Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ Եվրոպական միության հետ կապեր, Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցեր, Եվրոպական Միության իրավական ակտերին ՀՀ օրենքների մոտարկում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, նախագահի տեղակալը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։

Արցախի կարգավիճակի հարցը նույն վիճակում է, ինչ եղել է 2016-ի հունվարից ի վեր՝ թողնված է անորոշ ապագային. Եղոյան |news.am|

Արցախի կարգավիճակի հարցը նույն վիճակում է, ինչ եղել է 2016-ի հունվարից ի վեր՝ թողնված է անորոշ ապագային. Եղոյան |news.am|

news.am: ԵՄ-ն իր միջնորդական առաքելությունն է իրականացնում համարյա այնպես, ինչպես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը իրականացնում էին, բնական է, ամեն մեկն իր տեսանկյունից, առաջարկելով իր միջնորդական առաքելությունը, ուղղակի այն ժամանակ դա բերվում էր մեկ կոնսենսուսի: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Հարցին, թե արդյոք Բրյուսելում բարձրացվել է «անկլավների» հարց, նա պատասխանեց. «Դուք հարցը նեղացնում եք: Չկա անկլավների հարց, նման հասկացություն չկա, կա սահմանազատման ու սահմանագծման հարց, այդ ընթացքում արդեն կողմերը, բազմաթիվ հանգամանքներ հաշվի առնելով, որոշում են ամենահարմար սահմանը երկու կողմերի համար: Անկլավերի հարց օրակարգում չկա»: Լրագրողը ՔՊ-ական պատգամավորից հետաքրքրվեց՝ Արցախի կարգավիճակի հարցում իշխանությունը հետքայլ արե՞լ է, որին նա արձագանքեց. «Արցախի կարգավիճակի հարցն այսօր գտնվում է նույն վիճակում, ինչ գտնվել է 2016 թվականի հունվարից ի վեր, այսինքն՝ թողնված է անորոշ ապագային»։ Լրագրողի հիշեցմանը, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր. «Ես ընդգծել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է անդրադառնալ Ղարաբաղում էթնիկ հայ ազգաբնակչության իրավունքների եւ անվտանգության հարցին», Եղոյանն արձագանքեց. «Շառլ Միշելն ասում է, որ ինքն է այդպես ասել, ինքն է այդ ձեւակերպումը տվել: Եկեք չխառնենք դերակատարներին, Շառլ Միշելը անհրաժեշտ է համարել այդ դիտարկումն անել: Ինչի՞ վրա եք այդքան զարմացել: Շառլ Միշելը Մինսկի խմբի համանախագահ չի, ինքը չի զբաղվում ԼՂ հակամարտության լուծմամբ: նա նախաձեռնել է եռակողմ հանդիպում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ինքը դա է կարեւորել»: Ինչ վերաբերում է ՀԱԿ փոխնախգահ Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, թե եթե կողմերը չհամաձայնեին, Շառլ Միշելը չէր կարող նման հայտարարություն անել, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Կողմերի համաձայնությամբ, թե առանց համաձայնության, բայց Շառլ Միշելն ասում է՝ ես հորդորեցի…: Այսինքն ինքն իր համար կարեւոր հարցերի մասին է խոսում:  Հիմա դուք հարցնում եք՝ ինչո՞ւ Շառլ Միշելի համար կարեւոր չի Արցախի կարգավիճակի հարցը»:
14:06 - 24 մայիսի, 2022
Հույն պատգամավորը դատապարտել է հայ ռազմագերիների՝ մինչ օրս Ադրբեջանում գտնվելու հանգամանքը

Հույն պատգամավորը դատապարտել է հայ ռազմագերիների՝ մինչ օրս Ադրբեջանում գտնվելու հանգամանքը

ՀՀ ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն Աթենքում Հունաստանի խորհրդարանի ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Գյուլեկասի հետ քննարկել են  Արցախում եւ Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական ներկա անկայուն իրավիճակը: Ինչպես հայտնում են ՀՀ ազգային ժողովից՝ հույն պատգամավորը կարեւորել է մշակութային ժառանգության պահպանման հիմնահարցը, դատապարտել հայ ռազմագերիների՝ մինչ օրս Ադրբեջանում գտնվելու հանգամանքը եւ այդ համատեքստում շեշտել միջազգային հանրության ադեկվատ արձագանքի կարեւորությունը: Կողմերն անդրադարձել են հայ-հունական ջերմ հարաբերությունների պատմական ընթացքին եւ համոզմունք հայտնել, որ եղբայրական ժողովուրդների միջեւ կապերը գնալով էլ ավելի կխորանան: Պարոն Գյուլեկասն իր շնորհավորանքն է հղել հայկական պատվիրակության ներկայացուցիչներին` Հայաստանի նախագահի ընտրության կապակցությամբ, եւ փոխանցել խորհրդարանի նախագահի եւ իր գլխավորած հանձնաժողովի անդամների ողջույնները: Զրուցակիցները խոսել են նաեւ հայկական Սփյուռքի, նրա դերի ու ներուժի մասին: Հանդիպմանը ներկա է եղել եւ խոսքով հանդես է եկել Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը: Նշվում է, որ այցն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի շրջանակներում` Հունաստանի, Իտալիայի եւ Հայաստանի խորհրդարանների համատեղ ջանքերով: 
15:14 - 08 ապրիլի, 2022
Մինչ օրս տասնյակ հայ ռազմագերիներ պահվում են Բաքվի բանտերում. Արման Եղոյանը՝ Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային համաժողովին

 |armenpress.am|

Մինչ օրս տասնյակ հայ ռազմագերիներ պահվում են Բաքվի բանտերում. Արման Եղոյանը՝ Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային համաժողովին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի պատվիրակությունների նախագահների համաժողովին բարձրաձայնել է Հայաստանի, Արցախի անվտանգային և մարդասիրական ճգնաժամին վերաբերող հարցերը։ «2020 թ. սեպտեմբերի 27-ին, երբ աշխարհը պայքարում էր COVID-19 համավարակի դեմ, Ադրբեջանը, իր դաշնակիցների և վարձկան գրոհայինների օգնությամբ, լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։ Ու թեև, որոշ հումանիտար կազմակերպություններ և որոշ պետությունների ղեկավարներ շատ արագ տվեցին կատարվողի ճշգրիտ գնահատականը, կարծես թե դա բավարար չէր: Առաջիններից մեկը ստեղծված իրավիճակին արձագանքեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով բացեիբաց հայտարարեց, որ Ադրբեջանը հայերի դեմ կռվելու համար Սիրիայից ջիհադիստների խմբեր է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։ (Մեջբերում) «Համաձայն մեր հավաստի տեղեկատվության, 300 գրոհայիններ Սիրիայից Գազիանթեփով հասել են Բաքու։ Նրանք հայտնի են և նույնականացված, նրանք դուրս են եկել Հալեպի շրջանում գործող ջիհադիստների խմբերից»։ Human Rights Watch-ը հաստատել է, որ Ադրբեջանը պատերազմի ժամանակ օգտագործել է կասետային (կլաստերային) ռումբեր։ «Genocide Watch»-ը զգուշացրել է, որ Ադրբեջանը նպատակ ունի ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչությանը։ (Մեջբերում) «Ադրբեջանը ներխուժել է չճանաչված Լեռնային Ղարաբաղի հանրապետության կամ Արցախի տարածք և նպատակ ունի ոչնչացնել հայկական ներկայությունը օկուպացված տարածքներում»։ Բոլորովին վերջերս, Եվրախորհրդարանը ընդունել է բանաձև, որով դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը այն տարածքներում, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ»,- նշել է Արման Եղոյանը։ Նա հիշեցրել է, որ միջազգային իրավունքի աղաղակող ոտնահարմամբ, Ադրբեջանը թիրախավորել էր քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները, ռմբակոծում էր քաղաքները, օգտագործել է ֆոսֆորային ռումբեր և դաժան հաշվեհարդար է տեսել այն ծերերի նկատմամբ, ովքեր չեն հասցրել լքել իրենց տները ադրբեջանական առաջխաղացումից հետո: Արման Եղոյանն ընգծել է, որ մինչ օրս տասնյակ հայ ռազմագերիներ պահվում են Բաքվի բանտերում, և որոնց Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել։ «Ու այս դժվար օրերին, հայ ժողովուրդը, որ հազարավոր տարիներ ապրել էր իր հայրենիքում` Լեռնային Ղարաբաղում, միջազգային հանրության կողմից չստացավ նույն աջակցությունը։ Ինչու՞։ Հարցն այստեղ աշխարհքաղաքականությու՞նն էր, թե՞ արժեքները։ Նույնիսկ եթե ենթադրենք, որ պատճառը աշխարհքաղաքականությունն էր, նույնիսկ այդ դեպքում, արդյո՞ք Լեռնային Ղարաբաղում պատերազմը այս կամ այն կերպ կապված չէր այսօր Ուկրաինայում տեղի ունեցողի հետ։ Ես սա թողնում եմ, որպես բաց հարց, որի շուրջ կարող եք մտածել։ Եվ ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարող է որևէ պետություն, որևէ կառավարություն, վտարել որևէ բնակչության իր հայրենի քաղաքից ու գյուղից, եվրոպական որ՞ պետությունը կարող է նման բան անել առանց եվրոպական արձագանքին արժանանալու։ Ո՛չ մեկը։ Բայց ինչու՞ սա հնարավոր եղավ Լեռնային Ղարաբաղում։ Սա մեկ այլ հարց է, որը ես թողնում եմ բաց ու առաջարկում մտածել դրա շուրջ»,-եզրափակել է Արման Եղոյանը:
21:26 - 04 ապրիլի, 2022
Եվրախորհրդարանի պատգամավորները հետաքրքրվել են Ադրբեջանի սանձազերծած սադրանքներով

Եվրախորհրդարանի պատգամավորները հետաքրքրվել են Ադրբեջանի սանձազերծած սադրանքներով

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը Բրյուսելում` Եվրոպական խորհրդարանում, հանդիպումներ են ունեցել Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուռլասի և Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի հետ:   Եվրախորհրդարանի պատգամավորները հետաքրքրվել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի սանձազերծած սադրանքների մասին:   Քննարկվել են տարածաշրջանում հետագա էսկալացիայի հնարավորությունը կանխելուն ուղղված  համատեղ գործողությունները:Կարևորվել է Ադրբեջանի գործողությունները զսպող կոնկրետ և հասցեական քայլերի անհրաժեշտությունը:  
14:00 - 31 մարտի, 2022
Արտախորհրդարանական երկու ուժ պատրաստակամություն է հայտնել՝ ներգրավվելու ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի աշխատանքներին |armenpress.am|

Արտախորհրդարանական երկու ուժ պատրաստակամություն է հայտնել՝ ներգրավվելու ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի աշխատանքներին |armenpress.am|

armenpress.am: «Հայաստանի եվրոպական» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը ցանկություն են հայտնել որպես դիտորդ ներգրավվել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին՝ արտախորհրդարանական շահագրգիռ ուժերի հետ ՀՀ-ԵՄ հարցերի քննարկման շրջանակներում: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց «Հայաստանի Եվրոպական» կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը` հավելելով, որ իրենց նպատակն է աջակցել հանձնաժողովի աշխատանքներին. «Մենք փորձելու ենք քաղաքականացնել ձեր աշխատանքը, քանի որ մեզ համար այս հանձնաժողովն առանցքային է: Մենք համոզված ենք, որ Եվրաինտեգրման հանձնաժողովն է այն առանցքը, որտեղ պետք է լուծվեն անվտանգային, տնտեսական զարգացման հարցերը և այլ շատ հարցեր»,- նշեց Խզմալյանը: Նրա խոսքով «Հայաստանի Եվրապական կուսակցությունը» կապեր և գործնական հարաբերություններ ունի եվրոպական մի շարք կուսակցությունների հետ:
13:56 - 07 փետրվարի, 2022
Արման Եղոյանը հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հետ

Արման Եղոյանը հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հետ

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հանդիպումներ է ունեցել Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների և միգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Վիտո Ռոզարիո Պետրոչելիի և Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պիերո Ֆասինոյի և հանձնաժողովի անդամների հետ։ Քննարկվել են Իտալիայի և Եվրոպական միության հետ հարաբերությունների հետագազարգացման հեռանկարները, հանձնաժողովների համագործակցության մի շարք հնարավորություններ «Թվինինգ» ծրագրի շրջանակներում, ինչպես նաև խորհրդարանական տարբեր հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն ուրախությամբ արձանագրել են, որ COVID-19 համավարակի հաղթահարման համար ԵՄ-ն ու Հայաստանը ձեռք-ձեռքի տված են պայքարում, ինչը հնարավորություն է տալիս վերսկսել նախկին բնականոն աշխատանքը`  էլ ավելի սերտացնելով միջխորհրդարանական համագործակցությունը։ Նշվում է, որ մտքերի փոխանակությունից հետո հարցուպատասխանի միջոցով պատգամավորներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, տնտեսական հարաբերությունների խթանմանը, իտալական կազմակերպությունների` Հայաստանում հաստատմանը:
13:30 - 24 հոկտեմբերի, 2021
Գերիների վերադարձի հարցը օրակարգում է, կողմերի միջև կա փոխըմբռնում. Եղոյան |1lurer.am|

Գերիների վերադարձի հարցը օրակարգում է, կողմերի միջև կա փոխըմբռնում. Եղոյան |1lurer.am|

1lurer.am: Հաղթանակ ու պարտություն ասվածը կախված է կողմերի պլան մաքսիմումից և պլան մինիմումից: Այսինքն՝ այստեղ կարևոր է հասկանալ՝ ինչ էր ուզում ադրբեջանական կողմը և ինչ ստացավ: Ես հիմա չեմ կարող ասել, թե ինչ էր ուզում, բայց կարող եմ ասել, որ ստացավ ոչ ավելին, քան ստացանք մենք: Այդ մասին ասաց ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:   «Այսինքն՝ ապաշրջափակումը, ըստ ստորագրված փաստաթղթի, պետք է իրականացվի պարիտետային սկզբունքի հիման վրա, այսինքն՝ նույն այն իրավունքները, որ մենք ենք ունենալու իրենց ճանապարհներից օգտվելուց, նույն այդ իրավունքները իրենք են ունենալու: Եվ երկրորդ՝ Հայաստանի տարածքում որևէ ճանապարհ, միջանցք որևէ հատուկ կարգավիճակ չի ունենալու, որը տարբերվելու է Հայաստանի տարածքի որևէ այլ կտորից»,- ընդգծեց նա: Եղոյանի խոսքով՝ բեռնափոխադրումների առումով ճանապարհներին անվտանգային խնդիրներ չեն առաջանա, իսկ եթե, այնուամենայնիվ, խնդիրներ լինեն, ապա դրանք կլինեն երկու կողմի համար էլ: Նա նշեց, որ նշված ճանապարհներով քաղաքացիների երթևեկության մասով հստակեցում դեռևս չկա, եթե նման հարց բարձրացվի, հասկանալի է՝ գործելու են անվտանգային բոլորովին այլ նորմեր:   ԱԺ պատգամավորն ասաց, որ ապաշրջափակումից Հայաստանը շահելու է, այլ հարց է՝ որքանով է շահելու Ադրբեջանը, և տնտեսական շահը որքանով է փոխարինվելու քաղաքականի: «Բնականաբար, ապաշրջափակումը չի կարող միակողմանի լինել: Իսկ դրա տնտեսական արդյունավետության մասին կխոսեն տնտեսագետները»,- ընդգծեց Եղոյանը: Անդրադառնալով Մոսկվայում եռակողմ հանդիպման արդյունքներին գերիների վերադարձի մասով՝ նա նշեց, որ այդ հարցը պետք է լուծվի քաղաքական օրակարգից անկախ: «Գերիների հարցը պետք է լուծվի միջազգային իրավական նորմերի համաձայն, դա քաղաքական քննարկման հարց չէ, և վստահ եմ՝ միջազգային ճնշման միջոցով մեզ կհաջողվի այդ հարցը լուծել: Մենք չհասանք գերիների վերադարձի հարցի լուծմանը, բայց եռակողմ բանակցությունները 3.5 ժամ են տևել, և ակնհայտ է, որ քննարկվել են նաև այլ թեմաներ, այդ թվում՝ գերիների հարցը: ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը կարևորեցին հումանիտար հարցերը, անդրադարձան նաև Արցախի կարգավիճակի հարցին: Կարծում եմ՝ գերիների վերադարձի հարցը օրակարգում է, կողմերի միջև այդ հարցի շուրջ կա փոխըմբռնում»,- ասաց ԱԺ պատգամավորը: 
16:22 - 12 հունվարի, 2021
ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵՄ դեսպանին

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵՄ դեսպանին

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները` հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 29-ին հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Ինչպես տեղեկացրին նշված հանձնաժողովից, հանդիպման մասնակիցները քննարկել են համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները, Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակն ու զարգացումները և COVID-19 համավարակի հետևանքով սոցիալ-տնտեսական ճգնաժամը հաղթահարելու հնարավորությունները: «ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը նշեց, որ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արագ արձագանքման մեխանիզմի միջոցով ներկայումս իրականացվում են բազմաբնույթ ծրագրեր՝ միտված Արցախից տեղահանված ընտանիքներին աջակցությանը: Դեսպան Վիկտորինը վերստին հաստատեց ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի Հանրապետությանը բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ Այս համատեքստում դեսպանը հայտնել է ՀՀ-ում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի կառավարությանը 9 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհ հատկացնելու, ինչպես նաև COVID-19 համավարակի դեմ պայքարին աջակցելու համար Հայաստանին հավելյալ 24 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու կարևորության մասին։ Կողմերը գոհունակությամբ արձանագրել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ԵՄ անդամ 27 պետությունների կողմից վավերացման գործընթացի ավարտը։ Հատուկ շեշտվել է ԵՄ ֆինանսավորմամբ «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների հզորացում` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» թվինինգ ծրագրի կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
21:44 - 29 դեկտեմբերի, 2020
ԱԺ պատգամավորները ԵԽ գործընկերներին են ներկայացրել ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը

ԱԺ պատգամավորները ԵԽ գործընկերներին են ներկայացրել ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը

ՀՀ Ազգային Ժողովի ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նախագահ Արման Եղոյանը, կոմիտեի անդամներ Ռուբեն Ռուբինյանը, Արկադի Խաչատրյանը և Իվետա Տոնոյանը հոկտեմբերի 21-ին տեսակապով զրուցել են Եվրոպական խորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի և փոխնախագահներ Կոսմա Զլոտովսկիի և Ռասա Յուկնեվիչիենեի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովից։ «Հայկական կողմի ներկայացուցիչներն իրենց եվրոպական գործընկերներին ներկայացրին Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությունն ու դրանից դուրս գալու ելքերը, մասնավորապես, որպես այդպիսին նշելով Արցախի սուբյեկտայնության ճանաչումը։ Պատգամավորներն անընդունելի և վտանգավոր համարեցին այս պատերազմի կողմերի միջև հավասարության նշան դնելն ու երկու կողմերին ուղղված նույնական կոչեր անելը»,- նշված է հաղորդագրության մեջ։
17:24 - 21 հոկտեմբերի, 2020
Եվրամիության երկրներում առաջին անգամ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 37 տոկոսով

Եվրամիության երկրներում առաջին անգամ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 37 տոկոսով

Եվրամիության անդամ երկրներում առաջին անգամ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 37 տոկոսով՝ 2019թ. առաջին եռամսյակի 1025-ից այս տարվա նույն ժամանակահատվածում հասնելով 645-ի։ Ամսական կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազման թիվը հունվարին կազմել է 26 տոկոս, փետրվարին՝ 40 տոկոս, իսկ մարտին՝ 47 տոկոս։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակազմից՝ վկայակոչելով Եվրոստատի տվյալները։ «Հիշեցնենք, որ ԵՄ արտաքին սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար փակվել էին մարտի 17-ից, ուստի միայն մարտ ամսվա երկրորդ կեսի տվյալներն են ուղղակիորեն պայմանավորված ուղևորությունների՝ համավարակով պայմանավորված սահմանափակումներով։ Այս թվերը ոչ միայն արտացոլում են Հայաստանից արտագաղթի տեմպերի նվազման միտումները, այլ նաև դյուրացնում են ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը»,- նշված է հաղորդագրության մեջ։
21:40 - 19 հունիսի, 2020
ԵՄ բոլոր երկրների կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացում կլինի հաշված ամիսների ընթացքում. Եղոյան |armenpress.am|

ԵՄ բոլոր երկրների կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացում կլինի հաշված ամիսների ընթացքում. Եղոյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Եվրոպական Միության բոլոր երկրների կողմից հաշված ամիսների ընթացքում Հայաստանի և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացում է ակնկալում: Այս մասին Եղոյանն ասաց փետրվարի 26-ին ՀՀ Ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված խորհրդարանական լսումների ընթացքում: «Մեր հարաբերություններն այսօր հիմնվում են ՀՀ-ԵՄ համաձայնագրի վրա, բայց մասամբ, քանի որ այն դեռ ամբողջությամբ ուժի մեջ չի մտել: Այս պահին այն վավերացրել են ԵՄ անդամ 23 պետություններ, մյուս հինգ պետությունների վավերացումից հետո, որն ակնկալում եմ, որ կլինի հաշված ամիսների ընթացքում, համաձայնագիրն ուժի մեջ կմտնի և կփոխարինի նախորդ համաձայնագրին»,- ասաց Եղոյանը:
13:47 - 26 փետրվարի, 2020