կառավարման խորհրդի առաջարկվող 9 հոգանոց կազմին` հետաքրքրվելով, ինչու է այդ թիվը որոշվել: Նախարարն արձագանքեց` թվաքանակը բարդ է հստակ հիմնավորել, թե ինչու այդքան, ինչպես բարդ է գիտականորեն հիմնավորել` ինչու պատգամավորների թիվը պետք է լինի 132: Փոփոխություններով առաջարկվում է Երևանի պետական համալսարանին (ԵՊՀ) օրենքով տալ հատուկ կարգավիճակ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց, թե ինչ առանձնահատկություն ունի ԵՊՀ-ն մյուս բուհերի համեմատ, որ ֆինանսավորման առանձին կարգ ունենա: Շարունակությունը՝ hetq.am-ում։
12:53 - 10 փետրվարի, 2021
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծում առկա են բուհերի ինքնակառավարման սահմանափակման դրույթներ․ ԵՊԲՀ գիտական խորհուրդ

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծում առկա են բուհերի ինքնակառավարման սահմանափակման դրույթներ․ ԵՊԲՀ գիտական խորհուրդ

Երևանի պետական բժշկական համալսարանի գիտական խորհուրդը, պրոֆեսորադասախոսական և բժշկական անձնակազմը, գիտաշխատողները և ուսանողները «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ «Մի քանի տարի շրջանառության մեջ գտնվող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը կրթության ոլորտը կարգավորող (ԿԳՄՍ) նախարարության կողմից ներկայացվել է ՀՀ Կառավարություն, որի դրական եզրակացությամբ, սահմանված կարգով օրենքի ընդունման գործընթացը մեկնարկել է: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Գիտական խորհրդում, այլ մարմիններում և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ խորհրդակցություններում  ինչպես երիտասարդ, այնպես էլ ավագ սերունդները, Բժշկական համալսարանի իրավաբանական թիմը իրենց դժգոհությունն են հայտնել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Միևնույն ժամանակ տարակուսելի է երկրում ռազմական դրության, հետպատերազմական և համավարակի ժամանակաշրջանում օրենքն առանց վերջնական քննարկումների, հրատապ ընդունելու անհրաժեշտությունը: Մանրամասն չենք անդրադառնա օրենքի նախագծի՝ մեր համոզմամբ բոլոր խնդրահարույց կետերին՝ թողնելով դրանց մեկնաբանումը կրթության կազմակերպիչներին, սակայն նշենք դրանցից որոշները։ Նախագծում առկա են բուհերի ակադեմիական ազատությունների և ինքնակառավարման սահմանափակման դրույթներ, որոնք հաստատապես կհանգեցնեն բուհերի միջազգային վարկանիշի և հեղինակության նվազմանը։ Նախագծում բացակայում են ուսանողների կրթության պետական աջակցությունը (օրինակ՝ փոխատեղման) սահմանող դրույթները: Խորապես մտահոգված և վրդովված ենք օրենքով ակադեմիական անձնակազմի համար տարիքային սահմանափակումներ նախատեսելու հարցով, որը կարող է հանգեցնել բուհական գիտամանկավարժական համայնքի հնարավոր կազմալուծմանը: Գտնում ենք, որ տարիքային սահմանափակումների մասին օրենքի դրույթները որոշակիորեն հակասություն ունեն Հայաստանի Սահմանադրության 29 հոդվածի հետ, որով արգելված է ցանկացած տեսակի խտրականության դրսևորումը, այդ թվում՝ տարիքի հանգամանքով: Դեռևս 2011 թվականին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշմամբ սահմանել է, որ «...աշխատանք ընտրելու իրավունքը պետք է բոլորի համար երաշխավորված լինի անկախ տարիքային սահմանափակումից: Կենսաբանական այնպիսի գործոնը, ինչպիսին մարդու տարիքն է, որն ինքնին միանշանակ չի կարող ներգործել տվյալ անձի աշխատունակության և մասնագիտական գիտելիքների ու հմտությունների վրա, չի կարող դիտարկվել որպես աշխատանքից ազատելու հիմք»: Մինչդեռ օրենքի նախագծով դասախոսների աշխատանքը պայմանավորված է, ոչ թե աշխատունակությամբ և մասնագիտական հմտություններով, այլ նրա տարիքով: Օրենքով կարող է սահմանվել տարիքի հետ չկապված այլ առանձնահատկություններ, այդ թվում մասնագիտական: Մենք՝ Բժշկական համալսարանի պրոֆեսորական, դասախոսական, գիտական աշխատողներս, պնդում ենք, որ օրենքով աշխատանքի հետ կապված սահմանային տարիք սահմանելը խտրականության դրսևորում է, արդարացված չէ և իրավաչափ չէ: Բժշկական կլինիկական կրթության ապահովման համար մեկ այլ խնդրահարույց մոտեցում ենք համարում վարչական և կառավարչական պաշտոնների համատեղման (կլինիկայի ղեկավար և տվյալ մասնագիտության ամբիոնի վարիչ) բացառումը, ինչը համալսարանական կլինիկական հիվանդանոցներում վստահաբար կառաջացնի երկիշխանություն, որի արդյունքում կտուժեն ինչպես կլինիկական կրթության, այնպես էլ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակը։ Եզրահանգելով կոչ ենք անում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հեղինակներին հետ կանչել օրենքի նախագիծը հետագա քննարկումներ կազմակերպելու համար՝ ներգրավելով բուհերի ակադեմիական ներկայացուցիչների, կրթության կազմակերպիչների և իրավաբանների»:        
21:57 - 06 դեկտեմբերի, 2020
Բեկորային վիրավորումները մեծ կշիռ ունեն, ինչը վկայում է թշնամու կողմից անկանոն թիրախավորումների մասին. Արմեն Մուրադյան
 |armtimes.com|

Բեկորային վիրավորումները մեծ կշիռ ունեն, ինչը վկայում է թշնամու կողմից անկանոն թիրախավորումների մասին. Արմեն Մուրադյան |armtimes.com|

armtimes.com: Ցավոք, պետք է արձանագրեմ, որ բեկորային վնասվածքները մեծ կշիռ ունեն ընդհանուր վիրավորումների մեջ, ինչը վկայում է թշնամու կողմից անկանոն ու չտարբերակված թիրախավորումների մասին: Արցախի տեղեկատվական շտաբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Արմեն Մուրադյանը նշեց, որ այս պահին վիրավորների բուժումը գտնվում է խիստ վերահսկողության ներքո: «Այսօր արդեն քննարկում էինք հետագա հաշմանդամությունից խուսափելու, հաշմանդամության հետ կապված խնդիրները, այսինքն՝ բուժօգնության բոլոր փուլերը քննարկվում են՝ առաջին բուժօգնությունից սկսած, մինչև վերականգնողական բուժում»: ԵՊԲՀ ռեկտորը նաև հայտնեց, որ վիրավորների հետ հոգեբաններ են աշխատում: «Հոգեբանները աշխատում են՝ հաշվի առնելով թե՛ տարիքը և թե՛ այն արհավիրք ձևավորող պայթյունները, որոնք տեսել են և՛ զինվորները, և՛ քաղաքացիական բնակչությունը: Այդ պայթյուններից հետո ոչ միայն ֆիզիկական, այլ նաև լուրջ հոգեկան խնդիրներ կարող են ձևավորվել, և կարծում եմ, որ այս խնդիրը ևս պետք է մտահոգիչ լինի ոչ միայն մեր բժիշկների, այլ նաև տարածաշրջանի և աշխարհի բժիշկների համար»:
19:54 - 02 հոկտեմբերի, 2020
ԵՊԲՀ մասնագետները կատարել են ուսումնական հաստատությունների 956 աշխատակցի ՊՇՌ հետազոտություն

ԵՊԲՀ մասնագետները կատարել են ուսումնական հաստատությունների 956 աշխատակցի ՊՇՌ հետազոտություն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մասնագետների կողմից կատարվել է ուսումնական հաստատությունների 956 աշխատակցի COVID-19-ի ՊՇՌ հետազոտություն։ Ինչպես տեղեկացրին ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժնից, նմուշառման գործընթացը կազմակերպվել և իրականացվել է դպրոցների բուժկետերում. կուտակումներից խուսափելու նպատակով, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից ներկայացված ժամանակացույցի համաձայն, «Հերացի» և «Մուրացան» համալսարանական հատատություններին կցված թվով 15 ուսումնական հաստատությունների անձնակազմի շրջանում իրականացվել է COVID-19-ի ՊՇՌ հետազոտություններ: Սեպտեմբերի 3-ից մինչև 11-ը ներառյալ 956 հոգի ենթարկվել են թեստավորման: «Հիգիենիկ հակահամաճարակային բաժնի համաճարակաբանների կողմից ուսումնական հաստատության բուժքույրերի շրջանում կազմակերպվել են դասընթացներ՝ նմուշառման, անհատական պաշտպանության միջոցների կիրառման, ձեռքերի հիգիենայի, շնչառական էթիկայի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման միջոցառումների վերաբերյալ։ Նմուշառման գործընթացը կազմակերպվել և իրականացվել է դպրոցի բուժկետերում՝ վարակի հսկողության կանոնների խստիվ պահպանմամբ՝ անհատական պաշտպանության միջոցների օգտագործման կարգին համապատասխան, ինչպես նաև ախտահանիչ միջոցների պատշաճ օգտագործմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
19:29 - 11 սեպտեմբերի, 2020
Պայթյունի հետեւանքով տուժած տղամարդու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, կնոջը ցուցված է վիրահատություն |armtimes.com|

Պայթյունի հետեւանքով տուժած տղամարդու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, կնոջը ցուցված է վիրահատություն |armtimes.com|

armtimes.com: Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցի թիվ 3 շենքի պայթյունի հետեւանքով տուժած քաղաքացիների վիճակը նույնն է. ներկա պահին կնոջ վիճակը ծանր է, իսկ տղամարդունը՝ ծայրահեղ ծանր: Նրանք գտնվում են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում: Երեւանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանից տեղեկացանք, որ տուժած տղամարդն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակն ամեն վայրկյան կարող է ավելի վատանալ: Հիշեցնենք, որ 41-ամյա տղամարդու մոտ առկա են մարմնի եւ վերջույթների տարածուն այրվածքներ: Դանիելյանի խոսքով՝ 71-ամյա կինը հետազոտվել է, ցուցված է վիրահատություն: Նրա մոտ առկա են անրակոսկրի եւ քթոսկրի կոտրվածքներ, մարմնի եւ դեմքի քերծվածքներ, սակայն կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին դեռ չենք կարող ասել, թե կոնկրետ երբ կկատարվի վիրահատությունը:
12:26 - 27 օգոստոսի, 2020
Հայաստանում Covid-19-ի 130-ից ավելի նախկին վարակակիր կամավոր մասնակցել է հակամարմնի հետազոտությանը |armenpress.am|

Հայաստանում Covid-19-ի 130-ից ավելի նախկին վարակակիր կամավոր մասնակցել է հակամարմնի հետազոտությանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Երևանի պետական բժշկական համալսարանի կողմից իրականացվող Covid-19-ի հակամարմինների կամավոր հետազոտությանն արդեն մասնակցել է 130-ից ավելի մարդ: Այս մասին ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը: Նա նշեց, որ հետազոտությունն անվճար է, սակայն կարող են մասնակցել միայն այն մարդիկ, որոնք ունեն կորոնավիրուսի ՊՇՌ թեստի դրական պատասխան: «Օգոստոսի 18-ի դրությամբ ավելի քան 130 հոգի արդեն նմուշառվել է: Կարծում եմ, որ մենք կունենանք 200-ից ավելի նմուշ, որոնք կուղարկենք թեստավորման և օգոստոսի վերջին արդեն կունենանք առաջին արդյունքները: Կամավոր սկզբունքով կարող են նմուշառման գալ այն մարդիկ, որոնք ունեն ՊՇՌ դրական թեստավորում, սակայն խորհուրդ ենք տալիս, որպեսզի վարակվելուց հետո մոտ 2 ամիս ժամանակ անցնի, որպեսզի պատկերն ավելի հստակ լինի»,- ասաց Կոնստանտին Ենկոյանը: Հակամարմինների հետազոտությունը տևելու է 6-12 ամիս: Այս ամսվա վերջում առաջին թեստավորումների պատասխաններն ստանալուց հետո, Ենկոյանը նշում է, որ, հավանաբար, հաջորդ ամսվա ընթացքում բոլոր նմուշառվածները ևս մեկ անգամ կնմուշառվեն, որպեսզի տեսանելի լինի օրգանիզմում մեկ ամսվա ընթացքում հակամարմինների փոփոխության պատկերը, հետագա ամիսների ընթացքում պարբերաբար նմուշառում կարվի միայն մի քանիսից: «Մենք անում ենք հետազոտութուն, որպեսզի հասկանանք՝ այս հիվանդությունից մարդու մոտ իմունիտետ առաջանում է, թե ոչ: Հիմա միջազգային ասպարեզում տարբեր տեսակետներ կան, քանի որ դեռ վաղ է որևէ հստակ բան ասելու համար: Վարակը, երբ մտնում է մարդու օրգանիզմ, հիվանդի մոտ արդեն սկսում է ձևավորվել իմունային պատասխանը: Հակամարմինները մի քանի օրվա ընթացքում սկսում են առաջանալ: Հիվանդության վերջնական շրջանում առաջանում է իմունիտետ IgG-ն: Մեր խնդիրն է պարզել, թե որքան է այն մնում մարդու օրգանիզմում: Այն կարող է նաև երկար կամ կարճ մնալ, կախված հիվանդության ընթացքից»,- նշեց ԵՊԲՀ պրոռեկտորը: Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է որոշվել հետազոտությունը սկսել Հայաստանում վարակի տարածման սկզբից շուրջ կես տարի անց, Կոնստանտին Ենկոյանը նշեց, որ այն սկսելու գաղափարը եղել է դեռ մայիս ամսին, սակայն ժամանակային առումով, իրենք չեն ուշացել: «Մենք այս հետազոտության մասին մտածում էինք մոտ մայիսից սկսած: Մինչև հունիսի սկիզբը Հայաստանում դեռ չկային հակամարմինների որոշման այն որակյալ անալիզները, որոնք մենք ունեցանք հունիսին: Ցանկացած ծրագիր, պետք է ունենա էթիկայի հանձնաժողովի թույլտվություն: Մենք չենք պատրաստվում ինչ-որ բան անել, ուղղակի անելու համար: Հունիսի սկզբին հաստատեց էթիկայի հանձնաժողովը, դրանից հետո գործընթացը սկսվեց: Գտնում եմ, որ մենք պրակտիկորեն ժամանակ չենք կորցրել: Մենք այնքան գրագետ գործեցինք, որ մարտ-ապրիլ ամիսներին հիվանդացածներին կարող ենք այժմ ներառել գործընթացի մեջ»,- ասաց Ենկոյանը: Շարունակությունը՝ armenpress.am-ում
10:24 - 21 օգոստոսի, 2020