Երևանի մամուլի ակումբ

ՄԱԿ ԱԽ առաջիկա նիստին ընդառաջ ՀԿ-ները դիմում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

ՄԱԿ ԱԽ առաջիկա նիստին ընդառաջ ՀԿ-ները դիմում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

Մի շարք ՀԿ-ներ ՄԱԿ ԱԽ առաջիկա նիստին ընդառաջ դիմում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Հայտարարարությունը՝ ստորև․ «Հետամուտ լինելով 2023 թվականի մայիսի 26-ի և հուլիսի 28-ի մեր նախորդ հաղորդագրություններին, Հայաստանի կառավարության խնդրանքով գումարվելիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջիկա նիստի կապակցությամբ մենք՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության ակտիվ կազմակերպությունների ներկայացուցիչներս, կրկին դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին՝  պարտավորություն ստանձնել պաշտպանելու հայ ժողովրդին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կազմակերպված ցեղասպանությունից և էթնիկ զտումներից։ Այս հանցագործությունների ռիսկերն իրական են, և դրա իրականացումն ընթացքի մեջ է, ինչն ապացուցում են քրեական իրավունքի միջազգային անկախ փորձագետները, ցեղասպանագետները և մասնագիտացված կազմակերպությունները: 21-րդ դարում հայ ժողովրդի հետ նման ողբերգություն կրկնության դեպքում, պատասխանատվությունը մեծապես կկրեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները և ցեղասպանության և էթնիկ զտումների միջազգային հանցագործություններ իրականացնող պետության փաստացի հովանավորությունը։ ԱԽ-ին կոչ ենք անում՝ Ընդունել բանաձև, որը կդատապարտի շրջափակումը և կպահանջի անհապաղ բացել Լաչինի միջանցքը մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի համար՝ համաձայն Արդարադատության միջազգային փետրվարի 23-ի որոշման ձեռնարկել հրատապ միջոցներ՝ ապահովելու միջազգային խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում՝ ապահովելու հայ բնակչության անվտանգությունը 2025 թվականի նոյեմբերից հետո՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված ռուսական խաղաղապահ զորախմբի ժամկետի ավարտը, մինչև  հակամարտության տեւական կարգավորում ապահովումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից պահանջել տարածաշրջան ուղարկել փաստահավաք առաքելություն ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար, ինչպես նաև նշանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ՝ տարածաշրջանում երկարաժամկետ ներկայություն ապահովելու համար։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարից պահանջել փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակը գնահատելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին համապարփակ զեկույց ներկայացնելու համար, ինչպես նաև օգտագործել ՄԱԿ-ի մարդու իրավունքների բոլոր համապատասխան մեխանիզմները, այդ թվում՝ հատուկ խորհրդականների և հատուկ զեկուցողների՝ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների, մարդասիրական և մարդու անվտանգության պայմանների վերաբերյալ անհապաղ հաշվետվություններ պատրաստելու համար: Դատապարտել հայերի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականությունը,  (արտացոլված Արդարադատության միջազգային դատարանի դեկտեմբերի 21-ի որոշման մեջ),որը վտանգի տակ է դնում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված ցանկացած ջանք։ Ապահովել լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաև անկախ իրավապաշտպան կազմակերպությունների առաքելությունների մուտքը տարածաշրջան՝ իրավիճակն ուսումնասիրելու և միջազգային լսարանին օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու համար»: Ստորագրյալներ՝ Սոնա Այվազյան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ Նաիրա Սուլթանյան, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ Սեդա Մուրադյան, Հանրային  լրագրության ակումբ ՀԿ Գենյա Պետրոսյան, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Արաքս Մելքոնյան, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Արթուր Սաքունց, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեա - Վանաձոր Գայանե Աբրահամյան, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ Էդգար Խաչատրյան, «Խաղաղության երկխոսություն» Ն.Գ Լևոն Բարսեղյան Ժուռնալիստների «Ասպարեզ» ՀԿ Լարա Ահարոնյան, Կանանց ռեսուրսային կենտրոն Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ Մամիկոն Հովսեփյան, «ՓԻՆՔ» իրավապաշտպան ՀԿ Նինա Կարապետյանց, Մարդու իրավունքների հելսինկյան ասոցիացիա Թամարա Գեւորգյան, «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ Օլեգ Դուլգարյան, Համայնքների մոբիլիզացիայի և աջակցության կենտրոն ՀԿ Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Հովսեփ Խուրշուդյան, «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության կենտրոն ՀԿ. Գևորգ Ղուկասյան, «Ռեստարտ Գյումրի» Երիտասարդական քաղաքացիական կենտրոն ՀԿ Անահիտ Սիմոնյան, Մարդու իրավունքների հետազոտական կենտրոն Բորիս Նավասարդյան, Երեւանի մամուլի ակումբ Նունե Սարգսյան, Մեդիանախաձեռնությունների կենտրոն Արթուր Պապյան, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ  
11:20 - 14 օգոստոսի, 2023
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ռազմական դրության ժամանակ նախատեսվող սահմանափակումների մասին

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ռազմական դրության ժամանակ նախատեսվող սահմանափակումների մասին

Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել ռազմական դրության պայմաններում սահմանափակումների վերաբերյալ։ Հայտարարությունը՝ ստորև․ «ՀՀ արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` e-draft.am-ում, 2022թ. դեկտեմբերի 22-ից 2023թ․ դեկտեմբերի 6-ը քննարկման էր դրել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը: Ըստ այդմ՝ ռազմական դրություն հայտարարելու դեպքում  նշված օրենքի խմբագրված 8-րդ հոդվածի 13-15 կետերով նախատեսվում է. կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, ինչպես նաև՝ տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգի, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնների սահմանում, հեռուստատեսությամբ հեռարձակվող և համացանցի միջոցով տարածվող բովանդակության սահմանափակում՝ ապահովելով բացառապես ռազմահայրենասիրական բովանդակությամբ հեռուստաֆիլմերի ու հաղորդաշարերի ցուցադրումը և տեղեկատվության տարածումը, ՀՀ տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցում (արգելափակում), ինչպես նաև ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում: Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, գիտակցելով ռազմական դրության պայմաններում որոշ սահմանափակումների կիրառման անհրաժեշտությունը, այդուհանդերձ, համոզմունք ենք հայտնում, որ  օրինագծի վերոնշյալ դրույթներն այս տեսքով հիմնված չեն պատշաճ քննարկումների, ակնհայտ ռիսկերի գնահատման ու հնարավոր խիստ բացասական հետևանքների վերլուծության վրա, և հետևաբար ամբողջությամբ մերժելի են։ Զուտ մասնագիտական տեսանկյունից այդ դրույթներն այնքան խոցելի են և այնքան հարցեր են առաջացնում, որ դրանց մանրամասն անդրադառնալն անիմաստ ենք համարում։ Մեր խորը մտահոգությունն ենք նաև արտահայտում առ այն, որ ժողովրդավարությունը որպես ազգային բրենդ ներկայացնող երկրում իշխանությունը նման փաստաթուղթ է հրապարակել։ Կասկածից վեր է, որ հատկապես ռազմական դրության պայմաններում էլ ավելի է կարևորվում կեղծ լուրերի, ապատեղեկատվության, թշնամական քարոզչության և կիբերհարձակումների դեմ պայքարը։ Սակայն դրա հետ կապված օրենսդրական կարգավորումները պետք է լինեն ողջամիտ, առավել հստակ՝ առանց  կամայականությունների հնարավորություն տվող սողանցքների։ Եթե իշխանությունները հակված են այս մոտեցմանը, ապա ուղղակի պարտավոր են հանրության դատին ներկայացնել ծագած խնդիրները, դրանց հրատապ լուծումների հիմնավորումներն ու միջոցները, որից հետո միայն հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ կառավարությունից պահանջում ենք`  ձեռնպահ մնալ տվյալ օրինագիծը պաշտոնապես շրջանառության մեջ դնելուց և թեմայի վերաբերյալ կազմակերպել հանրային քննարկումներ, ընդ որում՝ զրոյական կետից՝ սկսած գաղափարի վերլուծությունից,  ձևավորել աշխատանքային խումբ, որը կհստակեցնի առաջարկվող փոփոխությունների նպատակներն ու խնդիրները և դրա հիման վրա կմշակի նոր օրինագիծ՝ զերծ պահելով այն սուբյեկտիվ մեկնաբանությունների և կամայական գործողությունների հնարավորություն տվող ձևակերպումներից, օրինագծի նոր տարբերակն ուղարկել միջազգային փորձաքննության, քննարկել ռազմական դրության պայմաններում սահմանափակումներ կիրառելու որոշումներ կայացնելիս փորձագիտական շրջանակների հետ խորհրդակցելու հնարավորությունները, ինչպես նաև՝  մեխանիզմներ մշակել այդ որոշումների կատարման նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու համար։ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ «ՖԵՄԻԴԱ» ՀԿ»։
17:49 - 12 հունվարի, 2023
ՀԿ-ների հայտարարությունը՝ Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ

ՀԿ-ների հայտարարությունը՝ Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ

Մի խումբ հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։ Ս․թ․ փետրվարի 3-ին ադրբեջանական և միջազգային աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանի կառավարությունը ձևավորել է «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի առաջադրանքն է՝ աղվանական ճարտարապետական հուշարձաններից հեռացնել «կեղծ հայկական հետքերը»։ Ակնհայտ է, որ այս գործողությունն ուղղված է Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության վերացմանը, որի արդյունքում նաև հարցականի տակ է դրվելու արցախահայության սեփական հողի վրա ապրելու պահանջների, նրանց իրավունքների պաշտպանության հիմքը։  Այս համատեքստում հատկանշական է հիշեցնել, որ Ադրբեջանի իշխանությունները 2005 թվականին ոչնչացրել են Նախիջևանի Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցն՝ իր հազարավոր արժեքավոր խաչքարերով։ Դրանք տեղահանվել ու ջարդվել են շինարարական տեխնիկայի օգնությամբ և օգտագործվել որպես շինանյութ, իսկ գերեզմանոցի ազատված տարածքը վերածել են զինավարժարանի։ Այդպիսով Ադրբեջանի իշխանություններն ապացուցել են, որ ընդունակ և հետևողական են հայկական պատմական հետքերի ոչնչացմամբ իրականացնել էթնիկ զտման իրենց քաղաքականությունը: ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր 2021թ. դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ որոշմամբ պահանջել է Ադրբեջանից՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, բնության վայրերի, գերեզմանների և այլ արտեֆակտների: Ադրբեջանն իր ներկայիս գործողություններով ոտնահարում է տվյալ որոշումը և ապացուցում իր վճռականությունը ավարտին հասցնելու սկսած գործը: Ցավալիորեն, Ադրբեջանի նախագահ Ալիևի պարբերական դարձած հայատյաց կոչերը ու անթաքույց էթնիկ զտման ու մշակութային ցեղասպանության քաղաքականությանը պատշաճ և համարժեք արձագանք չեն ստանում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից։ Վերջինիս դիրքորոշումները հաճախ չեն համապատասխանում Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության, Հայաստանի և Արցախի բնակչության մարդու իրավունքների ոտնահարումներին առնչվող  օրհասական իրավիճակի մարտահրավերներին։ Պահանջում ենք ՀՀ վարչապետից և կառավարությունից (մասնավորապես՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն)՝ Անհապաղ Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության վերացմանը միտված գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանին՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով կիրառված միջանկյալ միջոցի չկատարման/խախտման վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ միջոցների կիրառում պահանջելու և նախատեսվող հանցագործությունները ու հայկական մշակութային ժառանգության անդառնալի կորուստը կանխելու նպատակով: դիմել ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին (այդ թվում՝ գործելով որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդի անդամ) և Մշակութային հարցերով հատուկ զեկուցողին՝ կազմակերպելու այցելություն Արցախ և դիտարկելու ու փաստագրելու հայկական հուշարձանների առկա վիճակը:   Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Երևանի մամուլի ակումբ «Համայնքային համախմբման և աջակցութան կենտրոն» ՀԿ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ  «Հոդված 3» մարդու իրավունքների ակումբ  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե Ստեղծագործ Եվրոպա հարթակ մշակութային ՀԿ  Ինֆորմացիայի ազատության կենտրոն «Փինք» իրավապաշտպան ՀԿ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան Գորիսի մամուլի ակումբ «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ Իրազեկ քաղաքացիների միավորում Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ Հանրային լրագրության ակումբ  Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ Կանանց իրավունքների տուն Սոսի Թաթիկյան, միջազգային հարաբերությունների և անվտանգության մասնագետ Էդուարդ Աբրահամյան, պ.գ.թ., Բրիտանական Լեսթերի համալսարանի դասախոս և դոկտորանտ Բենիամին Պողոսյան, Քաղաքական եւ տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոն
17:56 - 07 փետրվարի, 2022
ՀՀ վարչապետից և ԱԳՆ-ից  պահանջում ենք՝ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փորձերի և ագրեսիվ գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին․ հայտարարություն

ՀՀ վարչապետից և ԱԳՆ-ից պահանջում ենք՝ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փորձերի և ագրեսիվ գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին․ հայտարարություն

Մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կապված Ադրբեջանի կողմից ծավալված ագրեսիայի պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողությունների հետ։ Հայտարարությունը ստորև․ «Ադրբեջանի կողմից ծավալված ագրեսիայի պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողությունների վերաբերյալ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան ավարտվեց 2020թ. նոյեմբերի 10-ին Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված եռակողմ հայտարարությամբ, որով նախատեսվում էին իրականացնել մի շարք գործողություններ՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով: Վերջին մեկ տարվա ընթացքում, սակայն, Ադրբեջանը ոչ միայն չի կատարել իր ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցով, այլև մեկ տարի շարունակ տարբեր հայտարարություններով ու գործողություններով բացեիբաց ի ցույց է դնում իր ռասիստական, հայատյաց, ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականությունը, շարունակում է Արցախում հայ բնակիչների սպանությունները և ապացուցում, որ ոչ միայն շահագրգռված չէ խաղաղություն հաստատելու, այլև ունի Հայաստանի տարածքը գրավելու կոնկրետ նկրտումներ: 2021 թվականի մայիսի 12-ից ի վեր Ադրբեջանի զինված ուժերը մուտք են գործել Հայաստանի Հանրապետության տարածք և ծավալում են ռազմական գործողություններ, որոնք վտանգում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը, ոտնահարում սահմանամերձ գյուղերի բնակչության իրավունքները և հղի են իրավիճակի հերթական էսկալացիայի վտանգներով: 2021թ. նոյեմբերի 11-ից սկսել է էսկալացիայի հերթական փուլ: Մինչ Հայաստանի իշխանությունները դանդաղում են միջազգային կառույցներին դիմելու և միջազգային չափանիշների հիման վրա սահմանազատման և սահմանանշման գործընթացներ նախաձեռնելու գործում, Ադրբեջանը «սողացող անեքսիայի» միջոցով սկսել է գրավել Հայաստանի սահմանային տարածքի առանձին հատվածներ: Եռակողմ հայտարարությամբ ճանապարհների ապաշրջափակման պարտավորություն ստանձնած Ադրբեջանը 2021թ. մայիսի 15-ից մաքսային և սահմանային անցակետեր է տեղադրել Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհի հատվածներում: Ադրբեջանի իշխանությունները հստակորեն իրականացնում են ճանապարհների փաստացի շրջափակման, Հայաստանի բնակավայրերի փաստացի մեկուսացման ու բնակիչների ահաբեկման քաղաքականություն՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում մեկուսացնելով 9 գյուղ (Բարձրավան, Շուռնուխ, Որոտան, Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ)՝ խաթարելով հազարավոր քաղաքացիների, այդ թվում՝ երեխաների բնականոն կյանքը, անվտանգությունը, ֆիզիկական ու հոգեկան առողջությունը, ազատ տեղաշարժը, կրթության, սննդամթերքի և բուժօգնության հասանելիության, եկամուտ վաստակելու իրավունքները: Նշված ճանապարհի արգելափակման հետևանքով ծանրաբեռնվել է Տաթև-Կապան մայրուղին՝ խաթարելով տասնյակ հազարավոր այլ մարդկանց, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների տեղաշարժը և այլ իրավունքները: Ադրբեջանը, փաստացի, հարձակում է գործել Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների դեմ՝ առանձին տարածքներ զբաղեցնելու նպատակով, ինչը նույնիսկ չի թաքցվում տվյալ երկրի ղեկավարի կողմից: Ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը նպատակահարմար չի համարում միջամտելը, իսկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործընկերները առավել գերադասում են Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների պահպանումը ՀԱՊԿ-ի շրջանակում վերցրած իրենց պարտավորությունների կատարումից։ Ստեղծված ճակատագրական իրավիճակում Հայաստանի Հանրապետության սահմանների և քաղաքացիների անվտանգության ապահովման անմիջական և առաջնային պատասխանատուն ՀՀ գործող իշխանություններն են, որոնք պարտավոր են արագ և վճռական գործել՝ կանխելու ՀՀ քաղաքացիների մարդու իրավունքների խախտումները և նրանց անվտանգության սպառնալիքները: Խաղաղությունը չի կարող լինել միակողմանի գործընթաց: Խաղաղության պահպանման պատրվակով արտաքին ագրեսիայի դեմ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների անգործությունը փաստացի հանգեցնում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ շարունակական ոտնձգությունների ու ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումների: Պահանջում ենք ՀՀ վարչապետից և ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ անհապաղ ձեռնարկել հետևյալ գործողությունները. ● Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման փորձերի և ագրեսիվ գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ դրանք քննելու և գնահատական տալու նպատակով. ● ծանուցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովին, որի անդամ է հանդիսանում նաև Հայաստանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը, Եվրոպայի խորհրդին, միջազգային այլ համապատասխան կառույցներին և երկկողմ գործընկեր պետություններին՝ այդ կազմակերպություններում և պետություններում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների և Հայաստանում դրանց միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով տեղեկացնել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և դրա հետևանքով մարդու իրավունքների շարունակական կոպիտ խախտումների վերաբերյալ. ● վերը նշված բոլոր կառույցներում և միջազգային հնարավոր բոլոր հարթակներում հստակ ներկայացնել ադրբեջանական շարունակական ագրեսիայի և, մասնավորապես, ճանապարհների շրջափակման, անցակետերի տեղադրման և Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի բնակավայրերի հարևանությամբ տեղակայման ու պարբերաբար ներխուժման հետևանքները՝ դադարել, վերջապես, անտեսել հետպատերազմական իրավիճակում մարդու իրավունքների ոտնահարումները և հումանիտար խնդիրները. ● միջազգային համապատասխան բոլոր կառույցներում ակտիվորեն առաջ մղել Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգության (ոչ ռազմականացված գոտու) ստեղծման անհրաժեշտության գաղափարը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության սահմանների և սահմանամերձ բնակչության անվտանգությունը՝ մինչև միջազգային իրավունքի հիման վրա և միջազգային կազմակերպությունների, ինչպես օրինակ՝ ԵԱՀԿ-ի ներգրավմամբ սահմանազատման/սահմանանշման գործընթացի մեկնարկն ու բարեհաջող ավարտը»: 1. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 2. Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 3. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 4. Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան 5. Հեռանկարային զարգացման կենտրոն 6. Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ 7. Գորիսի մամուլի ակումբ 8. Ազատ քաղաքացի ՔՆԱԿ ՀԿ 9. Խաղաղության երկխոսություն 10. Հանրային լրագրության ակումբ 11. Ինֆորմացիայի ազատության կետրոն ՀԿ 12. Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ 13. Երեւանի մամուլի ակումբ 14. Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 15. «Ժողովրդավարություն այսօր» ՀԿ 16. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ 17. Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն 18. Հայաստանի կանանց նախաձեռնություն
14:54 - 16 նոյեմբերի, 2021
Կիրառվող պրակտիկան կարող է ընկալվել որպես պատրվակ՝ ԱԴ պայմաններում խոսքի ազատության անպատեհ սահմանափակումների կիրառման համար․ Բորիս Նավասարդյան

Կիրառվող պրակտիկան կարող է ընկալվել որպես պատրվակ՝ ԱԴ պայմաններում խոսքի ազատության անպատեհ սահմանափակումների կիրառման համար․ Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես խոստացել եմ մարտի 18-ի մոտավորապես ժ․ 14․30-ի գրառմամբ, ներկայացնում եմ իմ մանրամասն կարծիքը «կորոնավիրուսային» պայմաններում տեղեկատվական հոսքերի կարգավորման մասին։ Կներեք , որ երկար ստացվեց եւ եւ որ տարբեր մեկնաբանություններում արդեն հնչեցրած առաջարկությունները կրկնում եմ։Լրատվամիջոցների ներկայացուցիչները հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ՝ Արտակարգ դրության (ԱԴ) իրավիճակում իրենց աշխատանքի պայմանների քննարկման նպատակով, սակայն, ելնելով հանդիպմանը հետեւած խմբագիրների հայտարարությունից, շատ բաներ անորոշ են մնում եւ մտահոգում են լրագրողական հանրույթին։ Որոշակիության պակասը երեք հետեւանքների կարող է հանգեցնել․ 1․ Անհամաչափորեն կսահմանափակվի տեղեկատվության ազատությունը, որը, ինչպես գրել էի, բնակչության շրջանում խուճապ առաջացնելու համար ոչ պակաս վտանգ է, քան առկա իրավիճակում տեղեկությունների անվերահսկելի տարածումը,2․ Լրատվամիջոցները, տեղեկատվության այլ տարածողները պատասխանատվության են ենթարկվելու ընտրովի, իրավիճակային որոշումների արդյունքում, եւ խաղի կանոնները ոչ մեկին պարզ ու հասկանալի չեն լինելու։ Էլ չեմ խոսում արդարության մասին․․․, 3․ Անկախ խախտումներից՝ ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու։Բոլոր տարբերակները վատն են, ներառյալ վերջինը, քանի որ այնպիսի որոշման,, ինչպիսին Արտակարգ դրության հայտարարումն է, որեւէ կետի արհամարհումը դառնում է նվեր իրավական նիհիլիզմին։Հետեւաբար, Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների եւ ինֆորմացիայի այլ տարածողների գործունեության սահմանափակումը պիտի լինի ոչ ավելի, քան անհրաժեշտ է՝ եղած խնդիրներին արձագանքելու առումով, միատեսակ ընկալելի, իրատեսական կիրառման տեսակետից, իրավիճակին համաչափ ու անցանկալի հետեւանքներ չունեցող (օրինակ, ԱԴ-ի ավարտից հետո պիտի բացառվի ոչ իրավաչափ պատիժները բողոքարկող դատական հայցերի տարափը)։ Ցավոք, կառավարության ընդունած որոշման՝ տեղեկատվության տարածմանը վերաբերող դրույթներն այդպիսին չեն, եւ խմբագիրների՝ վերեւում հիշատակված հայտարարությունը դրա վկայությունն է։ Ելնելով նշված սկզբունքներից՝ պատկերացնում եմ պարզ եւ «փափուկ» դրույթներ․ մենք չունենք զանգվածային խուճապի եւ վտանգավոր ապատեղակատվության ակնհայտ դրսեւորումներ, իսկ այն, ինչ կա, հաջողությամբ կառավարվում է՝ հիմնականում Վարչապետի կողմից։Իրավիճակի փոփոխման եւ կարգավորումը խստացնելու անհրաժեշտության դեպքում՝ Պարետատան ձեռքը ոչ ոք չի բռնել։ Այդ դրույթների կիրառման համար պիտի լիազորվեն կոնկրետ իրազեկ կառույցներ։ Շատ կարեւոր է, որ լրատվամիջոցները դիտարկվեն ոչ թե որպես խանգարող գործոն, այլ որպես դաշնակից՝ քաղաքացիների բնական տեղեկատվական ծարավը հագեցնելու հարցում։Եվ այսպես՝ ԱԴ-ի պայմաններում, իմ կարծիքով, անհրաժեշտ էին միայն մի քանի միանշանակ հասկացվող կետեր։ 1․ Խստագույնս պիտի արգելվեր (եւ ոչ միայն լրատվամիջացների, այլ ցանկացած, այդ թվում պաշտոնատար անձանց կողմից) հիվանդների, վարակակիրների, մեկուսացվածների նույնականացմանը հանգեցնող տվյալների տարածումը (բացառությամբ՝ երբ մարդն իր կամքով համաձայն է նույնականացվել)․ դա պայմանավորված է ինչպես հիվանդությանը, որպես մասնավոր կյանքի մասին պաշտպանությանը ենթակա տեղեկության դիտարկմամբ, այնպես էլ վարակի զոհերի անվտանգության ապահովմամբ։ Այս սահմանափակումը կիրառման առումով հիմնականն է առաջատար ժողովրդավարական երկրներում (սրա մասին է վկայում եվրոպական մամուլի խորհուրդների պրակտիկան), սակայն մեզանում այն քիչ է կարեւորվում։2․ ԱԴ-ի ժամանակ կորոնավիրուսի մասին խոսելիս պիտի բացառվի անորոշ աղբյուրների վրա հղումը (Տիգրան Հակոբյանի ձեւակեպմամբ՝ «օդից կախված լուրերին», «վստահելի» անանուն աղբյուրներին» եւ այլն)։3․ Ոչ պաշտոնական տեղեկություն տարածելիս լրատվամիջոցը պիտի պարտավորվի՝ առանց որեւէ գնահատականի մեջբերել նույն հարցին վերաբերող պաշտոնական տեղեկությունը կամ, դրա բացակայության պարագայում, ստանա պաշտոնական ատյանի մեկնաբանությունը (սա նաեւ Արա Ղազարյանի հնչեցրած կարծիքն է)։ Որպես պաշտոնական մեկնաբանություն, որը պետք է տրվի ողջամիտ ժամկետներում (ոչ ավելի, քան մեկ ժամում), կարող են ընկալվել նաեւ «չենք հաստատում», «տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», «չունենք այդպիսի տեղեկություն» պատասխանները։ Պետք չէ բացառել, որ լրագրողին կարող են հասանելի դառնալ վարակի վերաբերյալ հանրային նշանակություն ունեցող տվյալներ, որոնց չեն տիրապետում պաշտոնատար անձինք։ Եվ լսարանն ինքը իրավունք ունի որոշելու, թե իր համար որքանով է վստահելի այն լուրը, որը տարբերվում է պաշտոնականից, կամ ուղեկցվում է պաշտոնական մեկնաբանությամբ։ 4․ Համաճարակի մասին արտերկրին վերաբերող տեղեկությունները կարիք չունեն ՀՀ պաշտոնական ատյանների կողմից հավաստման, քանի որ վերջինները դրանց չեն կարող տիրապետել, սակայն պիտի պարտադիր հղում ունենան կոնկրետ աղբյուրի վրա։ 5․ Նշված դրույթների կիրառման պատասխանատուն պիտի լինեն Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը եւ Պարետատան կողմից լիազորված այլ (կոնկրետ անվանված) մասնագիտացված կառույց(ներ)ը։Հարգելի պարոնայք Տիգրան Ավինյան, Վահագն Թևոսյան, Հովհաննես Մովսիսյան, խնդրում եմ հաշվի առեք, որ ներկայացված մոտեցումից սկզբունքորեն տարբերվող ու, ըստ որոշ տեղեկությունների, արդեն կիրառվող պրակտիկան կարող է ընկալվել որպես պատրվակ՝ Արտակարգ դրության պայմաններում խոսքի ազատության անպատեհ սահմանափակումների կիրառման համար»։
12:37 - 19 մարտի, 2020