Երևանի կենդանաբանական այգի

Երեւանի կենդանաբանական այգի ՀՈԱԿ-ը, որպես հանրային կրթաճանաչողական կառույց, գործում է Երեւանի քաղաքապետարանի հովանու ներքո: Հիմնադրվել է 1940 թ.։

Այգում պահվում են կենդանիների եւ թռչունների շուրջ 183 տեսակ, որից 34-ը գրանցված են Բնության պահպանության միջազգային Կարմիր գրքում, իսկ 50-ը՝ Հայաստանի Կարմիր գրքում։ Այգու տնօրենն է եղել Ռուբեն Խաչատրյանը(մինչեւ 2019թ․ նոյեմբերի 1-ը), ում անվան հետ բազմիցս կապել են կենդանիների եւ պահպանման հետ կապված աղմկահարույց դեպքեր։

Կենդանաբանական այգու տարածքը կընդլայնվի. կստեղծվի 2 ջրամբար, նոր փղանոց, ճոպանուղի
 |1lurer.am|

Կենդանաբանական այգու տարածքը կընդլայնվի. կստեղծվի 2 ջրամբար, նոր փղանոց, ճոպանուղի |1lurer.am|

1lurer.am: Կենդանաբանական այգու տարածքը կընդլայնվի՝ հասնելով 34 հեկտարի: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը՝ ներկայացնելով այգու 3D մոդելավորմամբ տարբերակը: «29 հեկտարի փոխարեն հիմա աշխատանքները տարվում են 34 հեկտարի վրա: Սա մեզ թույլ է տալու տարածքում ստեղծել 2 ջրամբար, ունենալ նոր փղանոց, որովհետև փղերը չեն կարող միայնակ ապրել, և մեզ պետք է երկրորդ փիղ, իսկ ներկայիս ազատավանդակը թույլ չի տալիս, ինչպես նաև նոր կենդանատեսակներ չենք կարողանում փոխանակմամբ և նվիրատվությամբ ստանալ, որովհետև ազատավանդակի պայմանները չեն ներում»,- ասաց Սիրարփի Հայկազյանը: Բնապահպանության վարչության պետը նաև տեղեկացրեց, որ առաջարկվելու է երկրորդ մուտք Գյուրջյան փողոցից, իսկ լրացուցիչ մուտքը Նոր Նորքից լինելու է ծառայողական, որտեղ տեղակայվելու են կարանտինային շենքեր, պահեստներ: Նախագծով նախատեսվում է նաև ճոպանուղի ստեղծել: «Աշխատանքները փուլերի ենք բաժանել, այսինքն՝ սկսելու ենք վթարային ազատավանդակների տեղափոխումից, փղանոցի և պարսպի կառուցումից: Սրանք արդեն իսկ նախատեսված են հաջորդ տարվա բյուջեով»,- ասաց նա: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ նախագծում մանկապարտեզ կա, ինչի՞ մասին է խոսքը: Սիրարփի Հայկազյանն ասաց, որ նման բան կարելի է հանդիպել եվրոպական այգիներում, դա նախատեսված է տարիքով փոքր կենդանիների՝ ձագերի համար:
13:59 - 25 դեկտեմբերի, 2023
Գագիկ Ծառուկյանը կենդանիներ է նվիրել Երևանի կենդանաբանական այգուն

Գագիկ Ծառուկյանը կենդանիներ է նվիրել Երևանի կենդանաբանական այգուն

Վագրաձիերը (զեբրերը) Երևանի կենդանաբանական այգու տասը նոր բնակիչներից են: Բերվել են հարավային Աֆրիկայից: Առայժմ ապրում ու ցուցադրվում են եվրոպական՝ նույնպես նոր բերված եղնիկների հետ միևնույն ազատավանդակում: Կենդանիներն այգուն է նվիրել է Գագիկ Ծառուկյանը:  Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ Սպիտակ վագրին այգում տվել են «Ալբա» անունը: Հարևանությամբ նոր արջն է: Կենդանիներն առայժմ չեն ցուցադրվում:  Նվիրատվության շնորհիվ այգում հիմա արդեն 150 տեսակի ավելի քան 900 կենդանի կա: Ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ սպասվում է նոր համալրում: Կենդանաբանական այգիներն առհասարակ կենդանիներ են ստանում նվիրատվության կամ էլ համանման այգիների միջև փոխանակման եղանակով: Առաջիկայում նախատեսվում է նոր նախագծերով այգին նորովի ներկայացնել՝ ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելով կենդանիների և գրավիչ միջավայր՝ այցելուների համար:
10:22 - 22 օգոստոսի, 2023
Կենդանաբանական այգին 30-40 տոկոսով կընդլայնվի հենց տեղում. էսքիզը պատրաստ կլինի մեկ ամսվա ընթացքում
 |news.am|

Կենդանաբանական այգին 30-40 տոկոսով կընդլայնվի հենց տեղում. էսքիզը պատրաստ կլինի մեկ ամսվա ընթացքում |news.am|

news.am: Այս պահի դրությամբ ճշգրտված տվյալներով, հնարավորություն ունենք 30-40 տոկոսով ընդլայնելու գործող կենդանաբանական այգու հնարավորությունները. էսքիզը պատրաստ կլինի 1 ամսվա ընթացքում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Ավինյանն էլ նշեց. «Այս թեմայով խոսակցություն ենք ունեցել, ի սկզբանե պլանավորվում էր, որ այգին կարող է տեղափոխվել, բայց գույքագրումից հետո պարզ է դարձել, որ կենդանաբանական այգին տիրապետում է շատ ավելի լայն հողատարածքների, քան այն հատվածում, որտեղ փաստացի գործում է։ Ընդլայնումը հնարավոր է իրականացնել հենց տեղում, որը սկսում ենք անել»: Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ կենդանաբանական այգին տեղափոխելու նոր ծրագիր կա՝ կենդանիներին ավելի լավ ու բաց պայմաններում պահելու համար։ Նա նշել էր, որ «Երևան պարկին» հարակից 150 հա տարածքում կկառուցվի նոր կենդանաբանական այգի, որտեղ կլինի կանաչ գոտի, և անտառ կտնկվի։
12:09 - 24 հուլիսի, 2023
Երևանի Կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ է նշանակվել Էդմոն Ղազարյանը

Երևանի Կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ է նշանակվել Էդմոն Ղազարյանը

Երևանի քաղաքապետը Կենդանաբանական այգու աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժ/պ Էդմոն Ղազարյանին: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով հանգստի գոտում առկա խնդիրներին՝ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ ոլորտը կանոնակարգելու համար այգին առաջին հերթին պետք է լավ կառավարիչ ունենա:«Այն խնդիրները, որոնք այսօր առկա են Կենդանաբանական այգում, պահանջում են արդյունավետ կառավարում, ամենօրյա վերահսկողություն ու հետևողական աշխատանք: Ինչ վերաբերում է մասնագիտական հարցերին, ապա առաջիկայում այգին կունենա նաև նոր փոխտնօրեն, և ձևավորված կառավարման խորհրդի հետ համատեղ, համոզված եմ, կգտնենք արդյունավետ լուծումներ»,- ընդգծել է քաղաքապետն ու շնորհակալություն հայտնել նախկին տնօրեն Արևիկ Մկրտչյանին՝ կատարած աշխատանքի համար: Քաղաքապետ Սարգսյանը շրջել է նաև այգու տարածքում, տեղում ծանոթացել առկա խնդիրներին, զրուցել աշխատակիցների հետ:
18:52 - 29 մարտի, 2022
Երևանի կենդանաբանական այգու յագուարը անկել է. տնօրենը մանրամասնում է վերջին օրերի պատկերը

Երևանի կենդանաբանական այգու յագուարը անկել է. տնօրենը մանրամասնում է վերջին օրերի պատկերը

Երեւանի Կենդանաբանական այգում յագուար է անկել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կենդանաբանական այգու տնօրեն Արեւիկ Մկրտչյանը՝ նշելով, որ կենդանու մահը հանկարծակիի է բերել, իսկ նախնական պատկերով՝ գիշատչի մահը վրա է հասել բրոնխոպնևմոնիայի հետևանքով, քանի որ ախտահարված են եղել կենդանու թոքերը: «Թեպետ վատ լուրով, միեւնույն ժամանակ  հավատարիմ մնալով թափանցիկ աշխատելաոճին՝ հայտնում եմ, որ Կենդանաբանական այգու յագուարին առավոտյան գտել ենք անշարժացած: Որեւէ կլինիկական ախտանշան վերջին 3-4 օրվա ընթացքում, բացի դժվարաշնչությունից, չի եղել: Կերից հրաժարվել է միայն նախորդ օրը երեկոյան: Կատարել ենք հակաբիոտիկային բուժում, որից հետո յագուարն ակտիվացավ, սկսեց կես բաժնի փոխարեն մեկն ուտել: Մահը հանկարծակիի բերեց բոլորիս առավոտ կանուխ՝ առաջացնելով բազմաթիվ հարցեր: Այսօր  իմ հրավերով Այգի են ժամանել ՀՀ ՍԱՏՄ աշխատակիցները, լաբորատորիայի գլխավոր դիահերձողն ու Ագրարային համալսարանի լավագույն պրոֆեսորները՝ դիահերձում կատարելու, 10 տարեկան կենդանու հանկարծակի մահվան պատճառը պարզելու համար: Նախնական ախտորոշմամբ պատկերը բնորոշ է  քրոնիկ բրոնխոպնեւմոնիայի. ախտահարված էին կենդանու թոքերը, բրոնխները, լյարդն ու փայծաղը:  Թոքերի շուրջ եւ տարածված կային նաեւ տեսանելի հյուսվածքներ, որ նորագոյացության կասկած տվեց, ինչը պարզելու համար կենսանմուշն ուղարկեցինք հիստոպաթոլոգիական անալիզի: Լրացուցիչ իրականացրել ենք տոքսոպլազմոզի ստուգում՝ դրական ելքով (որի համար կա հավանական 2 պատճառ՝ տարածքի թափառող կատուներ + սննդակարգի վարակված միս, բայց սա մահվան պատճառ լինել չէր կարող),  նմուշի մանրէաբանական լաբ. ստուգում, ինչպես նաեւ թունաբանություն՝ բացառելու համար բոլոր այլ գործոնները: Լաբորատոր եւ դիահերձման պատասխանները պարզ կլինեն 3-4 օրվա ընթացքում, որի արդյունքները լինելուն պես  կհրապարակեմ: Նախքան դա խնդրում եմ բոլորին նվազագույնը սպասել մասնագիտական եզրահանգմանը եւ զերծ մնալ սուբյեկտիվ դատողություներից ու չհիմնավորված ենթադրություններից:  Յագուարին ներմուծել եմ ես՝ Վրաստանի Հանրապետությունից, դեռ 2013թ-ին: Կենդանին ընդամենը 3 տարի ցուցադրվեց, իսկ 2016թ.-ի վերակառուցումից հետո մինչ օրս պահվեց Այգու կարանտինային շենքում, ուր ջեռուցումն, իմ տվյալներով, մշտապես խնդիրներ է ունեցել: Կենդանու հիվանդության պատմություն/անկետա գոյություն չունի: Կլինիկական ախտանիշներ նկարագրված չկան, սակայն ցանկացած կենդանաբույժ կհավաստի, որ բրոնխիտային - թոքային պրոցեսը ժամանակին չհայտնաբերելն ու չբուժելն անհետեւանք մնալ չէր կարող: Հիստոպաթոլոգիան կտա բոլոր հարցերի պատասխանները, վերջնական եզրակացությունը կհաջորդի: Յագոն իմ սիրելին էր՝ Երեւանին նվիրաբերված առաջին կատվազգին»,- գրել է տնօրենը։
12:41 - 15 փետրվարի, 2022
«Կենդանաբանական այգում կենդանիներ են անկել, արջերն իրար գզել են»․ ցույց այգու տնօրինության դեմ |aravot.am|

«Կենդանաբանական այգում կենդանիներ են անկել, արջերն իրար գզել են»․ ցույց այգու տնօրինության դեմ |aravot.am|

aravot.am: «2018-19 թվականներից ցույցերի եմ մասնակցել, երբ կենդանաբանական այգու տնօրենը Ռուբեն Խաչատրյանն էր։ Նրա աշխատաոճից ենք դժգոհել, նրան հեռացրեցին, Վլադիմիր Սիմոնյանին, որը Խաչատրյանի օրոք էր ընդունվել, նշանակեցին այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Հետո նրան էլ հանեցին, նշանակեցին Ռուբեն Խաչատրյանի հետ աշխատող, միջազգային կապերը ներկայացնող Արեւիկ Մկրտչյանին, որը Ռուբեն Խաչատրյանի շարունակությունն է»,-այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կենդանաբանական այգու մոտ բողոքի ցույց անող Անուշ Ռաֆայելյանը, որը այգու նախկին աշխատակիցն է։ Նա ասաց, որ Արեւիկ Մկրտչյանն էլ նույն աշխատաոճով է աշխատում․« Ամեն ինչ կրկնվում է, կրկնվում են կենդանիների անկումները, աշխատակիցների հեռացումը։ Մեկ ամսում աշխատողների 20-25%-ը դուրս է եկել գործից»։ Անուշ Ռաֆայելյանի խոսքով՝ այգում անկել են սիբիրյան լուսանը, անգղերը, արջերն իրար գզել են։ Նրա կարծիքով՝ այս ամենը դիտավորյալ է արվում, որպեսզի այգին փակվի, տարածքի վրա, ըստ Ռաֆայելյանի, կառուցապատողները աչք են դրել։ Բացի սրանից, նա մի քանի այլ վարկածներ էլ ներկայացրեց․ «Հավանական է, որ Ռուբեն Խաչատրյանն իր հիմնադրամով կարող է կենդանիներ բերել, այստեղ վարձով տա, կամ էլ այգին տան վարձակալության, դառնա մասնավոր»։ Անուշ Ռաֆայելյանի վստահեցմամբ․ «Մորուքավոր անգղերի բազմացող զույգեր կային, եզակի բան է, աշխարհում մի քանի երկրում են բազմանումԼ Մենք մի անգղով մի ինքնաթիռ կենդանի էինք փոխանակում։ Մորուքավոր անգղերը Ռուբեն Խաչատրյանը իր հիմնադրամի հետ փոխանակեց, տեղն ինչ-որ կրիաներ, խոտանված, կռտած կենդանիներ բերեց, դրեց տեղն ու գնաց։ Հիմա էլ լուրեր կան, որ մորուքավոր անգղերից մեկը անկել է։ Չորս սպիտակագլուխ, երկու սեւ անգղերն էլ անկել են։ Յուրաքանչյուրը մոտ տասը հազար դոլարի արժեք ունեն, էնդեմիկ են»։ Բողոքի ցույցին Անուշ Ռաֆայելյանի հետ մասնակցում էին այգու եւս երկու աշխատակիցներ։ Նախապես պայմանավորվել էին, որ ավելի շատ մարդ պետք է մասնակցի, սակայն, այգու կառավարման խորհուրդն այսօր հայտարարություն է տարածել, ինչի պատճառով, ըստ շատերը խուսափել են մասնակցել ցույցին։ Շարունակությունը՝ aravot.am-ում
17:56 - 31 հունվարի, 2022
Իրականացվում են լաբորատոր հետազոտություններ՝ անգղների անկման պատճառները պարզաբանելու նպատակով․ Կենդանաբանական այգի

Իրականացվում են լաբորատոր հետազոտություններ՝ անգղների անկման պատճառները պարզաբանելու նպատակով․ Կենդանաբանական այգի

Երևանի կենդանաբանական այգու Կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ անգղների անկման պատճառները պարզաբանելու նպատակով իրականացվում են լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ կտրվի հավելյալ տեղեկատվություն։ «Ինչպես տեղեկացանք սոցիալական ցանցերից, կենդանաբանական այգու դիմաց նախատեսվում է կազմակերպել ցույց։ Երևանի կենդանաբանական այգու Կառավարման խորհուրդը կոչ է անում ցույցերի կազմակերպիչներին և մասնակիցներին զերծ մնալ նման գործողություններից, որոնք խանգարում են այգու կանոնավոր աշխատանքին, ինչի արդյունքում տուժում են կենդանիները։ Այգու խնդիրները գտնվում  են կառավարման խորհրդի ուշադրության ներքո, որոնք պարբերաբար քննարկվում և դրանց լուծման համար, այգու տնօրինության հետ համատեղ, մշակվում են համապատասխան գործողություններ: Անգղների անկման հետ կապված դեպքերը նույնպես քննարկվել են կառավարման խորհրդի 29.01.2022թ. նիստի ընթացքում: Անկման պատճառները պարզաբանելու նպատակով իրականացվում են լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ կտրվի հավելյալ տեղեկատվություն»,- նշվում է հայտարարության մեջ:
18:54 - 30 հունվարի, 2022
Երևանի քաղաքապետարանն արձագանքել է Կենդանաբանական այգում կենդանիների անկման մասին լուրերին |armenpress.am|

Երևանի քաղաքապետարանն արձագանքել է Կենդանաբանական այգում կենդանիների անկման մասին լուրերին |armenpress.am|

armenpress.am: Երևանի կենդանաբանական այգու բնականոն գործունեության խաթարման, առավելևս կենդանիների՝ սովից անկումների մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Երևանի քաղաքապետարանը մասնավորապես նշել է. «Կենդանաբանական այգում մշտապես գրանցվում են կենդանիների բնականոն անկումներ և ծնունդներ, որոնց վերաբերյալ հաշվետվությունները պարբերաբար ներկայացվում են լիազոր մարմիններին: Վերջին ամիսներին կենդանիների կասկածելի պատճառներով անկումներ չեն գրանցվել, բացառությամբ 2 սպիտակագլուխ անգղերի, որոնց մասնագիտական ուսումնասիրությամբ հայտնաբերված պատկերը բնորոշ է քրոնիկ թունավորմանը»: Նշվում է, որ վերջնական եզրակացության համար նմուշներ են ուղարկվել լաբորատոր թունաբանական անալիզների, որոնց պատասխաններից հետո միայն հնարավոր կլինի ունենալ ավարտական եզրակացություն: Ներկայումս կենդանաբանական այգում պահվում է 21 սպիտակագլուխ անգղ:
16:57 - 20 հունվարի, 2022
Կենդանաբանական այգու աշխատակիցները բողոքում են. նրանք ցանկանում են թույլ չտալ նախկինների վերադարձը |armenpress.am|

Կենդանաբանական այգու աշխատակիցները բողոքում են. նրանք ցանկանում են թույլ չտալ նախկինների վերադարձը |armenpress.am|

armenpress.am: Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները օգոստոսի 9-ին բողոքի ակցիա են իրականացնում՝ դեմ արտահայտվելով տնօրենի նոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանի նշանակմանը: Նրանք նշում են, որ Մկրտչյանը նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի մտերիմն ու թիմակիցն է: «Մենք նախկինների վերադարձը թույլ չենք տա, մեր բարձրացրած հարցն անձնավորված չէ: Այսօր տնօրենի պաշտոնակատար է նշանակվել մի անձ, ով նախկին տնօրենի թիմակիցն է: Մենք պահանջում ենք, որպեսզի կառավարման խորհուրդն արտահերթ նիստ հրավիրի, որպեսզի մեզ ներկայացնեն, թե ինչ է կատարվում մեր այգում»,- ասաց աշխատակիցներից մեկը: Հավաքվածները նշեցին, որ ներկայիս տնօրեն Վլադիմիր Սիմոնյանից իրենք գոհ են և նրա հետ կապված ոչ մի խնդիր չկա: Նրանից առաջ ղեկավարող Ռուբեն Խաչատրյանն էլ աշխատանքից հեռացվել էր Երևանի քաղաքապետարանի կողմից՝ աշխատանքի վատ կազմակերպման համար: Կենդանաբանական այգու 8-ամյա աշխատակիցն էլ ասաց, թե ինքը Վլադիմիր Սիմոնյանի վերաբերյալ էլ կարող է ասել, որ նա շատ բարեխիղճ աշխատել է, և չի հասկանում, թե ինչի համար են նրան հեռացնում աշխատանքից: «Ավելի քան մեկ տարի պայքարելուց հետո քաղաքապետարանը հեռացրել էր նախկին տնօրենին: Եթե իրենք անհանգստացած են կենդանաբանական այգում տիրող իրավիճակով, ապա ավելի լավ է բարձրացնեն աշխատավարձերը: Աշխատողներն ընդամենը 71 հազար դրամ են ստանում՝ ամբողջ օրն էլ արևի տակ»,- նշեց մեկ այլ աշխատակից: Աշխատակիցները նաև նշեցին, որ Վլադիմիր Սիմոնյանն այս ընթացքում գտնվել է հիվանդանոցում և անգամ չի ծանուցվել աշխատանքից իր ազատման մասին: Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ ակցիան շարունակվելու է այնքան, մինչև խնդիրը լուծում ստանա: Բողոքի ակցիան չազդեց կենդանիների խնամքի ժամանակացույցի վրա, քանի որ աշխատանքային օրվա սկզբին բոլոր աշխատակիցները վերադարձան իրենց պարտականություններին:
15:32 - 09 օգոստոսի, 2021
Առցանց քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև

Առցանց քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև

Երևանի կենդանաբանական այգու ու ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի ուսանողների միջև տեղի է ունեցել հերթական առցանց քննարկումը։ Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից հայտնում են, որ այգու աշխատակիցները ներկայացրել են քննարկման հիմնական թեման՝ «Կենդանաբանական այգում իրականացվող անասնաբուժասանիտարական կանխարգելիչ միջոցառումները», որին հաջորդել է հարցուպատասխանը։ Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանը հորդորել է այգու ներկայացուցիչներին և ուսանողներին ավելի հաճախ և ակտիվ իրականացնել նման ձևաչափի քննարկումներ, ինչպես նաև առաջիկայում մշակել համատեղ ծրագրեր՝ ուսանողների ներգրավվածությունը կենդանաբանական այգու աշխատանքներում մեծացնելու համար։ Քննարկմանը մասնակցել են նաև ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արևիկ Աբովյանը և ՀԱԱՀ դասախոսական կազմի այլ ներկայացուցիչներ։ Դեկան Արևիկ Աբովյանը նշել է, որ շատ կարևոր է ֆակուլտետի ուսանողների մասնակցությունը կենդանաբանական այգում կատարվող անասնաբուժական միջոցառումներին։ Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկայում, հնարավորության դեպքում, ոլորտային առարկաների գործնական պարապմունքները կանցկացվեն Երևանի կենդանաբանական այգում։ Հերթական անգամ երկկողմ բարձր է գնահատվել քննարկման արդյունավետությունը ու պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման և համատեղ այլ նախաձեռնությունների վերաբերյալ։
15:33 - 26 սեպտեմբերի, 2020
Քննարկվել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Կենդանաբանական այգու համագործակցությանն առնչվող հարցեր

Քննարկվել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Կենդանաբանական այգու համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժ/պ Գնել Հասրաթյանը ընդունել է Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոլորտի հիմնական առաջնահերթություններն ու հետագա գործակցության ուղղությունները։ Գնել Հասրաթյանն ընդգծել է, որ տեսչական մարմինը, լինելով  բնապահպանության ոլորտի վերահսկող մարմին, իր լիազորությունների շրջանակում պատրաստ է համագործակցել կենդանաբանական այգու հետ գործունեության և բարեփոխումների օրակարգին առնչվող հարցերում։ Նա անդրադարձել է ոլորտում առկա հիմնական խնդիրներին, դրանց լուծման հնարավոր ուղիներին՝ շեշտելով   տեսչական մարմնի կարողությունների զարգացման հեռանկարը։ Վլադիմիր Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Գ․ Հասրաթյանին հյուրընկալելու համար և հույս հայտնել, որ նման հանդիպումները հիմք կլինեն ոլորտի հիմնական բացերի վերհանման, դրանց հնարավոր լուծումների բազմակողմ քննարկման համար՝ ստեղծելով համագործակցության լայն հարթակ։ Երկկողմ անդրադարձ է կատարվել Հայաստանի կենդանական աշխարհի պահպանության, անվտանգության, վերարտադրման և մի շարք այլ հարցերի։
14:50 - 08 օգոստոսի, 2020
Կենդանաբանական այգում մարդկային կուտակումներ չեն նկատվել. փոքրիկները ևս կրել են դիմակներ. ԲԸՏՄ

Կենդանաբանական այգում մարդկային կուտակումներ չեն նկատվել. փոքրիկները ևս կրել են դիմակներ. ԲԸՏՄ

Հուլիսի 19-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վերահսկել է, թե ինչպես են պահպանվում պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային նորմերը Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։ Վաղ առավոտյան Տեսչական մարմնի մասնագետների խումբն անակնկալ կրկնայց է կատարել Կենդանաբանական այգի․ պատկերը դրական է։ Այգու տոմսարկղում հերթը կանոնակարգվել է հատակի գծանշաններին համապատասխան, այցելուները ջերմաչափվել են, կատարվել են սանիտարահիգենիկ միջոցառումներ։ Տարածքում եղել են պարտադիր դիմակ կրելու մասին ցուցատախտակներ։ Ժամանցը կազմակերպած քաղաքացիների կողմից պահպանվել է սոցիալական հեռավորություն, փոքրիկները ևս կրել են դիմակներ, մարդկային կուտակումներ չեն նկատվել։ Տեսչական մարմնի տեսուչները բաժանել են դիմակներ, կոչ արել տանը պատրաստված դիմակները փոխարինել բժշկականներով, միաժամանակ հորդորել հետամուտ լինել համաճարակի տարածման կանխարգելման կանոններին։ ՀՀ ողջ տարածքում ԲԸՏՄ-ի և ՀՀ ոստիկանության կողմից կատարվող խստացված ստուգայցերը շարունակվում են նաև ոչ աշխատանքային օրերին։  
21:40 - 19 հուլիսի, 2020
Վերականգնվել են Երևանի կենդանաբանական այգու՝ Ծովառյուծի քանդակի շատրվանները

Վերականգնվել են Երևանի կենդանաբանական այգու՝ Ծովառյուծի քանդակի շատրվանները

Վերականգնվել են Երվանդ Քոչարի ծովառյուծի քանդակի շատրվանները։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի Կենդանաբանական այգու Ֆեյսբուքի էջից։ «Երևանի կենդանաբանական այգու հայտնի ծովառյուծի քանդակը երկար տարիներ մնացել էր առանց իր շուրջը գործող շատրվանների։ 1950 թվականին հայ անվանի գեղանկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարը Երևանի կենդանաբանական այգում ստեղծել էր մի հրաշալի քանդակ՝ ծովառյուծի տեսքով։ Այն տեղադրվել է փոքրիկ ջրավազանում, որտեղ գործել են նաև գեղեցիկ շատրվաններ։ Այս տարի, պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով, կենդանաբանական այգին զերծ մնաց իր կողմից կազմակերպվող Վարդավառի ամենամյա մեծ միջոցառումից։ Սակայն, հանրությանը մի փոքր ուրախություն պարգևելու համար տոնի առթիվ այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանի միջոցներով և ջանքերով վերականգնվել են շատրվանները, որոնք վերջնականապես կգործարկվեն հուլիսի 20-ից։ Առաջիկայում այգու ղեկավարությունը նախատեսում է իրականացնել նաև աշխատանքներ՝ այգու այլ պատմամշակութային հուշարձանների վերականգնման ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ։
20:56 - 19 հուլիսի, 2020